06.03.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում կարող է իրականացվել նաև հսկիչ գնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
i
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «տրամադրողի տվյալները» բառերից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում` հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում` նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում` վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը» բառերով, իսկ «մասնակցել ստուգմանը» բառերից հետո` «, բացառությամբ սույն օրենքով սահմանված` դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով.
3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա:»:
i
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, իսկ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում` հսկիչ գնում կատարելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարվում է հսկիչ գնում կատարելուց հետո` անմիջապես:
Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում` նաև կատարված հսկիչ գնումների մասին:»:
i
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պատասխանների» բառից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում` դրա արդյունքների,» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում հսկիչ գնում կատարելու դեպքում` հսկիչ գնման արդյունքները.»:
i
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետով.
«ժբ) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 6. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-33-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2023 թվական: