ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2022 թվականի N 1098-Ն
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 525-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1098-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների (այսուհետ` նաև ՌՈՒՀ) ընդունելության գործընթացի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար զինծառայողների ընտրության (այսուհետ` ընտրություն) կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն ՌՈՒՀ ընդունելությունը կազմակերպվում է բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմավարական և հետբուհական մասնագիտական կրթությամբ կամ լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման նպատակով:
3. Սույն կարգի իմաստով`
1) բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն` համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություններով (այսուհետ` ռազմահաշվառական մասնագիտություններ) մարտավարական օղակի կրտսեր սպայական կազմի կադրերի պատրաստում.
2) բարձրագույն ռազմական կրթություն` համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություններով բարձր որակավորմամբ կամ վերաորակավորմամբ օպերատիվ-մարտավարական օղակի ավագ սպայական կազմի կադրերի պատրաստում.
3) բարձրագույն ռազմավարական կրթություն` ռազմաքաղաքական ոլորտում բարձր որակավորմամբ օպերատիվ-ռազմավարական օղակի ավագ և բարձրագույն սպայական կազմերի կադրերի պատրաստում.
4) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ռազմավարական կամ բարձրագույն մասնագիտական կրթությամբ բարձր և (կամ) գիտական որակավորմամբ սպայական կազմի կադրերի պատրաստում.
5) լրացուցիչ կրթական ծրագիր` մասնագիտական որակները կատարելագործող կամ առանց մասնագիտական որակավորման աստիճանի շնորհման լրացուցիչ որակավորմամբ սպայական կազմի կադրերի պատրաստում:
II. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Բարձրագույն ռազմավարական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել զորամիավորման հրամանատարի տեղակալի և միավորման հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող, բարձրագույն ռազմական կրթության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները: Բարձրագույն ռազմավարական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է հարցազրույցի միջոցով:
5. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել`
1) գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող` մինչև 40 տարեկան սպայական կազմի զինծառայողները.
2) գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի տեղակալի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող` մինչև 37 տարեկան սպայական կազմի զինծառայողները:
6. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն.
2) համապատասխան կամ հարակից ռազմահաշվառական մասնագիտություն.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ավագ սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ:
7. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է մրցութային եղանակով:
8. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել հանրակրթական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող`
1) մինչև 18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած կամ պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող` մինչև 23 տարեկան պահեստազորայինները կամ զինծառայողները.
3) միջազգային պայմանագրերով սահմանված դեպքում` օտարերկրյա պետությունների քաղաքացիները:
9. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է մրցութային եղանակով:
10. Հետբուհական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանք ունեցող, իսկ կլինիկական օրդինատուրա` բժշկական ծառայության սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ ունեցող` մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները: Հետբուհական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է դիմորդ զինծառայողների հետ հարցազրույցի միջոցով կամ մրցութային եղանակով` ըստ տվյալ հաստատությունում համապատասխան կրթական ծրագրով գործող ընդունելության կարգի:
11. Լրացուցիչ կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել բոլոր կազմերի զինծառայողները` անկախ տարիքից: Լրացուցիչ կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է դիմորդ զինծառայողների հետ հարցազրույցի միջոցով կամ մրցութային եղանակով` ըստ տվյալ հաստատությունում համապատասխան կրթական ծրագրով գործող ընդունելության կարգի:
12. Սույն կարգի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով սահմանված տարիքներն ու 6-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ:
III. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Համապատասխան կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ` նախարար): Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, իսկ մյուս կրթական ծրագրերով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները նախարարության համակարգի զինծառայողներին տեղեկացվում են նախարարի հրամանով:
14. Բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմավարական և հետբուհական կրթական ծրագրերով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է համապատասխան ընդունելության հանձնաժողովի կողմից:
15. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության հանձնաժողովներում գործում են քննական ենթահանձնաժողովներ` ըստ սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված առարկաների: Ընդունելության հանձնաժողովների և քննական ենթահանձնաժողովների կազմերը, սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված թեստերը և սույն կարգի 23-րդ կետով նախատեսված եզրակացությունների ու անվանացուցակների օրինակելի ձևերը հաստատում է նախարարը` մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 30-ը:
16. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության հանձնաժողովը համապատասխան քննական ենթահանձնաժողովների միջոցով`
1) ստուգում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության նորմատիվներին համապատասխան.
2) գնահատում է դիմորդի ընդհանուր և մասնագիտական գիտելիքները:
17. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելության հանձնաժողովը կազմակերպում է դիմորդի ռազմաբժշկական փորձաքննությունը` ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, և համապատասխան քննական ենթահանձնաժողովների միջոցով`
1) ստուգում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության նորմատիվներին համապատասխան.
2) գնահատում է դիմորդի ընդհանուր գիտելիքները և զարգացվածության աստիճանը:
18. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու իրավունք են ստանում այն դիմորդները, ովքեր ճանաչվել են պիտանի` ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:
19. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության (ընտրության) համար սահմանվում է`
1) ֆիզիկական պատրաստության գործնական քննություն.
2) հայերենի, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար` նաև հրավիրող կողմի ուսուցման լեզվի թեստավորում` թեստային առաջադրանքների կատարման միջոցով.
3) ընդհանուր և ռազմամասնագիտական (ընդհանուր կամ զորատեսակների մարտավարություն, տեխնիկական կամ մասնագիտական պատրաստություն) գիտելիքների թեստավորում` համակցված թեստային առաջադրանքների կատարման միջոցով):
20. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելության (ընտրության) համար սահմանվում է`
1) ֆիզիկական պատրաստության գործնական քննություն.
2) հայերենի, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար` նաև հրավիրող կողմի ուսուցման լեզվի թեստավորում` թեստային առաջադրանքների կատարման միջոցով.
3) ընդհանուր գիտելիքների և զարգացվածության աստիճանի թեստավորում` համակցված թեստային առաջադրանքների կատարման միջոցով կամ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից միասնական պետական քննության արդյունքներով:
21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի 2-րդ ենթակետերով նախատեսված թեստերը բաղկացած են 50, իսկ 3-րդ ենթակետերով նախատեսված թեստերը` 80 առաջադրանքից:
22. Յուրաքանչյուր կրթական ծրագրով հաստատված ընդունելության տեղերի թվի շրջանակներում` սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված թեստավորումների արդյունքներով առավելագույն միավորից նվազման կարգով մինչև անհրաժեշտ թիվը լրանալը, ՌՈՒՀ ընդունվելու համար հաղթող են ճանաչվում այն դիմորդները, ովքեր ապահովել են ֆիզիկական պատրաստության համապատասխան տարիքային նորմատիվները: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ֆիզիկական պատրաստության գործնական քննությունից առավել բարձր արդյունք ցույց տված դիմորդին:
23. Ընդունելության հանձնաժողովներն ընդունելության արդյունքներն ամփոփում են դրանց ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` կայացնելով համապատասխան եզրակացություններ և կազմելով քննություններին ու թեստավորումներին մասնակցած և հաղթող ճանաչված ու հաղթող չճանաչված դիմորդների անվանացուցակներ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են նախարարին, ինչպես նաև նույն ժամկետի ընթացքում ապահովում են յուրաքանչյուր դիմորդի մասով ընդունելության (ընտրության) արդյունքների և կայացված եզրակացության մասին գրավոր տեղեկացումն անմիջապես դիմորդին:
24. Դիմորդը կարող է իր մասով ընդունելության (ընտրության) արդյունքները և կայացված եզրակացությունը բողոքարկելու դիմում ներկայացնել համապատասխան ընդունելության հանձնաժողովին` դրանք ստանալու պահից 24 ժամվա ընթացքում:
25. Համապատասխան ընդունելության հանձնաժողովը բողոքարկման դիմումը քննարկում է այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում և արդյունքների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
26. Բողոքարկման դիմումի քննարկման ժամանակ քննությունների և թեստերի վերահանձնում չի իրականացվում: Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքներով համապատասխան ընդունելության հանձնաժողովը կայացնում է ընդունելության (ընտրության) արդյունքները և կայացրած եզրակացությունն անփոփոխ թողնելու կամ դրանք վերանայելու և դիմորդին հաղթող ճանաչելու կամ հաղթող ճանաչված դիմորդի ընդունելության (ընտրության) արդյունքներն ու նախկին եզրակացությունը վերանայելու եզրակացություններ:
27. Բողոքարկման արդյունքներով կայացված եզրակացությունները դիմորդի կողմից կարող են բողոքարկվել նախարարին` ներկայացնելով դիմում: Դիմումի քննարկման արդյունքներով ընդունված որոշման մասին դիմորդին տեղեկացվում է դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի քննարկման արդյունքներով նախարարն ընդունում է դիմումը բավարարելու կամ մերժելու որոշում` սույն կարգի 26-րդ կետով նախատեսված բովանդակություններով: Բողոքարկման դիմումի արդյունքներով կայացված որոշումները դիմորդի կողմից կարող են բողոքարկվել նաև դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
28. Դիմորդները համապատասխան կրթական ծրագրով ՌՈՒՀ ընդունված են համարվում նախարարի հրամանով:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: