(ուժը կորցրել է 02.04.09 թիվ 265-Ն հրաման)
i
118.0418.040302
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 03 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
26 նոյեմբերի 2001 թվականի N 418
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է Հայաստանի
Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարության
2001թ. նոյեմբերի 26-ի
N 418 հրամանով
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի նոյեմբերի 16-ի N 394 հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման գործընթացին նպաստելն է:
4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.
բ) առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման գծով օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):
8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:
Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
9. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով, և եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:
13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
15. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:
16. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.
բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.
գ) քննարկվող հարցի բովանդակությունը.
դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
17.Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և հանձնաժողովի գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
գ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորմանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.
զ) վերլուծում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
19. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: