ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2022 թվականի N 668-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով`
«5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման մեջ ներգրավված կազմակերպություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ազգային ծրագրին, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտի այլ նորմատիվ իրավական ակտերին տեղեկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակման միջոցով:
5.2. Ազգային ծրագրի համապատասխան մասերը Հայաստանի Հանրապետության օդանավակայանների շահագործում իրականացնող իրավաբանական անձանց, տեղական և օտարերկրյա օդանավ շահագործողներին, քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող ավիացիոն և այլ կազմակերպություններին, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում ներգրավված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` պաշտոնական ծառայողական գրության միջոցով: Օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմիններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին ազգային ծրագրի համապատասխան մասերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից` պաշտոնական գրության միջոցով և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:
5.3. Հիմք ընդունելով «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի դրույթներում պարունակվող ստանդարտներն ու առաջարկվող գործելաձևերը, դրանց մեջ կատարվող փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացված ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունքները, պարբերական հիմքով փոփոխություններ ու լրացումներ են իրականացվում նաև ազգային ծրագրում և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.5-րդ կետով`
i
«6.5. Ավիացիոն անձնակազմ-անձինք, որոնք ունեն մասնագիտական պատրաստվածություն, իրականացնում են օդանավերի թռիչքների և օդային փոխադրումների կազմակերպման, ավիացիոն անվտանգության ապահովման և ուղևորների սպասարկման գործունեություն, ավիացիոն աշխատանքների կատարման, օդային տարածքի օգտագործման, օդային երթևեկության սպասարկման գործունեություն ու ներառված են ավիացիոն անձնակազմի ցանկում:».
3) 7.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«7.10. Բարձր ռիսկայնության բեռ կամ փոստ-բեռ կամ փոստ, որը հատուկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա համարվում է քաղաքացիական ավիացիայի համար վտանգ ներկայացնող, կամ որն ունի շեղումներ սահմանված նորմերից կամ կասկած հարուցող բացման հետքեր:».
i
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.11-րդ, 7.12-րդ, 7.13-րդ, 7.14-րդ և 7.15-րդ կետերով`
«7.11. Բեռների մշակման տեղամաս-տարածք, ինչպես նաև միջոցներ ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, դրանցից են կառամատույցներ, բեռնային պահեստներ կամ պահեստներ, վերգետնյա տրանսպորտային միջոցների կայանման վայրեր և մուտքային ճանապարհներ:
7.12. Բեռնային գոտի-ամբողջ հողային տարածքը, ինչպես նաև միջոցներն ու սարքավորումները, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, ներառյալ` կառամատույցները, բեռնային պահեստները ու պահման վայրերը, վերգետնյա տրանսպորտային միջոցների կանգառները, ինչպես նաև դրանց հետ կապված ճանապարհները:
7.13. Բեռնային պահեստ-շինություն, որով անցնում են բեռներն օդային ու վերգետնյա փոխադրման փուլերում և որտեղ տեղակայված են բեռների մշակման միջոցները կամ որտեղ պահվում են բեռները մինչ դրանց վերգետնյա կամ օդային փոխադրումը:
7.14. Բեռների տեսակավորման վայր-վայր, որտեղ տեսակավորվում է փոխադրման ենթակա բեռը` այն չվերթներով բաշխելու նպատակով:
7.15. Դիվերսիա-պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը` ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը:».
5) 26.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«26.12. Կարգազանց ուղևորներ-անձինք, ովքեր քաղաքացիական օդանավում, սկսած օդանավի թռիչքից առաջ դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրէջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները`
1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակումը, վախեցնելը, սպառնալիքը, որը խախտում է սահմանված կարգը, կամ ստեղծվում է սպառնալիք` գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.
2) հարձակումը, վախեցնելը, սպառնալիքը կամ գործողությունը, որի պատճառով խանգարվում է օդանավի անձնակազմի կողմից իր պարտականությունների իրականացումը, կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու նրանց ունակությունը.
3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավի վնասումը, նրա սարքավորումներին և օժանդակ կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք` օդանավի և օդանավում գտնվող անձանց անվտանգության համար.
4) դիտավորությամբ կեղծ տեղեկատվության տարածումը` դրանով իսկ վտանգ ստեղծելով թռիչքի ընթացքում գտնվող օդանավի անվտանգությանը.
5) անվտանգության, կանոնավոր և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված օրինական հրահանգները կամ ցուցումները չկատարելը:».
6) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող է հանդիսանում լիազոր մարմինը, որը անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության նպատակով մշակում է ծրագրեր, պլաններ, կարգեր, կանոններ, կանոնակարգեր, ուղեցույցներ, հրահանգներ և ընթացակարգեր` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած ավիացիոն անվտանգության պահանջները, թռիչքների կանոնավորությունն ու արդյունավետությունը և ապահովում է, որ նման կարգավորումները և ընթացակարգերը`
1) բոլոր դեպքերում ապահովեն քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից, ապահովեն օդանավերի, ուղևորների, ավիացիոն անձնակազմի և հասարակության անվտանգությունը.
2) հնարավորություն տան արագ արձագանքել ավիացիոն անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքներին.
3) ապահովեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության պատշաճ պաշտպանություն:».
i
7) 29-րդ կետի «ա» ենթակետը «հրահանգիչների» բառից հետո լրացնել «, զննման օպերատորների և որակի հսկողության տեսուչների» բառերով.
8) 29-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, ըստ անհրաժեշտության գործնական և ժամանակակից հիմքերի հիման վրա սահմանում և իրականացնում է համապատասխան տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը օդանավակայանների կառավարիչների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով աջակցելու նրանց, ավիացիոն անվտանգության հետ կապված իրենց գործունեության մեջ ռիսկերի արդյունավետ գնահատման իրականացման աշխատանքներում, կատարում է քաղաքացիական ավիացիայի համակարգում ռիսկերի գնահատման միջոցառումներ իր տարածքում և օդային տարածքի վրա և ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանում է վտանգի մակարդակը, ելնելով ռիսկերի գնահատման արդյունքներից իրականացնում է ազգային ծրագրի համապատասխան դրույթներում լրացումների և փոփոխությունների կատարմանն ուղղված միջոցառումները և քաղաքականությունը, ինչպես նաև իր և պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից իրականացված քաղաքացիական ավիացիային սպառնացող ռիսկերի գնահատման արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին ու կազմակերպություններին, օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման բերումով, որպեսզի վերջիններս կարողանան ներդնել ավիացիոն անվտանգության ապահովման համապատասխան միջոցառումները, օգնում է օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին` իրենց գործունեության հետ կապված ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունավետ իրականացման գործում, ինչպես նաև օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին` ըստ անհրաժեշտության տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները, ինչպես նաև ազգային ծրագրի կատարմանն ուղղված կարգերը, կանոնները, պլանները, ուղեցույցները և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը.».
9) 29-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով ըստ անհրաժեշտության գաղտնի տեղեկատվության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների դիմումների դեպքերում ապահովում է համապատասխան խորհրդատվությունների անցկացումը և հաշվի առնում այլ պետության կողմից ստացված պահանջներին համարժեք այլընտրանքային միջոցառումների ընդունման հնարավորությունը, հնարավորինս բավարարում է մյուս Պայմանավորվող պետությունների դիմումները` կապված այլ պետությունների օդանավ շահագործողների օդանավերի հատուկ թռիչքի (թռիչքների) վերաբերյալ անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման հետ, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին օտարերկրյա պետություններից ստացված դիմումները, որը թույլատրվում է իրականացնել միայն բոլոր ներառված պետությունների հետ համաձայնեցումից և երկկողմանի համաձայնագրի ստորագրումից հետո.».
10) 33.1-ին կետի 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«28) կիբեր վտանգներից և կողմնակի միջամտություններից օդանավակայանի տեսահսկման համակարգի և օգտագործվող համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.».
11) 33.1-ին կետի 41-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«41) օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերի քննարկման և լիազոր մարմնին ներկայացման կարգը, օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:».
12) 33.2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«11) անվտանգության հսկողություն/զննում անցած ուղևորների և նման հսկողություն/զննում չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները, ինչպես նաև անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգն ու միջոցառումները.».
i
13) 33.4-րդ կետը «սերտիֆիկացման կարգը» բառերից առաջ լրացնել «զննող օպերատորների և հրահանգիչների» բառերով.
14) 33.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«33.5. «Որակի հսկողության միջոցառումները» բաժնում նկարագրվում են օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումները, որակի հսկողության տեսուչներին ներկայացվող պահանջները, որակի հսկողության միջոցառումների պլանավորումը, դրանց իրականացման կարգը, բացահայտված թերությունների վերացման կարգը, օդանավակայանի կառավարչին հաշվետվությունների ներկայացման կարգը, օդանավակայանների կառավարիչների և օդանավ շահագործողների կողմից լիազոր մարմին տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը:».
15) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից և ազգային ծրագրի պահանջներին համապատասխանության դեպքում ներկայացնում են հաստատման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, վերանայվեն, թարմացվեն և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվեն լիազոր մարմնի հաստատմանը:».
16) 38.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«38.1. Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է`
1) ընդհանուր դրույթները, հասկացությունները, ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.
2) մշակման իրավական հիմքերը` ազգային օրենսդրությունը, ազգային և միջազգային նորմատիվ իրավական փաստաթղթերը.
3) օդանավ շահագործողի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության հարցերով օդանավ շահագործողի պատասխանատու աշխատողը, նրա իրավունքները և պարտականությունները.
4) օդանավ շահագործողի կազմակերպական կառուցվածքը, օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայության (եթե ստեղծված է) գործառույթները, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության, իրավապահ մարմինների, զինված ուժերի, սահմանային վերահսկողություն իրականացնող և այլ պետական մարմինների գործառույթներն ու նրանց հետ համագործակցության կարգը.
5) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման միջոցառումները, ներառյալ` ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի հսկողության և ավիացիոն անվտանգության ծրագրի գնահատման միջոցառումները.
6) անօրինական միջամտության գործողությունների դեպքերում օդանավ շահագործողի կողմից իրականացման ենթակա պատասխան միջոցառումները:».
i
17) 43.1-ին կետի «գ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» բառերով.
18) 5-րդ բաժնի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
44. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`
ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների քննարկումը և առաջարկների ներկայացումը,
բ) ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ կարծիքների ներկայացումը,
գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը` ավիացիոն անվտանգությանը վերաբերող մասով:
45. Միջգերատեսչական հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
2) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման միջոցառումների ուսումնասիրությունների և նոր սպառնալիքների մասին տեղեկությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը` ելնելով սպառնալիքի ձևերից ու չափերից.
4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
5) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության քաղաքականության և ավիացիոն անվտանգության ապահովման մասով գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
6) նոր օդանավակայանների կառուցման և գործող օբյեկտների ընդլայնման դեպքերում նախագծերի քննարկումը և ավիացիոն անվտանգության մասով առաջարկությունների ներկայացումը.
7) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների և այլ համապատասխան հանձնաժողովների կողմից ներկայացրած առաջարկությունների քննարկումը.
8) քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկումը.
9) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
10) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման, հաստատման, կիրառման և վերանայման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը և արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման, ինչպես նաև վաղ ազդարարման նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ, և միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից:
45.1. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են հանձնաժողովի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».
19) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 50.1-ին և 50.2-րդ կետերով`
i
«50.1. Հայաստանի Հանրապետությունն ապահովվում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վերաբերյալ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը: Լիազոր մարմինը փոխհամագործակցում է ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով այլ պետությունների պետական իշխանության մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ և իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օդային հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում` ներառելով դրույթներ ավիացիոն անվտանգության վերաբերյալ:
50.2. Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինն իրականացնում է համագործակցություն քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վերաբերյալ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ ավիացիոն անվտանգության ապահովման որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության ոլորտում անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստման ու փոխանակման հարցերով:».
20) 51.1-ին, 51.2-րդ և 51.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«51.1. Լիազոր մարմնի միջոցով են իրականացվում նաև որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների կիրառման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման աշխատանքները:
51.2. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը ստացել է որոշակի չվերթի, օդանավ շահագործողի կամ այլ պետության օդանավակայանի նկատմամբ անօրինական միջամտության ակտի կատարման սպառնալիքի մասին տեղեկություն, այդ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումից հետո լիազոր մարմնի կողմից անհապաղ հաղորդվում է այն պետությանը, որտեղ կարող է կատարվել քաղաքացիական ավիացիայի դեմ նախապատրաստվող անօրինական միջամտության ակտը, ինչպես նաև օդանավը շահագործողի պետությանը:
Եթե որևէ պատճառով այդ տեղեկությունը չի կարող անմիջականորեն տրամադրվել այդ պետությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել երրորդ պետության կամ ԻԿԱՕ` անօրինական միջամտության ակտը կանխելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկելու խնդրանքով:
51.3. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) ուղեկցումներ իրականացնելու վերաբերյալ ստացված համաձայնագիրը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդ` հարցի նպատակահարմարության, զենքերի տեսակների, դրանց բնութագրերի, անվտանգության զինված աշխատակիցների ուսուցման, սերտիֆիկացման, ժամանման օդանավակայաններում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում համագործակցության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բոլոր ներառված պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցումից հետո որոշում է կայացնում կնքել օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) կիրառման մասին համաձայնագիրը դիմող պետության հետ և համաձայնագրի հիման վրա դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ կատարող տվյալ պետության օդանավերում կիրառել անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) ուղեկցում: Համաձայնագիրը պետք է համապատասխանի ԻԿԱՕ «Անվտանգության ուղեցույցներ» Դոկ 8973/11 փաստաթղթով և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Կողմերից որևիցե մեկի անհամաձայնության առկայության դեպքերում` լիազոր մարմինը ստացված դիրքորոշումների հիման վրա մերժում է դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող պետությունների օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) կողմից ուղեկցումների իրականացումը:».
21) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ գլխով`
i
«5. ԿԱՊԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ
63.1. Զանգվածային լրատվամիջոցների կողմից ավիացիոն անվտանգությանը վերաբերող տեղեկատվական հարցումների բավարարման նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ կապն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով: Զանգվածային լրատվամիջոցների կողմից տեղեկատվական հարցումներն ուղղվում են լիազոր մարմնի տեղեկատվական ծառայության ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում` լիազոր մարմնի ղեկավարի օգնականին:
63.2. Հարցումը ձևակերպվում է խմբագրական բլանկի վրա` պատասխանատու ղեկավարի ստորագրությամբ (գլխավոր խմբագիր, բաժնի ղեկավար), ընդ որում` հարցման մեջ անհրաժեշտ է նշել հիմնական թեման, հարցման առարկան, հարցման առարկայի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրի հղումը (ԶԼՄ, տեղեկատվական գործակալություններ, պետական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլն), հարցումների ցանկ, խմբագրության ու թղթակցի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
Հարցումներն ընդունվում են հետևյալ ֆաքսով` +(374)60434205 և [email protected] էլեկտրոնային փոստով, աշխատանքային օրվա ընթացքում (ժամը 9:00-18:00):
Հարցումների պատասխանները լիազոր մարմնի կողմից տրամադրվում են դիմողներին` «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:».
22) 64.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«64.2. Օդանավակայանների վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի աշխատանքային հրապարակները, դրանց հարակից այն տարածքներն ու շինությունները, որոնք առանձնացված են օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտուց, պարսպապատված են, գոտիներում սահմանված է մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողություն, իսկ գոտիներում գտնվող ավիացիոն օբյեկտներում իրականացվում է պահպանություն` պահակակետային ծառայության, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով: Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի որոշմամբ օդանավակայանների վերահսկելի գոտիներում կարող է իրականացվել նաև մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների զննում:».
23) 64.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«64.8. Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ազգային ծրագրի 64.7-րդ կետում նշված առարկաները, իրերը և նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնում կամ առգրավում են, եթե բացակայում են դրանք կրելու և պահելու օրինական հիմքերը:
Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում ուղևորների կամ նրանց ճանապարհող անձանց կողմից առանց հսկողության թողնված կամ մոռացված ձեռքի իրերը կամ ուղեբեռները (ճամպրուկները, պայուսակները, արկղերը և այլն) պետք է մշտապես գտնվեն տվյալ տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և օդանավակայանների աշխատողների և ավիացիոն անվտանգության ծառայությունների տեսահսկման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատողների հսկողության տակ: Տեսահսկման միջոցներով ուղևորների կամ նրանց ճանապարհող անձանց կողմից օդանավակայանի ընդհանուր օգտագործման տարածքներում առանց հսկողության թողնված կամ մոռացված ձեռքի իրեր կամ ուղեբեռներ հայտնաբերվելու դեպքերում` այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի օդանավակայանի ոստիկանության բաժնին:».
24) 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«72. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով: Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման պահանջները` մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացման կարգը:».
25) 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«73. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիների հսկիչ-անցագրային կետերը պետք է կահավորվեն պատշաճ լուսավորությամբ, մուտքի/ելքի փակվող դռներով, կապի միջոցներով, մուտքի/ելքի հսկման ավտոմատացված համակարգերով, անհրաժեշտ զննման սարքավորումներով, տեսահսկման սարքերով, ուղեփակոցով, մեխանիկական դարպասներով, տրանսպորտային միջոցների և բեռների զննման համար նախատեսված հրապարակներով:
Հսկիչ-անցագրային կետերը պետք է կահավորվեն նաև տվյալ հսկիչ կետի իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների հրահանգներով, արգելված առարկաների ցանկով, կիրառվող անցագրերի տեսակների օրինակներով, աշխատակիցների կորած կամ աշխատանքից ազատված անձանց չհանձնված անցագրի պատկերով ձևաթղթերով (stop-list):».
26) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«75. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում գտնվող կարևոր օբյեկտները պետք է պահպանվեն պահպանության ազդանշանային համակարգերի, պահակակետերի, պարեկային կարգախմբի և տեսահսկման սարքավորումների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ սահմանված կարգով զինված պահպանության իրականացմամբ, ինչպես նաև օբյեկտներ մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Օդանավակայանի տարածքի պահպանության նպատակով տարածքը շրջափակող պարիսպները պետք է ապահովվեն լուսավորության միջոցներով, կահավորվեն պահպանության ազդանշանային և տեսահսկման համակարգերով, իսկ պարսպի ամբողջ երկայնքով պետք է կառուցվեն ճանապարհներ:».
27) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«79. Օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի անցագրեր հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը, որը նախքան օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրեր հատկացնելը, լիազոր մարմնի միջոցով իրականացնում է ստացված հայտում նշված անձանց վերաբերյալ նախապատմության տվյալների ստուգումներ: Անձանց նախապատմության տվյալների ստուգումներ կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ: Օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի դիզայնը և բնութագրերը պետք է թարմացվեն առնվազն երկու տարին մեկ:
Անցագրի կորստի կամ գողության դեպքում անցագիրը ստացած անձը պետք է անհապաղ անցագրի կորստի մասին հայտնի իր կազմակերպության ղեկավարությանը, ինչպես նաև այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի օդանավակայանի տնօրինությանը: Անցագրի կորստի կամ գողության վերաբերյալ տեղեկության ստացումից հետո օդանավակայանի տնօրենի հանձնարարությամբ անցագրային բաժնի կողմից կազմվում են անցագրի պատկերով ձևաթղթեր (stop-list), որոնք անցագրի կորստի կամ գողության վերաբերյալ տեղեկության ստացումից հետո 12 ժամվա ընթացքում տրամադրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերին` նպատակ ունենալով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին տեղեկացնել այն մասին, որ նշված անցագրերն այլևս չեն գործում և ենթակա են առգրավման, իսկ տվյալ անցագրերը ներկայացնողների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ արգելվում է, և այդ անձինք ավիացիոն անվտանգության ծառայության կողմից արձանագրությամբ հանձնվում են իրավապահ մարմիններին:
Անցագրի կորստի կամ գողության մասին տեղեկության ստացումից հետո օդանավակայանի տնօրինության կողմից կատարվում է ծառայողական քննություն, որի արդյունքներով որոշում է կայացվում անձին տրամադրել նոր անցագիր կամ մերժել անցագրի տրամադրումը:».
28) 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«80. Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին հատկացվում են թռիչքային անձնակազմի անդամի վկայականներ (այսուհետ` թռիչքային անցագրեր): Թռիչքային անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով և պայմաններով: Թռիչքային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով, օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին` նախապատմության նախնական և պարբերական ստուգումների անցկացումից հետո: Նախապատմության ստուգումները պետք է կատարվեն առնվազն 2 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:».
29) 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«83. Օդանավի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ չվերթների իրականացման նպատակով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից թույլատրվում է հատուկ վերահսկելի գոտու մուտքի հսկիչ անցագրային կետում թռիչքային անցագրի ստուգումից հետո և սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման կողմից անձնագրի, թռիչքային անցագրի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի ստուգումից հետո:».
30) 85.1-ին և 85.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«85.1. Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կամ ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու ցանկացած կազմակերպության բոլոր աշխատակիցները և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագրի համար հայտ ներկայացրած կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն նախապատմության նախնական և պարբերական ստուգումներ:
Քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթից և հնարավոր սպառնալիքներից ելնելով` լիազոր մարմինը պետք է ապահովի, որպեսզի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունք ստանալու համար դիմած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով կիրառվեն կենսագրության և նախապատմության նախնական ստուգումներ` նախքան նրանց համապատասխան պաշտոնին նշանակումը կամ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ստանալը, ինչպես նաև պարբերական ստուգումներ` հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:
Այն անձինք, որոնց պաշտոնական պարտականությունների կատարման բնույթից բխող գործառությունները ներառում են հասանելիություն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով պետք է իրականացնի այդպիսի անձանց նախապատմության նախնական խորացված ստուգումներ, որը պետք է ավարտվի մինչ աշխատողի կողմից իր պարտականությունների կատարմանն անցնելը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ստանալը:
Նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին: Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակներից ելնելով` նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի մշտական թույլտվություն է ստանում կամ պետք է իրականացնի ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթներ:
Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանի ազգային ծրագրով սահմանված պահանջներին` անհապաղ պետք է զրկվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունքից, նրանց չպետք է տրամադրվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագիր և ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք:
Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այն անձանց, որոնք ունեն հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, այնպիսի հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեմետ նյութերի գործածման հետևանքով, տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր, հաշվառված կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերներում, ենթարկվել են քրեական հետապնդման թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Այդպիսի անձանց չի տրվում նաև ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք:
Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները պետք է պահպանեն նախապատմությունների ստուգման նպատակով ազգային ծրագրով սահմանված ընթացակարգերը, իսկ հնարավոր բացթողումների մասին անհապաղ տեղեկացնեն լիազոր մարմնին:
85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ներառյալ` բացասական որոշման դեպքում անձի բողոքարկման իրավունքի պահպանումը, և պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`
1) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտումը` նրա անձը և անձնագրային տվյալները հաստատելու համար.
2) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման աշխատելու կարողության ստուգումը` ուսումնասիրելով դիմողի հուսալիության, վարքային առանձնահատկությունների և քրեական հետապնդման դեպքերի վերաբերյալ տվյալները.
3) նախորդ 5 տարիների ընթացքում թեկնածուի բնակվելու վայրի, ընտանեկան դրության, ուսման վայրի և աշխատանքային գործունեության տվյալների ստուգումը, այդ թվում` աշխատաժամանակի մեկ ամսվանից ավելի ժամանակահատվածի ընդհատումների ստուգումը և ընդհատումների վերաբերյալ բացատրությունների պահանջումը.
4) թեկնածուի դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումը:
Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների ստուգումը պետք է իրականացվի կազմակերպության կադրերի բաժինների և ավիացիոն անվտանգության ծառայության համագործակցությամբ, իսկ 4-րդ կետով սահմանված պահանջների, ինչպես նաև ահաբեկչական և հանցավոր խմբավորումների հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` համագործակցելով լիազոր մարմնի հետ:
Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն մինչև օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրումը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթների իրականացման թույլտվություն տալը, իսկ պարբերական ստուգումները պետք է կատարվեն երեք տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:
Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների զննման գործառույթներ իրականացնող անձանց` զննման օպերատորների, ավիացիոն անվտանգության ծառայությունում ղեկավարման գործառույթներ իրականացնող անձանց նախապատմության ստուգումները` բացի սույն կետում նշված պայմաններից, պետք է ներառեն նաև ահաբեկչական և հանցավոր խմբավորումներին նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումները, իսկ նախապատմության ստուգումների գնահատման համար հիմք են հանդիսանում միայն իրավական հիմքերով ձեռք բերված տեղեկատվությունները:
Պետք է իրականացվեն նաև օդանավակայանի վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության համար դիմած օտարերկրյա քաղաքացիների նախապատմության ստուգումներ, որը պետք է պարունակի օտարերկրացու դատվածության կամ քրեական պատասխանատվության, ահաբեկչական և հանցավոր խմբավորումների, նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների մասին տեղեկությունների ստուգումները: Ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` համագործակցելով լիազոր մարմնի հետ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացված նախապատմության ստուգման արդյունքներն ուղարկվում են լիազոր մարմնին, որն իրավասու է ստացված ստուգման արդյունքների հիման վրա արդարացված պատճառաբանությամբ մերժել անձին օդանավակայանների վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրումը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվության տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավապահ մարմինները իրավասու են չբացահայտել օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրման կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվության մերժման պատճառները:».
31) 85.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
i
«Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի մուտքի թույլտվության համար անցագրեր և ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության օգտագործման իրավունք չեն տրվում նաև այն անձանց, որոնց նախապատմության ստուգման ընթացքում պարզվել է, որ անձը դատապարտվել է`
1) որոշակի ծանր հանցագործությունների կատարման համար, մասնավորապես` թմրանյութերի անօրինական պահման և օգտագործման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի կամ ռազմամթերքի ապօրինի պահման, օգտագործման, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, բռնության և շորթման գործողությունների իրականացման համար, որոնք վտանգում են հանրային անվտանգությունը, ներառյալ` քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունները, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների կատարման կամ հանցավոր խմբավորումներին մասնակցության համար.
2) այլ հանցագործությունների, մասնավորապես` գողության, գողացված իրերի վաճառքի, հափշտակության, խարդախության և դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:».
32) 87.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«87.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրանսպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ: Տրանսպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետք է ենթարկվեն զննման` ընդհանուր հիմունքներով: Տրանսպորտային միջոցի զննման դեպքում զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի զննման անկանխատեսելիության սկզբունքով: Զննման ենթակա են տրանսպորտային միջոցի հետևյալ հատվածները`
1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը.
2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի ներքին հատվածը և ոտնափոսերը.
3) բեռնախցիկը, թափքը.
4) անվադողերի հարակից վայրերը.
5) շարժիչի հատվածը.
6) տրանսպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ.
7) տրանսպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:».
33) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«91. Օդանավը մշտապես պետք է գտնվի օդանավի անձնակազմի, ինժեներատեխնիկական ծառայության ներկայացուցիչների կամ ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո:
Օդանավերը տեղակայվում են կառամատույցի առանձնացված հատվածում օդանավերի կայանման համար նախատեսված կայանատեղիում: Օդանավերի կայանատեղիները կահավորվում են օդանավերի սպասարկման, դիմավորման/ճանապարհման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, գծանշումներով, լուսավորության և հրդեհաշիջման միջոցներով:
Օդանավերը մշտապես պետք է հսկվեն`
1) թռիչքային անձնակազմի կողմից, երբ օդանավը կատարում է կարճատև թռիչքներ, ժամանման օդանավակայանում մինչև 2 ժամ կանգառների, ինչպես նաև աերոդրոմից դուրս հարկադիր վայրէջքների դեպքերում.
2) օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից օդանավի տեխնիկական սպասարկման (վերանորոգման) կամ աերոդրոմում ավելի քան 2 ժամ տևողությամբ կանգառների դեպքերում.
3) օդանավակայանների կամ օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից` աերոդրոմում օդանավերի կայանման ժամանակ, երբ օդանավերի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման աշխատանքներ, և այն դեպքերում, երբ օդանավը հանձնված է պահպանության:
Օդանավերի կայանատեղի և օդանավ մուտքի իրավունք ունեն միայն օդանավակայանի կամ օդանավ շահագործողի անձնակազմերի անդամները ծառայողական պարտականությունների կատարման նպատակով:».
34) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 91.1-ին կետով`
i
«91.1. Օդանավերի պահպանության ընդունման-հանձնման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված կարգով:».
35) 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«92. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ` թռիչքից առաջ կատարվում է օդանավի նախաթռիչքային զննում` նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության ակտերի իրականացման համար:
Օդանավերի նախաթռիչքային զննումը կատարում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կամ օդանավը շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները: Օդանավի նախաթռիչքային զննման արդյունքները ձևակերպվում են համապատասխան փաստաթղթով ու պահվում են մինչև մեկ տարվա ընթացքում, իսկ զննման արդյունքների մասին զեկուցվում է օդանավի հրամանատարին, որն իրականացված զննման մասին գրանցումներ է կատարում օդանավի մատյանում և օպերատիվ տեխնիկական սպասարկման քարտ-կարգագրի «զննում» սյունակում:
Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման: Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:».
36) 92.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«92.2. Օտարերկրյա պետությունների օդանավերի զննումներն իրականացվում են տվյալ օդանավի թռիչքային անձնակազմի կողմից: Օտարերկրյա պետությունների օդանավերի զննման ընթացակարգերի ուսումնասիրման նպատակով լիազոր մարմնի կողմից կարող են իրականացվել որակի հսկողության միջոցառումներ:».
37) 102.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«102.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն և անվտանգ գործունեության իրականացման նպատակով օդանավակայանի կառավարիչները կամ սեփականատերերը, ինչպես նաև օդանավ շահագործողները և օդանավերի սեփականատերերը պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ միջոցառումները`
1) մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերը, բացառությամբ մինչև 5700 կգ քաշ ունեցող օդանավ շահագործողները.
2) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում կազմակերպեն և իրականացնեն օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանություն.
3) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում դրանց կառավարիչների կամ սեփականատերերի կողմից կողմնակի անձանց մուտքը կանխելու նպատակով պետք է կազմակերպվեն և իրականացվեն կանխարգելիչ միջոցներ (պահպանություն, տարածքի պարսպապատում, տեսահսկում, պարեկում, անցագրային վերահսկողության համակարգի ներդրում).
4) փոքր ավիացիայի օդանավերով, այդ թվում` կորպորատիվ ավիացիայի օդանավերով փոխադրվող ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքների իրականացում, այդ թվում` օդանավի նախաթռիչքային զննման կազմակերպում ու իրականացում, ընդ որում, փոքր ավիացիայի օդանավակայաններում և թռիչքադաշտերում զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են սեփականատիրոջ կամ կառավարչի ուժերով կամ օդանավի անձնակազմի անդամների կողմից` զննման արդյունքների մասին տվյալները լրացնելով օդանավի գրանցամատյանում կամ մեկնող ուղևորների զննման թերթիկում.
5) փոքր օդանավակայաններում տարածքի, օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության նպատակով կառավարիչների կամ սեփականատերերի կողմից ավիացիոն անվտանգության (պահպանության) խմբի ստեղծում, զննման խմբի ստեղծում, կադրերի հավաքագրում և նրանց ավիացիոն անվտանգության ուսուցման կազմակերպում, անհրաժեշտ գույքի և զննման սարքավորումների ձեռքբերում ու տեղադրում (հնարավորության սահմաններում` առնվազն ձեռքի մետաղափնտրիչ).
6) մշակեն արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլաններ (վթարափրկարարական աշխատանքների և անօրինական միջամտության ակտերի դեպքում կանխման ու հակազդման) և ներկայացնեն լիազոր մարմնի հաստատմանը.
7) ապահովեն օդանավերի թռիչքների կամ վայրէջքների իրականացման ժամանակ հակահրդեհային անվտանգության միջոցառումները (պայմանագրային հիմունքներով մոտակա հրշեջ-փրկարարական ծառայության միջոցով):
102.2. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն և անվտանգ գործունեության ապահովման նպատակով ավիացիոն անվտանգության միջոցառումների կարգը սահմանում է լիազոր մարմինը:».
38) 111-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«111. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորներն ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ընթացակարգերն անցնում են ընդհանուր հիմքերով, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Դիվանագիտական բեռը, փոստը, դիվանագիտական վալիզները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների այլ պաշտոնական թղթակցությունը ենթակա չեն ոչ առգրավման, ոչ բացման, ոչ զննության` ինչպես ձեռքով, այնպես էլ տեխնիկական կամ այլ հատուկ միջոցների կիրառմամբ:
Դիվանագիտական բեռը, փոստը, դիվանագիտական վալիզները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների այլ պաշտոնական թղթակցությունը պետք է ունենան տեսանելի արտաքին նշաններ, որոնք պետք է մատնանշեն դրանց բնույթը (կողպեքներ, զմռսակնիքներ, նշանակետի վերաբերյալ մակնշումներ):».
39) 112-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«112. Կարդիոխթանիչներ ունեցող ուղևորների նկատմամբ զննման ընթացակարգերը կիրառվում են առանց զննման տեխնիկական միջոցների կիրառման, իսկ նրանց ուղեբեռներն ու ձեռքի իրերը ենթարկվում են զննման ընդհանուր հիմունքներով:
Հաշմանդամություն ունեցող ուղևորների (հենակներով, պրոթեզավորված ոտքերով ու ձեռքերով, անվասայլակներով) զննությունը կատարվում է այնպես, որ բացառվի հենակների, պրոթեզների ու անվասայլակների մեջ այնպիսի նյութերի, իրերի տեղափոխումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի կատարման ժամանակ: Հաշմանդամություն ունեցող ուղևորները զննվում են մյուս ուղևորներից առանձին, իսկ ուղևորը և նրա ձեռքի իրերը զննվում են`
ա) ռենտգենյան սարքավորման օգնությամբ կամ դիտողական զննման միջոցով,
բ) ձեռքի մետաղափնտրիչի օգնությամբ,
գ) ձեռքով զննում իրականացնելու միջոցով:
Հաշմանդամություն ունեցող ուղևորներին ուղեկցող անձինք անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգեր ընդհանուր հիմքերով: Հոգեկան հիվանդություններով կամ խանգարումներով ուղևորները, ովքեր կարող են վտանգ ներկայացնել օդանավերի թռիչքների անվտանգության համար, կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, իսկ օդանավ շահագործողի համաձայնությամբ նման ուղևորներն օդանավով կարող են փոխադրվել միայն հոգեբան բժշկի (բժիշկների) ուղեկցությամբ:
Հոգեկան հիվանդություններով կամ խանգարումներով անձանց նախաթռիչքային զննումն իրականացվում է ընդհանուր հիմքերով` նախքան մյուս ուղևորների զննման ընթացակարգերն անցնելը: Օդանավ շահագործողը, թռիչքների անվտանգության ապահովման նկատառումերից ելնելով, իրավունք ունի իր բժշկական ծառայության կամ ավիացիոն անվտանգության ծառայության խորհրդով մերժել օդանավով հոգեկան հիվանդություններ կամ խանգարումներ ունեցող ուղևորների փոխադրումը:
Այն ուղևորները, որոնք սպասարկվում են օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների և բարձրակարգ սպասարկման սրահներում, զննման ընթացակարգերն անցնում են այդ սրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով:».
40) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 124.1-ին կետով`
i
«124.1. Օդանավերի անձնակազմերի խցիկների դռները թռիչքի ամբողջ ընթացքում պետք է մշտապես գտնվեն փակ վիճակում, արգելվում է թռիչքի ընթացքում կողմնակի անձանց մուտքն օդանավի անձնակազմի խցիկ:».
41) 131-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով`
i
«5) տեսահսկման սարքավորումներ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ) օդանավերի թռիչք/վայրէջքների, օդանավերի շարժի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման աշխատանքների, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման (հաշվառում, սահմանային վերահսկողություն, զննում, օդանավ նստեցում և այլն) բոլոր գործընթացների, հսկիչ-անցագրային կետերում իրականացվող անձանց և տրանսպորտային միջոցների զննման և անցագրային հսկողության աշխատանքների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքներում (ընդհանուր սրահներ, ավտոկանգառներ և այլն) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով դիտարկումներ և տեսահսկումներ իրականացնելու նպատակով:
Ընդ որում, օդանավակայաններում տեսահսկման սարքավորումներով իրականացվող դիտարկման գործընթացները և տեսագրությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հասանելի լինեն նաև իրավապահ մարմիններին, իսկ օգտագործվող ծրագրային համակարգերը ներդնելիս պետք է հաշվի առնվեն լիազոր մարմնի, ազգային անվտանգության ծառայության և այլ իրավապահ մարմինների կարծիքները:».
42) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 132.1-ին և 132.2-րդ կետերով`
i
«132.1. Ելնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթից` Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում աշխատելու ցանկություն հայտնած բոլոր թեկնածուները պետք է անցնեն բժշկական հետազոտում` նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի ստուգման նպատակով:
132.2. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցները, համաձայն ԻԿԱՕ «Անվտանգության ղեկավար ձեռնարկ» 8973 փաստաթղթի 8-րդ գլխի, պետք է համապատասխանեն առողջական հետևյալ չափանիշներին`
1) կարողանալ մինչև 25 մետրից առանց ակնոցների և կոնտակտային լինզաների կարդալ տրանսպորտային միջոցի համարանիշները և 50 սանտիմետրից կարդալ տարաների և շշերի պիտակների գրությունները.
2) կարողանալ տարբերել գույները.
3) առանց լսողական սարքի օգնության լսել հեռախոսային հաղորդագրությունները, սարքավորումներից ստացվող ձայնային նշանները և մարդկային ձայնը` սովորական խոսակցության ժամանակ 2,5 մետր հեռավորությունից.
4) կարողանալ տարբերակել հոտերը.
5) չունենալ խոսքի դեֆեկտ (բառերի արտաբերման խանգարումներ),
6) ունենալ իրադրության մեջ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ ընդունելու կարողություն.
7) չունենալ կախվածություն ալկոհոլից, հոգեմետ նյութերից և թմրանյութերից:».
43) 9-րդ գլխի 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2. ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
135. Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով լիազոր մարմինը մշակում, հաստատում և ներդնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը` ներառելով ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի համակարգի և ազգային ծրագրով սահմանված կարգով ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներառված բոլոր կազմակերպությունների աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը:
135.1. Ազգային ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով լիազոր մարմնի կողմից մշակված և հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերին և ընթացակարգերին տիրապետելու նպատակով նախնական ուսուցում և պարբերական վերապատրաստումներ պետք է անցնեն ազգային ծրագրում ընդգրկված բոլոր կազմակերպությունների` օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունների, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, ուղևորների սպասարկումներ, բորտ սննդի մատակարարումներ, վերգետնյա սպասարկումներ, բեռների սպասարկումներ, ներառյալ` բեռնային գործակալների, հայտնի առաքողների և հայտնի մատակարարների, անմաքս առևտրի խանութների և դրանց համար ապրանքներ մատակարարող կազմակերպությունների աշխատակիցները (հայտնի առաքողներ և հայտնի մատակարարներ), օդանավակայանում և օդանավերում մաքրման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանի ընդհանուր օգտագործման սրահներում գործող սրճարանների, խանութների, առևտրի կետերի, ավտոկայանատեղիների աշխատողները, օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների (ոստիկանության, սահմանային, հարկային, մաքսային, բժշկական, բժշկասանիտարական, սննդի անվտանգության) աշխատողները:
135.2. Օդանավակայանների կառավարիչների կողմից տեղերում պետք է կազմակերպվեն ավիացիոն անվտանգության մասով սույն ծրագրի 135.1-ին կետում նշված կազմակերպությունների աշխատողների հրահանգավորումներ, դասընթացներ և սեմինարներ` իրենց մասով օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին և պահանջներին տիրապետելու նպատակով, ինչպես նաև կազմակերպվեն ուսումնավարժանքներ` արտակարգ իրավիճակներում գործելու պլաններից բխող գործողությունների իրազեկվածության, կանոնների և անհրաժեշտ հմտությունների տիրապետման համար:
135.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների և զննման գործառույթներ իրականացնող զննող օպերատորների սկզբնական ուսուցումները պետք է անցկացվեն աշխատանքի վայրում: Աշխատանքային վայրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամները սկզբնական ուսուցումը պետք է անցնեն 36 ժամ տևողությամբ, ընդ որում, դասավանդումը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ` ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:
135.4. Բոլոր աշխատակիցները պետք է անցնեն նաև հերթական ուսուցում կամ վերապատրաստում, որպեսզի պահպանեն սկզբնական ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերեն ավիացիոն անվտանգության միջոցառումների զարգացմանը զուգընթաց նոր կարևոր գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Հերթական ուսուցման կամ վերապատրաստման հաճախականությունը պետք է լինի յուրաքանչյուր տարին մեկ անգամ 12 ժամ, որից հետո տեղում պետք է հանձնեն թեստ` նոր ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:
135.5. Զննման օպերատորները աշխատանքի վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն անվտանգության ուսումնական հաստատությունում, սկզբնական ուսուցման ընթացքում պետք է անցնեն 40 ժամ տևողությամբ տեսական և 25 ժամ գործնական ուսուցում` զննման ռենտգենյան սարքերին տիրապետման մասով: Զննման օպերատորների տեսական և գործնական ուսուցումները պետք է իրականացվեն սերտիֆիկացված հրահանգիչների կողմից:
Սկզբնական ուսուցման ավարտից հետո զննման օպերատորները պետք է աշխատանքի վայրում անցնեն փորձաշրջան` երեք ամիս ժամկետով, ավիացիոն անվտանգության ծառայության փորձառու աշխատակցի հսկողության պայմաններում, որից հետո լիազոր մարմնում անցնեն սերտիֆիկացում` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում, և դրական արդյունքների դեպքում իրավունք ստանան ինքնուրույն իրականացնել զննող օպերատորի գործառույթներ:
Զննման օպերատորները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է անցնեն 12 ժամ տևողությամբ գործնական վերապատրաստում և 12 ժամ տևողությամբ տեսական վերապատրաստում, որից հետո կրկին լիազոր մարմնի կողմից պետք է սերտիֆիկացվեն:
135.6. Ավիացիոն անվտանգության մասով դասավանդում կարող են իրականացնել միայն լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացված հրահանգիչները: Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ պետք է իրականացվի ավիացիոն անվտանգության մասով դասավանդող հրահանգիչների սերտիֆիկացում, որից հետո նրանք կարող են ավիացիոն անվտանգության մասով դասավանդման իրավունք ստանալ:
135.7. Ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների թեկնածուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին` ունենան բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ավիացիոն անվտանգության ոլորտում, տիրապետեն ավիացիոն անվտանգության ազգային և միջազգային փաստաթղթերի պահանջներին, ուսուցում անցած լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության, ԻԿԱՕ կամ ԵԿԱԿ մասնագիտացված ուսումնական հաստատություններում «Հրահանգիչներ» ծրագրով, ունենան հրահանգչի սերտիֆիկատ և լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո իրավունք ստանան իրականացնել ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների գործառույթներ:
135.8. Ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի գործառույթներ իրականացնող մասնագետները ուսուցում պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ սահմանված կարգերով, իսկ սերտիֆիկացումը` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում: Լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո կարող են իրականացնել ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի գործառույթներ:
136. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ազգային ծրագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի հիման վրա մշակում, լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում և իրականացնում իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման ու վերապատրաստման ծրագրեր:».
44) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 146.1-ին կետով`
i
«146.1. Օդանավակայանների կառավարիչները մշակում են օդանավակայանի ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը և այն ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը:
Օդանավակայանում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքերում օդանավակայանի տնօրինությունն ապահովում է`
1) դեպքի վայրի առաջնային արգելափակումը և այդ տարածքի շրջափակումը.
2) ուժեղացնում է անցագրային ու ներօբյեկտային վերահսկողության աշխատանքների իրականացումը.
3) սահմանում է ավիացիոն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ.
4) առանձնացնում է հատուկ տարածք ղեկավարման կետ` հագեցած կապի միջոցներով, այդ թվում նաև` օդանավի հրամանատարի հետ կապով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով.
5) առանձնացնում է մեկուսացած տեղ` հարձակման ենթարկված օդանավի կայանման համար.
6) ապահովում է մշտական պատրաստության մեջ գտնվող վթարափրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի և ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմի անդամների ուսուցումը` օդանավակայանում առաջացած ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:».
i
45) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
46) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի 13
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 13 մայիսի 2022 թվական: