Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1733-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1079-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը, 69-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1733-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 69-րդ հոդվածով սահմանված` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (այսուհետ` դրամագլուխ) օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

 

2. Օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դրամագլխի հատկացումները կատարվում են ընդերքօգտագործողի կողմից` սույն կարգի համաձայն:

 

III. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. Դրամագլխին գումարները հատկացվում են նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:

4. Նախնական հատկացման չափը հաշվարկվում է դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի առնվազն 15 տոկոսի չափով և սահմանվում է ընդերքօգտագործման պայմանագրով (այսուհետ` պայմանագիր): Հաշվարկման բազային չափն օգտակար հանածոների արդյունահանման նախագծով (այսուհետ` նախագիծ) կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով (այսուհետ` ծրագիր) կամ պայմանագրով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքն է:

5. Դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է պայմանագրի ստորագրման օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ընթացիկ հատկացումները կատարվում են պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար սահմանված վճարումների ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար, բացառությամբ պայմանագրի գործողության ժամկետի վերջին տարվա, պայմանագրով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:

7. Ընթացիկ հատկացումների չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀԲ-ՆՀ

ՏՀ = ________ Ժ

 

որտեղ`

1) ՏՀ-ն դրամագլխին կատարվող տարեկան հատկացումների չափն է.

2) ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է.

3) ՆՀ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է.

4) Ժ-ն ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար վճարումների` սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետն է (տարիներով):

8. Եթե հաշվետու տարվա արդյունքներով ընդերքօգտագործողի կողմից իրականացված և շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված կատարողական ակտերով հավաստված ռեկուլտիվացիոն աշխատանքների գումարը գերազանցում է տվյալ ընդերքօգտագործողի ենթահաշվում առկա մնացորդի գումարը, ապա այդ դրական տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա համար նախատեսված ընթացիկ հատկացման գումարը:

9. Պայմանագրով ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց սահմանված չլինելու դեպքում հատկացումները կատարվում են ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 20-ը:

 

IV. ԴՐԱՄԱԳԼԽԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից գումար ստանալու նպատակով ընդերքօգտագործողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալները` համաձայն կազմված կատարողական ակտերի:

11. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարն իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողական ակտերն ստանալու օրվանից հետո`

1) իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների` կատարողական ակտերին, նախագծին կամ ծրագրին կամ պայմանագրին համապատասխանության որոշման նպատակով 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարողական ակտերով ներկայացված տեղեկատվությունը տրամադրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին.

2) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա, այն ստանալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածով սահմանված ժամկետում ընդունում է ընդերքօգտագործողին ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին համապատասխան գումար տրամադրելու կամ մասնակի տրամադրելու կամ չտրամադրելու մասին հրաման: Գումարը տրամադրվում է տարեկան կտրվածքով:

12. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն` ընդերքօգտագործողի կողմից փաստացի իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողական ակտերին, նախագծին կամ ծրագրին կամ պայմանագրին ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանելու կամ կատարողական ակտերին, նախագծին կամ ծրագրին կամ պայմանագրին չհամապատասխանելու վերաբերյալ:

13. Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար գումար տրամադրելու, մասնակի տրամադրելու կամ չտրամադրելու մասին ընդունված հրամանի պատճենը շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին և 3 աշխատանքային օրվա ընթացքում, թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ընդերքօգտագործողին:

14. Շրջակա միջավայրի ոլորտի և ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների ու ընդերքօգտագործողի փոխադարձ համաձայնությամբ, փոխադարձ հաշվարկների ակտի ստորագրման միջոցով, դրամագլխից ընդերքօգտագործողին հաշվետու տարվա արդյունքներով ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար տրամադրման ենթակա գումարը կարող է հաշվանցվել որպես հաշվետու տարվան հաջորդող տարվա (տարիների) համար դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ գումար:

 

V. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, հրաման է ընդունում սեփական նախաձեռնությամբ, դրամագլխի միջոցների հաշվին, ընդերքօգտագործողի կողմից չիրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների կամ դրանց մի մասի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման մասին: Ընդունված որոշման մասին շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը հրամանն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է ընդերքօգտագործողին:

16. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարն իր նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումն սկսելու կամ շարունակելու մասին հրաման ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` ընդերքօգտագործողի կողմից չիրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալների գնահատման նպատակով:

17. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում 60 աշխատանքային օրվա ընթացքում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն ընդերքօգտագործողի կողմից չիրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալների գնահատման վերաբերյալ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2021
N 1733-Ն
Որոշում