ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2021 թվականի N 1279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 2-րդ կետի 8-րդ ենթակետը «ծնողը» բառից հետո լրացնել «, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը, զինծառայողի ամուսնու ծնողը» բառերով.
2) 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «(կառուցումը կարող է իրականացվել նաև իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի կողմից)» բառերով.
3) 7-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը «կանխավճարի» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով,
բ. 1-ին ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.
«դ. անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում պետության կողմից ֆինանսավորվում է անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետով սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը, ընդ որում, ինքնուրույն կարգով իրականացվող կառուցապատման վարկի դեպքում պետության կողմից ֆինանսավորումն իրականացվում է վարկի վերջին փուլի տրամադրման ժամանակ, իսկ վարկերը տրամադրվում են կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) մինչև 80 տոկոսի չափով` միանվագ, երբ կառուցապատումն իրականացվում է կառուցապատողին պատվիրակման միջոցով կամ առանձին փուլերով, երբ կառուցապատումն իրականացվում է զինծառայողի կողմից ինքնուրույն կարգով: Ընդ որում, այլ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, և վերջին փուլով տրամադրված գումարը չի կարող գերազանցել վարկի գումարի 20%-ը.»,
գ. 2-րդ ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում, պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից` 3 տոկոսային կետը: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալու իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.»,
դ. 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը «բերելու» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տան կառուցման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 օգոստոսի 2021 թվական: