ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-41-Ո-75
2021թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին»:
i
Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին»:
i
Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 911-Ն որոշումը, 2021 թվականի հունիսի 14-ի թիվ ԲԴԽ-39-Ո-67 որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմերն ավելացրել է 3-ական դատավորով:
Ներկայումս Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 0 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` 3 թեկնածու:
Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 0, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի` 2 դատավորի լիազորություն:
Այս պահի դրությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա է դատավորի 3 թափուր հաստիք:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 3 է:
Բացի այդ, հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է նաև Վերաքննիչ վարչական դատարանի 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկա պահին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա է 3 (երեք) թեկնածու:
Ներկայումս Վերաքննիչ վարչական դատարանում առկա է դատավորի 3 թափուր հաստիք:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 3 (երեք) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 2 (երկու) թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.
- քաղաքացիական մասնագիտացման բաժին - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 3 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 0,
- վարչական մասնագիտացման բաժին - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 3 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 2 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 3:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արձանագրել, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը 3 (երեք) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը 2 (երկու) թեկնածուով արտահերթ համալրելու անհրաժեշտություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հունիսի 17
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 17 հունիսի 2021 թվական: