(ուժը կորցրել է 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)
040.0185.050315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2015 թվականի N 185-Ն
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան):
(1-ին կետը փոփ. 18.07.2019 թիվ 909-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
1) 2015 թվականի հուլիսի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` սոցիալական ծառայություններ տրամադրելու համար դիմումները ներկայացվում են ցանկում ընդգրկված միասնական ընդունարաններ.
2) միասնական ընդունարաններում սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումներն ընդունելու, հաշվառելու և սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան մարմին փոխանցելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Երևանի քաղաքապետի ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջև փոխհամաձայնեցման դեպքում (ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով սահմանված դեպքում)` Երևանի քաղաքապետարանը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման հիման վրա իրականացված ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի արդյունքները և սույն որոշման դրույթները` լրամշակել դիմումների հաշվառման (հաճախորդների սպասարկման) էլեկտրոնային համակարգը և ապահովել այդ համակարգի ամբողջական գործարկումը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում` 2015 թվականի հուլիսի 1-ից.
2) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 6 հավելվածի 1-ին կետով սահմանված սոցիալական բանկի տարբեր տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի վերաբերյալ.
3) մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը հաստատել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումներն ընդունելու (ներկայացնելու, հաշվառելու) կարգը, ինչպես նաև առանձին տեսակի դիմումներն ընդունելու (ներկայացնելու, հաշվառելու, փոխանցելու) կարգի առանձնահատկությունները.
4) ապահովել 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների` մեկ պետական մարմնի կողմից վճարումը.
5) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միասնական ընդունարաններում դիմումներն ընդունելու, հաշվառելու և սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան մարմին փոխանցելու գործընթացը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացնելու վերաբերյալ.
6) ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միասնական ընդունարանները գործարկելու համար համապատասխան կառուցվածքային փոփոխությունների կատարման վերաբերյալ.
7) ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ցանկը համալրելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի փետրվարի 26-ի
N 185-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 18.07.2019 թիվ 909-Ն որոշում)