ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 117
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է իր գործունեությունը, որի համար ներկայացրել է դիմում որևէ օրվանից սկսած գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ: Գործունեության դադարեցման ժամանակահատվածում Ընկերությունը շարունակել է օգտվել բանկային ծառայություններից, մասնավորապես բանկային հաշիվները չի փակել, որպեսզի կարողանա կատարի վճարումներ, ինչպես նաև ստանա գումարներ (օր.` նախկինում մատուցված ծառայությունների դիմաց սպասվող դեբիտորական պարտքերի մարումները/մուտքերը): Բացի բանկային ծառայություններից Ընկերությունը շարունակել է օգտվել նաև ռեեստրի վարման ծառայություններից, որոնք հնարավոր է դադարեցնել միայն ընկերության լուծարման դեպքում: Ռեեստրի վարման ծառայությունից օգտվելու համար ընկերությունը եռամսյակային կտրվածքով e-iոvoicing համակարգի միջոցով ստանում է հաշիվ վավերագիր, իսկ բանկային ծառայություններից օգտվելու համար Ընկերությանը նույն համակարգի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրվում (մատուցված ծառայության դիմաց գումարներն ավտոմատ գանձվում են Ընկերության բանկային հաշիվներից):
i
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների:
Հիմք ընդունելով վերոգրյալը` արդյոք վերոնշյալ ծախսերի կատարումն Ընկերության համար համարվում է գործունեության վերսկսում և արդյո՞ք այդ մասով Ընկերությունը պետք է ներկայացնի հարկային հաշվարկներ և այդ ծախսերը ներառի ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի 18 Ա վանդակում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
i
- 53-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն`
1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների,
2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների:
i
ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված են այդ դեպքերը, երբ հարկ վճարողի կողմից իրականացվող գործողությունները նույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով` գործունեության վերսկսում չի համարվում և հարկ վճարողի կողմից պետք է ներկայացվեն օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկներ: Մասնավորապես, նույն մասի`
- 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով` գործունեության վերսկսում չի համարվում վարչական ծախսերի կատարումը, այդ թվում` վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում նույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ` օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները,
- 6-րդ կետի համաձայն` գործընկեր հարկ վճարողներին վճարումների կատարումը և (կամ) նրանցից վճարումների ընդունումը, գործընկեր հարկ վճարողների կողմից նույն մասի 2-րդ կետով սահմանված ծախսերի գծով դուրս գրվող, ինչպես նաև մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը):
i
Միաժամանակ, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի լրացման կարգը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ N 298-Ն հրամանով: Մասնավորապես` հրամանով հաստատված հաշվարկի լրացման կարգի 22-րդ կետի համաձայն` միասնական հաշվարկի 18-րդ կետի (Ա) վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում` հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ (Բ) վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գործունեության անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցման ժամանակահատվածում վարչական ծախսերի, այդ թվում` վարձակալական վճարների կամ տոկոսների կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների դիմաց կազմակերպության կողմից գործընկեր կազմակերպություններին վճարումների, այդ թվում` գրությամբ նկարագրված դեպքում ռեեստրի վարման ծառայության համար վճարումների կատարումը, ինչպես նաև մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը) հիմք չեն կազմակերպության գործունեությունը վերսկսված համարելու համար:
Միաժամանակ, գրությամբ նկարագրված դեպքում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ` միասնական հաշվարկի 18-րդ կետի (Ա) վանդակում արտացոլելով ստացված ծառայությունների մասով ընդհանուր հարկման բազան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ