ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2020 թվականի N 1336-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանելու մասին» N 820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1336-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա:
3. Սույն կարգը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, կարգավորվող շուկայի oպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի վրա:
4. Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագիրը համարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանող, եթե այն ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը`
1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.
2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը:
5. Համակարգչային ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի նաև, որպեսզի`
1) անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները համապատասխանեն միմյանց.
2) բոլոր գործառնությունների, դեպքերի և իրադարձությունների արդյունքները հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որոնց վերաբերում են:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 օգոստոսի 2020 թվական: