ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2020 թվականի N 1156-Ն
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.03208) վերանվանել «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» բառերը փոխարինել «Հակադոպինգային գործակալություն» բառերով.
2) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ կազմակերպության գործունեության`
ա) առարկան Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակումը և իրականացումն է.
բ) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգ ստուգումը, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման դեմ ուղղված կանխարգելիչ քաղաքականության իրականացումը և հակադոպինգային կանոնակարգերի մշակումն է` ըստ գործող համաշխարհային հակադոպինգային օրենսդրության:
4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) մարզիկների թեստավորում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզիկների և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտերկրյա մարզիկների մրցումային և արտամրցումային թեստավորում.
2) միջազգային թեստավորման գործակալության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող միջազգային մրցաշարերի ժամանակ միջազգային ֆեդերացիաների կամ մրցումների կազմկոմիտեի նախաձեռնությամբ` պայմանագրային հիմքերով մարզիկների թեստավորում.
3) գիտական կազմակերպությունների (արտերկրյա համալսարաններ) կամ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կամ ազգային ֆեդերացիաների պատվերով գիտական հետազոտությունների և հակադոպինգային կրթական ծրագրերի իրականացում` պայմանագրային հիմքերով:»:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) հաստատել կազմակերպության կանոնադրությունը.
2) ապահովել կազմակերպության կանոնադրության պետական գրանցումը:
4. Կազմակերպության անվանափոխության արդյունքում կանոնադրության պետական գրանցման, ինչպես նաև կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 10
Երևան