118.0119.210501
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 05 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801093
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
13 ապրիլի 2001 թվականի N 119
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածը և Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրման գործընթացին օժանդակելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ներքոնշյալ ստանդարտների համառոտ ուղեցույցները
ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում».
ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ».
ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում».
ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվության դրամական միջոցների հոսքերի մասին».
ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ».
ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր».
ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր».
ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ».
ՀՀՀՀՍ 14 «Սեգմենտային հաշվետվություններ».
ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ».
ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն».
ՀՀՀՀՍ 18 «Հասույթ».
ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառման և պետական օգնության բացահայտում».
ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները».
ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ».
ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ».
ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում»:
2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված համառոտ ուղեցույցները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմամբ (ներառյալ հետագա փոփոխությունները և լրացումները) սահմանված կազմակերպությունների վրա:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները գերակայում են սույն հրամանով հաստատված համառոտ ուղեցույցների նկատմամբ:
ՀՀՀՀՍ 1 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 1-ի նպատակն է ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման հիմունքների սահմանումը` ապահովելու համար կազմակերպության նախորդ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև տվյալ կազմակերպության և այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համադրելիությունը: Այդ նպատակն իրագործելու համար ՀՀՀՀՍ 1-ով սահմանվում են`
ա) ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընդհանուր նկատառումները,
բ) դրանց կառուցվածքի վերաբերյալ ցուցումներ,
գ) դրանց բովանդակության նկատմամբ նվազագույն պահանջները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 1-ը պետք է կիրառվի ընդհանուր նշանակության բոլոր ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ, որոնք պատրաստվում և ներկայացվում են ՀՀՀՀՍ-ներին համապատասխան:
Ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններն այն հաշվետվություններն են, որոնց նպատակն է բավարարել այն օգտագործողների կարիքները, որոնք ի զորու չեն պահանջել իրենց հատուկ տեղեկատվական կարիքները բավարարող հաշվետվություններ: Ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունները ներառում են առանձին ներկայացվող կամ այլ պաշտոնական փաստաթղթի մաս կազմող հաշվետվությունները, ինչպես օրինակ` տարեկան զեկույցը կամ ազդագիրը:
ՀՀՀՀՍ 1-ը չի կիրառվում`
ա) համառոտ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ,
բ) այն հաշվետվությունների նկատմամբ, որոնք պատրաստվում են օգտագործողների յուրահատուկ տեղեկատվական կարիքները բավարարելու նպատակով:
ՀՀՀՀՍ 1-ը հավասարապես կիրառվում է առանձին կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների և կազմակերպությունների խմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ:
3. Ֆինանսական հաշվետվությունների նպատակը
3.1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի և նրա կողմից իրականացվող գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են:
3.2. Ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ այնպիսի տեղեկատվության տրամադրումն է, որն օգտակար է օգտագործողների լայն շրջանակների կողմից տնտեսական որոշումներ կայացնելու համար:
Ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս նաև կազմակերպության ղեկավարությանը վստահված միջոցների կառավարման արդյունքները:
3.3. Այս նպատակն ապահովելու համար ֆինանսական հաշվետվություններում ներկայացվում են տեղեկություններ կազմակերպության`
ա) ակտիվների,
բ) պարտավորությունների,
գ) սեփական կապիտալի,
դ) եկամուտների և ծախսերի, ներառյալ շահույթներն ու վնասները,
ե) դրամական միջոցների հոսքերի մասին:
4. Պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների համար
4.1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ կազմակերպության գործերը վարելու համար պատասխանատու անձը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման կազմակերպման համար:
4.2. Կազմակերպության գլխավոր հաշվապահը պատասխանատու է ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար:
5. Ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչները
5.1. Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներառում է`
ա) հաշվապահական հաշվեկշիռը,
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,
ե) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:
5.2. Կազմակերպություններին խորհուրդ է տրվում, ֆինանսական հաշվետվություններից բացի, ներկայացնել նաև ղեկավարության կողմից պատրաստված ֆինանսական վերլուծություն, որը նկարագրում և մեկնաբանում է կազմակերպության ֆինանսական գործունեության և ֆինանսական վիճակի հիմնական բնութագրերը, ինչպես նաև գործունեության ընթացքում առաջացած հիմնական անորոշությունները:
6. Ընդհանուր նկատառումները
Կազմակերպության ղեկավարությունը ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս և ներկայացնելիս պետք է հետևի բոլոր ներքոնշյալ ընդհանուր նկատառումներին.
6.1. Ճշմարիտ ներկայացում, այսինքն` ֆինանսական հաշվետվությունները պետք է ճշմարիտ ներկայացնեն կազմակերպության ֆինանսական վիճակը, գործունեության ֆինանսական արդյունքները և ֆինանսական վիճակում փոփոխությունները: ՀՀՀՀՍ-ների պատշաճ կիրառումը` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բացահայտումներով հանգեցնում է ճշմարիտ ներկայացմանը:
6.2. Համապատասխանություն ՀՀՀՀՍ-ներին, որը ենթադրում է`
ա) պետք է կիրառվեն բոլոր ՀՀՀՀՍ-ների և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերի բոլոր պահանջները,
բ) հաշվապահական մոտեցումների սխալ կիրառումը չի ուղղվում ոչ կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության բացահայտմամբ, ոչ էլ կից ծանոթագրություններում ներկայացված բացատրություններով,
գ) երբ տվյալ ստանդարտի հատուկ դրույթների համաձայն հաշվապահական հաշվառման ստանդարտը կիրառվում է մինչև դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը, այդ փաստը պարտադիր բացահայտվում է:
ՀՀՀՀՍ-ներին համապատասխանության փաստը պետք է բացահայտի:
6.3. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը այն կոնկրետ սկզբունքներն են, հիմունքները, եղանակները, կանոնները, ձևերը և ընթացակարգերը, որոնք ընդունվում են կազմակերպության կողմից` հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու ու ներկայացնելու համար: Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպության ղեկավարության կողմից պետք է ընտրվի և կիրառվի այնպես, որ ֆինանսական հաշվետվությունները բավարարեն գործող յուրաքանչյուր ստանդարտի բոլոր պահանջներին և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերին: Հատուկ պահանջի բացակայության դեպքում ղեկավարությունը պետք է մշակի այնպիսի քաղաքականություն, որ ֆինանսական հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը լինի`
ա) տեղին` օգտագործողների կողմից որոշումներ ընդունելու համար, և
բ) արժանահավատ այն առումով, որ այն.
I. ճշմարիտ ներկայացնի կազմակերպության գործունեության արդյունքները և ֆինանսական վիճակը,
II. արտացոլի ոչ միայն իրավական ձևը, այլև դեպքերի և գործառնությունների տնտեսական բովանդակությունը,
III. չեզոք է, այսինքն զերծ է կանխակալությունից,
IV. հաշվենկատ է, և
V. ամբողջական է բոլոր էական դրսևորումներում:
Հաշվապահական հաշվառման կոնկրետ ստանդարտի և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերի բացակայության դեպքում ղեկավարությունն իր դատողությունների հիման վրա ինքնուրույն մշակում է հաշվապահական հաշվառման այնպիսի քաղաքականություն, որը կազմակերպության ֆինանսական հաշվետվություններ օգտագործողներին կապահովի օգտակար տեղեկատվությամբ: Նշված դատողություններն անելիս կազմակերպության ղեկավարությունը պետք է հաշվի առնի.
ա) նման և կապակցված հարցերին առնչվող հաշվապահական հաշվառման ստանդարտներում ներկայացված պահանջները և ցուցումները,
բ) ակտիվների, պարտավորությունների, եկամուտների ու ծախսերի սահմանումները, ճանաչման չափանիշերը և չափման (գնահատման) հիմունքները, ինչպես շարադրված է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով, և
գ) գործնական փորձը` այն չափով, որով դրանք համահունչ են սույն պարբերության «ա» և «բ» ենթակետերին:
Հաջորդ 2 նկատառումներն իրենցից ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հիմքում ընկած ենթադրություններ:
6.4. Անընդհատություն. ֆինանսական հաշվետվություններ պատրաստելիս ղեկավարությունը պետք է գնահատի կազմակերպության անընդհատ գործելու հնարավորությունը: Ֆինանսական հաշվետվությունները պետք է պատրաստվեն կազմակերպության գործունեության անընդհատության հիման վրա, բացի այն դեպքերից, երբ ղեկավարությունը մտադիր կամ ստիպված է կազմակերպությունը լուծարել կամ նրա գործունեությունը դադարեցնել: Երբ ղեկավարությունը տեղյակ է այնպիսի հնարավոր դեպքերի կամ պայմանների վերաբերյալ, որոնք կարող են նշանակալի կասկածներ հարուցել կազմակերպության հետագա գործունեության վերաբերյալ, այդ անորոշությունները պետք է բացահայտվեն: Երբ ֆինանսական հաշվետվությունները չեն պատրաստվում կազմակերպության գործունեության անընդհատության հիման վրա, ապա այս փաստը պետք է բացահայտվի` այն հիմունքների հետ միասին, որոնցով պատրաստվել են ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև պետք է բացահայտվի այն պատճառը, թե ինչու կազմակերպությունը չի համարվում անընդհատ գործող:
6.5. Հաշվեգրման սկզբունք. կազմակերպությունն իր ֆինանսական հաշվետվությունները, բացառությամբ դրամական միջոցների հոսքերի մասին տեղեկատվության, պետք է պատրաստի հաշվեգրման սկզբունքի հիման վրա, որի համաձայն դեպքերը և գործառնությունները ճանաչվում են դրանց տեղի ունենալու (կատարման) պահին, այլ ոչ թե դրանց դիմաց դրամական միջոցների կամ դրանց համարժեքների ստացման կամ վճարման պահին, և հաշվառման գրանցամատյաններում գրանցվում են ու ֆինանսական հաշվետվություններում ներկայացվում են դրանց կատարման ժամանակաշրջանում: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ծախսերը ճանաչվում են կատարված ծախսումների և վաստակված եկամուտների կոնկրետ հոդվածների միջև կապակցվածության հիման վրա (համապատասխանեցում): Այնուամենայնիվ, համապատասխանեցման հայեցակարգի կիրառումը թույլ չի տալիս հաշվեկշռում այն հոդվածների ճանաչումը, որոնք չեն բավարարում ակտիվների և պարտավորությունների սահմանումներին:
6.6. Ներկայացման հետևողականություն. ֆինանսական հաշվետվությունների հոդվածների ներկայացումը և դասակարգումը մի ժամանակաշրջանից մյուսը պետք է պահպանվի, բացառությամբ այն դեպքերի, երբ.
ա) նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել կազմակերպության գործառնությունների բնույթում, կամ նրա ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ փոփոխությունը հանգեցնելու է գործառնությունների և իրադարձությունների ավելի պատշաճ ներկայացմանը, կամ
բ) ներկայացման փոփոխությունը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով, կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերով:
6.7. Էականություն և միավորում. ֆինանսական հաշվետվություններում յուրաքանչյուր էական հոդված պետք է ներկայացվի առանձին: Ոչ էական հոդվածները պետք է միավորվեն համանման բնույթի կամ գործառույթի հոդվածների հետ և չպետք է ներկայացվեն առանձին:
6.8. Հաշվանցում, որը ենթադրում է, որ`
ա) ակտիվները և պարտավորությունները չեն հաշվանցվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտով,
բ) եկամուտների և ծախսերի հոդվածները պետք է հաշվանցվեն միայն այն դեպքերում, երբ տվյալ հաշվապահական հաշվառման ստանդարտով պահանջվում կամ թույլատրվում է հաշվանցումը, կամ շահույթները, վնասները և դրանց հետ կապված ծախսերը, որոնք առաջանում են նույն կամ համանման գործառնություններից կամ դեպքերից, էական չեն:
6.9. Համադրելի տեղեկատվություն, որը ենթադրում է, որ`
ա) թվային ողջ տեղեկատվության գծով պետք է բացահայտվի նախորդ ժամանակաշրջանին վերաբերող համադրելի տեղեկատվությունը, եթե հաշվապահական հաշվառման այլ ստանդարտով չի պահանջվում կամ չի թույլատրվում այլ մոտեցում,
բ) համադրելի տեղեկատվությունը պետք է ներառվի նաև պատմողական և նկարագրական տեղեկատվության մեջ, երբ դա նպատակահարմար է ընթացիկ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները հասկանալու համար,
գ) երբ հոդվածների ներկայացումը կամ դասակարգումը ֆինանսական հաշվետվություններում փոփոխվում է, համադրելի գումարները պետք է վերադասակարգվեն (բացի այն դեպքերից, երբ վերադասակարգումը գործնականում աննպատակահարմար է)` նպատակ ունենալով ապահովել ընթացիկ ժամանակաշրջանի տեղեկատվության հետ համադրելիությունը, և պետք է բացահայտվեն ցանկացած վերադասակարգման բնույթը, գումարը և պատճառը: Այն դեպքերում, երբ գործնականում աննպատակահարմար է վերադասակարգել համեմատելի գումարները, կազմակերպությունը պետք է բացահայտի վերադասակարգում չկատարելու պատճառը, ինչպես նաև այն փոփոխությունների բնույթը, որոնք տեղի կունենային գումարների վերադասակարգումն իրականացնելու դեպքում:
7. Ֆինանսական հաշվետվությունների կառուցվածքը և բովանդակությունը
Ընդհանուր պահանջներ
7.1. Երբ ֆինանսական հաշվետվությունների հրապարակվում են որպես ավելի ընդգրկուն փաստաթղթի (օրինակ` ազդագրի) մի մաս, ապա այդ փաստաթղթում ֆինանսական հաշվետվությունները պետք է հստակ տարբերակվեն ներկայացված այլ տեղեկատվությունից:
7.2 Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր բաղկացուցիչ պետք է հստակորեն նույնականացվի (իդենտիֆիկացվի): Բացի այդ, պետք է հստակորեն առանձնացվի նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) հաշվետու կազմակերպության անվանումը կամ դրա նույնականացման այլ միջոցները,
բ) գտնվելու վայրը,
գ) արդյոք ֆինանսական հաշվետվությունները վերաբերում են մեկ կազմակերպության, թե կազմակերպությունների խմբին,
դ) հաշվեկշռի ամսաթիվը կամ ֆինանսական հաշվետվություններում արտացոլվող ժամանակաշրջանը` կախված այն հանգամանքից, թե ֆինանսական հաշվետվությունների տվյալ բաղկացուցչի տեսանկյունից որն է ավելի նպատակահարմար,
ե) արժույթը, որով ֆինանսական հաշվետվություններում արտահայտված են գումարները,
զ) ֆինանսական հաշվետվություններում ներկայացված թվային ցուցանիշների չափսը (ֆորմատը):
7.3. Ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն առնվազն տարին մեկ անգամ: Հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
7.4. Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ը պետք է ներկայացնեն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, իսկ հրապարակվող հաշվետվությունները պետք է հրապարակեն մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը:
7.5. Ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը սահմանվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից` ելնելով ՀՀՀՀՍ 1, ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» (դրամական միջոցների հոսքերի հաշվետվության դեպքում) և հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներից: Այն կազմակերպությունները, որոնց համար հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից ֆինանսական հաշվետվությունների ձևեր սահմանված չեն, ֆինանսական հաշվետվությունների ձևերը սահմանում են ինքնուրույն` ելնելով ՀՀՀՀՍ 1-ի և ՀՀՀՀՍ 7-ի պահանջներից:
Հաշվապահական հաշվեկշիռ
7.6. Կազմակերպությունը, հիմնվելով իր գործառնությունների բնույթի վրա, հաշվապահական հաշվեկշռում ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվներն ու պարտավորությունները պետք է ներկայացնի առանձին դասակարգմամբ:
7.7. Բացի այդ, կազմակերպությունը ակտիվների և պարտավորությունների յուրաքանչյուր հոդվածի գծով պետք է բացահայտի այն գումարները, որոնք ակնկալվում է, որ փոխհատուցվեն կամ կմարվեն հաշվեկշռի ամսաթվից հետո տասներկու ամսվա ընթացքում և տասներկու ամսից հետո:
7.8. Ակտիվը պետք է դասակարգվի որպես ընթացիկ, երբ այն.
ա) ակնկալվում է իրացնել (մարել), կամ պահել վաճառքի կամ սպառման համար կազմակերպության սովորական գործառնական փուլի ընթացքում,
բ) պահվում է հիմնականում առևտրային նպատակներով կամ կարճաժամկետ տևողությամբ, և ակնկալվում է իրացնել հաշվեկշռի ամսաթվից հետո տասներկու ամսվա ընթացքում, կամ
գ) ակտիվ է դրամական միջոցների կամ դրամական միջոցների համարժեքների տեսքով, որոնց օգտագործման որևէ սահմանափակում չկա:
Բոլոր այլ ակտիվները պետք է դասակարգվեն որպես ոչ ընթացիկ ակտիվներ:
7.9. Պարտավորությունը պետք է դասակարգվի որպես ընթացիկ, երբ այն.
ա) ակնկալվում է մարել կազմակերպության սովորական գործառնական փուլի ընթացքում, կամ
բ) ենթակա է մարման հաշվեկշռի ամսաթվից հետո տասներկու ամսվա ընթացքում:
Բոլոր այլ պարտավորությունները պետք է դասակարգվեն որպես ոչ ընթացիկ պարտավորություններ:
7.10. Կազմակերպության գործառնական փուլը այն ժամանակաշրջանն է, որն ընդգրկում է արտադրության ընթացքում օգտագործվող նյութերի ձեռքբերման պահից մինչև դրա դրամական միջոցներով կամ դրանց համարժեքներով փոխարկումը: Ընթացիկ ակտիվները ներառում են պաշարները և առևտրային դեբիտորական պարտքերը, որոնք վաճառվում, սպառվում և իրացվում են որպես սովորական գործառնական փուլի մի մաս, նույնիսկ երբ չի ակնկալվում դրանց իրացումը հաշվեկշռի ամսաթվից հետո տասներկու ամսվա ընթացքում: Շուկայական (հեշտ իրացվելի) արժեթղթերը դասակարգվում են որպես ընթացիկ ակտիվներ, եթե դրանց իրացումն ակնկալվում է հաշվեկշռի ամսաթվից հետո տասներկու ամսվա ընթացքում. այլապես դրանք դասակարգվում են որպես ոչ ընթացիկ ակտիվներ:
7.11. Հաշվապահական հաշվեկշիռը պետք է ընդգրկի առնվազն հետևյալ գումարները ներկայացնող տողային հոդվածները.
ա) հիմնական միջոցներ,
բ) ոչ նյութական ակտիվներ,
գ) ֆինանսական ակտիվներ (բացառությամբ դ, զ և է կետերում նշված գումարների),
դ) բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ,
ե) պաշարներ,
զ) առևտրային և այլ դեբիտորական պարտքեր,
է) դրամական միջոցներ և դրանց համարժեքներ,
ը) կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, պահուստային կապիտալ,
թ) փոքրամասնության բաժնեմաս,
ժ) ոչ ընթացիկ տոկոսակիր պարտավորություններ,
ժա) առևտրային և այլ կրեդիտորական պարտքեր,
ժբ) հարկային պարտավորություններ և ակտիվներ,
ժգ) պահուստներ:
7.12. Լրացուցիչ տողային հոդվածները, վերնագրերը և միջանկյալ հանրագումարները պետք է ներկայացվեն հաշվապահական հաշվեկշռում, երբ հաշվապահական հաշվառման ստանդարտներով կպահանջվի այդ, կամ երբ այդպիսի ներկայացումն անհրաժեշտ է կազմակերպության ֆինանսական վիճակը ճշմարիտ ներկայացնելու համար:
7.13. Կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշռում կամ ծանոթագրություններում պետք է բացահայտի ներկայացվող տողային հոդվածների հետագա ենթադասակարգումն այնպիսի եղանակով, որը հատուկ է կազմակերպության գործառնություններին: Յուրաքանչյուր հոդված, երբ նպատակահարմար է, պետք է ենթադասակարգվի ըստ իր բնույթի, մայր կազմակերպության, դուստր ընկերությունների, ասոցիացված կազմակերպությունների և այլ կապակցված կողմերի հետ կրեդիտորական ու դեբիտորական պարտքերի գումարների, և բացահայտվի առանձին:
7.14. Կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշռում կամ ծանոթագրություններում պետք է բացահայտի հետևյալը.
ա) բաժնետիրական կապիտալի յուրաքանչյուր դասի գծով.
I. բաժնետոմսերի հայտարարված քանակը,
II. թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերի, ինչպես նաև թողարկված, սակայն լրիվ չվճարված բաժնետոմսերի քանակը,
III. բաժնետոմսերի անվանական արժեքը կամ նշում այն մասին, որ բաժնետոմսերը չունեն անվանական արժեք,
IV. տարվա սկզբի և տարվա վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի քանակը,
V. տվյալ դասի հետ կապված իրավունքները, արտոնությունները և սահմանափակումները, ներառյալ շահաբաժինների բաշխման և սեփական կապիտալի փոխհատուցման սահմանափակումը,
VI. կազմակերպության բաժնետոմսերը, որոնք պահվում են իր իսկ կողմից, կամ էլ դուստր ընկերությունների, կամ ասոցիացված կազմակերպությունների կողմից, և
VII. օպցիոն և վաճառքի պայմանագրերով թողարկման համար պահուստավորված բաժնետոմսերը, ներառյալ ժամկետները և գումարները,
բ) սեփական կապիտալում յուրաքանչյուր պահուստի բնույթի և նպատակի նկարագրությունը,
գ) պարտավորությունների կազմում ներառվող (կամ չներառվող) գումարը` երբ շահաբաժիններն առաջարկվել, սակայն պաշտոնապես չեն հաստատվել վճարման համար,
դ) կումուլյատիվ (կուտակման) արտոնյալ բաժնետոմսերի գծով չճանաչված շահաբաժինների գումարը:
Կազմակերպությունը, որը չունի բաժնետիրական կապիտալ, պետք է բացահայտի վերը նշված պահանջներին համարժեք տեղեկատվություն` ցույց տալով ժամանակաշրջանի ընթացքում կանոնադրական կապիտալում մասնակցության յուրաքանչյուր դասում փոփոխությունները, ինչպես նաև կանոնադրական կապիտալում մասնակցության յուրաքանչյուր դասի հետ կապված իրավունքները, արտոնությունները և սահմանափակումները:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն
7.15. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ընդգրկի առնվազն հետևյալ գումարները ներկայացնող տողային հոդվածները.
ա) հասույթները,
բ) գործառնական գործունեության արդյունքները,
գ) ֆինանսական ծախսերը,
դ) ասոցիացված կազմակերպությունների և համատեղ գործունեության շահույթի և վնասի մասը` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով,
ե) սովորական գործունեությունից շահույթը կամ վնասը,
զ) արտասովոր դեպքերի արդյունքները,
է) շահութահարկի գծով ծախսը,
ը) փոքրամասնության բաժնեմասը, և
թ) ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը:
7.16. Լրացուցիչ տողային հոդվածները, վերնագրերը և միջանկյալ հանրագումարները պետք է ներկայացվեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, երբ հաշվապահական հաշվառման ստանդարտներով կպահանջվի այդ, կամ երբ այդպիսի ներկայացումն անհրաժեշտ է կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները ճշմարիտ ներկայացնելու համար:
7.17. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ծանոթագրություններում կազմակերպությունը պետք է ներկայացնի ծախսերի բաժանումը (վերլուծումը)` օգտագործելով կամ ծախսերի բնույթի, կամ կազմակերպության մեջ դրանց գործառույթի վրա հիմնված դասակարգումը:
7.18. Այն կազմակերպությունները, որոնք ծախսերը դասակարգում են ըստ գործառույթի, պետք է բացահայտեն լրացուցիչ տեղեկատվություն ծախսերի բնույթի վերաբերյալ, ներառյալ մաշվածության և ամորտիզացիայի գծով ծախսերը և անձնակազմի գծով ծախսերը:
7.19. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ծանոթագրություններում կազմակերպությունը պետք է բացահայտի հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ բաժնետոմսին բաժին ընկնող հայտարարված կամ առաջարկված շահաբաժնի գումարը:
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն
7.20. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը պետք է ընդգրկի առնվազն հետևյալ գումարները ներկայացնող տողային հոդվածները.
ա) հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը,
բ) եկամուտների և ծախսերի, շահույթների և վնասների յուրաքանչյուր հոդված, որը, համաձայն այլ ստանդարտների պահանջների, պետք է ճանաչվի ուղղակի սեփական կապիտալի կազմում, ինչպես նաև այդ հոդվածների հանրագումարը,
գ) հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը, որը կարգավորվում է ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի հիմնական մոտեցմամբ,
դ) սեփականատերերի կողմից կատարված ներդրումները և սեփականատերերին բաշխումները,
ե) ժամանակաշրջանի սկզբի և հաշվետու ամսաթվի դրությամբ կուտակված շահույթի կամ վնասի մնացորդը, ինչպես նաև ժամանակաշրջանի ընթացքում դրանց փոփոխությունները, և
զ) կանոնադրական կապիտալի, էմիսիոն եկամուտների և պահուստային կապիտալի յուրաքանչյուր դասի հաշվեկշռային արժեքի` ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ համադրումը` յուրաքանչյուր փոփոխության առանձին բացահայտմամբ:
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն
7.21. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության հետ կապված խնդիրներին անդրադառնում է ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ստանդարտը:
Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
7.22. Կազմակերպության ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները պետք է.
ա) ներկայացնեն ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու հիմունքների, ինչպես նաև ընտրված և էական գործառնությունների ու իրադարձությունների նկատմամբ կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին տեղեկատվություն,
բ) բացահայտեն հաշվապահական հաշվառման ստանդարտներով պահանջվող տեղեկատվությունը, որը ներկայացված չէ ֆինանսական հաշվետվությունների բուն ձևերում, և
գ) տրամադրեն լրացուցիչ տեղեկատվություն, որը ներկայացված չէ ֆինանսական հաշվետվությունների բուն ձևերում, սակայն անհրաժեշտ է ճշմարիտ ներկայացման համար:
7.23. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները պետք է ներկայացվեն համակարգված ձևով: Հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվության, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության հոդվածների վերաբերյալ ծանոթագրություններում արտացոլված տեղեկատվությունը պետք է փոխկապակցված լինի տվյալ հաշվետվության համապատասխան հոդվածների հետ:
7.24. Ծանոթագրությունները սովորաբար ներկայացվում են ստորև նկարագրված հերթականությամբ, որն օգնում է օգտագործողներին հասկանալու ֆինանսական հաշվետվությունները և դրանք համադրելու այլ կազմակերպությունների հաշվետվությունների հետ.
ա) հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանության մասին հայտարարությունը,
բ) չափման հիմունքի (հիմունքների) և կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին տեղեկատվությունը,
գ) ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր ձևում ներկայացված հոդվածների վերաբերյալ օժանդակ տեղեկատվությունը` այն հերթականությամբ, որով ներկայացված է յուրաքանչյուր հոդված և յուրաքանչյուր ֆինանսական հաշվետվություն, և
դ) այլ բացահայտումներ, ներառյալ ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի բացահայտումները:
7.25. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բաժինը պետք է նկարագրի հետևյալը.
ա) ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար կիրառված չափման հիմունքը (հիմունքները), և
բ) հաշվապահական հաշվառման քաղաքականության յուրաքանչյուր կոնկրետ մոտեցումը, որն անհրաժեշտ է ֆինանսական հաշվետվությունները ճիշտ ընկալելու համար:
7.26. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, որը կազմակերպությունը կարող է քննարկել ներկայացման համար, ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով.
ա) հասույթների ճանաչում,
բ) համախմբման սկզբունքներ,
գ) ձեռնարկատիրական գործունեության միավորումներ,
դ) համատեղ ձեռնարկում,
ե) նյութական և ոչ նյութական ակտիվների մաշվածություն (ամորտիզացիա) և ճանաչում,
զ) փոխառության ծախսումների կապիտալացում,
է) կառուցման պայմանագրեր,
ը) ներդրումային ունեցվածք,
թ) ֆինանսական գործիքներ և ներդրումներ,
ժ) վարձակալություն,
ժա) հետազոտության և մշակման ծախսումներ,
ժբ) պաշարներ,
ժգ) հարկեր, ներառյալ հետաձգված հարկերը,
ժդ) պահուստներ,
ժե) աշխատակիցների հատուցումների գծով ծախսումներ,
ժզ) արտարժույթի փոխարկում և հեջավորում,
ժէ) արտադրական և աշխարհագրական սեգմենտների սահմանումը և սեգմենտների միջև ծախսումների բաշխման հիմունքը,
ժը) դրամական միջոցների և դրանց համարժեքների սահմանումը,
ժթ) սղաճի (ինֆլյացիայի) հաշվառում,
ի) պետական շնորհներ:
7.27. Կազմակերպությունը պետք է բացահայտի հետևյալ տեղեկատվությունը, եթե դրանք չեն բացահայտվել ֆինանսական հաշվետվությունների հետ ներկայացվող (հրապարակվող) այլ տեղեկատվությունում.
ա) կազմակերպության մշտական գտնվելու վայրը և կազմակերպաիրավական ձևը, նրա իրավաբանական հասցեն (կամ ձեռնարկատիրական գործունեության գլխավոր վայրը, եթե այն տարբերվում է իրավաբանական հասցեից),
բ) կազմակերպության գործառնությունների բնույթի և նրա հիմնական գործունեության նկարագրությունը,
գ) մայր կազմակերպության և խմբի գլխավոր մայր կազմակերպության անվանումը, և
դ) աշխատողների թվաքանակը ժամանակաշրջանի վերջի դրությամբ, կամ միջին թվաքանակը` ժամանակաշրջանի համար:
Հավելված. Ծախսերի` ըստ բնույթի դասակարգմամբ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձև
.____________________________________________________________________.
| | Հաշվետու | Նախորդ |
| |ժամանակաշրջան|ժամանակաշրջան|
|________________________________________|_____________|_____________|
| Հասույթ | | |
|________________________________________|_____________|_____________|
| Այլ գործառնական եկամուտ | | |
|________________________________________|_____________|_____________|
| Պատրաստի արտադրանքի (ապրանքների) և | | |
| անավարտ արտադրության պաշարների | | |
| (մնացորդի) ավելացում 1*) | | |
|________________________________________|_____________|_____________|
| Կազմակերպության կողմից կատարված և | | |
| կապիտալացված աշխատանք | | |
|________________________________________|_____________|_____________|
| Օգտագործված հումք և նյութեր | () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Անձնակազմի գծով ծախսեր | () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Մաշվածության և ամորտիզացիայի ծախսեր | () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Այլ գործառնական ծախսեր | () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Գործառնական գործունեությունից շահույթ | | |
|________________________________________|_____________|_____________|
| Ֆինանսական ծախսեր | () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Ասոցիացված կազմակերպություններից | | |
| եկամուտներ | | |
|________________________________________|_____________|_____________|
| Սովորական գործունեությունից շահույթ | | |
|________________________________________|_____________|_____________|
| Արտասովոր հոդվածների արդյունքը | | |
|________________________________________|_____________|_____________|
| Շահույթը մինչև հարկումը | | |
|________________________________________|_____________|_____________|
| Շահութահարկի գծով ծախսեր (փոխհատուցում)| () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Շահույթը հարկումից հետո | | |
|________________________________________|_____________|_____________|
| Փոքրամասնության բաժնեմաս | () | () |
|________________________________________|_____________|_____________|
| Ժամանակաշրջանի զուտ շահույթ | | |
|________________________________________|_____________|_____________|
| Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային | | |
| (նոսրացված) շահույթ | | |
.____________________________________________________________________.
--------------
1*) Եթե տեղի է ունեցել պատրաստի արտադրանքի (ապրանքների) և անավարտ
արտադրության պաշարների (մնացորդի) նվազեցում, ապա այդ գումարը ցույց
է տրվում փակագծերում:
ՀՀՀՀՍ 2 «ՊԱՇԱՐՆԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 2-ի նպատակն է ներկայացնել պաշարների հաշվառումը սկզբնական (կատարված) ծախսումների համակարգում: Պաշարների հաշվառման հիմնական խնդիրն է որոշել պաշարների ինքնարժեքը, որը պետք է ճանաչվի որպես ակտիվ և մնա այդպիսին` մինչև պաշարների իրացումից հասույթի ճանաչման պահը:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 2-ը կիրառվում է այն ֆինանսական հաշվետվություններում, որոնք պատրաստվում են պաշարների հաշվառման սկզբնական (կատարված) ծախսումների համակարգում, բացառությամբ`
ա) շինարարական կապալի պայմանագրերի գծով անավարտ աշխատանքների, ներառյալ անմիջականորեն դրա հետ կապված ծառայությունների պայմանագրերը (տես ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր» ստանդարտը),
բ) ֆինանսական գործիքների,
գ) անասնապահության և հողագործության (գյուղատնտեսության) արտադրանքի, անտառային տնտեսության արտադրանքի, ինչպես նաև արդյունահանող արտադրության արտադրանքի (հանքանյութեր) այն մասի, որոնց գնահատման համար չափանիշ է ճանաչվում որոշակի ճյուղերում կայացած պրակտիկային համապատասխան իրացման զուտ արժեքը:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Պաշարները այն ակտիվներն են, որոնք`
ա) պահվում են սովորական գործունեության ընթացքում վաճառքի համար,
բ) արտադրության ընթացքում են` վաճառքի համար,
գ) արտահայտված են նյութերի և արագամաշ առարկաների տեսքով` արտադրանքի թողարկման կամ ծառայություններ մատուցելու ընթացքում օգտագործելու համար:
3.2. Ծառայությունների ոլորտի կազմակերպություններում պաշարները ներառում են այն ծառայությունների մատուցման ծախսումները, որոնց գծով հասույթը դեռևս չի ճանաչվել (օրինակ` աուդիտորների, իրավաբանների և ճարտարապետների դեռևս չավարտած աշխատանքները):
3.3. Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով` հաշվենկատության սկզբունքի համաձայն:
3.4. Պաշարների ինքնարժեքը ներառում է ձեռք բերման և վերամշակման հետ կապված բոլոր ծախսումները, ինչպես նաև պաշարները ներկա գտնվելու վայր և վիճակի բերելու հետ կապված այլ ծախսումները:
Ձեռք բերման ծախսումներն են գնման գինը, ներմուծման տուրքերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն կազմակերպությանը ետ վերադարձման, կոմիսիոն վճարները, ինչպես նաև այդ պաշարների ձեռք բերման հետ կապված տրանսպորտային, բեռնման, բեռնաթափման և այլ ծախսումները:
Վերամշակման ծախսումները ներառում են թողարկվող արտադրանքին անմիջականորեն վերաբերող ծախսումները, օրինակ`
ա) աշխատանքի վճարման գծով ուղղակի ծախսումները,
բ) արտադրական վերադիր փոփոխուն ծախսումները (արտադրության այնպիսի անուղղակի ծախսումներն են, որոնք ուղղակիորեն կամ համարյա ուղղակիորեն փոփոխվում են արտադրության ծավալին համամասնորեն),
գ) արտադրական վերադիր հաստատուն ծախսումները (արտադրության այնպիսի անուղղակի ծախսումներն են, որոնք համեմատաբար կայուն են` անկախ արտադրության ծավալից):
Այլ ծախսումներին վերաբերում են լրացուցիչ ծախսումները, որոնք առաջանում են պաշարների ձեռք բերման, վերամշակման և իրացման ընթացքում: Դրանք բաժանվում են պաշարների ինքնարժեքի մեջ ներառվող և չներառվող ծախսումների: Պաշարների ինքնարժեքի մեջ այլ ծախսումները ներառվում են միայն այն դեպքում, եթե դրանք կատարվել են պաշարները ներկա գտնվելու վայր և պատշաճ վիճակի բերելու համար:
3.5. Ծառայության ոլորտի կազմակերպություններում պաշարների ինքնարժեքը կազմված է ծախսումներից, որոնք անմիջականորեն կապված են ծառայությունների մատուցման հետ, օրինակ` օգտագործված նյութերի, աշխատավարձի վճարման և համապատասխան վերադիր ծախսումները:
3.6. Պաշարների ինքնարժեքի որոշման մեթոդներից են.
ա) ստանդարտ ծախսումների մեթոդը. այս մեթոդի դեպքում հաշվարկում ընդունվում է նյութերի, աշխատանքային ծախսումների և արտադրական հզորությունների օգտագործման նորմատիվային մակարդակը: Դրանք պարբերաբար վերլուծվում են և, անհրաժեշտության դեպքում, վերանայվում են` ելնելով արդի պայմաններից,
բ) մանրածախ մեթոդը. այս մեթոդն օգտագործվում է մեծ քանակությամբ արագ փոփոխվող միավորներով պաշարներ գնահատելու համար, որոնք ունեն հավելագնի մոտավորապես նույն տոկոսը: Պաշարների ինքնարժեքը որոշվում է դրանց վաճառքի գնով հաշվարկված արժեքը ընդհանուր հավելագնի համապատասխան տոկոսով նվազեցնելու միջոցով: Տոկոսը որոշելիս պետք է հաշվի առնել մանրածախ վաճառքի գնի փոփոխությունները: Այս մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ ինքնարժեքի չափման մյուս մեթոդները նպատակահարմար չէ կիրառել,
3.7. Պաշարների ինքնարժեքի որոշման համար օգտագործվում են հետևյալ բանաձևերը.
ա) փոխադարձ փոխարկելի չհանդիսացող պաշարների, ինչպես նաև հատուկ նախագծերի համար նախատեսված ու արտադրված արտադրանքի կամ ծառայությունների միավորի ինքնարժեքը պետք է հաշվարկվի կոնկրետ արտադրանքի ինքնարժեքի որոշման ճանապարհով:
բ) փոխադարձ փոխարկելի հանդիսացող պաշարների ինքնարժեքը պետք է որոշվի հետևյալ բանաձևերի միջոցով`
I. միջին կշռված արժեքը,
II. «առաջինը մուտք, առաջինը ելք»` ԱՄԱԵ (ՖԻՖՈ):
III. «վերջինը մուտք, առաջինը ելք»` ՎՄԱԵ (ԼԻՖՈ):
3.8. Իրացման զուտ արժեքը վաճառքի ձևավորվող գինն է` հանած համալրման և վաճառքի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսումները: Իրացման զուտ արժեքի հաշվարկը հիմնվում է հաշվարկի պահին եղած առավել վստահելի փաստերի վրա: Հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնել նպատակը, որի համար պահվում են պաշարները:
3.9. Պաշարների արժեքի իջեցումը մինչև իրացման զուտ արժեք իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
ա) իջեցումը կատարվում է ըստ տեսակների,
բ) որպես կանոն, նման հոդվածները միավորվում են,
գ) ծառայության յուրաքանչյուր տեսակ դիտվում է որպես առանձին հոդված (միավոր):
3.10. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներքոհիշյալ հոդվածները ճանաչվում են որպես ծախս.
ա) վաճառված պաշարների ինքնարժեքը,
բ) պաշարների ինքնարժեքի` մինչև իրացման զուտ արժեք դուրս գրումը,
գ) պաշարների կորուստները,
դ) գերնորմատիվային ծախսումները` կապված նյութերի, աշխատուժի և արտադրական այլ ծախսումների անսովոր բարձր մակարդակի հետ,
ե) տեխնոլոգիական գործընթացով չնախատեսված պահպանման ծախսումները,
զ) վարչական վերադիր ծախսումները,
է) վաճառքի (կոմերցիոն) ծախսումները:
3.11. Պաշարների ինքնարժեքի իջեցման վերականգնված գումարները ֆինանսական արդյունքների հաշվետվությունում պետք է ճանաչվեն որպես եկամուտ:
4. Բացահայտում
4.1. Ֆինանսական հաշվետվություններում պետք է բացահայտվեն.
ա) պաշարների գնահատման համար ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ներառյալ ինքնարժեքի օգտագործվող բանաձևը,
բ) պաշարների ընդհանուր հաշվեկշռային արժեքը,
գ) պաշարների տարբեր դասերի հաշվեկշռային արժեքները` ըստ կազմակերպությունում ընդունված դասակարգման,
դ) իրացման զուտ արժեքով հաշվառվող պաշարների հաշվեկշռային արժեքը,
ե) ինքնարժեքի իջեցման գծով վերականգնված գումարները,
զ) հանգամանքներ (դեպքեր), որոնք բերել են պաշարների դուրս գրված գումարների վերականգնմանը,
է) որպես պարտավորությունների երաշխիք գրավ դրված պաշարները,
ը) մինչև իրացման զուտ արժեք դուրս գրված պաշարների գումարը` եթե այն անսովոր է իր բնույթով, ծագմամբ կամ չափով:
4.2. Ֆինանսական հաշվետվություններում պետք է բացահայտվեն նաև.
ա) պաշարներին վերաբերող ծախսումները (ինքնարժեքը), որոնք ճանաչվել են որպես ծախս հաշվետու ժամանակաշրջանում և դասակարգվել են ըստ գործառույթների, կամ
բ) եկամուտներին համապատասխանող գործառնական գործունեության վրա կատարված ծախսումները, որոնք ճանաչվել են որպես ծախս հաշվետու ժամանակաշրջանում և դասակարգվել են ըստ բնույթի:
Հավելված 1. Պաշարների հաշվառման հաշվապահական ձևակերպումները
1. Պաշարների մուտքագրում 1*).
ա) մատակարարներից ստացված`
Դեբետ պաշարները հաշվառող հաշիվներ (211, 212, 213, 216)
Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) կազմակերպությունում արտադրված`
Դեբետ պաշարները հաշվառող հաշիվներ (214, 215)
Կրեդիտ արտադրության հաշիվներ (811, 812)
գ) մասնակիցներից (հիմնադիրներից) որպես ներդրում կանոնադրական կապիտալում ստացված`
Դեբետ պաշարները հաշվառող հաշիվներ (211, 212, 213, 216)
Կրեդիտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», կամ
Կրեդիտ 312 «Չվճարված կապիտալ»
դ) առևտրական հավելագնով հաշվառման դեպքում մուտքագրված ապրանքներ վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում`
Դեբետ 216 «Ապրանքներ»
Կրեդիտ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»:
---------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Պաշարների ձեռք բերման հետ կապված ծախսումների արտացոլում`
Դեբետ պաշարները հաշվառող հաշիվներ (211, 212, 213, 216)
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 251, 252, 253, 521 և այլն):
3. Հիմնական արտադրությունում օգտագործելու նպատակով նյութերի, արագամաշ առարկաների, անավարտ արտադրանքի դուրս գրում`
Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (211, 213, 214):
4. Օժանդակ արտադրությունում օգտագործելու նպատակով նյութերի, արագամաշ առարկաների, անավարտ արտադրանքի դուրս գրում`
Դեբետ 812 «Օժանդակ արտադրություն»
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (հաշիվներ 211, 213,
214):
5. Վարչական նպատակներով նյութերի, արագամաշ առարկաների դուրս գրում`
Դեբետ 713 «Վարչական ծախսեր»
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (211, 213):
6. Այլ նպատակներով նյութերի, արագամաշ առարկաների դուրս գրում`
Դեբետ ծախսերը և ծախսումները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ`
712, 813, 821, 822, 823, 824, 825)
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (211, 213):
7. Նյութերի, արագամաշ առարկաների և անավարտ արտադրանքի վաճառք`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (211, 213, 214):
8. Պատրաստի արտադրանքի և ապրանքների վաճառք`
Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (215, 216):
9. Ապրանքների վաճառքի դեպքում առևտրական հավելագնի արտացոլում *`
Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կրեդիտ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»:
--------------
* ճշտանցման եղանակով
10. Պաշարների արժեքի նվազման արտացոլում`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ 218 «Պաշարների արժեքի նվազում»:
11. Նախկինում ճանաչված արժեքի նվազման հակադարձում (վերականգնում)`
Դեբետ 218 «Պաշարների արժեքի նվազում»
Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»:
Հավելված 2. Պաշարների ինքնարժեքի բանաձևերի կիրառման որոշ խնդիրների պարզաբանում
._______________________________________________________________________.
| Խնդրի էությունը | Կիրառման ցուցումներ |
|_______________________________|_______________________________________|
| 1. Արդյոք ինքնարժեքի տարբեր |Ըստ ամբողջ կազմակերպության: |
| բանաձևերը պետք է կիրառվեն |Քննարկենք հետևյալ օրինակը. |
| ըստ ամբողջ կազմակերպության, |Ա կազմակերպությունը, որը կիրառում |
| թե ըստ առանձին պահեստների: |է ԱՄԱԵ (FIFO) մեթոդը, ունի 2 |
| |պահեստ` Երևանում և Գորիսում: |
| |2000թ. ընթացքում համապատասխանաբար |
| |Երևանի և Գորիսի պահեստներում կոնկրետ |
| |ապրանքատեսակի շարժը հետևյալն է. |
| |Երևանի պահեստ |
| |01.01.2000թ. մուտք 10 միավոր - 12 դր. |
| |01.02.2000թ. մուտք 15 միավոր - 18 դր. |
| |01.03.2000թ. ելք 15 միավոր |
| |Գորիսի պահեստ |
| |01.01.2000թ. մուտք 10 միավոր 12 դրամով:|
| | |
| |01.03.2000թ. Երևանի պահեստից 15 |
| |միավորի ելքագրումը պետք է կատարվի 12 |
| |դրամով, այլ ոչ թե 10 միավորը` 12 |
| |դրամով, մնացած 5-ը` 18 դրամով: |
| |Գործնականում սա կարելի է կիրառել |
| |պաշարները հաշվարկային գնով ելքագրելու |
| |և ապա վերահաշվարկ իրականացնելու |
| |միջոցով: |
|_______________________________|_______________________________________|
| 2. Արդյոք ՎՄԱԵ (LIFO) և միջին|Տարեկան կտրվածքով: |
| կշռված գնի բանաձևերը պետք է |Քննարկենք հետևյալ օրինակը. |
| կիրառվեն տարեկան կտրվածքով, թե|2000թ. ընթացքում Բ |
| ըստ ելքագրման ժամանակագրական |կազմակերպությունում կոնկրետ |
| կարգի: |ապրանքատեսակի շարժը (ժամանակագրական |
| |կարգով) հետևյալն է` |
| |1. մուտք 5 միավոր - 12 դր. |
| |2. մուտք 10 միավոր - 15 դր. |
| |3. ելք 9 միավոր |
| |4. մուտք 15 միավոր - 20 դր. |
| |Ելքագրումը ըստ ՎՄԱԵ (LIFO) մեթոդի |
| |կատարվում է միավորը 20 դրամով, այլ ոչ |
| |թե 15 դրամով (այդպես կլիներ, եթե ՎՄԱԵ |
| |(LIFO) մեթոդը կիրառվեր ըստ |
| |ժամանակագրական կարգի): |
| |Ելքագրումը ըստ միջին կշռված արժեքի |
| |մեթոդի կատարվում է 17 դրամով` |
| |(5x12+10x15+15x20)/(5+10+15)=17, |
| |այլ ոչ թե 14 դրամով` |
| |(5x12+10x15)/(10+5)=14: |
| |Փաստորեն, ելքագրման ամսաթվերը և |
| |ժամանակագրական կարգը ՎՄԱԵ (LIFO) և |
| |միջին կշռված արժեքի մեթոդների կիրառման |
| |դեպքում որևէ դեր չեն խաղում: |
| |Գործնականում սա կարելի է կիրառել |
| |պաշարները հաշվարկային արժեքով |
| |ելքագրելու և ապա վերահաշվարկ |
| |իրականացնելու միջոցով: |
|_______________________________|_______________________________________|
| 3. Արդյոք թույլատրվում է |Այո, եթե այդ խմբերը միմյանցից |
| պաշարների տարբեր խմբերի |տարբերվում են ըստ դրանց օգտագործման |
| նկատմամբ կիրառել տարբեր |բնույթի: |
| մեթոդներ (բանաձևեր): | |
._______________________________________________________________________.
Հավելված 3. Պաշարների իրացման զուտ արժեքի հետ կապված որոշ հարցերի պարզաբանում
Համաձայն ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտի` պաշարները պետք է չափվեն իրացման զուտ արժեքից և ինքնարժեքից նվազագույնով:
Պաշարների իրացման զուտ արժեքը կարող է ստացվել ինքնարժեքից փոքր (ցածր) մի շարք հնարավոր պատճառներով, որոնցից են
ա) պաշարների հնացումը,
բ) դրանց իրացման գների անկումը,
գ) վաճառքի համար պատրաստի վիճակի բերելու համար անհրաժեշտ ծախսումների կամ վաճառքը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսումների աճը:
Պաշարների ինքնարժեքը սովորաբար իջեցվում է մինչև իրացման զուտ արժեքի մակարդակ` ըստ տեսակների: Որոշ պարագաներում, այնուամենայնիվ, ավելի հարմար կլիներ խմբավորել նմանատիպ կամ փոխկապակցված միավորները: Դա կարող է վերաբերվել այն դեպքերին, երբ միևնույն տեսականուն պատկանող պաշարների միավորները, որում ապրանքներն ունեն նույնատիպ նշանակություն կամ վերջնական կիրառում, թողարկվում և սպառվում են նույն աշխարհագրական գոտում և գործնականորեն չեն կարող գնահատվել տվյալ տեսականու այլ ապրանքներից առանձին: Անօրինաչափ կլիներ իջեցնել բոլոր պաշարների ինքնարժեքը, հիմնվելով որոշակի արդյունաբերության ճյուղի կամ աշխարհագրական սեգմենտի վրա, կամ պաշարների դասակարգման վրա, օրինակ` ըստ պատրաստի արտադրանքի:
Իրացման զուտ արժեքի հաշվարկի ժամանակ պետք է ուշադրություն դարձնել պաշարների նշանակվածությանը: Օրինակ` պաշարների այն քանակի իրացման զուտ արժեքը, որը կազմակերպությունը պահում է այլ անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն վաճառելու համար, հիմնվում է պայմանագրային գնի վրա: Արտադրության մեջ օգտագործելու նպատակով պահվող նյութերը և այլ պաշարները չեն վերագնահատվում ինքնարժեքից ցածր, եթե ակնկալվում է, որ պատրաստի արտադրանքը, որում դրանք ընդգրկվելու են, վաճառվելու է ինքնարժեքին հավասար կամ գերազանցող գնով: Սակայն, երբ նյութերի գների անկումը այնպիսին է, որ պատրաստի արտադրանքի ինքնարժեքը գերազանցելու է իրացման զուտ արժեքին, նյութերի ինքնարժեքը իջեցվում է մինչև իրացման զուտ արժեք:
Յուրաքանչյուր հաջորդող ժամանակաշրջանում կատարվում է իրացման զուտ արժեքի նոր գնահատում: Երբ փոխվում են իրավիճակները, որոնք բերել էին պաշարների ինքնարժեքի իջեցման, դուրս գրված գումարը հակադարձվում է այնպես, որ նոր արժեքը հանդիսանա ինքնարժեքից և վերանայված իրացման զուտ արժեքից նվազագույնը:
Օրինակ.
Ա կազմակերպության մոտ 31.12.2000թ. առկա է 100 միավոր պատրաստի արտադրանք, որոնցից յուրաքանչյուրի ինքնարժեքը 15 միավոր է: Պաշարների իրացման զուտ արժեքը այդ ամսաթվին գնահատվում է որպես հավասար 10 միավոր: Կազմակերպությունը, համաձայն ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտի, ճանաչում է պաշարների արժեքի իջեցումը 500 միավորի (15x500 - 10x500) չափով` տալով հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ 218 «Պաշարների արժեքի նվազում»:
31.12.2001թ. դրությամբ կազմակերպությունում արդեն առկա է 50 միավոր նույն արտադրատեսակից, որի ինքնարժեքը դարձյալ 13 միավոր է, իրացման զուտ արժեքը` 12 միավոր: Հաշվարկվում է առկա պաշարների գծով ինքնարժեքի և իրացման զուտ արժեքի տարբերությունը` 50 միավոր (13 x 50 - 12 x 50), որը նշանակում է, որ 31.12.2001թ. դրությամբ 218 «Պաշարների արժեքի նվազում» հաշվի մնացորդը պետք է լինի 50 միավոր: Սակայն քանի որ նախորդ ամսաթվի դրությամբ արդեն ճանաչված էր 500 միավորի չափով արժեքի իջեցում, հետևաբար 31.12.2001թ. դրությամբ կճանաչվի պաշարների արժեքի նվազման հակադարձում 450 միավորի չափով` տալով հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 218 «Պաշարների արժեքի նվազում»
Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»:
ՀՀՀՀՍ 4 «ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 4-ի նպատակն է սահմանել այլ ՀՀՀՀՍ-ների գործողության ոլորտից դուրս մնացած ակտիվների մաշվածության հաշվարկման մոտեցումները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 4-ը կիրառվում է բոլոր մաշվող ակտիվների մաշվածության հաշվառման ժամանակ, բացառությամբ`
ա) հիմնական միջոցների,
բ) անտառների և նմանատիպ վերականգնվող բնական ռեսուրսների,
գ) հանքանյութերի, նավթի, բնական գազի և նման չվերականգնվող այլ ռեսուրսների հետազոտության և արդյունահանման ծախսումների,
դ) ոչ նյութական ակտիվների, ներառյալ գուդվիլը:
ՀՀՀՀՍ 4-ը մասնավորապես կիրառվում է լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումների, հողի բարելավման ծախսումների և վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների ամորտիզացիայի 1*) հաշվառման ժամանակ:
--------------
1*) «Մաշվածություն» և «ամորտիզացիա» տերմիններն այս համատեքստում օգտագործված են միևնույն իմաստներով:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Մաշվածությունը մաշվող ակտիվի օգտակար ծառայության ընթացքում մաշվածության գումարի պարբերական բաշխումն է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն (այլ ակտիվների ինքնարժեքի մեջ ներառվելով) հանվում է եկամուտներից:
3.2. Մաշվող ակտիվները կազմակերպությունում առկա այն ակտիվներն են, որոնք օգտագործվում են արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման, վարձակալության տալու կամ վարչական նպատակներով, և որոնց օգտակար ծառայության ժամկետը սահմանափակ է, սակայն մեկ տարուց ոչ պակաս:
3.3. Օգտակար ծառայությունը`
ա) այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կազմակերպությունն ակնկալում է օգտագործել ակտիվը, կամ`
բ) արտադրանքի այն քանակն է կամ աշխատանքների, ծառայությունների այն ծավալը, որն ակնկալվում է ստանալ (կատարել, մատուցել) ակտիվի օգտագործման միջոցով:
3.4. Մաշվածության գումարը մաշվող ակտիվի սկզբնական արժեքի կամ ֆինանսական հաշվետվություններում դրան փոխարինող այլ գումարի և մնացորդային արժեքի 2*) տարբերությունն է:
-------------
2*) Մինչև ՀՀՀՀՍ 4-ի ներդրումը «մնացորդային արժեք» հասկացության իմաստով կիրառվել է «լուծարային արժեք» արտահայտությունը:
3.5. Մնացորդային արժեքը այն զուտ գումարն է, որը կազմակերպությունն ակնկալում է ստանալ ակտիվից` դրա օգտակար ծառայության վերջում` օտարման ակնկալող ծախսերը հանելուց հետո:
3.6. Մաշվող ակտիվի մաշվածության գումարը պետք է պարբերաբար բաշխվի ակտիվի օգտակար ծառայության ընթացքում:
3.7. Մաշվող ակտիվի օգտակար ծառայության նախնական գնահատման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները`
ա) ակնկալվող ֆիզիկական մաշվածությունը,
բ) հնացածությունը (բարոյական մաշվածությունը), և
գ) ակտիվի օգտագործման իրավական կամ այլ սահմանափակումները:
3.8. Մաշվող ակտիվների հիմնական տեսակների կամ դրանց դասերի օգտակար ծառայությունը պետք է պարբերաբար վերանայվի, և մաշվածության նորմաներն ընթացիկ ու հետագա ժամանակաշրջանների համար պետք է ճշգրտվեն, եթե ստացվող արդյունքները զգալիորեն տարբերվում են նախորդ գնահատումներից: Տվյալ փոփոխության արդյունքները պետք է բացահայտվեն այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք տեղի են ունեցել:
3.9. Մաշվածության հաշվարկման ընտրված մեթոդը հետևողականորեն պետք է կիրառվի մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը, եթե միայն փոփոխված հանգամանքները չեն հիմնավորում մեթոդի փոփոխությունը: Մեթոդի փոփոխության դեպքում արդյունքները քանակապես պետք է որոշվեն և բացահայտվեն ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Ընդունելի չէ մաշվածության հաշվարկման մեթոդի փոփոխությունը` ելնելով կազմակերպության շահութաբերության մակարդակից և հարկային նկատառումներից:
4. Բացահայտում
4.1. Գնահատման հիմունքները, որոնք օգտագործվում են` որոշելու այն գումարները, որոնցով արտացոլվում են մաշվող ակտիվները, պետք է ներառվեն հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
4.2. Մաշվող ակտիվների յուրաքանչյուր հիմնական դասի համար պետք է բացահայտվեն`
ա) մաշվածության հաշվարկման օգտագործվող մեթոդները,
բ) օգտակար ծառայությունը կամ մաշվածության հաշվարկման օգտագործվող դրույքաչափերը,
գ) հաշվետու ժամանակաշրջանում կուտակված մաշվածության ընդհանուր գումարը,
դ) մաշվող ակտիվների ընդհանուր գումարը և դրանց համապատասխան կուտակված մաշվածությունը:
4.3. Վերը նշված տեղեկատվության բացահայտումը ֆինանսական հաշվետվություններ օգտագործողներին հնարավորություն է տալիս.
ա) հետևել ղեկավարության կողմից ընտրված քաղաքականությանը,
բ) համեմատություններ անել այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հետ:
Հավելված. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի
արտացոլման հաշվապահական ձևակերպումները
1. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի արտացոլում 3*)`
Դեբետ ծախսերը և ծախսումները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 811, 812, 813 և այլն)
Կրեդիտ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»:
2. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում`
Դեբետ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
Կրեդիտ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»:
---------------
3*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
ՀՀՀՀՍ 7 «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 7-ի նպատակն է ապահովել դրամական միջոցների և դրանց համարժեքների փաստացի փոփոխության վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը` դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության օգնությամբ, որտեղ դրամական հոսքերը դասակարգվում են ըստ գործառնական, ներդրումային (ինվեստիցիոն) և ֆինանսական գործունեության: Այսպիսի տեղեկատվության ներկայացումը մյուս ֆինանսական հաշվետվությունների հետ միասին հնարավորություն է տալիս օգտագործողներին գնահատել կազմակերպության`
ա) զուտ ակտիվներում տեղի ունեցող փոփոխությունները,
բ) ֆինանսական կառուցվածքի փոփոխությունները,
գ) վճարունակությունն ու իրացվելիությունը,
դ) դրամական միջոցների հոսքերի գումարների և ժամկետների վրա ազդելու ունակությունը,
ե) դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ստեղծելու կարողությունը:
Այս տեղեկատվությունը հնարավորություն է տալիս նաև օգտագործողներին մշակելու նոր մոդելներ տարբեր կազմակերպությունների ապագա դրամական միջոցների հոսքերի ներկա արժեքները գնահատելու և համադրելու համար:
2. Գործողության ոլորտը
Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանի համար պետք է պատրաստի դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն և ներկայացնի այն որպես ֆինանսական հաշվետվությունների անբաժանելի մաս: Սույն հաշվետվության նպատակը կայանում է նրանում, որ կազմակերպությունը պետք է ներկայացնի տեղեկատվություն տվյալ ժամանակաշրջանի ընթացքում դրամական հոսքերի շարժի վերաբերյալ` դասակարգելով դրանք ըստ.
Գործառնական գործունեության (եկամուտ բերող հիմնական գործունեություն, ինչպես նաև ֆինանսական և ներդրումային գործունեությունից տարբերվող այլ գործունեություն):
Ներդրումային գործունեության (երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերում ու օտարում, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ):
Ֆինանսական գործունեության (գործունեություն, որի հետևանքով տեղի են ունենում կազմակերպության սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ):
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Դրամական միջոցների հոսքերը դրամական միջոցների և դրանց համարժեքների ներհոսքերն ու արտահոսքերն են:
3.2. Դրամական միջոցները իրենց մեջ ներառում են.
ա) դրամարկղի միջոցները,
բ) ցպահանջ ավանդները (դեպոզիտները):
3.3. Դրամական միջոցների համարժեքները պահվում են կարճաժամկետ դրամական պարտավորությունները բավարարելու նպատակով: Դրանք կարճաժամկետ, բարձր իրացվելի ներդրումներն են, որոնք հեշտ փոխարկվում են դրամական միջոցների որոշակի գումարների հետ, և որոնց արժեքի փոփոխման ռիսկն էական չէ:
3.4. Գործառնական գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի ծավալը կազմակերպության գործունեության արդյունավետության կարևոր որոշիչ է, որը ներկայացնում է գործունեության մակարդակը պահպանելու, վարկերը մարելու, շահաբաժիններ վճարելու և նոր ներդրումներ կատարելու նպատակով բավարար քանակությամբ դրամական միջոցների ստեղծումը` առանց ֆինանսավորման արտաքին աղբյուրներին դիմելու:
3.5. Գործառնական գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի օրինակներ են.
ա) ապրանքների, արտադրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացումից և դրանց ձեռք բերումից առաջացող դրամական հոսքերը,
բ) ռոյալթիներից, վարձավճարներից, տարբեր բնույթի վարձատրություններից և այլ եկամուտներից ստացված դրամական միջոցների մուտքերը,
գ) աշխատակիցներին և նրանց անունից դրամական վճարումները,
դ) ապահովագրական գործունեությանը վերաբերող դրամական հոսքերը,
ե) հարկերը և այլ վճարումները, բացառությամբ ֆինանսական կամ ներդրումային գործունեությանը վերաբերող վճարումների,
զ) դիլերային և առևտրային պայմանագրերից դրամական մուտքերը և վճարումները:
3.6. Կազմակերպությունները, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում, գործառնական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցների հոսքերը ներկայացնում են ուղղակի մեթոդով, ըստ որի ցույց են տրվում համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական տեսակները:
3.7. Ներդրումային գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերը պահանջում են առանձին բացահայտում, քանի որ դրանք ցույց են տալիս այն ռեսուրսների վրա կատարված վճարումների չափը, որոնք պետք է գոյացնեն ապագա շահույթները և դրամական միջոցների հոսքերը:
3.8. Ներդրումային գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի օրինակներ են.
ա) հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների ձեռք բերումից և վաճառքից առաջացող դրամական հոսքերը,
բ) այլ կազմակերպությունների սեփական կապիտալի մասնակցության և պարտքային գործիքների (արժեթղթերի), ինչպես նաև համատեղ ձեռնարկումներում մասնակցության վաճառքից և ձեռք բերումից առաջացող դրամական հոսքերը: Բացառություն են կազմում դիլերային կամ առևտրային նպատակներով արժեթղթերի, ինչպես նաև դրամական միջոցների համարժեքների ձեռքբերումները կամ վաճառքները,
գ) դրամական միջոցներով տրամադրված (բացի ֆինանսական հաստատությունների) փոխատվությունները և վարկերը, դրանց վերադարձումից ու մարումից առաջացող դրամական հոսքերը,
դ) ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն և սվոպային պայմանագրերից առաջացող դրամական հոսքերը, բացի դիլերային և առևտրային նպատակով կնքված պայմանագրերի, կամ ֆինանսական գործունեություն հանդիսացող գործարքների:
3.9. Դրամական միջոցների միագումար հոսքերը, որոնք առաջանում են դուստր ընկերությունների կամ այլ ձեռնարկատիրական միավորների ձեռք բերումից կամ օտարումից, պետք է ներկայացվեն առանձնացված և դասակարգվեն որպես ներդրումային գործունեությունից հոսքեր:
3.10. Ֆինանսական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերը պահանջում են առանձին բացահայտում, քանի որ այն օգտակար է տվյալ կազմակերպությանը կապիտալ տրամադրող անձանց կողմից ապագա դրամական միջոցների հոսքերի հանդեպ պահանջները կանխատեսելու համար:
3.11. Ֆինանսական գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի օրինակներ են.
ա) բաժնետոմսերի կամ սեփական կապիտալի մասնակցության այլ գործիքների թողարկումից և ձեռք բերումից կամ մարումից առաջացող դրամական հոսքերը,
բ) պարտատոմսերի, մուրհակների թողարկումից և այլ կարճաժամկետ կամ երկարաժամկետ փոխառությունների ստացումից և դրանց մարումից առաջացող դրամական հոսքերը,
գ) վարձակալի կողմից կատարվող դրամական վճարումները` ֆինանսական վարձակալությանը վերաբերող պարտավորությունների մարման նպատակով:
3.12. Կազմակերպությունները պետք է առանձնացված կերպով ներկայացնեն դրամական միջոցների համախառն վճարումների և համախառն մուտքերի հիմնական տեսակները, որոնք առաջանում են ներդրումային և ֆինանսական գործունեության արդյունքում, բացի դրամական միջոցների այն հոսքերին վերաբերող դեպքերից, որոնք ներկայացվում են զուտ հիմունքով:
3.13. Գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեության արդյունքում առաջացող հետևյալ դրամական միջոցների հոսքերը հաշվետվությունում կարող են ներկայացվել զուտ հիմունքով.
ա) հաճախորդների անունից կատարվող դրամական միջոցների հոսքեր,
բ) այն հոդվածներով դրամական վճարումները և մուտքերը, որոնցում շրջանառությունն արագ է, գումարները` մեծ, մարման ժամկետները` կարճ (օրինակ երեք ամիս կամ ավելի կարճ մարման ժամկետ ունեցող ներդրումների գնում և վաճառք):
3.14. Ֆինանսական հաստատության գործառնությունների արդյունքում առաջացող հետևյալ դրամական միջոցների հոսքերը հաշվետվությունում կարող են ներկայացվել զուտ հիմունքով.
ա) մարման հաստատագրված ժամկետով ավանդների ընդունման և վերադարձի համար դրամական միջոցներով կատարվող վճարումները և ստացվող գումարները,
բ) այլ ֆինանսական հաստատություններում ավանդների (դեպոզիտների) տեղաբաշխումը և հետ ստացումը,
գ) հաճախորդներին տրամադրվող դրամական փոխառությունները և վարկերը, դրանց մարումը:
3.15. Ստորև բերված դրույթներն անմիջականորեն կապված են դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության ներկայացման հետ.
ա) վճարված և ստացված տոկոսներից ու շահաբաժիններից առաջացող դրամական միջոցների հոսքերը պետք է բացահայտվեն առանձին: Սովորաբար տոկոսների և շահաբաժինների ստացումից առաջացող դրամական միջոցների հոսքերը պետք է դասակարգվեն որպես ներդրումային գործունեությունից հոսքեր, իսկ տոկոսների և շահաբաժինների վճարումից առաջացող դրամական միջոցների հոսքերը` որպես ֆինանսական գործունեությունից հոսքեր: Տոկոսների վճարումից, տոկոսների և շահաբաժինների ստացումից առաջացող դրամական միջոցների հոսքերը ֆինանսական հաստատություններում դասակարգվում են որպես գործառնական գործունեությունից հոսքեր,
բ) հարկերի, դրանց դիմաց հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման և փոխհատուցման արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերը դասակարգվում են որպես գործառնական, եթե դրանք չեն կարող նույնացվել ֆինանսական և ներդրումային գործունեությունից որևէ մեկի հետ,
գ) արտարժույթային գործառնությունները գրանցվում են կազմակերպության հաշվետվական արժույթով` արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև առկա փոխանակման փոխարժեքը դրամական միջոցների հոսքերի օրվա դրությամբ,
դ) արտերկրյա դուստր ընկերության դրամական միջոցների հոսքերը պետք է վերահաշվարկվեն հաշվետու կազմակերպության արժույթով` կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև առկա փոխանակման փոխարժեքը դրամական միջոցների հոսքերի առաջացման օրվա դրությամբ,
ե) արտասովոր հոդվածներին վերաբերող դրամական միջոցների հոսքերը դասակարգվում են որպես գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեության արդյունքում առաջացող հոդվածներ, և պետք է բացահայտվեն առանձին,
զ) ասոցիացված կամ դուստր ընկերությունում ներդրումը բաժնեմասնակցության կամ ինքնարժեքի մեթոդով հաշվառելու դեպքում, ներդրողն իր դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում ներկայացնում է միայն դրամական միջոցների փաստացի հոսքերը (օրինակ` ստացված շահաբաժինները և փոխատվությունները),
է) երբ կազմակերպությունը, կիրառելով համամասնական համախմբումը, հաշվետվություն է տալիս համատեղ վերահսկվող կազմակերպությունում իր բաժնեմասի վերաբերյալ, դրամական միջոցների հոսքերի մասին համախմբված հաշվետվությունը ընդգրկում է միայն համատեղ վերահսկվող միավորի դրամական միջոցների հոսքերի ընդհանուր գումարի իր համամասնական բաժինը: Երբ կազմակերպությունը նման մասնակցության համար հաշվետվություն է տալիս` կիրառելով բաժնեմասնակցության մեթոդը, իր դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում ընդգրկում է այն դրամական միջոցների հոսքերը, որոնք վերաբերում են համատեղ վերահսկվող միավորում իր ներդրումներին, իր և համատեղ վերահսկվող միավորի միջև հատկացումներին և այլ վճարումներին ու ստացվող գումարներին,
ը) դրամական միջոցների միագումար հոսքերը, որոնք առաջանում են դուստր ընկերությունների կամ այլ ձեռնարկատիրական միավորների ձեռք բերումից կամ օտարումից, պետք է ներկայացվեն առանձնացված և դասակարգվեն որպես ներդրումային գործունեությունից հոսքեր:
4. Այլ բացահայտում
4.1. Հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես ձեռք բերված, այնպես էլ օտարված դուստր ընկերության կամ այլ ձեռնարկատիրական միավորի վերաբերյալ կազմակերպությունը պետք է բացահայտի.
ա) գնման կամ օտարման ընդհանուր գումարը,
բ) գնման կամ օտարման ընդհանուր գումարի դրամական միջոցներ կամ դրանց համարժեքներ կազմող մասը,
գ) ձեռք բերված կամ օտարված դուստր ընկերության կամ այլ ձեռնարկատիրական միավորի դրամական միջոցների կամ դրանց համարժեքների գումարը,
դ) ձեռք բերված կամ օտարված դուստր ընկերությունում կամ այլ ձեռնարկատիրական միավորում ակտիվների և պարտավորությունների գումարը, բացի դրամական միջոցներից և դրանց համարժեքներից` ընդհանրացված ըստ յուրաքանչյուր հիմնական խմբի:
4.2. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում կազմակերպությունները պետք է.
ա) բացահայտեն դրամական միջոցների և դրանց համարժեքների բաղկացուցիչները,
բ) ներկայացնեն հաշվապահական հաշվեկշռի համարժեք հոդվածներում արտացոլված գումարների հետ համապատասխանելիությունը:
4.3. Ոչ դրամական գործառնությունները պետք է բացառվեն դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունից և պետք է բացահայտվեն այլ ֆինանսական հաշվետվություններում:
4.4. Ֆինանսական վիճակի և իրացվելիության մասին պատկերացում կազմելու համար կազմակերպությունը պետք է բացահայտի հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը.
ա) չօգտագործված փոխառությունների գումարը, որը կարող է առկա լինել ապագա գործունեության համար և կարգավորել կազմակերպության պարտավորությունները` նշելով այդ փոխառությունների օգտագործման հետ կապված բոլոր սահմանափակումները,
բ) համատեղ կազմակերպություններում մասնակցությանը վերաբերող, գործունեության յուրաքանչյուր տեսակից գոյացող դրամական միջոցների հոսքերի հանրագումարը,
գ) դրամական միջոցների հոսքերի հանրագումարը, որը ներկայացնում է գործառնական հզորությունների ավելացում, առանձին այն դրամական միջոցների հոսքերից, որն անհրաժեշտ է այդ հզորությունները պահպանելու համար,
դ) հաշվետվություններում արտացոլված և գործունեության երեք տեսակների արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի գումարը` դասակարգելով այն ըստ արտադրական և աշխարհագրական սեգմենտների:
ՀՀՀՀՍ 8 «ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ ԿԱՄ ՎՆԱՍ, ԷԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 8-ի նպատակը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության որոշակի հոդվածների դասակարգման, բացահայտման և հաշվառման մոտեցումների սահմանումն է, որպեսզի կազմակերպությունները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը կազմեն և ներկայացնեն միասնական հիմունքներով: Այն ապահովում է ինչպես հաշվետու կազմակերպության տարբեր ժամանակաշրջանների, այնպես էլ հաշվետու կազմակերպության և տարբեր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համադրելիությունը: Այդ իսկ նպատակով ՀՀՀՀՍ 8-ը պահանջում է արտասովոր (արտակարգ) հոդվածների դասակարգում և բացահայտում, ինչպես նաև որոշակի հոդվածների բացահայտում, որոնք վերաբերում են սովորական գործունեության շահույթին կամ վնասին: Այն սահմանում է նաև հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունների, հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների և էական սխալների ուղղման մոտեցումները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 8-ը պետք է կիրառվի`
ա) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում սովորական գործունեությունից և արտասովոր հոդվածներից առաջացող շահույթը կամ վնասը ներկայացնելիս,
բ) հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունները հաշվառելիս,
գ) էական սխալները հաշվառելիս, և
դ) հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունները հաշվառելիս:
3. Հաշվապահական մոտեցումները
Սովորական գործունեություն և արտասովոր հոդվածներ
3.1. Հաշվետու ժամանակաշրջանում ճանաչված եկամուտների և ծախսերի բոլոր հոդվածները պետք է ներառվեն հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս, եթե Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով չի պահանջվում կամ թույլատրվում այլ մոտեցում:
3.2. Տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասն ընդգրկում է հետևյալ բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրը պետք է բացահայտվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում`
ա) շահույթ կամ վնաս` սովորական գործունեությունից, և
բ) շահույթ կամ վնաս` արտասովոր հոդվածներից:
3.3. Սովորական գործունեությունը ցանկացած գործունեություն է, որն իրականացվում է կազմակերպության կողմից, որպես իր գործունեության բաղկացուցիչ մաս, և այնպիսի առնչվող գործունեություն, որը կազմակերպությունն իրականացնում է իր գործունեության զարգացման համար, կապված է, կամ առաջանում է իր գործունեությունից:
3.4. Արտասովոր հոդվածները այնպիսի եկամուտներ կամ ծախսեր են, որոնք առաջանում են այն դեպքերից կամ գործառնություններից, որոնք հստակ տարբերվում են կազմակերպության սովորական գործունեությունից, հետևաբար չի ակնկալվում դրանց հաճախակի կամ պարբերաբար կրկնվելը (օրինակ` ակտիվների բռնագրավում, երկրաշարժ կամ այլ բնական աղետներ):
Փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում
3.5. Ձեռնարկատիրական գործունեությանը հատուկ անորոշությունների հետևանքով ֆինանսական հաշվետվությունների բազմաթիվ հոդվածներ չեն կարող ճշգրիտ չափվել, այլ կարող են միայն գնահատվել: Գնահատականներ կարող են պահանջվել, օրինակ, անհուսալի պարտքերի, ամորտիզացվող ակտիվների օգտակար ծառայության կամ տնտեսական օգուտների սպառման ակնկալվող մոդելի համար: Եթե հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը դժվար է տարբերակել գնահատման փոփոխությունից, ապա փոփոխությունը դիտվում է որպես գնահատման փոփոխություն:
3.6. Հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխության արդյունքը պետք է ներառվի փոփոխման ժամանակաշրջանում զուտ շահույթի կամ վնասի որոշման մեջ`
ա) փոփոխման ժամանակաշրջանում, եթե փոփոխությունն ազդում է միայն հաշվետու ժամանակաշրջանի վրա, կամ
բ) փոփոխման ժամանակաշրջանում և հետագա ժամանակաշրջաններում, եթե փոփոխությունն ազդում է երկուսի վրա էլ:
3.7. Հաշվապահական հաշվառման գնահատման փոփոխության հետևանքը պետք է ներառվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության միևնույն դասակարգման մեջ, որը նախապես օգտագործվել է գնահատման համար:
Էական սխալներ
3.8. Մեկ կամ ավելի նախորդող ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ առկա սխալները կարող են հայտնաբերվել ընթացիկ ժամանակաշրջանում: Սխալները կարող են առաջանալ թվաբանական անճշտությունների, հաշվապահական հաշվառման քաղաքականության կիրառման ընթացքում թույլ տրված սխալների, փաստերի ոչ ճիշտ մեկնաբանման, խաբեության կամ անփութության հետևանքով: Այս սխալների ուղղումը, որպես կանոն, պետք է ընդգրկվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս:
3.9. Էական սխալները ընթացիկ ժամանակաշրջանում բացահայտված այն սխալներն են, որոնք այնպիսի նշանակություն ունեն, որ նախորդ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) ֆինանսական հաշվետվությունները չեն կարող այլևս արժանահավատ համարվել` իրենց ներկայացման ամսաթվի դրությամբ:
3.10. Էական սխալների ուղղման արտացոլման հիմնական մոտեցման համաձայն`
ա) նախորդող ժամանակաշրջաններին վերաբերող էական սխալների ուղղման գումարը պետք է արտացոլվի հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունում` ճշտելով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը,
բ) համեմատելի տեղեկատվությունը պետք է վերաներկայացվի` քանի դեռ դա իրագործելի է:
3.11. Էական սխալների ուղղման արտացոլման թույլատրելի այլընտրանքային մոտեցման համաձայն`
ա) էական սխալի ուղղման գումարը պետք է արտացոլվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս,
բ) համեմատելի տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպես, ինչպես ներկայացվել էր նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում,
գ) հիմնական մոտեցման հիման վրա պատրաստված լրացուցիչ կանխատեսական տեղեկատվությունը պետք է ներկայացվի, քանի դեռ դա իրագործելի է:
Փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ
3.12. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը իրենից ներկայացնում է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու նպատակով կազմակերպության կողմից ընդունված որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձևեր և արարողակարգեր:
3.13. Փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ թույլատրվում է կատարել միայն, երբ`
ա) տեղի են ունեցել փոփոխություններ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ, կամ`
բ) այդ փոփոխությունը նպաստում է կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը:
3.14. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխություններ չեն համարվում.
ա) հաշվապահական հաշվառման քաղաքականության ընդունումը այնպիսի դեպքերի և գործառնությունների համար, որոնք իրենց բովանդակությամբ տարբերվում են նախկինում առաջացող դեպքերից և գործառնություններից,
բ) նոր հաշվապահական հաշվառման քաղաքականության ընդունումը այնպիսի դեպքերի և գործառնությունների համար, որոնք առաջ տեղի չեն ունեցել կամ հանդիսացել են ոչ էական:
Ակտիվները վերագնահատված արժեքով հաշվառելու (ինչպես նախատեսված է ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» կամ ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտների թույլատրելի այլընտրանքային մոտեցմամբ) քաղաքականության առաջին անգամ ընդունումը հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխություն է, սակայն այն ավելի շուտ դիտվում է որպես վերագնահատում, այլ ոչ թե որպես քաղաքականության փոփոխություն:
3.15. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտի ընդունման հետ կապված, պետք է արտացոլվի ըստ անցումային դրույթների, եթե այդպիսիք կան Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման տվյալ ստանդարտում: Անցումային դրույթների բացակայության դեպքում հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը պետք է արտացոլվի հաջորդ 2 կետերով նախատեսված հիմնական կամ թույլատրելի այլընտրանքային մոտեցումների համաձայն:
3.16. Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ այլ փոփոխությունների արտացոլման հիմնական մոտեցման համաձայն`
ա) հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը պետք է ունենա հետընթաց կիրառություն, եթե նախորդ ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած ճշգրտումից առաջացող գումար խելամտորեն որոշելի է: Յուրաքանչյուր առաջացող ճշգրտում հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունում պետք է ներկայացվի որպես չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտում,
բ) համեմատելի տեղեկատվությունը պետք է վերաներկայացվի, քանի դեռ դա իրագործելի է:
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը պետք է ունենա առաջընթաց կիրառություն, երբ գումարը, որը ենթակա է արտացոլման որպես հաշվետու ժամանակաշրջանի սկզբնական մնացորդի ճշգրտում, հնարավոր չէ խելամտորեն որոշել:
3.17. Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ այլ փոփոխությունների արտացոլման թույլատրելի այլընտրանքային մոտեցման համաձայն`
ա) հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը պետք է ունենա հետընթաց կիրառություն, եթե նախորդ ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած ճշգրտումից առաջացող գումար խելամտորեն որոշելի է: Յուրաքանչյուր առաջացող ճշգրտում պետք է ներառվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս,
բ) համեմատելի տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպես, ինչպես արտացոլված է նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում,
գ) հիմնական մոտեցման հիման վրա պատրաստված լրացուցիչ կանխատեսական տեղեկատվությունը պետք է ներկայացվի, քանի դեռ դա իրագործելի է:
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը պետք է ունենա առաջընթաց կիրառություն, երբ գումարը, որը ենթակա է ներառման ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի մեջ, հնարավոր չէ խելամտորեն որոշել:
4. Բացահայտում
4.1. Երբ եկամտի և ծախսի հոդվածները սովորական գործունեության շահույթի կամ վնասի սահմաններում այնպիսի ծավալի, բնույթի և ոլորտի են, որ նրանց բացահայտումը կարևոր է կազմակերպության տվյալ ժամանակաշրջանի գործունեության ցուցանիշները մեկնաբանելու համար, նման հոդվածների բնույթն ու գումարը պետք է բացահայտվեն առանձին (օրինակ` պաշարների արժեքի իջեցում):
4.2. Յուրաքանչյուր արտասովոր հոդվածի բնույթը և գումարը պետք է առանձին բացահայտվեն:
Ընդ որում, յուրաքանչյուր արտասովոր հոդվածի բնույթի և գումարի բացահայտումը կատարվում է ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում, ընդհանուր գումարի բացահայտումը` ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
4.3. Հաշվապահական հաշվառման գնահատման փոփոխության բնույթն ու գումարը, որոնք էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ ընթացիկ կամ հաջորդող ժամանակաշրջաններում, պետք է բացահայտվեն: Եթե դա անիրագործելի է գումարի չափը որոշելու առումով, այս փաստը ևս պետք է բացահայտվի:
4.4. Եթե կազմակերպությունը կիրառում է էական սխալների ուղղման արտացոլման հիմնական մոտեցումը, պետք է բացահայտվի հետևյալը.
ա) էական սխալի բնույթը,
բ) ուղղման գումարը` ընթացիկ ժամանակաշրջանի և ներկայացված նախորդող յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար,
գ) ուղղման գումարը, որը վերաբերում է այն ժամանակաշրջաններին, որոնք նախորդում են համեմատելի տեղեկատվություն պարունակող ժամանակաշրջաններին, և
դ) այն փաստը, որ համեմատելի տեղեկատվությունը վերաներկայացվել է, կամ ցուցումն այն մասին, որ նման տեղեկատվության վերաներկայացումն անիրագործելի է:
4.5. Եթե կազմակերպությունը կիրառում է էական սխալների ուղղման արտացոլման թույլատրելի այլընտրանքային մոտեցումը, պետք է բացահայտվի հետևյալը.
ա) էական սխալի բնույթը,
բ) ուղղման գումարը, որը ճանաչված է ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթում կամ վնասում, և
գ) ուղղման գումարը, որը ներառված է յուրաքանչյուր ժամանակաշրջանում, որի համար ներկայացված է կանխատեսական տեղեկատվություն և ուղղման գումարը, որը վերաբերում է կանխատեսական տեղեկատվության ընդգրկված ժամանակաշրջաններին նախորդող ժամանակաշրջաններին: Եթե կանխատեսական տեղեկատվության ներկայացումն անիրագործելի է, այդ փաստը պետք է բացահայտվի:
4.6. Եթե կազմակերպությունը կիրառում է հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունների արտացոլման հիմնական մոտեցումը, ապա, երբ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը էական ազդեցություն է ունենում ընթացիկ կամ ներկայացված որևէ նախորդող ժամանակաշրջանի վրա կամ կարող է էական ազդեցություն ունենալ հաջորդ ժամանակաշրջանների վրա, պետք է բացահայտվի հետևյալը.
ա) փոփոխության պատճառները,
բ) ճշգրտումից առաջացած գումարը ընթացիկ և ներկայացված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար,
գ) համեմատելի տեղեկատվության մեջ ընդգրկված ժամանակաշրջաններին նախորդող ժամանակաշրջանների հետ կապված ճշգրտումից առաջացած գումարը, և
դ) այն փաստը, որ համեմատելի տեղեկատվությունը վերաներկայացվել է, կամ նշում այն մասին, որ դա կատարելն անիրագործելի է:
4.7. Եթե կազմակերպությունը կիրառում է հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունների արտացոլման թույլատրելի այլընտրանքային մոտեցումը, ապա, երբ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը էական ազդեցություն է ունենում ընթացիկ կամ ներկայացված որևէ նախորդող ժամանակաշրջանի վրա կամ կարող է էական ազդեցություն ունենալ հաջորդ ժամանակաշրջանների վրա, պետք է բացահայտվի հետևյալը.
ա) փոփոխության պատճառները,
բ) ճշգրտումից առաջացած գումարը, որը ճանաչված է ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթում կամ վնասում, և
գ) ճշգրտումից առաջացած գումարը, որը ներառված է յուրաքանչյուր ժամանակաշրջանում, որի համար ներկայացված է կանխատեսական տեղեկատվություն, և ճշգրտումից առաջացած գումարը, որը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններում ներառված ժամանակաշրջաններին նախորդողներին: Եթե լրացուցիչ կանխատեսական տեղեկատվության ներկայացումն անիրագործելի է, այդ փաստը պետք է բացահայտվի:
Հավելված 1. Էական սխալների ուղղումների և հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխությունների արտացոլման հաշվապահական
ձևակերպումները
1. Հիմնական մոտեցման դեպքում.
ա) երբ նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից 1*)`
Դեբետ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` հաշիվներ 112, 132, 211, 213, 216 և այլն):
բ) երբ ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին`
Դեբետ համապատասխան հաշիվներ (օրինակ` հաշիվներ 112, 132, 211, 213, 216 և այլն)
Կրեդիտ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»:
---------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում.
ա) նախորդ տարիների ծախսերի արտացոլում`
Դեբետ 741 «Նախորդ տարիների ծախսեր»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` հաշիվներ 112, 132, 211, 213, 216 և այլն):
բ) նախորդ տարիների եկամուտների արտացոլում.
Դեբետ համապատասխան հաշիվներ (օրինակ` հաշիվներ 112, 132, 211, 213, 216 և այլն)
Կրեդիտ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»:
Հավելված 2. Գնահատումներում փոփոխությունների և էական սխալների ուղղման արտացոլման օրինակներ
Հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխություններ
Ա կազմակերպությունը 2000թ. հունվարի 1-ին վարչական նպատակներով օգտագործելու նպատակով ձեռք է բերել և շահագործման հանձնել 1.000.000 դրամ արժողությամբ համակարգիչ, որի օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը` 0: 2001թ. հունվարի 1-ին կրկին գնահատվել է (վերանայվել է) համակարգչի մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, կազմել է երկու տարի:
2000թ. համար մաշվածությունը կազմել է 200.000 դրամ (1.000.000/5), որը ձևակերպվել է`
Դեբետ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական
միջոցների մաշվածություն» 200.000
Կրեդիտ 713 «Վարչական ծախսեր» 200.000:
2001թ. համար մաշվածությունը կկազմի 400.000 (800.000/2), ընդ որում, նախորդ տարվա համար հաշվարկված մաշվածության գծով որևէ ճշգրտում չի կատարվի: Այդ գումարը դարձյալ կձևակերպվի նույն կերպ`
Դեբետ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական
միջոցների մաշվածություն» 400.000
Կրեդիտ 713 «Վարչական ծախսեր» 400.000:
Էական սխալներ
2000 թ. կազմակերպությունը ճանաչել է 10.000.000 դրամի հասույթ կեղծ պայմանագրերից: 2001թ. այդ սխալը հայտնաբերվել է և ՀՀՀՀՍ 8-ը կիրառելու նպատակներով որոշվել է որպես էական:
Հիմնական մոտեցումը կիրառելու դեպքում այդ գումարը տարվա սկզբի դրությամբ կնվազեցվի չբաշխված շահույթից`
Դեբետ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» 10.000.000
Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 10.000.000:
Թույլատրելի այլընտրանքային մոտեցումը կիրառելու դեպքում այդ գումարը ներառվում է ընթացիկ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքներում` ներկայացնելով նաև հիմնական մոտեցման հիման վրա պատրաստված լրացուցիչ կանխատեսական տեղեկատվությունը`
Դեբետ 741 «Նախորդ տարիների ծախսեր» 10.000.000
Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 10.000.000:
ՀՀՀՀՍ 10 «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՄՍԱԹՎԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 10-ի նպատակն է սահմանել`
ա) թե երբ կազմակերպությունը պետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվությունները` կապված հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հետ, և
բ) բացահայտումները, որոնք կազմակերպությունը պետք է կատարի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու (օրենսդրությամբ սահմանված հասցեներով) համար վավերացման (ստորագրման) ամսաթվի, ինչպես նաև հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:
ՀՀՀՀՍ 10-ը նաև պահանջում է, որ կազմակերպությունը իր ֆինանսական հաշվետվությունները չպետք է պատրաստի անընդհատության հիմունքով, եթե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ անընդհատության սկզբունքի կիրառումը տեղին չէ:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 10-ը պետք է կիրառվի հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հաշվառման և բացահայտման համար:
3. Հաշվառման մոտեցումները
3.1. Հաշվապահական հաշվառման ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերն այն բարենպաստ և ոչ բարենպաստ դեպքերն են, որոնք տեղի են ունենում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և այն ամսաթվի միջև ընկած ժամանակաշրջանում, երբ ֆինանսական հաշվետվությունները վավերացվում (ստորագրվում) են ներկայացնելու (օրենսդրությամբ սահմանված հասցեներով) համար:
3.2. ՀՀՀՀՍ 10-ում տարբերակվում են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի երկու տեսակ.
ա) դեպքեր, որոնք հաստատում են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող պայմանները կամ իրավիճակը (հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքեր), և
բ) դեպքեր, որոնք ցույց են տալիս հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո առաջացած պայմանները կամ իրավիճակը (հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքեր):
3.3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համար վավերացման գործընթացը կարող է փոփոխվել` կախված կառավարման կառուցվածքից, օրենսդրությամբ սահմանված պահանջներից, ինչպես նաև այն ընթացակարգերից, որոնց հետևում են ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս և ավարտին հասցնելիս: Ֆինանսական հաշվետվությունները համարվում են վավերացված դրանց սահմանված հասցեներով ներկայացման համար վավերացման ամսաթվի դրությամբ:
3.4. Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերը ներառում են ֆինանսական հաշվետվությունները ներկայացման համար վավերացնելու ամսաթվի դրությամբ տեղի ունեցած բոլոր դեպքերը, նույնիսկ, եթե մինչև հաշվետվությունների վավերացնելը շահույթը կամ ընտրված այլ ֆինանսական տեղեկատվություն արդեն ներկայացվել է:
3.5. Կազմակերպությունը պետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած ճշգրտող դեպքերն արտացոլելու նպատակով: Ճշգրտող դեպքերի օրինակներ են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած`
ա) դատարանի վճիռը, որը հաստատում է, որ կազմակերպությունն արդեն ուներ պարտավորություն հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ,
բ) պատվիրատուի սնանկացումը, որը հաստատում է, որ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ արդեն գոյություն ուներ կորուստ` առևտրական դեբիտորական պարտքի գծով,
գ) կեղծիքների կամ սխալների հայտնաբերում, որոնք ցույց են տալիս, որ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ չեն:
3.6. Կազմակերպությունը չպետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքերն արտացոլելու նպատակով: Չճշգրտող դեպքերի օրինակներ են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած`
ա) ակտիվների խոշոր գնումները և օտարումները կամ ակտիվների խոշոր բռնագրավումը պետության կողմից,
բ) ակտիվների գների կամ արտարժույթի փոխարժեքների անսովոր խոշոր փոփոխությունները,
գ) բնական աղետի և այլ արտակարգ դեպքերի հետևանքով արտադրական հզորությունների ոչնչացումը:
3.7. Եթե սեփական կապիտալի գործիքներ տիրապետողների շահաբաժինները առաջադրված կամ հայտարարված են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո, կազմակերպությունը չպետք է ճանաչի այդ շահաբաժինները որպես պարտավորություն` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, այլ պետք է բացահայտի հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփական կապիտալի առանձին բաղադրիչ, կամ` ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում:
3.8. Կազմակերպությունը չպետք է պատրաստի իր ֆինանսական հաշվետվություններն անընդհատության հիմունքով, եթե ղեկավարությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո որոշում է, որ մտադիր է լուծարել կազմակերպությունը կամ դադարեցնել գործունեությունը, կամ էլ չունի այլ կերպ վարվելու իրատեսական այլընտրանք:
Եթե անընդհատության սկզբունքի կիրառումն այլևս տեղին չէ, դրա ազդեցությունն այնքան զգալի է, որ ստանդարտը պահանջում է արմատական փոփոխություն հաշվապահական հաշվառման հիմունքներում և ոչ թե հաշվապահական հաշվառման նախկինում կիրառված հիմունքների համաձայն ճանաչված գումարների ճշգրտում:
4. Բացահայտումներ
4.1. Կազմակերպությունը պետք է բացահայտի ֆինանսական հաշվետվությունների` ներկայացման համար վավերացման ամսաթիվը և, թե ում կողմից են դրանք վավերացվել: Եթե կազմակերպության սեփականատերերը կամ այլոք իրավասու են փոփոխել ֆինանսական հաշվետվությունները` ներկայացնելուց հետո, կազմակերպությունը պետք է բացահայտի այդ փաստը:
4.2. Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղեկատվություն է ստանում այն պայմանների մասին, որոնք առկա էին հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, կազմակերպությունը պետք է արդիականացնի այդ պայմաններին վերաբերող այլ բացահայտումները` հաշվի առնելով նոր տեղեկատվությունը: Բացահայտման արդիականացման անհրաժեշտության օրինակ է. երբ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո հայտնի է դառնում պայմանական պարտավորության փաստը, որն առկա էր հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ:
4.3. Եթե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո չճշգրտող դեպքերն այնքան կարևոր են, որ դրանց չբացահայտումը կազդեր ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների` ճիշտ գնահատումներ կատարելու և որոշումներ ընդունելու կարողության վրա, ապա կազմակերպությունը պետք է բացահայտի հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքի յուրաքանչյուր նշանակալի դասի մասին հետևյալ տեղեկատվությունը`
ա) դեպքի բնույթը,
բ) ֆինանսական հետևանքի գնահատումը կամ այդպիսի գնահատում կատարելու անհնարինության մասին հայտարարություն:
Այդպիսի չճշգրտող դեպքերի օրինակներ են` հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո խոշոր ձեռնարկատիրական գործունեության միավորումը, գործունեության ընդհատելու ծրագրի հայտարարումը, հայտարարված կամ ուժի մեջ մտած հարկային օրենքների փոփոխությունները, նշանակալի պայմանագրային պարտականությունների ստանձնումը և այլն:
Հավելված. Հաշվապահական հաշվեկշռից հետո տեղի ունեցող դեպքերի օրինակներ
Օրինակ 1
Ա կազմակերպության կառավարչությունը 2003թ. փետրվարի 28-ին կազմել է 2002թ. ֆինանսական հաշվետվությունների նախագիծը, իսկ 2003թ. մարտի 20-ին վավերացրել է դրանք` սահմանված հասցեներով ներկայացնելու համար: 2002թ. ֆինանսական հաշվետվությունները բաժնետերերի տարեկան ժողովի կողմից հաստատվել են 2003թ. մայիսի 12-ին, և հաստատված ֆինանսական հաշվետվությունները 2003թ. մայիսի 14-ին հանձնվել են կարգավորող պետական մարմնին:
2003թ. մարտի 10-ին Ա կազմակերպությունը տեղեկացել է, որ իր ամենախոշոր պատվիրատուն` Բ կազմակերպությունը, սնանկ է հայտարարվել:
Ֆինանսական հաշվետվությունները համարվում են ներկայացման համար վավերացված 2003թ. մարտի 20-ին (կառավարչության կողմից վավերացման ամսաթիվը` սահմանված հասցեներով ներկայացնելու համար):
Պատվիրատուի սնանկացումը, որը տեղի է ունեցել հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո (2003թ. մարտի 10-ին) հաստատում է, որ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ արդեն գոյություն ուներ կորուստ` առևտրական դեբիտորական պարտքի գծով: Հետևաբար Ա կազմակերպությունը պետք է կատարի առևտրական դեբիտորական պարտքի հաշվեկշռային արժեքի ճշգրտում:
Օրինակ 2
2002թ. մարտի 1-ին Ա կազմակերպության կառավարչությունը կազմել է 2001թ. ֆինանսական հաշվետվությունների նախագիծը, իսկ 2002թ. մարտի 17-ին վավերացրել է դրանք` տնօրենների խորհրդին ներկայացնելու համար: 2001թ. ֆինանսական հաշվետվությունները բաժնետերերի տարեկան ժողովի կողմից հաստատվել են 2002թ. մայիսի 16-ին, և հաստատված ֆինանսական հաշվետվությունները 2002թ. մայիսի 20-ին հանձնվել են կարգավորող պետական մարմնին:
2002թ. մարտի 15-ին ստացվել է տեղեկատվություն, որ կազմակերպությանը պատկանող արժեթղթերի պորտֆելի շուկայական արժեքը նվազել է:
Ֆինանսական հաշվետվությունները համարվում են ներկայացման համար վավերացված 2002թ. մարտի 17-ին (կառավարչության կողմից վավերացման ամսաթիվը` խորհրդին ներկայացնելու համար):
Կազմակերպությունը չի ճշգրտում 2001թ. ֆինանսական հաշվետվությունները` կապված արժեթղթերի պորտֆելի շուկայական արժեքի նվազման հետ, քանի որ արժեթղթերի շուկայական արժեքի անկումը արտացոլում է այն հանգամանքները, որոնք առաջացել են հետագա ժամանակաշրջանում, սակայն կատարում է բացահայտում, եթե այդ տեղեկատվության չբացահայտումը կազդեր ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների ճիշտ գնահատումներ կատարելու և որոշումներ ընդունելու կարողության վրա:
ՀՀՀՀՍ 11 «ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 11-ը սահմանում է կառուցման պայմանագրերի գծով հասույթների և ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումը` հատկապես անդրադառնալով կառուցման աշխատանքների կատարման ժամանակաշրջաններում կառուցման պայմանագրերի գծով հասույթների և ծախսումների բաշխման, ինչպես նաև կառուցման պայմանագրերի գծով հասույթների և դրանց հետ կապված ծախսումների համապատասխանեցման խնդիրներին:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 11-ը կիրառվում է կապալառուների մոտ կառուցման պայմանագրերով կատարվող աշխատանքները հաշվառելիս և ֆինանսական հաշվետվություններում արտացոլելիս:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Կառուցման պայմանագիրն այնպիսի պայմանագիր է, որը հատուկ կնքվել է`
ա) առանձին ակտիվ, կամ
բ) ակտիվների այնպիսի համախմբություն կառուցելու նպատակով, որոնք սերտորեն փոխկապակցված են կամ փոխադարձ կախվածություն ունեն`
I. նախագծման, տեխնոլոգիայի և գործառույթի (ֆունկցիայի), կամ
II. վերջնական նշանակության և օգտագործման առումով:
3.2. Տարբերակվում են կառուցման պայմանագրերի երկու տեսակ.
ա) «հաստատագրված գնով» պայմանագիր, երբ կապալառուն համաձայնվում է պայմանագրով հաստատագրված գնին, կամ վերջնական արտադրանքի միավորի հաստատագրված գնին, որոնք երբեմն ենթարկվում են ծախսումների աճի ազդեցությանը,
բ) «ծախսում գումարած» պայմանագիր, երբ կապալառուին փոխհատուցվում են պայմանագրի ծախսումները` գումարած այդ ծախսումների գումարի որոշակի տոկոս կամ հաստատագրված գումար:
3.3. Երբ տվյալ պայմանագիրն ընդգրկում է մի շարք ակտիվներ, յուրաքանչյուր ակտիվի կառուցումը պետք է դիտել որպես կառուցման առանձին պայմանագիր, եթե.
ա) առանձին ակտիվի համար ներկայացվել է առանձին առաջարկ,
բ) առանձին ակտիվի համար տարվել են առանձին բանակցություններ, և կապալառուն ու պատվիրատուն հնարավորություն են ունեցել ընդունելու կամ մերժելու պայմանագրի այն մասը, որը վերաբերում է այդ ակտիվին, և
գ) յուրաքանչյուր ակտիվի գծով ծախսումները և հասույթները հնարավոր է առանձին որոշել:
3.4. Մեկ կամ մի քանի պատվիրատուների հետ կնքված պայմանագրերի խումբը պետք է դիտել որպես կառուցման մեկ պայմանագիր, եթե.
ա) այդ պայմանագրերի խումբը քննարկվում է որպես մեկ միասնական փաթեթ,
բ) պայմանագրերն այնքան սերտորեն են փոխկապակցված, որ դրանք իրականում մեկ ծրագիր են կազմում, որն ունի ընդհանուր շահույթի սահման, և
գ) պայմանագրերն իրագործվում են միաժամանակ կամ չընդհատվող հաջորդականությամբ:
3.5. Պայմանագիրը կարող է նախատեսել լրացուցիչ ակտիվի կառուցում, կամ պայմանագրում կարող են փոփոխություններ կատարվել` լրացուցիչ ակտիվի կառուցման աշխատանքները ներառելու նպատակով: Լրացուցիչ ակտիվի կառուցումը պետք է դիտվի որպես կառուցման առանձին պայմանագիր, երբ.
ա) նշված ակտիվն իր նախագծով, տեխնոլոգիայով կամ գործառույթով զգալիորեն տարբերվում է այն ակտիվից կամ ակտիվներից, որոնք ներառված են եղել սկզբնական պայմանագրում, կամ
բ) ակտիվի գնի վերաբերյալ բանակցությունները տարվում են անկախ սկզբնական պայմանագրի գնից:
3.6. Պայմանագրի հասույթները ներառում են.
ա) նախապես պայմանագրով համաձայնեցված գումարը,
բ) փոփոխությունները (պատվիրատուի ցուցումը պայմանագրի համաձայն կատարվելիք աշխատանքների շրջանակները փոխելու վերաբերյալ), վնասապահանջները (այն գումարը, որը կապալառուն ակնկալում է ստանալ պատվիրատուից կամ այլ կողմից` որպես այն ծախսումների փոխհատուցում, որոնք չէին ընդգրկվել պայմանագրում նշված գնի մեջ) և խրախուսական վճարները (այն լրացուցիչ գումարները, որոնք վճարվում են կապալառուին, երբ կատարման որոշված չափանիշները բավարարվել կամ գերազանցվել են), եթե`
I. հավանական է, որ դրանք կհանգեցնեն հասույթների, և
II. դրանք հնարավոր է արժանահավատորեն չափել:
3.7. Պայմանագրի ծախսումները ներառում են.
ա) այն ծախսումները, որոնք ուղղակիորեն վերաբերում են տվյալ պայմանագրին,
բ) այն ծախսումները, որոնք վերագրվում են ընդհանուր պայմանագրային գործունեությանը, և կարող են բաշխվել ըստ պայմանագրերի, և
գ) այլ ծախսումները, որոնք, պայմանագրի պայմանների համաձայն, հատուկ փոխհատուցվում են պատվիրատուից (օրինակ` պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարչական ծախսերի մի մասը պետք է փոխհատուցվի պատվիրատուի կողմից):
3.8. Երբ կառուցման պայմանագրի արդյունքները հնարավոր է արժանահավատորեն գնահատել, պայմանագրի հասույթները և ծախսումները, որոնք անմիջականորեն կապված են այդ կառուցման պայմանագրի հետ, պետք է համապատասխանաբար ճանաչվեն որպես հասույթ և ծախս` հաշվի առնելով հաշվետու ամսաթվի դրությամբ պայմանագրի աշխատանքների կատարման (ավարտի) աստիճանը:
3.9. «Հաստատագրված գնով» պայմանագրի դեպքում կառուցման պայմանագրի արդյունքը հնարավոր է արժանահավատորեն գնահատել, երբ բավարարվում են ստորև բերված բոլոր պայմանները.
ա) պայմանագրի ընդհանուր հասույթը հնարավոր է արժանահավատորեն չափել,
բ) հավանական է, որ պայմանագրի հետ կապված տնտեսական օգուտները հոսեն դեպի կազմակերպություն,
գ) հաշվետու ամսաթվի դրությամբ հնարավոր է արժանահավատորեն չափել թե պայմանագրի ավարտման համար անհրաժեշտ ծախսումները, ե պայմանագրի կատարման աստիճանը, և`
դ) հնարավոր է հստակ որոշել և արժանահավատորեն չափել պայմանագրի ծախսումներն այնպես, որ փաստացի կատարված պայմանագրի ծախսումները հնարավոր լինի համեմատել նախնական գնահատումների հետ:
3.10. «Ծախսում գումարած» պայմանագրի դեպքում կառուցման պայմանագրի արդյունքը հնարավոր է արժանահավատորեն գնահատել, երբ բավարարվում են ստորև բերված բոլոր պայմանները.
ա) հավանական է, որ պայմանագրի հետ կապված տնտեսական օգուտները կներհոսեն դեպի կազմակերպություն,
բ) տվյալ պայմանագրին վերագրվող ծախսումները, անկախ այն հանգամանքից` դրանք փոխհատուցվող են, թե ոչ, հնարավոր է հստակորեն որոշել և արժանահավատորեն չափել:
3.11. Պայմանագրի աշխատանքների կատարման (ավարտի) աստիճանը կարող է որոշվել տարբեր եղանակներով, որոնք ներառում են`
ա) կատարված ծախսումների բաժնի որոշումը պայմանագրի ընդհանուր ծախսումների նախահաշվի մեջ,
բ) կատարված աշխատանքների ուսումնասիրությունը,
գ) աշխատանքների ֆիզիկական ավարտվածության աստիճանի որոշումը:
3.12. Եթե պայմանագրի արդյունքները չեն կարող արժանահավատորեն գնահատվել (օրինակ` պայմանագրի սկզբնական փուլերում), ապա`
ա) հասույթը պետք է ճանաչվի միայն պայմանագրի փաստացի այն ծախսումների չափով, որոնք հավանական է, որ կփոխհատուցվեն, և
բ) պայմանագրի ծախսումները պետք է ճանաչվեն որպես ծախս այն հաշվետու ժամանակաշրջանում, որի ընթացքում կատարվել են:
3.13. Երբ հավանական է, որ պայմանագրի ծախսումների հանրագումարը գերազանցեն պայմանագրի հասույթների հանրագումարին, ակնկալվող վնասները պետք է անմիջապես ճանաչվեն որպես ծախս:
4. Բացահայտում
4.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ կազմակերպությունը պետք է բացահայտի.
ա) պայմանագրի հասույթների ճանաչման համար օգտագործված մեթոդները,
բ) աշխատանքների կատարման (ավարտի) աստիճանի որոշման համար օգտագործված մեթոդները:
4.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում և կից ծանոթագրություններում.
ա) հաշվետու ժամանակաշրջանում որպես հասույթ ճանաչված պայմանագրի հասույթների գումարը,
բ) հաշվետու ժամանակաշրջանում որպես ծախս ճանաչված պայմանագրի ծախսումների գումարը:
4.3. Կազմակերպությունն հաշվետու ամսաթվի դրությամբ ընթացքում գտնվող պայմանագրերի համար պետք է բացահայտի ստորև բերված բոլոր կետերը.
ա) մինչև տվյալ ամսաթիվը կրած ծախսումների և ճանաչված շահույթի (հանած ճանաչված վնասները) ընդհանուր գումարը,
բ) ստացված կանխավճարների գումարը, և
գ) պահումների 1*) գումարը:
4.4. Կազմակերպությունը պետք է բացահայտի նաև պայմանական շահույթների և վնասների գումարները (օրինակ` դատական հայցեր):
4.5. Կազմակերպությունը պետք է ներկայացնի.
ա) պայմանագրի աշխատանքների դիմաց պատվիրատուից ստացվելիք համախառն գումարը 2*)` որպես ակտիվ,
բ) պայմանագրի աշխատանքների համար պատվիրատուին հասանելիք համախառն գումարը 3*)` որպես պարտավորություն:
---------------------
1*) Պահումներն այն ընթացիկ հաշիվների գումարներն են, որոնք չեն վճարվում
մինչև պայմանագրում նշված պայմանների բավարարումը, կամ մինչև
թերությունների վերացումը:
2*) Պատվիրատուից ստացվելիք համախառն գումարը հավասար է կրած ծախսումներ
գումարած ճանաչված շահույթ և հանած ճանաչված վնասների և ընթացիկ
հաշիվների գումարը` բոլոր անավարտ պայմանագրերի համար, որոնց գծով
ծախսումների և ճանաչված շահույթների (հանած ճանաչված վնասները)
գումարը գերազանցում է ընթացիկ հաշիվների հանրագումարը:
3*) Պատվիրատուին հասանելիք համախառն գումարը հավասար է կրած ծախսումներ
գումարած ճանաչված շահույթ և հանած ճանաչված վնասների և ընթացիկ
հաշիվների գումարը` բոլոր անավարտ պայմանագրերի համար, որոնց գծով
ընթացիկ հաշիվների հանրագումարը գերազանցում է ծախսումների և
ճանաչված շահույթների (հանած ճանաչված վնասները) գումարին:
Հավելված 1. Կառուցման աշխատանքների արտացոլման հաշվապահական ձևակերպումները
1. Կառուցման աշխատանքների գծով կատարված ծախսումների արտացոլում 4*)`
ա) նյութերի օգտագործում`
Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»
Կրեդիտ 211 «Նյութեր»:
բ) աշխատանքի վճարման ծախսումներ`
Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»
Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»:
գ) այլ ծախսումներ`
Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 251, 252, 253, 521 և այլն):
2. Իրացված աշխատանքների, ծառայությունների դուրս գրում ինքնարժեքով`
Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»:
------------
4*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի տեղափոխումը համապատասխան հաշվեկշռային հաշիվ`
Դեբետ 214 «Անավարտ արտադրություն»
Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»
4. Որպես հասույթ ճանաչված գումարների արտացոլում`
Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» կամ
Դեբետ 523 «Ստացված կանխավճարներ»
Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»:
Հավելված 2. Կառուցման պայմանագրի հասույթների և ծախսումների հաշվառման օրինակ
Կազմակերպությունը կնքել է եռամյա պայմանագիր` կամուրջ կառուցելու վերաբերյալ: Պայմանագրի գինը կազմում է 50.000.000 դրամ, իսկ պայմանագրի ծախսումների սկզբնական նախահաշիվը կազմում է 45.000.000 դրամ:
Երկրորդ տարում պատվիրատուի ցանկությամբ փոփոխություն է տեղի ունեցել պայմանագրում, և երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի գինը աճել է 1.000.000 դրամով, իսկ պայմանագրի նախահաշվային լրացուցիչ ծախսումները` 700.000 դրամով:
Առաջին տարվա վերջում ղեկավարությունը հաշվարկում է հետևյալը (հազար դրամ).
Առաջին տարում կատարված ծախսումներ 15.000
Հաշվարկված ընդհանուր ծախսումներ 45.000
Աշխատանքների ավարտի աստիճան 33%
Առաջին տարում ճանաչված հասույթ 33% X 50.000=16.500
Երկրորդ տարվա վերջում`
Առաջին տարում կատարված ծախսումներ 15.000
Երկրորդ տարում կատարված ծախսումներ 17.000
Հաշվարկված ընդհանուր ծախսումներ 45.700
Աշխատանքների ավարտի աստիճան 70%
Առաջին և երկրորդ տարիներում ճանաչված հասույթ 70% X 51.000=35.700
Երկրորդ տարում ճանաչված հասույթ 19.200
Երրորդ տարվա վերջում`
Առաջին և երկրորդ տարիներում կատարված ծախսումներ 32.000
Երրորդ տարում կատարված ծախսումներ 13.700
Հաշվարկված ընդհանուր ծախսումներ 45.700
Ընդամենը հասույթ 51.000
Երրորդ տարում ճանաչված հասույթ 51.000-35.700= 15.300:
ՀՀՀՀՍ 12 «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 12-ի նպատակն է սահմանել ակտիվների (պարտավորությունների) հաշվեկշռային արժեքի ապագա փոխհատուցման (մարման), ինչպես նաև կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ճանաչված ընթացիկ ժամանակաշրջանի գործարքների և այլ իրադարձությունների ընթացիկ և ապագա հարկային հետևանքները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 12-ը պետք է կիրառվի շահութահարկը հաշվառելիս, ներառյալ տեղական, արտերկրյա, ինչպես նաև աղբյուրի մոտ պահվող շահութահարկը:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Ընթացիկ հարկը ընթացիկ ժամանակաշրջանի հարկվող շահույթի գծով բյուջե վճարման (բյուջեից փոխհատուցման) ենթակա շահութահարկի գումարն է: Ընթացիկ հարկը հավասար է հաշվապահական շահույթին գումարած կամ հանած մշտական ու ժամանակավոր տարբերությունները և բազմապատկած շահութահարկի դրույքաչափով (դրույքաչափերով):
3.2. Մշտական տարբերությունները 1*) հաշվապահական շահույթի և հարկվող շահույթի միջև տարբերություններն են, որոնք առաջանում են որոշակի գործարքների և դեպքերի ֆինանսական (հաշվապահական) և հարկային նպատակներով հաշվառման տարբեր մոտեցումների կիրառման հետևանքով: Մշտական տարբերությունները չեն ազդում հետագա ժամանակաշրջանների հաշվապահական և հարկվող շահույթի մեծությունների վրա և, հետևաբար, չեն հանգեցնում հետաձգված հարկի առաջացմանը 2*): Մշտական տարբերությունները բաժանվում են`
ա) հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում,
բ) նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում,
գ) հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում,
դ) հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում:
------------------------
1*) Սույն տերմինը ՀՀՀՀՍ 12-ում չի սահմանված: Այստեղ այդ տերմինը օգտագործվում է ուղեցույցը ավելի հեշտ ընկալելի դարձնելու նպատակով:
2*) Մշտական տարբերությունների օրինակներ են հարկման նպատակով չճանաչվող գործուղման կամ ներկայացուցչական ծախսերը:
3.3. Հետաձգված հարկը ապագա ժամանակաշրջաններում բյուջե վճարման (բյուջեից փոխհատուցման) ենթակա շահութահարկի գումարն է` կապված.
ա) ժամանակավոր տարբերությունների, կամ
բ) չօգտագործված հարկային վնասը և (կամ) զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետ:
3.4. Ժամանակավոր տարբերությունը ակտիվի (պարտավորության) հաշվեկշռային արժեքի և հարկային բազայի միջև տարբերությունն է: Ժամանակավոր տարբերությունները կարող են լինել`
ա) հարկվող ժամանակավոր տարբերություններ, որոնք հանգեցնում են ապագա ժամանակաշրջաններում հարկվող գումարների առաջացմանը (երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը մեծ է հարկային բազայից 3*)), և
բ) նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններ, որոնք հանգեցնում են ապագա ժամանակաշրջաններում հարկման նպատակով նվազեցվող (հանվող) գումարների առաջացմանը (երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է հարկային բազայից 4*), կամ պարտավորության հաշվեկշռային արժեքը մեծ է հարկային բազայից 5*)):
----------------
3*) Հարկվող ժամանակավոր տարբերություններ առաջանում են, օրինակ, դեպի վեր վերագնահատումների, հարկային նպատակով արագացված ամորտիզացիայի կիրառման հետևանքով:
4*) Նվազեցվող ժամանակավոր տարբերություններ առաջանում են, օրինակ, դեպի ներքև վերագնահատումների հետևանքով:
5*) Օրինակ` հարկային նպատակներով դուրս գրված (որպես եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքը, որը դրա մարման պահին ենթակա է հարկային նպատակներով նվազեցման:
3.5. Ակտիվի հարկային բազան այն գումարն է, որը հարկման նպատակով նվազեցվելու (հանվելու) է ակտիվից ստացվելիք հարկվող տնտեսական օգուտներից:
3.6. Պարտավորության հարկային բազան դրա հաշվեկշռային արժեքն է` հանած այդ պարտավորության հետ կապված ցանկացած գումար, որը ապագա ժամանակաշրջաններում հարկման նպատակով նվազեցվելու (հանվելու) է:
3.7. Հետաձգված հարկային պարտավորություն ճանաչվում է բոլոր հարկվող ժամանակավոր տարբերությունների համար, բացառությամբ նրանց, որոնք առաջանում են`
ա) գուդվիլից, որի ամորտիզացիան հարկման նպատակով նվազեցման (հանման) ենթակա չէ,
բ) ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումից` այնպիսի գործարքի ներքո, որը`
I. ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ, և
II. այդ գործարքի պահին չի ազդում ոչ հաշվապահական շահույթի, ոչ էլ հարկվող շահույթի վրա:
3.8. Հետաձգված հարկային ակտիվ ճանաչվում է բոլոր նվազեցվող ժամանակավոր տարբերությունների համար, սակայն միայն այն չափով, որքանով հավանական է ապագա ժամանակաշրջաններում հարկվող շահույթի ստացում, որի դիմաց կարող է օգտագործվել այդ նվազեցվող ժամանակավոր տարբերությունը: Չեն ճանաչվում այն հետաձգված հարկային ակտիվները, որոնք առաջանում են`
ա) բացասական գուդվիլից, որը դիտվում է որպես հետաձգված եկամուտ, և
բ) ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումից` այնպիսի գործարքի ներքո, որը`
III. ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ, և
IV. այդ գործարքի պահին չի ազդում ոչ հաշվապահական շահույթի, ոչ էլ հարկվող շահույթի վրա:
3.9. Հետաձգված հարկային ակտիվ ճանաչվում է նաև հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխվող չօգտագործված հարկային վնասի և (կամ) զեղչերի հետ կապված, սակայն միայն այն չափով, որքանով հավանական է ապագա ժամանակաշրջաններում հարկվող շահույթի ստացում, որի դիմաց կարող է այդ հարկային վնասը օգտագործվել:
3.10. Ժամանակավոր տարբերություններ առաջանում են, երբ դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում ներդրումների հաշվեկշռային արժեքը սկսում է տարբերվել դրանց հարկային բազայից:
3.11. Հետաձգված հարկի գումարների չափման ժամանակ կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) հետաձգված հարկի գումարի չափման ժամանակ օգտագործվում է (են) հարկի այն դրույքը (դրույքները), որոնք ուժի մեջ են հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, կամ ըստ էության որոշակի է, որ ուժի մեջ կլինի (կլինեն) այն ժամանակաշրջաններում, երբ ակնկալվում է մարել հետաձգված հարկային ակտիվը կամ պարտավորությունը 6*): Եթե գործում են կամ ըստ էության որոշակի է, որ կգործեն հարկի մի քանի դրույքներ, ապա պետք է կիրառվի միջին դրույքը,
բ) հետաձգված հարկի գումարը պետք է արտացոլի նաև այն եղանակների հարկային հետևանքները, որոնցով ակնկալվում է, որ հետաձգված հարկային ակտիվը կփոխհատուցվի կամ պարտավորությունը կմարվի,
գ) հետաձգված հարկի գումարները չպետք է զեղչվեն,
դ) յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունը պետք է ստուգի հետաձգված հարկային ակտիվների արժեզրկված լինելը: Եթե այլևս հավանական չէ ապագա ժամանակաշրջաններում բավարար հարկվող շահույթի ստացում, որի դիմաց հնարավոր կլինի օգտագործել այդ ակտիվը, ապա դրա հաշվեկշռային արժեքը պետք է նվազեցվի: Ցանկացած այդպիսի նվազեցում պետք է վերականգնվի այն չափով, որքանով որ հավանական է դառնում բավարար հարկվող շահույթի ստացումը:
----------------------
6*) Օրինակ, երբ օրենքը արդեն ընդունվել է, սակայն դեռևս չի հրապարակվել:
3.12. Հետաձգված հարկի գումարները պետք է ճանաչվեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես շահութահարկի գծով ծախս կամ փոխհատուցում (հետաձգված հարկի մասով), բացառությամբ, նրանցից, որոնք առաջացել են`
ա) այնպիսի գործարքից կամ դեպքից, որը ճանաչվել է սեփական կապիտալում (օրինակ` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումները): Այս դեպքում հետաձգված հարկի գումարը ճանաչվում է սեփական կապիտալում:
բ) իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումից:
4. Ներկայացում և բացահայտում
4.1. Հետաձգված և ընթացիկ հարկի գումարները պետք է ներկայացվեն հետևյալ կերպ.
ա) հաշվեկշռում հարկային ակտիվները և հարկային պարտավորությունները պետք է ներկայացվեն այլ ակտիվներից առանձին,
բ) հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացվեն ընթացիկ հարկային ակտիվներից և պարտավորություններից,
գ) հետաձգված հարկային ակտիվները (պարտավորությունները) պետք է ներկայացվեն որպես ոչ ընթացիկ ակտիվներ (պարտավորություններ),
դ) շահութահարկի գծով ծախսը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է ներկայացվի առանձին տողով,
ե) կազմակերպությունը պետք է հաշվանցի ընթացիկ հարկային ակտիվները և ընթացիկ հարկային պարտավորությունները այն և միայն այն դեպքում, եթե կազմակերպությունը`
I. ունի ճանաչված գումարները հաշվանցելու իրավաբանորեն ամրագրված իրավունք, և`
II. մտադիր է` կամ հաշվարկն իրականացնել (ակտիվը կամ պարտավորությունը մարել) զուտ հիմունքով, կամ իրացնել ակտիվը և մարել պարտավորությունը միաժամանակ,
զ) հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների գումարները հաշվանցվում են, եթե կազմակերպությունը`
I. ունի իրավաբանորեն ամրագրված իրավունք հաշվանցելու ընթացիկ հարկային ակտիվները ընթացիկ հարկային պարտավորությունների դիմաց, և`
II. հետաձգված հարկային ակտիվը և հետաձգված հարկային պարտավորությունը վերաբերում են շահութահարկին, որը գանձվում է նույն հարկային մարմնի կողմից կամ նույն հարկատուից (հարկվող միավորից), կամ տարբեր հարկատուներից, որոնք մտադիր են կամ մարել ընթացիկ հարկային պարտավորությունները և ակտիվները զուտ հիմունքով, կամ իրացնել ակտիվները և մարել պարտավորությունները միաժամանակ:
4.2. Կազմակերպությունը պետք է բացահայտի`
ա) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում և դրան կից ծանոթագրություններում`
I. շահութահարկի գծով ծախսի հիմնական բաղկացուցիչները առանձին-առանձին, ներառյալ ընթացիկ և հետաձգված հարկի գծով ծախսը (փոխհատուցումը), հետաձգված հարկի գումարները, որոնք առաջ են գալիս հետաձգված հարկային ակտիվների արժեքի իջեցումից (նախկինում ճանաչված արժեքի իջեցման վերականգնումից), ինչպես նաև հետաձգված հարկի գումարները, որոնք առաջ են գալիս էական սխալների ուղղումների և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների արդյունքում, որոնք հաշվառվել են համաձայն ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցման (այսինքն` ճանաչվել են ընթացիկ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում),
II. հարկի գծով ծախսը (փոխհատուցումը) որը վերաբերում է տվյալ ժամանակաշրջանում ճանաչված արտասովոր հոդվածներին,
III. հարկի գծով ծախսի (փոխհատուցման) և հաշվապահական շահույթի միջև փոխկապակցվածության բացատրությունը` հետևյալ երկու եղանակներից մեկի կամ երկուսի միջոցով` հարկի գծով ծախսի (եկամտի (փոխհատուցման)) և հաշվապահական շահույթի ու հարկի կիրառվող դրույքի (դրույքների) արտադրյալի արդյունքի թվային համադրում կամ հարկի գործող միջին դրույքի և հարկի կիրառվող դրույքի թվային համադրում,
IV. նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ հարկի կիրառվող դրույքի (դրույքների) փոփոխությունների բացատրությունը,
V. ժամանակավոր տարբերության յուրաքանչյուր տեսակի և չօգտագործված հարկային վնասների ու չօգտագործված հարկային զեղչերի յուրաքանչյուր տեսակի գծով ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված հետաձգված հարկի գծով ծախսի կամ եկամտի (փոխհատուցման) գումարը,
VI. ընդհատվող գործառնությունների հետ կապված հարկի գծով ծախսերը, որոնք վերաբերում են ընդհատման արդյունքում առաջացող շահույթին կամ վնասին, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում սովորական գործունեությունից շահույթին կամ վնասին` այդ ընդհատված գործառնության գծով` յուրաքանչյուր ներկայացված նախորդ ժամանակաշրջանի համապատասխան ժամանակաշրջանի գումարների հետ միասին:
բ) հաշվապահական հաշվեկշռում և դրան կից ծանոթագրություններում`
I. ընթացիկ և հետաձգված հարկերի համախառն գումարը, որը վերաբերում է սեփական կապիտալին դեբետագրված կամ կրեդիտագրված հոդվածներին,
II. նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների, չօգտագործված հարկային վնասների և չօգտագործված հարկային զեղչերի գումարները և ուժի մեջ լինելու ժամկետները, որոնց համար հաշվեկշռում չի ճանաչվել որևէ հետաձգված հարկային ակտիվ,
III. դուստր ընկերություններում ու ասոցիացված կազմակերպություններում ներդրումների կամ համատեղ ձեռնարկումներում մասնակցությունների հետ կապված ժամանակավոր տարբերությունների համախառն գումարը, որոնց համար հետաձգված հարկային պարտավորություններ չեն ճանաչվել,
IV. ժամանակավոր տարբերության յուրաքանչյուր տեսակի և չօգտագործված հարկային վնասների ու չօգտագործված հարկային զեղչերի յուրաքանչյուր տեսակի գծով հաշվեկշռում ճանաչված հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների գումարը,
V. հետաձգված հարկային ակտիվի գումարը և դրա ճանաչումը հիմնավորող փաստի բնույթը, երբ հետաձգված հարկային ակտիվի օգտագործումը կախված է առկա հարկվող ժամանակավոր տարբերությունների մարումից (վերացումից) առաջացող շահույթը գերազանցող ապագա հարկվող շահույթից, և կազմակերպությունը վնաս է կրել ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջանում այն հարկային դաշտում, որին վերաբերում է հետաձգված հարկային ակտիվը:
Հավելված 1. Շահութահարկի արտացոլման հաշվապահական ձևակերպումները 7*)
1. 8*) Ընթացիկ հարկի գծով ծախսի արտացոլում 9*) (ընթացիկ հարկը հավասար է տվյալ ժամանակաշրջանի հարկվող շահույթի գծով բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարին)`
Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»:
------------------------
7*) Այս և հաջորդ հավելվածում ենթադրվում է, որ կազմակերպությունը ունի հետաձգված հարկային պարտավորությունները և ակտիվները հաշվանցելու իրավունք:
8*) 1-5 ձևակերպումներում քննարկվում է այն դեպքը, երբ հետաձգված հարկի գումարները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (հաշվետու ամսաթվի դրությամբ), 6-7 ձևակերպումներում` սեփական կապիտալում (համապատասխան հոդվածի` սեփական կապիտալում ճանաչման ամսաթվի դրությամբ):
9*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Հաշվետու ամսաթվի դրությամբ առկա զուտ նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների մասով հետաձգված հարկի գծով ծախսի (փոխհատուցման) ճանաչում.
ա) երբ հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկային ակտիվների մեծությունը մեծ է նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա հետաձգված հարկային ակտիվների մնացորդից (տարբերության չափով)`
Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
բ) երբ նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա հետաձգված հարկային ակտիվների մնացորդը մեծ է հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկային ակտիվների մեծությունից (տարբերության չափով)`
Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կրեդիտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
գ) երբ նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա էին հետաձգված հարկային պարտավորություններ.
I. հետաձգված հարկային պարտավորությունների մնացորդի չափով`
Դեբետ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
II. հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկային ակտիվների մեծության չափով`
Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»:
3. Հաշվետու ամսաթվի դրությամբ առկա զուտ հարկվող ժամանակավոր տարբերությունների մասով հետաձգված հարկի գծով ծախսի (փոխհատուցման) ճանաչում.
ա) երբ հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկային պարտավորությունների մեծությունը մեծ է նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա հետաձգված հարկային պարտավորությունների մնացորդից (տարբերության չափով)`
Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
բ) երբ նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա հետաձգված հարկային պարտավորությունների մնացորդը մեծ է հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկային պարտավորությունների մեծությունից (տարբերության չափով)`
Դեբետ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
գ) երբ նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա էին հետաձգված հարկային ակտիվներ.
I. հետաձգված հարկային ակտիվների մնացորդի չափով`
Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կրեդիտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
II. հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկային պարտավորությունների մեծության չափով`
Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»:
4. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային վնասի գծով հետաձգված հարկային ակտիվի ճանաչում (երբ այդ վնասը կարելի է տեղափոխել հաջորդ ժամանակաշրջաններ)`
Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»:
5. Նախորդ ժամանակաշրջանների հարկային վնասի օգտագործում ընթացիկ ժամանակաշրջանի հարկվող շահույթի նվազեցման նպատակով`
Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կրեդիտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»:
6. Սեփական կապիտալում ճանաչված հոդվածների (օրինակ` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ) գծով հետաձգված հարկային պարտավորությունների առաջացում`
Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»
Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»:
7. Սեփական կապիտալում ճանաչված հոդվածների (օրինակ` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի հակադարձում) հետևանքով հետաձգված հարկային պարտավորությունների նվազում.
Դեբետ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
Կրեդիտ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»:
Հավելված 2. Հետաձգված հարկի հաշվարկ 10*)
Աղյուսակ 1. Հաշվետու ամսաթվի դրությամբ ճանաչման ենթակա հետաձգված հարկի գումարների հաշվարկ.
.______________________________________________________________________.
| Ակտիվների հաշվեկշռային արժեք (1) |
|______________________________________________________________________|
| - Պարտավորությունների հաշվեկշռային արժեք (2) |
|______________________________________________________________________|
| - Ակտիվների հարկային բազա (3) |
|______________________________________________________________________|
| + Պարտավորությունների հարկային բազա (4) |
|______________________________________________________________________|
| = Ժամանակավոր տարբերություններ, ընդ որում` |
| Դեպք 1. Եթե ստացվածը դրական է, ապա առկա են հարկվող ժամանակավոր |
| տարբերություններ |
| Դեպք 2. Եթե ստացվածը բացասական է, ապա առկա են նվազեցվող |
| ժամանակավոր տարբերություններ (5) |
|______________________________________________________________________|
| x Հարկի դրույք (6) |
|______________________________________________________________________|
| = Ճանաչման ենթակա հետաձգված հարկի գումար, ընդ որում` |
| Դեպք 1. Եթե (5)-ը դրական է, ապա` ճանաչման ենթակա հետաձգված |
| հարկային պարտավորություն |
| Դեպք 2. Եթե (5)-ը բացասական է, ապա` ճանաչման ենթակա հետաձգված |
| հարկային ակտիվ (7) |
.______________________________________________________________________.
Աղյուսակ 2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվող հետաձգված հարկի գումարների հաշվարկ, եթե առկա է ճանաչման ենթակա հետաձգված հարկային պարտավորություն
.______________________________________________________________________.
| Ճանաչման ենթակա հետաձգված հարկային պարտավորություն |
| (աղյուսակ 1-ի (7)-ի դեպք 1) (1) |
|______________________________________________________________________|
| - Նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ հետաձգված հարկային |
| պարտավորության մնացորդը (2) |
| կամ |
| (եթե նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա էր հետաձգված |
| հարկային ակտիվ)` |
|______________________________________________________________________|
| + Նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ հետաձգված հարկային ակտիվի |
| մնացորդը (3) |
|______________________________________________________________________|
| - (+) Սեփական կապիտալում դեբետագրված (կրեդիտագրված) հետաձգված |
| հարկի գումար 11*) (4) |
|______________________________________________________________________|
| = Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ժամանակավոր |
| տարբերությունների հետևանքով ճանաչման ենթակա հետաձգված հարկի |
| գումար (եթե դրական է, ապա տարբերությունը դեբետագրվում է 751 |
| «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» հաշվին, եթե |
| բացասական է` կրեդիտագրվում) (5) |
.______________________________________________________________________.
Աղյուսակ 3. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվող հետաձգված հարկի գումարների հաշվարկ, եթե առկա է ճանաչման ենթակա հետաձգված հարկային ակտիվ
.______________________________________________________________________.
| Ճանաչման ենթակա հետաձգված հարկային ակտիվ |
| (աղյուսակ 1-ի (7)-ի դեպք 2) (1) |
|______________________________________________________________________|
| - Նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ հետաձգված հարկային ակտիվի |
| մնացորդը (2) |
| կամ (եթե նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ առկա էր հետաձգված |
| հարկային պարտավորություն)` |
|______________________________________________________________________|
| + Նախորդ հաշվետու ամսաթվի դրությամբ հետաձգված հարկային |
| պարտավորության մնացորդը (3) |
|______________________________________________________________________|
| - (+) Սեփական կապիտալում կրեդիտագրված (դեբետագրված) հետաձգված |
| հարկի գումար 12 *) (4) |
|______________________________________________________________________|
| = Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ժամանակավոր |
| տարբերությունների հետևանքով ճանաչման ենթակա հետաձգված հարկի |
| գումար (եթե դրական է, ապա տարբերությունը կրեդիտագրվում է 751 |
| «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» հաշվին, եթե |
| բացասական է` դեբետագրվում) (5) |
.______________________________________________________________________.
------------------
10*) Այս հաշվարկում հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխվող հարկային վնասի հետևանքով հետաձգված հարկի առաջացումը չի քննարկվում:
11*) Հետաձգված հարկի գումարի այն մասը, որը վերաբերում է սեփական կապիտալում ճանաչված հոդվածներին, պետք է ճանաչվի սեփական կապիտալում այդ հոդվածների ճանաչման պահին:
12*) Հետաձգված հարկի գումարի այն մասը, որը վերաբերում է սեփական կապիտալում ճանաչված հոդվածներին, պետք է ճանաչվի սեփական կապիտալում այդ հոդվածների ճանաչման պահին:
Հավելված 3. Հարկի գծով ծախսի հաշվարկման օրինակ
01.01.99թ. ստեղծված կազմակերպությունը գնում է 10.000 միավոր արժեքով սարքավորում և մաշվածությունը հաշվարկում է գծային մեթոդով, ակնկալվող ծառայության 5-ամյա ժամկետում: Հարկային նպատակներով սարքավորման մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով` տարեկան 50 տոկոսով: Շահութահարկի դրույքը 20% է: Քննարկվող բոլոր տարիներին կազմակերպությունը ունեցել է 10.000 միավորի եկամուտ, որի որոշման ժամանակ հարկային և հաշվապահական տարբերություններ չեն եղել, բացի այդ, կրել է 1.000 միավորի փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր, որոնք հարկային նպատակներով չեն նվազեցվում:
1. Ընթացիկ հարկի գծով ծախսի հաշվարկը կկատարվի հետևյալ եղանակով.
._______________________________________________________________________.
|1|Տարի | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|2|Եկամուտ |10.000 |10.000 |10.000|10.000|10.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|3|Ծախսեր` հաշվապահական նպատակներով| 3.000 | 3.000 | 3.000| 3.000| 3.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|4|Հաշվապահական շահույթ (տող2-տող3)| 7.000 | 7.000 | 7.000| 7.000| 7.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|5|Գումարած` փաստաթղթերով | | | | | |
| |չհիմնավորված ծախսեր | 1.000 | 1.000 | 1.000| 1.000| 1.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|6|Գումարած` մաշվածություն | | | | | |
| |հաշվապահական նպատակներով | 2.000 | 2.000 | 2.000| 2.000| 2.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|7|Հանած` մաշվածություն հարկային | | | | | |
| |նպատակներով |(5.000)|(5.000)| 0 | 0 | 0 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|8|Հարկվող շահույթ (տող4+տող5+տող6 | | | | | |
| |-տող7) | 5.000 | 5.000 |10.000|10.000|10.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|9|Ընթացիկ հարկի գծով ծախս | | | | | |
| |(տող 8 x 20%) | 1.000 | 1.000 | 2.000| 2.000| 2.000|
._______________________________________________________________________.
Ընթացիկ հարկը արտացոլվում է հետևյալ ձևակերպմամբ`
Դեբետ 7511 «Շահութահարկի գծով ծախս»
Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»
2. Սարքավորման հետ կապված ժամանակավոր տարբերությունները և առաջացող հետաձգված հարկային ակտիվը և պարտավորությունը, ինչպես նաև հետաձգված հարկի գծով ծախսը և եկամուտը (փոխհատուցումը) հետևյալն են`
._______________________________________________________________________.
|1|Տարի | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|2|Հաշվեկշռային արժեքը տարվա վերջին| 8.000 | 6.000 | 4.000| 2.000| 0 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|3|Հարկային բազան տարվա վերջին | 5.000 | 0 | 0 | 0 | 0 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|4|Հարկվող ժամանակավոր | | | | | |
| |տարբերություն (տող2-տող3)` | | | | | |
| |տարվա վերջին | 3.000 | 6.000 | 4.000| 2.000| 0 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|5|Հետաձգված հարկային | | | | | |
| |պարտավորություն տարվա սկզբին | 0 | 600 | 1.200| 800| 400|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|6|Հետաձգված հարկի գծով ծախս | | | | | |
| |(փոխհատուցում)` տող 7 - տող 5 | 600 | 600 | (400)| (400)| (400)|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|7|Հետաձգված հարկային | | | | | |
| |պարտավորություն տարվա վերջին | | | | | |
| |(տող 4 x 20%) | 600 | 1.200 | 800| 400| 0 |
._______________________________________________________________________.
Կազմակերպությունը ճանաչում է հետաձգված հարկային պարտավորության աճը 1-ին տարում 600, երկրորդում` 600 (1.200 - 600), նվազումը` երրորդում` 400 (1.200 - 800), չորրորդում` 400 (800 - 400), հինգերորդում` 400 (400 - 0) միավորի չափով: Ճանաչման (նվազեցման) ենթակա հետաձգված հարկային պարտավորության գումարը որոշվում է ժամանակաշրջանի վերջի դրությամբ հետաձգված հարկային պարտավորության մնացորդից հանելով ժամանակաշրջանի սկզբի դրությամբ հետաձգված հարկային պարտավորության գումարը: Եթե ստացվածը դրական է (1-ին և 2-րդ տարիների վերջի դրությամբ), ապա տարբերության չափով գրանցվում է հետաձգված հարկային պարտավորության աճ և հետաձգված հարկի գծով ծախս`
Դեբետ 7512 «Շահութահարկի գծով ծախս»
Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություն»:
Եթե ստացվածը բացասական է (3-րդ, 4-րդ և 5-րդ տարիների վերջի դրությամբ), ապա տարբերության չափով գրանցվում է հետաձգված հարկային պարտավորության նվազում և հետաձգված հարկի գծով փոխհատուցում (կրեդիտ)`
Դեբետ 422 «Հետաձգված հարկային պարտավորություն»
Կրեդիտ 7512 «Շահութահարկի գծով ծախս»:
Կազմակերպության ֆինանսական արդյունքների մասին համառոտ հաշվետվությունը հետևյալն է.
._______________________________________________________________________.
|1|Տարի | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|2|Եկամուտ |10.000 |10.000 |10.000|10.000|10.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|3|Ծախսեր | 3.000 | 3.000 | 3.000| 3.000| 3.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|4|Շահույթ նախքան հարկումը | | | | | |
| |(2-րդ տող - 3-րդ տող) | 7.000 | 7.000 | 7.000| 7.000| 7.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|5|Ընթացիկ հարկի գծով ծախս | 1.000 | 1.000 | 2.000| 2.000| 2.000|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|6|Հետաձգված հարկի գծով ծախս | | | | | |
| |(փոխհատուցում) | 600 | 600 | (400)| (400)| (400)|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|7|Ընդամենը հարկի գծով ծախս` | | | | | |
| |5-րդ տող + 6-րդ տող | 1.600 | 1.600 | 1.600| 1.600| 1.600|
|_|________________________________|_______|_______|______|______|______|
|8|Ժամանակաշրջանի զուտ շահույթը | | | | | |
| |(4-րդ տող - 7-րդ տող) | 5.400 | 5.400 | 5.400| 5.400| 5.400|
._______________________________________________________________________.
ՀՀՀՀՍ 14 «ՍԵԳՄԵՆՏԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 14-ի նպատակն է սահմանել ըստ սեգմենտների տեղեկատվություն (այն է` տեղեկատվություն արտադրանքների և ծառայությունների տարբեր տեսակների վերաբերյալ, որոնք արտադրում է կազմակերպությունը, ինչպես նաև տարբեր աշխարհագրական տարածքների վերաբերյալ, որոնցում գործում է այն) ներկայացնելու սկզբունքներ: Այդ տեղեկատվությունը օգտագործողներին կօգնի`
ա) ավելի լավ հասկանալ անցյալ ժամանակաշրջաններում կազմակերպության գործունեության ցուցանիշները,
բ) ավելի ճիշտ գնահատել կազմակերպության ռիսկերը և հատույցները,
գ) առավել տեղեկացված հետևություններ անել կազմակերպության` որպես մեկ ամբողջության վերաբերյալ:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 14-ը պետք է կիրառվի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթի նկատմամբ` այն կազմակերպությունների կողմից.
ա) որոնց սեփական կապիտալի արժեթղթերը կամ պարտքային արժեթղթերը ազատ շրջանառվում (հրապարակայնորեն վաճառվում) են,
բ) որոնք գտնվում են արժեթղթերի բաց (կանոնակարգվող) շուկայում սեփական կապիտալի արժեթղթեր կամ պարտքային արժեթղթեր տեղաբաշխելու գործընթացում,
գ) որոնց արժեթղթերը ազատ չեն շրջանառվում, բայց որոնք կամավոր նախընտրում են բացահայտել սեգմենտային տեղեկատվություն իրենց ֆինանսական հաշվետվություններում:
Մայր կազմակերպությունը սեգմենտային տեղեկատվությունը պետք է ներկայացնի միայն համախմբված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: Եթե դուստր ընկերության արժեթղթերը ինքնին ազատ շրջանառվում են, ապա այն պետք է ներկայացնի սեգմենտային տեղեկատվություն իր առանձին ֆինանսական զեկույցում:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Սեգմենտային տեղեկատվություն ներկայացվում է ինչպես արտադրական, այնպես էլ աշխարհագրական սեգմենտների գծով:
Արտադրական սեգմենտը կազմակերպության առանձնացնելի բաղադրիչ է, որը զբաղված է առանձին արտադրանքի կամ ծառայության կամ կապակցված արտադրանքների կամ ծառայությունների խմբի արտադրությամբ և ենթակա է այնպիսի ռիսկերի և հատույցների, որոնք տարբեր են այլ արտադրական սեգմենտների ռիսկերից և հատույցներից: Ապրանքների կամ ծառայությունների կապակցված լինելը որոշելիս պետք է դիտարկվեն հետևյալ գործոնները.
ա) արտադրանքների կամ ծառայությունների բնույթը,
բ) արտադրական գործընթացների բնույթը,
գ) արտադրանքի կամ ծառայության համար հաճախորդների տիպը կամ դասը,
դ) արտադրանքները բաշխելու կամ ծառայությունները մատուցելու համար օգտագործվող մեթոդները,
ե) կարգավորող դաշտի բնույթը (եթե կիրառելի է), օրինակ` բանկեր, ապահովագրական կազմակերպություններ կամ հասարակական նշանակության (կոմունալ) տնտեսություններ:
Աշխարհագրական սեգմենտը կազմակերպության առանձնացնելի բաղադրիչ է, որը զբաղված է արտադրանքների կամ ծառայությունների արտադրությամբ և (կամ) մատակարարմամբ որոշակի տնտեսական միջավայրում և ենթակա է այնպիսի ռիսկերի և հատույցների, որոնք տարբեր են այլ տնտեսական միջավայրերում գործող բաղադրիչների ռիսկերից և հատույցներից: Աշխարհագրական սեգմենտները որոշելիս պետք է դիտարկվեն հետևյալ գործոնները.
ա) տնտեսական և քաղաքական պայմանների նմանությունը,
բ) տարբեր աշխարհագրական տարածքներում գործառնությունների միջև հարաբերությունները,
գ) գործառնությունների մոտիկությունը,
դ) որոշակի տարածքում գործառնությունների հետ կապված յուրահատուկ ռիսկերը,
ե) արժութային վերահսկողության կանոնները,
զ) հիմքում ընկած արժութային ռիսկերը:
3.2. Սեգմենտների որոշման համար որպես հիմք են հանդիսանում կազմակերպության կազմակերպական և կառավարման կառուցվածքը և ներքին հաշվետվությունների համակարգը: Այս մոտեցումը սովորաբար սեգմենտային հաշվետվությունների նպատակով ապահովում է կազմակերպության ռիսկերի և հատույցների գերակշռող աղբյուրի վերաբերյալ լավագույն վկայություն: Կազմակերպության ռիսկերի և հատույցների գերակշռող աղբյուրը և բնույթը պետք է որոշեն, թե որ (արտադրական, թե աշխարհագրական) սեգմենտները պետք է լինեն նրա սեգմենտային հաշվետվության առաջնային ձևը, իսկ որը` երկրորդային: Որոշ դեպքերում կազմակերպության կառուցվածքը և ներքին հաշվետվական համակարգը կարող են որևէ առնչություն չունենալ ոչ նրա կողմից արտադրվող արտադրանքի ու ծառայությունների տեսակների, ոչ էլ աշխարհագրական այն տարածքների հետ, որոնցում գործում է կազմակերպությունը (օրինակ` ներքին հաշվետվական համակարգը կարող է կազմակերպված լինել միայն ըստ իրավաբանական անձի, որի արդյունքում ներքին սեգմենտները կազմված են լինում չկապակցված արտադրանքների և ծառայությունների խմբերից): Այսպիսի դեպքերում սեգմենտի ներքին հաշվետվական տվյալները չեն բավարարի սույն ստանդարտի նպատակին: Համապատասխանաբար, կազմակերպության ղեկավարությունը պետք է դիմի ներքին սեգմենտավորման հաջորդ` ավելի ցածր մակարդակին, որը ներկայացնում է տեղեկատվություն ըստ արտադրանքների և ծառայությունների ուղղությունների կամ ըստ աշխարհագրական ուղղությունների:
3.3. Արտադրական կամ աշխարհագրական սեգմենտը հանդիսանում է հաշվետու սեգմենտ, եթե տեղի ունեն հետևյալ պայմանները.
ա) նրա հասույթների մեծ մասը ստացվում է արտաքին հաճախորդներին վաճառքներից,
բ) նրա կամ հասույթները, կամ ֆինանսական արդյունքը, կամ ակտիվները մեծ են կամ հավասար բոլոր սեգմենտների համապատասխան ցուցանիշների հանրագումարի 10 տոկոսից,
3.4. Եթե հաշվետու սեգմենտներին վերագրվող ընդհանուր արտաքին հասույթը կազմում է ընդհանուր համախմբված հասույթի կամ կազմակերպության հասույթի 75 տոկոսից պակաս մեծություն, ապա անհրաժեշտ է որոշել լրացուցիչ սեգմենտներ` որպես հաշվետու սեգմենտներ, նույնիսկ եթե նրանք չեն բավարարում նշված 10 տոկոսանոց սահմանային ցուցանիշները, մինչև որ ընդհանուր համախմբված հասույթի կամ կազմակերպության հասույթի առնվազն 75 տոկոսը ներառվի հաշվետու սեգմենտների կազմում:
3.5. Սեգմենտները կարելի է միավորել մեկի մեջ, եթե դրանք էականորեն նման են, այսինքն` եթե դրանք երկար ժամանակաշրջանի համար ունեն համանման ֆինանսական ցուցանիշներ և համանման են 3.1 կետում թվարկված սեգմենտը որոշող ըստ էության բոլոր գործոններով: Եթե այդ սեգմենտն առանձին չի ներկայացվում հաշվետվություններում կամ չի միավորվում, այն պետք է ներառվի հաշվետվության մեջ որպես չբաշխված հաշվեկշռող հոդված:
3.6. Սեգմենտը, որը անմիջապես նախորդող ժամանակաշրջանում որոշվել է որպես հաշվետու սեգմենտ, որովհետև այն բավարարել է 10 տոկոսանոց սահմանային ցուցանիշները, պետք է շարունակի մնալ այդպիսին ընթացիկ ժամանակաշրջանում` չնայած այն բանին, որ նրա հասույթից, արդյունքից և ակտիվներից ոչ մեկն այլևս չի գերազանցում 10 տոկոսանոց սահմանային ցուցանիշները, եթե կազմակերպության ղեկավարությունը համարում է, որ սեգմենտը շարունակում է լինել նշանակալի:
3.7. Եթե սեգմենտը ընթացիկ ժամանակաշրջանում որոշվում է որպես հաշվետու սեգմենտ, որովհետև այն բավարարում է 10 տոկոսանոց սահմանային ցուցանիշները, ապա նախորդ ժամանակաշրջանի համար սեգմենտային տվյալները, որոնք ներկայացվում են համադրելիության նպատակներով, պետք է վերաներկայացվեն` նոր հաշվետու սեգմենտը որպես առանձին սեգմենտ արտացոլելու համար, նույնիսկ եթե նախորդ ժամանակաշրջանում այն չի բավարարել 10 տոկոսանոց սահմանային ցուցանիշները, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գործնականում անիրագործելի է:
3.8. Սեգմենտի արդյունքը սեգմենտի գործառնական շահույթի ցուցանիշն է, ընդ որում, սեգմենտի արդյունքը որոշելիս հետևյալ հոդվածները հաշվի չեն առնվում`
ա) արտասովոր հոդվածները,
բ) տոկոսային և շահաբաժնային եկամուտը և տոկոսային ծախսերը (եթե սեգմենտի գործառնությունները առավելապես ֆինանսական բնույթի չեն),
գ) ներդրումների վաճառքի և պարտքերի մարման արդյունքը (եթե սեգմենտի գործառնությունները առավելապես ֆինանսական բնույթի չեն),
դ) շահութահարկի գծով ծախսը (փոխհատուցումը),
ե) ընդհանուր վարչական ծախսերը,
զ) փոքրամասնության բաժնեմասը:
Սեգմենտի արդյունքի մեջ ներառվում են ասոցիացված կազմակերպությունների, համատեղ ձեռնարկումների կամ բաժնեմասնակցության (համամասնական համախմբման) մեթոդով հաշվառվող այլ ներդրումների շահույթում (վնասում) կազմակերպության բաժնեմասը:
3.9. Սեգմենտի ակտիվները և պարտավորությունները այն գործառնական ակտիվներն ու պարտավորություններն են, որոնք սեգմենտի կողմից օգտագործվում են իր գործառնական գործունեությունում, և որոնք կամ ուղղակիորեն վերագրելի են սեգմենտին, կամ հնարավոր է խելամիտ հիմունքով բաշխել սեգմենտին: Հոդվածների` սեգմենտի ակտիվներում և պատավորություններում, ինչպես նաև սեգմենտի արդյունքներում ներառումը պետք է իրականացվի սիմետրիկորեն: Օրինակ, եթե սեգմենտի արդյունքը որոշելիս ներառվել է ակտիվի ամորտիզացիան, ապա սեգմենտի ակտիվները պետք է ներառեն այդ ամորտիզացվող ակտիվը: Սեգմենտի ակտիվները (պարտավորությունները) որոշելիս կիրառվում են հետևյալ սկզբունքները`
ա) եթե սեգմենտի արդյունքը ներառում է տոկոսային կամ շահաբաժնային եկամուտ (տոկոսային ծախս), ապա այդ սեգմենտի ակտիվները (պարտավորությունները) ներառում են համապատասխան եկամտաստեղծ ակտիվներ (տոկոսակիր պարտավորություններ),
բ) սեգմենտի ակտիվները (պարտավորությունները) չեն ներառում շահութահարկի գծով ակտիվները (պարտավորությունները),
գ) սեգմենտի ակտիվները ներառում են բաժնեմասնակցության մեթոդով հաշվառված ներդրումները միայն այն դեպքում, եթե այդպիսի ներդրումներից շահույթը կամ վնասը ներառված է սեգմենտի հասույթում կամ ծախսում,
դ) սեգմենտի ակտիվները ներառում են համատեղ վերահսկվող միավորի գործառնական ակտիվների` համատեղ ձեռնարկողի բաժինը, որը հաշվառվում է համամասնական համախմբմամբ` համաձայն ՀՀՀՀՍ 31-ի,
ե) սեգմենտի ակտիվները որոշվում են համապատասխան կարգավորող գումարները (օրինակ` դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստները, կուտակված մաշվածությունը և այլն) հանելուց հետո,
զ) երկու կամ ավելի սեգմենտների կողմից համատեղ օգտագործվող ակտիվները պետք է բաշխվեն այդ սեգմենտներին այն և միայն այն դեպքում, եթե նրանց համապատասխան հասույթները և ծախսերը նույնպես բաշխվում են այդ սեգմենտներին:
3.10. Սեգմենտային տեղեկատվությունը պետք է պատրաստվի այն հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան, որն ընդունված է համախմբված խմբի կամ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու և ներկայացնելու համար, ինչպես նաև այն հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան, որն անմիջականորեն վերաբերում է սեգմենտային հաշվետվություններին:
4. Բացահայտում
Հաշվետվության առաջնային ձև
4.1. Յուրաքանչյուր հաշվետու սեգմենտի վերաբերյալ, որը ենթակա է ներկայացման կազմակերպության առաջնային հաշվետվության ձևի հիման վրա, կազմակերպությունը պետք է բացահայտի`
ա) սեգմենտի հասույթը` արտաքին հաճախորդներին վաճառքներից հասույթը և այլ սեգմենտների հետ գործարքներից սեգմենտի հասույթները ներկայացնելով առանձին,
բ) սեգմենտի արդյունքը,
գ) սեգմենտի ակտիվների ընդհանուր հաշվեկշռային արժեքը,
դ) սեգմենտի պարտավորությունների ընդհանուր հաշվեկշռային արժեքը,
ե) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ձեռք բերված (ստեղծված) սեգմենտի այն ակտիվների ընդհանուր գումարը, որոնք ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել ժամանակաշրջանի ընթացքում,
զ) սեգմենտի արդյունքում ներառված` սեգմենտի ակտիվների մաշվածության և ամորտիզացիայի գծով ծախսերի ընդհանուր գումարը,
է) սեգմենտի արդյունքում ներառված` նշանակալի ոչ դրամական ծախսերի ընդհանուր գումարը, (բացի մաշվածությունից և ամորտիզացիայից),
ը) կազմակերպությունը պետք է ներկայացնի համադրում` հաշվետու սեգմենտների համար բացահայտված տեղեկատվության և համախմբված կամ կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում բացահայտված ընդհանուր տեղեկատվության միջև:
4.2. Պարտադիր չէ, սակայն խրախուսելի է, որ կազմակերպությունը բացահայտի սեգմենտի հասույթների և ծախսերի ցանկացած հոդվածի բնույթը և գումարը, որոնց չափը, բնույթը կամ ոլորտը (ուղղությունը) այնպիսին են, որ դրանց բացահայտումը տեղին է` բացատրելու համար յուրաքանչյուր հաշվետու սեգմենտի գործունեության արդյունքները տվյալ ժամանակաշրջանի համար:
4.3. Եթե կազմակերպությունը ներկայացնում է ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ստանդարտով խրախուսվող սեգմենտի դրամական միջոցների հոսքերի բացահայտումները, ապա այլևս կարիք չկա, որ նա ներկայացնի նաև մաշվածության և ամորտիզացիայի գծով ծախսը և ոչ դրամական ծախսերը:
Երկրորդային սեգմենտային տեղեկատվություն
4.4. Եթե սեգմենտային տեղեկատվության ներկայացման համար կազմակերպության առաջնային հաշվետվության ձևը արտադրական սեգմենտներն են, ապա այն պետք է ներկայացնի նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) սեգմենտի հասույթը արտաքին հաճախորդներից ըստ աշխարհագրական տարածքների` հիմնված նրա հաճախորդների գտնվելու վայրի (աշխարհագրական տեղադրության) վրա` յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտի համար, որի արտաքին հաճախորդներին վաճառքներից հասույթը կազմում է կազմակերպության բոլոր արտաքին հաճախորդներին վաճառքներից ընդհանուր հասույթների ոչ պակաս, քան 10 տոկոսը,
բ) սեգմենտի ակտիվների ընդհանուր հաշվեկշռային արժեքը ըստ ակտիվների աշխարհագրական տեղադրության` յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտի համար, որի ակտիվները կազմում են բոլոր աշխարհագրական սեգմենտների ընդհանուր ակտիվների ոչ պակաս, քան 10 տոկոսը,
գ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ձեռք բերված (ստեղծված) սեգմենտի այն ակտիվների ընդհանուր գումարը, որոնք ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել ժամանակաշրջանի ընթացքում` ըստ ակտիվների աշխարհագրական տեղադրության` յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտի համար, որի ակտիվները կազմում են բոլոր աշխարհագրական սեգմենտների ընդհանուր ակտիվների ոչ պակաս, քան 10 տոկոսը:
4.5. Եթե սեգմենտային տեղեկատվության ներկայացման համար կազմակերպության առաջնային հաշվետվության ձևը աշխարհագրական սեգմենտներն են (լինեն հիմնված ակտիվների, թե հաճախորդների գտնվելու վայրի վրա), ապա կազմակերպությունը պետք է ներկայացնի նաև հետևյալ սեգմենտային տեղեկատվությունը` յուրաքանչյուր արտադրական սեգմենտի գծով, որի արտաքին հաճախորդներին վաճառքներից հասույթը կազմում է կազմակերպության բոլոր արտաքին հաճախորդներին վաճառքներից ընդհանուր հասույթի ոչ պակաս, քան 10 տոկոսը, կամ ակտիվները կազմում են բոլոր արտադրական սեգմենտների ընդհանուր ակտիվների ոչ պակաս, քան 10 տոկոսը.
ա) սեգմենտի հասույթը արտաքին հաճախորդներից,
բ) սեգմենտի ակտիվների ընդհանուր հաշվեկշռային արժեքը, և
գ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ձեռք բերված (ստեղծված) սեգմենտի այն ակտիվների ընդհանուր գումարը, որոնք ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել ժամանակաշրջանի ընթացքում:
4.6. Եթե սեգմենտային տեղեկատվության ներկայացման համար կազմակերպության առաջնային հաշվետվության ձևը աշխարհագրական սեգմենտներն են` հիմնված ակտիվների գտնվելու վայրի վրա, և եթե հաճախորդների գտնվելու վայրը տարբեր է ակտիվների գտնվելու վայրից, ապա կազմակերպությունը պետք է ներկայացնի նաև արտաքին հաճախորդներին վաճառքներից հասույթը յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտի համար` հիմնված հաճախորդների գտնվելու վայրի վրա, որի արտաքին հաճախորդներին վաճառքներից հասույթը կազմում է կազմակերպության բոլոր արտաքին հաճախորդներին վաճառքներից ընդհանուր հասույթի ոչ պակաս, քան 10 տոկոսը:
4.7. Եթե սեգմենտային տեղեկատվության ներկայացման համար կազմակերպության առաջնային հաշվետվության ձևը աշխարհագրական սեգմենտներն են` հիմնված հաճախորդների գտնվելու վայրի վրա, և եթե կազմակերպության ակտիվները և նրա հաճախորդները գտնվում են տարբեր աշխարհագրական վայրերում, ապա կազմակերպությունը պետք է ներկայացնի նաև հետևյալ սեգմենտային տեղեկատվությունը յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտի համար` հիմնված ակտիվների գտնվելու վայրի վրա, որի արտաքին հաճախորդներին վաճառքից հասույթը կամ սեգմենտի ակտիվները կազմում են համախմբված կամ կազմակերպության համապատասխան գումարների ոչ պակաս, քան 10 տոկոսը.
ա) սեգմենտի ակտիվների ընդհանուր հաշվեկշռային արժեքը` ըստ ակտիվների աշխարհագրական վայրերի, և
բ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ձեռք բերված (ստեղծված) սեգմենտի այն ակտիվների ընդհանուր գումարը, որոնք ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել ժամանակաշրջանի ընթացքում` ըստ ակտիվների գտնվելու վայրերի:
Հավելված. Հաշվետու սեգմենտների որոշման օրինակ
Ա-ն դիվերսիֆիկացված կազմակերպություն է, որի գործունեությունը իրականացվում է չորս արտադրական և երեք աշխարհագրական սեգմենտներում:
Ներկայացված ֆինանսական տեղեկատվությունը վերաբերում է 31.12.2000թ. ավարտվող տարվան:
Արտադրական սեգմենտների տվյալները (հարյուր հազ. դրամ)
._______________________________________________________________________.
| |Գարեջուր| Գինի | Հյութ |Մանրածախ|Ընդամենը|
| | | | |առևտուր | |
|____________________________|________|_______|_______|________|________|
| Ընդհանուր իրացումից հասույթ| 1.822 | 1.637 | 1.244 | 498 | 5.201 |
| այդ թվում` | | | | | |
| - արտաքին հաճախորդներին | 1.376 | 1.214 | 543 | 300 | 3.433 |
| - այլ սեգմենտներին | 446 | 423 | 701 | 198 | 1.768 |
|____________________________|________|_______|_______|________|________|
| Ֆինանսական արդյունքը | 423 | (244) | (131) | 31 | 79 |
|____________________________|________|_______|_______|________|________|
| Ակտիվներ | 3.052 | 2.927 | 3.475 |1.027 | 10.481 |
._______________________________________________________________________.
Աշխարհագրական սեգմենտների տվյալները (հարյուր հազ. դրամ)
._______________________________________________________________________.
| |Հայաստան|Ռուսաստան|Ֆրանսիա|Ընդամենը|
|___________________________________|________|_________|_______|________|
| Ընդհանուր իրացումից հասույթ | 779 | 3.051 | 1.371 | 5.201 |
| այդ թվում | | | | |
| - արտաքին հաճախորդներին | 469 | 1.964 | 1.000 | 3.433 |
| - այլ սեգմենտներին | 310 | 1.087 | 371 | 1.768 |
|___________________________________|________|_________|_______|________|
| Սեգմենտների արդյունքներ | 215 | 342 | (478) | 79 |
|___________________________________|________|_________|_______|________|
| Ակտիվներ | 937 | 4.543 | 5.001 | 10.481 |
._______________________________________________________________________.
Կազմակերպության հաշվետու արտադրական և աշխարհագրական սեգմենտների որոշման գործընթացում առաջին քայլը արտադրական սեգմենտների որոշումն է, որոնց հասույթի մեծ մասը ստացվել է արտաքին հաճախորդներին վաճառքներից:
._________________________________________________________________.
| Սեգմենտներ | Արտաքին հաճախորդներին | Բավարարում|
| | վաճառքներից ստացված | է արդյոք |
| | հասույթների տոկոսը | 50%-ոց |
| | | պայմանին |
|_________________________|___________________________|___________|
| Արտադրական | | |
| - գարեջուր | 1.376/1.822 = 76% | այո |
| - գինի | 1.214/1.637 = 74% | այո |
| - հյութ | 543/1.244 = 44% | ոչ |
| - մանրածախ առևտուր | 300/498 = 60% | այո |
|_________________________|___________________________|___________|
| Աշխարհագրական | | |
| - Հայաստան | 469/779 = 60% | այո |
| - Ռուսաստան | 1.964/3.051 = 64% | այո |
| - Ֆրանսիա | 1.000/1.371 = 73% | այո |
._________________________________________________________________.
Երկրորդ քայլը կայանում է նրանում, որ որոշվի, թե արդյոք 50%-ոց պայմանին բավարարող սեգմենտները բավարարում են արդյոք վաճառքից հասույթի, ակտիվների կամ ֆինանսական արդյունքների 10%-անոց սահմանին: Այդ սահմանները հաշվարկվում են հետևյալ կերպ.
հարյուր հազ. դրամ
- Վաճառքներ` 5201x10% 520
- Ֆինանսական արդյունքները`
ա) արտադրական սեգմենտների գծով. 45
հետևյալ 2 թվերից առավելագույնը`
(423+31) x10% կամ (244+131) x10%
բ) աշխարհագրական սեգմենտների գծով. 55
հետևյալ 2 թվերից առավելագույնը`
(215+342) x10% կամ (478) x10%
- Ակտիվներ (10%x10.481) 1.048
.__________________________________________________________________.
| Սեգմենտներ | 10%-ոց սահմանին | Հաշվետու |
| | համապատասխանություն | են արդյոք|
|_____________________|_________________________________|__________|
| Արտադրական | | |
| . գարեջուր |վաճառքներ, արդյունք, ակտիվներ | այո |
| . գինի |վաճառքներ, արդյունք, ակտիվներ | այո |
| . մանրածախ առևտուր | | ոչ |
|_____________________|_________________________________|__________|
| Աշխարհագրական | | |
| | | |
| . Հայաստան |վաճառքներ, արդյունքներ | այո |
| . Ռուսաստան |վաճառքներ, արդյունքներ, ակտիվներ | այո |
| . Ֆրանսիա |վաճառքներ, արդյունքներ, ակտիվներ | այո |
.__________________________________________________________________.
Երրորդ քայլում անհրաժեշտ է ստուգել, թե հաշվետու սեգմենտների` արտաքին հաճախորդներին վաճառքներից հասույթների հանրագումարը կազմում է արդյոք կազմակերպության ընդհանուր վաճառքների հասույթների 75%-ը, որը կազմում է 3.433.000 դրամ: Հաշվետու արտադրական սեգմենտների արտաքին հասույթը կազմում է 2.890.000 (1.376 + 1.214) դրամ, որը կազմում է իրացումից հասույթի 75,4%-ը: Հաշվետու աշխարհագրական սեգմենտների արտաքին հասույթը կազմում է 3.433 հազ. (469 + 1.964 + 1.000) դրամ, որը կազմում է իրացումից հասույթի 100%-ը:
ՀՀՀՀՍ 16 «ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 16-ի նպատակն է սահմանել հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման մոտեցումը: Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման հիմնական խնդիրներն են`
ա) ճանաչման պահի որոշումը,
բ) հաշվեկշռային արժեքի որոշումը,
գ) մաշվածության հաշվարկումը,
դ) արժեզրկումից կորստի որոշումն ու հաշվառումը,
ե) բացահայտվող տեղեկատվության նկատմամբ պահանջները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 16-ը կիրառվում է հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման ժամանակ, բացի այն դեպքերից, երբ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտ պահանջում կամ թույլ է տալիս հաշվապահական հաշվառման այլ մոտեցում: ՀՀՀՀՍ 16-ը չի կիրառվում`
ա) անտառների և նմանատիպ վերականգնվող բնական ռեսուրսների նկատմամբ,
բ) նավթի, բնական գազի և նման չվերականգնվող այլ ռեսուրսների հանքավայրերի, դրանց արդյունահանման իրավունքի և հետազոտության նկատմամբ:
Այնուամենայնիվ, ՀՀՀՀՍ 16-ը կիրառվում է այն հիմնական միջոցների նկատմամբ, որոնք օգտագործվում են «ա» և «բ» կետերում նշված ակտիվների արդյունահանման (շահագործման) և մշակման գործընթացում և առանձնացված են այդ ակտիվներից:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք
ա) առկա են կազմակերպությունում արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման, վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար,
բ) նախատեսվում են օգտագործել ավելի քան մեկ տարի ժամկետով: Օրինակ` հողը, շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները, սարքավորումները և այլն:
3.2. Հիմնական միջոցի մաշվածությունը կարող է տարբերվել մաշվածության գծով հարկային օրենսդրությամբ թույլատրված նվազեցումներից, որի հետևանքով հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը և հարկային բազան կտարբերվեն. կառաջանա հետաձգված հարկ, որը պետք է հաշվառել ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն:
3.3. Հիմնական միջոցների միավորը ճանաչվում է որպես ակտիվ, երբ`
ա) հավանական է, որ դրա հետ կապված ապագա տնտեսական օգուտները (օրինակ` տվյալ ակտիվի միջոցով արտադրված արտադրանքի իրացումից հասույթը) կհոսեն դեպի կազմակերպություն, և`
բ) դրա արժեքը կարող է արժանահավատորեն չափվել:
3.4. Հիմնական միջոցների միավորման կամ առանձնացման համար կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) ոչ նշանակալի միավորները (օրինակ` գործիքները, ձուլամայրերը, դրոշմոցները, կաղապարները) սովորաբար նպատակահարմար է ճանաչել որպես մեկ ակտիվ` հիմնական միջոցի մեկ միավոր (կիրառելով որպես մեկ ամբողջական արժեք ներկայացնելու չափանիշը),
բ) եթե պահեստամասերը և սպասարկող սարքավորումներն օգտագործման (շահագործման) հանձնելիս սպառվում են մեկ տարվա ընթացքում (արագամաշ առարկաներ) կամ անմիջապես, դրանք դիտվում են որպես պաշարներ և ճանաչվում որպես ծախսում` օգտագործման (շահագործման) հանձնելիս: Եթե կազմակերպությունն ակնկալում է նշված պահեստամասերն ու սպասարկող սարքավորումներն օգտագործել ավելի քան մեկ տարի, դրանք ճանաչում է որպես հիմնական միջոց,
գ) եթե պահեստամասերը և սպասարկող սարքավորումները կարող են օգտագործվել միայն համապատասխան հիմնական միջոցի հետ միասին և ենթադրվում է, որ դրանց օգտագործումն անկանոն է լինելու, ապա դրանք հաշվառվում են որպես հիմնական միջոց և դրանց համար մաշվածություն հաշվարկվում է այն ժամանակաշրջանի ընթացքում, որը չի գերազանցում դրանց հետ կապված հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամկետը,
դ) որոշ դեպքերում նպատակահարմար է ակտիվի ձեռք բերման վրա կատարված ընդհանուր ծախսումները բաժանել նրա բաղկացուցիչների վրա և յուրաքանչյուր բաղկացուցիչ հաշվառել առանձին: Սա հնարավոր է, եթե բաղկացուցիչ ակտիվներն ունեն տարբեր օգտակար ծառայություն կամ կազմակերպությանը օգուտ են բերում տարբեր կերպով: ՈՒստի անհրաժեշտ է կիրառել մաշվածության հաշվարկի տարբեր դրույքաչափեր և մեթոդներ (օրինակ` օդանավը և նրա շարժիչները պետք է հաշվառել որպես առանձին մաշվող ակտիվներ, եթե դրանք ունեն տարբեր օգտակար ծառայություններ),
ե) շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության հետ կապված ակտիվները ճանաչվում են որպես հիմնական միջոց, եթե դրանք անհրաժեշտ են կազմակերպությանը իր այլ ակտիվներից ապագա տնտեսական օգուտներ ստանալու առումով (օրինակ` քիմիական պաշտպանության սարքավորումները): Այնուամենայնիվ, դրանք ճանաչվում են որպես ակտիվ միայն այն չափով, ինչ չափով որ դրանց և դրանց հետ կապված ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում այդ ակտիվների և դրանց հետ կապված ակտիվների փոխհատուցվող ընդհանուր գումարը:
3.5. Հիմնական միջոցի միավորը որպես ակտիվ սկզբնական ճանաչումից հետո պետք է հաշվառվի իր սկզբնական արժեքով` հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները (հիմնական մոտեցում):
3.6. Հիմնական միջոցների միավորը պետք է սկզբնապես չափվի իր սկզբնական արժեքով: Ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեքը ներառում է նրա գնման գինը, ներկրման տուրքերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն կազմակերպությանը հետ վերադարձման, և ակտիվն իր նպատակային օգտագործման համար աշխատանքային վիճակի բերելու հետ անմիջականորեն կապված ցանկացած ծախսում: Վարչական և այլ ընդհանուր վերադիր ծախսումները հիմնական միջոցների միավորի արժեքի մեջ չեն ներառվում, եթե դրանք անմիջականորեն չեն վերաբերում ակտիվի ձեռքբերմանը կամ այն աշխատանքային վիճակի բերելուն: Նույն ձևով գործարկման և նման նախաարտադրական ծախսումներն ակտիվի սկզբնական արժեքի մաս չեն կազմում, եթե դրանք անհրաժեշտ չեն ակտիվն աշխատանքային վիճակի բերելու համար: Ակտիվի սկզբնական շահագործման հետ կապված վնասները, որոնք առաջանում են նախքան ակտիվի ծրագրավորված հզորության հասնելը, ճանաչվում են որպես ծախս:
3.7. Սեփական ուժերով կառուցված հիմնական միջոցի սկզբնական արժեքը ներառում է կառուցման ընթացքում օգտագործված նյութերի, աշխատանքի վճարման, օգտագործված այլ հիմնական միջոցների մաշվածության ծախսումները և այլն:
3.8. Ոչ նման միավորով կամ այլ ակտիվի հետ փոխանակման կարգով ստացված հիմնական միջոցի սկզբնական արժեքը չափվում է ստացվող ակտիվի իրական արժեքով, որը համարժեք է տրված ակտիվի իրական արժեքին` հաշվի առնելով փոխանցված դրամական միջոցների գումարը: Նույնանման ակտիվի հետ փոխանակման կարգով ստացված հիմնական միջոցի սկզբնական արժեք է համարվում տրված հիմնական միջոցի միավորի հաշվեկշռային արժեքը:
3.9. Հիմնական միջոցների վրա կատարված հետագա ծախսումները ճանաչվում են որպես ծախս` դրանց կատարման պահին, եթե դրանք կատարվում են ապագա տնտեսական օգուտները վերականգնելու կամ պահպանելու նպատակով: Դրանք կապիտալացվում են այն դեպքում, երբ հավանական է, որ դրանց շնորհիվ ապագա տնտեսական օգուտներն ավելի շատ, քան ակնկալվում էր առկա ակտիվի նորմատիվային ցուցանիշների սկզբնական գնահատումից, կհոսեն դեպի կազմակերպություն:
3.10. Հիմնական միջոցները հաշվառվում են վերագնահատված արժեքով, որն իրենից ներկայացնում է նրա իրական արժեքը վերագնահատման ամսաթվի դրությամբ` առանց համապատասխան կուտակված մաշվածության և արժեզրկումից կուտակված կորուստների (այլընտրանքային մոտեցում): Վերագնահատումները պետք է կատարվեն բավարար պարբերականությամբ, այնպես, որ հաշվեկշռային արժեքը էականորեն չտարբերվի հաշվետու ամսաթվի դրությամբ իրական արժեքից:
3.11. Հողի և շինությունների իրական արժեքը սովորաբար դրանց շուկայական արժեքն է: Այդ արժեքը, որպես կանոն, որոշվում է ըստ այն գնահատման, որը կատարվում է մասնագիտական որակավորում ունեցող գնահատողների կողմից:
Մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների իրական արժեքը, սովորաբար, դրանց փորձաքննության միջոցով որոշված շուկայական արժեքն է: Երբ հիմնական միջոցների յուրահատուկ բնույթի և դրանց հազվադեպ վաճառվելու պատճառով չկա ձևավորված շուկայական արժեք, դրանք գնահատվում են փոխարինման արժեքով` հանած մաշվածությունը:
Վերագնահատման հաճախությունը կախված է հիմնական միջոցների իրական արժեքի փոփոխություններից: Երբ արդեն վերագնահատված ակտիվի իրական արժեքը էականորեն տարբերվում է հաշվեկշռային արժեքից, անհրաժեշտ է կատարել նոր վերագնահատում:
3.12. Հիմնական միջոցների վերագնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ սկզբունքները.
ա) երբ հիմնական միջոցների միավորը վերագնահատվում է, ապա հիմնական միջոցների ամբողջ դասը 1*), որին պատկանում է այդ ակտիվը, նույնպես պետք է վերագնահատվի,
բ) վերագնահատումից արժեքի աճը պետք է վերագրվի սեփական կապիտալին: Սակայն, եթե այդ աճը վերականգնում է նույն ակտիվի նախկին վերագնահատումների արդյունքում առաջացած նվազումը` այն պետք է ճանաչվի որպես եկամուտ այն չափով, որով նախապես նվազումը ճանաչվել էր որպես ծախս,
գ) վերագնահատման հետևանքով արժեքի նվազումը պետք է ճանաչվի որպես ծախս: Սակայն վերագնահատման հետևանքով առաջացած նվազումը պետք է հանվի համապատասխան ակտիվի նախորդ վերագնահատումներից առաջացած աճից այն չափով, որ նվազումը չգերազանցի նույն ակտիվի հետ կապված վերագնահատումից առաջացած աճը,
դ) հիմնական միջոցների միավորի վերագնահատումից արժեքի աճը, որը ներառված էր սեփական կապիտալում, տվյալ միավորի դուրսգրման ժամանակ հաշվեգրվում է չբաշխված շահույթին: Այդ աճը կարող է նաև հաշվեգրվել չբաշխված շահույթին կազմակերպության կողմից ակտիվն օգտագործելու ընթացքում` մաշվածության հաշվարկմանը զուգընթաց: Այս դեպքում հաշվեգրվող գումարի մեծությունը որոշվում է ակտիվի վերագնահատված հաշվեկշռային արժեքի հիման վրա հաշվարկված մաշվածության և ակտիվի սկզբնական արժեքի հիման վրա հաշվարկված մաշվածության միջև եղած տարբերությամբ,
ե) վերագնահատման պահի դրությամբ կուտակված մաշվածությունը`
I. վերաձևակերպվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի փոփոխությանը համամասնորեն այնպես, որ ակտիվի հաշվեկշռային արժեքը վերագնահատումից հետո հավասարվում է նրա վերագնահատված գումարին: Այս մեթոդը սովորաբար կիրառվում է, երբ ակտիվը վերագնահատվում է վերականգնման արժեքի գործակցի միջոցով, կամ`
II. հանվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքից, և հիմնական միջոցի արժեքը վերաձևակերպվում է վերագնահատված գումարի հիման վրա:
-------------------
1*) Հիմնական միջոցների դասերի օրինակներ են հողամասերը, շենքերը, կառուցվածքները, փոխանցող հարմարանքները և այլն:
3.13. Մաշվածության հաշվարկման ժամանակ կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) հիմնական միջոցների միավորի մաշվածության գումարը պետք է պարբերաբար բաշխվի ակտիվի օգտակար ծառայության ընթացքում,
բ) յուրաքանչյուր ժամանակահատվածի համար հաշվարկված մաշվածության գումարը պետք է ճանաչվի որպես ծախս, եթե այն չի ներառվում մեկ ուրիշ ակտիվի հաշվեկշռային արժեքի մեջ,
գ) մաշվածության հաշվարկման կիրառվող մեթոդը պետք է արտացոլի այն մոդելը, որով կազմակերպությունը սպառում է ակտիվի տնտեսական օգուտները: Մաշվածության հաշվարկման մեթոդներից են` գծային, նվազող մնացորդի և ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման մեթոդները:
3.14. Հիմնական միջոցների միավորի օգտակար ծառայությունը պետք է պարբերաբար վերանայվի և, եթե ակնկալվող գնահատականները զգալի չափով տարբերվում են նախորդ գնահատականներից, ընթացիկ և հետագա հաշվետու ժամանակաշրջանների մաշվածության հաշվեգրումները պետք է ճշգրտվեն:
3.15. Հիմնական միջոցների համար կիրառվող մաշվածության հաշվարկման մեթոդը պետք է պարբերաբար վերանայվի և, եթե այդ ակտիվներից սպասվող տնտեսական օգուտների ստացման մոդելի մեջ տեղի է ունեցել փոփոխություն, ապա մեթոդը պետք է փոխվի` փոփոխված մոդելն արտացոլելու նպատակով: Երբ անհրաժեշտ է դառնում մաշվածության հաշվարկման մեթոդի փոփոխությունը, այն պետք է դիտվի որպես փոփոխություն հաշվապահական հաշվառման գնահատականներում, և ընթացիկ ու հետագա ժամանակաշրջանների համար հաշվարկվող մաշվածության գումարները պետք է ճշգրտվեն:
3.16. Հողամասը և շենքերն ու շինությունները հաշվառման նպատակով դիտվում են առանձին-առանձին: Հողամասը, որպես կանոն, ունի անսահմանափակ ծառայություն, հետևաբար վերջինիս համար մաշվածություն չի հաշվարկվում: Շենքերն ու շինություններն ունեն սահմանափակ ծառայություն, հետևաբար համարվում են մաշվող ակտիվներ:
3.17. Որոշելու համար` հիմնական միջոցի միավորն արժեզրկվել է, թե ոչ, կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտը:
4. Բացահայտում
4.1. Ֆինանսական հաշվետվությունները, ըստ հիմնական միջոցների յուրաքանչյուր դասի, պետք է բացահայտեն`
ա) չափման հիմունքները, որոնք կիրառվում են հաշվեկշռային արժեքը որոշելու համար: Երբ այդ նպատակով օգտագործվել է մի քանի հիմունք` ըստ այդ հիմունքի յուրաքանչյուր կատեգորիայի համար պետք է բացահայտվի համախառն հաշվեկշռային արժեքը,
բ) մաշվածության հաշվարկման օգտագործվող մեթոդները,
գ) օգտակար ծառայությունը կամ մաշվածության հաշվարկման օգտագործվող դրույքաչափերը,
դ) հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում համախառն հաշվեկշռային արժեքների ու կուտակված մաշվածության և արժեզրկումից կուտակված կորուստների հանրագումարները,
ե) հաշվեկշռային արժեքի համեմատությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում:
4.2. Ֆինանսական հաշվետվությունները պետք է բացահայտեն նաև`
ա) հիմնական միջոցների սեփականության իրավունքի սահմանափակումների առկայությունը և գումարները, այդ թվում նաև պարտավորությունների ապահովության երաշխիք հանդիսացողներինը,
բ) հիմնական միջոցների միավորների հետ կապված տեղանքի վերականգնման գնահատված ծախսումների հաշվառման քաղաքականությունը,
գ) կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցների վրա կատարված ծախսումների գումարը (ներառյալ տեղակայման ենթակա սարքավորումների արժեքը), և`
դ) հիմնական միջոցների ձեռք բերման պայմանագրային պարտավորությունների գումարը:
4.3. Հիմնական միջոցները վերագնահատված արժեքով հաշվառելու դեպքում լրացուցիչ պետք է բացահայտվի`
ա) վերագնահատման հիմունքը և ուժի մեջ մտնելու օրը,
բ) գնահատման գծով անկախ փորձագետ ներգրավված լինել կամ չլինելը,
գ) գործակիցների բնույթը, որոնք կիրառվել են վերագնահատման արժեքը որոշելիս,
դ) հիմնական միջոցների յուրաքանչյուր դասի հաշվեկշռային արժեքը, որը կներառվեր ֆինանսական հաշվետվություններում, եթե ակտիվները արտացոլված լինեին սկզբնական արժեքով,
ե) վերագնահատման արդյունքի մնացորդը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակաշրջանում կատարված փոփոխությունը և բաժնետերերի միջև մնացորդի բաշխման ցանկացած սահմանափակումը:
Հավելված 1. Հիմնական միջոցների արտացոլման հաշվապահական ձևակերպումները
1. Հիմնական միջոցների մուտքագրում.
ա) կազմակերպությունում կառուցված (ստեղծված), տեղակայված`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» կամ
Կրեդիտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
բ) մատակարարներից ձեռք բերված, տեղակայում չպահանջող.
I. երբ ձեռք բերման և շահագործման հանձնման պահերը չեն համընկնում`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
II. երբ ձեռք բերման և շահագործման հանձնման պահերը համընկնում են`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 152, 251, 252, 253, 521)
գ) մասնակիցներից որպես ներդրում ստացված`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» կամ
Կրեդիտ 312 «Չվճարված կապիտալ»
դ) անհատույց ստացված`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»:
2. Հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ կամ
Կրեդիտ 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»:
3. Հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում`
Դեբետ ծախսումները և ծախսերը հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 712, 713, 811 և այլն)
Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցների մաշվածություն» և մաշվածության հաշվառման այլ հաշիվներ:
4. Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ.
ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 321 «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»
բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով, որքանով վերականգնում է նախորդ վերագնահատումներից նախապես ծախս ճանաչված նվազումը)`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կրեդիտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ»:
5. Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազում.
ա) երբ վերագրվում է ծախսերին`
Դեբետ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
բ) երբ վերագրվում է սեփական կապիտալին (այն չափով, որքանով հակադարձում է նախկինում սեփական կապիտալում ճանաչված արժեքի աճը)`
Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
6. Վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում`
Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
7. Վաճառված (օտարված) հիմնական միջոցների, ինչպես նաև օգտագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում`
Դեբետ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
8. Վաճառված (օտարված), լուծարված հիմնական միջոցների, ինչպես նաև օգտագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում`
Դեբետ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
9. Լուծարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Հավելված 2. Հիմնական միջոցների հաշվառման օրինակ
Ա կազմակերպությունը 2000թ. հունվարի մեկին գնել է արտադրական սարքավորում 270.000 միավորով: Սարքավորման տեղափոխման համար ծախսվել է 15.000 միավոր, իսկ տեղակայման համար` 20.000 միավոր: Տեղակայումը տևեց 4 ամիս, բացի այդ, աշխատանքային վիճակի բերելու համար ծախսվեց ևս 8.000 միավոր:
Ըստ մասնագետների գնահատումների սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 7 տարի է, մնացորդային արժեքը` 19.000 միավոր:
Սարքավորման սկզբնական արժեքը կկազմի.
հազար միավոր
Գնման գին 270
Տեղափոխման ծախսումներ 15
Տեղակայման ծախսումներ 20
Գործարկման ծախսումներ 8
Ընդամենը 313
Մաշվածության գումարը կկազմի.
հազար միավոր
Սկզբնական արժեքը 313
Մնացորդային արժեք (19)
Մաշվածության գումար 294
Հաշվեգրման ենթակա տարեկան մաշվածությունը կկազմի 42.000 միավոր (294,0/7): Սակայն առաջին տարում պետք է հաշվարկվի 28.000 միավոր (42,0/12x8), քանի որ սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2000թ.:
Կազմակերպությունն ընտրել է հիմնական միջոցների հաշվառման այլընտրանքային մոտեցումը և 2 տարին մեկ վերագնահատում է սարքավորումը:
2002թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպությունը վերագնահատում է սարքավորումը: Փորձագետների կողմից սարքավորման շուկայական արժեքը գնահատվեց 266.000 միավոր:
Սարքավորման հաշվեկշռային արժեքը 01.12.2002թ. դրությամբ կազմել է 204.500 միավոր (313.000 - 28.000 - 42.000 - 42.000/12x11), հաշվարկված մաշվածությունը` 108.500 հազ. միավոր:
Համամասնորեն մեծացվում են սարքավորման սկզբնական արժեքն ու հաշվարկված մաշվածությունը.
Սկզբնական արժեքը կլինի` 313.000x266.000/204.500 = 407.100 միավոր,
Մաշվածությունը` 108.500x266.000/204.500 = 141.100:
Վերագնահատումից արժեքի աճը վերագրվում է սեփական կապիտալին: Տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 94.100
Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցների մաշվածություն» 32.600
Կրեդիտ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 61.500
2004թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպությունը նորից է վերագնահատում սարքավորումը: Փորձագետների կողմից սարքավորման շուկայական արժեքը գնահատվեց 110.000 միավոր:
Սարքավորման հաշվեկշռային արժեքը 01.12.2004թ. դրությամբ կազմել է 182.000 միավոր (407.100 - 141.100 - 42.000 - 42.000), հաշվարկված մաշվածությունը` 225.100 միավոր:
Համամասնորեն նվազեցվում են սարքավորման սկզբնական արժեքն ու հաշվարկված մաշվածությունը.
Սկզբնական արժեքը կլինի` 407.100x110.000/182.000 = 246.000 միավոր,
Մաշվածությունը` 225.100x110.000/182.000 = 136.000:
Վերագնահատումից արժեքի նվազումը վերագրվում է սեփական կապիտալին` նախկինում ճանաչված վերագնահատումից արժեքի աճի չափով (61.500 միավոր), իսկ մնացած մասը (10.500 միավոր) ճանաչվում է ծախս: Տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 61.500
Դեբետ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից ծախսեր» 10.500
Դեբետ 112 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցների
մաշվածություն» 89.100
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ»s 161.100:
Հավելված 3. Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումների հաշվառման հետ կապված որոշ հարցերի պարզաբանում
Համաձայն ՀՀՀՀՍ 16-ի պարագրաֆ 25-ի` հիմնական միջոցների ձեռք բերումից հետո դրանց վրա կատարված ծախսումների հաշվառման համապատասխան մոտեցումը կախված է այն հանգամանքներից, որոնք նկատի են առնվել հիմնական միջոցների համապատասխան միավորների սկզբնական չափման և ճանաչման ժամանակ: Օրինակ` երբ հիմնական միջոցների միավորի հաշվեկշռային արժեքը արդեն արտացոլում է տնտեսական օգուտների կորուստը (օրինակ` մաշվածության հաշվարկման կիրառվող քաղաքականության միջոցով), ապա հետագա ծախսումները, որոնք ուղղված են ակտիվից ակնկալվող տնտեսական օգուտների ստացումը վերականգնելուն, կապիտալացվում են` այն պայմանով, որ հաշվեկշռային արժեքը չգերազանցի ակտիվի փոխհատուցվող գումարը:
Օրինակ 1. Կազմակերպությունը ձեռք է բերում հաստոց, որը ձեռք բերման պահին գրանցվում է 5.0 մլն դրամով: Այդ սարքավորման վրա կարող են կատարվել 2 տիպի վերանորոգման ծախսումներ` ընթացիկ վերանորոգումներ, որը կատարվում է տարեկան մեկ անգամ, և համեմատաբար խոշոր վերանորոգում, որը կատարվում է 5 տարին մեկ անգամ: Առանց խոշոր վերանորոգման, այդ հաստոցը կծառայի 8 տարի, իսկ դրանցով` 10 տարի: Հիմնական միջոցների սկզբնական ձեռքբերման պահին կազմակերպությունը մտադրված է լինում իրականացնել միայն ընթացիկ վերանորոգումներ և, հետևաբար, գնահատում է հիմնական միջոցի օգտակար ծառայությունը 8 տարի: 5 տարի անց կազմակերպությունը փոխում է իր մտադրությունը և իրականացնում է խոշոր վերանորոգում: Այս դեպքում այդ վերանորոգումը ավելացնում է հիմնական միջոցի մնացորդային օգտակար ծառայությունը 5-ից մինչև 8 տարի, և, հետևաբար, այս ծախսումները պետք է կապիտալացվեն: Ընդ որում, եթե կազմակերպությունը ի սկզբանե նախատեսեր, որ 5 տարի անց այն կատարելու է այդ վերանորոգումը, ապա հաստոցի օգտակար ծառայությունը կգնահատվեր 10 տարի, և այդ ծախսումները չէին կապիտալացվի:
Օրինակ 2. Կազմակերպությունը ձեռք է բերում հաստոց, որը ձեռք բերման պահին գրանցվում է 5.0 մլն դրամով` ներառյալ նաև տարբեր փոխարինվող դետալների արժեքը` 1.0 մլն դրամ: Հաստոցի օգտակար ծառայության ժամկետը 10 տարի է, իսկ փոխարինվող դետալներինը` 5 տարի: Հաստոցը և դետալները հաշվառվում են որպես հիմնական միջոցի մեկ օբյեկտ: Կազմակերպությունը մաշվածությունը կարող է հաշվարկել երկու եղանակով`
1. տարեկան 500 հազար դրամ (5.000.000 x 0.1)
2. տարեկան 600 հազար դրամ (4.000.000 x 0.1 + 1.000.000 x 0.2)
Առաջին դեպքում 5 տարի հետո հաստոցի հաշվեկշռային արժեքը կկազմի 2.5 մլն դրամ և դետալների փոխարինման ծախսումները չեն կապիտալացվի:
Երկրորդ դեպքում 5 տարի հետո հաստոցի հաշվեկշռային արժեքը կկազմի 2 մլն դրամ և դետալների փոխարինման ծախսումները կկապիտալացվեն:
ՀՀՀՀՍ 17 «ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 17-ի նպատակն է սահմանել վարձակալների և վարձատուների ֆինանսական և գործառնական վարձակալությունների հաշվառման կարգը և դրանց գծով բացահայտումները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 17-ը կիրառվում է բոլոր վարձակալությունների նկատմամբ, համաձայն որոնց վարձատուն որոշակի վճարի կամ վճարների դիմաց վարձակալին փոխանցում է որոշակի ժամանակաշրջանի ընթացքում ակտիվի օգտագործման իրավունքը:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Տարբերակվում են վարձակալության 2 տեսակներ`
ա) ֆինանսական վարձակալություն` վարձակալության տեսակ է, որի դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները: Սեփականության իրավունքը կարող է ի վերջո փոխանցվել կամ չփոխանցվել,
բ) գործառնական վարձակալություն` ֆինանսական վարձակալություն չհանդիսացող վարձակալություն է:
3.2. Վարձակալության դասակարգումը կատարվում է վարձակալության սկզբի դրությամբ: Վարձակալության դասակարգումը կախված է ավելի շուտ գործարքի էությունից, քան պայմանագրի ձևից: Վարձակալության դասակարգումը կախված է այն փաստից, թե վարձակալված սեփականության իրավունքի հետ կապված ռիսկերը և օգուտները ինչ չափով են վերագրվում վարձատուին կամ վարձակալին: Ռիսկերը ներառում են սարքավորումների պարապուրդից կամ տեխնոլոգիայի հնացումից ու տնտեսական պայմանների փոփոխման հետևանքով եկամտի տատանումներից հնարավոր կորուստները: Օգուտները ներառում են ակտիվի տնտեսական ծառայության ընթացքում առավել արդյունավետ գործունեությունից և արժեքի բարձրացումից կամ մնացորդային արժեքի իրացումից շահույթի ստացման ակնկալիքները:
3.3. Ֆինանսական վարձակալությունը սովորաբար ներառում է հետևյալ պայմանները.
ա) վարձակալված ակտիվի սեփականության իրավունքը վարձակալության ժամկետի վերջում փոխանցվում է վարձակալին,
բ) վարձակալը հնարավորություն ունի տվյալ ակտիվը գնելու այնպիսի գնով, որը սպասվում է, որ բավականաչափ ցածր կլինի գնման ամսաթվի իրական արժեքից, և վարձակալության սկզբում արդեն բավականաչափ հաստատ է, որ այդ հնարավորությունը կիրագործվի,
գ) վարձակալության ժամկետի մեջ է ներառվում ակտիվի տնտեսական ծառայության մեծ մասը, եթե նույնիսկ սեփականության իրավունքը չի փոխանցվում,
դ) վարձակալության սկզբում նվազագույն վարձավճարների ներկա արժեքը առնվազն հավասար է վարձակալված ակտիվի իրական արժեքին,
ե) վարձակալված ակտիվների յուրահատուկ բնույթի պատճառով միայն վարձակալն է ի վիճակի օգտագործելու դրանք առանց էական ձևափոխությունների,
զ) եթե վարձակալը կարող է չեղյալ հայտարարել վարձակալությունը, ապա դրանից առաջացող վարձատուի կորուստները կրելու է վարձակալը,
է) իրական մնացորդային արժեքի տատանումներից առաջացող օգուտները կամ վնասները վերագրվում են վարձակալին, և
ը) վարձակալը հնարավորություն ունի շարունակելու վարձակալությունը ևս մեկ ժամկետով այնպիսի վարձավճարով, որը զգալիորեն ցածր է շուկայականից:
Վարձակալությունը վարձակալի ֆինանսական հաշվետվություններում
3.4. Ֆինանսական վարձակալության պայմանագրի համաձայն վարձակալված ակտիվը և համապատասխան պարտավորությունը պետք է ճանաչվեն ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքին համապատասխան: Վարձակալի մոտ ֆինանսական վարձակալության հաշվառման կարգը հետևյալն է.
ա) վարձակալության սկզբում վարձակալված ակտիվը և ապագա վարձավճարների գծով պարտավորությունը պետք է ճանաչվեն միևնույն գումարով, որը հավասար է վարձակալված ակտիվի իրական արժեքին կամ նվազագույն վարձավճարների ներկա արժեքին, եթե վերջինս ավելի ցածր է: Նվազագույն վարձավճարների ներկա արժեքի հաշվարկման ժամանակ որպես զեղչման գործակից է օգտագործվում վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքը 1*),
բ) սկզբնական ուղղակի ծախսումները ներառվում են վարձակալված ակտիվի արժեքի մեջ,
գ) վարձավճարները պետք է բաշխվեն ֆինանսական վճարի և չվճարված պարտավորությունների նվազեցման միջև: Ֆինանսական վճարը վարձակալության ժամկետի ընթացքում ըստ ժամանակաշրջանների պետք է բաշխվի այնպես, որպեսզի ստացվի հաստատուն պարբերական տոկոսադրույք յուրաքանչյուր ժամանակաշրջանի պարտավորության մնացորդի նկատմամբ,
դ) վարձակալված ակտիվների մաշվածության հաշվարկման քաղաքականությունը պետք է համապատասխանի սեփական ակտիվների մաշվածության հաշվարկման քաղաքականությանը, իսկ մաշվածության հաշվարկը պետք է կատարվի` համաձայն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտների: Եթե չկա բավարար համոզվածություն, որ վարձակալը վարձակալության ժամկետի վերջում ձեռք է բերելու սեփականության իրավունքը, ապա ակտիվն ամբողջովին պետք է ամորտիզացվի հետևյալ երկու ժամկետներից ավելի կարճի ընթացքում` վարձակալության ժամկետը կամ օգտակար ծառայության ժամկետը:
3.5. Գործառնական վարձակալության գծով հաշվեգրված վարձավճարները պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվեն որպես ծախս գծային հիմունքով, եթե մեկ այլ սիստեմատիկ հիմունք ավելի լավ չի ներկայացնում օգտագործողի` օգուտների ստացման ժամանակային գրաֆիկը:
---------------
1*) Վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքը զեղչման այն դրույքն է, որը վարձակալության սկզբի դրությամբ ապահովում է, որպեսզի նվազագույն վարձակալական վճարների և չերաշխավորված մնացորդային արժեքի հանրագումարի ներկա (զեղչված) արժեքը հավասարվի վարձակալված ակտիվի իրական արժեքին:
Վարձակալությունը վարձատուի ֆինանսական հաշվետվություններում
3.6. Վարձատուի մոտ ֆինանսական վարձակալության հաշվառման կարգը հետևյալն է.
ա) վարձատուն պետք է ապաճանաչի (դուրս գրի) ֆինանսական վարձակալության տրված ակտիվները իր հաշվեկշռից և ճանաչի դեբիտորական պարտք,
բ) այդ դեբիտորական պարտքը պետք է չափվի վարձակալությունում զուտ ներդրումների 2*) գումարի չափով,
գ) ֆինանսական եկամտի ճանաչումը պետք է հիմնված լինի այնպիսի գրաֆիկի վրա, որը կապահովի հատուցման անփոփոխ պարբերական դրույք ֆինանսական վարձակալության շրջանակներում վարձատուի չմարված զուտ ներդրումների նկատմամբ,
դ) սկզբնական ուղղակի ծախսումները կամ անմիջապես ճանաչվում են որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կամ էլ վարձակալության ժամկետի ընթացքում բաշխվում (ամորտիզացվում) են ֆինանսական եկամտի դիմաց (ճանաչվում են որպես ֆինանսական եկամտի ճշգրտում):
------------------
2*) Պարզ դեպքում, երբ ֆինանսական վարձակալության ժամկետի վերջում սեփականության իրավունքը անցնում է վարձակալին, վարձակալությունում զուտ ներդրումները հավասար են վարձավճարների ներկա արժեքին` զեղչված վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքով:
3.7. Գործառնական վարձակալության տրված ակտիվները պետք է արտացոլվեն վարձատուի հաշվեկշռում: Գործառնական վարձակալության հաշվառման կարգը հետևյալն է`
ա) գործառնական վարձակալության գծով հաշվեգրված վարձավճարները պետք է վարձակալության ժամկետի ընթացքում ճանաչվեն որպես եկամուտ գծային հիմունքով, եթե մեկ այլ սիստեմատիկ հիմունք ավելի լավ չի ներկայացնում ակտիվից օգուտների ստացման ժամանակային գրաֆիկը,
բ) վարձակալված ակտիվների մաշվածության հաշվարկը պետք է կատարվի այն հիմունքով, որը համապատասխանում է նմանատիպ ակտիվների համար վարձատուի կողմից կիրառվող մաշվածության հաշվարկման քաղաքականությանը, իսկ մաշվածության հաշվարկը պետք է կատարվի` համաձայն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտների,
գ) սկզբնական ուղղակի ծախսումները կամ անմիջապես ճանաչվում են որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կամ էլ հետաձգվում են և բաշխվում (ամորտիզացվում) վարձակալության ժամկետի ընթացքում` վարձակալական եկամտի ճանաչմանը համամասնորեն:
Վաճառք հետադարձ վարձակալությամբ
3.8. Եթե վաճառք հետադարձ վարձակալությամբ գործարքը հանգեցնում է ֆինանսական վարձակալության, ապա վաճառքից հասույթի` վարձակալության առարկայի հաշվեկշռային արժեքից ավել մասի ճանաչումը պետք է հետաձգվի և ամորտիզացվի վարձակալության ժամկետի ընթացքում: Եթե հետադարձ վարձակալությունը ֆինանսական վարձակալություն է, ապա գործարքը վարձատուի կողմից վարձակալին ֆինանսական ռեսուրսներ հատկացնելու միջոց է, որում ակտիվը հանդես է գալիս որպես երաշխիք:
3.9. Եթե վաճառք հետադարձ վարձակալությամբ գործարքը հանգեցնում է գործառնական վարձակալության և գործարքը իրականացված է իրական արժեքով, ապա շահույթը կամ վնասը պետք է ճանաչվի անմիջապես: Եթե վաճառքի գինն իրական արժեքից ցածր է, ապա շահույթը կամ վնասը պետք է անմիջապես ճանաչվի, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասները փոխհատուցվում են շուկայական գներից ցածր ապագա վարձավճարներով: Այս դեպքում այն պետք է հետաձգվի և ամորտիզացվի այն ժամանակաշրջանի վարձավճարներին համամասնորեն, որի ընթացքում ակնկալվում է ակտիվի օգտագործումը: Եթե վաճառքի գինն իրական արժեքից բարձր է, ապա իրական արժեքը գերազանցող մասը պետք է հետաձգվի և ամորտիզացվի այն ժամանակաշրջանի ընթացքում, երբ ակնկալվում է ակտիվի օգտագործումը: Եթե իրական արժեքը ցածր է հաշվեկշռային արժեքից, ապա դրանց տարբերությունից առաջացող վնասը պետք է ճանաչվի անմիջապես:
4. Բացահայտում
Վարձակալի մոտ
4.1. Ֆինանսական վարձակալությունների գծով`
ա) հաշվետու ամսաթվի դրությամբ վարձակալված ակտիվների յուրաքանչյուր դասի հաշվեկշռային արժեքը,
բ) հաշվետու ամսաթվի դրությամբ նվազագույն վարձավճարների և դրանց ներկա արժեքի համադրումը հետևյալ յուրաքանչյուր ժամանակահատվածի համար`
I. ոչ ուշ, քան մեկ տարի,
II. ոչ ուշ, քան հինգ տարի,
III. հինգ տարուց ավել,
գ) վարձակալված ակտիվների համար ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտներով պահանջվող բացահայտումները,
դ) նշանակալի վարձակալական պայմանագրերի ընդհանուր նկարագրությունը,
ե) չեղյալ չհայտարարվող ենթավարձակալություններից ակնկալվող ապագա ընդհանուր նվազագույն վարձավճարները հաշվեկշռի ամսաթվի դրությամբ,
զ) ժամանակաշրջանի եկամուտների կազմում ճանաչված պայմանական ռենտաները (վարձավճարները):
4.2. Գործառնական վարձակալությունների գծով`
ա) նշանակալի վարձակալական պայմանագրերի ընդհանուր նկարագրությունը,
բ) տվյալ ժամանակաշրջանի եկամուտների կազմում ճանաչված վարձակալական և ենթավարձակալական վճարները` առանձին ներկայացնելով նվազագույն վարձավճարների, պայմանական ռենտաների և ենթավարձակալական վճարների գումարները,
գ) չեղյալ չհայտարարվող գործառնական վարձակալությունների շրջանակներում ապագա ընդհանուր նվազագույն վարձավճարները վերը նշված 3 ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար,
դ) չեղյալ չհայտարարվող ենթավարձակալություններից ակնկալվող ապագա ընդհանուր նվազագույն վարձավճարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Վարձատուի մոտ
4.3. Ֆինանսական վարձակալությունների գծով`
ա) հաշվետու ամսաթվի դրությամբ վարձակալությունում ընդհանուր համախառն ներդրումների գումարի և նվազագույն վարձավճարների գծով ընդհանուր դեբիտորական պարտքի ներկա արժեքի համադրումը վերը նշված ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար,
բ) չվաստակած ֆինանսական եկամուտը,
գ) նվազագույն վարձավճարների անհավաքագրելիության գծով կուտակված պահուստները,
դ) եկամուտներում ճանաչված պայմանական ռենտաները,
ե) նշանակալի վարձակալական պայմանագրերի ընդհանուր նկարագրությունը,
զ) չերաշխավորված մնացորդային արժեքները:
4.4. Գործառնական վարձակալությունների գծով`
ա) ակտիվների յուրաքանչյուր դասի համար` համախառն հաշվեկշռային արժեքը, կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, ինչպես նաև ֆինանսական արդյունքներում ճանաչված մաշվածությունը, արժեզրկումից կորուստները և դրանց հակադարձումները,
բ) նշանակալի վարձակալական պայմանագրերի ընդհանուր նկարագրությունը,
գ) չեղյալ չհայտարարվող գործառնական վարձակալության շրջանակներում ընդհանուր ապագա նվազագույն վարձավճարները վերը նշված ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար,
դ) եկամուտներում ճանաչված ընդհանուր պայմանական ռենտաները:
Վաճառք հետադարձ վարձակալությամբ
4.5. Վարձակալները և վարձատուները պետք է կիրառեն բացահայտման միևնույն (արդեն վերը նկարագրված) պահանջները:
4.6. Որոշ հոդվածներ կարող են բացահայտվել առանձին` ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի համաձայն:
Հավելված 1. Վարձակալության արտացոլման հաշվապահական ձևակերպումները
Վարձակալի մոտ
1. Ֆինանսական վարձակալությամբ ակտիվների ստացման արտացոլում (իրական արժեքով կամ նվազագույն վարձավճարների ներկա արժեքով, եթե վերջինս ավելի ցածր է) 3*)`
Դեբետ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
Կրեդիտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարներ»:
---------------
3*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում`
Դեբետ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
Կրեդիտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»:
3. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրում ծախսերին`
Դեբետ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»
Կրեդիտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» կամ
Կրեդիտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»:
4. Ֆինանսական վարձակալության գծով վարձավճարների վճարում`
Դեբետ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
Կրեդիտ դրամական միջոցները հաշվառող հաշիվներ (օրինակ` 251, 252 և այլն):
5. Գործառնական վարձակալության գծով հաշվեգրված վարձավճարների արտացոլում`
Դեբետ ծախսերը և ծախսումները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 712, 713, 813 և այլն)
Կրեդիտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:
Վարձատուի մոտ
1. Ֆինանսական վարձակալությամբ տրված ակտիվների դուրս գրման արտացոլում.
ա) երբ վարձակալության տրված ակտիվների հաշվեկշռային արժեքը փոքր է վարձակալությունում զուտ ներդրումների մեծությունից`
Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կրեդիտ ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113 և այլն)
ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով, և
Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» վարձակալությունում զուտ ներդրումների և ակտիվների հաշվեկշռային արժեքի տարբերության չափով,
բ) երբ վարձակալության տրված ակտիվների հաշվեկշռային արժեքը մեծ է վարձակալությունում զուտ ներդրումների մեծությունից`
Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կրեդիտ ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113 և այլն)
վարձակալությունում զուտ ներդրումների չափով, և
Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կրեդիտ ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113 և այլն)
ակտիվների հաշվեկշռային արժեքի և վարձակալությունում զուտ ներդրումների տարբերության չափով:
2. Ֆինանսական վարձակալության գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում`
Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»:
3. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին`
Դեբետ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» կամ
Դեբետ 237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»:
4. Ֆինանսական վարձակալության գծով վարձավճարների ստացում`
Դեբետ դրամական միջոցները հաշվառող հաշիվներ (օրինակ` 251, 252 և այլն)
Կրեդիտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»:
5. Գործառնական վարձակալության տրված ակտիվների գծով հաշվեգրված վարձավճարների արտացոլում`
Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»:
6. Գործառնական վարձակալության տրված ակտիվների մաշվածության ծախսերի արտացոլում`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ ակտիվների մաշվածությունը հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 112, 132 և այլն):
Հավելված 2. Ֆինանսական վարձակալության արտացոլման օրինակ
01.01.1995թ. Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը վարձակալությամբ հանձնել է ինքնաթիռ: Այս վարձակալությունը դասակարգվել է որպես ֆինանսական վարձակալություն: Վարձակալության ժամկետը 10 տարի է, որից հետո ինքնաթիռի նկատմամբ սեփականության իրավունքը անցնելու է վարձակալին: Ինքնաթիռի իրական արժեքը վարձակալության ամսաթվի դրությամբ կազմել է 1.000.000 հազար դրամ, իսկ հաշվեկշռային արժեքը (վարձատուի մոտ)` 800.000 հազար դրամ: Վճարումների ժամանակացույցը հետևյալն է.
Վճարման ամսաթիվը Հազար դրամ
01.01.1996թ 150.000
01.01.1997թ 150.000
01.01.1998թ 150.000
01.01.1999թ 150.000
01.01.2000թ 150.000
01.01.2001թ 150.000
01.01.2002թ 150.000
01.01.2003թ 150.000
01.01.2004թ 150.000
01.01.2005թ 150.000
Ընդամենը 1.500.000
Վարձակալի մոտ.
1. Վարձակալության սկզբի դրությամբ վարձակալված ինքնաթիռի և վարձավճարների գծով պարտավորության արտացոլում`
Դեբետ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 1.000.000 (ինքնաթիռի իրական արժեքով)
Դեբետ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների
գծով» 500.000 (վարձավճարների վճարման գծով պարտավորության և ինքնաթիռի իրական արժեքի տարբերության չափով)
Կրեդիտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 1.500.000 (վարձավճարների վճարման գծով պարտավորության չափով):
2. Հաշվարկում ենք վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքը (այն պայմանից, որ վարձավճարների ներկա արժեքը պետք է հավասար լինի ինքնաթիռի իրական արժեքին), որը անուիտետի (հավասար ժամանակահատվածներում հավասար գումարների վճարում կամ ստացում) ներկա արժեքի որոշման աղյուսակներից որոշում ենք, որ մոտավորապես հավասար է 8%:
3. Չկրած տոկոսային ծախսերի` յուրաքանչյուր ժամանակաշրջանի ընթացքում ծախսերին հաշվեգրման գումարը որոշվում է հետևյալ կերպ` 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշվի կրեդիտային մնացորդից հանում ենք 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվի դեբետային մնացորդի` ֆինանսական վարձակալությանը վերաբերող մասը և ստացվածը բազմապատկում վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքով` 0.08-ով: Այսպես, 1995թ. համար այդ գումարը կկազմի (1.500.000 - 500.000) x 0.08 = 80.000 հազար դրամ, 1996թ. համար` (1.350.000 - 420.000) x 0.08 = 74.400 հազար դրամ (1.350.000 = 1.500.000 - 150.000, իսկ 420.000 = 500.000 - 80.000), և այլն: Չկրած տոկոսային ծախսերի` ծախսերին հաշվեգրման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»
Կրեդիտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»:
4. Վարձավճարների վճարման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 150.000
Կրեդիտ դրամական միջոցները հաշվառող հաշիվներ 150.000:
Վարձատուի մոտ.
1. Ինքնաթիռի` ֆինանսական վարձակալության հանձնման արտացոլում`
Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 1.500.000 (վարձավճարների ստացման գծով դեբիտորական պարտքի չափով)
Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 800.000 (ինքնաթիռի հաշվեկշռային արժեքի չափով)
Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 200.000 (ինքնաթիռի իրական արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով)
Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 500.000 (վարձավճարների ստացման գծով դեբիտորական պարտքի և ինքնաթիռի իրական արժեքի տարբերության չափով):
2. Չվաստակած ֆինանսական եկամտի` յուրաքանչյուր ժամանակաշրջանի ընթացքում եկամուտներին հաշվեգրման գումարը որոշվում է չկրած տոկոսային ծախսերի համար վերը նկարագրված եղանակին համանման` 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշվի դեբետային մնացորդից հանում ենք 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշվի կրեդիտային մնացորդի` ֆինանսական վարձակալությանը վերաբերող մասը և ստացվածը բազմապատկում վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքով` 0.08-ով: Չվաստակած ֆինանսական եկամտի` եկամուտներին հաշվեգրման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»:
3. Վարձավճարների ստացման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ դրամական միջոցները հաշվառող հաշիվներ 150.000
Կրեդիտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 150.000:
ՀՀՀՀՍ 18 «ՀԱՍՈՒՅԹ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 18-ի նպատակն է ներկայացնել սովորական գործունեությունից առաջացող հասույթի հաշվապահական հաշվառման մոտեցումը: ՀՀՀՀՍ 18-ում հիմնականում քննարկվում են հետևյալ խնդիրները.
ա) հասույթի առանձնացումը այլ տիպի եկամուտներից,
բ) հասույթի ճանաչման չափանիշների որոշումը,
գ) ներկայացնում են ճանաչման պահի, ճանաչվող գումարի և բացահայտման ենթակա տեղեկատվության վերաբերյալ գործնական ցուցումներ:
2. Գործողության ոլորտը
2.1. ՀՀՀՀՍ 18-ը կիրառվում է հետևյալ գործարքներից և դեպքերից առաջացող հասույթը հաշվառելիս`
ա) ապրանքների վաճառք,
բ) ծառայությունների մատուցում,
գ) այլ անձանց կողմից կազմակերպության ակտիվների օգտագործում, որը բերում է տոկոսներ, ռոյալթիներ և շահաբաժիններ:
2.2. Հասույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն ներհոսքն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի:
2.3. Հասույթը ներառում է ստացված կամ ստացվելիք տնտեսական օգուտների միայն այն համախառն ներհոսքը, որը պատկանում է տվյալ կազմակերպությանը: Հասույթների կազմում չեն ներառվում երրորդ անձանց անունից հավաքագրված գումարները (օրինակ` ակցիզային հարկը, ավելացված արժեքի հարկը):
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Հասույթը պետք է չափվի ստացված (ստացվելիք) հատուցման իրական արժեքով, ընդ որում`
ա) իրական արժեքը որոշելիս հաշվի են առնվում կազմակերպության կողմից տրամադրվող ցանկացած առևտրական զեղչերի և իջեցումների գումարները:
բ) սովորաբար հատուցումն ունի դրամական միջոցների տեսք, իսկ հասույթը` ստացված կամ ստացվելիք դրամական միջոցների գումարն է: Երբ դրամական միջոցների ստացումը հետաձգվում է, հնարավոր է, որ հատուցման իրական արժեքը ցածր լինի ստացված կամ ստացվելիք դրամական միջոցների անվանական արժեքից: Օրինակ` երբ ապրանքը վաճառվում է ապառիկ, կազմակերպությունը կարող է ապրանքների վաճառքից ստացվելիք գումարը համարել վարկ: Ըստ էության գործարքը դառնում է ֆինանսական: Անհրաժեշտ է որոշել արդյունավետ տոկոսադրույքը, և այն կիրառելով` որոշել հատուցման իրական արժեքը: Իրական արժեքի և հատուցման անվանական գումարի տարբերությունը ճանաչվում է առանձին` որպես տոկոսային եկամուտ:
գ) երբ ապրանքները կամ ծառայությունները փոխանակվում են նույն բնույթի և արժեքի ապրանքներով ու ծառայություններով, ճանաչվող հասույթ չի առաջանում:
դ) երբ ապրանքներն ու ծառայությունները փոխանակվում են ոչ նմանատիպ ապրանքներով ու ծառայություններով, հասույթը ճանաչվում է և չափվում ստացվող ապրանքների ու ծառայությունների իրական արժեքով:
3.2. Որոշ հանգամանքներում անհրաժեշտ է ճանաչման չափանիշները կիրառել գործարքի առանձին բաղկացուցիչների նկատմամբ` գործարքի էությունն արտացոլելու նպատակով: Օրինակ` երբ ապրանքի վաճառքի գինն ընդգրկում է հետագա ծառայությունների որոշակի գումար, ապա այդ գումարը հետաձգվում և ճանաչվում է հասույթ այն ժամանակաշրջանում, երբ մատուցվում է ծառայությունը: Ի տարբերություն վերը նշվածի, ճանաչման չափանիշները կիրառվում են երկու կամ ավելի գործարքների նկատմամբ միասին, երբ դրանք այնպես են փոխկապակցված, որ դրանց առևտրական արդյունքը չի կարող ընկալվել առանց մի շարք գործարքները որպես միասնական երևույթ դիտարկելու: Օրինակ` կազմակերպությունը կարող է վաճառել ապրանքներ և, միևնույն ժամանակ, կնքել պայմանագիր` ավելի ուշ ետ գնելու այդ ապրանքները` այդպիսով ժխտելով գործարքի ինքնուրույն արդյունքը: Այս դեպքում երկու գործարքները դիտարկվում են միասին:
3.3. Ապրանքների վաճառքից ստացվող հասույթը ճանաչվում է, երբ`
ա) կազմակերպությունը գնորդին է փոխանցում ապրանքների սեփականության հետ կապված ռիսկերի և փոխհատուցումների մեծ մասը,
բ) կազմակերպությունն այլևս չի մասնակցում վաճառված ապրանքի կառավարմանը և չի իրականացնում վաճառված ապրանքի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն,
գ) հնարավոր է արժանահավատորեն չափել հասույթի գումարը,
դ) հավանական է, որ գործարքի հետ կապված տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն,
ե) գործարքին վերաբերող ծախսերը հնարավոր է արժանահավատորեն չափել:
3.4. Երբ առաջանում է հասույթի մեջ արդեն ներառված գումարի հավաքագրման անորոշություն, չհավաքագրված գումարը ճանաչվում է ծախս և ոչ թե հասույթի գումարի ճշգրտում:
3.5. Հասույթը չի կարող ճանաչվել, երբ ծախսերը հնարավոր չէ արժանահավատորեն չափել: Ապրանքների վաճառքից արդեն ստացված հատուցումը ճանաչվում է որպես ստացված կանխավճար այնքան ժամանակ, քանի դեռ հասույթը չի ճանաչվել:
3.6. Երբ ծառայությունների մատուցման գործարքի արդյունքը հնարավոր է արժանահավատորեն գնահատել, գործարքից հասույթը ճանաչվում է հաշվետու ամսաթվի դրությամբ գործարքի ավարտման աստիճանի հիման վրա: Գործարքի արդյունքը կարելի է արժանահավատորեն գնահատել, եթե`
ա) հնարավոր է արժանահավատորեն չափել հասույթի գումարը,
բ) հավանական է, որ գործարքի հետ կապված տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն,
գ) հնարավոր է արժանահավատորեն որոշել գործարքի ավարտման աստիճանը,
դ) հնարավոր է արժանահավատորեն որոշել գործարքի կատարման ժամանակ արված և գործարքն ավարտելու համար անհրաժեշտ ծախսումները:
3.7. Երբ ծառայությունների մատուցման գործարքի արդյունքը հնարավոր չէ արժանահավատորեն գնահատել, հասույթը պետք է ճանաչվի միայն ճանաչված այն ծախսերի չափով, որոնք կփոխհատուցվեն:
3.8. Գործարքի ավարտվածության աստիճանը կարող է որոշվել տարբեր եղանակներով, այդ թվում` ՀՀՀՀՍ 11-ում նկարագրված մեթոդներով (օրինակ` կատարված ծախսումների և գործարքի գնահատված ընդհանուր ծախսումների ծավալի հարաբերակցությամբ): Հասույթի ճանաչումը, հաշվի առնելով գործարքի ավարտման աստիճանը, կոչվում է ավարտվածության տոկոսի մեթոդ: Այս մեթոդի համաձայն` հասույթը ճանաչվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ մատուցվում են ծառայությունները:
3.9. Այլ անձանց կողմից կազմակերպության ակտիվներն օգտագործելիս առաջացող հասույթները` տոկոսներ, ռոյալթիներ և շահաբաժիններ, պետք է ճանաչվեն, երբ`
ա) հավանական է, որ գործարքի հետ կապված տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն,
բ) հնարավոր է արժանահավատորեն չափել հասույթների գումարը:
3.10. Այլ անձանց կողմից կազմակերպության ակտիվներն օգտագործելիս առաջացող հասույթները` տոկոսներ, ռոյալթիներ և շահաբաժիններ, պետք է ճանաչվեն հետևյալ հիմունքներով`
ա) տոկոսները` ժամանակային համամասնության հիմունքով, որը հաշվի է առնում ակտիվի արդյունավետ եկամտաբերությունը,
բ) ռոյալթիները` հաշվեգրման սկզբունքով (պայմանագրի բովանդակությանը համապատասխան),
գ) շահաբաժինները` երբ սահմանված է վճարը ստանալու իրավունքը:
4. Բացահայտում
4.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ պետք է բացահայտվի`
ա) հասույթի ճանաչման համար կիրառվող հիմունքները,
բ) ծառայությունների մատուցման գործարքների ավարտման աստիճանի որոշման համար ընդունված մեթոդները:
4.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում և ծանոթագրություններում պետք է բացահայտվի`
ա) հասույթների ցանկացած կարևոր խմբի գումարը, ներառյալ հետևյալ աղբյուրներից հասույթները`
I. ապրանքների վաճառք,
II. ծառայությունների մատուցում,
III. տոկոսներ,
IV. ռոյալթիներ,
V. շահաբաժիններ,
բ) ապրանքների և ծառայությունների փոխանակման արդյունքում ճանաչված հասույթի գումարը:
Հավելված 1. Հասույթի արտացոլման հաշվապահական ձևակերպումները
1. Արտադրանքի, ապրանքների իրացումից հասույթի արտացոլում 1*)`
Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»:
-----------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Իրացված արտադրանքի, ապրանքների ինքնարժեքի արտացոլում`
Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կրեդիտ արտադրանքը և ապրանքները հաշվառող հաշիվներ (215 և 216):
3. Աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից հասույթի արտացոլում`
Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»:
4. Կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների ինքնարժեքի արտացոլում`
Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»:
5. Այլ պաշարների իրացումից հասույթի արտացոլում`
Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»:
6. Վաճառված այլ պաշարների ինքնարժեքի արտացոլում`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ պաշարները հաշվառող համապատասխան հաշիվներ (211, 212, 213, 214):
7. Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից հասույթի արտացոլում`
Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»:
8. Վաճառված ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`
Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կրեդիտ ոչ ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվներ (111, 113, 115, 116, 118, 122 և այլն):
9. Տոկոսային եկամուտների արտացոլում.
ա) ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով`
Դեբետ չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով (147 և 238)
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
բ) իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով`
Դեբետ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ (143 և 232)
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
գ) սկզբնական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով`
Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»:
10. Ստացվելիք շահաբաժինների և ռոյալթիների արտացոլում`
Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»:
Հավելված 2. Իրացումից հասույթի ճանաչման օրինակ
Ա կազմակերպությունը 01.01.2000թ. Բ կազմակերպությանն ապառիկ վաճառում է շահագործումից հանված և վաճառքի համար պահվող սարքավորում, ընդ որում` անմիջապես վճարման դեպքում սարքավորումը կարժենար 800 հազար դրամ: Սարքավորման հաշվեկշռային արժեքը կազմում է 700 հազար դրամ:
Վճարման ժամանակացույցը հետևյալն է`
01.01.2001թ. - 200 հազար դրամ
01.01.2002թ. - 200 հազար դրամ
01.01.2003թ. - 200 հազար դրամ
01.01.2004թ. - 200 հազար դրամ
01.01.2005թ. - 200 հազար դրամ
Ընդամենը - 1.000 հազար դրամ:
Ա կազմակերպությունը պետք է.
ա) վաճառքից ստացվելիք գումարն արտացոլի իրական արժեքով` 800.000 դրամ,
բ) հատուցման անվանական գումարի և իրական արժեքի տարբերությունը` 200.000 դրամ (1.000.000- 800.000) ճանաչի որպես տոկոսային եկամուտ,
գ) արդյունավետ տոկոսադրույքի միջոցով հաշվարկի տարեկան տոկոսային եկամուտը (այս օրինակում դա այն տոկոսադրույքն է, որը 1.000 հազար դրամը հինգ տարում կզեղչի մինչև 800 հազար դրամ` հաշվի առնելով մարումները):
1. 01.01.2000թ. դրությամբ տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
ա) վաճառված սարքավորման հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`
Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 700.000
Կրեդիտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 700.000
բ) սարքավորման վաճառքից հասույթի արտացոլում`
Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 800.000
Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 800.000
2. Ենելով ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքից` դեբիտորական պարտքերը վերադասակարգվում են որպես երկարաժամկետ փոխառություն`
Դեբետ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք
համախառն մուտքեր» 1.000.000
Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 800.000
Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
200.000
3. Անուիտետի (հավասար ժամանակահատվածներում հավասար գումարների վճարում կամ ստացում) ներկա արժեքի որոշման աղյուսակներից որոշում ենք, որ արդյունավետ տոկոսադրույքը մոտավորապես հավասար է 8%:
4. Տոկոսային եկամուտների` յուրաքանչյուր ժամանակաշրջանի ընթացքում եկամուտներին հաշվեգրման գումարը որոշվում է հետևյալ կերպ` դեբիտորական պարտքի մնացորդը բազմապատկվում է արդյունավետ տոկոսադրույքով: Այսպես, հաշվեգրված տոկոսային եկամուտների գումարը կկազմի`
2001թ. - (1.000.000 - 200.000) X 0.08 = 800.000 X 0.08 = 64.000 դրամ
2002թ. - (800.000 - 136.000) X 0.08 = 664.000 X 0.08 = 53.120 դրամ
2003թ. - (600.000 - 82.880) X 0.08 = 517.120 X 0.08 = 41.370 դրամ
և այսպես շարունակ:
.________________________________________________________________.
| Տարվա | Վճարման | Հաշվեգրված | Հիմնական | Հիմնական |
| վերջը | գումարը | տոկոսներ | գումարի | գումարի |
| | | | փոփոխություն | մնացորդը |
| | | | (սյուն 3 - | |
| | | | սյուն 2) | |
|___________|___________|_____________|______________|___________|
| I | 200.000 | 64.000 | (136.000) | 664.000 |
|___________|___________|_____________|______________|___________|
| II | 200.000 | 53.120 | (146.880) | 517.120 |
|___________|___________|_____________|______________|___________|
| III | 200.000 | 41.370 | (158.630) | 358.490 |
|___________|___________|_____________|______________|___________|
| IV | 200.000 | 28.679 | (171.321) | 187.169 |
|___________|___________|_____________|______________|___________|
| V | 200.000 | 12.831 2*)| (187.169) | 0 |
|___________|___________|_____________|______________|___________|
| Ընդամենը |1.000.000 | 200.000 | 800.000 | |
.________________________________________________________________.
6. Տոկոսային եկամուտների` եկամուտներին հաշվեգրման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
5. Գումարների ստացման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ Դրամական միջոցները հաշվառող հաշիվներ 200.000
Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտք վաճառքների գծով» 200.000:
--------------
2*) Այս թիվը ստացվում է մնացորդային եղանակով:
ՀՀՀՀՍ 20 «ՊԵՏԱԿԱՆ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 20-ի նպատակն է սահմանել պետական օգնության (պետական շնորհի մասով) հաշվառման կարգը և պետական օգնության վերաբերյալ բացահայտումների պահանջները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 20-ը կիրառվում է պետական շնորհները հաշվառելիս և դրանք բացահայտելիս, ինչպես նաև պետական օգնության այլ ձևերը բացահայտելիս:
ՀՀՀՀՍ 20-ը չի առնչվում պետական օգնությանը, որը տրվում է կազմակերպությանն արտոնությունների ձևով` հարկվող շահույթը կամ շահութահարկի մեծությունը որոշելիս (ինչպես` շահութահարկից ժամանակավոր ազատելը, ներդրում կատարելիս` հարկային զեղչերը, արագացված ամորտիզացիայի մասհանումները և շահութահարկի նվազեցված դրույքաչափերը):
3.Հաշվապահական մոտեցումները
3.1. Պետությունը կառավարությունն է, պետական գերատեսչությունները և նմանատիպ մարմինները` ինչպես տեղական, ազգային, այնպես էլ միջազգային:
3.2. Պետական օգնությունը պետության կողմից իրականացվող միջոցառում է, որի նպատակն է յուրահատուկ տնտեսական օգուտների տրամադրումը կազմակերպությանը (կազմակերպություններին): Պետական օգնությունը չի ներառում այն արտոնությունները, որոնք տրվում են միայն անուղղակիորեն` առևտրային գործունեության ընդհանուր պայմաններին նպաստող միջոցառումների ձևով, ինչպիսիք են որոշակի, օրինակ` զարգացող շրջաններում ենթակառուցվածքների ապահովումը կամ մրցակիցների նկատմամբ առևտրային սահմանափակումների կիրառումը:
3.3. Պետական շնորհը պետության կողմից միջոցների փոխանցումն է կազմակերպությանը` անցյալում կամ ապագայում կազմակերպության գործառնական գործունեությանը վերաբերող որոշակի պայմանների դիմաց: Պետական շնորհները դասակարգվում են.
ա) ակտիվներին վերաբերող շնորհների` պետական շնորհներ են, որոնց հիմնական պայմանն այն է, որ շնորհ ստացող կազմակերպությունը պետք է գնի, կառուցի կամ այլ կերպ ձեռք բերի երկարաժամկետ (ոչ ընթացիկ) ակտիվներ:
բ) եկամուտներին վերաբերող շնորհների` պետական այլ շնորհներն են, որոնք չեն վերաբերում ակտիվներին:
3.4. Պետական շնորհները, ներառյալ ոչ դրամային շնորհները, ճանաչվում և չափվում են իրենց իրական արժեքով այն դեպքերում, երբ կա հիմնավորված երաշխիք, որ.
ա) կազմակերպությունը կատարելու է դրան կից պայմանները, և
բ) շնորհները ստացվելու են:
Անկախ նրանից` շնորհը ստացվել է դրամական միջոցների տեսքով, թե որպես պետության հանդեպ ունեցած պարտավորության կրճատում, այն հաշվառվում է նույն ձևով:
Ներելի փոխառությունը (երբ փոխատուն որոշակի պայմանների կատարման դեպքում չի պահանջում դրա մարումը) դիտվում է որպես պետական շնորհ, երբ կա հիմնավորված երաշխիք, որ կազմակերպությունը կբավարարի փոխառությունը չվերադարձնելու պայմանները:
3.5. Պետական շնորհները պետք է ճանաչվեն եկամուտ և չպետք է կրեդիտագրվեն անմիջականորեն սեփական կապիտալին: Եկամուտները ճանաչվում են սիստեմատիկ հիմունքով այն ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում դրանք փոխհատուցում են համապատասխան ծախսումները: Օրինակ`
ա) ամորտիզացվող (մաշվող) ակտիվներին վերաբերող շնորհները ճանաչվում են որպես եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում և այն համամասնություններով, ըստ որոնց հաշվարկվում է այդ ակտիվների մաշվածությունը,
բ) հողամասի ձևով շնորհի ստացումը կարող է պայմանավորված լինել այդ հողամասի վրա շենքի կառուցումով և այն կարող է համապատասխանաբար ճանաչվել որպես եկամուտ այդ շենքի օգտակար ծառայության ընթացքում:
3.6. Պետական շնորհը, որը հատկացվում է կազմակերպությանը` որպես հատուցում արդեն կրած ծախսերի կամ վնասների, կամ որպես շտապ ֆինանսական օգնություն` առանց հետագա համապատասխան ծախսումներ կրելու, պետք է ճանաչվի որպես եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ այն դառնում է ստացման ենթակա գումար:
3.7. Երբեմն որոշակի պայմանների չկատարման դեպքում պետական շնորհները դառնում են վերադարձման ենթակա: Պետական շնորհը, որը դառնում է վերադարձման ենթակա, հաշվառման մեջ արտացոլվում է որպես հաշվառման գնահատումների վերանայում (տես` ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»):
Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձումը առաջին հերթին պետք է կատարվի տվյալ շնորհի հետ կապված չմարված հետաձգված (դեռևս եկամուտ չճանաչված) կրեդիտային մնացորդի հաշվին: Այնքանով, որքանով վերադարձման ենթակա գումարը գերազանցում է այդպիսի հետաձգված կրեդիտային մնացորդը, կամ եթե հետաձգված կրեդիտային մնացորդ չկա, ապա վերադարձումը պետք է անմիջապես ճանաչվի որպես ծախս:
Ակտիվին վերաբերող շնորհների վերադարձումը պետք է արտացոլվի հետաձգված եկամուտների կրճատման միջոցով` վերադարձման գումարի չափով: Երբ հետաձգված եկամտի մեծությունը չի բավարարում շնորհի վերադարձմանը, չբավարարող մասի չափով այն ճանաչվում է որպես ծախս:
3.8. Պետական օգնության որոշ ձևերը, որոնք չեն կարող հիմնավորված կերպով արժեքավորվել, ինչպես նաև պետության հետ կատարվող գործարքները, որոնք չեն կարող առանձնացվել կազմակերպության բնականոն առևտրային գործարքներից, չեն ընդգրկվում պետական շնորհների կազմում: Այդպիսի օգնության տեսակներ են.
ա) տեխնիկական և մարքեթինգի հարցերի վերաբերյալ անվճար խորհրդատվությունը,
բ) երաշխիքների տրամադրումը,
գ) պետական գնումների քաղաքականության իրականացումը, որն ապահովում է կազմակերպության վաճառքի ծավալի մի մասը,
դ) անտոկոս կամ ցածր տոկոսադրույքով փոխառությունների տրամադրումը (ընդ որում օգուտները չեն չափվում տոկոսների կուտակման միջոցով):
4. Ներկայացում և բացահայտում
4.1. Պետական շնորհները ներկայացվում են որպես հետաձգված եկամուտ:
4.2. Ֆինանսական հաշվետվություններում պետք է բացահայտվեն.
ա) պետական շնորհների համար ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ներառյալ ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության արտացոլման մեթոդները,
բ) պետական շնորհների բնույթն ու չափը, որոնք ճանաչված են ֆինանսական հաշվետվություններում, և պետական օգնության այլ ձևերը, որոնցից կազմակերպությունն ուղղակիորեն օգտվել է, և
գ) ճանաչված պետական օգնությանը ուղեկցող չկատարված պայմանները և այլ պայմանավորվածությունները:
Հավելված 1. Պետական շնորհների արտացոլման հաշվապահական ձևակերպումները
1. Ակտիվներին վերաբերող շնորհների ստացում 1*)`
Դեբետ համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113, 115 և այլն)
Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»:
-----------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Ակտիվներին վերաբերող շնորհներից հետաձգված եկամուտների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին`
Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
Կրեդիտ 628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ»:
3. Ակտիվներին վերաբերող շնորհների վերադարձում.
ա) չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին`
Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113, 115 և այլն)
բ) չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող մասով`
Դեբետ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»:
4. Եկամուտներին վերաբերող շնորհների ստացում`
Դեբետ համապատասխան հաշիվներ (օրինակ` 211, 213, 251, 252 և այլն)
Կրեդիտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»:
5. Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին`
Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ» կամ
Կրեդիտ 631 «Արտասովոր եկամուտներ»:
6. Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձում.
ա) չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին`
Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 211, 213, 251, 252 և այլն):
բ) չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող մասով`
Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր» կամ
Դեբետ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»:
Հավելված 2. Պետական շնորհների հաշվառման օրինակ
Ա կազմակերպությունը ստացել է 20.000 հազ. դրամ պետական շնորհ` արտադրական գործարանի շինարարության համար, որի նախագծային արժեքը կազմում է 98.000 հազ. դրամ: Շնորհի հիմնական պայմանի համաձայն` շնորհի ստացումը կախված է կապիտալ ծախսումների մակարդակից: Շնորհի ստացման երկրորդ պայմանի համաձայն կազմակերպությունը պետք է ապահովի 500 աշխատատեղ: Եթե կապիտալ ծախսումներն ավելի ցածր լինեն նախատեսվածից, շնորհի մի մասը պետք է վերադարձվի շնորհը հատկացնողին: Շնորհի 20%-ը պետք է վերադարձվի հատկացնողին, եթե ակտիվների ձեռքբերման վերջին ամսաթվից հետո 18 ամսվա ընթացքում չապահովվեն համապատասխան աշխատատեղերը:
Գործարանը հանձնվել է շահագործման 2003 թ. հունվարի 1-ին, նրա ընդհանուր արժեքը կազմել է 100.000 հազ. դրամ: Գործարանի ակնկալվող օգտակար ծառայության ժամկետը 20 տարի է, մաշվածությունը (ամորտիզացիան) հաշվառվում է գծային մեթոդով, մնացորդային արժեքը 0 է:
Շնորհը պետք է ճանաչվի եկամուտ սիստեմատիկ հիմունքով համապատասխան ժամանակաշրջանների ընթացքում և վերագրվի այն ծախսումներին, որոնց այն փոխհատուցում է:
Բարդություններ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ շնորհի պայմաններով ոչ բավարար ճշգրտությամբ են սահմանվում այն ծախսերը, որոնց փոխհատուցման համար նախատեսված է շնորհը: Շնորհները կարող են հատկացվել կապիտալ և ընթացիկ ծախսումները ներառող ծախսերը ծածկելու պայմանով: Այդ դեպքում պահանջվում է շնորհի պայմանների մանրամասն վերլուծություն:
Աշխատատեղերի ապահովման պայմանը ավելի շուտ պետք է դիտարկվի որպես լրացուցիչ պայման աշխատուժը կապիտալով փոխարինելը կանխելու համար, և ոչ թե որպես շնորհի հատկացման պատճառ: Հետևաբար այս շնորհը համարվում է ակտիվներին վերաբերող շնորհ: ՀՀՀՀՍ 20-ում ակտիվներին վերաբերող շնորհների ներկայացման մեթոդի կիրառությունը ցույց տանք կազմակերպության գործունեության 3 տարիների օրինակով.
Առաջին 3 տարիների համար կազմակերպության հաշվեկշռում գրանցումները կունենան հետևյալ տեսքը.
._____________________________________________________________________.
| | 2005թ. | 2004թ. | 2003թ. |
| | մլն. դրամ | մլն. դրամ | մլն. դրամ|
|__________________________________|___________|___________|__________|
| Ձեռքբերման սկզբնական արժեք | 100.000 | 100.000 | 100.000 |
| Կուտակված մաշվածություն | (15.000) | (10.000) | (5.000) |
._____________________________________________________________________.
85.000 90.000 95000
_____________________________
Համապատասխան տարիների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է ճանաչվեն հետևյալ գումարները.
.__________________________________________________________________.
| | 2005թ. | 2004թ. | 2003թ. |
| | մլն. դրամ | մլն. դրամ | մլն. դրամ |
|______________________________|___________|___________|___________|
| Մաշվածություն (ծախս) | 5000 | 5000 | 5000 |
| (100000000 / 20) | | | |
|______________________________|___________|___________|___________|
| Պետական շնորհ (եկամուտ) | (1000) | (1000) | (1000) |
| (20000000 / 20) | | | |
.__________________________________________________________________.
Նշված գումարները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է դիտարկվեն որպես առանձին հոդված և, համաձայն ներկայացման այս մեթոդի, չեն կարող հաշվանցվել:
ՀՀՀՀՍ 21 «ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 21-ի նպատակն է սահմանել արտարժույթով գործարքների հաշվառման և արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման կարգը: ՀՀՀՀՍ 21-ը սահմանում է`
ա) այն փոխարժեքը, որը պետք է կիրառել հաշվառումը վարելու և վերահաշվարկն իրականացնելու համար,
բ) ինչպես ճանաչել փոխարժեքի փոփոխությունների ֆինանսական հետևանքները:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 21-ը ստանդարտը պետք է կիրառվի.
ա) արտարժույթով գործարքները հաշվառելիս, և
բ) արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունները վերահաշվարկելիս:
3. Հաշվապահական մոտեցումները
Արտարժույթով գործարքներ
3.1. Արտարժույթով գործարքներ են համարվում այն գործարքները, որոնք սահմանված են արտարժույթով, կամ որոնք պահանջում են արտարժույթով կատարում (կարգավորում), ներառյալ այն գործարքները, երբ կազմակերպությունը.
ա) գնում կամ վաճառում է ապրանքներ կամ ծառայություններ, որոնց գինը սահմանված է արտարժույթով,
բ) վերցնում կամ հատկացնում է փոխառություններ, որոնց վճարման կամ ստացման ենթական գումարները սահմանված են արտարժույթով,
գ) դառնում է արտարժույթի փոխանակման դեռևս չիրականացված պայմանագրի կողմ, կամ
դ) այլ ձևով ձեռք է բերում կամ օտարում (իրացնում) է ակտիվներ, ստանձնում կամ մարում է պարտավորություններ, որոնք սահմանված են արտարժույթով:
3.2. Արտարժույթով գործարքների ճանաչման և չափման համար կիրառվում են հետևյալ կանոնները.
ա) արտարժույթով գործարքը սկզբնական ճանաչման պահին պետք է գրանցվի հաշվետվական արժույթով` կիրառելով գործարքի օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ սահմանված հաշվարկային փոխարժեքը,
բ) եթե արտարժույթով դրամային հոդվածների (այսինքն` առկա դրամական միջոցների, ինչպես նաև դրամական միջոցներով ստացման կամ վճարման ենթակա ակտիվների կամ պարտավորությունների) մարումը կամ օգտագործումը չի կատարվել այդ հոդվածների սկզբնական ճանաչման ժամանակաշրջանում, ապա հաշվետու ամսաթվի դրությամբ դրանք վերահաշվարկվում են` կիրառելով փակման փոխարժեքը (այսինքն` հաշվետու ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը),
գ) եթե արտարժույթով դրամային հոդվածների մարումը տեղի է ունեցել այդ հոդվածների սկզբնական ճանաչման ժամանակաշրջանում, ապա մարման (օգտագործման) ամսաթվի դրությամբ դրանք վերահաշվարկվում են` կիրառելով այդ ամսաթվի դրությամբ առկա փոխարժեքը,
դ) ոչ դրամային հոդվածները պետք է ներկայացվեն գործարքի օրվա փոխարժեքով,
ե) փոխարժեքային տարբերությունների ճանաչման հիմնական մոտեցման համաձայն` հաշվետու ամսաթվի դրությամբ դրամային հոդվածների վերահաշվարկից առաջացած փոխարժեքային տարբերությունները ճանաչվում են որպես եկամուտ կամ ծախս,
զ) փոխարժեքային տարբերությունների ճանաչման թույլատրելի այլընտրանքային մոտեցման համաձայն` հաշվետվական արժույթի էական արժենվազման հետևանքով առաջացած փոխարժեքային տարբերությունները կարող են որոշակի պայմանների դեպքում (երբ ակտիվների ձեռքբերումից առաջացող արտարժութային պարտավորության մարումը անմիջապես հնարավոր չէ իրականացնել, և այդ փոխարժեքային տարբերությունների համար հեջավորման գործնական միջոցներ չկան) ներառվել ակտիվների հաշվեկշռային արժեքի մեջ,
է) այն դրամային հոդվածի հետ կապված փոխարժեքային տարբերությունները, որոնք կազմում են արտերկրյա միավորում կատարած զուտ ներդրման մի մասը, կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում պետք է դասակարգվեն որպես սեփական կապիտալ` մինչև զուտ ներդրման օտարումը,
ը) փոխարժեքային տարբերությունները, որոնք առաջանում են արտերկրյա միավորում զուտ ներդրման հեջավորման նպատակով օգտագործվող արտարժութային պարտավորությունից, ներառվում են կազմակերպության սեփական կապիտալում մինչև զուտ ներդրման օտարումը:
Արտերկրյա ստորաբաժանումներ
3.3. Արտերկրյա ստորաբաժանումը հաշվետու կազմակերպության դուստր կազմակերպությունն է, ասոցիացված կազմակերպությունը, համատեղ կազմակերպությունը կամ մասնաճյուղը, որի գործունեությունը հիմնված է կամ ծավալվում է հաշվետու կազմակերպության երկրից դուրս, մեկ այլ երկրում: Արտերկրյա ստորաբաժանումները բաժանվում են 2 տիպի`
ա) արտերկրյա միավոր, որը արտերկրյա այնպիսի ստորաբաժանում է, որի գործունեությունը հաշվետու կազմակերպության գործունեության անբաժան մասը չէ,
բ) արտերկրյա գործակալ, որը արտերկրյա այնպիսի ստորաբաժանում է, որի գործունեությունը հաշվետու կազմակերպության գործունեության անբաժան մասն է:
3.4. Արտերկրյա ստորաբաժանման դասակարգման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ` հիմնված այն բանի վրա, թե ինչպես է այդ միավորը ֆինանսավորվում և ինչպիսի կապ գոյություն ունի նրա և հաշվետու կազմակերպության միջև: Արտերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման համար կիրառվող մեթոդը հիմնվում է այդ դասակարգման վրա:
3.5. Արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունները վերահաշվարկելիս կիրառվում են վերահաշվարկի հետևյալ կանոնները.
ա) բոլոր ակտիվները և պարտավորությունները գնահատվում են փակման փոխարժեքով,
բ) եկամուտները և ծախսերը հաշվարկվում են գործարքի օրվա փոխարժեքով: Գործնական նպատակներով թույլատրվում է օգտագործել նաև կլորացված և միջին փոխարժեք,
գ) գերսղաճային տնտեսությամբ երկրի արտերկրյա միավորների համար կիրառվում են հատուկ կանոններ,
դ) առաջացող բոլոր փոխարժեքային տարբերությունները ուղղակիորեն ներառվում են սեփական կապիտալում,
ե) զուտ ներդրման օտարման դեպքում այդ գումարը ճանաչվում է եկամուտ կամ ծախս:
3.6. Արտերկրյա գործակալի ֆինանսական հաշվետվությունների բոլոր հոդվածները վերահաշվարկվում են այնպես, ինչպես եթե նրա բոլոր գործարքները կատարվեին հաշվետու կազմակերպության կողմից: Ընդ որում, կիրառվում են վերահաշվարկի հետևյալ կանոնները.
ա) բոլոր դրամային հոդվածները վերահաշվարկվում են փակման փոխարժեքով,
բ) արտարժույթով սահմանված ոչ դրամային հոդվածները վերահաշվարկվում են գործարքի օրվա օրվա փոխանակման փոխարժեքով,
գ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության հոդվածները վերահաշվարկվում են գործառնության օրվա փոխարժեքով կամ այդ ժամանակաշրջանի միջին փոխարժեքով,
դ) փոխարժեքային տարբերությունները ճանաչվում են եկամուտ կամ ծախս,
ե) կարող է ճշգրտում պահանջվել խմբի հաշվետվությունում, մասնավորապես ակտիվի հաշվեկշռային արժեքի իջեցում մինչև նրա իրացման զուտ արժեք կամ փոխհատուցվող մեծություն:
3.7. Հանգամանքներից կախված` կարող է փոփոխություն կատարվել արտերկրյա ստորաբաժանման դասակարգման մեջ: Այդ դեպքում, դասակարգման փոփոխության պահից սկսած, կիրառվում է վերահաշվարկի հետևյալ ընթացակարգը.
ա) «արտերկրյա գործակալ» կատեգորիայից անցում «արտերկրյա միավոր» կատեգորիային. այն փոխարժեքային տարբերությունները, որոնք առաջանում են վերադասակարգման ամսաթվին, վերահաշվարկելիս դիտվում են որպես սեփական կապիտալ,
բ) «արտերկրյա միավոր» կատեգորիայից անցում «արտերկրյա գործակալ» կատեգորիային. սեփական կապիտալում ճանաչված գումարները մնում են անփոփոխ` մինչև արտերկրյա միավորի օտարումը: Ոչ դրամային հոդվածների փոփոխության ամսաթվին վերահաշվարկված գումարները, այդ հոդվածների համար, դիտվում են որպես սկզբնական արժեք:
4. Բացահայտում
4.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ.
ա) գուդվիլի վերահաշվարկի և իրական արժեքի ճշգրտումների մեթոդը,
բ) փոխարժեքային տարբերությունների ճանաչման ժամանակ կիրառվող մոտեցումը:
4.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` փոխարժեքային տարբերությունների մեծությունը, որը ներառվում է հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթում կամ վնասում:
4.3. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում`
ա) որպես սեփական կապիտալ դասակարգված զուտ փոխարժեքային տարբերությունները` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում,
բ) արտերկրյա ստորաբաժանման դասակարգման փոփոխության դեպքում պետք է նշվեն փոփոխության բնույթը, պատճառը և դրա ազդեցությունը սեփական կապիտալի, զուտ շահույթի և վնասի վրա` յուրաքանչյուր ներկայացված ժամանակաշրջանի համար,
գ) փոխարժեքի փոփոխության ազդեցությունը արտարժույթով դրամային հոդվածների կամ արտերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վրա, երբ այդ փոփոխությունը տեղի է ունեցել հաշվետու ամսաթվից հետո, պետք է կարգավորվի ՀՀՀՀՍ 10-ի համաձայն:
Հավելված 1. Արտարժույթով գործարքների գծով փոխարժեքային տարբերությունների ճանաչման հաշվապահական ձևակերպումները
1. Ստացման ենթակա արտարժույթով արտահայտված դրամային հոդվածների, ինչպես նաև արտարժույթով դրամական միջոցների գծով փոխարժեքային տարբերությունների արտացոլում (հաշվետու ամսաթվի դրությամբ` չմարված կամ չօգտագործված մնացորդի գծով, ինչպես նաև մարման կամ օգտագործման ամսաթվի դրությամբ) 1*).
ա) երբ արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ բարձրացել է`
Դեբետ դրամային հոդվածները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 251, 253, 221 և այլն)
Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»
բ) երբ արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է`
Դեբետ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր
Կրեդիտ դրամային հոդվածները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 251, 253, 221 և այլն):
---------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Վճարման ենթակա արտարժույթով արտահայտված դրամային հոդվածների գծով փոխարժեքային տարբերությունների արտացոլում (հաշվետու ամսաթվի դրությամբ` չմարված մնացորդի գծով, ինչպես նաև մարման ամսաթվի դրությամբ).
ա) երբ արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ բարձրացել է`
Դեբետ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր
Կրեդիտ դրամային հոդվածները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 411, 412, 521 և այլն)
բ) երբ արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է`
Դեբետ դրամային հոդվածները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 411, 412, 521 և այլն)
Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»:
Հավելված 2. Արտերկրյա միավորների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման օրինակ
Հայկական ընկերության ԱՄՆ-ում գտնվող ստորաբաժանումն ունի 100.000 դոլար գումարով սկզբնական զուտ ակտիվներ: Այս ստորաբաժանումը դասակարգվել է արտերկրյա միավոր: Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում փոխարժեքը 1 դոլարի համար կազմում է 540 դրամ, իսկ փակման փոխարժեքը 550 դրամ է:
Սկզբնական զուտ ակտիվները`
սկզբնական փոխարժեքով 100.000 դոլարը 540-ով = 5.400.000
Սկզբնական զուտ ակտիվները`
փակման փոխարժեքով 100.000 դոլարը 550-ով = 5.500.000
Փոխարժեքային տարբերությունը կազմում է 10.000 դրամ:
ՀՀՀՀՍ 22 «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 22-ի նպատակն է սահմանել ձեռնարկատիրական գործունեության միավորումների հաշվառման մոտեցումները: ՀՀՀՀՍ 22-ը առաջին հերթին նախատեսված է կազմակերպությունների խմբի համար, երբ ձեռք բերողը մայր կազմակերպությունն է, իսկ ձեռք բերվողը` դուստր կազմակերպությունը, սակայն կիրառվում է նաև այն դեպքերում, երբ ձեռք բերումը տեղի է ունենում միացման միջոցով (այսինքն` երբ ձեռք բերվողը դադարում է որպես առանձին իրավաբանական անձ գոյություն ունենալուց): Ստանդարտում շեշտը դրվում է ձեռնարկատիրական գործունեության միավորումների հաշվառման խնդիրների վրա ձեռք բերման պահի դրությամբ:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 22-ը պետք է կիրառվի ինչպես իրենից ձեռքբերում, այնպես էլ շահերի միացում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումները հաշվառելիս:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Ձեռնարկատիրական գործունեության միավորումը առանձին կազմակերպությունների միավորումն է մեկ տնտեսական միավորի մեջ` որպես հետևանք մի կազմակերպության հետ այլ կազմակերպության միացման կամ մի կազմակերպության կողմից այլ կազմակերպության զուտ ակտիվների և գործառնությունների նկատմամբ հսկողության իրավունքի ձեռք բերման: Տարբերվում են ձեռնարկատիրական գործունեության միավորման 2 ձևեր`
ա) ձեռք բերում` ձեռնարկատիրական գործունեության միավորում է, որի համաձայն կազմակերպություններից մեկը` ձեռք բերողը, վերահսկման իրավունք է ստանում այլ կազմակերպության` ձեռք բերվողի զուտ ակտիվների և գործառնությունների նկատմամբ` ակտիվների փոխանցման, պարտավորությունների ստանձնման կամ բաժնետոմսերի (բաժնեմասերի) թողարկման դիմաց,
բ) բաժնեմասերի (շահերի) միացում` ձեռնարկատիրական գործունեության միավորում է, որտեղ միավորվող կազմակերպությունների բաժնետերերը միավորում են իրենց բոլոր կամ համարյա բոլոր զուտ ակտիվների և գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը` միավորված կազմակերպությանը հատուկ ռիսկերը և օգուտները համատեղ շարունակաբար կրելու նպատակով, և դա արվում է այնպես, որ ոչ մի կողմը չի կարող որոշվել որպես ձեռք բերող:
Ձեռքբերումներ
3.2. Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումը պետք է հաշվառվի գնման մեթոդի կիրառմամբ: Ձեռքբերման ամսաթվից սկսած, ձեռք բերողը պետք է`
ա) ձեռք բերվող կազմակերպության գործառնությունների արդյունքները ընդգրկի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ, և
բ) ձեռք բերվող կազմակերպության որոշելի ակտիվները և պարտավորությունները, ինչպես նաև ձեռք բերումից առաջացող ցանկացած գուդվիլ կամ բացասական գուդվիլ ճանաչի հաշվապահական հաշվեկշռում:
3.3. Ձեռք բերվող կազմակերպության որոշելի ակտիվները և պարտավորությունները ձեռքբերման ամսաթվի դրությամբ ձեռք բերվողի ակտիվներն ու պարտավորություններն են, ինչպես նաև այն պարտավորությունները, որոնք առաջանում են ձեռք բերվողի գործունեության ընդհատման կամ կրճատման (վերակառուցման ծրագրի) արդյունքում:
3.4. Ձեռքբերման արժեքը հավասար պետք է լինի ձեռք բերման դիմաց վճարված դրամական միջոցների կամ դրանց համարժեքների գումարին կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ այլ փոխհատուցման իրական արժեքին, որը տրվում է ձեռք բերողի կողմից` այլ կազմակերպության զուտ ակտիվների նկատմամբ վերահսկման դիմաց, գումարած ձեռք բերման հետ կապված այլ ծախսերը:
3.5. Մայր կազմակերպության կողմից դուստր կազմակերպության ձեռքբերման ժամանակ ձեռքբերման արժեքի բաշխման համար թույլատրվում է երկու մոտեցում.
ա) հիմնական մոտեցում. որոշելի ակտիվները և պարտավորությունները չափվում են ձեռքբերման ամսաթվի դրությամբ դրանց իրական արժեքների (ձեռք բերողի ստացած բաժնեմասի չափով) և նախքան ձեռքբերումը դրանց հաշվեկշռային արժեքների (փոքրամասնության բաժնեմասի չափով) հանրագումարով,
բ) թույլատրելի այլընտրանքային մոտեցում. որոշելի ակտիվները և պարտավորությունները չափվում են ձեռք բերման ամսաթվի դրությամբ դրանց իրական արժեքով: Փոքրամասնության բաժնեմասը ներկայացվում է որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքի` փոքրամասնության բաժնի համամասնությամբ:
3.6. Ձեռք բերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռք բերողի բաժնեմասը գերազանցող ձեռք բերման արժեքի մեծությունը բնութագրվում է որպես գուդվիլ և պետք է ճանաչվի որպես ակտիվ: Ձեռք բերման արժեքի նկատմամբ ձեռք բերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռք բերողի բաժնեմասը գերազանցող մեծությունը պետք է ճանաչվի որպես բացասական գուդվիլ:
3.7. Գուդվիլի հաշվառման ժամանակ կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) գուդվիլը պետք է հաշվառվի սկզբնական արժեքով` հանած կուտակված ամորտիզացիան և արժեզրկումից կուտակված կորուստները,
բ) գուդվիլը պետք է ամորտիզացվի իր օգտակար ծառայության ընթացքում պարբերական հիմունքով: Սովորաբար սկզբնական ճանաչման պահից հետո գուդվիլի օգտակար ծառայության ժամկետը չի գերազանցում քսան տարին,
գ) հաշվարկված ամորտիզացիան պետք է ճանաչվի որպես ծախս,
դ) ամորտիզացիայի հաշվարկման կիրառվող մեթոդը պետք է արտացոլի այն մոդելը, որով ակնկալվում է գուդվիլից բխող ապագա տնտեսական օգուտների սպառումը: Պետք է կիրառվի գծային մեթոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելի նպատակահարմար է մեկ այլ մեթոդի կիրառումը,
ե) գուդվիլի ամորտիզացիայի ժամանակաշրջանը և ամորտիզացիայի մեթոդը պետք է վերանայվեն առնվազն յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում,
զ) եթե գուդվիլը ամորտիզացվում է սկզբնական ճանաչումից հետո քսան տարին գերազանցող ժամանակաշրջանի ընթացքում, կազմակերպությունը պետք է առնվազն յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում գնահատի գուդվիլի փոխհատուցվող գումարը:
3.8. Բացասական գուդվիլը ճանաչվում է որպես եկամուտ հետևյալ կերպ.
ա) այն չափով, որով բացասական գուդվիլը վերաբերում է ձեռք բերողի ապագա վնասների և ծախսերի ակնկալիքներին, որոնք որոշված են ձեռք բերողի պլանում և կարող են արժանահավատորեն չափվել, բայց որոնք չեն ներկայացնում որոշելի պարտավորություններ ձեռք բերման ամսաթվի դրությամբ, այդ չափով բացասական գուդվիլը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է ճանաչվի որպես եկամուտ այն ժամանակաշրջանում, երբ ճանաչվում են այդ ապագա վնասները և ծախսերը: Եթե նշված որոշելի ապագա վնասները և ծախսերը չեն ճանաչվում ակնկալվող ժամանակաշրջանում, ապա բացասական գուդվիլը ճանաչվում է սույն կետի «բ» ենթակետի համաձայն,
բ) այն չափով, որով բացասական գուդվիլը չի վերաբերում որոշելի ապագա ակնկալվող վնասներին և ծախսերին, որոնք ձեռք բերման ամսաթվի դրությամբ կարող են արժանահավատորեն չափվել, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում բացասական գուդվիլը պետք ճանաչվի որպես եկամուտ` հետևյալ կերպ.
I. բացասական գուդվիլի գումարը, որը չի գերազանցում ձեռք բերված որոշելի ոչ դրամային ակտիվների իրական արժեքները, պետք է ճանաչվի որպես եկամուտ պարբերական հիմունքով` ձեռք բերված ամորտիզացվող որոշելի ակտիվների միջին կշռված մնացորդային օգտակար ծառայության ժամկետի ընթացքում,
II. բացասական գուդվիլի գումարը, որը գերազանցում է ձեռք բերված որոշելի ոչ դրամային ակտիվների իրական արժեքները, պետք է ճանաչվի եկամուտ անմիջապես:
3.9. Բացասական գուդվիլը պետք է ներկայացվի որպես հաշվետու կազմակերպության ակտիվներից հանում` հաշվապահական հաշվեկշռի նույն դասակարգմամբ, ինչպես գուդվիլը:
3.10. ՀՀՀՀՍ 22-ը պարունակում է որոշակի դրույթներ` կապված ձեռքբերման արժեքի կամ որոշելի ակտիվների և պարտավորությունների արժեքի մեջ հետագա փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել գուդվիլի կամ բացասական գուդվիլի հետագա փոփոխությունների:
Բաժնեմասերի (շահերի) միացում
3.11. Բաժնեմասերի (շահերի) միացումը պետք է հաշվառվի բաժնեմասերի (շահերի) ընդհանրացման մեթոդի կիրառմամբ, այսինքն` միավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հոդվածներն այն ժամանակաշրջանի համար, երբ տեղի է ունենում միավորումը, ինչպես նաև բոլոր բացահայտվող համեմատական ժամանակաշրջանների համար, պետք է ընդգրկվեն միավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում` կարծես նրանք արդեն միավորված էին եղել ներկայացվող ամենավաղ ժամանակաշրջանի սկզբից:
3.12. Թողարկված բաժնետիրական կապիտալի գրանցված գումարի` հաշվի առած դրամական միջոցներով կամ այլ ակտիվների տեսքով արտահայտված լրացուցիչ փոխհատուցման գումարը, և ձեռք բերված բաժնետիրական կապիտալի գրանցված գումարի միջև ցանկացած տարբերություն պետք է ճշգրտվի սեփական կապիտալով:
3.13. Բաժնեմասերի (շահերի) միացումից առաջացող ծախսումերը պետք է ճանաչվեն որպես ծախս այն հաշվետու ժամանակաշրջանում, որի ընթացքում դրանք կատարվել են:
Անցումային դրույթներ
3.14. Ստանդարտի հետընթաց կիրառումը խրախուսվում է, սակայն չի պահանջվում: Եթե ստանդարտը չի կիրառվում հետընթաց, նախկինում գոյություն ունեցող ցանկացած գուդվիլ կամ բացասական գուդվիլ համարվում է ճիշտ որոշված և պետք է այսուհետ հաշվառվի ՀՀՀՀՍ 22-ի դրույթների ներքո: Նախկինում գոյություն ունեցող գուդվիլի կամ բացասական գուդվիլի ամորտիզացիոն ժամանակաշրջանը պետք է լինի հետևյալ երկու ժամանակաշրջաններից նվազագույնը`
ա) կազմակերպության ամորտիզացիոն քաղաքականության մեջ նշված ծառայության մնացորդային ժամկետից, և
բ) ՀՀՀՀՍ 22-ում նշված ամորտիզացիոն ժամկետից:
4. Բացահայտում
Ձեռնարկատիրական գործունեության բոլոր միավորումներ
4.1. Այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում տեղի է ունեցել միավորումը, պետք է կատարվեն հետևյալ բացահայտումները.
ա) միավորվող կազմակերպությունների անվանումները և նկարագրությունները,
բ) միավորման հաշվառման մեթոդը,
գ) հաշվառման նպատակների համար` միավորման ուժի մեջ մտնելու ամսաթիվը, և
դ) ձեռնարկատիրական գործունեության միավորման արդյունքում առաջացած ցանկացած գործառնություն, որը կազմակերպությունը որոշել է օտարել:
Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
4.2. Այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում տեղի է ունեցել միավորումը, պետք է կատարվեն հետևյալ բացահայտումները.
ա) ձեռք բերված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տոկոսը,
բ) ձեռք բերման արժեքը և գնման դիմաց վճարված (վճարվելիք) փոխհատուցման նկարագրությունը,
գ) եթե ակտիվների և պարտավորությունների իրական արժեքը կամ գնման փոխհատուցումը կարելի է որոշել միայն պայմանական հիմունքով` այն ժամանակաշրջանի վերջում, երբ տեղի է ունեցել ձեռք բերումը, ապա այդ փաստը և պատճառները պետք է արձանագրվեն: Երբ կատարվում են այսպիսի պայմանական իրական արժեքների հետագա ճշգրտումներ, նշված ճշգրտումները պետք է բացահայտվեն և մեկնաբանվեն համապատասխան ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում,
դ) ձեռք բերվող կազմակերպության գործունեության ընդհատման կամ կրճատման գծով պահուստների գումարը` յուրաքանչյուր ձեռք բերվող կազմակերպության համար առանձին:
4.3. Գուդվիլի և բացասական գուդվիլի գծով պետք է բացահայտվեն.
ա) գուդվիլի ամորտիզացիայի և բացասական գուդվիլի` եկամուտ ճանաչման ժամանակաշրջանը,
բ) եթե գուդվիլն ամորտիզացվում է ավելի քան քսան տարվա ընթացքում` պատճառները, թե ինչու չի կիրառվել գուդվիլի սկզբնական ճանաչումից հետո քսան տարուց ավելի օգտակար ծառայության ժամկետը չգերազանցելու ենթադրությունը,
գ) եթե գուդվիլը չի ամորտիզացվում գծային հիմունքով` օգտագործվող հիմունքը և պատճառը, թե ինչու է տվյալ հիմունքն ավելի նպատակահարմար, քան գծայինը,
դ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` այն տողային հոդվածները, որտեղ ներառված է գուդվիլի ամորտիզացիան կամ բացասական գուդվիլը ճանաչվել է եկամուտ,
ե) եթե բացասական գուդվիլի ճանաչումը հետաձգվում է ձեռք բերողի ապագա վնասների և ծախսերի ակնկալիքների պատճառով` ապագայում ակնկալվող կորուստների և ծախսերի նկարագրությունը, գումարը և ժամկետը,
զ) ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ գուդվիլի, ինչպես նաև բացասական գուդվիլի հաշվեկշռային արժեքների մանրամասն համապատասխանելիությունը,
է) բացասական գուդվիլը, որը հաշվեկշռում ներկայացված է որպես նվազեցում գուդվիլից:
Իրենից բաժնեմասերի (շահերի) միացում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
4.4. Այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում տեղի է ունեցել միավորումը, պետք է կատարվեն հետևյալ բացահայտումները.
ա) թողարկված բաժնետոմսերի նկարագրությունը և քանակը` յուրաքանչյուր կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տոկոսային հարաբերակցության հետ միասին, որոնք փոխանակվել են բաժնեմասերի (շահերի) միացման նպատակով,
բ) յուրաքանչյուր կազմակերպության կողմից ներդրված ակտիվների և պարտավորությունների գումարները,
գ) յուրաքանչյուր կազմակերպության վաճառքից հասույթները, գործառնական այլ գործունեություններից ստացվող հասույթները, արտասովոր հոդվածները և զուտ շահույթը կամ վնասը մինչև միավորման ամսաթիվը, որոնք ընդգրկված են միավորված կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ցույց տրվող զուտ շահույթների կամ վնասների մեջ:
Հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցող ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
4.5. ՀՀՀՀՍ 22-ով պահանջվում է նաև կատարել որոշակի բացահայտումներ հաշվետու ամսաթվից հետո ուժի մեջ մտած ձեռնարկատիրական գործունեության միավորումների վերաբերյալ:
Հավելված 1. Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության` ձեռք բերողի մոտ արտացոլման հաշվապահական ձևակերպումները, երբ ձեռք բերումը տեղի է ունենում միացման եղանակով
1. Ձեռքբերման արժեքի արտացոլում 1*)`
Դեբետ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 252, 253, 521 և այլն):
----------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության որոշելի ակտիվների արտացոլում (իրական արժեքով)`
Դեբետ ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113, 211, 215, 216 և այլն)
Կրեդիտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
3. Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության որոշելի պարտավորությունների արտացոլում (իրական արժեքով)`
Դեբետ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կրեդիտ պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 511, 512, 521, 524, 525, 527, 531 և այլն):
4. Ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում`
Դեբետ 134 «Գուդվիլ»
Կրեդիտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
5. Ձեռքբերումից առաջացող բացասական գուդվիլի արտացոլում`
Դեբետ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կրեդիտ 423 «Բացասական գուդվիլ»:
6. Գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրում`
Դեբետ 713 «Վարչական ծախսեր»
Կրեդիտ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»:
7. Բացասական գուդվիլի` եկամուտներին հաշվեգրման արտացոլում`
Դեբետ 424 «Բացասական գուդվիլի ամորտիզացիա»
Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»:
Հավելված 2. Իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման հաշվառման օրինակ
Ա կազմակերպությունը ձեռք է բերել Բ կազմակերպության բաժնետոմսերի 70%-ը 01.01.2000թ.: Ձեռքբերման արժեքը կազմել է 750 միավոր: Բ կազմակերպության որոշելի ակտիվների իրական արժեքը կազմել է 2.800 միավոր, որոշելի պարտավորություններինը` 800 միավոր: Ձեռքբերման ամսաթվի դրությամբ այդ կազմակերպությունների հաշվապահական կրճատ հաշվեկշիռը ունի հետևյալ տեսքը.
.______________________________________________________________________.
| | Ա | Բ |
| |կազմակերպություն|կազմակերպություն|
|____________________________________|________________|________________|
| Որոշելի ակտիվներ | 8.200 | 2.000 |
|____________________________________|________________|________________|
| Ներդրում Բ կազմակերպությունում | 750 | - |
|____________________________________|________________|________________|
| Ընդամենը ակտիվներ | 8.950 | 2.000 |
|____________________________________|________________|________________|
| Սեփական կապիտալ | 6.000 | 1.200 |
|____________________________________|________________|________________|
| Որոշելի պարտավորություններ | 2.950 | 800 |
|____________________________________|________________|________________|
| Ընդամենը պասիվներ | 8.950 | 2.000 |
.______________________________________________________________________.
Ձեռքբերման ամսաթվի դրությամբ կրճատ համախմբված հաշվեկշիռը ունի հետևյալ տեսքը (ձեռքբերման արժեքը բաշխելիս հիմնական և թույլատրելի այլընտրանքային մոտեցումների կիրառման դեպքերում).
.___________________________________________________________________.
| | Հիմնական | Թույլատրելի |
| | մոտեցում | այլընտրանքային|
| | | մոտեցում |
|_____________________________________|_____________|_______________|
| Ակտիվներ | 10.760 2*) | 11.000 3*) |
|_____________________________________|_____________|_______________|
| Ընդամենը ակտիվներ | 10.760 | 11.000 |
|_____________________________________|_____________|_______________|
| Սեփական կապիտալ | 6.000 | 6.000 |
|_____________________________________|_____________|_______________|
| Փոքրամասնության բաժնեմաս | 360 | 600 |
|_____________________________________|_____________|_______________|
| Բացասական գուդվիլ | 650 | 650 4*) |
|_____________________________________|_____________|_______________|
| Պարտավորություններ | 3.750 5*) | 3.750 6*) |
|_____________________________________|_____________|_______________|
| Ընդամենը պասիվներ | 10.760 | 11.000 |
.___________________________________________________________________.
-----------
2*) 10.760 = 8.200 + 2.800 X 0,7 + 2.000 X 0,3
3*) 11.000 = 8.200 + 2.800
4*) 650 = (2.800 - 800) X 0.7 - 750
5*) 3750 = 2950 + 800 X 0,7 + 800 X 0,3
6*) 3750 = 2.950 + 800
ՀՀՀՀՍ 23 «ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
ՀՀՀՀՍ 23-ի նպատակն է սահմանել փոխառության ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումը: ՀՀՀՀՍ 23-ի հիմնական մոտեցմամբ պահանջվում է փոխառության ծախսումների անմիջական դուրս գրում: Սակայն ստանդարտը, որպես թույլատրելի այլընտրանքային մոտեցում, թույլ է տալիս փոխառության այն ծախսումների կապիտալացում, որոնք անմիջականորեն կապված են որակավորվող ակտիվի արտադրության, կառուցման կամ ձեռք բերման հետ:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 23-ը պետք է կիրառվի փոխառության ծախսումները հաշվառելիս և այն չի առնչվում սեփական կապիտալի իրական (փաստացի) կամ վերագրված արժեքին, ներառյալ արտոնյալ բաժնետոմսերը, որոնք դասակարգված չեն որպես պարտավորություն:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Փոխառության ծախսումները տոկոսների վճարման և այլ ծախսումներն են, որոնք կազմակերպությունը կատարում է` կապված փոխառու միջոցների ստացման հետ (օրինակ` փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները, փոխառությունների զեղչերի կամ հավելավճարների ամորտիզացիան, փոխառությունների ստացման հետ կապված օժանդակ ծախսումները, ֆինանսական վարձակալությանը վերաբերող ֆինանսական վճարը):
3.2. Որակավորվող ակտիվն այնպիսի ակտիվ է, որին անհրաժեշտ է ժամանակի մի զգալի հատված, որպեսզի այն պատրաստ լինի ըստ նշանակության օգտագործելու կամ վաճառքի համար: Օրինակ`
ա) պաշարները, որոնց վաճառքի համար անհրաժեշտ վիճակի բերելու հետ կապված պահանջվում է զգալի ժամանակ,
բ) տվյալ կազմակերպությունում կատարվող ներդրումները (կառուցվող հիմնական միջոցները), որոնց օգտագործման համար անհրաժեշտ վիճակի բերելու հետ կապված պահանջվում է զգալի ժամանակ:
3.3. Փոխառության ծախսումների հաշվառման համար թույլատրվում է երկու մոտեցում`
ա) հիմնական մոտեցման համաձայն` փոխառության ծախսումները ծախս են ճանաչվում այն ժամանակաշրջանում, որի ընթացքում կատարվել են,
բ) թույլատրելի այլընտրանքային մոտեցման համաձայն` փոխառության ծախսումները պետք է ծախս ճանաչվեն այն ժամանակաշրջանում, որի ընթացքում կատարվում են, բացի այն դեպքերից, երբ դրանք կապիտալացվում են: Փոխառության ծախսումները, որոնք անմիջականորեն կապված են որակավորվող ակտիվի ձեռք բերման, կառուցման կամ արտադրության հետ, պետք է կապիտալացվեն որպես տվյալ ակտիվին վերագրվող ծախսումների (ինքնարժեքի) մի մաս: Փոխառության ծախսումները կարելի է կապիտալացնել այն դեպքում, երբ`
I. հավանական է, որ այն կազմակերպությանը կբերի ապագա տնտեսական օգուտներ, և
II. ծախսումները կարող են արժանահավատորեն չափվել:
3.4. Փոխառության ծախսումները կապիտալացնելու օգտին վկայում են հետևյալ փաստարկները.
ա) փոխառության ծախսումները կազմում են ակտիվի ձեռք բերման, կառուցման, արտադրության ծախսումների մի մասը,
բ) ակտիվում ներառված ծախսումներն ապագայում ծախս են ճանաչվում ստացվելիք հասույթներին համապատասխան:
3.5. Փոխառության ծախսումների կապիտալացման դեմ վկայում են հետևյալ փաստարկները.
ա) փոխառության ծախսումների վերագրումը կոնկրետ ակտիվին կարող է դժվար լինել,
բ) ֆինանսավորման տարբեր մեթոդների օգտագործումը կարող է հանգեցնել միևնույն ակտիվի վրա կապիտալացվող` փոխառության ծախսումների տարբեր գումարների:
3.6. Փոխառության ծախսումները կապիտալացնելու կամ ծախս ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե արդյոք կապիտալացումը կամ ծախս ճանաչումն ինչ չափով է հանգեցնում ձեռքբերված և սեփական ուժերով կառուցված ակտիվների միջև համադրելիության:
3.7. Փոխառության ծախսումների կապիտալացումը սկսվում է, երբ.
ա) ակտիվի ձեռք բերման, կառուցման, արտադրության համար օգտագործվում է գումար,
բ) կատարվում են փոխառության ծախսումներ,
գ) ընթացքի մեջ է այն աշխատանքը, որն անհրաժեշտ է ակտիվն օգտագործման կամ վաճառքի նախատեսված վիճակի բերելու համար:
3.8. Փոխառության ծախսումների կապիտալացումը պետք է դադարեցվի, երբ`
ա) ըստ էության ակտիվը պատրաստ է նախատեսված օգտագործման կամ վաճառքի համար,
բ) երկարաձգված ժամանակահատվածի ընթացքում ակտիվի վրա կատարվող աշխատանքներն ընդհատվում են,
գ) կառուցումն ավարտված է մասնակիորեն, իսկ ավարտված մասը կարելի է օգտագործել (այդ դեպքում փոխառության ծախսումների կապիտալացումը դադարեցվում է միայն ակտիվի ավարտված մասի վրա):
3.9. Փոխառության ծախսումների կապիտալացումը չպետք է դադարեցվի.
ա) եթե կառուցումն ավարտված է մասնակիորեն, սակայն ավարտված մասը կարելի է օգտագործել միայն ակտիվն ամբողջությամբ ավարտելուց հետո,
բ) եթե գործունեությունը դադարեցված է կարճ ժամանակով,
գ) երբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարվում են էական տեխնիկական և վարչական աշխատանքներ,
դ) ժամանակավոր հետաձգումը ակտիվն օգտագործման կամ վաճառքի համար նախատեսված վիճակի բերելու գործընթացի անհրաժեշտ մասն է կազմում (օրինակ` գինին, որի խմորման համար պահանջվում է զգալի ժամանակ):
3.10. Կապիտալացման ենթակա գումարն այն փոխառության ծախսումներն են, որոնցից հնարավոր էր խուսափել, եթե որակավորվող ակտիվի վրա գումարներ չօգտագործվեին (որակավորվող ակտիվի ձեռք բերման, կառուցման կամ արտադրության հետ կապված գումարի արտահոսք չլիներ), ընդ որում`
ա) եթե միջոցները փոխ են առնվում հատկապես որակավորվող ակտիվ ձեռք բերելու (կառուցելու, արտադրելու) նպատակով, փոխառության ծախսումների գումարը, որը ենթակա է կապիտալացման, իրենից ներկայացնում է փոխառության փաստացի ծախսումները, որոնք առաջանում են այդ փոխառությունից տվյալ ժամանակաշրջանում, հանած փոխառության ժամանակավոր ներդրումից ստացվող որևէ եկամուտ,
բ) եթե միջոցները հիմնականում փոխ են առնվում և օգտագործվում են որակավորվող ակտիվ ձեռք բերելու (կառուցելու, արտադրելու) նպատակով, կապիտալացման ենթակա փոխառության ծախսումների գումարը պետք է որոշվի` այդ ակտիվի վրա օգտագործված գումարի նկատմամբ կապիտալացման դրույքը կիրառելով: Կապիտալացման դրույքը տվյալ ժամանակաշրջանում կազմակերպության չմարված փոխառությունների նկատմամբ կիրառվող փոխառության ծախսումների կշռված միջինն է, բացի հատկապես որակավորվող ակտիվի ձեռք բերման նպատակով կատարված փոխառություններից: Մեկ հաշվետու ժամանակաշրջանում կապիտալացված փոխառության ծախսումների գումարը չպետք է գերազանցի այդ ժամանակաշրջանում կատարված փոխառության ծախսումներին:
4. Բացահայտում
Ֆինանսական հաշվետվությունները պետք է բացահայտեն.
ա) փոխառության ծախսումների համար ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը,
բ) կապիտալացման դրույքը, որը կիրառվում է փոխառության ծախսումների կապիտալացման ենթակա գումարը որոշելիս,
գ) հաշվետու ժամանակաշրջանում կապիտալացված փոխառության ծախսումների գումարը:
Հավելված 1. Փոխառության ծախսումների արտացոլման հաշվապահական
ձևակերպումները
1. Փոխառության ծախսումների ծախս ճանաչում 1*)`
Դեբետ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»
Կրեդիտ չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով (հաշիվներ 414 և 516):
-------------
1*) Ձևակերպումները տրված են` համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.12.2000թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»:
2. Փոխառության ծախսումների կապիտալացում`
Դեբետ ծախսումները հաշվառող համապատասխան հաշիվներ (օրինակ` 811, 821, 822, 823, 824, 825, 826 և այլն)
Կրեդիտ չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով (հաշիվներ 414 և 516):
Հավելված 2. Կապիտալացման ենթակա փոխառության ծախսումների հաշվառման օրինակ
Ա կազմակերպությունը կառուցում է շարժական էլեկտրակայան, որը նախատեսում է ավարտել 2 տարվա ընթացքում: Կառուցման աշխատանքները սկսվել են 2000թ. հունվարի 1-ին: 2000թ. ընթացքում կառուցման աշխատանքների դիմաց կատարվել են հետևյալ վճարումները`
31. 01 200.000 դրամ
31. 03 450.000 դրամ
30. 06 100.000 դրամ
31. 10 200.000 դրամ
30. 11 250.000 դրամ
Ընդամենը` 1.200.000 դրամ
Հունվարի 31-ի վճարումը (200.000 դրամ) կատարվել է կազմակերպության ընդհանուր նպատակներով փոխ առնված միջոցների հաշվին: Մարտ 31-ին բացառապես շարժական էլեկտրակայանի կառուցման նպատակով կազմակերպությունը ստացել է 800.000 դրամի փոխառություն (տարեկան 9 %): Այդ միջոցների դեռևս չօգտագործված մասը ժամանակավորապես տրամադրվել է փոխատվության (տարեկան 8 %): Նոյեմբերի 30-ի վճարման մի մասը (200.000 դրամ) կրկին կատարվել է կազմակերպության ընդհանուր նպատակներով փոխ առնված միջոցների հաշվին: Մնացած բոլոր վճարումները կատարվել են էլեկտրակայանի կառուցման նպատակով ստացված փոխառության հաշվին:
31.12.2000թ. դրությամբ կազմակերպության չմարված փոխառություններն ունեն հետևյալ տեսքը.
ա) շարժական էլեկտրակայանի կառուցման նպատակով ստացված 800.000 դրամ
փոխառություն
բ) բանկային օվերդրաֆտ 1.200.500 դրամ
(տարվա ընթացքում պարտավորության միջին կշռված արժեքը կազմել է 750.000 դրամ, իսկ վճարված տոկոսները`
33.800 դրամ)
գ) պարտատոմս (տարեկան 10 % եկամտաբերությամբ, 5 տարի 9.000.000 դրամ
մարման ժամկետով` թողարկած 01.01.1998թ.,)
2000թ. ընթացքում այլ փոխառու միջոցներ չեն ստացվել և չեն մարվել:
2000թ. համար փոխառության ծախսումների կապիտալացվող գումարը որոշվում է հետևյալ կերպ`
ա) որոշվում է կապիտալացման դրույքը.
Տարվա ընթացքում փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ.
- բանկային օվերդրաֆտ 33.800 դրամ
- պարտատոմս 900.000 դրամ
Ընդամենը 933.800 դրամ
Տարվա ընթացքում փոխառությունների կշռված միջին արժեքը.
- բանկային օվերդրաֆտ 750.000 դրամ
- պարտատոմս 9.000.000 դրամ
Ընդամենը 9.750.000 դրամ
Կապիտալացման դրույք = (933.800 / 9.750.000) x 100 = 9.58 %
բ) որոշվում է կապիտալացման ենթակա գումարը.
I. Հատկապես որակավորվող ակտիվի կառուցման նպատակով չստացված միջոցների գծով փոխառության ծախսումների կապիտալացման ենթակա գումարը որոշվում է կապիտալացման գործակցի միջոցով`
200.000 x 9.58 % x 11/12 = 17.563 (հունվարի 31-ի վճարման մասով)
200.000 x 9.58 % x 1/12 = 1.597 (նոյեմբերի 30-ի վճարման մասով)
II. Քանի որ 800 հազար դրամի միջոցները փոխ են առնվել բացառապես որակավորվող ակտիվ (շարժական էլեկտրակայան) ձեռք բերելու նպատակով, կապիտալացման ենթակա փոխառության ծախսումների գումարն իրենից ներկայացնում է փոխառության փաստացի ծախսումները` հանած փոխառության ժամանակավոր ներդրումից ստացված եկամուտը:
Փոխառության փաստացի ծախսումներ` 800.000 x 9% x 9/12 = 54.000
Փոխառության ժամանակավոր ներդրումից ստացված եկամուտ` - 01.04-30.06 (800.000-450.000) x 8% x 3/12 = 350.000 x 8% x 3/12 = 7.000 - 01.06-31.10 (350.000-100.000) x 8% x 4/12 = 250.000 x 8% x 4/12 = 6.667 - 01.11-30.11 (250.000-200.000) x 8% x 1/12 = 50.000 x 8% x 1/12 = 333
Ընդամենը` 14.000
Կապիտալացման ենթակա փոխառության ծախսումներ`
(54.000 - 14.000) + 17.563 + 1.597= 59.160
Տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 59.160
Կրեդիտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 59.160:
ՀՀՀՀՍ 24 «ԿԱՊԱԿՑՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՍՏԱՆԴԱՐՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
Կապակցված կողմերի հետ հարաբերությունները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ հաշվետու կազմակերպության գործունեության արդյունքների և ֆինանսական վիճակի վրա: ՀՀՀՀՍ 24-ի հիմնական նպատակը կապակցված կողմերի, ինչպես նաև կազմակերպության և վերջինիս հետ կապակցված կողմերի միջև իրականացվող գործարքների որոշումն է, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման պահանջների սահմանումը:
2. Գործողության ոլորտը
ՀՀՀՀՍ 24-ը պետք է կիրառվի կապակցված կողմերի, ինչպես նաև հաշվետու կազմակերպության ու վերջինիս հետ կապակցված կողմերի միջև իրականացվող գործարքների նկատմամբ: ՀՀՀՀՍ 24-ի պահանջները կիրառվում են յուրաքանչյուր հաշվետու կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները կազմելիս:
3. Հաշվապահական մոտեցումները
3.1. Կողմերը համարվում են կապակցված, եթե նրանցից մեկը կարող է վերահսկել մյուսին կամ նշանակալի ազդեցություն ունենալ մյուսի վրա` ֆինանսական և գործառնական որոշումներ կայացնելիս: ՀՀՀՀՍ 24-ը առնչվում է հետևյալ կապակցված կողմերի հետ փոխհարաբերություններին`
ա) կազմակերպություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են հաշվետու կազմակերպությանը կամ վերահսկվում նրա կողմից, կամ հաշվետու կազմակերպության հետ ընդհանուր վերահսկողության տակ են գտնվում (օրինակ` հոլդինգային կազմակերպությունները, դուստր ընկերությունները և միևնույն մայր կազմակերպության այլ դուստր ընկերությունները),
բ) ասոցիացված կազմակերպություններ,
գ) համատեղ վերահսկվող միավորներ,
դ) քաղաքացիներ (ներառյալ` դրանց ընտանիքի մտերիմ անդամները), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաշվետու կազմակերպությունում ունեն այնքան ձայնի իրավունք, որը նրանց կազմակերպության վրա նշանակալի ազդեցության հնարավորություն է տալիս,
ե) հանգուցային կառավարչական անձնակազմ, այսինքն այն անձինք, որոնք իրավասու են և պատասխանատվություն են կրում հաշվետու կազմակերպության գործունեության պլանավորման, կառավարման և վերահսկողության իրականացման համար, ներառյալ կազմակերպությունների տնօրենները, պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի մտերիմ անդամները,
զ) կազմակերպություններ, որոնցում զգալի քանակությամբ ձայների իրավունքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է «դ» և «ե» կետերում նկարագրված ցանկացած անձի, կամ որոնց վրա այդպիսի անձինք ունեն նշանակալի ազդեցություն: Դրանցից են այն կազմակերպությունները, որոնք պատկանում են հաշվետու կազմակերպության տնօրեններին կամ խոշոր բաժնետերերին, և այն կազմակերպությունները, որոնք հաշվետու կազմակերպության հետ ունեն հանգուցային կառավարչական անձնակազմի ընդհանուր անդամ:
3.2. ՀՀՀՀՍ 24-ի համատեքստում հետևյալ կողմերը չեն համարվում կապակցված`
ա) երկու կազմակերպությունները, զուտ այն պատճառով, որ ունեն ընդհանուր տնօրեն (բայց անհրաժեշտ է հաշվի առնել հնարավորութունը և գնահատել հավանականությունը, որ տնօրենը կարող է ազդել երկու կազմակերպությունների քաղաքականությունների վրա` նրանց գործնական հարաբերություններում),
բ) ֆինանսական միջոցներ տրամադրողները, արհմիությունները, հասարակական նշանակության կազմակերպությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, և այն կազմակերպությունները, որոնք իրենց սովորական գործնական հարաբերությունների ընթացքում հարաբերվում են վերը նշվածների հետ (չնայած վերջիններս կարող են սահմանափակել կազմակերպության գործելու ազատությունը կամ մասնակցել նրա որոշումներ ընդունելու գործընթացին), և
գ) առանձին գնորդը, մատակարարը, ֆրանշիզ տրամադրող ընկերությունը, բաշխիչը (դիստրիբյուտոր) կամ գլխավոր գործակալը, որոնց հետ կազմակերպությունը զգալի ծավալի գործարքներ է իրականացնում, և պարզապես միայն այդ պատճառով է առաջանում տնտեսական կախվածություն:
3.3. Կապակցված կողմերի միջև գործարքը ռեսուրսների կամ պարտավորությունների փոխանցում է կապակցված կողմերի միջև` անկախ վճարի գանձումից: Այդպիսի գործարքների օրինակներ են`
ա) ապրանքների, արտադրանքի (պատրաստի կամ անավարտ) գնում կամ վաճառք,
բ) այլ ակտիվների գնում կամ վաճառք,
գ) ծառայությունների մատուցում կամ ստացում,
դ) գործակալական համաձայնագրեր,
ե) վարձակալական համաձայնագրեր,
զ) հետազոտության և զարգացման աշխատանքների արդյունքների փոխանցում,
է) լիցենզային համաձայնագրեր,
ը) ֆինանսներ (ներառյալ վարկերը և կանոնադրական կապիտալում ներդրումները` դրամական կամ բնաիրային տեսքով),
թ) երաշխիքներ, երաշխավորություններ և գրավներ,
ժ) կառավարման պայմանագրեր:
3.4. Կապակցված կողմերի միջև փոխհարաբերություններն առևտրային գործունեությունում սովորական երևույթ են: Օրինակ` կազմակերպությունները հաճախ իրենց գործունեության մի մասն իրականացնում են դուստր ընկերությունների կամ ասոցիացված կազմակերպությունների միջոցով, ներդրումներ կատարելու նպատակով կամ առևտրային նկատառումներով ձեռք են բերում այլ կազմակերպությունների բաժնեմասեր` բավարար համամասնությամբ, որպեսզի ներդրող կազմակերպությունը կարողանա վերահսկել կամ նշանակալի ազդեցություն ունենալ ներդրման օբյեկտի ֆինանսական և գործառնական որոշումների կայացման վրա:
3.5. Կապակցված կողմերը, միմյանց միջև կատարվող գործարքների գները որոշելիս, կարող են դրսևորել որոշ աստիճանի ճկունություն, մի բան, որը հատուկ չէ չկապակցված կողմերի միջև կատարվող գործարքներին: Կապակցված կողմերի միջև կատարվող գործարքների գները որոշելիս կիրառվում են տարբեր մեթոդներ, որոնցից են`
ա) համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, ըստ որի գինը որոշվում է` հիմք ընդունելով տնտեսապես համեմատելի շուկայում վաճառողի հետ կապ չունեցող գնորդին վաճառված նմանատիպ ապրանքի գինը: Այս մեթոդը հաճախ կիրառվում է, երբ ապրանքները մատակարարվում կամ ծառայությունները մատուցվում են կապակցված կողմերի միջև գործարքում, և դրա իրականացման պայմանները նման են սովորական առևտրական գործարքների պայմաններին,
բ) վերավաճառքի գնի մեթոդը կիրառվում է, երբ կատարվում է ապրանքների փոխանցում կապակցված կողմին` անկախ կողմին վաճառելու նպատակով: Այս մեթոդի համաձայն վերավաճառքի գինն իջեցվում է հավելագնի գումարի չափով: Վերջինս մի գումար է, որի հաշվին վերավաճառողը կցանկանար ծածկել իր ծախսումները և ստանալ համապատասխան շահույթ,
գ) «ծախսում գումարած» մեթոդ, ըստ որի մատակարարի ծախսումների (ինքնարժեքի) վրա գումարվում է ընդունելի հավելում: Դժվարություններ կարող են առաջանալ և ինքնարժեքի տարրերը, և հավելումը որոշելիս: Այն չափանիշներից, որոնք կարող են օգնել փոխանցման գները որոշելիս, արտադրության նմանատիպ ճյուղերում համադրելի շահութաբերությունն է` ըստ վաճառքի կամ ըստ զուտ ակտիվների (սեփական կապիտալի):
4. Բացահայտում
4.1. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում պետք է բացահայտվեն`
ա) վերահսկողության առկայության դեպքում կապակցված կողմերի փոխհարաբերությունները` անկախ կապակցված կողմերի միջև գործարքների կատարման փաստից,
բ) եթե կապակցված կողմերի միջև կայացել են գործարքներ`
I. կապակցված կողմերի փոխհարաբերությունների բնույթը,
II. գործարքների տեսակները,
III. գործարքների տարրերը, ներառյալ`
- գործարքների ծավալի ցուցանիշը` գումարային տեսքով կամ հարաբերական մեծությամբ,
- չմարված հոդվածները` գումարով կամ հարաբերական մեծությամբ,
- գնային քաղաքականությունը:
4.2. Բացահայտում չի պահանջվում`
ա) համախմբված ֆինանսական հաշվետվություններում` կապված ներխմբային գործարքների հետ,
բ) մայր կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում, եթե դրանք ներկայացվում են համախմբված ֆինանսական հաշվետվությունների հետ,
գ) ամբողջությամբ սեփականություն հանդիսացող դուստր ընկերության ֆինանսական հաշվետվություններում, եթե դրա մայր կազմակերպությունը գրանցված է նույն երկրում և ներկայացնում է համախմբված ֆինանսական հաշվետվություններ այդ երկրում,
դ) պետության վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում` կապված պետության վերահսկողության տակ գտնվող այլ կազմակերպությունների հետ ունեցած գործարքների հետ:
Հավելված. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում կապակցված կողմերի վերաբերյալ բացահայտումների օրինակ
Ա կազմակերպության 2000թ. ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում կապակցված կողմերի և կազմակերպության ու դրանց միջև գործարքների վերաբերյալ կատարվել են հետևյալ բացահայտումները.
«Ա կազմակերպության հիմնադիրների խորհրդի նախագահը մոտիկ ազգակցական կապի մեջ է Բ կազմակերպության հիմնադիրների խորհրդի նախագահի հետ և այս կազմակերպությունները նշանակալի ազդեցություն ունեն մեկը մյուսի վրա: Հետևաբար, Բ կազմակերպությունը հանդիսանում է Ա-ի կապակցված կողմ` համաձայն ՀՀՀՀՍ 24-ի:
2000թ. ընթացքում Բ կազմակերպության հետ կատարվել են հետևյալ գործարքները`
.______________________________________________________________________.
| Գործարքի նկարագրությունը | Ծավալը | Տեսակարար կշիռը |
| | | նմանատիպ գործարքներում|
|__________________________|___________________|_______________________|
| Ապրանքների վաճառք Բ-ին |110.000 հազար դրամ | 15% |
| Փոխառության ստացում Բ-ից | 50.000 հազար դրամ | 70% |
.______________________________________________________________________.
Բ կազմակերպությանը վաճառված ապրանքների գինը որոշվել է համադրելի չվերահսկվող գնի մեթոդով: