ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1171-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 10
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ Հայաստանի անտառները լեռնային են, դասվում են առաջին խմբի անտառների շարքին, ինչը նշանակում է, որ Հայաստանում 2-րդ խմբի անտառներ չկան:
2. Նախագծի 2-րդ հոդվածով ներկայացված առաջարկը ենթադրում է Հայաստանի Հանրապետության անտառների` ըստ հիմնական նպատակային նշանակության դասակարգման ընդհանուր վերանայում, որն էլ իր հերթին ենթադրում է ամբողջ անտառային օրենսգրքում մի շարք միմյանց փոխկապակցված հոդվածների վերանայում ևս:
Դեռևս 10-12 տարի առաջ կազմված անտառակառավարման պլաններով Հայաստանի Հանրապետությունում առանձնացվել էին շուրջ 96000 հա արտադրական նշանակության անտառներ, որոնք չեն նույնականացվել սոցիալական նշանակության (սանիտարահիգիենիկ, առողջարարական, ռեկրեացիոն) անտառների հետ: Նշված սոցիալական նշանակության անտառները ներառված են հատուկ նշանակության անտառների կատեգորիայում (տես ՀՀ անտառային օրենսգրքի 12-րդ հոդվածը):
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում` 2019 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում: Նախարարության մշակած նախագծում ներառվել են հիմնարար դրույթներ, այդ թվում` օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածների վերանայում, որը դեռևս մասնագիտական լայն շրջանակների հետ քննարկման կարիք ունի:
Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Ելնելով վերը շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող` ՀՀ անտառային օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում: