Սեղմել Esc փակելու համար:
ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.01.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2018  -ից մինչեւ   28.01.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 24.01.2022 թիվ 1-Ն հրաման)

i

114.0172.040804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11404195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

8 հուլիսի 2004 թվականի N 172-Ն

 

ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դրույթները, ինչպես նաև համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Աճուրդի անցկացման կանոնակարգը»` ըստ հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Ա. Մարկոսյանին:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի 08.07.2004 թ-ի

N 172-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգով կարգավորվում է Կազմակերպչի կողմից հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման գործունեությունը:

1.2. Սույն կանոնակարգը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում աճուրդների հետ կապված հարաբերությունների վրա:

1.3. Սույն կանոնակարգով չի կարգավորվում փակ աճուրդների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

1.4. Սույն կանոնակարգով սահմանվում են աճուրդի ձևերը` դասական կամ հոլանդական:

1.5. Աճուրդի միջոցով պայմանագրեր կնքելու պայմանները սահմանվում են օրենքով, իսկ աճուրդների ընթացքում վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

1.6. Աճուրդների իրականացման նպատակով Կազմակերպչի ղեկավար մարմնի (տնօրենի) հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 3 անձից: Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

 

2. Աճուրդի հրապարակային ծանուցումը և մասնակիցների ու մասնակից

չհամարվող անձանց գործողությունների վարքագծի կանոնները

 

2.1. Աճուրդը պետք է սկսվի 9:00-19:00 ընկած ժամանակահատվածում, իսկ վաճառքը պետք է իրականացվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

2.2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի զանգվածային լրատվության միջոցներով կամ էլեկտրոնային միջոցների օգնությամբ հրապարակային աճուրդի օրվանից առնվազն 15 օր առաջ:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդի կայացման օրվանից առնվազն 1 օր առաջ զետեղվում է աճուրդի կայացման վայրում:

2.3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի օրենքով սահմանված տեղեկությունները:

2.4. (2.4-րդ կետն ուժը կորցրել է 06.04.18 թիվ 31-Ն հրաման)

i

2.5. Գույքի վիճակի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հրապարակված տվյալների անճշտության համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում, եթե անճշտությունը չի կատարվել իր կողմից:

i

2.6. Սույն կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ: Կանոնակարգը տրամադրվում է համապատասխան դիմումի հիման վրա, որի համար Կազմակերպիչը պահանջում է պատճենահանման համար նախատեսված ծախսերը:

(2.6-րդ կետը փոփ. 11.08.09 թիվ 69-Ն հրաման)

2.7. Աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով սահմանված կարգով:

i

2.8. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք (այսուհետև` դիտորդ) աճուրդի դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդի) համար ընդհուպ աճուրդի սկսվելը վաճառվում են դիտորդի տոմսեր:

(2.8-րդ կետը փոփ. 11.08.09 թիվ 69-Ն հրաման)

2.9. Աճուրդի մասնակիցները և դիտորդները պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանը և հետևել հետևյալ կանոններին.

ա) չհայտնել իրենց դժգոհությունը, սպառնալիքը կամ գոհունակությունը որևէ մասնակցի, մասնակից չհամարվող անձի, աճուրդային հանձնաժողովի կամ աճուրդավարի գործողությունների նկատմամբ,

բ) չխոսել աճուրդի ընթացքում, բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված դեպքերի,

գ) հարցադրումներ ուղղել աճուրդային հանձնաժողովին լոտի աճուրդը սկսվելուց առաջ կամ հետո, իսկ լոտի աճուրդի ընթացքում միայն աճուրդավարի թույլտվությամբ:

դ) աճուրդի ընթացքում դուրս չգալ դահլիճից կամ չվերադառնալ դահլիճ` բացառությամբ ընդհանուր աճուրդի դեպքում լոտերի աճուրդների միջև ընկած ժամանակահատվածի` աճուրդավարի թույլտվությամբ,

ե) չթաքցնել օրենքով սահմանված` աճուրդավարի կամ նրա ամուսնու ազգական լինելու հանգամանքը:

 

3. Աճուրդի անցկացման պայմանագիրը և կազմակերպչի վարձատրությունը

 

3.1. Սեփականատիրոջ կամ իրավունքի տիրապետող անձի (այսուհետև Առաջարկող) և Կազմակերպչի միջև կնքվում է աճուրդի անցկացման մասին գրավոր պայմանագիր, որը հիմք է հանդիսանում Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման և անցկացման համար և պետք է ներառի օրենքով սահմանված տեղեկությունները: Աճուրդային հանձնաժողովի կազմում կարող է (են) ընդգրկվել առաջարկողի ներկայացուցիչը (ները):

3.2. Եթե Կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդը անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաև համապատասխան դրույթներ` նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները (նվազագույն գինը):

3.3. Լոտը Կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում պայմանագիրը պետք է պարունակի պահատվությանը վերաբերող դրույթներ:

3.4. Կազմակերպչի վարձատրության կարգը և պայմանները սահմանվում են պայմանագրով:

3.5. (3.5-րդ կետն ուժը կորցրել է 11.08.09 թիվ 69-Ն հրաման)

i

3.6. (3.6-րդ կետն ուժը կորցրել է 11.08.09 թիվ 69-Ն հրաման)

 

4. Աճուրդի մասնակցելու պայմանները և լոտի ուսումնասիրումը

 

4.1. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ կամ ծանուցման մեջ նշված ժամկետում, չափով և կարգով Կազմակերպչին մուծել են նախավճար (որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի մինչև 5 տոկոսը) և ստացել մասնակցի վկայական:

4.2. Նախքան աճուրդի բացումը մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին): Կազմակերպիչը ծանուցման պահից սկսած (Առաջարկողի աջակցությամբ) ընձեռում է հնարավորություն լոտը (լոտերը) ուսումնասիրելու համար` հետևյալ կարգով և ժամկետներում.

ա) անշարժ գույքի համար ` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի),

բ) շարժական գույքի համար` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին ` ժամը 9:00-13:00 ընկած ժամանակահատվածում:

4.3. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա Կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն տալ մասնակիցներին սույն կանոնակարգի 4.2. կետի ա) և բ) ենթակետում նշված կարգով և ժամկետներում ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:

4.4. Պայմանագրով կարող են սահմանվել լոտերին ծանոթանալու ավելի երկար ժամկետներ:

4.5. Նախքան աճուրդի սկսվելը Կազմակերպիչը գրանցում է մասնակիցներին, ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը և յուրաքանչյուր մասնակցին, ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան, տրամադրում է քարտեր:

4.6. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

5. Աճուրդի կազմակերպումն ու անցկացումը

 

5.1. Աճուրդները անց են կացվում դասական (գնի ավելացման) կամ հոլանդական (գնի նվազեցման) եղանակներով:

5.2. Աճուրդը անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային նվազագույն քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով և կարող է կլորացվել հարյուր դրամի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը:

5.3. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին:

- Աճուրդավարը շարունակում է աճուրդը այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկող մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է:

Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով (հոլանդական աճուրդի դեպքում` նվազագույն գնով) երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում տվյալ լոտի աճուրդը համարվում է չկայացած:

5.4. Դասական աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):

Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից` աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելու և մուրճիկի երրորդ հարվածից հետո:

5.5. Հոլանդական աճուրդի դեպքում աճուրդավարի կողմից մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին և աճուրդավարի կողմից անմիջապես համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

5.6. Հոլանդական աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից, եթե Առաջարկողի և Կազմակերպչի միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:

5.7. Դասական աճուրդի ժամանակ, եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանությամբ որոշում է աճուրդում հաղթող համարված մասնակցին:

5.8. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.

աճուրդային հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակիցների մասնակցի վկայականին համապատասխան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարների մեջ և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

5.9. Հոլանդական աճուրդի ժամանակ, եթե մեկից ավելի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա աճուրդային հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին և այդ մասնակիցների միջև իրականացվում է դասական աճուրդ` նրանց կողմից առաջարկած գինն ընդունելով որպես մեկնարկային գին: Եթե մեկնարկային գնից բարձր առաջարկներ մասնակիցները չեն ներկայացնում` աճուրդում հաղթած մասնակից է համարվում սույն կանոնակարգի 5.8. կետով սահմանված պայմաններով վիճակահանությամբ ընտրված մասնակիցը:

5.10. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և Կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որից մեկը, հաղթողի կողմից լրիվ վճարումները կատարելու դեպքում, Կազմակերպիչը երեք օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին:

5.11. Եթե աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

 

6. Լոտի գնի վճարումը

 

6.1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված անձը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտ(եր)ի գինը:

Աճուրդում հաղթող ճանաչված անձին տրվում է վճարման հանձնարարագիր, երկու օրինակից, որոնցից մեկը մնում է Կազմակերպչի մոտ, ընդ որում նախավճարը հաշվարկվում է հաղթողի կողմից վճարման ենթակա գումարի մեջ:

Աճուրդում հաղթող ճանաչված անձը վճարման հանձնարարագրում նշված գումարը սահմանված ժամկետում վճարում է հանձնարարագրում նշված հաշվին կամ դրամարկղ և վճարման անդորրագիրը ներկայացնում Կազմակերպչին:

6.2. (6.2-րդ կետն ուժը կորցրել է 06.04.18 թիվ 31-Ն հրաման)

i

6.3. (6.3-րդ կետն ուժը կորցրել է 06.04.18 թիվ 31-Ն հրաման)

i

6.4. Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում և տնօրինվում է Կազմակերպչի կողմից, իսկ աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` նույն պայմաններով:

(6.4-րդ կետը փոփ. 06.04.18 թիվ 31-Ն հրաման)

6.5. Աճուրդում գոյացած գինը, նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում, վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

6.6. Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:

i

6.7. Կազմակերպիչը աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի գրավոր դիմումի հիման վրա նախավճարը վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին: Հակառակ դեպքում նախավճարի գումարը մնում է Կազմակերպչին:

(6.7-րդ կետը փոփ. 06.04.18 թիվ 31-Ն հրաման)

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) աճուրդի ավարտից 3 տարվա ընթացքում:

7.2. Կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը, եթե Առաջարկողի և Կազմակերպչի միջև կնքված աճուրդի մասին պայմանագրով նախատեսված են պահատվությանը վերաբերող դրույթներ:

7.3. Աճուրդի անցկացման պայմանագրի գործողության ժամկետը համարվում է ավարտված, իսկ աճուրդի անցկացման ծառայությունը մատուցված, լոտ(եր)ի վաճառքից ստացված գումարը Առաջարկողին փոխանցելու (աճուրդը կայանալու դեպքում) և աճուրդների արդյունքների ամփոփ արձանագրություն(ներ)ը Առաջարկողին ներկայացնելու պահից:

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
08.07.2004
N 172-Ն
Հրաման