(ուժը կորցրել է 07.01.2022 թիվ 15-Ն հրաման)
i
106.0005.060214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10614065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 հունվարի 2014 թվականի N 5-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի ա) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրային որոշման 2-րդ կետի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Նախարարությունում գործավարությունը կազմակերպել և իրականացնել սույն հրամանով հաստատված ներքին գործավարության կարգի դրույթներին համապատասխան:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 62-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 85-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2014 թ. հունվարի 17-ի
N 5-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) ներքին գործավարության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Նախարարության ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` քարտուղարություն)` աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:
3. Յուրաքանչյուր աշխատողի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կողմից աշխատանքի ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համակարգից օգտվողի անուն:
4. Համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա իր գաղտնաբառը, որն աշխատողն իրավասու չէ փոխանցելու որևէ այլ անձի:
5. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի աշխատողը կարող է փոխել համակարգից օգտվելու իր գաղտնաբառը:
6. Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը):
7. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին:
8. Արձակուրդ գնալիս, գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելու դեպքերում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը տեղեկացնում է անձնակազմի կառավարման բաժնին տվյալ աշխատողին փոխարինող անձի վերաբերյալ` նշելով փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը:
9. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողի համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:
10. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատակազմի յուրաքանչյուր աշխատող համակարգում իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթերը (մտից և/կամ ելից) պետք է փոխանցի իր ստորաբաժանման ղեկավարին:
11. Աշխատակազմի համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժինն անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկել համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքներ:
12. Համակարգում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակներով:
13. Մտից էլեկտրոնային գրության վավերության հետ կապված որոշակի անճշտությունների, ոչ «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակների, ինչպես նաև գործավարության կարգի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում քարտուղարությունը չեղարկում է փաստաթուղթը և տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին համակարգով` ելից գրությամբ, տեղեկացնում է փաստաթուղթն ուղարկած մարմնին:
14. Աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանումում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
15. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
16. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
1) Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիր, Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրություն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներ.
2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի արձանագրություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության մշտապես գործող նախարարական կոմիտեների նիստերի արձանագրություններ.
3) հանձնարարականներ.
4) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
5) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և (կամ) կարգադրության նախագիծ.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
7) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ.
9) դիմումներ, այդ թվում` առաջարկություններ ու բողոքներ` ստացված քաղաքացիներից, ոչ պետական կազմակերպություններից, որոնց տվյալները (անունը, ազգանունը, անվանումը, գտնվելու վայրը, բնակության վայրը և այլն) մուտքագրվելուց հետո համակարգում ձևավորված 12-նիշանոց ծածկագիր-համարով դիմումատուն ստանում է հնարավորություն հետևելու իր դիմումի ընթացքին.
10) գրություններ.
11) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշում.
12) ներքին շրջանառության փաստաթղթեր` զեկուցագրեր, աշխատակազմի աշխատողների դիմումներ, տեղեկանքներ:
17. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
18. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության աշխատողը կից նյութերով (դրանց առկայության դեպքում), գրանցում է համակարգում` նշելով փաստաթուղթն ուղարկողի պայմանանիշը, փաստաթղթի համարը, ամսաթիվը, տեսակը, աշխատակազմում գրանցման համարն ու ամսաթիվը, փաստաթղթի վերնագիրը, համառոտ բովանդակությունը և համակարգի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
19. Թղթային տարբերակով աշխատակազմ մուտքագրված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունը դրոշմակնքվում է` դրա վրա նշելով գրանցման մտից համարը և ամսաթիվը, որոնք պետք է համապատասխանեն համակարգի համապատասխան մտից համարին:
20. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին (այսուհետ` նախարար) և աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթուղթը համակարգ մուտքագրվելուց հետո, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնքվելուց ու պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժնի պետի կողմից էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է քարտուղարության պետին աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու համար, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
21. Նախարարի տեղակալներին (այսուհետ` համակարգող) հասցեագրված փաստաթղթերը քարտուղարության աշխատողը համակարգ մուտքագրելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնքելուց ու պատկերամուտով (սկաներով) մուտքագրելուց հետո ուղարկում է հասցեատիրոջը` այդ մասին տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին:
22. Ստացված օտարալեզու փաստաթուղթը համակարգով ուղարկվում է աշխատակազմի արտաքին կապերի վարչություն` փաստաթուղթն ուղեկցող գրության կամ դրան կից նյութի թարգմանության համար (1 էջի սահմաններում), որից հետո այն վերադարձվում է քարտուղարություն` սահմանված կարգով ընթացք տալու նպատակով:
23. Քարտուղարության աշխատողը համակարգի ստացված դիմումների համար նախատեսված բաժնում գրանցում է դիմողի անունը, ազգանունը, հասցեն, կոլեկտիվ առաջարկության կամ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը, պայմանանիշը, աշխատակազմում գրանցման համարն ու ամսաթիվը, վերջնաժամկետը (առկայության դեպքում), համառոտ բովանդակությունը և անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
24. «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում համապատասխան գրանցամատյանում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի անունը, ազգանունը կամ անվանումը: «Անձամբ» մակագրությամբ ստացված ծրարները չեն բացվում և փակ վիճակում ստորագրությամբ հանձնվում են հասցեատերերին:
25. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան աշխատակազմի որևէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան (առնչվող) դաշտում» այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին:
26. Նախարարը, համակարգողը և աշխատակազմի ղեկավարը փաստաթուղթը կարող են համակարգով «1-ին, 2-րդ, ... ո-րդ կատարող (կատարողներ)» մակագրությամբ, համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին և նախարարության ենթակա կազմակերպություններին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:
27. «Ի տնօրինություն» մակագրության դեպքում փաստաթղթի հետագա ընթացքն որոշում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
28. Նախարարի, համակարգողի, աշխատակազմի ղեկավարի կողմից փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկվում է կատարող ստորաբաժանման ղեկավարին` սահմանելով կատարման ժամկետ:
29. Համակարգի միջոցով փաստաթղթի հիմնական վերջնաժամկետը նշանակում է քարտուղարությունը տվյալ աշխատանքի կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել կատարման առավել սեղմ վերջնաժամկետ:
30. Դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
31. Թղթային տարբերակով ներկայացված փաստաթղթերն ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են քարտուղարությունում, բացառությամբ աշխատակազմ մուտքագրված այն փաստաթղթերի, որոնք քարտուղարության պետի ու աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով ու հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի ստորաբաժանումներին տրամադրվում են ստորագրությամբ` թղթային տարբերակով:
32. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն իրավաբանական ստորաբաժանմանն են տրամադրվում էլեկտրոնային տարբերակներով:
33. Աշխատակազմ ներկայացված պայմանագրերը, ընդունման-հանձնման ակտերը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, պարբերական հանդեսները, գրություններին կից թերթերը, վիճակագրական ժողովածուները, տեղեկագրերը, և այլ նյութեր (այսուհետ` փաստաթղթեր) ենթակա չեն մուտքագրման` պատկերամուտով, քանի որ դրանք գրանցամատյանում գրանցվելուց հետո համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրվում են անձամբ, ստորագրությամբ, թղթային տարբերակով:
34. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերն ուղեկցող գրությունները համակարգ են մուտքագրվում սույն կարգով նախատեսված ընթացակարգով: Նշված փաստաթղթերը քարտուղարության աշխատողը թղթային տարբերակով, ստորագրությամբ հանձնում է համապատասխան ստորաբաժանման աշխատողին:
35. Նախարարին և աշխատակազմի ղեկավարին ուղղված ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը թղթային տարբերակով աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո ներկայացվում են քարտուղարություն` փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելու, ըստ անհրաժեշտության պատկերամուտով մուտքագրելու և աշխատակազմի ղեկավարին ուղարկելու համար:
36. Նախարարը, համակարգողը, աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ) համակարգով համապատասխան հանձնարարական է տալիս կատարող ստորաբաժանման ղեկավարին:
37. Ի պատասխան տվյալ հանձնարարականի նախապատրաստված փաստաթուղթը (հանձնարարական, գրություն և այլն) կատարող ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից ստորագրվելիք փաստաթղթերի դեպքում` հաստատման, նախարարի ու համակարգողի կողմից ստորագրվելիք փաստաթղթերի դեպքում` համաձայնեցման և վերջիններիս հաստատմանն ուղարկելու համար:
38. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաստատելով տված հանձնարարականը` այն համակարգով ուղարկում է քարտուղարություն` դրանք հանձնարարականում նշված հասցեատերերին առաքումն ապահովելու համար:
39. Ներքին շրջանառության փաստաթղթերը հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում վերջինս համապատասխան մակագրություն է ուղարկում քարտուղարություն` տվյալ փաստաթղթի ընթացքն ավարտելու, այն արխիվացնելու և այդ մասին համակարգով կատարողին տեղեկացնելու համար:
40. Աշխատակազմում մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ նախարարն անհրաժեշտության դեպքում համակարգով աշխատակազմի ղեկավարին փոխանցում է հանձնարարական` նշված փաստաթղթերի առնչությամբ իր կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
41. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնություն հանդիսացող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվող օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումների նախագծերը (այսուհետ` նախագիծ)` կից փաստաթղթերով (հիմնավորում, տեղեկանք, եզրակացություն, ամփոփաթերթ, կարգավորման ազդեցության գնահատական և այլն) նախապատրաստած աշխատողը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
42. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատողին` խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:
43. Աշխատողը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
44. Կատարող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումներին, որից հետո` իրավաբանական վարչությանը` կարծիքի, այնուհետև համակարգողի համաձայնեցմանը:
45. Համակարգողը, շահագրգիռ և իրավաբանական ստորաբաժանումները, նախագիծն ու նախապատրաստված փաստաթուղթը, կից եզրակացություններով և կարծիքներով վերադարձնում են կատարող ստորաբաժանման ղեկավարին:
46. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարողի կամ համակարգողի կամ աշխատակազմի ղեկավարի կամ նախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:
47. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:
48. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական վարչության, համակարգողի և քարտուղարության համաձայնեցմանը:
49. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար համաձայնեցված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` համաձայնեցման և նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:
50. Համաձայնեցված նախագծի վերաբերյալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գերատեսչությունների կարծիքները և/կամ կարգավորման ազդեցության գնահատականները ստանալու նպատակով կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:
51. Սույն կարգի 50-րդ կետում նշված կարծիքները և կարգավորման ազդեցության գնահատականները ստանալուց և ամփոփելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար սույն կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` համաձայնեցման և նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:
52. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերը (նախագծի ընդունման հիմնավորումը, ամփոփաթերթը, ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկանքը, նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի դեպքերում` նաև կարգավորման ազդեցության գնահատականը) սույն կարգով սահմանված ընթացակարգով էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
IV. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
53. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեների նիստերի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն է կրում պաշտոնատար այն անձը (նախարար, համակարգող, աշխատակազմի ղեկավար), ում հասցեագրված է հանձնարարականը կամ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը:
54. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, ... ո-րդ կատարող(ներ)» մակագրությամբ` համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին և նախարարության ենթակա կազմակերպություններին` համակատարողներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:
i
55. Համակատարողներն ի կատարումն տրված հանձնարարականի` նախապատրաստած փաստաթուղթը պետք է սահմանված կարգով, հանձնարարականի համար սահմանված վերջնաժամկետից առնվազն երկու աշխատանքային օր առաջ (մինչև ժամը 16.00-ն) փոխանցեն հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին: Սահմանված ժամկետում կարծիք չներկայացնելու դեպքում, համակատարողների կարծիքը համարվում է դրական և հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պատրաստած գրությունը կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնում է համակատարողների հետ:
(55-րդ կետը փոփ. 17.02.17 թիվ 43-Ն հրաման)
56. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «Հավասարազոր» մակագրությամբ փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումների կամ «Ի գիտություն», «Ի տնօրինություն», «Ի ղեկավարումն», «Ի կատարումն» մակագրություններով ուղարկել համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (ներին):
57. Հանձնարարականում կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օր:
58. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձը պետք է սահմանի կատարման վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ սույն կարգով նախատեսված վերջնաժամկետը կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:
59. Նախարարի, համակարգողի և աշխատակազմի ղեկավարի կողմից հանձնարարական ստացած կատարող ստորաբաժանումը հանձնարարականի արդյունքում իր նախապատրաստած փաստաթուղթը համաձայնեցնում է շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական վարչության, համակարգողի և քարտուղարության հետ ու ներկայացնում աշխատակազմի ղեկավարին` վերջինիս կողմից ստորագրվելիք փաստաթղթերի դեպքում` հաստատման, նախարարի և համակարգողի կողմից ստորագրվելիք փաստաթղթերի դեպքում` համաձայնեցման և հաստատման ներկայացնելու համար:
i
60. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`
1/ 1-օրյա և 2-օրյա ժամկետով կատարման ենթակա փաստաթղթի պատասխան-գրությունը ներկայացվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը` մինչև ժամը 16.00-ն.
2/ մինչև 3 օր ժամկետով կատարման ենթակա փաստաթղթի պատասխան-գրությունը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու նախորդ օրը, մինչև ժամը 16.00-ն.
3/ 3 օրից ավելի ժամկետով կատարման ենթակա փաստաթղթի պատասխան-գրությունը ներկայացվում է սահմանված ժամկետից երկու օր առաջ (եթե ընթացիկ վերջնաժամկետով այլ ժամկետ նախատեսված չէ): «Հավաք» նշումով (եթե հավաքն իրականացնում է նախարարությունը) փաստաթղթի պատասխան-գրությունը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալուց երկու օր առաջ` մինչև 16.00-ն:
(60-րդ կետը փոփ. 17.02.17 թիվ 43-Ն հրաման)
61. Հաստատված հանձնարարականը նախարարը, համակարգողը և աշխատակազմի ղեկավարն ուղարկում են քարտուղարություն` հանձնարարականում նշված հասցեատիրոջը (տերերին) առաքումն ապահովելու համար:
62. Հանձնարարականը սահմանված ժամկետում հիմնավոր պատճառներով կատարման անհնարինության դեպքում ստորաբաժանման ղեկավարը նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը սույն կարգով սահմանված ընթացակարգով ներկայացնում է գրություն` հանձնարարականում նախատեսված ժամկետն երկարաձգելու նպատակով հանձնարարականը տված պաշտոնատար անձին ներկայացնելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:
63. Հանձնարարականի կատարման ժամկետն երկարաձգելու մասին հանձնարարականը տված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում` հանձնարարականի կատարման ժամկետն երկարաձգվում է:
64. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից:
65. Սահմանված ժամկետում չկատարված և ուշացումով կատարված հանձնարարականների վերաբերյալ կատարող ստորաբաժանումներից ստացված բացատրությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում ոչ հիմնավոր պատճառներով չկատարված կամ ուշացումով կատարված համարվող հանձնարարականը կատարողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր:
V. ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ
66. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարող ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող հրամանի նախագծի նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում ստանալով նաև տվյալ իրավական ակտի նախագծի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (օրինակ` դիմում, զեկուցագիր, տեղեկանք և այլ նյութեր):
67. Ստորաբաժանման ղեկավարը վերջնաժամկետի նշմամբ (որը չի կարող գերազանցել սահմանված վերջնաժամկետը) հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանի նախագիծ` փոխանցելով նաև դրա նախապատրաստման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:
68. Հրամանի նախագիծը նախապատրաստած աշխատողն այն ուղարկում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
69. Կատարող ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը կարող է վերադարձնել աշխատողին` այն խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:
70. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
71. Կատարող ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական վարչության, քարտուղարության և համակարգողի համաձայնեցմանը:
72. Համաձայնեցված հրամանի նախագիծը ձևաթղթի վրա տպված, ինչպես նաև համակարգով` էլեկտրոնային ձևաթղթով, ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին, նրա կողմից ընդունվող հրամանի նախագծի դեպքում` հաստատման, նախարարի կողմից ընդունվող հրամանի նախագծի դեպքում` համաձայնեցման և հաստատման ներկայացնելու համար:
73. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունված հրամանները համարակալվում են առանձին:
74. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:
75. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի համապատասխանաբար` նախարարության աշխատակազմի գործունեության վերաբերյալ հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում, արխիվացվում են քարտուղարությունում, իսկ աձնակազմի կառավարման բաժնի կողմից նախապատրաստված հրամանները` անձնակազմի կառավարման բաժնում:
76. Հրամանն էլեկտրոնային տարբերակով` քարտուղարությունը և անձնակազմի կառավարման բաժինը համակարգով ուղարկում են հասցեատիրոջը (տերերին):
77. Հրամանի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին:
78. Անհրաժեշտության դեպքում համապատասխան հրամանի պատճենը կարող է աշխատողին տրամադրվել նաև թղթային տարբերակով:
79. Կատարող ստորաբաժանման կողմից հրամանները տեղադրվում են համակարգում` նշելով համապատասխան ստորաբաժանումների և աշխատողների հասանելիությունը:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
80. Աշխատակազմի կատարող ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից կամ միջանկյալ փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է համակարգով պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:
81. Նախարարի, համակարգողի և աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվելիք ելից գրություն նախապատրաստած ստորաբաժանումը էլեկտրոնային ձևաթղթի վրա նախապատրաստած գրությունը համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական վարչության, համակարգողի և քարտուղարության համաձայնեցմանն ու ներկայացնում աշխատակազմի ղեկավարին` վերջինիս կողմից ստորագրվելիք փաստաթղթերի դեպքում` հաստատման, նախարարի և համակարգողի կողմից ստորագրվելիք փաստաթղթերի դեպքում` համաձայնեցման և հաստատման ներկայացնելու համար:
82. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է աշխատակազմի քարտուղարություն ելքագրումը և առաքումն ապահովելու համար: Քարտուղարությունն ելից փաստաթղթում տեխնիկական անճշտություններ նկատելու դեպքում, իրավասու է հետ վերադարձնելու փաստաթուղթը վերախմբագրման:
83. Էլեկտրոնային տարբերակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերի ելքագրման ժամանակ կցվում է միայն պաշտոնական գրությունը, իսկ առդիր թերթերն ու նյութերն ուղարկվում են թղթային տարբերակով, փակ ծրարով` այդ մասին նշելով պաշտոնական գրության մեջ:
84. Պետական այն մարմիններ, որոնց հետ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է թղթային տարբերակով, փաստաթուղթը նախարարի, աշխատակազմի ղեկավարի, համակարգողի կողմից համակարգով հաստատվելուց հետո միայն կատարող ստորաբաժանումը ձևաթղթի վրա տպված գրությունը թղթային տարբերակով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին ստորագրումն ապահովելու համար:
85. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համարակալված ձևաթղթերը պահպանվում են քարտուղարությունում:
86. Անհրաժեշտության դեպքում աշխատողը ստորագրությամբ կարող է ստանալ համապատասխան ձևաթուղթը:
87. Ձևաթղթերն օգտագործման համար պիտանի չլինելու, ինչպես նաև ձևաթղթերի վրա զետեղված տեքստում վրիպակներ, բացթողումներ հայտնաբերելու դեպքերում այդ մասին քարտուղարությունը կազմում է ակտ` նշելով ձևաթղթի տեսակը, համարը, ձևաթուղթը ստացած աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, որի հիման վրա աշխատողին տրամադրվում է նոր ձևաթուղթ, իսկ խոտանված ձևաթղթերն ոչնչացվում են թուղթը մանրացնող սարքի միջոցով:
88. Նախարարը, համակարգողը և աշխատակազմի ղեկավարը ստորագրված գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում են քարտուղարություն` փաստաթղթի առաքումն ապահովելու համար և այդ մասին համակարգով տեղեկացնում կատարողին:
89. Թղթային տարբերակով փաստաթղթաշրջանառության իրականացման դեպքում, գրության թղթային տարբերակը հանձնվում է քարտուղարություն` հասցեատիրոջը (տերերին) առաքումն ապահովելու համար:
90. Եթե էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթի պատասխանն առաքվում է թղթային տարբերակով, ապա վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող փաստաթղթի թղթային տարբերակը վավերացվում է քարտուղարության կնիքով:
91. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից տրված լիազորագրերն ու տեղեկանքները համակարգում չեն գրանցվում: Դրանք համարակալվում են ըստ հերթական համարների` սկսած յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա առաջին լիազորագրից և (կամ) տեղեկանքից, իսկ պատճենները կարվում են թղթապանակում:
92. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան աշխատակազմում ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա համակարգով այն կցվում է համապատասխան մտից գրությանը:
93. Աշխատակազմի ելից փաստաթղթի համարը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ստորագրողի պայմանանիշը, կատարող ստորաբաժանումը:
94. Աշխատակազմում փաստաթղթի ներքին շրջանառությունն ավարտվում է համապատասխան ստորաբաժանման կատարողին համակարգի միջոցով կատարված «Կցել գործին» մակագրությունից հետո:
95. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում քարտուղարությունը:
96. Աշխատակազմի կատարող ստորաբաժանում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
97. Աշխատողն ելից փաստաթուղթը համակարգում կցում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող անվամբ լատինատառ (օրինակ` նախագիծ-nakhagits):
VII. ԱՌՑԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ
98. Դիմումներին (այդ թվում` քաղաքացիներից ստացված առաջարկություններ, բողոքներ), ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններից ստացված գրություններին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):
99. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12-նիշանոց ծածկագիր-համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին, կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան:
100. Դիմումատուն, մուտքագրելով նշված 12-նիշանոց ծածկագիր-համարը, առցանց համակարգով կարող է տեսնել տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:
101. Եթե դիմումատուին տրվել է պատասխան, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, համարը, պատասխանի բովանդակությունը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:
102. Դիմումների` պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում է սույն կարգով նախատեսված ընթացակարգով:
103. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» բաժնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված առաջարկություններ, բողոքներ, հարցումներ և այլն) ավտոմատ կերպով մուտքագրվում են համակարգ և սույն կարգով սահմանված ընթացակարգով շրջանառվում աշխատակազմում: Դրանք քննության են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դիմումատուն առցանց համակարգով կարող է հետևել իր նամակի ընթացքին:
104. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» բաժնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիք, տեսակետ, դիրքորոշում և առաջարկություն) ավտոմատ կերպով մուտքագրվում են համակարգ, որից հետո դրանք կարող են մակագրվել համապատասխան պաշտոնատար անձին և քննության առնվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում դիմումատուն առցանց համակարգով կարող է հետևել իր նամակի ընթացքին:
105. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» բաժնից առանց էլեկտրոնային թվային ստորագրության ուղարկված նամակին ընթացք չտալու դեպքում, նամակը համակարգ մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացվում է դիմումատուին:
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ
106. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում` արխիվացվում է համակարգում` 3 տարի ժամկետով:
107. Ցանկացած ժամանակ, ըստ համակարգից օգտվելու հասանելիության, համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:
108. 3 տարին լրանալուց հետո աշխատակազմի ստորաբաժանումներն իրենց կողմից համակարգում արխիվացված բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով փոխանցում են աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:
109. Աշխատակազմի կենտրոնական արխիվում փաստաթղթերը պահպանվում են 10 տարի ժամկետով: