322.0391.020206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 02 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32206025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2005 թվականի N 391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2005թ. նոյեմբերի 17- ի
N 391- Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը, որն իրենից ներկայացնում է տեխնիկական կանոնակարգ:
(1-ին կետը փոփ. 25.11.16 թիվ 312-Ն հրաման)
2. Աշխատանքների նպատակն է`
ա/ քարտեզագրական նյութերի համապատասխանեցումը քարտեզագրական ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նորմատիվ-իրավական ակտերի պահանջներին,
բ/ հեղինակային իրավունքի պաշտպանումը,
գ/ անորակ և անճշտություններ պարունակող քարտեզագրական արտադրանքի բացառում:
3. Թեմատիկ են համարվում`
ա/ Հայաստանի Հանրապետության տարածքում հրատարակվող բոլոր տեսակի թեմատիկ քարտեզներն ու ատլասները,
բ/ այլ երկրներում հայերեն լեզվով հրատարակված և Հայաստանի Հանրապետությունում իրացվող Հայաստանի Հանրապետության կամ պատմական Հայաստանի վերաբերյալ բոլոր տեսակի թեմատիկ քարտեզներն ու ատլասները:
4. Հետազոտվում է աշխարհագրական հիմքը (Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծի և վարչատարածքային միավորների սահմանները, բնակավայրերը, լեռնագրությունը, ջրագրական ցանցը), ավտոճանապարհները, երկաթգծերը աշխարհագրական անվանումները, աշխարհագրական հիմքի տարրերին վերաբերող տեղեկատվության ճշգրտությունը և քարտեզագրական այլ տվյալներ:
II. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՏԼԱՍՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
5. (5-րդ կետը ճանաչվել է անվավեր 25.11.16 թիվ 312-Ն հրաման)
6. «Գաղտնի» դրոշմագրով բոլոր տեսակի թեմատիկ քարտեզների և ատլասների կազմման ու նախապատրաստման նպատակով ելակետային նյութերի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն:
7. Բաց հրատարակման համար նախատեսված քարտեզների ու ատլասների թեմատիկ բովանդակությամբ (սոցիալ-տնտեսական, պատմական, երկրաբանական, բնական պայմանների ու ռեսուրսների) բնօրինակները ստեղծվում են հեղինակ-մասնագետների կողմից մշակված նյութերի և տեղագրական քարտեզների, օդալուսանկարների ու տիեզերալուսանկարների բաց օգտագործման նյութերի հիման վրա: Դրանց բացակայության դեպքում օգտագործվում են նախկինում ստեղծված կամ տարբեր պետությունների կողմից ազատ վաճառքի համար հրատարակված քարտեզները և ատլասները, հղում կատարելով սկզբնաղբյուրի վրա:
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 25.11.16 թիվ 312-Ն հրաման)
9. Աշխատանքների ղեկավարի, սրբագրիչի, խմբագրի, ինչպես նաև պատվիրատուի ներկայացուցչի կողմից ստորագրված բնօրինակները, քարտեզների (ատլասների) տեքստերը և այլ նյութեր փոխանցվում է հրատարակման, հրատարակչական օրինակներ (դիապոզիտիվներ) և գունավոր փորձանմուշ պատրաստելու համար:
III. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՏԼԱՍՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
11. Թեմատիկ քարտեզագրական տարրերի և տեղեկատու տվյալների ճշգրտությունը ստուգելու և գաղտնի տեղեկատվության հրապարակումը կանխելու նպատակով, քարտեզների /այդ թվում նաև ատլասների մեջ ընդգրկված քարտեզների/ գունավոր փորձանմուշները` 2 օրինակից, հեղինակային բնօրինակների /եթե այդպիսին առկա է/ հետ միասին, քարտեզագիր-խմբագրի և տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից համաձայնեցված, ներկայացվում է Կոմիտեի աշխատակազմի «Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն` համաձայնեցման, առանց որի նյութը հրատարակման ենթակա չէ:
(11-րդ կետը փոփ. 25.11.16 թիվ 312-Ն հրաման)
12. Բազմաթիվ (փոքրածավալ քարտեզների համար` 3, մեծածավալ քարտեզների համար` 7-ից ավելի) թերությունների, անճշտությունների և կոպիտ սխալների առկայության դեպքում քարտեզի փորձանմուշը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լրամշակման, որից հետո նորից ներկայացվում է հաստատման:
(12-րդ կետը փոփ. 25.11.16 թիվ 312-Ն հրաման)
13. Կոմիտեի կողմից հաստատված փորձանմուշի մեկ օրինակը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է ներկայացնող կազմակերպությանը հրատարակման ներկայացնելու համար: Փորձանմուշի երկրորդ օրինակը մնում է Կոմիտեում, արված առարկությունների և առաջարկությունների հետագա վերահսկման համար:
(13-րդ կետը փոփ. 25.11.16 թիվ 312-Ն հրաման)
IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
14. Թեմատիկ քարտեզների և ատլասների ստեղծման աշխատանքներն իրականացնող նախարարությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք` սույն կարգով և «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Թեմատիկ քարտեզների և ատլասների ստեղծման աշխատանքները իրականացնող նախարարությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գաղտնիության ռեժիմի խախտողները պատասխանատվություն են կրում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն: