040.0334.080413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2013 թվականի N 334-Ն
i
ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգում սահմանել բացառություն և Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականների հիման վրա` առանց որակավորման քննություններ հանձնելու հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ` մեկ տարի ժամկետով` պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք վարորդական վկայական ստանալու համար քննական մարմին են ներկայացնում`
ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
բ. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր.
գ. Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականը, ինչպես նաև դրա թարգմանությունը` նոտարական վավերացմամբ.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետը լրանալու, ինչպես նաև այդ ժամկետում որակավորման քննություններ չհանձնելու կամ բացասական հանձնելու դեպքում առանց որակավորման քննություններ հանձնելու ստացած` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականները համարվում են ուժը կորցրած.
3) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական կարող են ստանալ միայն մեկ անգամ:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:
(3-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1205-Ն, 17.07.14 թիվ 725-Ն որոշումներ)
(որոշումը փոփոխվել է 27.05.15 թիվ 564-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ