050.0154.200600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2000 թվականի թիվ 154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 228 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ինկասացիոն ծառայություններին լիցենզավորման նպատակով միջնորդագրի տրամադրման և ինկասատորների ատեստավորման վերաբերյալ» կարգում կատարել հետևյալ փոփոխությունը.
- կարգի 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդագիրն ստանալու համար նոր կազմավորվող ինկասացիոն ծառայություններն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում օրենքով սահմանված կարգով որպես իրավաբանական անձ գրանցվելուց հետո դիմում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (հավելված 1, կցվում է): Դիմումին կից ինկասացիոն ծառայությունները պետք է ներկայացնեն`
- հիմնադիր և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները.
- առնվազն չորս անձից բաղկացած ինկասատորների թեկնածուների ցուցակը.
- ինկասատորների թեկնածուների աշխատանքային գրքույկներից քաղվածք.
- ինկասատորների թեկնածուների զինվորական գրքույկները և անձնագրերը.
- ինկասացիոն գործունեության նպատակով օգտագործվող շենքերի և շինությունների սեփականությունը կամ առնվազն երեք տարով վարձակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենը): Ընդ որում, ինկասացիոն գործունեության նպատակով օգտագործվող տարածքը պետք է լինի շենքի կամ շինության առաջին հարկում.
- բիզնես ծրագիր, որը պարտադիր պետք է պարունակի շուկայի վերլուծությունը, ֆինանսական հոսքերը, ինչպես նաև ապահովագրական համակարգի միջոցով ռիսկերի նվազեցման հարցերը.
- նվազագույն կանոնադրական կապիտալի առկայությունը հավաստող կանոնադրական կապիտալի կուտակման հաշվի մասին բանկից տրված տեղեկանք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունվող «Ինկասացիոն գործունեության լիցենզավորման» նոր կարգը ուժի մեջ մտնելու պահից: