Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ԳՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԱՍԽԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0118/11/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշումներ

Գործ թիվ ԵԿԴ/0118/11/13

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

Գործ թիվ ԵԷԴ/0026/11/13

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ դատախազ     Ս. Բասենցյանի

 

2014 թվականի մայիսի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հոկտեմբերի 10-ի և 2014 թվականի հունվարի 14-ի որոշումների դեմ դիմող Ռուզաննա Հրաչիկի Նիազյանի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2013 թվականի ապրիլի 25-ին` ժամը 2050-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (այսուհետ նաև` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 2025-ին քրեակատարողական հիմնարկի թիվ 5 խցում մահացել է կալանավոր Ժորժիկ Լևոնի Բաղումյանը:

2013 թվականի հունիսի 3-ին Ժ.Բաղումյանի այրին` Ռուզաննա Նիազյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով 2013 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած ամուսնու մահվան փաստով հարուցել քրեական գործ, կատարել նախաքննություն, իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Բաբայանը 2013 թվականի հունիսի 18-ին գրությամբ Ռ. Նիազյանին պատասխանել է, որ նրա դիմումի կապակցությամբ որևէ որոշում չի կայացվել:

2013 թվականի հուլիսի 22-ին Ռ. Նիազյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով անօրինական (ոչ իրավաչափ) ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը և վերջինիս պարտավորեցնել ներկայացված հաղորդման կապակցությամբ կայացնել քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Ռ. Նիազյանի բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ռ. Նիազյանի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ դիմող Ռ. Նիազյանի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի հունիսի 3-ի որոշումը Ռ. Նիազյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:

Վերոնշյալ բողոքի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ա.Մուրադյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին գրությամբ Ռ. Նիազյանին հայտնել է, որ Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի հունիսի 3-ի որոշումն օրինական և հիմնավոր է, այն վերացնելու հիմքերը բացակայում են:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին Ռ. Նիազյանը բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Հ.Դելեյանի 2013 թվականի հունիսի 3-ի որոշումը և Ժ. Բաղումյանի մահվան փաստով քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու համար գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ Ռ. Նիազյանի բողոքը մերժվել է:

Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ Ռ. Նիազյանի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ռ. Նիազյանի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը:

3. 2014 թվականի ապրիլի 23-ին Վճռաբեկ դատարանը որոշել է Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի թիվ ԵԷԴ/0026/11/13 որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, թիվ ԵԿԴ/0118/11/13 և ԵԷԴ/0026/11/13 գործերը միացնել մեկ վարույթում` ԵԿԴ/0118/11/13 համարի տակ` նկատի ունենալով, որ այդ երկու գործերը վերաբերում են նույն անձին և նույն հանգամանքներին:

Վճռաբեկ բողոքների վերաբերյալ դատավարության մասնակիցների կողմից պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

4. 2013 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 5 խցում մահացած կալանավոր Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում պարզվել է, որ 1948 թվականին ծնված Ժ. Բաղումյանը ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նաև` ՀՀ ԿԱ ՊԵԿ) քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ժ. Բաղումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, և նա կալանքի տակ է եղել 2012 թվականի հոկտեմբերի 27-ից: 2013 թվականի ապրիլի 25-ին` ժամը 2020-ին Ժ. Բաղումյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան առաջին բուժօգնություն է ցույց տվել քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակ Գ.Մինասյանը` միաժամանակ կանչելով շտապօգնություն: Ժամը 2035-ին շտապօգնության բրիգադը ժամանել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և արձանագրել Ժ. Բաղումյանի կենսաբանական մահը:

5. Դատաբժշկական փորձագետի թիվ 406 եզրակացության համաձայն` «Ժ. Բաղումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: (...) Ժ. Բաղումյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից, չափավոր արտահայտված աթերոսկլերոզի, կորոնարոսկլերոզի հետևանքով, որով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք և այդպիսիք մահվան հետ գտնվում են պատճառական կապի մեջ: Տվյալ հետևությունը հիմնավորվում է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված գլխուղեղի հիմի անոթների, աորտայի կրծքային, որովայնային, զստային, երիկամային հատվածների և առավելապես սրտի պսակաձև անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններով, սրտամկանի անհավասարաչափ արյունալցմամբ և սրտամկանի ինֆարկտին բնորոշ կազմաբանական և ձևաբանական փոփոխությունների առկայություններով: Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների` կենդանության օրոք Ժ. Բաղումյանը տառապել է աթերոսկլերոզով, կորոնարոկարդիոսկլերոզով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, որոնք մահվան պատճառի հետ գտնվում են պատճառական կապի մեջ» (տե՛ս Էրեբունու քննչական բաժնից ստացված նյութեր, թերթ 28-31):

6. Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանը 2013 թվականի հունիսի 3-ին որոշում է կայացրել Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` պատճառաբանելով, որ «(...) նախապատրաստված նյութերով Ժորժիկ Բաղումյանի մահվան մեջ որևէ անձի մեղավորությունը չի հայտնաբերվել, ինչպես նաև քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, երբ բացակայում է հանցագործության դեպքը (...)» (տե՛ս Էրեբունու քննչական բաժնից ստացված նյութեր, թերթ 33-34):

7. 2013 թվականի հունիսի 3-ին Ռ. Նիազյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` նշելով, որ ամուսինը` Ժ. Բաղումյանը, ունեցել է բազում առողջական խնդիրներ և չնայած դրան` գտնվելով Հայաստանի Հանրապետության հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկում` չի ստացել պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն: Դրա համար պատասխանատու են տվյալ գործով անմարդկային և դաժան վերաբերմունք դրսևորած քննիչը, դատախազը, դատավորները, ինչպես նաև այն բոլոր անձինք, ովքեր պարտավոր էին ապահովել անազատության մեջ գտնվող անձին պատշաճ բժշկական օգնության ցուցաբերումը և նրան պետք է տեղափոխեին դատապարտյալների հիվանդանոց, ինչը, սակայն, չեն արել` խախտելով Ժ. Բաղումյանի կյանքի իրավունքը:

Ռ. Նիազյանը նշել է նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ուժով Հայաստանի Հանրապետությունը կրում է հաղորդման մեջ նկարագրված փաստերի և հանգամանքների լույսի ներքո Ժ. Բաղումյանի նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորման և դրա հետևանքով կյանքի իրավունքի խախտման փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հանցագործութան մասին հաղորդում ներկայացրած անձը խնդրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Ժ. Բաղումյանի մահվան փաստով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն, իսկ իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ (տե՛ս թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի նյութեր, թերթ 5-11):

8. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բաբայանը 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 18-154 մ/դ-13 գրությամբ Ռ. Նիազյանին պատասխանել է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. հունիսի 4-ին ստացվել է Ձեր 2013թ. հունիսի 3-ի դիմումը, որը վերնագրել եք «Հաղորդում հանցագործության մասին» (...): Չնայած դիմումի վերտառությանը` բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի, չի համապատասխանում նման հաղորդումների համար քրեադատավարական օրենսգրքով սահմանված պահանջներին, ուստի այն քննարկվել է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների, այլ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների քննարկման համար սահմանված գործող կարգի համաձայն:

(...)

(...) [Տ]եղեկացնում եմ, որ (...) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել 25.04.2013թ. «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հիվանդանոցային թիվ 5 խցում կալանավոր Ժորժիկ Բաղումյանի մահվան դեպքի առթիվ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և համաձայն փորձագետի թիվ 306 եզրակացության[`] Ժ. Բաղումյանի դիակի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, նրա մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից: Նյութերով ձեռք բերված տվյալների հիման վրա 03.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին[`] հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

(...)

ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 նախադեպային որոշման համաձայն` քրեական գործ հարուցելու առիթները պետք է պարունակեն տեղեկատվություն հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, միայն այդ դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար:

Նկատի ունենալով, որ 2013թ. հունիսի 3-ի Ձեր դիմումը կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դրա կապակցությամբ որևէ որոշում չի կայացվել» (տե՛ս թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի նյութեր, թերթ 12- 13):

9. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման համաձայն` «(...) Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից ստուգման արդյունքների ամփոփման դատավարական ձևի պահպանմանը, ապա (...) Դատարանի համոզմամբ նախաքննական մարմինը կարող էր ստուգման արդյունքների մասին բողոքաբեր Ռ. Նիազյանին պատասխանել նաև գրությամբ (պարզաբանում տրամադրելու) տեսքով, այսինքն` առանց քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման կայացման, ինչը բխում է ավագ քննիչ Մ. Բաբայանի վկայակոչած 2007թ. հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 նախադեպային որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից: (...)» (տե՛ս թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի նյութեր, թերթ 37-43):

10. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը գործի նյութերում առկա հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հանգել է հիմնավորված հետևության և ներկայացված բողոքն իրավացիորեն մերժել է:

Վերաքննիչ դատարանը նույնպես հանգում է հետևության, որ Ռուզաննա Նիազյանի իրավունքները կամ ազատությունները չեն խախտվել, ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունն անօրինական ճանաչելու և քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են: (...)» (տե՛ս թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի նյութեր, թերթ 71-74):

11. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման համաձայն` «(...) նյութերի նախապատրաստման համար որպես առիթ է հանդիսացել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հաղորդումը ոստիկանության Էրեբունու բաժնին` 25.04.2013թ. ժամը 20.25-ին ՔԿ հիմնարկի 5-րդ հիվանդանոցային խցում կալանավոր Ժորժիկ Լևոնի Բաղումյանի հանկարծամահության վերաբերյալ: (...) [Տ]արածքային քննչական բաժնի քննիչը մեկնել է դեպքի վայր և փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել:

Նախապատրաստված նյութերով, սակայն, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել, այսինքն` հանցագործության դեպքը չի հիմնավորվել, այդ պատճառով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` հանցադեպի բացակայության հիմնավորմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ նշված դեպքում քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել:

Հետազոտելով քննիչի կողմից նախապատրաստված նյութերը, դատարանը գտնում է, որ նյութերը նախապատրաստվել են լրիվ, քննիչի կողմից նյութերով ձեռք բերած հիմքերը բավարար են եղել հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար:

(...)

Դատարանը գտնում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ժորժիկ Բաղումյանի հանկարծամահության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Դելեյանի 03.06.2013թ. որոշումը վերացնելու հիմքեր չկան, այդ մասին դիմող Ռուզաննա Նիազյանի բողոքը ենթակա է մերժման: (...)» (տե՛ս թիվ ԵԷԴ/0026/11/13 գործի նյութեր, թերթ 67-71):

12. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության Դատարանը, քննության առնելով Ռուզաննա Նիազյանի կողմից ներկայացված բողոքը, իրավացիորեն գտել է, որ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Դելեյանը` կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, օրենքով սահմանված կարգով կայացրել է որոշում` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, հետևաբար, բողոքարկվող գործողությունները կատարված են օրենքին համապատասխան:

(...) բողոքը քննության առնելիս առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 04-ի որոշումը բեկանելու համար» (տե՛ս թիվ ԵԷԴ/0026/11/13 գործի նյութեր, թերթ 114-124):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

 

13. Վճռաբեկ բողոքների հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի և 2014 թվականի հունվարի 14-ի որոշումներն անհիմն են և անօրինական, չեն բխում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններից ու ՀՀ ազգային օրենսդրությունից:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ պնդումների` բողոքաբերը նշել է, որ`

ա) Ժ. Բաղումյանի կալանքը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այլ նրան պատժելու, ընկճելու և նրա կողմից նախաքննության մարմնի համար ձեռնտու վարքագիծ պարտադրելու նպատակ է ունեցել,

բ) Ժ. Բաղումյանն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, որոնց մասին տեղյակ են եղել նախաքննության մարմինը, դատարանները, քրեակատարողական մարմնի վարչակազմը: Չնայած դրան` նրան չի ցուցաբերվել պատշաճ բժշկական օգնություն: Ավելին` Ժ. Բաղումյանի առողջական վիճակի վատթարացման և նրա կյանքին սպառնացող վտանգի մասին փաստաբանի կողմից ուղղակիորեն նախազգուշացվել են քննիչը և դատարանները,

գ) մահվանը նախորդած 2-3 ամիսներին Ժ. Բաղումյանի ինքնազգացողությունն այնքան է վատթարացել, որ նրա մոտ տեղի է ունեցել տեսողության և հիշողության վատացում, դանդաղել է խոսքը: Իսկ վերջին երեք օրերին Ժ. Բաղումյանի ինքնազգացողությունն ամեն օր կտրուկ վատացել է և միայն բուժակի կողմից ներարկում կատարելուց հետո է ժամանակավորապես կարգավորվել: Չնայած այս հանգամանքին` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը որևէ միջոց չի ձեռնարկել նրան ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կամ այլ մասնագիտացված բուժհաստատություն տեղափոխելու համար, որտեղ հնարավոր կլիներ Ժ. Բաղումյանին ցուցաբերել պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն, կանխել նրա մահը:

Բողոքաբերը փաստարկել է, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, կրում է վերը նշված փաստերի և հանգամանքների լույսի ներքո Ժ. Բաղումյանի նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորման և դրա հետևանքով կյանքի իրավունքի խախտման փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Վճռաբեկ բողոքների հեղինակը շեշտել է, որ միայն քրեական գործ հարուցելու և անաչառ ու բազմակողմանի նախաքննության կատարելու արդյունքում հնարավոր կլիներ բացահայտել Ժ. Բաղումյանի նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը: Ընդ որում, իրավասու մարմիններն այդ քննությունը պետք է սկսեին սեփական նախաձեռնությամբ` չսպասելով Ժ. Բաղումյանի այրու կողմից հաղորդում ներկայացնելուն:

14. Բողոքաբերը նշել է նաև, որ Ժ. Բաղումյանի այրու կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ նշված փաստերի և հանգամանքների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ցուցաբերել է ձևական (ֆորմալիստական) մոտեցում, հրաժարվել է քրեական գործ հարուցել ու կատարել նախաքննություն, և նույնիսկ հարկ չի համարել որոշում կայացնել ներկայացված հաղորդման վերաբերյալ, այլ դրան պատասխանել է գրությամբ: Իսկ դատարաններն արդարացրել են այդպիսի գործելաոճը` գտնելով, որ Ռ. Նիազյանի հաղորդմանը գրությամբ պատասխանելն իրավաչափ է:

15. Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանի որոշման առնչությամբ բողոքաբերը փաստարկել է, որ մահվան փաստի առթիվ քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Ժ. Բաղումյանի դիակի վրա մարմնական վնասվածքների հետքեր չհայտնաբերելն ինքնին չի նշանակում, որ պետությունը կատարել է Ժ. Բաղումյանին պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն ցուցաբերելու, նրա կյանքի իրավունքը ապահովելու իր պարտավորությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում բժշկական փաստաթղթերից քննիչին հայտնի է դարձել, որ Ժ. Բաղումյանը տառապել է բազմաթիվ հիվանդություններով, սակայն քննիչը չի փորձել անգամ պարզել, թե արդյոք Ժ. Բաղումյանին ցուցաբերվել է նրա առողջական վիճակի համար անհրաժեշտ բժշկական օգնություն, արդյոք ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները հնարավորություն տվել են ցուցաբերելու այդ օգնությունը, եթե ոչ, ապա որն է պատճառը, որ առողջական նման խնդիրներ ունեցող Ժ. Բաղումյանը շարունակել է պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և չի տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Բողոք բերած անձի պնդմամբ` վերը հիշատակված հարցերից ոչ մեկին նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը չի փորձել պատասխանել, իրականացված քննությունը կրել է զուտ ձևական բնույթ և սահմանափակվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժակից բացատրություն ստանալով և դատաբժշկական փորձաքննություն նշանակելով: Բողոքաբերը շեշտել է, որ քննիչը պետք է հարցաքններ Ժ. Բաղումյանի հետ նույն սենյակում բնակվող մյուս կալանավորներին, ովքեր կարող էին կարևոր տեղեկություններ հայտնել Ժ. Բաղումյանի առողջական վիճակի դինամիկայի, ինչպես նաև նրան ցուցաբերված բուժօգնության մասին: Այս կապակցությամբ բողոքաբերն ընդգծել է, որ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանի կողմից քրեական գործ հարուցելու, այն ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս կողմից պատշաճ նախաքննություն իրականացվելու դեպքում կարող էին բացահայտվել Ժ. Բաղումյանի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքի մասին վկայող հանգամանքներ և փաստեր:

16. Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոքների հեղինակը խնդրել է.

ա) բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունն անօրինական (ոչ իրավաչափ) ճանաչելու և Ռ. Նիազյանի կողմից ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ.

բ) բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` պարտավորեցնելով իրավասու մարմնին` Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է առերևույթ հակասություն սույն գործով կայացված դատական ակտերի և Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումների միջև: ՈՒստի, օրենքի միատեսակ կիրառության ապահովման համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոնշյալ ակտերի միջև առկա հակասություններին և նախկինում ընդունված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների հիման վրա արտահայտել մոտեցումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Հանցագործության մասին հաղորդմանը գրությամբ պատասխանելու իրավաչափությունը.

 

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ռ. Նիազյանի` «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելը:

i

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն`

i

«Քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Է.Կարապետյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:

Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը: (...)» (տե՛ս Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշումը):

20. Վերահաստատելով Է.Կարապետյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու առիթ ասելով պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին: Հանցագործության մասին ֆիզիկական անձի հաղորդումը, ուղղված հետաքննության մարմնին, քննիչին կամ դատախազին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի իմաստով քրեական գործ հարուցելու առիթ է, հետևաբար այդպիսի հաղորդման առկայությունն ինքնին առաջ է բերում քրեադատավարական իրավահարաբերություններ` կապված գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության հետ:

Միևնույն ժամանակ, հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում` ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի: Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին: Վերոգրյալը սակայն չի նշանակում, որ անձն իր հաղորդման մեջ պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք իրենց բնույթով բավարար լինեն հանցագործության հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար: Գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու պարտականությունը քրեական գործի հարուցման փուլում կրում են հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան: Այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, հակառակ դեպքում` որոշում կայացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ. Նիազյանը 2013 թվականի հունիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել` խնդրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած ամուսնու` Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն: Ռ. Նիազյանը նշել է, որ ամուսինը ունեցել է առողջական լուրջ խնդիրներ և գտնվելով քրեակատարողական հիմնարկում` չի ստացել պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն: Վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները` դիմումատուն փաստարկել է, որ Հայաստանի Հանրապետությունը կրում է հաղորդման մեջ նկարագրված հանգամանքների լույսի ներքո Ժ. Բաղումյանի կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բաբայանը 2013 թվականի հունիսի 18-ի գրությամբ Ռ. Նիազյանին հայտնել է, որ ներկայացված դիմումը բովանդակային առումով հանցագործության մասին հաղորդման բնույթ չունի, չի համապատասխանում նման հաղորդումների համար քրեադատավարական օրենսգրքով սահմանված պահանջներին, ուստի այն քննարկվել է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների, այլ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների քննարկման համար սահմանված գործող կարգի համաձայն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ մերժել է Ռ. Նիազյանի բողոքը` պատճառաբանելով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինն իրավասու էր ստուգման արդյունքների մասին բողոքաբերին պատասխանել նաև գրությամբ, պարզաբանում տրամադրելու տեսքով, առանց քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու, ինչը բխում է Է.Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-133/07 նախադեպային որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժել է Ռ. Նիազյանի վերաքննիչ բողոքը` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հանգել է հիմնավորված հետևության (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

22. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 19-20-րդ կետերում և, համապատասխանաբար, Է.Կարապետյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ. Նիազյանի կողմից 2013 թվականի հունիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ներկայացված դիմումը բովանդակում է տեղեկություններ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ համընկնում են քրեորեն պատժելի գործողությունների (անգործության) հատկանիշներին: Հետևաբար, Ռ. Նիազյանի դիմումը հանդիսանում է հանցագործության մասին հաղորդում և քրեական գործ հարուցելու առիթ, որի կապակցությամբ իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր էր կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ռ. Նիազյանի` «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ չէ: Հանցագործության մասին հաղորդումը որպես այդպիսին չդիտարկելով և այդ հաղորդման վերաբերյալ քրեադատավարական օրենքով նախատեսված որոշում չկայացնելով` քննիչը թույլ է տվել անգործություն, որն էլ պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից և արդյունքում խախտվել են դիմող Ռ. Նիազյանի` օրենքով երաշխավորված իրավունքները:

 

II. Քրեակատարողական հիմնարկում մահացած անձի մահվան փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականությունը.

 

23. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ իրականացվե՞լ է արդյոք արդյունավետ քրեադատավարական քննություն:

24. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները մեկնաբանել է որպես այդ դրույթների նյութաիրավական կողմերի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմեր` հաշվի առնելով այս իրավունքների հիմնարար բնույթը (տե՛ս McCann and Others v. The Սnited Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82 և Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ դիտավորյալ, անօրինական ոտնձգություններից, այլ նաև սահմանում է, որ պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն (ի թիվս այլոց, տե՛ս Օsman v. the Սnited Kingdom գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 87/1997/871/1083 կետ 115):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կյանքի իրավունքի պատշպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է բոլոր դեպքերում` սպանության կամ կասկած հարուցող մահվան դեպքերում` անկախ նրանից, թե հանցանք կատարած անձինք անհատներ են, թե պետական մարմիններ կամ անհայտ անձինք (տե՛ս Nachova and Others v. Bilgaria գործով 2005 թվականի հուլիսի 6-ի վճիռը, գանգատներ թիվ 43577/98, 43579/98, կետ 110):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջն է ապահովել անկախ և անաչառ պաշտոնական քննություն, որը բավարարում է արդյունավետության որոշակի նվազագույն չափանիշների: Իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ և պարտավոր են նախաձեռնել քննություն, որն ի վիճակի է նախ որոշակիացնել այն հանգամանքները, որոնցում դեպքը տեղի է ունեցել և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, երկրորդ` բացահայտել դրանում ներգրավված պետական պաշտոնյաներին և մարմիններին: Հասարակական հսկողության պահանջը այս համատեքստում նույնպես կարևոր է (տե՛ս mutatis mutandis, Kats and Others v. Ukraine, 2008 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ գանգատ թիվ 29971/04, կետ 116):

Քննությունն արդյունավետ կարող է համարվել այն դեպքում, երբ հնարավոր կլինի քննությամբ ձեռք բերված փաստերը համադրել և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները տեղի ունեցած իրադարձությունը բացահայտելու համար պետք է ձեռնարկեն հասանելի, խելամիտ քայլեր` վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննության նշանակում, ինչպես նաև դիահերձում, ինչը թույլ կտա բացահայտել առկա վնասվածքների ամբողջական և իրական պատկերը, ինչպես նաև մահվան պատճառը (տե՛ս Tanrikulu v. Turkey գործով 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 109 և GՖl v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89): Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա:

Քննության ընթացքում կիրառման ենթակա միջոցները բացարձակ իրավունք չեն սահմանում մեղադրելու կամ դատապարտելու համար և քննության ընթացքում ցանկացած խախտում կամ հանցանք կատարած անձին չհայտնաբերելը դիտվում է որպես արդյունավետության պահանջի խախտում (տե՛ս Esat Bayram v. Turkey գործով 2009 թվականի մայիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 75535/01, կետ 47 և Ramsahai and Others v. the Netherlands գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 52391/99, կետ 321):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ քննության արդյունավետությունը գնահատելիս կարևոր է հատկապես այն հանգամանքը, թե որքան արագ են իշխանություններն արձագանքում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման վերաբերյալ բողոքներին, ինչը նպաստում է հանրության վստահության պահպանմանը օրինականության ամրապնդման և անօրինական գործողությունների նկատմամբ հանդուրժողականության բացառման հարցում (տե՛ս Hugհ Jordan v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետ 108, Ya?a v. Turkey գործով 1998 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռը, զեկույցներ 1998-IV, էջեր 2439-2440, կետեր 102-104):

Քննությունը պետք է լինի մանրամասն: Դա նշանակում է, որ մարմինները միշտ պետք է կատարեն լուրջ քայլեր, որպեսզի պարզեն` ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված հետևությունների վրա, որպեսզի փակեն իրենց քննությունը կամ որպես իրենց որոշումների հիմք ընդունեն: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում պատճառված վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը (տես, ի թիվս այլոց, Mikheyev v. Russia, 2006 թվականի հունվարի 26-ի վճիռ, գանգատ թիվ 77617/01, կետ 107):

Քննությունն արդյունավետ համարելու համար այն իրականացնող պատասխանատու մարմիններն օրենքով և գործնականում պետք է անկողմնակալ և անկախ լինեն: Սա նշանակում է, որ ոչ միայն ենթակարգային կապի, այլ պրակտիկ գործունեության մեջ այս մարմինները պետք է անկախ լինեն (տե՛ս Ramsahai and Others գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, կետեր 325, 333-346, Scavuzzo-Hager and Others v. Switzerland գործով 2006 թվականի փետրվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 41773/98, կետեր 78, 80-86): Անհրաժեշտ է նաև հասարակության անդամներին ինչպես քննության, այնպես էլ դրա արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկություններով ապահովել, հասարակության անդամների մոտ վստահություն առաջացնել օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաև բացառել հանցավոր համագործակցությունը կամ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելը: Բոլոր դեպքերում տուժողները պետք է ներառվեն քննության մեջ` վերջիններիս օրինական շահերն ապահովելու նպատակով (տե՛ս GՖleջ v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 54/1997/838/1044, կետ 82):

25. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության գնահատման հիմնական չափանիշների համաձայն`

ա) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքներն իրավասու մարմինների կողմից պետք է արժանանան արագ արձագանքի,

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ,

գ) քննության արդյունքում պետք է հստակեցվեն դեպքի հանգամանքները,

դ) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը,

ե) այն իրականացնող պատասխանատու անձինք պետք է անկախ լինեն տվյալ գործում ներգրավված անձանցից,

զ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներ ձեռք բերելու համար: Վարույթն իրականացնող մարմինները պետք է ձեռնպահ մնան շտապողական կամ թույլ պատճառաբանված հետևություններից, քանի որ քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանատու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը (մահվան փաստի առթիվ արդյունավետ քրեադատավարական քննություն իրականացնելու պարտականության մասին տե՛ս նաև Սուսաննա Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշումը):

26. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում արձանագրված չափանիշները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականությունը քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլում իրագործել հնարավոր չէ: Քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական և պարտադիր կարգ, որը ենթադրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հանցագործության մասին հաղորդումը ստուգել և լուծել անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` հաղորդումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում: Ընդ որում, պարզելու համար, թե հաղորդման մեջ մատնանշված փաստական տվյալները պարունակում են արդյոք հանցագործության հատկանիշներ, իրավասու մարմինը լիազորված է կատարելու բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակ թվով դատավարական և քննչական գործողություններ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլը, ի համեմատ քրեադատավարական ընթացակարգի մյուս փուլերի, ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկությունները: Քրեադատավարական այս փուլի ընթացքում հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը ժամանակային, ինչպես նաև քննչական և այլ դատավարական գործիքակազմի սահմանափակության պայմաններում պետք է իրականացնեն որոշակի միջոցառումներ պարզելու համար ներկայացված հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին: Նշված սահմանափակումներով պայմանավորված` քրեական գործի հարուցման հարցը լուծելու իրավասությամբ օժտված մարմինը (պաշտոնատար անձը), օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով, պետք է ընտրություն կատարի, թե որ քննչական կամ այլ դատավարական գործողություններն են առաջնային և իրականացնի դրանք (քրեական գործի հարուցման փուլի առանձնահատկությունների վերաբերյալ տե՛ս Գագիկ Գևորգի Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշումը):

ՈՒստի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պոզիտիվ պարտավորությունների իրագործումը` կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման փաստի առթիվ մանրամասն և արդյունավետ քրեադատավարական քննության իրականացումը քրեական գործի հարուցման փուլում հնարավոր չէ: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետության իրավազորության ներքո գտնվող անձի կասկածելի մահվան կապակցությամբ գործող քրեադատավարական օրենսդրության պայմաններում օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնել հնարավոր է բացառապես հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այլ խոսքով` այն դեպքում, երբ պետության վերահսկողության ներքո (ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկում և այլն) գտնվող անձը մահանում է, և պետությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ուժով պարտավորություն է կրում ներկայացնել մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, ապա իրավասու մարմինները (պաշտոնատար անձինք) կասկածելի մահվան փաստի առթիվ պետք է հարուցեն քրեական գործ և քրեադատավարական ողջ գործիքակազմի ներգրավմամբ իրականացնեն հնարավոր ողջամիտ քայլերը` դեպքի հանգամանքները պարզելու համար:

27. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 5 խցում մահացած կալանավոր Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում պարզվել է, որ 1948 թվականին ծնված Ժ. Բաղումյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ 2012 թվականի հոկտեմբերի 27-ից որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը: 2013 թվականի ապրիլի 25-ին Ժ. Բաղումյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան առաջին բուժօգնություն է ցույց տվել քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակ Գ.Մինասյանը` միաժամանակ կանչելով շտապօգնություն: Ժամը 2035-ին շտապօգնության բրիգադը ժամանել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և արձանագրել Ժ. Բաղումյանի կենսաբանական մահը (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

Դատաբժշկական փորձագետի թիվ 406 եզրակացության համաձայն` Ժ. Բաղումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ժ. Բաղումյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից: Կենդանության օրոք Ժ. Բաղումյանը տառապել է աթերոսկլերոզով, կորոնարոկարդիոսկլերոզով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, որոնք մահվան հետ գտնվում են պատճառական կապի մեջ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանը 2013 թվականի հունիսի 3-ին որոշում է կայացրել Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` պատճառաբանելով, որ նախապատրաստված նյութերով Ժ. Բաղումյանի մահվան մեջ որևէ անձի մեղավորությունը չի հայտնաբերվել, բացակայում է հանցագործության դեպքը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

2013 թվականի սեպտեմբերի 27-ին Ռ. Նիազյանը բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Ժ. Բաղումյանի մահվան փաստով քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու համար գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ Ռ. Նիազյանի բողոքը մերժվել է: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ նյութերը նախապատրաստվել են լրիվ, քննիչի կողմից նյութերով ձեռք բերած հիմքերը բավարար են եղել հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու համար (տե՛ս սույն որոշման 2-րդ և 11-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին Ռ. Նիազյանի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ բողոքարկվող դատական ակտը` թողել օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային դատարանի որոշումը բեկանելու համար (տե՛ս սույն որոշման 2-րդ և 12-րդ կետերը):

28. 2013 թվականի հունիսի 3-ին Ռ. Նիազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով Ժ. Բաղումյանի մահվան փաստով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն` իրեն ճանաչելով տուժողի իրավահաջորդ (տե՛ս սույն որոշման 1-ին, 7-րդ, 21-րդ կետերը):

Վերոնշյալ հաղորդման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը սահմանափակվել է Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստած նյութերը, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերից պատճեններ պահանջելով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկից պահանջել և նյութերին է կցել Ժ. Բաղումյանի բժշկական քարտի պատճենը: Արդյունքում, Ռ. Նիազյանի կողմից ներկայացված հաղորդմանն ի պատասխան ուղարկված 2013 թվականի հունիսի 18-ի գրության հիմքում ՀԿԳ ավագ քննիչը դրել է այն հանգամանքը, որ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել կալանավոր Ժ. Բաղումյանի մահվան դեպքի առթիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և համաձայն փորձագետի եզրակացության` Ժ. Բաղումյանի դիակի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, նրա մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

29. Սույն որոշման 27-28-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 24-26-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ մանրամասն և արդյունավետ քրեադատավարական քննություն չի իրականացվել: Մինչդատական վարույթն իրականացնող մարմինները քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ քննությունն իրականացրել են քրեական գործի հարուցման փուլում` ժամանակային, ինչպես նաև քննչական և այլ դատավարական գործիքակազմի սահմանափակության պայմաններում: Արդյունքում, Ժ. Բաղումյանի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման կապակցությամբ վերջինիս կնոջ` Ռ. Նիազյանի կողմից ներկայացված հաղորդման մեջ բարձրացված մի շարք հարցեր` այն, որ Ժ. Բաղումյանին քրեակատարողական հիմնարկում պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, նա արժանացել է անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և այլն, քննության առարկա չեն դարձել, մնացել են անպատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արդյունավետ քրեադատավարական քննություն իրականացված չլինելու վերաբերյալ եզրահանգումը վերաբերելի է ինչպես ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնին, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՈՒստի, հիմնազուրկ և գործի նյութերից չբխող են ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ նյութերով ձեռք բերած փաստական տվյալները բավարար են եղել հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու համար:

30. Հիմք ընդունելով սույն որոշման 22-րդ և 29-րդ կետերում շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալներ` դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի և 2014 թվականի հունվարի 14-ի որոշումները, Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանի 2013 թվականի հունիսի 3-ի որոշումը վերացնել, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել վերացնելու սույն որոշմամբ արձանագրված Ռ. Նիազյանի իրավունքների և ազատությունների խախտումները:

31. Միևնույն ժամանակ, սույն գործի փաստական տվյալների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ժ. Բաղումյանի մահվան փաստի առթիվ հարուցվելիք քրեական գործի շրջանակներում արդյունավետ քրեադատավարական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլ հարցերի`

ա) Պատշաճ արձագանքի արժանացնել ամուսնու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման և դրա արդյունքում նրա կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ Ռ. Նիազյանի փաստարկները: Իրավասու մարմինը պարտավոր է քայլեր ձեռնարկել հանցագործության մասին հաղորդման մեջ արված այնպիսի հայտարարությունների ստուգման ուղղությամբ, ինչպիսիք են քրեակատարողական հիմնարկի բուժմասում արհեստավարժ և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար նվազագույն պայմանների բացակայությունը, հիվանդին` համապատասխան հետազոտություններ անցնելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չտեղափոխելը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն հանգամանքը, որ մահվանը նախորդող ժամանակահատվածում Ժ. Բաղումյանը գտնվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության ներքո, դեռևս չի վկայում պատշաճ և արդյունավետ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու մասին: Բացի այդ, բուժման արդյունավետության մասին չի վկայում նաև քննիչի այն դիտարկումը, որ ՔԿՀ-ում աշխատում է ոչ թե մեկ բուժակ, այլ քսանմեկ բուժաշխատող: Հարկ է նշել, որ Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ այն փաստարկը, որ ՔԿՀ-ի բուժմասն ունի բավարար անձնակազմ, անտեղի է, եթե հիվանդի համար հատկապես չի ապահովվում արդյունավետ բժշկական օգնություն (տե՛ս Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով 2010 թվականի հունիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 34334/04, կետ 112):

բ) Քայլեր ձեռնարկել պարզելու`

. արդյո՞ք ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասում կան բավարար պայմաններ նման հիվանդություններով տառապող անձին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար,

. առկա՞ է արդյոք համապատասխան մասնագիտացում ունեցող բուժանձնակազմ,

. առկա՞ են արդյոք կանոնավոր հետազոտություններ իրականացնելու պայմաններ, անհրաժեշտ սարքավորումներ, համապատասխան դեղորայք:

գ) Հարցաքննել Ժ. Բաղումյանի բուժումն իրականացրած ՔԿՀ-ի բժշկական անձնակազմին և այլ անձանց` պարզելու, թե ի՞նչ հետազոտություններ են կատարվել և ինչպիսի՞ն են եղել դրանց արդյունքները, ի՞նչ բուժում է ստացել հիվանդը, ի՞նչ ընթացք (դինամիկա) է ունեցել նրա հիվանդությունը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում: Ընդ որում, էական են ցուցաբերվող բուժօգնության արդյունքները` որքանո՞վ են դրանք արդյունավետ եղել, արդյո՞ք ձեռնարկված միջոցները կարգավորել են անձի առողջական վիճակը:

դ) Միջոցներ ձեռնարկել պարզելու, թե ինքնազգացողության կտրուկ վատթարացման պայմաններում ինչո՞ւ Ժ. Բաղումյանը հիվանդանոց կամ այլ մասնագիտացված հաստատություն չի տեղափոխվել և արդյունավե՞տ են եղել արդյոք անձի վիճակը կայունացնելու համար ՔԿՀ-ում ձեռնարկված միջոցառումները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, 290-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել:

2. Դիմող Ռուզաննա Հրաչիկի Նիազյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը բեկանել և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել` վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

3. Դիմող Ռ. Նիազյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշումը բեկանել, Ժորժիկ Լևոնի Բաղումյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դելեյանի 2013 թվականի հունիսի 3-ի որոշումը վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.05.2014
N ԵԿԴ/0118/11/13
Որոշում