ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԷԴ/0030/01/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԷԴ/0030/01/12
Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան
Դատավորներ` Գ. Ավետիսյան
Ս. Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ մեղադրող Տ. Հարությունյանի
պաշտպան Վ. Բաբայանի
2013 թվականի հոկտեմբերի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Գևորգ Սերոբի Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վճռաբեկ բողոքները և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Հարություն Կառլենի Պետրոսյանը, Վահե Վարուժանի Պարանյանը, Նարեկ Արկադիի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով Սերգո Արմենի Մելիքբեկյանը, Տիգրան Ռուբենի Կոստանդյանը և Գևորգ Սերոբի Խնուսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Հ.Պետրոսյանը, Վ.Պարանյանը, Ն.Սահակյանը, Ս.Մելիքբեկյանը, Տ.Կոստանդյանը և Գ.Խնուսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Ն.Սահակյանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանը, Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանը և Վ.Բաբայանը:
Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Պարանյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն.Սահակյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
4. Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանի, Տ.Կոստանդյանի պաշտպան Գ.Մադոյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի մասով կարճել է, իսկ քրեական հետապնդումը` դադարեցրել:
Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանի, Ս.Մելիքբեկյանի պաշտպան Ա.Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը:
Դատավարության մասնակիցները Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, Տ.Կոստանդյանի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, Տ.Կոստանդյանի և մեղադրող Տ.Հարությունյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Հ.Պետրոսյանին, Վ.Պարանյանին, Ս.Մելիքբեկյանին, Տ.Կոստանդյանին և Գ.Խնուսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի շուրջ 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը և բռնություն են գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանի նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 14):
7. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն` «(...) քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը 14.10.2011թ. ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում նվաստացրել և ծեծի են ենթարկել նույն զորամասի ականանետային մարտկոցի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Պապիկյանին, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ՌՈ բաժնի պետի կողմից նրանց տրվել է կալանք 10-ական օր ժամկետով:
Նույն անձանց նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել, իսկ հետագայում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.08.2012թ. դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը դատապարտվել են մեկական տարի ժամկետով ազատազրկման:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերով հաստատված է, որ սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:
Նույն օրը Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում գտնվել են 15.10.2011թ-ից մինչև 25.10.2011թ., երբ 15.10.2011թ. հարուցված սույն քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և մեղադրյալները տեղափոխվել են կալանավորվածներին պահելու վայր:
Իսկ Վահե Պարանյանը կարգապահական մեկուսարանում գտնվել է 15.10.2011թ-ից մինչև 22.10.2011թ.: Այսինքն` ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10 (տասը) օր, իսկ Վահե Պարանյանը` 7 (յոթ) օր: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 (տասը) օր, իսկ Վահե Պարանյանի նկատմամբ կիրառված` 7 (յոթ) օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:
(...)
Վերոգրյալի հիման վրա` վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանքը կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 141-142):
Վերաքննիչ դատարանն իր 2013 թվականի մարտի 19-ի որոշման եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ.
«1. Ամբաստանյալ Գևորգ Խնուսյանի պաշտպաններ Կրոմվել Գրիգորյանի և Վահագն Բաբայանի, ամբաստանյալ Վահե Պարանյանի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանի, ամբաստանյալ Տիգրան Կոստանդյանի շահերի պաշտպան Գուրգեն Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել:
2. Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, գործի վարույթը Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի և Տիգրան Ռուբենի Կոստանդյանի մասով կարճել և նրանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 142):
8. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման համաձայն` «Այսպիսով, նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերով հիմնավորվել և հաստատվել է Հարություն Պետրոսյանին և Սերգո Մելիքբեկյանին նույն արարքի համար կրկին դատվելու հանգամանքը, ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատավճռով խախտվել է նրանց` Սահմանադրության 22-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածներով երաշխավորված կրկին անգամ դատվելու անթույլատրելիության իրավունքը, (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 208):
Վերաքննիչ դատարանն իր 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ.
«1. Ամբաստանյալ Հարություն Պետրոսյանի շահերի պաշտպան Ղևոնդ Պապոյանի և ամբաստանյալ Սերգո Մելիքբեկյանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանի վերաքննիչ բողոքները բավարարել:
2. Հարություն Կառլենի Պետրոսյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, Հարություն Կառլենի Պետրոսյանին, Սերգո Արմենի Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը` կարճելով քրեական գործի վարույթը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 208):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Տ.Կոստանդյանը և Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 6-րդ, 21-րդ և 66-րդ հոդվածների պահանջների խախտում: Բողոքների հեղինակները փաստարկել են, որ միևնույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը կայացրել է երկու իրարամերժ դատական ակտեր: Մասնավորապես, 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի մասով քրեական գործի վարույթը կարճել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, մինչդեռ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Հ.Պետրոսյանին և Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է:
Վերոգրյալի հիման վրա բողոքների հեղինակները խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը, Գ.Խնուսյանին և Տ.Կոստանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում արդարացնել:
10. Մեղադրող Տ.Հարությունյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 24-րդ, 385-րդ, 386-րդ և 395-րդ հոդվածների պահանջների խախտում: Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման եզրափակիչ մասում անդրադարձել է առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությանը և արդարացրել Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին, մինչդեռ 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ նույն փաստական հանգամանքների պայմաններում Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի մասով կայացրել է հիմնավորված և օրինական որոշում` կարճելով քրեական գործի վարույթը:
Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Հ.Պետրոսյանին և Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքի մատնանշման անհրաժեշտության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
i
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական, հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն այն դեպքում, երբ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա,
(...)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:
Մեջբերված քրեադատավարական նորմը Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է Ֆ.Գալստյանի գործով կայացված որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
(...) շարադրված մոտեցմանը համահունչ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի (Salov v. Սkraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
14. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի բովանդակում որևէ նորմ, որը կսահմաներ դատարանի կողմից կայացվող այլ դատական ակտերի (որոշումների) օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու պահանջ: Այդուհանդերձ, հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև դատարանի կողմից կայացվող այլ դատական ակտերին, այդ թվում` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) բացակայում է հանցագործության դեպքը.
2) արարքի մեջ հանցակազմ չկա.
3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.
5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.
6) անցել են վաղեմության ժամկետները.
7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.
8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.
9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.
11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
13) ընդունվել է համաներման ակտ»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ»:
Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը սահմանող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ նշված հիմքերը դասակարգվում են երկու խմբի`
ա) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով.
բ) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով» (տե՛ս Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 15-րդ կետը):
16. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, այլև` բացառելու ցանկացած անձի անօրինական և չհիմնավորված մեղադրումը (դատապարտումը), նրա իրավունքների և ազատությունների սահմանափակումը, ինչպես նաև` վերականգնելու ապօրինի քրեական հետապնդման ենթարկվածների իրավունքները: Քրեական դատավարության նշված խնդիրն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասում իր ամրագրումը ստացած հիմնարար իրավունքից, որի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Նշված սահմանադրական նորմի ուժով պետությունն իր վրա է վերցնում քրեական վարույթն իրականացնող մարմինների ապօրինի գործողություններով պատճառված վնասի հատուցման պարտականությունը, որի իրավական հիմքերը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածներում:
Շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի նշված դատավարական ակտը ոչ միայն վերացնում է առաջադրված մեղադրանքը և բացառում գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, այլև կախված քրեական հետապնդումը դադարեցնելու օրենքով նախատեսված հիմքի բովանդակությունից, տարբեր իրավական հետևանքներ է առաջացնում շահագրգիռ անձանց համար: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս կամ գործի վարույթը կարճելիս անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ստանում է նաև անօրինական կամ չհիմնավորված քրեական հետապնդման արդյունքում իր խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք: Մինչդեռ, քրեադատավարական օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս անձն արդարացվածի կարգավիճակ չի ստանում, հետևաբար չի ստանում նաև դատավարական այդ կարգավիճակից բխող այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը քրեական դատավարության ցանկացած փուլում անվերապահորեն պետք է հանգեցնի քրեական հետապնդման դադարեցման (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ նշված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են: Հետևաբար, նշված հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ոչ միայն որոշում կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այլ նաև իր որոշման մեջ հստակ պետք է ամրագրի քրեադատավարական օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվում է այդ որոշումը:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջը պարտադիր է ոչ միայն քննարկվող քրեադատավարական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջն ապահովելու համար, այլ նաև անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք` անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այլ կերպ` քրեական հետապնդումը դադարեցնելու և (կամ) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքի հստակ ամրագրումը պարտադիր է և ի թիվս այլոց, պայմանավորված է.
ա) անձի իրավական կարգավիճակի հստակեցման, և դրանից ելնելով` քրեական հետապնդման հետևանքով խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք վերապահելու անհրաժեշտությամբ,
բ) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի, այդ թվում` արդարացման հիմքի մասով բողոքարկելու իրավունք վերապահող քրեադատավարական նորմերի գործողության ապահովման անհրաժեշտությամբ:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Խնուսյանը, Տ.Կոստանդյանը, Հ.Պետրոսյանը և Ս.Մելիքբեկյանը ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում նվաստացրել և ծեծի են ենթարկել նույն զորամասի ականանետային մարտկոցի պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Պապիկյանին, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ՌՈ բաժնի պետի կողմից նրանց տրվել է կալանք` 10-ական օր ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Խնուսյանը, Տ.Կոստանդյանը, Հ.Պետրոսյանը և Ս.Մելիքբեկյանը նույն արարքի համար մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել մեկական տարի ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Վերաքննիչ բողոքների հիման վրա վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը
ա) 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ նույն արարքի համար Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի դատապարտումը հանգեցրել է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմանը, նրանց մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կարճել քրեական գործի վարույթը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
բ) 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ արձանագրել է, որ նույն արարքի համար Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի դատապարտումը հանգեցրել է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմանը, նրանց մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, և վերջիններիս արդարացրել` կարճելով քրեական գործի վարույթը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը միևնույն գործի շրջանակներում միևնույն փաստական հանգամանքների պայմաններում կայացրել է երկու հակասական որոշում: Ընդ որում, կարճելով քրեական գործի վարույթը և դադարեցնելով քրեական հետապնդումը` Վերաքննիչ դատարանն ինչպես 2013 թվականի մարտի 19-ի որոշման, այնպես էլ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման մեջ չի արձանագրել, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հատկապես որ կետով է ղեկավարվում:
19. Սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ.Խնուսյանի, Տ.Կոստանդյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի իրավունքները` թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:
Սույն որոշման 19-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներում առկա հակասությունը և իր որոշման մեջ հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գևորգ Սերոբի Խնուսյանի և Տիգրան Ռուբենի Կոստանդյանի մասով և նույն դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը Հարություն Կառլենի Պետրոսյանի, Սերգո Արմենի Մելիքբեկյանի վերաբերյալ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան