Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

14.11.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեսական և կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը, սահմանում է զբաղվածության բնագավառում քաղաքացիների իրավունքների իրացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, գործազրկության դեպքում սոցիալական աջակցության ձևերը, ինչպես նաև պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը:

 

Հոդված 2. Զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Զբաղվածությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:

 

i
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) զբաղվածություն` Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները.

2) աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` Ծառայություն).

3) գործազուրկ` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած` աշխատանք փնտրող և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է ծառայությունում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ.

4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`

ա. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է ծառայության կողմից,

բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո` երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները և այդ անձի ցանկությունները.

7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող և տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

8) նոր ստեղծվող աշխատատեղ` գործատուի կողմից Ծառայություն կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.

9) զբաղվածության պետական ծրագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող ծրագրեր և մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաև գործատուներին և սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում ծառայության հետ համագործակցության շրջանակներում.

10) կայուն զբաղվածություն` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության միջոցով աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշներն ու չափորոշիչները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածություն, որի չափանիշները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող և իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները և դրանց կատարողականը.

13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաև իրեն դիմած և (կամ) ծառայության կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

14) զբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով.

15) աշխատող` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:

(4-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-81-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

 

1. Սույն օրենքի իմաստով զբաղվածություն համարվող գործունեության տեսակներ են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը.

3) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

6) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

 

Հոդված 6. Հարմար աշխատանքը

 

1. Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող` աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո` երեք ամսվա ընթացքում, տեղավորել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը:

2.1. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող` աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

3. Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող` աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում:

4. Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող` աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

(6-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-81-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

 

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման և բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով և որակով աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:

3. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետևողական ապահովումն է, ինչպես նաև աշխատանք փնտրող անձի` աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:

4. Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման և աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:

 

Հոդված 8. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

 

1. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը և աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը.

2) սոցիալական ներառումն ու համերաշխությունը.

3) կայուն զբաղվածության միջոցով անձի հասարակական դերի բարձրացումը.

4) սոցիալական գործընկերությունը.

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը և թափանցիկությունը.

6) արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետևողական ապահովումը.

7) ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը.

8) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցային, փոխշահավետ և կայուն համագործակցությունը:

 

i
Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և աշխատանք փնտրող անձի հաշվառումից հանումը

 

1. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Լիազորված մարմինը կասեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:

4. Լիազորված մարմինը գործազուրկի կարգավիճակը վերականգնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:

5. Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`

1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.

2) լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.

3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.

4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.

6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների.

9) գործազուրկը մահացել է:

6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

(9-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-81-Ն, 16.12.16 ՀՕ-228-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական և աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:

i

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) միջոցով և իրականացնում Ծառայության միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

(10-րդ հոդվածը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն օրենքներ)

 

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

 

1. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

3.1) սահմանում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

3.2) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացումն ապահովող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների` աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի, մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևերը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձևերը, հողօգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը.

4) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.

5) մշակում է զբաղվածության պետական ծրագրերը.

6) տեղաբաշխում է զբաղվածության պետական ծրագրերը` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, ընդ որում, զբաղվածության պետական ծրագրերի` ըստ մարզերի և աշխատանք փնտրող առանձին խմբերի (շահառուների) բաշխման կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգն ու գնահատումը.

8) (8-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

9) (9-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

10) (10-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

11) (11-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

12) (12-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.

14) ստեղծում և տիրապետում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.

15) (15-րդ կետն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

16) (16-րդ կետն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

17) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն.

18) (18-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թվականից` 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

(11-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-81-Ն, 02.06.20 ՀՕ-286-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն օրենքներ)

 

Հոդված 11.1.  Ծառայության լիազորությունները

 

1. Ծառայությունը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում և դադարեցում.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր.

4) իրականացնում է անձի` մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.

5) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.

6) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրեր.

7) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

9) հաշվառում և հաշվառումից հանում է համագործակցող` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը.

10) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը և շահագործում է տեղեկատվական շտեմարանը.

11) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվություն.

12) գործատուներին տրամադրում է տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն զբաղվածության բնագավառի ծառայությունների, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ.

13) կազմակերպում է աշխատանքային միգրացիային վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման և օտարերկրյա պետությունում աշխատելու գործընթացը.

14) ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի և միջոցառումների իրականացմանը.

15) լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում զբաղվածության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, մասնակցում է զբաղվածության ծրագրերի մշակման աշխատանքներին.

16) մասնակցում է նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքներին` որպես խորհրդի անդամ.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(11.1-ին հոդ. լրաց. 24.10.24 ՀՕ-417-Ն օրենք)

                                i
Հոդված 12. Ամենամյա ծրագրի մշակումը

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

 

Հոդված 13. Ամենամյա ծրագրի իրականացումը

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

 

Հոդված 14. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

 

Հոդված 15.

Զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը

 

1. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են օրենքով:

2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ հոդվածը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

 

Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

 

1. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե նա ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով կամ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած` լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

4. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ լիազորված մարմնի և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

5. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում լիազորված մարմնի սխալի հետևանքով անձին վճարված ֆինանսական միջոցները վերադարձնում է սխալը թույլ տված պաշտոնատար անձը (անձինք)` լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

6. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման միանվագ` լիազորված մարմնի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների խախտումը թույլ տալու դեպքում` մեկ ամսյա ժամկետում, ընդ որում` գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

(16-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-225-Ն օրենք)

 

Հոդված 17. Համաձայնեցման կոմիտեները

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 02.08.2023 թվականից` 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

 

Հոդված 18. Աշխատուժի տեղաշարժը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականությունը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքերում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ.

3) իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ և լիազորություններ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը` նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժեր` զբաղվածության պետական ծրագրերի և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:

(18-րդ հոդվածը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն օրենք)

 

Հոդված 19. Լիազորված մարմնի և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը

 

1. Լիազորված մարմինը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ:

2. Լիազորված մարմինը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում և ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

3. Համագործակցության հուշագիրը ներառում է`

1) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման և լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.

2) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից և լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.

3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման պայմանները.

4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման գործընթացների` լիազորված մարմնի կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները:

4. Լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը լիազորված մարմնից ստանում է`

1) մեթոդական օգնություն և անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.

2) լիազորված մարմնում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվություն.

3) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներին մասնակցության հնարավորություն:

5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում լիազորված մարմնի և ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձևավորում և պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը ներառում է իր ծառայություններից օգտվող անձի անձնական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

7. Լիազորված մարմինը իր հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից և այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`

1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու և (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.

2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:

8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված` զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:

(19-րդ հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-64-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն օրենքներ)

 

i
Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

 

1. Զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում լիազորված մարմինը և Ծառայությունը համագործակցում են գործատուների հետ` գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:

2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող` տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար:

3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական մարմինների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը` ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ` կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2. Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:

4.3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում` տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 և բարձր թվանշանի դեպքում` իրենից վերև ընկած բնական թվին:

5. Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող` տարիքը չլրացած անձի կողմից` առանց զբաղվածության պետական ծրագրերով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

6. Հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող` տարիքը չլրացած անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:

i

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

9. Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

i

10. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:

11. Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

12. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն`

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրելու տեղեկություններ լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և եղանակով.

3) լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության ստացման.

4) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման.

5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

13. Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

14. Գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրով ուղարկելով գործատուի մոտ:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ուղեգրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(20-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-81-Ն, 21.01.20 ՀՕ-52-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 07.02.24 ՀՕ-75-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն օրենքներ)

 

i
Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները

 

1. Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`

1) հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին.

2) լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.

3) ստանալու տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.

4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.

5) մասնագիտական կողմնորոշման.

6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

7) ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, ուղղություններով և կարգով:

i

2. Գործազուրկը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով.

1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար.

2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն.

3) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.

4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն.

5) աշխատանքի տեղավորման դեպքում` միանվագ փոխհատուցում գործատուին:

3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի`

1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:

4.1. Ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև վեց ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:

4.2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:

(21-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-228-Ն, 06.12.17 ՀՕ-225-Ն, 02.06.20 ՀՕ-286-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 22. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը

 

1. Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`

1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

2) անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի` անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսանալու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.

3) անձի տարիքը.

4) անձի` գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը.

5) անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, քաղաքային, գյուղական).

6) անձի փախստական լինելու հանգամանքը.

7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

9) անձի` աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի մասնագիտական (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

10) անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

11) անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը.

12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում` բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը.

13) անձի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ հանդիսանալու հանգամանքը.

14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը.

15) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքը:

2. Հիմք ընդունելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը:

(22-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-228-Ն, 02.06.20 ՀՕ-286-Ն, 24.10.24 ՀՕ-413-Ն օրենքներ)

 

i
Հոդված 23. Աշխատաշուկայում անմրցունակ անձի զբաղվածության ապահովումը

 

1. Աշխատաշուկայում անմրցունակ անձը, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված իրավունքներից բացի, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ունի`

1) լիազորված մարմնի կողմից զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք.

3) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցման իրավունք.

4) փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության իրավունք.

5) լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության իրավունք.

6) գործատուներին այցելության համար դրամական օգնության իրավունք.

7) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության իրավունք:

(23-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-81-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 24. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը

 

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում` պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով լիազորված մարմինը ստեղծում է և Ծառայությունը վարում է տեղեկատվական շտեմարան:

2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների և այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի ցանկը տեղադրվում է լիազորված մարմնի և Ծառայության կայքէջերում:

3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում:

4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`

1) աշխատանք փնտրող անձանց և գործատուների` լիազորված մարմին անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով գրանցման և համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում լիազորված մարմնի հետ հետադարձ կապի հնարավորությունը.

3) լիազորված մարմին անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների:

5. Աշխատանք փնտրող անձանց և գործատուների անձնական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-64-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 4-րդ մասը` 2016 թվականի հունվարի 1-ից:

i

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2005 թվականի հոկտեմբերի 24-ի` «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՕ-206-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված և գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող անձանց գործազրկության նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկի, կասեցման, դադարեցման և վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 5-19-րդ մասերով:

5. Գործազուրկին գործազրկության նպաստ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարված լինելու դեպքում:

6. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս, իսկ առավելագույն տևողությունը գործազուրկի կարգավիճակում լինելու յուրաքանչյուր ժամանակահատվածում սահմանվում է 12 ամիս, ընդ որում` առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

7. Գործազրկության նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում նրա` գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարվելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է լիազորված մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան:

9. Գործազրկության նպաստը լիազորագրով կարող է վճարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:

11. Իրավասու մարմինների կողմից կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց մինչև կալանավորման կամ ազատազրկման օրը, ինչպես նաև հարկադիր բուժման ենթարկման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման: Չստացած գործազրկության նպաստը կարող է վճարվել նաև սույն հոդվածի 9-րդ մասում նշված լիազորագրի հիման վրա:

12. Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաստառու գործազուրկի գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, և նոր բնակավայրում շարունակվում է նպաստի վճարումը կասեցման օրվանից:

13. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

14. Գործազրկության նպաստի վճարումը լիազորված մարմինը կասեցնում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:

15. Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակահատվածն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա լիազորված մարմինը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:

16. Երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:

17. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

18. Լիազորված մարմինը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ`

1) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

2) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով:

19. Գործազրկության նպաստը նշանակվում, վճարվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

20. Մինչև զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2013 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-152-Ն

 

pin
ՀՀ 11.12.2013
N ՀՕ-152-Ն օրենք