ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2664/05/15
դատարանի որոշում 2022 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2664/05/15
Նախագահող դատավոր` Ա. Բաբայան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Ա. Թովմասյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Ավետիսյանի և Մկրտիչ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աղասի Ավետիսյանի և Մկրտիչ Ավետիսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք Հունան Ավետիսյանի, Հեղինե Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի, Ջեմմա Ավետիսյանի, Սուրեն Ավետիսյանի, Հրայր Խաչատուրյանի և «Եվրովերելակ» ՍՊԸ-ի` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աղասի Ավետիսյանը և Մկրտիչ Ավետիսյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործողությունները և որպես հետևանք` անվավեր ճանաչել 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կամ անվավեր ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և որպես հետևանք` անվավեր ճանաչել աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք` 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է:
Դատարանի նույն թվականի վճռով հայցը` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2018 թվականի որոշմամբ Աղասի Ավետիսյանի և Մկրտիչ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աղասի Ավետիսյանը և Մկրտիչ Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Ժաննա Մկրտչյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 10-րդ, 28-րդ, 75-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 28-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Թիվ ԿԴ1/0020/02/14 քաղաքացիական գործով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի պահանջն ուղղված է եղել «Եվրովերելակ» ՍՊԸ-ի, Հունան Սուրենի Ավետիսյանի, Հեղինե Արամայիսի Ավետիսյանի, Ջեմմա Գևորգի Ավետիսյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Աղասի Ավետիսյանի, Սուրեն Հովակի Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի, Հեղինե Ավետիսյանի դեմ, որն էլ ամբողջությամբ բավարարվել է, հետևաբար սույն գործով հայցվորները հանդիսացել են քաղաքացիական գործով պատասխանողներ, իսկ կատարողական վարույթով` պարտապաններ: Ուստի հարկադիր կատարողը պարտավոր էր կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկել վերջիններիս, ինչը, սակայն, չի կատարել: Օրենքով սահմանված կարգով ծանուցված չլինելու պարագայում հայցվորները զրկված են եղել կատարողական գործողությունների շրջանակներում օգտվելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ և այլ հոդվածներով սահմանված կատարողական վարույթի կողմի իրավունքներից:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` «հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ» հոդվածը իրավակիրառ պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, հակասում է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածներին` այնքանով, որքանով չի համապատասխանում սեփականության իրավունքի ճանաչման, երաշխավորման և պաշտպանության սահմանադրական մոտեցումներին, մասնավորապես` չի ապահովում կատարողական թերթով պարտապան չհանդիսացող, սակայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվող գույքի սեփականատեր հանդիսացող անձանց ծանուցման իրական հնարավորությունը իրավակիրառ պրակտիկայում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պարտապանին պատշաճ ձևով ծանուցելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է պարտապանի նաև այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Սույն վարչական գործով Ծառայությունը հրապարակային սակարկության կարգով բռնագանձել է հայցվորների գույքը, ինչի մասին վերջիններս չեն ծանուցվել, չեն ուղարկվել բռնագանձման ծանուցագրեր, որի արդյունքում հայցվորները, որպես տան` գրավի առարկայի համասեփականատերեր, զրկվել են հարկադիր կատարողի գործողությունները վիճարկելու իրական հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել` հայցն ամբողջությամբ բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը ունի հստակ կարգավորում առ այն, որ կատարողական վարույթում ընդգրկվում և մասնակից են դարձվում կատարողական թերթով որպես պահանջատեր և պարտապան նշված անձինք, իսկ անհրաժեշտության դեպքերում նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներ: Հարկադիր կատարողն իրավունք չունի ինքնիրավչություն դրսևորել և կատարողական վարույթին ներգրավել պարտապան կամ պահանջատեր չհանդիսացող կամ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով չնախատեսված անձանց: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները և իրականացնելով գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, եկել է ճիշտ եզրահանգման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԿԴ1/0020/02/14 քաղաքացիական գործով 14.01.2014 թվականին տրված կատարողական թերթերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով իր վարույթում քննվող քաղաքացիական գործով (ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Եվրովերելակ» ՍՊԸ-ի, Հունան Սուրենի Ավետիսյանի, Հեղինե Արամայիսի Ավետիսյանի, Ջեմմա Գևորգի Ավետիսյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Աղասի Ավետիսյանի, Սուրեն Հովակի Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի և Հեղինե Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին) հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, որոշվել է` որպես հայցի ապահովման միջոց հայցագնի` 4.329.376,70 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ «Եվրովերելակ» ՍՊԸ-ին, Հունան Ավետիսյանին և Հեղինե Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում առկա հաշիվների, ինչպես նաև գրավադրված` ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 66, 72):
2. Նշված կատարողական թերթերի հիման վրա Ծառայության Կոտայքի մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի կողմից 10.02.2014 թվականին հարուցվել են համապատասխանաբար թիվ 07/01-505/14 և թիվ 07/01-506/14 կատարողական վարույթները (հատոր 1-ին, գ.թ. 67, 73):
3. Ծառայության Կոտայքի մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի կողմից 29.04.2014 թվականին ընդունված «Կատարողական վարույթը ավարտելու մասին» որոշումներով որոշվել է ավարտել 10.02.2014 թվականին հարուցված թիվ 07/01-505/14 և թիվ 07/01-506/14 կատարողական վարույթները` կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողություններն ավարտված լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 68, 74):
4. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԿԴ1/0020/02/14 քաղաքացիական գործով 20.06.2014 թվականին տրված կատարողական թերթերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Եվրովերելակ» ՍՊԸ-ի, Հունան Սուրենի Ավետիսյանի, Հեղինե Արամայիսի Ավետիսյանի, Ջեմմա Գևորգի Ավետիսյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Աղասի Ավետիսյանի, Սուրեն Հովակի Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի և Հեղինե Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վճռել է հայցը բավարարել` «Եվրովերելակ» ՍՊԸ-ից, Հունան Ավետիսյանից և Հեղինե Ավետիսյանից համապարտությամբ հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 4.244.487,10 ՀՀ դրամ և վճարված պետական տուրքի գումարը, սկսած 25.12.2013 թվականից մինչև վարկի մնացորդի գումարը` 3.874.308,70 ՀՀ դրամը, բանկին վերադարձնելու օրը հաշվարկել համաձայնագրի 1.2 կետով նախատեսված տարեկան 15 տոկոս տոկոսադրույքը, սկսած 25.12.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել վարկային պայմանագրի 6.6 և 6.7 կետերով նախատեսված տույժերի գումարը` բռնագանձումը տարածելով բանկում գրավադրված` ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, միաժամանակ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բռնագանձված գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրք. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.01.2014 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի` 4.329.376,70 ՀՀ դրամի չափով պատասխանողներ «Եվրովերելակ» ՍՊԸ-ին, Հունան Ավետիսյանին և Հեղինե Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշիվների, ինչպես նաև գրավադրված` ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը պահպանել մինչև վճռի կատարումը: Նույն կատարողական թերթերի համաձայն` պահանջատերն է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն, պարտապանները` Հեղինե Ավետիսյանը և Հունան Ավետիսյանը (հատոր 1-ին, գ.թ. 69, 75):
5. Ծառայության Կոտայքի մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի կողմից 04.09.2014 թվականին կայացված որոշումներով որոշվել է վերսկսել 29.04.2014 թվականին ավարտված թիվ 07/01-505/14 կատարողական վարույթը որպես նոր` թիվ 07/01-8270/14 կատարողական վարույթ, իսկ 29.04.2014 թվականին ավարտված թիվ 07/01-506/14 կատարողական վարույթը որպես նոր` թիվ 07/01-8271/14 կատարողական վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 70, 76):
6. Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ որոշվել է Հունան, Հեղինե, Ջեմմա, Սուրեն, Մկրտիչ, Աղասի և Լուսինե Ավետիսյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում գրավադրված` քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4-րդ շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի (գնահատման գինը` 18.232.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը` 13.674.000 ՀՀ դրամ) (հատոր 1-ին, գ.թ. 11):
7. «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» 27.04.2015 թվականի թիվ 8270/14-15/01 արձանագրության համաձայն` գրավի առարկա հանդիսացող` Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարանի` 16.04.2015 թվականին` ժամը 13.00-ին, սկսված և 27.04.2015 թվականին` ժամը 13.00-ին, ավարտված աճուրդի հաղթող մասնակիցը Հրայր Խաչատուրյանն է, լոտի մեկնարկային գինը` 8.971.511,4 ՀՀ դրամ, լոտի վաճառքի գինը` 9.021.511,4 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 81):
8. Կենտրոն նոտարական գրասենյակի սեղանամատյանում 971 համարով գրանցված 04.05.2015 թվականի «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի» համաձայն` մի կողմից Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Սերժիկ Խաչատրյանը` որպես վաճառող, և մյուս կողմից Հրայր Խաչատուրյանը` որպես գնորդ, կնքել են պայմանագիր, որով Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 27.04.2015 թվականի թիվ 0700fbq008270/14-15/01 արձանագրության հիման վրա վաճառողը վաճառել է, իսկ գնորդը գնել է համատեղ սեփականության իրավունքով Ջեմմա Գևորգի Ավետիսյանին, Սուրեն Հովակի Ավետիսյանին, Մկրտիչ Սուրենի Ավետիսյանին, Աղասի Սուրենի Ավետիսյանին, Հունան Սուրենի Ավետիսյանին, Լուսինե Սերյոժայի Ավետիսյանին, և Հեղինե Արամայիսի Ավետիսյանին պատկանող 86 քմ մակերեսով` Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 հասցեում գտնվող բնակարանը 9.021.511.4 ՀՀ դրամ գումարով: Նշված անշարժ գույքը վաճառվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.06.2014 թվականին տրված թիվ ԿԴ1/0020/02/14 կատարողական թերթի համաձայն 27.04.2015 թվականին կայացած գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով (հատոր 1-ին, գ.թ. 82):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովման վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է ներգրավվի կատարողական վարույթում, և ինչ կարգով պետք է ապահովվի վերջինիս լսված լինելու իրավունքը:
i
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
i
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Սեփականության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 30.10.2018 թվականի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև` որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առանձնացրել է սեփականությունից զրկելու հետևյալ հիմնական տարրերը.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.
- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.
i
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում` առանց շարունակության երաշխավորման (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումը):
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:
i
Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ պարբերության համաձայն` պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:
Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:
i
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են` պահանջատերը և պարտապանը, և (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկել պահանջատիրոջը և պարտապանին: Հետևաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որևէ պարտավորություն չունի, և դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն` կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց (տե՛ս Սուսաննա և Հասմիկ Փոթոյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում` իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև` ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:
i
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով 05.04.2013 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց, այդուհանդերձ, գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված` օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու և զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով: Այսպես`
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որևէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, և, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարողական վարույթն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի նկատմամբ ևս կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները այնքանով, որքանով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում իրականացվող կատարողական գործողությունները կարգավորող հատուկ օրենքով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում կարգավորվում են շահագրգիռ անձանց կատարողական գործողությունների մասին ծանուցելու, ինչպես նաև կատարողական վարույթին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ դրույթներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթ, հարուցվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա և ավարտվում վարչական ակտի ընդունմամբ: Իսկ հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացվող կատարողական գործողությունների վրա, բացի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից, ընդհանուր կարգով տարածվում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթի` մասնավորապես կատարողական վարույթի կարգավորմանն ուղղված օրենք, սահմանել է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որում ընդգրկվում են կատարողական վարույթի կողմերը` պահանջատերը և պարտապանը, ինչպես նաև վերջիններիս ներկայացուցիչները: Այսինքն` ստացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, բացառում է բացի վերոնշյալ անձանցից կատարողական վարույթին այլ մասնակիցների ներգրավվածությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում այն անձանց, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է կամ կարող է առնչվել կատարողական վարույթը եզրափակող ակտը, գործնականում իրացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը:
i
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:
i
Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ վերը նշված վարչական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
i
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետևյալը.
1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,
2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,
3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,
4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից` անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը` վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,
5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,
6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,
7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,
8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:
i
ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:
i
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ` լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
i
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6067/05/16 որոշմամբ գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որևէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արձանագրել է, որ վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վարչական վարույթի մասնակիցներին վարույթի մասին ծանուցելը և քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն տալը` լսելը, կատարվում են վարչական վարույթի երկու տարբեր փուլերում և նախատեսված են վարչական վարույթի հարուցման ու ընթացիկ փուլերը կարգավորող իրավական նորմերով, սակայն նշված ընթացակարգային գործողությունները հետապնդում են մեկ միասնական նպատակ, որը հանգում է մարդու` Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքներն իրացնելու երաշխավորմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում լսումների մասին ծանուցումն իրականացնելու ժամկետները, եղանակը, այնուամենայնիվ, վարչական մարմինը վարույթի մասնակիցներին լսումների իրականացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցման ժամկետն ու միջոցները պետք է ընտրի այն հաշվառմամբ, որպեսզի վերջիններս ունենան ողջամիտ ժամկետ` լսումներին պատշաճ կերպով ներկայանալու և դիրքորոշում հայտնելու համար (տե՛ս «Անի» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք «Էրստեդ» ՍՊԸ-ի, «Լայթէկո» ՍՊԸ-ի և «Ֆենհալ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ5/0108/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2021 թվականի որոշումը):
i
Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ կատարողական թերթի համաձայն բռնագանձում է տարածվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից սեփական պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված գույքի վրա, հարկադիր կատարողի որոշումներն ուղարկելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգը խնդրահարույց չէ: Նշված եզրահանգումը պայմանավորված է այն իրողությամբ, որ այդ դեպքում գրավատուն կատարողական վարույթի ընթացքում հանդես է գալիս որպես պարտապան: Դա նշանակում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով հարկադիր կատարողն իր կողմից կայացվող որոշումները պետք է ուղարկի նաև գրավատու-պարտապանին: Արդյունքում վերջինս, տեղյակ լինելով իր գույքի բռնագանձման կապակցությամբ հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների մասին, հնարավորություն է ստանում օրենքով սահմանված միջոցներով իրականացնել իր սեփականության իրավունքի պաշտպանությունը:
i
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հաճախ անձանց պարտավորություններն ապահովվում են երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավով: Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ գրավատու հանդիսացող երրորդ անձը դատարանի կողմից տրվող կատարողական թերթում որպես պարտապան չի նշվում: Դրա արդյունքում գրավատուն, չհանդիսանալով այդ կատարողական թերթի հիման վրա հարուցվող կատարողական վարույթի մասնակից, չի կարող հավակնել հարկադիր կատարողի որոշումները ստանալուն, թեև այդ կատարողական վարույթի ընթացքում ենթակա է բռնագանձման նրան պատկանող գույքը: Այլ կերպ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողը չունի իր կողմից կայացվող որոշումները նաև կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող գրավատուին ուղարկելու պարտականություն: Նման պայմաններում ստացվում է, որ պարտապան չհանդիսացող, բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք պարտապան հանդիսացող և բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց համեմատ չեն օգտվում իրենց սեփականության պաշտպանության հավասար պայմաններից և հնարավորություններից, այդ թվում նաև` Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կատարողական վարույթի կողմերին վերապահված իրավունքներից: Այսինքն` գույքի համասեփականատերերը, ունենալով նույնաբնույթ իրավազորություններ իրենց սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ, իրենց գույքի բռնագանձմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում ունեն տարբեր իրավազորություններ և կրում են տարբեր պարտավորություններ` պայմանավորված կատարողական վարույթի կողմ հանդիսանալու հանգամանքով:
Արդյունքում ստացվում է, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարող կամ ոչ պատշաճ կատարող պարտապանը` որպես կատարողական վարույթի մասնակից, պարտադիր կերպով ծանուցվում է կատարողական գործողությունների ընթացքում կայացվող որոշումների մասին, իսկ պարտապան չհանդիսացող գրավատուին նման հնարավորություն չի տրվում, քանի որ վերջինս կատարողական վարույթի մասնակից չէ: Փաստորեն, պարտապան չհանդիսացող գրավատուն կարող է անտեղյակ լինել իր գույքի բռնագանձմանը վերաբերող կատարողական վարույթի հարուցման և դրա ընթացքում կայացվող որոշումների մասին, որպիսի պայմաններում վերջինս զրկված է իր սեփականության իրավունքը հնարավոր խախտումներից պաշտպանելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:
Արդյունքում անձը, ունենալով սեփականության իրավունք, չի կարողանում այն գործնականում արդյունավետորեն պաշտպանել: Մինչդեռ իրավական պետության պայմաններում պետք է երաշխավորվեն ոչ թե տեսական, երևակայական իրավունքներ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ: Իսկ որևէ իրավունք պաշտպանելու հնարավորության բացակայության պայմաններում այդ իրավունքը դառնում է տեսական իրավունք: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը կարևորում է հարկադիր կատարողի որոշումների մասին կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող գրավատուի ծանուցումը:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է ներգրավվի կատարողական վարույթին որպես կատարողական վարույթի մասնակից ոչ թե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, այլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կատարողական վարույթի շրջանակներում բոլոր շահագրգիռ անձինք պետք է օբյեկտիվ հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները և պաշտպանելու իրենց օրինական շահերը, որը հնարավոր է կատարողական վարույթում որպես երրորդ անձ ներգրավվելու դեպքում միայն: Հետևաբար կատարողական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով պետք է հավասար հնարավորություն ընձեռվի կատարողական վարույթին բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունն ապահովելու համար:
i
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող գրավատուն պետք է հնարավորություն ունենա կատարողական վարույթում ներգրավվել որպես երրորդ անձ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, իսկ կատարողական գործողությունների վերաբերյալ վերջինիս ծանուցումները պետք է կատարվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` ապահովելով վերջինիս լսված լինելու իրավունքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Աղասի Ավետիսյանը և Մկրտիչ Ավետիսյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործողությունները և որպես հետևանք` անվավեր ճանաչել 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կամ անվավեր ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և որպես հետևանք` անվավեր ճանաչել աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 19.12.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք` 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճել է:
Դատարանը նույն թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ հայցվորներ Աղասի և Մկրտիչ Ավետիսյանները թիվ ԿԴ1/0020/02/14 քաղաքացիական գործով հանդիսացել են պատասխանողներ, սակայն նույն գործով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների ընթացքում չեն հանդիսացել կատարողական վարույթի մասնակիցներ` կողմեր` պարտապաններ: Մասնավորապես` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0020/02/14 գործով 13.05.2014 թվականի կատարողական թերթերի համաձայն` պահանջատեր է հանդիսացել «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն, իսկ պարտապաններ` Հեղինե Ավետիսյանը, Հունան Ավետիսյանը: Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը 03.02.2015 թվականին կայացրել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում, որպիսի որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում առձեռն հանձնվել է կատարողական վարույթում պարտապաններ հանդիսացող Հեղինե Ավետիսյանին և Հունան Ավետիսյանին:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ հարկադիր կատարողը որևէ պարտավորություն չի ունեցել կատարողական վարույթի ընթացքում կայացված որևէ որոշում ուղարկելու հայցվորներ Աղասի և Մկրտիչ Ավետիսյաններին, քանի որ վերջիններս չեն հանդիսացել կատարողական վարույթի կողմեր:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Աղասի և Մկրտիչ Ավետիսյանների վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0020/02/14 գործով 13.05.2014 թվականին տրված կատարողական թերթերի համաձայն` սույն գործով հայցվորներ Աղասի Ավետիսյանը և Մկրտիչ Ավետիսյանը չեն նշվել որպես կատարողական թերթով պարտապաններ, հետևաբար նաև չեն հանդիսացել կատարողական վարույթի կողմեր, սակայն վերջիններս ունեցել են էական շահագրգռվածություն կատարողական վարույթը եզրափակող վարչական ակտի ընդունման հարցում, քանի որ վերջիններս, հանդիսանալով բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք, շահագրգռված են եղել իրենց պատկանող գույքի իրացման հարցում: Հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աղասի Ավետիսյանի և Մկրտիչ Ավետիսյանի իրավունքները կամ օրինական շահերը ակնհայտորեն կարող էին շոշափվել կատարողական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, հարկադիր կատարողը պարտավոր էր վերջիններիս ներգրավել կատարողական վարույթում որպես երրորդ անձինք` հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի վրա և ապահովել նրանց լսված լինելու իրավունքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոշարադրյալ պատճառաբանություններով:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 ապրիլի 2022 թվական:
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809883043
Միասնական կայք` 13.06.22-26.06.22