Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԱՆԴ/0061/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0061/01/16

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի օգոստոսի 27-ին                ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արտակ Գավրուշայի Գալստյանի և նրա պաշտպան Ս.Սարգսյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 59103216 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

i

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Արտակ Գավրուշայի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գալստյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի նոյեմբերի 25-ին Ա.Գալստյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2016 թվականի դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել Ա.Գալստյանի վերաբերյալ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մարտի 17-ի որոշմամբ մերժել է դատական քննության ընթացքում Ա.Գալստյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին:

3. Ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

5. Ա.Գալստյանը 2019 թվականի հուլիսի 3-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով կիրառման ենթակա դրույթի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

i

6. ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող:

7. Որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը` Ա.Գալստյանը և վերջինիս պաշտպան Ս.Սարգսյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

8. 2020 թվականի մարտի 24-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վկայակոչելով Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...):

(...) Նկատի ունենալով, որ պաշտպան Ս.Սարգսյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Դատարանի դատաքննության ընթացքում կայացված` կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշումն, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով և չի կարող լինել վերաքննության առարկա, գտնում են, որ այն Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննության առնվել չի կարող (...)»(1):

___________________________

1) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

 

10. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման` առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով` առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ (...)»(2):

___________________________

2) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման 4.6.-րդ կետը:

 

11. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողել է անփոփոխ, միաժամանակ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի, և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել դրա այլընտրանքային խափանման միջոց գրավով` գրավի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը(3):

___________________________

3) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

 

i

12. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 1-ի դատավճռով Ա.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անպարտ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է(4): Նշված դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ մերժվել է` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ(5):

___________________________

i

4) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

5) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

13. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետը բացառում է դատական քննության ընթացքում դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ կիրառված` խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունը, սխալ է մեկնաբանել վերոնշյալ դրույթը, ինչի արդյունքում Ա.Գալստյանին զրկել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանի կողմից անփոփոխ թողնելու մասին որոշման վերաքննիչ բողոքարկման իրավունքից, իսկ Վճռաբեկ դատարանն էլ չի արձանագրել Ա.Գալստյանի իրավունքի խախտումը և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

14. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը, խնդրել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 12-ի, Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումներն ու գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը վերանայելու համար:

i

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

i

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (...) դրա ուժի մեջ մտնելու պահից (...)»:

18. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

19. Սույն գործի նյութերից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը գործի դատական քննության փուլում 2018 թվականի մարտի 17-ի որոշմամբ մերժել է Ա.Գալստյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին(6),

___________________________

6) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

i

- Նշված որոշման դեմ պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի ցանկում(7),

___________________________

7) Տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը:

 

i

- Ա.Գալստյանը 2019 թվականի հուլիսի 3-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը(8): ՀՀ Սահմանադրական դատարանը` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող(9):

___________________________

8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը վերանայելու հիմք է:

i

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը հիմք է Ա.Գալստյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումը և այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը բեկանելու համար:

i

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3-րդ կամ 426.4-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

23. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) Իրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»(10):

___________________________

i

10) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը:

 

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թեև Առաջին ատյանի դատարանի` գործի դատական քննության փուլում Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում ոչ իրավաչափորեն թողնվել է առանց քննության(11), սակայն դրա իրավական հետևանքները սույն որոշումը կայացնելու պահի դրությամբ չեզոքացվել են:

___________________________

11) Տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը:

 

i

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Գալստյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով(12): Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 1-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Ա.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, Ա.Գալստյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է(13):

___________________________

12) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

13) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի պայմաններում, բողոքարկվող դատական ակտերով թույլ տրված խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ Ա.Գալստյանը չի շարունակում կրել և 2018 թվականի հունիսի 22-ից գտնվում է ազատության մեջ: Հետևաբար, դատական ակտերի բեկանումն իրավական առումով անիրագործելի է, նշված դատական ակտերի բեկանումը կհանգեցնի իրավական անորոշության, քանի որ դրանք եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահի դրությամբ կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

i

25. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը հիմք չէ Ա.Գալստյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումը և այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը բեկանելու համար:

26. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշման վերանայման արդյունքում Ա.Գալստյանի և նրա պաշտպան Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում Արտակ Գավրուշայի Գալստյանի և նրա պաշտպան Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 27 օգոստոսի 2021 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=1125899906903457

 

Միասնական կայք` 04.10.21-17.10.21

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2021
N ԵԱՆԴ/0061/01/16
Որոշում