Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/8445/05/16

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8445/05/16

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Կ. Մաթևոսյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունի Ռենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աբրահամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Յունի Ռենտ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Լևոն Աբրահամյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 22.09.2016 թվականի թիվ Վ-37/15 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/15 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 27.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 27.02.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանը (ներկայացուցիչ` Ռոմեն Ահարոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախ` վարչական շրջանին վերանորոգման համար դիմելու փաստը չի վկայում, որ կատարվել է ապօրինի շինարարություն, և երկրորդ` նշված արձանագրությունով որևէ կերպ չի հիմնավորվում, որ իրականացվել են տանիքի վերակառուցման աշխատանքներ:

Ավելին, եթե նույնիսկ հիմնավորվի մի քանի քար տեղադրելը, պետք է ապացուցվի, թե արդյոք այդ քարերի տեղադրումը հանդիսանում է շինարարական աշխատանք, այն էլ` տանիքի վերակառուցման ձևով, քանի որ կազմված արձանագրությունը վերաբերում է տանիքի վերակառուցմանը, որպիսի փաստ որևէ ապացույցով չի հաստատվել: Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստի առկայությունը, որ քարեր տեղադրելը պայմանավորված է ջրի հոսքը կանխելու նպատակի հետ և ոչ թե տանիքի վերակառուցման:

Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա Վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել` հերքելով առաջին ատյանի դատարանի հիմնավորումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ արձանագրության մեջ որպես կից փաստաթուղթ լուսանկարի նշված լինելը հաստատում է այդ լուսանկարի կատարման ամսաթիվը: Մինչդեռ որևէ կերպ չի հիմնավորվել, թե արդյոք արձանագրության կից լուսանկարը հենց այն լուսանկարն է, որը ներկայացվել է դատարանին այն պայմաններում, երբ լուսանկարի կատարման ամսաթիվն անհայտ է:

Ավելին, լուսանկարի կատարման ամսաթվի հետ կապված առկա է նույն կողմերի միջև մեկ այլ` թիվ ՎԴ/5269/05/16 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած Վերաքննիչ դատարանի դատական ակտ, որտեղ Վերաքննիչ դատարանը նույն փաստական հանգամանքների պայմաններում հայտնել է այն դիրքորոշումը, որ լուսանկարի կատարման ժամանակը չի հիմնավորվում:

Վերաքննիչ դատարանը փոփոխել է դատական ակտն այն պարագայում, երբ գործի նյութերից ակնհայտ է, որ նույնիսկ վերաքննիչ բողոքը հիմնավոր համարվելու դեպքում գործը պետք է ուղարկվեր նոր քննության, քանի որ հայցով ներկայացված հիմքերն ամբողջությամբ քննության առարկա չէին դարձել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26.08.2014 թվականի թիվ 26082014-01-0203 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 8/7 հասցեում գտնվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Թայմ Զիրոու» ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 45-46):

2) Համաձայն իրավաբանական անձի 05.06.2015 թվականի թիվ 03Ա1010308 պետական գրանցման վկայականի թիվ 001 ներդիրի` «Թայմ Զիրոու» ՍՊԸ-ն հանդիսանում է Ընկերության իրավանախորդը (հատոր 1-ին, գ.թ. 34):

3) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Գ. Բաբայանի 05.09.2016 թվականի թիվ 023816 արձանագրության համաձայն` «ս/թ սեպտեմբերի 5-ին հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերվեց, որ Մաշտոցի պողոտա 8/7 հասցեում գործող «Յունի Ռենտ» ՍՊԸ-ի կողմից գոյություն ունեցող շինության տանիքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, կատարվում էր տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` պարապետի քարի շարվածքի իրականացում»: Արձանագրության մեջ նշում է կատարվել առ այն, որ արձանագրությանը կցվում է նաև իրավախախտումը հայտնաբերելու պահին կատարված ֆոտոլուսանկար (հատոր 1-ին, գ.թ. 13, 31-33):

4) Թիվ 023816 արձանագրության մեջ առկա է այն Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից 05.09.2016 թվականին ստանալու վերաբերյալ ձեռագիր մակագրություն և ստորագրություն, որի համաձայն` «ստացա արձանագրությունը, որի հետ համաձայն չեմ, քանի որ շինությունն իմ սեփականությունն է և գտնվում է վթարային վիճակում, որի վերանորոգման համար դիմել եմ Կենտրոն վարչական շրջան» (հատոր 1-ին, գ.թ. 13):

i

5) Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/15 որոշման` Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական տույժի` 200.000 ՀՀ դրամի չափով: Որոշումը 28.09.2016 թվականին ստորագրությամբ հանձնվել է Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանին, որի վերաբերյալ առկա է թիվ AR192285162AM փոստային հետադարձ ծանուցման անդորրագիրը (հատոր 1-ին, 27-28, 30):

6) «Վարչական տույժ նշանակելու մասին» 22.09.2016 թվականի թիվ Վ-37/15 որոշման մեջ նշված է, որ իրավախախտման փաստը հաստատող ապացույց է հանդիսանում իրավախախտման պահին լուսանկարված իրավախախտման վայրը (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին պարբերության խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը. արդյոք վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությանը կից լուսանկարի պատճենով հաստատվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ` ենթադրյալ իրավախախտման փաստը:

 

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, (...) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` 1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը. 2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը. 3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին. 4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր. 5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, (...), ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին` բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.

1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),

2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,

3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմամբ` թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է անձի մոտ սեփականության կամ հողօգտագործման իրավունքի, վերջինիս կողմից նույն հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելու փաստերի միաժամանակյա առկայություն: Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ գործով Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է համապատասխան ապացույցներով հիմնավորի նշված փաստերի առկայությունը, քանի որ նշված փաստական հանգամանքների պարզումը հանդիսանում է վարչական վարույթի առարկա, հետևաբար նաև` գործի բազմակողմանի քննության տարր, և էական նշանակություն ունի վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական ակտն ընդունելու ու անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Այսինքն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում` վերջինիս կողմից ընդունված իրավական ակտի վիճարկման ժամանակ, այդ ակտի հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը անձի համար անբարենպաստ փաստերի մասով կրում է վարչական մարմինը: Ուստի, այդ փաստերի չապացուցման դեպքում դրանց բացասական հետևանքները ևս կրում է վարչական մարմինը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է անձին ենթարկել վարչական պատասխանատվության միայն Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների պահպանման պայմաններում:

Քննարկվող պարագայում, իրավասու վարչական մարմինը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար պետք է պարզեր` արդյոք համապատասխան սուբյեկտը կատարել է ինքնակամ կառույց, և միայն այդ փաստի հիմնավորման պայմաններում վարչական մարմինն իրավասու էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցանքի առկայությունը համարել հաստատված:

Սույն գործի փաստերի համաձայն` Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Գ. Բաբայանի 05.09.2016 թվականի թիվ 023816 արձանագրության համաձայն` Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 8/7 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվել են տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` քարե շարվածքի իրականացում: Արձանագրությանը կից ներկայացված է լուսանկարի պատճենը: Նույն արձանագրության մեջ առկա է Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից արձանագրությունը 05.09.2016 թվականին ստանալու վերաբերյալ ձեռագիր մակագրություն և ստորագրություն, որի համաձայն` «ստացա արձանագրությունը, որի հետ համաձայն չեմ, քանի որ շինությունն իմ սեփականությունն է և գտնվում է վթարային վիճակում, որի վերանորոգման համար դիմել եմ Կենտրոն վարչական շրջան»:

Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/15 որոշման` Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական տույժի` 200.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը, 27.02.2017 թվականի վճռով բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(...) տվյալ դեպքում որոշման մեջ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը թերի է ներկայացված, քանի որ, ըստ էության, պարզ չէ, թե ինչ է նկատի ունեցել վարչական մարմինը` նշելով, որ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ իրականացվել են տանիքի վերակառուցման, մասնավորապես` քարե շարվածքի իրականացման շինարարական աշխատանքներ: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով թիվ 023816 արձանագրությունը, իրավախախտման լուսանկարը, հաստատված է համարել այն հանգամանքը, որ «Յունի Ռենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ իրականացվել են տանիքի վերակառուցման, մասնավորապես` քարե շարվածքի իրականացման շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում Հայցվորին ենթարկել է վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով` նշանակելով տույժ 200.000 ՀՀ դրամի չափով: Մինչդեռ, գործի քննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, թե նախկինում ինչպիսի՞ տանիք է եղել, ե՞րբ են իրականացվել դրա վերակառուցման աշխատանքները, արդյո՞ք դրանք ավարտին հասցվել են, թե` ոչ: Ավելին` վարչական իրավախախտման վերաբերյալ լուսանկարից պարզ չէ, թե երբ է կատարվել լուսանկարահանումն և ըստ այդմ` չի հիմնավորվում Հայցվորի կողմից Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում թույլ տալու փաստը (...) Դատարանը թիվ 023816 արձանագրության, լուսանկարի հետազոտմամբ եզրակացնում է, որ դրանցով չի հաստատվում վիճարկվող որոշման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների առկայությունն, այն է` տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես քարե շարվածքի իրականացնելը»:

Վերաքննիչ դատարանը, 10.04.2019 թվականի որոշմամբ բավարարելով Երևանի քաղաքապետարանի բողոքը, բեկանել է Դատարանի 27.02.2017 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ պատճառաբանել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Գ. Բաբայանի կողմից 05.09.2016 թվականին կազմված թիվ 023816 արձանագրության մեջ հստակ նշվել է իրավախախտման կատարման ժամանակը` 05.09.2016 թվական, իսկ Լևոն Աբրահամյանն արձանագրության մեջ կատարված գրառմամբ «ընդունել է արձանագրված աշխատանքներն իր կողմից կատարված լինելու հանգամանքը և գիտակցելով որ տվյալ աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան շինարարության թույլտվության և հաշվի առնելով, որ բացատրությունը տրվել է իրավախախտումը հայտնաբերելու և արձանագրությունը կազմելու պահին, ապա պարզ է դառնում, որ տվյալ բացատրությունը վերաբերվում է տվյալ պահին կատարված շինարարությանը»: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «վիճարկվող որոշման մեջ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը լիարժեք և հստակ նկարագրված են, նշված է, թե ինչ տեսակի շինարարական աշխատանքներ են իրականացվել «Յունի Ռենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից, որի համար վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության» (...) վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ կազմված թիվ 023816 արձանագրության «Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը» տողում նշված է, որ մի շարք ապացույցներից բացի, հստակ ամրագրված է թվով 1 հատ լուսանկարի կցված լինելու փաստը, ինչը, բնականաբար, ինքնանպատակ չի եղել (...)»:

Մասնավորապես` «Վարչական տույժ նշանակելու մասին» 22.09.2016 թվականի թիվ Վ-37/15 որոշման մեջ նշված է, որ իրավախախտման փաստը հաստատող ապացույց է հանդիսանում իրավախախտման պահին լուսանկարված իրավախախտման վայրը: Նշված փաստը հիմնավորելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից հայցադիմումի պատասխանին կից ներկայացվել են վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերի պատճենները, այդ թվում նաև` իրավախախտման վայրի լուսանկարի պատճենը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության վերլուծությունից հետևում է, որ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական մարմինը պետք է հիմնավորի, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից նույն հողամասի վրա կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կատարվել են ինքնակամ կառույցներ: Միայն այս փաստերի առկայության պայմաններում է վարչական մարմինն իրավասու հաստատված համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցակազմի առկայությունը համապատասխան անձի արարքում: Սույն գործի փաստերի համաձայն, սակայն, վարչական մարմինը չի հիմնավորել այդ փաստերի առկայությունը:

Ինչ վերաբերում է վարչական մարմնի ակտին կից ներկայացված լուսանկարին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա լուսանկարի պատճենն Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ կատարելու փաստը հիմնավորող վերաբերելի ու բավարար ապացույց չի կարող հանդիսանալ, քանի որ նախ` այդ լուսանկարից հստակ պարզ չէ, թե այդ լուսանկարը երբ և որտեղ է կատարվել, ինչպիսին է եղել շինության տեսքը նախկինում: Ավելին` այդ լուսանկարից հնարավոր չէ պարզել դրա կապն Ընկերության կողմից 05.09.2016 թվականի իրավախախտման կատարման փաստը հաստատելու հետ: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված լուսանկարը չի կարող հայցվորի կողմից կատարված իրավախախտման փաստը հաստատող թույլատրելի ապացույց հանդիսանալ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վեճը լուծելիս իրավացիորեն եզրահանգել է, որ «գործի քննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, թե նախկինում ինչպիսի տանիք է եղել, երբ են իրականացվել դրա վերակառուցման աշխատանքները...: Ավելին` վարչական իրավախախտման վերաբերյալ լուսանկարից պարզ չէ, թե երբ է կատարվել լուսանկարահանումն (...)»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության տնօրենի կողմից գոյություն ունեցող շինության տանիքի վերակառուցման, մասնավորապես` ինքնակամ քարե շինվածքի իրականացման շինարարական աշխատանքներ կատարելը սույն գործով չի հիմնավորվել, ուստի ներկայացված վարչական վարույթի նյութերն ինքնին չեն կարող վարչական պատասխանատվության ենթարկելու համար բավարար հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ղեկավարվելով օրենքով` գնահատեր գործով ձեռք բերված ապացույցները և պարզեր ու հաստատված համարեր Հայցվորի կողմից ինքնակամ շինարարություն կատարելու փաստը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նշված փաստերի առկայությունը հաստատելու և ըստ դրա Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով նախատեսված զանցանքը կատարված լինելու հարցը պարզված համարելու ու վերջինիս նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 023816 արձանագրությունը և լուսանկարի պատճենը բավարար հիմք չեն կարող հանդիսանալ: Ուստի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ` ենթադրյալ իրավախախտումը կատարած լինելու փաստը մնացել է չապացուցված:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ: Տվյալ դեպքում, վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի սխալ կիրառմամբ և ենթակա է անվավեր ճանաչման, հետևաբար հայցի բավարարումը Դատարանի կողմից իրավաչափ է և հիմնավորված:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով, (...):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով հայցադիմում ներկայացնելու, ինչպես նաև դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից:

i

Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության այն մեկնաբանությունը, որի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

i

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանող վարչական մարմինը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի և հայցվոր Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքերի գումարները, որոնց վճարումից Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով այդ պետական տուրքերի գծով ծախսի կատարումն անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից` դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերության տնօրեն Լևոն Աբրահամյանը տվյալ դեպքում հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ, սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Երևանի քաղաքապետարանը վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրք, հետևաբար` ներկայացված հայցը բավարարվելու պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.02.2017 թվականի վճռին:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Միքայելյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 27 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2021
N ՎԴ/8445/05/16
Որոշում