ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱԴԴ/4284/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/4284/02/16 2021 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Միքայելյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2021 թվականի օգոստոսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մարգարիտա Եղիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Մարգարիտա Եղիկյանի, Մերրի Բաբայանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Մարգարիտա Եղիկյանից և Մերրի Բաբայանից բռնագանձել 190.000 ՀՀ դրամ` որպես հետադարձ պահանջի իրականացում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 27.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2019 թվականի որոշմամբ Մարգարիտա Եղիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտա Եղիկյանը (ներկայացուցիչ` Լիլիթ Ներսեսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ԱՊՊԱ պայմանագրի լիազորված տիրապետողների ցանկում պատասխանողը նշել է միայն Կարեն Բաբախանյանի տվյալները: ԱՊՊԱ պայմանագիրը կնքելու նույն օրը` 18.07.2015 թվականին, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան հանձնել է Կարեն Բաբախանյանին` տիրապետման և օգտագործման իրավունքի փոխանցմամբ, ավտոմեքենան վստահելով միայն վերջինիս: Հետևաբար, Մարգարիտա Եղիկյանը չի կարող համարվել ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների, այդ թվում` լիազորված վարորդների ցանկի վերաբերյալ սուտ տեղեկություններ հայտնած անձ: Մարգարիտա Եղիկյանը չի վստահել և չի հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան այլ անձի, ով նշված չի եղել ԱՊՊԱ պայմանագրի լիազորված տիրապետողների ցանկում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը չի կատարել ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշման ծանուցման` օրենքի պարտադիր պահանջը, և որոշման մասին չի ծանուցել պատասխանող Մարգարիտա Եղիկյանին` որպես ապահովադրի` դրանով իսկ վերջինիս զրկելով որոշումը բողոքարկելու, ինչպես նաև Ընկերության կազմած գործի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքներից: Ընկերության կողմից խախտվել է փորձաքննության արդյունքների մասին ապահովադրին ծանուցելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ապահովագրական պատահարի պահին գործող «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշմամբ հաստատված RL 1-001 կանոնների 8.3.1 կետի պահանջները: Փորձաքննության արդյունքների մասին Ապահովադիրը ծանուցված չի եղել: Ընկերության կողմից թիվ SI244197 վկայագրում նշված` ապահովադրի հասցեով 02.10.2015 թվականին փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ուղարկվել Մարգարիտա Եղիկյանին: Վերջինս չի ստացել ծանուցումը, քանի որ փոստային ծրարը վերադարձվել է «Հասցեատերը տեղափոխված է» նշումով, այսինքն` վերջինս պատշաճ կարգով ծանուցված չի եղել:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է Մարգարիտա Եղիկյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը, բեկանված մասով գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Մարգարիտա Եղիկյանի միջև 18.07.2015 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SI244197 վկայագրի համաձայն` ապահովագրվել է «Nissan Teana 2.3» մակնիշի 34 QO 309 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված վկայագրով որպես ավտոմեքենայի լիազորված տիրապետող նշվել են Կարեն Բաբախանյանի տվյալները (հատոր 1-ին, գ.թ. 13-14):
2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի 1-ին ջոկի տեսուչ, ոստիկանության կապիտան Հրանտ Աբրահամյանի կողմից 29.08.2015 թվականին կազմված եզրակացության համաձայն` 29.08.2015 թվականին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց-Սիմոն Վրացյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Nissan Teana» մակնիշի 34 QO 309 հաշվառման համարանիշի և «Nissan Teana» մակնիշի 56 TV 777 հաշվառման համարանիշի ավտոմոբիլները և պատճառել գույքի վնասում (հատոր 1-ին, գ.թ. 17):
3) Մերրի Բաբայանի կողմից 30.08.2015 թվականին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակ»-ի սպայական ջոկատի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ. Աբրահամյանին տրված բացատրության համաձայն` 29.08.2015 թվականին` ժամը 21:00-ին, Երևան քաղաքի Վարդանանց-Սիմոն Վրացյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարում Մերրի Բաբայանն ընդունել է իր մեղավորությունը (հատոր 1-ին, գ.թ. 20-21):
4) Ընկերության` 03.09.2015 թվականի թիվ SI/C13-07954 փորձագետի եզրակացության համաձայն` «Nissan Teana» մակնիշի 56 TV 777 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով այդ ավտոմեքենայի (գույքի) վնասի չափն արժեքային արտահայտությամբ, 10.09.2015 թվականի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 190.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 32-35):
5) Ընկերության կողմից 02.10.2015 թվականին կազմվել է փորձաքննության արդյունքների մասին ծանուցում, որով Մարգարիտա Եղիկյանին են ուղարկվել իրականացված փորձաքննության արդյունքները: Միաժամանակ տեղեկացվել է, որ Մարգարիտա Եղիկյանն իրավունք ունի ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել լրացուցիչ փորձաքննություն, եթե ըստ իրեն` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, կամ կրկնակի փորձաքննություն, եթե վերջինս համաձայն չէ փորձաքննության արդյունքների հետ (հատոր 1-ին, գ.թ. 36):
6) Ընկերության կողմից Մարգարիտա Եղիկյանին ք. Երևան, Շինարարների 10/1 շ, բն. 63 հասցեով ուղարկված փոստային ծրարը վերադարձվել է` «Տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 37):
7) Ընկերության կողմից 15.10.2015 թվականին կայացված ԱՊՊԱ ոլորտում գույքային վնասի հատուցման վերաբերյալ թիվ SI/15-07954 ապահովագրական հավաստագիր-որոշման համաձայն` որոշվել է «Nissan Teana» մակնիշի 56 TV 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Գևորգ Գուլոյանին հատուցել 190.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 38):
8) Համաձայն 16.10.2015 թվականի թիվ A09664 վճարման հանձնարարագրի` Ընկերությունը Գևորգ Գուլոյանին փոխանցել է 190.000 ՀՀ դրամ` որպես հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 39):
9) Ընկերության կողմից 15.10.2015 թվականին կայացված ԱՊՊԱ ոլորտում գույքային վնասի հատուցման վերաբերյալ թիվ SI/15-07954 ապահովագրական հավաստագիր-որոշումը Մարգարիտա Եղիկյանին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե այն դեպքում, երբ ապահովագրական պատահարը տեղի է ունեցել ոչ սեփականատիրոջ (ապահովադրի) կողմից, արդյո՞ք ապահովագրական ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ, առանց ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ իրավական մասնակցության, լուծել տուժողին պատճառված վնասի հարցը և հետագայում իր կողմից տուժողին վճարված գումարը վերադարձնելու պահանջ ներկայացնել:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններից է նաև ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1025-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Ապահովագրություն» վերտառությամբ 54-րդ գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. (...)
19) Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` հասարակական կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը. (...):
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, (...): Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացնելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում` ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը:
Իրավահարաբերության ծագման պահին` 01.04.2015 թվականից մինչև 04.03.2016 թվականը գործող` Բյուրոյի 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» վերտառությամբ թիվ RL 1-001 կանոնների (այսուհետ` Պայմաններ) 3.1-րդ կետի համաձայն` (...) ապահովագրական պատահար է համարվում ապահովադրի և (կամ) վկայագրում նշված ավտոտրանսպորտային միջոցը (միջոցները) օրինական հիմքերով տիրապետող այլ անձի (անձանց) կողմից նույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) օգտագործման հետևանքով տուժող անձին (անձանց) նույն պայմանների 3.1.1-րդ կետով սահմանված` անձնական, ինչպես նաև` 3.1.2-րդ կետով սահմանված` գույքային վնասների պատճառումը:
Պայմանների 1.4.1 կետի համաձայն` ապահովագրողը պարտավոր է Պայմաններով նախատեսված բոլոր ծանուցումները Պայմաններով նախատեսված անձանց հանձնել առձեռն` ստացման մասին ստորագրությամբ» կամ ուղարկել պատվիրված նամակով` հետպատասխան տեղեկացմամբ» բացառությամբ Պայմանների 1.4.2-րդ կետով նախատեսված դեպքերի: Ընդ որում» ծանուցումը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ծանուցված անձի կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները սկսվում են հաշվարկվել Ապահովագրողի կողմից հետպատասխան տեղեկացումը ստանալու դեպքում հետպատասխան տեղեկացմամբ նշված ծանուցման ստացման օրվանից:
Պայմանների 8.3.1 կետի համաձայն` ապահովագրողը տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից Պայմաններով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին (...): Ապահովագրողը սույն կետով սահմանված դիմումն ստանալուց հետո ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովել ապահովագրական պատահարի առաջացման պատճառների և պատահարի արդյունքում տուժողին պատճառված վնասների փորձաքննությունը և փորձաքննության արդյունքների մասին ծանուցել տուժողին (նրա իրավահաջորդին)» Ապահովադրին և ապահովագրված անձին` տրամադրելով այդ փորձաքննությունների վերաբերյալ փորձագետների եզրակացությունների (հաշվետվությունների) պատճենները և ծանուցման մեջ նշելով դրանք բողոքարկելու կարգը» ժամկետները և պայմանները: Նույն կետի համաձայն` ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը համարվում է ստացված Պայմանների և Բյուրոյի կանոնների համաձայն` տվյալ տեսակի վնասի հատուցման համար ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով Ապահովագրողի կողմից ստացվելու պահին: Ապահովագրողը նույն կետով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում` ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը ընդունելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով Ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ տրանսպորտային միջոցով վնաս պատճառելիս այդ միջոցի սեփականատերը միայն այն դեպքում պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, երբ ապացուցում է, որ
1. առավել վտանգի աղբյուրն օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) փոխանցվել է այլ անձի տիրապետմանը, կամ
2. առավել վտանգի աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, և միայն այդ դեպքում է, որ տրանսպորտային միջոցի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են տրանսպորտային միջոցն ապօրինի տիրապետած անձինք (տե՛ս, Տիգրան Քոչարյանն ընդդեմ Աշոտ և Արթուր Քոսյանների թիվ ԵԱՔԴ/0610/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածն առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջն ազատում է վնասը հատուցելու պարտավորությունից հետևյալ դեպքերում.
1. անհաղթահարելի ուժի,
2. տուժողի դիտավորության և
3. առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից աղբյուրն այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով դուրս գալու դեպքերում (տե՛ս, Նարինե Զաքարյանը և Էլեն Դանիելյանի օրինական ներկայացուցիչ Գեննադի Դանիելյանն ընդդեմ «Մրքաձոր» ՍՊԸ-ի և Արշակ Աղաբեկյանի թիվ ՍԴ3/0498/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
i
Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը: Ապահովագրողն էլ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և տուժողի իրավահարաբերություններին` մասնավորապես նախատեսելով սեփականատիրոջ պատասխանատվության պայմանները և այն բացառող դեպքերը, ապա «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և ապահովագրական ընկերության միջև ծագած իրավահարաբերություններին` մասնավորապես ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքին:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը նախատեսված է վնաս պատճառողի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ սեփականատիրոջ (ապահովադրի) պատասխանատվության հիմքերը հստակ և սպառիչ սահմանված են նույն հոդվածով, հետևաբար սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ այլ հիմքերով հետադարձ պահանջ չի կարող ներկայացվել: Ուստի այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում (տե՛ս, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկատի ունենալով ավտոտրանսպորտային միջոցի առավել վտանգի աղբյուր հանդիսանալը` ապահովագրական պատահարի դեպքում պետք է հաշվի առնվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները:
Վճռաբեկ դատարանը, թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով հայտնած դիրքորոշումների հաշվառմամբ, փաստում է, որ ավտոտրանսպորտային միջոցով պատճառված վնասի հատուցումից հետո սուբրոգացիայի դեպքում պետք է գնահատել (նման փաստարկ ներկայացվելու դեպքում), թե արդյո՞ք առկա է սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի պատասխանատվությունը բացառող հիմքը (տվյալ անձանց տիրապետումից ավտոտրանսպորտային միջոցն անօրինական ճանապարհով դուրս գալու հանգամանքը), որից հետո գնահատել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովագրելով իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքով նախատեսված կարգով ապահովագրավճարի դիմաց ձեռք է բերում տուժողի վնասը հատուցելու իր պարտականությունն ապահովագրողին փոխանցելու իրավունք: Ապահովագրողն իր հերթին, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, հետագայում իրավունք ունի հետադարձ պահանջի` սուբրոգացիայի միջոցով վնաս պատճառած անձից կամ սեփականատիրոջից հետ ստանալու իր կողմից հատուցված գումարը` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված հիմքերով` միաժամանակ պահպանելով ինչպես նույն օրենքով, այնպես էլ Բյուրոյի կանոններով սահմանված ընթացակարգերը:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ սահմանված պահանջները պետք է պատշաճ պահպանվեն ոչ միայն սուբրոգացիայի հիմքերի առկայությունը գնահատելիս և հետադարձ պահանջ ներկայացնելիս, այլ նաև նախքան տուժողին ապահովագրական հատուցում տրամադրելը` հնարավորություն տալով սեփականատիրոջը կամ վնաս պատճառած անձին պատշաճ կերպով տեղեկանալու ինչպես փորձաքննության արդյունքների, այնպես էլ հատուցման գործընթացի մասին:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված` ծանուցման պարտականության վերաբերյալ դրույթի ամրագրումն ինքնանպատակ չէ և միտված է ապահովագրական ընկերության կողմից պատշաճ ծանուցման միջոցով բավարար հիմքեր և երաշխիքներ ստեղծելուն, որպեսզի համապատասխան անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց իրավունքներից: Ապահովագրական ընկերության կողմից համապատասխան անձանց պատշաճ ծանուցելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն այդ անձանց համար իրենց իրավունքների պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ թե դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Հետևաբար, ապահովագրական ընկերության կողմից կայացված որոշումները ծանուցելու պարտականությունը պետք է կատարվի հնարավորինս մատչելի ձևով, որպեսզի կողմերն իրական հնարավորություն ունենան տիրապետելու համապատասխան որոշումների բովանդակությանը, ուստի նաև` հետագայում ձեռնարկեն համապատասխան միջոցներ իրենց իրավունքները պաշտպանելու տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերություն և Մարգարիտա Եղիկյանի միջև 18.07.2015 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SI244197 վկայագրով ապահովագրվել է «Nissan Teana 2.3» մակնիշի 34 QO 309 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված վկայագրով որպես ավտոմեքենայի լիազորված տիրապետող նշվել են միայն Կարեն Բաբախանյանի տվյալները:
Գործի նյութերով հիմնավորվել է, որ 29.08.2015 թվականին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց-Սիմոն Վրացյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարի ժամանակ «Nissan Teana 2.3» մակնիշի 34 QO 309 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարել է Մերրի Բաբայանը, ով ընդունել է իր մեղավորությունը պատահարում:
Ընկերության` 03.09.2015 թվականի թիվ SI/C13-07954 փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ «Nissan Teana» մակնիշի 56 TV 777 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով այդ ավտոմեքենայի (գույքի) վնասի չափն արժեքային արտահայտությամբ 10.09.2015 թվականի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 190.000 ՀՀ դրամ: Ընկերության կողմից Մարգարիտա Եղիկյանը ծանուցվել է փորձաքննության արդյունքների մասին իր հաշվառման հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է` «Տեղափոխված» նշումով:
Ընկերության կողմից 15.10.2015 թվականին կայացված ԱՊՊԱ ոլորտում գույքային վնասի հատուցման վերաբերյալ թիվ SI/15-07954 ապահովագրական հավաստագիր-որոշման համաձայն` որոշվել է «Nissan Teana» մակնիշի 56 TV 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Գևորգ Գուլոյանին հատուցել 190.000 ՀՀ դրամ: Համաձայն 19.10.2015 թվականի թիվ A09664 վճարման հանձնարարագրի` Ընկերությունը Գևորգ Գուլոյանին փոխանցել է 190.000 ՀՀ դրամ:
Ընկերության կողմից 15.10.2015 թվականին կայացված ԱՊՊԱ ոլորտում գույքային վնասի հատուցման վերաբերյալ թիվ SI/15-07954 ապահովագրական հավաստագիր-որոշումը Մարգարիտա Եղիկյանին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Դատարանը բավարարել է Ընկերության հայցը` պատճառաբանելով, որ «(...) Մարգարիտա Վանցետի Եղիկյանը չի կատարել թե՛ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով, թե՛ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի համապատասխան որոշմամբ և թե՛ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության և իր միջև 01.09.2015 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SI244197 վկայագրով հստակորեն իր վրա դրված պարտականությունը, այն է` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանն ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, (...)»:
i
Վերաքննիչ դատարանը մերժել է Մարգարիտա Եղիկյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել Դատարանի վճիռը` պատճառաբանելով, որ Մարգարիտա Եղիկյանի կողմից որպես պայմանագրի կողմ խախտվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի պահանջը, որն իր հերթին ապահովագրական ընկերության մոտ առաջացնում է հետադարձ պահանջի իրավունք:
i
Հիմք ընդունելով վերը նշվածը և այն համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մարգարիտա Եղիկյանը չէր կարող միանշանակորեն համարվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված` ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների, այդ թվում` լիազորված տիրապետողների (վարորդների) ցանկի վերաբերյալ սուտ տեղեկություններ հայտնած անձ` նկատի ունենալով, որ գործի քննության ընթացքում չեն պարզվել ավտոմեքենան Մերրի Բաբայանի տիրապետության տակ անցնելու հանգամանքները: Այլ կերպ ասած` չի պարզվել, թե արդյո՞ք մեքենան անցել է Մերրի Բաբայանի տիրապետման տակ Մարգարիտա Եղիկյանի կամքից անկախ հանգամանքներով: Այսինքն` տվյալ դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս Մարգարիտա Եղիկյանը, որպես «Nissan Teana 2.3» մակնիշի 34 QO 309 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի լիազորված տիրապետող, նշել է միայն Կարեն Բաբախանյանի տվյալները, իսկ բացի Կարեն Բաբախանյանից, այլ անձանց կողմից ավտոմեքենան տիրապետելու հանգամանքը Մարգարիտա Եղիկյանին հայտնի լինելու, լիազորված տիրապետողների ցանկի վերաբերյալ սուտ տեղեկություններ հայտնած լինելու վերաբերյալ սույն գործով ապացույցներ ձեռք չեն բերվել:
Ավելին, գործի քննության ընթացքում անտեսվել է, որ Ընկերության կողմից 15.10.2015 թվականին կայացված ԱՊՊԱ ոլորտում գույքային վնասի հատուցման վերաբերյալ թիվ SI/15-07954 ապահովագրական հավաստագիր-որոշումը Մարգարիտա Եղիկյանին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` Մարգարիտա Եղիկյանի նկատմամբ սուբրոգացիայի հիմքերի առկայությունը, ինչպես նաև վերջինիս պատշաճ ծանուցման հանգամանքը պարզելու համար:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` Մարգարիտա Եղիկյանի մասով, բեկանելու ու գործն այդ մասով ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Դատարանի վճիռը վերաքննությամբ և Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկությամբ բողոքարկվել են միայն Մարգարիտա Եղիկյանի կողմից:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2019 թվականի որոշումը` Մարգարիտա Եղիկյանի մասով, և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Միքայելյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 27 օգոստոսի 2021 թվական: