Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԼԴ/0227/01/12         

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԼԴ/0227/01/12

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Ավագյանի

 

    մասնակցությամբ պաշտպաններ                 Ռ. Հակոբյանի

                                              Ա. Ոսկանյանի

 

    2013 թվականի հոկտեմբերի 18-ին                      ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Ռոբերտի Բադալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Մացակ և Արմեն Ռոբերտի Բադալյանների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ ամբաստանյալների պաշտպաններ Ռ.Հակոբյանի և Ա.Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 52103812 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ Արթուր Բադալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2012 թվականի դեկտեմբերի 4-ին Մացակ և Արմեն Բադալյանները ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի դեկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի դատավճռով Արթուր Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Բադալյանի` նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 9 (ինը) օր ժամկետով:

Մացակ և Արմեն Բադալյանները մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Պաշտպանների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալների պաշտպաններ Ռ.Հակոբյանը և Ա.Ոսկանյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալներ Արթուր, Մացակ և Արմեն Բադալյաններին առաջադրվել են հետևյալ մեղադրանքները.

5.1. Արթուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2012թ. հունիսի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի կենտրոնական մասում` հասարակական վայրում` գյուղապետարանի մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել Արմեն Մկրտչյանի նկատմամբ որպես զենք օգտագործվող հրացանի գործադրմամբ:

Այն է` 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Նիկոլի Մկրտչյանը, տեղեկանալով նախորդ օրն Արմեն Բադալյանի կողմից հորեղբորը` Մհեր Մկրտչյանին ծեծի ենթարկելու մասին, նպատակ ունենալով պարզաբանել նշված հանգամանքը, նույն օրը` ժամը 1900 -ի սահմաններում, գործով չպարզված անձանց հետ «ԳԱԶ-31» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղ, որտեղ գյուղի կենտրոնական մասում` գյուղապետարանի մոտ, հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ և Արթուր Ռոբերտի Բադալյաններին: Հիշյալ հարցի շուրջ նրանց միջև ծագել է վիճաբանություն և ծեծկռտուք, ինչը տևել է մոտ 20 րոպե, որի ընթացքում բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ, դրսևորելով անթաքույց արհամարհանք, նրանք աղմկել են և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է գյուղի հավաքված բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այնուհետև, չենթարկվելով հավաքված գյուղացիների` կռիվն ու հայհոյանքները դադարեցնելու պահանջներին և շարունակելով խուլիգանական գործողությունները` Արթուր Բադալյանն իր ավտոմեքենայից վերցրել է որպես զենք օգտագործվող «Սայգա-12Կ» մոդելի որսորդական ողորկափող ինքնալից հրացանը, գործադրել է այն` 2 անգամ դիտավորությամբ կրակելով Արմեն Մկրտչյանի ոտքերի ուղղությամբ` նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 163-165):

5.2. Մացակ Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա մի խումբ անձանց` իր եղբայրներ Արմեն և Արթուր Բադալյանների հետ, 2012թ. հունիսի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի կենտրոնական մասում` հասարակական վայրում` գյուղապետարանի մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված և նրանց կարգի հրավիրող գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Այն է` 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Նիկոլի Մկրտչյանը, տեղեկանալով նախորդ օրն Արմեն Բադալյանի կողմից հորեղբորը` Մհեր Մկրտչյանին ծեծի ենթարկելու մասին, նպատակ ունենալով պարզելու նշված հանգամանքը, նույն օրը` ժամը 1900 -ի սահմաններում, եղբոր` Արթուր Մկրտչյանի հետ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ համայնք, որտեղ գյուղի կենտրոնական մասում` գյուղապետարանի մոտ, հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ և Արթուր Ռոբերտի Բադալյաններին, ովքեր հիշյալ հարցի կապակցությամբ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել նրանց հետ, ինչը տևել է մոտ 20 րոպե: Այդ ընթացքում բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ, չենթարկվելով վերջիններիս կարգի հրավիրելու, վիճաբանությունը և կռիվը դադարեցնելու պահանջներին, Մացակ Բադալյանը և իր եղբայրները` Արմեն և Արթուր Բադալյանները, աղմկել են և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 99-101):

5.3. Արմեն Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա մի խումբ անձանց` իր եղբայրներ Մացակ և Արթուր Բադալյանների հետ 2012թ. հունիսի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի կենտրոնական մասում` հասարակական վայրում` գյուղապետարանի մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված և նրանց կարգի հրավիրող գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Այն է` 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Նիկոլի Մկրտչյանը, տեղեկանալով նախորդ օրն Արմեն Բադալյանի կողմից հորեղբորը` Մհեր Մկրտչյանին ծեծի ենթարկելու մասին, նպատակ ունենալով պարզելու նշված հանգամանքը, նույն օրը` ժամը 1900 -ի սահմաններում, եղբոր` Արթուր Մկրտչյանի հետ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ համայնք, որտեղ գյուղի կենտրոնական մասում` գյուղապետարանի մոտ, հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ և Արթուր Ռոբերտի Բադալյաններին, ովքեր հիշյալ հարցի կապակցությամբ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել նրանց հետ, ինչը տևել է մոտ 20 րոպե: Այդ ընթացքում բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ, չենթարկվելով վերջիններիս կարգի հրավիրելու, վիճաբանությունը և կռիվը դադարեցնելու պահանջներին, Արմեն Բադալյանը և նրա եղբայրները` Մացակ և Արթուր Բադալյանները, աղմկել են և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 112-114):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Այսպիսով, գործով հավաքված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ ստուգմամբ, ձեռք բերված ապացույցների համադրության և վերլուծության միջոցով դատարանը եկավ այն եզրահանգման, որ նախաքննական մարմնի կողմից Արթուր, Արմեն և Մացակ Բադալյանների կատարած արարքը որակվել է ճիշտ, Արթուր Բադալյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Մացակ և Արմեն Բադալյանները ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ, որի համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության և պատժի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 404-405):

7. Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունն արտահայտելով Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա պատճառաբանությունների հետ, նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալ Արթուր Բադալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Մացակ Բադալյանի և Արմեն Բադալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, նրանց մեղսագրված արարքների քրեաիրավական գնահատականները ճիշտ են տրվել, ուստի ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. ապրիլի 18-ի դատավճիռը բեկանելու և ամբաստանյալների նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 98-99):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձինք նշել են, որ գործի փաստական հանգամանքների մասին ստորադաս դատարանների հետևությունները չեն համապատասխանում դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին: Դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնց արդյունքում ամբաստանյալների արարքներին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական. կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:

Ըստ բողոքաբերների` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում բռնության գործադրումը կամ դրա գործադրման սպառնալիքը, մինչդեռ այդ հատկանիշը բնութագրող և դրա առկայությունը հաստատող որևէ փաստական տվյալ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներում չի նկարագրվել, հետևաբար նաև չի մեղսագրվել: Այս կապակցությամբ բողոքաբերներն ընդգծել են, որ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք առաջադրելու համար բավարար չէ, որ նա խմբի կազմում կատարած լինի խուլիգանություն: Դրա համար անհրաժեշտ նախապայման է, որ հանցավորի գործողությունները, ի թիվս այլոց, զուգորդվեն բռնության գործադրմամբ: Հետևաբար, խմբի կազմում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրանք առաջադրելու դեպքում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է համապատասխան դատավարական փաստաթղթերում արտացոլել, թե հանցակիցներից յուրաքանչյուրն ինչպիսի բռնություն է գործադրել և ում նկատմամբ:

Մինչդեռ, սույն գործով քրեական հետապնդման մարմինը, ամբաստանյալներ Արմեն և Մացակ Բադալյաններին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, չի հստակեցրել նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել մեղադրյալների իրավունքը տեղեկանալու իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի և մրցակցության սկզբունքի իրականացումը:

9. Շարադրելով և վերլուծելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները` բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռը հիմնավորել է նաև վկաներ Մանվել Ալեքսանյանի և Արթուր Մկրտչյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով, մինչդեռ նշված ապացույցները դատաքննության ընթացքում չեն հետազոտվել, իսկ այդ վկաները մեղադրական եզրակացությանը կցված դատակոչի ցուցակում նշված չեն և դատարանում չեն հարցաքննվել:

Բողոքում նշվում է նաև, որ քրեական գործը հարուցվել է 2012 թվականի հունիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը 2012 թվականի հուլիսի 26-ին կարճվել է Արթուր Բադալյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի բացակայության հիմքով: Մինչդեռ գործը կարճելուց հետո նախաքննական մարմինը շարունակել է կատարել նախաքննություն, այնուհետև ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Հետևաբար, մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները համարվում են անթույլատրելի:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձինք խնդրել են ամբողջությամբ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը` ճանաչել և հռչակել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ ամբաստանյալներ Արմեն և Մացակ Բադալյանների անմեղությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ամբաստանյալ Արթուր Բադալյանի անմեղությունը կամ վերջինիս առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի բողոքի բացակայության հիմքով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշների, ինչպես նաև նշված հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Արմեն և Մացակ Բադալյանների արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի, այն է` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բարձրացված հարցին պատասխանելու նպատակով անհրաժեշտ է վերլուծության ենթարկել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) քրեաիրավական որակման առանձնահատկությունները, ինչպես նաև նշված հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող քրեադատավարական պահանջները: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն առաջին հերթին քննության է առնում վերոնշյալ երկու քրեաիրավական և քրեադատավարական հարցերը:

 

I. Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը.

 

13. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել[ն է], որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (...):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով (...):

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

(...)»:

Խուլիգանության հանցակազմի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Շ.Հախվերդյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) արարքը խուլիգանություն կարող է որակվել այն դեպքում, երբ անձի մոտ առկա են խուլիգանական դրդումներ: Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ արարքը խուլիգանություն կարող է որակվել նաև այն դեպքերում, երբ անձի մոտ առկա են հանցանքի կատարման այլ դրդումներ, սակայն հանցանքի կատարման ընթացքում ձևավորվում են խուլիգանական դրդումներ, այլ խոսքով` արարքը կվերաճի խուլիգանության` հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

(...)

[Ա]րարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված) այն դեպքերում, երբ`

ա) արարքը կատարվում է ոչ հասարակական վայրում և (կամ) հասարակության անդամների բացակայությամբ,

բ) արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել,

գ) հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ,

դ) բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով,

ե) հասարակական կարգի կոպիտ խախտման նկատմամբ դրսևորվել է անզգուշություն,

զ) հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, սակայն դրա կատարմամբ հանցավորը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի,

է) այլ դրդումներով կատարված հանցանքը չի վերաճել հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» (տե՛ս Շահեն Նշանի Հախվերդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշման 27-րդ և 29-րդ կետերը):

14. Հանցակցության հատկանիշներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ`

1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից

2. գործողությունների համատեղությունը

3. հանցակցության դիտավորյալ բնույթը (...)» (տե՛ս Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-րդ կետը): Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործությունների որակման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Սարգսյանի և այլոց գործով որոշման մեջ (տե՛ս mutatis mutandis Հակոբ Սարգսյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԼԴ/0136/01/10 որոշման 12-18-րդ կետերը):

Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ անդրադառնալով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության որակման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) անձին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելու համար դեռ բավարար չէ, որ նա խմբի կազմում կատարած լինի խուլիգանություն: Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որակելու համար անհրաժեշտ նախապայման է, որ հանցավորի գործողությունները, ի թիվս այլնի, զուգորդվեն անձի նկատմամբ բռնության գործադրմամբ: Հետևաբար, խմբի կազմում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրանք առաջադրելու դեպքում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է համապատասխան դատավարական փաստաթղթերում արտացոլել, թե հանցակիցներից յուրաքանչյուրն ինչպիսի բռնություն է գործադրել և ում նկատմամբ» (տե՛ս Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 30-րդ կետը):

15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված և, համապատասխանաբար, Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի, Հ.Սարգսյանի և այլոց, ինչպես նաև Գ.Ճաղարյանի և այլոց գործերով որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` որպես մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն կարող է որակվել հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում`

ա) կատարված արարքը բնութագրվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ խախտում, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով,

բ) (ա) ենթակետում նշված արարքը զուգորդվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով,

գ) (բ) ենթակետում նկարագրված արարքի կատարմանը մասնակցել են երկու կամ ավելի համակատարողներ, այսինքն` այնպիսի անձինք, որոնցից յուրաքանչյուրը անմիջականորեն մասնակցել է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների կատարմանը, այն է` բռնություն է գործադրել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել կամ ուրիշի գույք է ոչնչացրել կամ վնասել:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ խուլիգանության կատարմանը մասնակցել են երկու կամ ավելի անձինք, սակայն վերջիններիս արարքները չեն զուգորդվել բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, ապա արարքը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այլ խոսքով` բռնության գործադրումը կամ դա գործադրելու սպառնալիքը, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը հանդիսանում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ, որի բացակայությունը բացառում է արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որակելու հնարավորությունը:

 

II. Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող քրեադատավարական պահանջները

 

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում [է] (...) մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:

(...):

3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:

(...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) մեղադրանքը հանդիսանում է քրեադատավարական այն ինստիտուտը, որի միջոցով ապահովվում է հանրային քրեական հետապնդման կառուցակարգի գործունեությունը: Մեղադրանքը հանցակազմը կոնկրետ հանցագործության հանգամանքների և այն կատարած անձի հետ կապող դատավարական միջոցն է, և այդ պատճառով էլ մեղադրանքը կարելի է դիտարկել որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, որից ածանցյալ է նաև քրեական արդարադատության իրականացման գործառույթը (...)» (տե՛ս Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 15-րդ կետը):

Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման, ինչպես նաև հանցակիցների քրեաիրավական պատասխանատվության անհատականացման միջոց` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [մեղադրանքի ձևակերպման մեջ], բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: Նույն կերպ անընդունելի է, երբ հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում հանցակիցներին ներկայացվում է միևնույն մեղադրանքը` առանց հստակեցնելու նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ գործողությունները, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցությամբ կատարված արարքը որակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղի է ունեցել հանցավոր արարք, որի կատարմանը մասնակցել են երկու և ավելի անձինք, ովքեր գործել են համատեղ, դիտավորյալ և կատարել են դիտավորյալ հանցագործություն: ՈՒստի, իրավախախտման փաստը պետք է կոնկրետացվի յուրաքանչյուր հանցակցի մասով, իսկ դրա հանգամանքները անհատականացվեն` հաշվի առնելով անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այս հանգամանքների հստակ պարզման և դատավարական փաստաթղթերում ամրագրման դեպքում է հնարավոր լուծել այդ արարքները կատարած անձանց քրեական պատասխանատվության հարցը» (տե՛ս Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ և 27-րդ կետերը):

18. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի հանցակիցներից յուրաքանչյուրին մեղսագրվող գործողությունների (անգործության) մանրակրկիտ նկարագրությունը, այդ թվում` հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պաշտպանության իրավունքի և մրցակցային դատավարության իրականացումը: Բացի այդ, արարքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում մեղադրանք առաջադրելիս համապատասխան դատավարական փաստաթղթերում հանցակիցներից յուրաքանչյուրի հանցավոր գործողությունների նկարագրությունն անհրաժեշտ նախապայման է` անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան նրանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելիս քրեական հետապնդում իրականացնող մարմինը համապատասխան դատավարական փաստաթղթերում, ի թիվս այլոց, պարտավոր է ամրագրել նշված քրեաիրավական նորմով նախատեսված, հանրության համար վտանգավոր և քրեորեն պատժելի արարքի բոլոր հատկանիշները, այդ թվում` այն, թե հանցակիցներից յուրաքանչյուրը ում նկատմամբ և ինչպիսի բռնություն է գործադրել կամ այդպիսին գործադրելու սպառնալիք է տվել կամ ինչ գույք է ոչնչացրել կամ վնասել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված փաստական հանգամանքները պարզելու և մեղադրանքի ձևակերպման մեջ արտացոլելու հնարավոր չէ հանցակիցների արարքները որակել որպես մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արմեն և Մացակ Բադալյաններին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, և նրանցից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը շարադրվել է հետևյալ կերպ. «նա մի խումբ անձանց` իր եղբայրների (...) հետ, 2012թ. հունիսի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի կենտրոնական մասում` հասարակական վայրում` գյուղապետարանի մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված և նրանց կարգի հրավիրող գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Այն է` 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Նիկոլի Մկրտչյանը, տեղեկանալով նախորդ օրն Արմեն Բադալյանի կողմից հորեղբորը` Մհեր Մկրտչյանին ծեծի ենթարկելու մասին, նպատակ ունենալով պարզելու նշված հանգամանքը, նույն օրը` ժամը 1900 -ի սահմաններում, եղբոր` Արթուր Մկրտչյանի հետ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ համայնք, որտեղ գյուղի կենտրոնական մասում` գյուղապետարանի մոտ, հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ և Արթուր Ռոբերտի Բադալյաններին, ովքեր հիշյալ հարցի կապակցությամբ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել նրանց հետ, ինչը տևել է մոտ 20 րոպե: Այդ ընթացքում բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ, չենթարկվելով վերջիններիս կարգի հրավիրելու, վիճաբանությունը և կռիվը դադարեցնելու պահանջներին, Արմեն Բադալյանը և նրա եղբայրները` Մացակ և Արթուր Բադալյանները, աղմկել են և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» (տե՛ս սույն որոշման 5.2-5.3-րդ կետերը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմինները, ամբաստանյալներ Արմեն և Մացակ Բադալյաններին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, չեն հստակեցրել հանցակիցներից յուրաքանչյուրի կատարած արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը: Քրեական հետապնդման մարմիններն ամբաստանյալներին առաջադրել են բացարձակապես նույնաբովանդակ մեղադրանքներ` սահմանափակվելով նրանց կատարած արարքների ընդհանրական նկարագրությամբ, այն է` աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ, չենթարկվելով վերջիններիս կարգի հրավիրելու, վիճաբանությունը և կռիվը դադարեցնելու պահանջներին` Արմեն և Մացակ Բադալյանները շուրջ 20 րոպե տևողությամբ աղմկել են և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Մեղադրանքի վերոշարադրյալ ձևակերպումից պարզ չէ, թե ամբաստանյալներ Արմեն և Մացակ Բադալյանների կողմից կատարված խուլիգանական գործողությունները զուգորդվել են արդյոք բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, կամ այդ ընթացքում որևէ մեկի գույքը ոչնչացվել է կամ վնասվել է, թե ոչ: Նախաքննության մարմինը չի կոնկրետացրել հանցավոր արարքի կատարման ժամանակ վերջիններիս կոնկրետ գործողությունների շրջանակը: Այլ խոսքով, Արմեն և Մացակ Բադալյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելով` մինչդատական վարույթն իրականացնող մարմինը նրանց չի վերագրել նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը, որպիսի պայմաններում խմբի կազմում կատարված խուլիգանության հանցակազմը բացառվում է:

21. Ինչ վերաբերում է մեղադրանքի ձևակերպման մեջ առկա «վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել» արտահայտությանը, ապա Վճռաբեկ դատարանը Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) բռնությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք» (տե՛ս Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշման 18-րդ կետը):

Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճաբանության առկայությունը դեռևս հիմք չէ պնդելու, թե տեղի է ունեցել բռնություն: Ինչ վերաբերում է մեղադրանքի ձևակերպման մեջ առկա` «ծեծկռտուք» բառին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս հանդիսանում է բռնության դրսևորման տարատեսակ, սակայն սույն գործի նյութերից չի երևում, թե ինչումն է արտահայտվել «ծեծկռտուքը», և արդյո՞ք Արմեն և Մացակ Բադալյանների կողմից որևէ անձի նկատմամբ գործադրվել է բռնություն:

22. Սույն որոշման 20-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-19-րդ և 21-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալներ Արմեն և Մացակ Բադալյաններին առաջադրված մեղադրանքների ձևակերպումից չի երևում, թե նրանցից յուրաքանչյուրին մեղսագրված արարքն ինչումն է արտահայտվել: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքը տեղեկանալու իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, հետևաբար չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի և մրցակցային դատավարության սկզբունքի իրականացումը, որպիսի պայմաններում արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջները բավարարող դատաքննությունն անհնար է:

Բացի այդ, մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան լուծել հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը:

23. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն և Մացակ Բադալյանների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի, այն է` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն: Այդ առումով ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական ու հիմնավորված չեն և չեն բխում գործի փաստական տվյալներից:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Արթուր Բադալյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

25. Սույն որոշման նախորդ կետում բարձրացված հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել են հիմնավոր հետևության այն մասին, որ Արթուր Բադալյանը, չենթարկվելով հավաքված գյուղացիների կռիվն ու հայհոյանքները դադարեցնելու պահանջներին և շարունակելով խուլիգանական գործողությունները, իր ավտոմեքենայից վերցրել է որպես զենք օգտագործվող «Սայգա-12Կ» մոդելի որսորդական ողորկափող ինքնալից հրացանը, գործադրել է այն` 2 անգամ դիտավորությամբ կրակելով Արմեն Մկրտչյանի ոտքերի ուղղությամբ` նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս: Այլ խոսքով` Արթուր Բադալյանի արարքը ուղղված է եղել հասարակական կարգի դեմ, որը զուգորդվել է զենքի գործադրմամբ և տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելով (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը):

Ստորադաս դատարանների դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է ինչպես Արթուր Բադալյանի որպես կասկածյալ տված ցուցմունքներով, այնպես էլ վկաներ Մհեր Մկրտչյանի, Ժորա Զագարյանի, Մարո Զագարյանի, Սամվել Մաթոսյանի, այլ վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 441, դատաբժշկական կրկնակի փորձաքննության թիվ 2972, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 12-2973 եզրակացություններով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 397-403, հատոր 3, թերթ 98):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Արթուր Բադալյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

26. Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատավճռի հիմքում դնել վկաներ Մանվել Ալեքսանյանի և Արթուր Մկրտչյանի նախաքննական ցուցմունքները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում իր ամրագրումը ստացած` արդար դատական քննության իրավունքը, inter alia, ենթադրում է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ դատավարական հակառակորդի ներկայացրած ցանկացած ապացույցի և, դատարանի դիրքորոշման վրա ազդելու ակնկալիքով, իր վերաբերմունքը հայտնել դրա առնչությամբ: Բացի այդ, ապացույցների հետազոտումը, որպես կանոն, պետք է իրականացվի հրապարակային դատաքննության պայմաններում: Դա ապահովում է արդարադատության իրականացման նկատմամբ հասարակության վերահսկողությունը, ինչը կարևոր հանրային արժեք է: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից (տե՛ս Լոբո Մաչադոն ընդդեմ Պորտուգալիայի (Lobo Machado v. Portugal) գործով Պալատի 1996թ. փետրվարի 20-ի վճիռը, գանգատ թիվ 15764/89, կետ 31, Կ.Ս.-ն ընդդեմ Ֆինլանդիայի (K.S. v. Finland) գործով Մեծ Պալատի 2001թ. մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29346/95, կետ 21, Աքսենն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany) գործով Պալատի 1983թ. դեկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 8273/78, կետ 25, Դիենեն ընդդեմ Ֆրանսիայի (Diennet v. France) գործով Պալատի 1995թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 18160/91, կետ 33):

27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալներ Արթուր, Արմեն և Մացակ Բադալյանների մեղադրանքը հիմնավորող ապացույցներ է վկայակոչել վկաներ Մանվել Ալեքսանյանի և Արթուր Մկրտչյանի նախաքննական ցուցմունքները, մինչդեռ նշված վկաները դատարանում չեն հարցաքննվել, և նրանց ցուցմունքները դատաքննության ընթացքում չեն հետազոտվել (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 402):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում է դրել այնպիսի ապացույցներ, որոնք հրապարակային դատաքննության ժամանակ չեն հետազոտվել և որոնց վերաբերյալ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել արտահայտելու իր դիրքորոշումը:

28. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ»:

i

Մեջբերված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 27-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաներ Մանվել Ալեքսանյանի և Արթուր Մկրտչյանի նախաքննական ցուցմունքները իր դատական ակտի հիմքում դնելով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի խախտում, մասնավորապես խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ, 342-րդ և 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները: ՈՒստի, Արթուր Բադալյանի մեղադրանքի հիմքում դրված անթույլատրելի ճանաչված ցուցմունքները պետք է հանել:

29. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, (...)»:

Շարադրված դրույթի վերլուծությունից հետևում է, որ դատարանի դատավճիռը չի կարող հիմնավորված համարվել, եթե դրա նկարագրական-պատճառաբանական մասում բովանդակվող հետևությունները էապես հիմնված են դատաքննության ժամանակ չհետազոտված ապացույցների վրա:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Արթուր Բադալյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները էապես հիմնված չեն դատարանում չհետազոտված և, հետևաբար, անթույլատրելի ապացույց հանդիսացող` վկաներ Մանվել Ալեքսանյանի և Արթուր Մկրտչյանի նախաքննական ցուցմունքների վրա: Արթուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է բազմաթիվ այլ թույլատրելի և վերաբերելի ապացույցներով (տե՛ս սույն որոշման 25-րդ կետը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումը (տե՛ս սույն որոշման 28-րդ կետը) չի կարող հիմք հանդիսանալ Արթուր Բադալյանի մասով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

30. Անդրադառնալով բողոքաբերների այն փաստարկին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը 2012 թվականի հուլիսի 26-ին կարճվել է Արթուր Բադալյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի բացակայության հիմքով, ուստի խուլիգանության դեպքով նախաքննություն չէր կարող կատարվել, հետևաբար, մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները համարվում են անթույլատրելի, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2013 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ կարճվել է թիվ 52103812 քրեական գործի մասը և ոչ թե ամբողջ քրեական գործի վարույթը: Քննիչն արձանագրել է, որ վիճաբանության ընթացքում Արթուր Բադալյանը մոտեցել է նրանց, իր մեքենայում եղած հրացանով խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կրակել է Արմեն Մկրտչյանի ուղղությամբ` նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 114):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի մասը կարճելուց հետո նախաքննության մարմինը քրեադատավարական նորմերի պահանջներին համապատասխան շարունակել է գործի նախաքննությունը:

31. Հիմք ընդունելով սույն որոշման 13-23-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն և Մացակ Բադալյանների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները: Արդյունքում` կիրառվել է քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս Արմեն և Մացակ Բադալյանների մասով բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Բադալյանի մասով վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Մացակ և Արմեն Ռոբերտի Բադալյանների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Արթուր Ռոբերտի Բադալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.10.2013
N ԼԴ/0227/01/12
Որոշում