Սեղմել Esc փակելու համար:
ՀԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 530-ՐԴ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 530-ՐԴ ԵՎ 549-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0835/02/08

    դատարանի որոշում                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0835/02/08

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                    

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Զարե Գևորգյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զարե Գևորգյանի ընդդեմ Հովհաննես Գևորգյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հովհաննես Գևորգյանի ընդդեմ Զարե Գևորգյանի, Գյումրու նոտարական գրասենյակի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, տան նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Զարե Գևորգյանը պահանջել է դադարեցնել Հովհաննես Զարեհի Գևորգյանի բնակտարածության օգտագործման իրավունքը Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 տան նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հովհաննես Գևորգյանը պահանջել է ճանաչել Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեի տնատիրության սեփականատեր, անվավեր ճանաչել Զարե Գևորգյանի անվամբ կատարված պետական գրանցումը և տրված սեփականության իրավունքի վկայականը, ինչպես նաև անվավեր ճանաչել Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշումը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2008 թվականի որոշմամբ Հովհաննես Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի. դատարանի 26.12.2007 թվականի վճռի` Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշումն անվավեր ճանաչելը մերժելու մասը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ մնացած մասով վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել 50,68 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 ժառանգական տան նկատմամբ Զարե Հովհաննեսի Գևորգյանին 22.05.1989 թ. տրված ժառանգության իրավունքի թիվ 2-2512 վկայագիրը 1/4 (մեկ չորրորդ) մասով, Հովհաննես Զարեհի Գևորգյանին ճանաչելով նշված մակերեսով ժառանգական տան 1/4 մասը ընդունած ժառանգ, իսկ Զարե Հովհաննեսի Գևորգյանին` ժառանգական տան 3/4 (երեք չորրորդ) մասն ընդունած ժառանգ: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել Զարե Հովհաննեսի Գևորգյանի անվամբ 27.04.2004 թվականին կատարված պետական գրանցումը 50,68 քմ ընդհանուր մակերեսով ժառանգական տան 1/4 (մեկ չորրորդ) մասի, ինչպես նաև բնակելի տան շինարարության և սպասարկման համար հատկացված 450 քմ մակերեսով հողամասի 1/2 (մեկ երկրորդ) մասի նկատմամբ, նշված 450 քմ մակերեսով հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցների 1/2 (մեկ երկրորդ) մասի նկատմամբ: Ճանաչվել է Հովհաննես Զարեհի Գևորգյանի սեփականության իրավունքը 50,68 քմ մակերեսով ժառանգական տան 1/4 (մեկ չորրորդ) մասի, բնակելի տան շինարարության համար հատկացված 450 քառակուսի մետր հողամասի 1/2-րդ (մեկ երկրորդ) մասի և այդ 450 քմ մակերեսով հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցների 1/2-րդ (մեկ երկրորդ) մասի նկատմամբ: Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշմամբ Զարե Հովհաննեսի Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` դատարանի 06.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարե Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, որի հետևանքով խախտել է նաև նախկինում գործող ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 530-րդ և 549-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Զարե Գևորգյանի կողմից ժառանգությունն ընդունվել է կտակի հիման վրա: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է 1964 թվականի ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, որի համաձայն ժառանգումը տեղի է ունենում երբ և որքանով, այն չի փոփոխվել կտակով: Մինչդեռ, դատարանը, անտեսելով Զարե Գևորգյանի ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հանգամանքը, ըստ օրենքի ժառանգին դիտել է ժառանգությունն ընդունած: Վերաքննիչ դատարանը համարժեք իրավական գնահատական չի տվել կտակին, դրա հիման վրա 22.05.1989 թվականին տրված թիվ 2-2512 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրին, «Պետապ» Հայաստան ՓԲԸ-ի Հյուսիսային մասնաճյուղի կողմից տրված տեղեկանքին և գործում առկա մնացած այլ ապացույցներին, որով և թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում:

i

2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել նախկինում գործող ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 78-83-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է նախկինում գործող քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից: Հետևաբար, ժառանգության իրավունքի վկայական ստանալուց, այսինքն` 22.05.1989 թվականից ի վեր վեճի առարկա Գյումրի քաղաքի Չերնիշևսկու փողոցի թիվ 68 տունը Զարե Գևորգյանի սեփականությունն է:

Վերոնշյալից հետևում է, որ Հովհաննես Գևորգյանի կողմից մինչև 1992 թվականի մայիսի 22-ը այդ փաստի դեմ որևէ պահանջ չներկայացնելով, բաց է թողնվել օրենսգրքով նախատեսված ընդհանուր հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որը դատարանը պարտավոր էր կիրառել սեփական նախաձեռնությամբ:

i

3. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հովհաննես Գևորգյանի կողմից մինչ օրս չի վիճարկվել ինչպես Զարե Եղիայի Գևորգյանի կողմից Զարե Հովհաննեսի Գևորգյանին տրված կտակը, այնպես էլ դրա հիման վրա տրամադրված 22.05.1989 թվականի թիվ 2-2512 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, որի պայմաններում դատարանի կողմից Զարե Հովհաննեսի Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցման մասնակի անվավեր ճանաչումն անհիմն է:

4. Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննվել է նույն կազմով, ինչ 19.03.2008 թվականին քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ: Նման պայմաններում վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.10.2008 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վեճի առարկա տունը դրա շինարարության համար հատկացված 450 քմ հողամասի վրա կառուցվել է Հովհաննես Գևորգյանի ծնողների կողմից, որոնք 1947 թվականին հայրենադարձվել են Հունաստանից և պետությունից ստացած վարկով իրականացրել են շինարարություն:

2. Լենքաղսովետի տեխնիկական բյուրոյի 15.05.1989 թվականի տեղեկանքի համաձայն` 17.03.1987 թվականի տեխնիկական անձնագրի տվյալներով Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեի բնակելի տան կառուցման համար հատկացված հողամասի չափը 450 քմ է, օրինական շինություններինը` 50,68 քմ, որից 30,20 քմ բնակելի, իսկ 20,48 քմ օժանդակ շինություն է:

3. 19.06.1982 թվականին Զարե Եղիայի Գևորգյանի կողմից կազմված կտակի համաձայն` Զարե Գևորգյանն իր ամբողջ գույքը, որը իր մահվան պահին կպատկանի իրեն, կտակել է իր թոռանը` Զարե Հովհաննեսի Գևորգյանին:

4. Կտակարարի կինը մահացել է 1984 թվականին, իսկ կտակարարը` 1986 թվականի նոյեմբերի 16-ին:

5. Հովհաննես Գևորգյանն ինչպես մոր, այնպես էլ հոր մահվանից հետո մինչև 2003 թվականը բնակվել է ժառանգական տանը, որը հաստատված է վկաների ցուցմունքներով, տնային գրքի տվյալներով, Գյումրու «Բնակարանների սպասարկում» ՓԲ ընկերության 18.04.2007 թվականի տեղեկանքով:

6. Զարե Հովհաննեսի Գևորգյանը պապի մահվան ժամանակ գտնվել է Խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո, իմանալով կտակի գոյության մասին, 22.05.1989 թվականին դիմել է Գյումրու նոտարական գրասենյակ` ժառանգությունն ընդունելու խնդրանքով, իսկ 22.05.1989 թվականին նրան տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2-2512 վկայագիրը` Լենինականի Չերնիշևսկու փողոցի թիվ 68 տան նկատմամբ` 30,20 քմ բնակելի և 20,48 քմ ոչ բնակելի տարածությամբ:

7. «Պետական ապահովագրություն Հայաստան» ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղի 22.10.2007 թվականի տեղեկանքի համաձայն` 1988 թվականի երկրաշարժի հետևանքով շենքի վնասվածությունը կազմել է 35 տոկոս:

8. Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշմամբ ճանաչվել է ինքնակամ կառուցում իրականացրած անձ Զարե Հովհաննեսի Գևորգյանի սեփականության իրավունքը Չերնիշևսկու փողոցի 68 տանը կից կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ, միաժամանակ թույլատրվել է Զարե Հովհաննեսի Գևորգյանի կողմից ինքնակամ զբաղեցրած, պետական սեփականության ներքո գտնվող 177,22 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել Զարե Հովհաննեսի Գևորգյանին: Նշված հանգամանքները հաստատվում են նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ղեկավարի 12.07.2005 թվականի թիվ Կգ-27/5 գրությամբ:

9. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 27.04.2004 թ. թիվ 1379489 վկայականի համաձայն` Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող շենք-շինությունները (բնակելի տուն` 135,16 քմ, նկուղ` 30,15 քմ, բնակելի տուն 459,08 քմ, պարիսպ 8,27 քմ), ինչպես նաև 0,062722 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Զարե Հովհաննեսի Գևորգյանին, սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք է ըստ կտակի ժառանգության իրավունքի 22.05.1989 թվականի թիվ 2-2512 վկայագիրը և Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշումը:

10. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճռի` Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հովհաննես Գևորգյանի հակընդդեմ հայցապահանջը մերժելու մասը:

11. Հովհաննես Գևորգյանը և հայրը` Զարեհ Եղիայի Գևորգյանը, որպես առաջին հերթի ժառանգներ, փաստացի տիրապետման եղանակով ընդունել են վեճի առարկա տան` Զարեհ Եղիայի Գևորգյանի կնոջը պատկանող 1/2-րդ մասը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվեն հետևյալ հարցադրումները.

1. Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող շենք-շինություններից որո՞նք են մտնում Զարեհ Եղիայի Գևորգյանի ժառանգության զանգվածի մեջ:

2. Արդյո՞ք Հովհաննես Գևորգյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է իր մոր ժառանգությունը:

Զարեհ Եղիայի Գևորգյանի ժառանգության բացման ժամանակ գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 530-րդ հոդվածի համաձայն` ժառանգումն իրականացվում է ըստ օրենքի և ըստ կտակի, ընդ որում ժառանգումն ըստ օրենքի տեղի է ունենում, երբ և որքանով այն չի փոփոխվել կտակով: Նույն օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

Սույն քաղաքացիական գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարեհ Եղիայի Գևորգյանի ժառանգության զանգվածը կազմել է Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող բնակելի տան 3/4-րդ մասը, քանի որ նշված հասցեում հատկացված 450 քմ մակերեսով հողամասի վրա համատեղ ուժերով կառուցված բնակելի տունը (բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմել է 50,68 քմ) համարվել է Զարեհ Եղիայի Գևորգյանի և իր կնոջ սեփականությունը, և 1984 թվականին կնոջ մահից հետո վերջինիս ժառանգության զանգվածի մեջ մտնող բնակելի տունը հավասար բաժիններով փաստացի տիրապետման եղանակով ընդունել են ժառանգատուի ամուսինը` Զարեհ Եղիայի Գևորգյանը, և որդին` Հովհաննես Գևորգյանը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարեհ Եղիայի Գևորգյանի ժառանգության բացման ժամանակ ժառանգության զանգվածը Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող բնակելի տան (50,68 քմ մակերեսով) 3/4-րդ մասն է, որն ըստ կտակի ժառանգության ուժով ընդունվել է ժառանգատուի թոռան` Զարե Հովհաննեսի Գևորգյանի կողմից:

Այսինքն` ժառանգության ընդունման հիմքով Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող բնակելի տան (50,68 քմ մակերեսով) 3/4-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Զարե Հովհաննեսի Գևորգյանը, իսկ 1/4-րդ մասի նկատմամբ` Հովհաննես Զարեհի Գևորգյանը:

Վերը նշված պատճառաբանություններից ելնելով, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանի եզրահանգումն այն մասին, որ Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող բնակելի տան (50,68 քմ մակերեսով) 1/4-րդ մասի սեփականատերն է Հովհաննես Զարեհի Գևորգյանը, հետևաբար, այդ մասով Զարե Հովհաննեսի Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել քաղաքացիական գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ղեկավարի 12.07.2005 թվականի թիվ Կգ-27/5 գրությունը, որոնց բովանդակությունից բխում է, որ ինքնակամ կառուցում իրականացրած անձ է Զարե Հովհաննեսի Գևորգյանը, իսկ Վերաքննիչ դատարանի 19.03.2008 թվականի որոշման հիմքով Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշումը որակվել է որպես իրավաչափ վարչական ակտ, որի հիմքով օրինական ուժի մեջ է թողնվել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճռի` Գյումրու քաղաքապետի վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հովհաննես Գևորգյանի հակընդդեմ հայցապահանջը մերժելու մասը:

Վերը նշված ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չգնահատելու պայմաններում (ինչպես նաև Հովհաննես Գևորգյանի կողմից նշված տարածքում ինքնակամ կառուցումներ իրականացնելու հանգամանքը հիմնավորող գրավոր ապացույցների բացակայության պայմաններում, նման շինությունների կառուցման հարցում պատասխանողի կողմից որևէ առարկություն չներկայացվելու պայմաններում), ստորադաս դատարանը եկել է անհիմն եզրահանգման, որ նշված հողամասում ինքնակամ կառուցված և հետագայում Զարե Գևորգյանի անվամբ օրինականացված շինությունների 1/2-րդ մասի նկատմամբ Հովհաննես Գևորգյանը ձեռք է բերել սեփականության իրավունք:

i

Բացի այդ, ներկայումս գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:

i

Մինչ 15.06.2001 թվականը գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բնակելի տան շինարարության ու սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Սույն քաղաքացիական գործի նյութերով հիմնավորվել է, որ մինչ գործող ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը Զարե Գևորգյանի և Հովհաննես Գևորգյանի իրավանախորդներին Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող 450 քմ հողամասը հատկացվել է բնակելի տան շինարարության նպատակով, որը 15.03.1991 թվականին ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի հիմքով, սեփականության իրավունքով փոխանցվել է նշված հասցեում գտնվող բնակելի տան 3/4-րդ մասի սեփականատեր Զարե Հովհաննեսի Գևորգյանին և բնակելի տան 1/4-րդ մասի սեփականատեր Հովհաննես Գևորգյանին: Ընդ որում, նշված հողամասում Զարե Գևորգյանի կողմից շինարարություններ իրականացնելու և այդ գործողության դեմ որևէ առարկություն չներկայացնելու փաստերի ուժով Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ հողամասի նշված հատվածը (ինքնակամ և հետագայում օրինականացված շինությունների զբաղեցրած հողամաս) ըստ էության կողմերի համաձայնությամբ թողնվել է Զարե Գևորգյանի փաստացի օգտագործմանը: Ժառանգական կարգով ստացած 50,68 քմ մակերեսով բնակելի տան տակ գտնվող հողամասը կողմերին պատկանում է յուրաքանչյուրի ստացած բաժնեմասին համամասնորեն: Հողամասի մնացած շինություններով չծանրաբեռնված բակային մասի նկատմամբ ծագել է Զարե և Հովհաննես Գևորգյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, քանի որ դրա նկատմամբ օգտագործման կարգ սահմանված չէ: Ընդ որում, նշված բակային մասի մեջ չի կարող ընդգրկվել ինքնակամ զբաղեցված 177,22 քմ հողամասը, որը Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշման ուժով ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է Զարե Գևորգյանին:

i

Ներկայումս գործող ՀՀ հողային օրենսգրքի 45-րդ հոդվածի համաձայն` երկու կամ մի քանի անձանց մոտ սեփականության ներքո գտնվող հողամասը նրանց պատկանում է ընդհանուր սեփականության իրավունքով, և ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համաձայն նույն հոդվածի 4-րդ կետի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն` երկու և ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց պատկանում է ընդհանուր սեփականության իրավունքով, ընդ որում գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման արդյունքում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ պատասխանողի հայցապահանջը ենթակա էր բավարարման մասնակիորեն: Մասնավորապես, 50,68 քմ մակերեսով բնակելի տան տակ գտնվող հողամասի 1/4-րդ մասի նկատմամբ Հովհաննես Գևորգյանը ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ շինություններով չծանրաբեռնված հողամասի` բակային մասի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Ընդ որում, նշված բակային մասի մեջ չի ընդգրկվում ինքնակամ զբաղեցված 177,22 քմ հողամասը, որը Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշման ուժով ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է Զարե Գևորգյանին:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառվում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

Նախկինում գործող ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 78-րդ, 83-րդ հոդվածների համաձայն` այն անձի հայցով, որի իրավունքը խախտված է, իրավունքի պաշտպանության ընդհանուր ժամկետը (հայցային վաղեմությունը) սահմանվում է երեք տարի, որպիսի հայցի իրավունքը ծագում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին: Նույն օրենսգրքի 82-րդ, 87-րդ հոդվածների համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է անկախ կողմի դիմումից, և մինչև հայց ներկայացվելը հայցային վաղեմության ժամկետի լրանալը հիմք է հանդիսանում հայցը մերժելու համար:

Նույն 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն, ընդ որում ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին, որպիսի գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, և ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Հովհաննես Գևորգյանը 1984 թվականին մահացած մոր ժառանգության կեսն ընդունել է փաստացի տիրապետման եղանակով, որի պայմաններում օրենքի ուժով ծագել է նրա սեփականության իրավունքը ժառանգական գույքի նկատմամբ: Հետևաբար, անհիմն է բողոքի հիմքն այն մասին, որ ստորադաս դատարանի կողմից չի կիրառվել հայցային վաղեմության վերաբերյալ նախկինում գործող օրենսգրքի նորմերը:

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից վերանայման է ենթակա Վերաքննիչ դատարանի 03.10.2008 թվականի որոշումը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջները, քանի որ նշված նորմը կանոնակարգում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացվելիք վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով:

i

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ:

i

Սույն գործով Զարե Գևորգյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 հոդվածի հիմքով բացարկ է հայտնել վերաքննիչ ատյանում գործը քննող դատական կազմի դատավորներին, որը 26.09.2008 թ. թիվ ՇԴ/0835 որոշումներով մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բացարկը չի պարունակում դատական կազմի մեջ ընդգրկված դատավորների անաչառության վերաբերյալ կասկած հարուցող որևէ հանգամանք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդ իրավական նորմերի ընդհանրական մոտեցումը դատարանի կամ դատավորի անաչառության կանխավարկածն է, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ աչառությունն ապացուցված չէ, իսկ սույն գործով դատավորների աչառու լինելու հանգամանքը ապացուցված չէ:

Միաժամանակ, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը սահմանում է դատավորի կողմից բացարկ հայտնելու հիմքերը, որոնցից մեկն է նաև այն, որ դատավորը ստորին ատյանում մասնակցել է տվյալ գործի քննությանը որպես դատավոր:

Մինչդեռ, սույն գործի փաստերից չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանում դատարանի կազմի մեջ ընդգրկված դատավորները մասնակցել են նույն գործի քննությանն առաջին ատյանի դատարանում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշման` 450 քմ հողամասի 1/2-րդ մասի և այդ հողամասում կառուցված ինքնակամ կառույցների 1/2-րդ մասի նկատմամբ Հովհաննես Գևորգյանի սեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասերով Զարե Գևորգյանի սեփականության իրավունքի 27.04.2004 թվականին կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու մասին հակընդդեմ հայցապահանջները բավարարելու մասը և այդ մասով դատական ակտը փոփոխել:

Ճանաչել Հովհաննես Գևորգյանի սեփականության իրավունքը` Գյումրու Չերնիշևսկու փողոցի թիվ 68 հասցեում գտնվող 50,68 քմ մակերեսով բնակելի տան տակ գտնվող հողամասի 1/4-րդ մասի նկատմամբ և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը շինություններով չծանրաբեռնված բակային հողամասի նկատմամբ (ընդ որում, նշված բակային մասի մեջ չի ընդգրկվում Գյումրու քաղաքապետի 16.04.2004 թվականի թիվ 570 որոշմամբ օտարված 177,22 քմ հողամասը):

Նշված մասերով անվավեր ճանաչել Զարե Գևորգյանի միանձնյա սեփականության իրավունքի 27.04.2004 թվականին կատարված պետական գրանցումը: Հակընդդեմ հայցը մնացած մասերով մերժել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՇԴ/0835/02/08
Որոշում