Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/4748/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4748/05/19

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Կ. Մաթևոսյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի հոկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Նասիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ Արտակ Նասիբյանի հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Նասիբյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 23.04.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 29.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.02.2021 թվականի որոշմամբ Արտակ Նասիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 29.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Նասիբյանը (ներկայացուցիչ Արթուր Աբովյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ և 247-րդ հոդվածները, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ, 84-րդ, 401-րդ և 404-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 20.02.2019 թվականին հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտը կայացվել է 23.04.2019 թվականին, այսինքն` վարչական մարմինը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը:

i

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8026/05/16 վարչական գործով գտել է, որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո (նույնիսկ այն դեպքում, երբ վարչական վարույթը և քրեական գործով նյութերը նախապատրաստվել են միևնույն անձի նկատմամբ) նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցման մերժման որոշման առկայությունն իրավունք չի վերապահում վարչական մարմնին կիրառելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը. նման իրավաբանական փաստերի առկայության պայմաններում վարչական մարմինը խախտում է նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երկամսյա վաղեմության ժամկետը: Այսինքն` սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վերը նշված որոշմանը. այն հակասում է նաև թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշմանը, թիվ ՎԴ/5035/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.12.2020 թվականի վճռին, թիվ ՎԴ/4399/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.03.2021 թվականի վճռին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական մարմինը` որպես մաքսային կանոնների խախտում կատարած անձ դիտարկել է Արտակ Նասիբյանին, իսկ քրեական գործի նյութերը նախապատրաստվել են «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Հարությունյանի վերաբերյալ, նման պարագայում Արտակ Նասիբյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նկատմամբ չէր կարող կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը: Այսինքն` բողոք բերած անձի նկատմամբ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել, հետևաբար վարչական մարմնի կողմից արդեն իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում չէր կարող կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վարչական մարմինը մաքսային կանոնների ենթադրյալ իրավախախտման հանգամանքը բացահայտել է դեռևս 16.01.2019 թվականին, հետևաբար մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական տույժը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով կարող էր նշանակվել մինչև 16.03.2019 թվականը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Արտակ Նասիբյանը չի եղել հայտարարատու հանդիսացող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը, Արտակ Նասիբյանը հանդիսացել է մաքսային ներկայացուցիչ համարվող «Տրանսիմպեքս» ՍՊԸ-ի աշխատակիցը, հետևաբար սույն գործով նրան չեն կարող վերագրվել մաքսային օրենսդրությամբ հայտարարատուին վերապահված իրավունքները/պարտականությունները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությունը ՀՀ-ում կիրարկումից հետո նախկինում գործող ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային բրոքերի և գործող մաքսային օրենսդրությամբ նախատեսված մաքսային ձևակերպումների մասնագետի իրավական կարգավիճակները նույնական չեն (նշված սուբյեկտները ունեն տարբեր իրավունքների և պարտականությունների ամբողջություն): Մաքսային հայտարարագրում կարող է իրականացնել կա՛մ տեղափոխվող բեռների սեփականատեր հանդիսացող հայտարարատուն (տեղափոխողը), կա՛մ մաքսային ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձը:

Վարչական տույժ նշանակելու մասին վարչական ակտը, որով Արտակ Նասիբյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով, ակնհայտորեն ոչ իրավաչափ է և հակասում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին` պատասխանատվության կանչված սուբյեկտի հիմքով (նույնիսկ, եթե պատասխանատվության կիրառման մյուս բոլոր նախապայմաններն առկա լինեին):

Որևէ ապացույցով չի հիմնավորվում, որ Արտակ Նասիբյանը հայտարարատու ընկերությունից կամ մաքսային ներկայացուցիչ համարվող «Տրանսիմպեքս» ՍՊԸ-ից ստացել է հանձնարարություն ստացված բեռները զննելու, կամ այլ գործողություններ կատարելու համար, ինչը բացառում է Արտակ Նասիբյանի մեղավորությունը ենթադրյալ իրավախախտումը կատարելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.02.2021 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Արտակ Նասիբյանի կողմից հայտարարագրվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ, ինչի հետևանքով առաջացել են որոշակի չափով պակաս հաշվարկված մաքսային վճարներ:

Քրեական գործի հարուցումը մերժվել է 01.04.2019 թվականին, և 16.04.2019 թվականի ծանուցագրով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 18.04.2019 թվականին: Արտակ Նասիբյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով զանցառու է ճանաչվել և ենթարկվել վարչական պատասխանատվության 23.04.2019 թվականին:

Արտակ Նասիբյանը, հանդիսանալով հայտարարատու, ունեցել է ճշգրիտ տեղեկություններով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն: Վերջինս պատասխանատու է հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտարարագրելու համար, քանի որ հայտարարագիրը ներկայացվել է նրա կողմից և հավաստվել նրա ստորագրությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կատարող), «Xian Electric Engineering Co. Ltd»-ի հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ` Պատվիրատու) և «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ստացող) միջև 18.01.2018 թվականին կնքվել է «Մաքսային միջնորդական ծառայություն մատուցելու մասին» թիվ 06/18 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի համաձայն` Կատարողը պարտավորվել է Պատվիրատուի առաջադրանքով գործող մաքսային օրենսդրությանը համապատասխան մատուցել հետևյալ ծառայությունները` Ստացողի անունից իրականացնել վերջինիս հասցեագրված (ուղարկված) բեռների մաքսային հայտարարագրում և դրա հետ կապված անհրաժեշտ այլ ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

2) Պայմանագրի 2.1.1 և 2.1.2 կետերով նախատեսվել է, որ Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից և (կամ) Ստացողից նախապես, ինչպես նաև ծառայությունների կատարման ընթացքում պահանջելու և ստանալու ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ու հավաստի տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում մինչև հայտարարագրման գործընթացն սկսելը զննել Ստացողին հասցեագրված բեռները` կազմելով զննման արձանագրություն (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

3) Պայմանագրի 2.4.1 կետով նախատեսվել է, որ Պատվիրատուն պարտավոր է Կատարողին նախապես, ինչպես նաև ծառայությունների կատարման ընթացքում տրամադրել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

4) Պայմանագրի 4.1 կետով նախատեսվել է, որ Կատարողը պատասխանատու է իր կողմից կազմված զննման արձանագրության համապատասխան ծառայությունների մատուցման համար, իսկ Պայմանագրի 4.3 կետով նախատեսվել է, որ Պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում, եթե առաջացած անբարենպաստ հետևանքները պայմանավորված են Պատվիրատուի և (կամ) Ստացողի կողմից տրամադրված տեղեկատվության և (կամ) փաստաթղթերի ոչ ամբողջական և (կամ) ոչ հավաստի լինելով (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

5) Պայմանագրի 4.4 կետով նախատեսվել է, որ Պատվիրատուն պատասխանատու է իր և (կամ) Ստացողի կողմից (հաշվի առնելով, որ Ստացողի տիրապետման տակ գտնվող տեղեկությունը տրամադրում է Պատվիրատուն) Կատարողին տրամադրվող տեղեկատվության և (կամ) փաստաթղթերի իսկության ու ամբողջականության համար: Տրամադրված տեղեկատվության և (կամ) փաստաթղթերի ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական լինելու ամբողջ պատասխանատվությունը և դրանց հետևանքով առաջացած անբարենպաստ հետևանքները կրում է Պատվիրատուն (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

6) Պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է, որ այն դեպքում, երբ Կատարողի կողմից կազմված զննման արձանագրությամբ հայտարարագրվող բեռների տվյալները տարբերվում են Պատվիրատուի և (կամ) Ստացողի կողմից նախապես տրամադրված տեղեկատվության և (կամ) փաստաթղթերի տվյալներից, ապա բեռների հայտարարագրումն իրականացվում է` հիմք ընդունելով զննման արձանագրության տվյալները (հատոր 1-ին, գ.թ. 17-23).

7) Ստացողի անվամբ 15.01.2019 թվականին Կատարող ընկերությունում որպես մաքսային ձևակերպումների մասնագետ աշխատող Արտակ Նասիբյանի կողմից լրացվել է թիվ 05100010/150119/0001545 ապրանքների հայտարարագիրը` առանց ապրանքները զննելու (հատոր 1-ին, գ.թ. 60).

8) Ստացողի կողմից` հայցվոր Արտակ Նասիբյանի ստորագրությամբ 06.02.2019 թվականին դիմում է ներկայացվել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զ. Հակոբյանին այն մասին, որ վերը նշված հայտարարագրով հայտարարագրված ապրանքներից մեկը պետք է հայտարարագրվեր մի քանի անուն ապրանքով, իսկ թվով երեք անուն ապրանք հայտարարագրում չեն նշվել, այժմ ստացվել են նոր` ճշգրտված հաշիվ ապրանքագիր և ուղարկողի կողմից բացատրական նամակ` վերջինիս ուղարկած սկզբնական սխալ հաշիվ ապրանքագրի վերաբերյալ, ուստի խնդրել է թույլտվություն` հետ կանչելու վերը նշված ապրանքների հայտարարագիրը (հատոր 1-ին, գ.թ. 50).

9) Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի ավագ մաքսային տեսուչի կողմից 20.02.2019 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որում նշվել է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անվամբ «18.09.2019» թվականի թիվ XD17-281(10) հաշիվ-ապրանքագրով ՀՀ փաստացի ներմուծված ջրի պոմպը, խողովակները և կցամասերն Արարատյան մաքսատուն-վարչությունում 15.01.2019 թվականի թիվ 05100010/150119/0001545 ապրանքների հայտարարագրի 4-րդ ապրանքային դիրքում հայտարարագրվել են ոչ ճշգրիտ տեղեկություններով` որպես ԱՏԳ ԱԱ 84249000000 ծածկագրով հրշեջ անվտանգության համակարգի ջրամատակարարման մասեր, իսկ ալյումինե արկղերը և ալյումինե ամրակային դետալները չեն հայտարարագրվել, այսինքն` Արտակ Նասիբյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ (հատոր 1-ին, գ.թ. 15-16, 89-90).

10) Արտակ Նասիբյանը նշված խախտման վերաբերյալ բացատրություն է տվել նաև այն մասին, որ աշխատում է Կատարող ընկերությունում` որպես մաքսային ձևակերպումների մասնագետ: Մաքսային միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա Կատարողը պարտավորվել է կատարելու Ստացողի անվամբ ներմուծված ապրանքների մաքսային ձևակերպումներ. նշված ձևակերպումները պետք է կատարվեին իր կողմից: Հայտարարագրումը կատարել է` հիմք ընդունելով բեռն ուղեկցող փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, բեռի նախնական զննություն չի իրականացրել, քանի որ Պատվիրատուն այն չի ցանկացել: Դրանից հետո պարզել է, որ վերը նշված հայտարարագրում նշված որոշ ապրանքներ պետք է հայտարարագրվեին առանձին, և բացի այդ, առկա են եղել այլ ապրանքներ, որոնք նշված չեն եղել հաշիվ-ապրանքագրում, որի պատճառով և չեն հայտարարագրվել: Այդ կապակցությամբ 06.02.2019 թվականին դիմում է ներկայացրել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զ. Հակոբյանին, հայտնել կատարվածի մասին և խնդրել է թույլատրել հետ կանչել այդ հայտարարագիրը: Ինքը որևէ դիտավորություն չի ունեցել, պատճառը եղել է հաշիվ-ապրանքագրում և բեռն ուղեկցող փաստաթղթերում առկա սխալ տեղեկատվությունը (հատոր 1-ին, գ.թ. 91-92).

11) Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնի ավագ հետաքննիչ Վահագն Զաքարյանը 01.04.2019 թվականին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով` որոշման պատճենն ուղարկելով Կոմիտեի իրավաբանական վարչություն վարչական վարույթ իրականացնելու հարցը քննարկելու համար (հատոր 1-ին, գ.թ. 137-141).

12) Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը 23.04.2019 թվականին կայացրել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումը, որով Արտակ Նասիբյանին ճանաչել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և նրան տուգանել է պակաս հաշվարկված մաքսային վճարների 50 տոկոսի չափով` 8.189.888 ՀՀ դրամ, այն բանի համար, որ «վերը նշված հայտարարագրի 4-րդ ապրանքային դիրքում հայտարարագրել է ոչ ճշգրիտ տեղեկություններով» (հատոր 2-րդ, գ.թ. 24-30):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ, 84-րդ, 401-րդ և 404-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

1) քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելու ժամկետների առանձնահատկություններին,

2) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար մաքսային ներկայացուցիչներին որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու իրավական հնարավորությանը:

 

i

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի (...):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` (...) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսել է, որ վարչական տույժը, որպես կանոն, կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ առկա է քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու մասին որոշում, որի դեպքում վարչական վարույթն իրականացնող մարմնին իրավունք է վերապահվել վարչական տույժը նշանակելու քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում` պայմանով, որ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դրանում նշված ժամկետում վարչական տույժ նշանակելու հատուկ կանոնը բացառապես կիրառելի է այն անձի նկատմամբ, ում վերագրվող խախտումն ի սկզբանե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի իմաստով չէր կարող որակվել վարչական իրավախախտում, այդ արարքն իր բնույթով` գործող օրենսդրությանը համապատասխան, քրեական պատասխանատվություն առաջացնելու պատճառով, սակայն վերջինիս վերաբերյալ քրեական գործի հարուցումը հետագայում մերժվել է կամ գործի վարույթը կարճվել է և պարզվել է, որ նրա գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ:

Օրենսդիրն առանձին իրավակարգավորման է ենթարկել նաև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելու ընթացակարգը` սահմանելով, որ այն կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները` օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով միևնույն ժամանակ սահմանել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին լրացել են նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետները:

Նկատի ունենալով, որ ՀՀ մաքսային օրենսգրքի` «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 38-րդ գլխի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով, ուստի վերը նշված դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս:

2) ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:

i

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` նույն Օրենսգրքի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

(...) 7) «հայտարարատու»` անձ, որը հայտարարագրում է ապրանքներ կամ որի անունից հայտարարագրվում են ապրանքներ. (...)

16) «անձ»` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն. (...)

32) «մաքսային հայտարարագիր»` մաքսային փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ ապրանքների վերաբերյալ կամ ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ. (...)

35) «մաքսային հայտարարագրում»` մաքսային մարմնում մաքսային հայտարարագրի միջոցով ապրանքների վերաբերյալ տեղեկությունների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ և (կամ) ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների հայտագրում.

36) «մաքսային փաստաթղթեր»` մաքսային հայտարարագիր և այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են բացառապես մաքսային գործառնությունների կատարման և մաքսային հսկողության անցկացման համար, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման ընթացքում և դրանց արդյունքներով.

37) «մաքսային գործառնություններ»` գործողություններ, որոնք կատարվում են անձանց և մաքսային մարմինների կողմից` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. (...)

44) «մաքսային ներկայացուցիչ»` իրավաբանական անձ, որը ներառված է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ. (...):

i

Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայտարարատուն իրավունք ունի զննելու և չափելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները և բեռնային գործողություններ կատարելու դրանց հետ:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարատուն պարտավոր է`

1) կատարել ապրանքների մաքսային հայտարարագրում,

2) նույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային մարմին ներկայացնել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր (...):

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայտարարատուն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում` կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:

i

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և նրանց հանձնարարությամբ իրականացնում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մաքսային ներկայացուցչի հարաբերությունները հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ ձևավորվում են պայմանագրային հիմքի վրա:

i

Օրենսգրքի 405-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային գործառնությունները հայտարարատուի անունից իրականացնելու դեպքում մաքսային ներկայացուցիչն այդ հայտարարատուի հետ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն է կրում` մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու` կատարման ենթակա պարտավորության լրիվ չափով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ հայտարարատու է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունը, որը հայտարարագրում է ապրանքներ կամ որի անունից նշված մաքսային գործառնությունը պայմանագրի հիման վրա իրականացնում է մաքսային ներկայացուցիչը, այսինքն` այն իրավաբանական անձը, որը ներառված է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ: Հայտարարատուն, ունենալով ապրանքների մաքսային հայտարարագրում կատարելու և մաքսային մարմնին մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն, միևնույն ժամանակ ունի մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները զննելու և չափելու իրավունք:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

i

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար մեղքը` որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի` անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն` անձը ենթակա է պատասխանատվության` միայն անձամբ կատարած իրավախախտման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքով հայտարարատուի համար պատասխանատվություն է նախատեսվել ինչպես նույն օրենսգրքով նախատեսված պարտականությունները չկատարելու, այնպես էլ` մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում` կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:

Համապատասխան իրավակարգավորում է նախատեսված նաև ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածով, որի համաձայն` օրենսդիրը մաքսային կանոնների խախտում է համարում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար հայտարարատուին և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցին վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու համար նախևառաջ պետք է պարզվի վերոգրյալ արարքում վերջիններիս մեղավորությունը, քանի որ օրենսդիրը նաև դրանով է պայմանավորել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը, ուստի հայտարարատուն և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակիցը կարող է վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ և նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար վարչական պատասխանատվություն կիրառվի այն պարագայում, եթե հաստատվի կատարված արարքում հայտարարատուի և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղավորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ն հանդիսացել է հայտարարատու, որի անունից և նրա հանձնարարությամբ Պայմանագրի հիման վրա մաքսային գործառնություն է իրականացրել մաքսային ներկայացուցիչ «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն` իր մաքսային ձևակերպումների մասնագետ Արտակ Նասիբյանի միջոցով: Մաքսային ներկայացուցիչը, ունենալով Օրենսգրքով և Պայմանագրով նախատեսված` ապրանքները զննելու, ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ու հավաստի տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր պահանջելու ու ստանալու իրավունք, ստացել է համապատասխան փաստաթղթերը, սակայն չի օգտվել ապրանքները զննելու իրավունքից, և դրանք հայտարարագրել է առանց զննման:

Մաքսային ներկայացուցիչը, որի անունից հանդես է եկել հայցվոր Արտակ Նասիբյանը, ապրանքների հայտարարագրումն իրականացնելուց հետո պարզելով, որ տրամադրված տեղեկատվությունը և փաստաթղթերը ոչ ամբողջական են ու ոչ հավաստի, հիմք ընդունելով նաև Պայմանագրի 5.2 կետը, դիմում է ներկայացրել Կոմիտե այն մասին, որ վերը նշված հայտարարագրով հայտարարագրված ապրանքներից մեկը պետք է հայտարարագրվեր մի քանի անուն ապրանքով, իսկ թվով երեք անուն ապրանք հայտարարագրում չեն նշվել, այժմ ստացվել են նոր` ճշգրտված հաշիվ ապրանքագիր և ուղարկողի կողմից բացատրական նամակ` վերջինիս ուղարկած սկզբնական սխալ հաշիվ ապրանքագրի վերաբերյալ` խնդրելով թույլտվություն հետ կանչելու վերը նշված ապրանքների հայտարարագիրը:

Դրանից հետո Կոմիտեի կողմից 20.02.2019 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վերը նշված արձանագրությունը, որում նշվել է, որ Արտակ Նասիբյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնի ավագ հետաքննիչ Վահագն Զաքարյանի կողմից 01.04.2019 թվականին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով, և որոշման պատճենն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն վարչական վարույթ իրականացնելու հարցը քննարկելու համար:

Արդյունքում Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը 23.04.2019 թվականին կայացրել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումը, որով Արտակ Նասիբյանին ճանաչել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և նրան տուգանել է պակաս հաշվարկված մաքսային վճարների 50 տոկոսի չափով` 8.189.888 ՀՀ դրամ, այն բանի համար, որ «վերը նշված հայտարարագրի 4-րդ ապրանքային դիրքում հայտարարագրել է ոչ ճշգրիտ տեղեկություններով»:

Արտակ Նասիբյանը դիմել է դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի 23.04.2019 «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումը:

Դատարանը 29.11.2019 թվականի վճռով հայցը մերժել է` պատճառաբանելով, որ «Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 23.04.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ուստի առկա չի եղել նաև նույն օրենսգրքի 247-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով հիշյալ որոշմանը վերաբերող մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու որևէ իրավական հիմք», «հայցվորի կողմից վիճարկվող որոշմամբ արձանագրված մաքսային կանոնների խախտումը թույլ է տրվել անզգուշությամբ, այսինքն` հայցվորը թեև չի կանխատեսել իր գործողության վնասակար հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր ու կարող էր կանխատեսել դրանք», «վիճարկվող որոշումն ընդունելիս մաքսային կանոնների խախտման գործի բոլոր ապացույցները պատասխանողը գնահատել է իր ներքին համոզմունքով` հիմնված գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման վրա` դրանով ապահովելով վերը նշված նորմերի պահանջները»:

Վերաքննիչ դատարանը 17.02.2021 թվականի որոշմամբ Արտակ Նասիբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, ու Դատարանի 29.11.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ «երբ կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և տվյալ գործն ուղարկվում է քրեական գործ հարուցելու իրավասությամբ օժտված մարմին, որի կողմից կայացվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որից հետո արդեն ընդունվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ապա վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, այսինքն` կիրառման է ենթակա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը», «Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի ավագ մաքսային տեսուչ Սերգեյ Թամեյանի 20.02.2019 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությամբ արձանագրված դեպքով Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնի ավագ հետաքննիչ Վահագն Զաքարյանի կողմից 01.04.2019 թվականին ընդունվել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը, իսկ վիճարկվող որոշումն ընդունվել է նշված որոշումը կայացնելու պահից մեկ ամսվա ընթացքում` 23.04.2019 թվականին, ինչն ամբողջությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որպիսի նորմի ուժով քրեական գործի հարուցումը մերժելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, ինչն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել», «հայցվորն իր կողմից տրված բացատրություններով ևս ընդունել է, որ ապրանքների հայտարարագրումն իրականացրել է` հիմք ընդունելով բեռն ուղեկցող փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, և որ ինքը բեռի նախնական զննություն փաստացի չի իրականացրել, որը սակայն նա կարող էր անել նշված նորմերի ուժով», «իրավաչափ է Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ հայցվորը թույլ է տվել վիճարկվող որոշմամբ արձանագրված մաքսային կանոնների խախտումը` ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված արարքը, և դա թույլ է տվել անզգուշությամբ»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվել է վերը, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի ավագ մաքսային տեսուչի կողմից կազմվել է 20.02.2019 թվականին, որում նշվել է, որ հենց Արտակ Նասիբյանի արարքում են առկա ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշները: Չնայած դրան` Արտակ Նասիբյանի նկատմամբ վարչական տույժը նշանակվել է 23.04.2019 թվականին, այսինքն` իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ժամկետը լրանալուց հետո` խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, որ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը 01.04.2019 թվականին, իսկ վիճարկվող որոշումը 23.04.2019 թվականին կայացված լինելու պայմաններում վարչական ակտն ամբողջությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում վարչական տույժ նշանակելու հատուկ կանոնը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, բացառապես կիրառելի է այն անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելիս, ում վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը կամ այն կարճվել, և նրա գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ: Մինչդեռ տվյալ դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչական տույժը նշանակվել է հայցվոր Արտակ Նասիբյանի նկատմամբ, այսինքն` այն անձի, որի նկատմամբ չի կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, բայց դեռևս 20.02.2019 թվականին կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվել է, որ հենց Արտակ Նասիբյանի արարքում են առկա ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, հայտարարատու է հանդիսացել «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ն, իսկ «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն հանդիսացել է մաքսային ներկայացուցիչ, որը «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի անունից և նրա հանձնարարությամբ Պայմանագրի հիման վրա իրականացրել է մաքսային գործառնություն: Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը նշված դիրքորոշումները և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մաքսային կանոնների խախտման համար Արտակ Նասիբյանը չէր կարող հանդիսանալ պատասխանատվության սուբյեկտ, քանի որ գործով չի հիմնավորվել նրա արարքում մեղավորությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշված հանգամանքները` խախտելով Օրենսգրքի 2-րդ, 84-րդ, 401-րդ և 404-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է եղել սույն գործով վիճարկվող` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 23.04.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմք, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով` վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

i

Նկատի ունենալով այն, որ սույն գործով հայցադիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս մինչև 19.04.2021 թվականին ընդունված ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` 09.05.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված լինելով վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով դատարաններում պետական տուրքի վճարման պարտականությունից Արտակ Նասիբյանը հայցադիմումը ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` համապատասխանաբար 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10, 87, հատոր 3-րդ, գ.թ. 5), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Արտակ Նասիբյանի կողմից հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարը` ընդհանուր 34.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին, ուստի նշված հիմքով սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.02.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` Արտակ Նասիբյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 23.04.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80 որոշումը:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 12 հոկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809934896

 

Միասնական կայք` 26.06.23-09.07.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.10.2022
N ՎԴ/4748/05/19
Որոշում