Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ, ...

 

 

020.0984.150711

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ, ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ, ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՈՒ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 հուլիսի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի, Կ. Մեժլումյանի, Գ. Թորոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի, Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների, Սվետա Հարությունյանի, Սերգեյ Հակոբյանի և Գայանե Կիրակոսյանի ու «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի, 204.38-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի` 14.01.2011թ., Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների` 14.02.2011թ., Սերինե Ֆլջյանի` 14.02.2011թ., «Մելտեքս» ՍՊԸ-ի` 15.02.2011թ., Սվետա Հարությունյանի` 06.05.2011թ., Սերգեյ Հակոբյանի և Գայանե Կիրակոսյանի` 16.06.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի հիմքով սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի ՍԴԱՈ-56 որոշմամբ վերոհիշյալ դիմումներով գործերը միավորվել են` դատարանի նույն նիստում քննելու համար:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողների գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական ակտերի վերանայումը» վերտառությամբ 426.9-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` վիճարկվող 204.33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 204.38-րդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 204.38. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը 28.11.2007թ. ՀՕ-270-Ն օրենքով լրացվել է 12.1-րդ բաժնով, որը վերնագրված է. «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով»: Սույն բաժնի 49.1-րդ գլխում է ամրագրվել 426.9-րդ հոդվածը, որի 1-ին մասը հետագա փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 204.38-րդ հոդվածը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվել է 20.05.2010թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-94-Ն ՀՀ օրենքով: Վերջինիս 1-ին հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.1 և 3.2-րդ բաժինները ճանաչվել են ուժը կորցրած: Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը լրացվել է 3.3-րդ բաժնով, որը ներառում է վիճարկվող նորմը:

2. Քննության առարկա միավորված գործով դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

i

Դիմողներ Կ. Ռուբինյանը և Ա. Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի` 07.12.2009թ. ՍԴՈ-844 և 30.03.2010թ. ՍԴՈ-871 որոշումները, 01.05.2010թ. բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` վերջինիս կողմից համապատասխանաբար թիվ ԵԿԴ/0007/11/09 և թիվ ԵԿԴ/0008/11/09 քրեական գործերով 03.07.2009թ. և 27.05.2009թ. կայացված` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջով: Ներկայացված բողոքների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 04.06.2010թ. կայացրել է «Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշումներ:

i

Դիմողներ Ի. Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները ՀՀ սահմանադրական դատարանի` 23.02.2010թ. ՍԴՈ-866 որոշման հիման վրա 08.04.2010թ. բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումները: ՀՀ վճռաբեկ դատարանի` 19.05.2010թ. որոշմամբ ներկայացված բողոքն ընդունվել է վարույթ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի` 13.08.2010թ. թիվ 3-7 (ՎԴ) որոշմամբ` ներկայացված բողոքը բավարարվել է մասնակիորեն և վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 13.03.2009թ. որոշումը: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի` 05.02.2007թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը` առանց բավարարման:

Դիմող Սերինե Ֆլջյանը ՀՀ սահմանադրական դատարանի` 23.02.2010թ. ՍԴՈ-866 որոշման հիման վրա 16.03.2010թ. բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումները: ՀՀ վճռաբեկ դատարանի` 14.04.2010թ. որոշմամբ ներկայացված բողոքն ընդունվել է վարույթ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի` 13.08.2010թ. թիվ 3-123 (ՎԴ) որոշմամբ` ներկայացված բողոքը բավարարվել է մասնակիորեն և վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 24.07.2009թ. որոշումը: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի` 30.11.2007թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է ուժի մեջ, իսկ Ս. Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման:

Դիմող Սվետա Հարությունյանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի` 18.09.2010թ. ՍԴՈ-917 որոշումը, 28.10.2010թ. բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` վերջինիս` ՎԴ4426/05/08 վարչական գործով 08.07.2009թ. կայացրած` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը» նոր հանգամանքի հիմքով վերանայելու և ՀՀ վարչական դատարանի կողմից 23.04.2009թ. ՎԴ 4426/05/08 վարչական գործով կայացված վճիռն ամբողջությամբ բեկանելու ու փոփոխելու պահանջներով:

ՀՀ վճռաբեկ դատարանի` 10.11.2010թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ` ներկայացված բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

i

Դիմող «Մելտեքս» ՍՊԸ-ն, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի` 23.02.2010թ. ՍԴՈ-866 որոշումը, 09.03.2010թ. բողոքներ է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 19.02.2009թ. թիվ 3-10 (ՏԴ) և 19.02.2009թ. թիվ 3-11 (ՏԴ) քաղաքացիական գործերով կայացված որոշումները նոր հանգամանքով կամ նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջով: «Մելտեքս» ՍՊԸ-ի կողմից 09.03.2010թ. ներկայացված բողոքների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 24.03.2010թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումներ:

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ 3-10 (ՏԴ) 2009թ. և թիվ ԵԿԴ 3-11 (ՏԴ) 2009թ. գործերով 13.08.2010 թ. կայացված որոշումներով` ներկայացված բողոքները բավարարվել են մասնակիորեն, ըստ որի` վերանայվել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2009թ. թիվ 3-10 (ՏԴ) և 3-11 (ՏԴ) քաղաքացիական գործերով կայացված որոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի` 23.04.2004թ. թիվ 3-748 (ՏԴ) և 27.02.2004թ. թիվ 3-397 (ՏԴ) քաղաքացիական գործերով կայացված որոշումները թողնվել են օրինական ուժի մեջ, իսկ «Մելտեքս» ՍՊԸ-ի բողոքները` առանց բավարարման:

ՀՀ վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 18.06.2008թ. «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 32283/04) կայացված վճիռը չի դիտել որպես իր կողմից` 23.04.2004թ. թիվ 3-748 (ՏԴ) և 27.02.2004թ. թիվ 3-397 (ՏԴ) քաղաքացիական գործերով կայացված որոշումները վերանայելու հիմք:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. ապրիլի 13-ի ՍԴՈ-873 որոշումը, որով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, դիմողներ Ս. Հակոբյանը և Գ. Կիրակոսյանը դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան` նշված որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի` 07.04.2010թ. որոշումը վերանայելու պահանջով: Վճռաբեկ դատարանը 2010թ. դեկտեմբերի 29-ի իր որոշմամբ մերժել է վերանայման վարույթ հարուցելու պահանջը` իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ սահմանադրական դատարանի նշված որոշումը խնդրո առարկա դատական ակտի համար վերանայման հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ սահմանադրական դատարանն այդ որոշմամբ տարաժամկետել է հակասահմանադրական ճանաչված նորմի ուժը կորցնելը:

3. Դիմողներ Ա. Սարգսյանի, Կ. Ռուբինյանի և «Մելտեքս» ՍՊԸ-ի պնդմամբ` ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վիճարկվող իրավակարգավորումներն առաջին հերթին խախտում են ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող` սահմանադրական արդարադատության իրավունքը` հնարավորություն չտալով սահմանադրական դատարանի` նոր հանգամանք հանդիսացող որոշումների հիման վրա վերականգնել իրենց խախտված սահմանադրական իրավունքները: Այդ խախտումը, ըստ նրանց, մասնավորապես, դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթում «ընդհանուր կարգ» կամ «ընդհանուր կանոն» ձևակերպումը նշանակում է, որ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում իրականացնում է այն նույն լիազորությունները, որոնք իրականացնում է ստորադաս դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգելիս, ինչն իր հերթին նշանակում է, որ դատական ակտը վերանայող դատարանն իրավասու է մերժել բողոքը` վերանայվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այսինքն, ըստ դիմողների` վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը դրսևորվում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս օրինական ուժի մեջ թողնել վերանայման ենթակա այն դատական ակտը, որը կայացվել է սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրինադրույթի կիրառմամբ կամ ընդունվել է ի խախտումն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պահանջների:

Վերոհիշյալ փաստարկմամբ` դիմողները խնդրել են ՀՀ Սահմանադրության 18, 19 և 101-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը այնքանով, որքանով նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով դատարաններին լիազորում է գործի քննության արդյունքում կայացնել դատական ակտ` դատավարական օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով, այդ թվում մերժելով բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Դիմողներ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների և Սերինե Ֆլջյանի պնդմամբ` եթե նախկինում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու վարույթը կարգավորող դրույթները հստակ սահմանում էին նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ապա ներկայիս իրավական կարգավորմամբ այդ որոշումների շրջանակը որոշակիացված չէ: Նրանց պնդմամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթում` «նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները» արտահայտությունն իրավական որոշակիության տեսանկյունից հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 6-րդ հոդվածներին: Նման անորոշությունը հիմք է հանդիսացել, որպեսզի ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը, նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու արդյունքում կայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշում` ուժի մեջ թողնելով վերանայվող դատական ակտը:

Ըստ դիմողների` նման անորոշության պատճառով ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավորություն է ստանում կամ պարտադրված է կիրառել գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման գործերով իր լիազորությունները: Մինչդեռ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածով սահմանված լիազորություններն ամբողջ ծավալով, այլ կաշկանդված է նոր հանգամանք համարվող` ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ և չի կարող Սահմանադրությանը հակասող նորմ պարունակող դատական ակտը թողնել ուժի մեջ:

Դիմող Ս. Հարությունյանի փաստարկները` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի հակասահմանադրականության վերաբերյալ, ըստ էության կրկնում են դիմողներ Ի. Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների և Ս. Ֆլջյանի կողմից ներկայացված փաստարկները:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասին, ապա այս առնչությամբ դիմողը նշում է, որ վերջինս որպես դատական ակտը նոր հանգամանքի ուժով վերանայելու հիմք չի դիտարկում այն դեպքը, երբ վիճարկվող օրենքի դրույթն անձի նկատմամբ կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հետ չհամընկնող մեկնաբանությամբ: Ըստ դիմողի` վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին: Դիմողի գնահատմամբ` այն դեպքում, երբ ակնհայտ է անձի սահմանադրական իրավունքի խախտման փաստի առկայությունը, վիճարկվող դրույթը` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ` ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը չի դառնում անձի իրավունքի դատական պաշտպանության միջոց, քանի որ հիմք չի հանդիսանում նոր հանգամանքի ուժով դատական ակտի վերանայման համար, ինչի արդյունքում խախտված իրավունքը չի վերականգնվում:

Ըստ դիմողներ Ս. Հակոբյանի և Գ. Կիրակոսյանի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հնարավորություն չի ընձեռում նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով ապահովել անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումն այն դեպքերում, երբ վիճարկվող օրինադրույթն անձի նկատմամբ կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ: Բացի դրանից, իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմում «հակասահմանադրական է ճանաչվել» բառակապակցության ներքո ընկալվում են միայն հակասահմանադրական ճանաչելու այն դեպքերը, երբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթն իր ուժը կորցնում է սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից:

i

4. Պատասխանողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ իր բացատրության մեջ առարկելով դիմողների փաստարկները` նշում է, որ ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը նախատեսում են սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման լիարժեք օրենսդրական կարգավորում` հնարավորություն տալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայող դատարանին ընդունելու քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված որոշումները, այդ թվում` մերժել վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այսինքն` դատական ակտի վերանայումը ոչ միշտ է ենթադրում դրա փոփոխում կամ բեկանում: Նման կարգավորումը, ըստ պատասխանողի, լիովին տեղավորվում է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման լիարժեք կառուցակարգի շրջանակներում:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության խնդրին` պատասխանողը վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը` նշելով, որ այդ որոշմամբ սահմանադրական դատարանն արտահայտել է վիճարկվող իրավակարգավորման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը:

Պատասխանողը նշված բացատրությունը ներկայացնելով` միաժամանակ միջնորդում է նաև գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի մասով, կարճել այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող դրույթները դիմողների նկատմամբ` այդ դրույթի սահմանադրականության հարցի բարձրացման տեսանկյունից չեն կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

5. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով պատասխանողի` գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությանը, գտնում է, որ դիմողների փաստարկները բավարար հիմք են գործն ըստ էության քննելու, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները հաշվի առնելով վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու և գործով ըստ էության որոշում կայացնելու համար:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, պարզել, թե.

- վիճարկվող իրավակարգավորումները որքանո՞վ են հնարավորություն տալիս ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը և վերականգնել նրա` խախտված սահմանադրական իրավունքները` երաշխավորելով սահմանադրական դատարանի որոշումների կատարումը,

- արդյո՞ք նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման գործընթացում իրավասու դատարանի լիազորությունները ենթակա են առանձնահատուկ իրավակարգավորման,

- որքանո՞վ է իրավաչափ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման արդյունքում վերանայվող ակտն ուժի մեջ թողնելը,

- որքանո՞վ են վիճարկվող իրավակարգավորումները և ձևավորված իրավակիրառական պրակտիկան համապատասխանում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի նախկին որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935 և ՍԴՈ-943) արտահայտել է սկզբունքային իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետությունում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի, դրա արդյունավետության ու կենսունակության չափանիշների, այդ ինստիտուտի միջոցով անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրականացման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների վերաբերյալ: ՈՒստի ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում բարձրացված սահմանադրաիրավական վեճը քննության առնել իր այդ իրավական դիրքորոշումների համատեքստում և մարդու սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու նախադրյալների տեսանկյունից:

Վիճարկվող իրավակարգավորումների ազդեցությունը նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի արդյունավետության ու կենսունակության, ինչպես նաև սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորության վրա գնահատելու համար սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև բացահայտել «դատական ակտի վերանայման վարույթ», «դատական ակտի վերանայում» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը, ինչպես նաև «դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու» և «դատական ակտը վերանայելու» դատավարական փուլերից յուրաքանչյուրի խնդիրները, ճշգրտել դրանց շրջանակներում առաջադրվող և լուծման ենթակա հարցերի շրջանակը` կարևորելով դատական պրակտիկայում ոչ միայն «նոր հանգամանքներ» հասկացության, այլև այդ հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման, այսինքն` անձի խախտված իրավունքների վերականգնման ընթացակարգային կանոնների միակերպ ընկալման անհրաժեշտությունը:

6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը որոշելիս կարևոր նշանակություն ունի վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը` իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, քանի որ իրավանորմի սահմանադրականությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, թե ինչպես է այն շարադրված իրավական ակտում, այլև նրանով, թե ինչպես է այն ընկալվում ու կիրառվում իրավակիրառ պրակտիկայում:

Սույն գործով ՀՀ դատական դեպարտամենտի կողմից սահմանադրական դատարանին տրամադրված տեղեկանքի համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման վերաբերյալ, 2006 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2011 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դատարաններում 48 սուբյեկտներից ստացվել է 68 բողոք: Այդ թվում` 1 բողոք ստացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որը թողնվել է առանց քննության, իսկ 67 բողոք ստացվել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում նշված հիմքով ստացվել է 46 բողոք, որից վերադարձվել է 37-ը, իսկ 9-ը` վերանայման պահանջի մասով բավարարվել է: Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացվել է 21 բողոք, որից 10-ը վերադարձվել է, 7-ով` վերանայման վարույթի հարուցումը մերժվել է, 4-ով` վերանայման մասով բողոքը բավարարվել և գործերն ուղարկվել են համապատասխան դատարաններ` նոր քննության:

Հաշվի առնելով, որ վերոհիշյալ ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանը թվով 96 անհատական դիմումների հիման վրա 31 գործով օրենքների դրույթները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 96 իրավասու սուբյեկտից միայն 48-ն է դիմել նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման պահանջով:

Սահմանադրական դատարանի կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են նաև, որ այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով տարաժամկետել է Սահմանադրությանը հակասող նորմի ուժը կորցնելը, դատական պրակտիկայում նոր հանգամանքների հիմքով քաղաքացիների դիմումները, որպես կանոն, քննության չեն ընդունվել (արձանագրվել է նման 26 բողոք և դրանք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-753, 758, 780, 782, 873, 930 և 943 որոշումներին):

Նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցման և վերանայման վարույթի առնչությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ ընթացակարգային առումով այդ վարույթին բնորոշ են հետևյալ հիմնական տարրերը.

- վերանայման բողոքի հիման վրա, առկա համարելով նոր հանգամանքի փաստը, իրավասու դատարանը հարուցում է վերանայման վարույթ: Եթե դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը տվյալ անձի առնչությամբ չի հանդիսանում նոր հանգամանք, ապա վերանայման վարույթի հարուցման պահանջը մերժում է,

- հարուցված վերանայման վարույթի շրջանակներում համապատասխան դատական ակտը վերանայելիս ըստ էության գնահատվում է հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման փաստի ազդեցությունն այդ նորմը կիրառած դատական ակտի և/կամ տվյալ գործի ելքի վրա,

- այն դեպքում, երբ հարուցված վերանայման վարույթի շրջանակներում վերոհիշյալ հանգամանքը գնահատելիս իրավասու դատարանը գտնում է, որ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման փաստը գործի ելքի և/կամ տվյալ դատական ակտի վրա ազդեցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ է թողնում հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտը: Դրա համար իրավական հիմք են ծառայում ՀՀ քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխանաբար 426.9-րդ հոդվածի 1-ին մասի և 204.38-րդ հոդվածի վիճարկվող դրույթները, որոնցում ամրագրված «ընդհանուր կարգ» ձևակերպումը, ըստ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության, թույլ է տալիս դատական ակտը վերանայելիս ղեկավարվել համապատասխանաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածներով և, ըստ այդմ, օրինական ուժի մեջ թողնել համապատասխան դատական ակտը,

- որպես կանոն` վերանայման վարույթի հարուցումը մերժվում է բոլոր այն դեպքերում, երբ հակասահմանադրական ճանաչված իրավանորմի ուժը կորցնելը տարաժամկետվել է սահմանադրական դատարանի որոշմամբ,

- նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման գործառույթի իրականացման արդյունքում վճռաբեկ դատարանն իրացնում է այն նույն լիազորությունները, որոնք սահմանված են վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերանայման գործառույթի իրականացման արդյունքում:

Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի կողմից` սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման պրակտիկայում առկա չէ որևէ դեպք, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմ կիրառած դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի կողմից հարուցված վերանայման վարույթների արդյունքում թվով հինգ դեպքում օրինական ուժի մեջ են թողնվել ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմ բովանդակող դատական ակտեր:

Գնահատելով վերոհիշյալ իրավակիրառական պրակտիկան` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջին պարագայում հաշվի չի առնվել ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտված և 2010թ. փետրվարի 23-ի ՍԴՈ-866 որոշման մեջ վերահաստատված այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` այն դեպքում, երբ դատական ակտի վերանայման համար որպես նոր հանգամանք հիմք է հանդիսանում սահմանադրական դատարանի` համապատասխան օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումը, ապա գործնականում վերանայված ակտի ուժի մեջ մնալն անհնարին է, որովհետև արդարադատության հիմքում դրվել է ու կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման իրավակիրառական պրակտիկայի արդյունքում, վերանայման պահանջների բավարարման նույնիսկ վերոհիշյալ սակավաթիվ գործերի, առանձին դեպքերում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերի կիրառմամբ ընդունված դատական ակտերը շարունակում են մնալ օրինական ուժի մեջ և դիմողների համար իրենց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության տեսանկյունից վերանայման արդյունքում որևէ իրավական հետևանք չի առաջանում: Ընդ որում, առկա են դեպքեր, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի կիրառմամբ ընդունված դատական ակտի վերանայման պահանջի առնչությամբ նույնիսկ մերժվում է վերանայման վարույթ հարուցելու պահանջը և կայացվում վերանայման վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշում: Ընդ որում, դեպքերի գերակշիռ մասում այդ պահանջը, ինչպես նշվեց, մերժվում է այն պատճառաբանությամբ, որ սահմանադրական դատարանը, դատարանների կողմից կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելով` տարաժամկետել է հակասահմանադրական ճանաչված նորմի ուժը կորցնելը, և բողոք բերող անձը նման պայմաններում չի ապացուցել և հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը: Ավելին, այն դեպքում, երբ բողոքը ներկայացվում է տարաժամկետման ավարտից հետո, բողոքը վերադարձվում է այն պատճառաբանությամբ, որ բաց է թողնված բողոք բերելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը:

Այս առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական պրակտիկան զարգացել է հակառակ սահմանադրական դատարանի 2007թ. մայիսի 11-ի ՍԴՈ-701 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների: Այդ որոշման մեջ սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների պաշտպանության հնարավորությանը, ապա այն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն` հետաձգման ժամկետը լրանալու պահից` օրենքով սահմանված կարգով:

Այսուհանդերձ, ինչպես վկայում են նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 16-րդ և 17-րդ մասերի պահանջները, հակասահմանադրական ճանաչված նորմի հետագա գործողությունը միայն այն նպատակն է հետապնդում, որպեսզի դրանով կանխվեն իրավական անվտանգության սպառնալիքները, չառաջանան անխուսափելի և ծանր հետևանքներ հանրության և պետության համար, ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին: Ընդ որում, եթե Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերության դրույթները սահմանադրական դատարանի համար հիմք են իրավական ակտի կամ դրա առանձին հակասահմանադրական դրույթի ուժը կորցնելու տարաժամկետման համար, ապա պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինները (հատկապես իրավաստեղծ) պարտավոր են այդ ժամանակահատվածում այնպիսի հնարավոր և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, որոնցով կկանխվեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերությունում նշված հետևանքները: Հետևաբար, հակասահմանադրական ճանաչված և տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի, այլ այն պետք է իրականացվի` հաշվի առնելով տարաժամկետման հիմքում ընկած և օրենքով նախատեսված վերոհիշյալ գերակայություններից ու սահմանադրական հիմնարար սկզբունքներից բխող` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, բացառելով նաև հակասահմանադրական ճանաչված դրույթների վերարտադրությունը ցանկացած իրավական ակտում»:

Սահմանադրական դատարանը վերոհիշյալ իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով միաժամանակ գտնում է, որ այդ պրակտիկան արդյունք է «վերանայման վարույթ», «դատական ակտի վերանայում» հասկացությունների ոչ ճիշտ ընկալման ու կիրառման:

7. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում «վերանայման վարույթ», «դատական ակտերի վերանայում» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երրորդ բաժնի նորմերի համակարգային վերլուծության արդյունքում` հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտի իրավական բովանդակությունը:

Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու դեպքում: Հետևաբար, դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման միջոց, պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի իրավաբանական ուժը կորցնելուն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջազգային իրավունքի հանրաճանաչ restitutio in integrum սկզբունքի բովանդակությունը բացահայտել է իր Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի գործով 1995թ. հոկտեմբերի 31-ի վճռում (Papamichalopopuulos v. Greece), որի 34-րդ կետում դատարանը, մասնավորապես, նշել է. «Վճիռը, որով Դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, Պատասխանող պետությանը պարտավորեցնում է վերջ տալ իրավախախտմանը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը»: Եվրոպական դատարանի այս վճռում արտահայտված restitutio in integrum սկզբունքը հետագայում իր արտացոլումը գտավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին R (2000)2 հանձնարարականում: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հիշյալ հանձնարարականում որպես restitutio in integrum սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոց մատնանշվում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ Նախարարների կոմիտեի բանաձևերի ուսումնասիրությունը վկայում է, որ քրեական գործերի պարագայում Եվրոպական դատարանի վճռի հիման վրա քրեական գործի նոր քննությունը, որպես կանոն, հանդիսանում է restitutio in integrum սկզբունքի ապահովման միակ միջոցը:

Անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման, որպես անձի խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ իր նախորդ մի շարք որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին և վերահաստատելով դրանք` սահմանադրական դատարանը գտնում է, որ.

- նոր հանգամանքների առկայության պարագայում, այսինքն, երբ առկա է իրավունքի կիրառման օբյեկտիվ անհրաժեշտություն` պայմանավորված հակասահմանադրական ճանաչված նորմատիվ դրույթի կիրառման իրավաբանորեն հավաստված փաստով, ապա «դատական ակտի վերանայման վարույթի» հարուցումը, դատական ակտը վերանայելու գործընթաց նախաձեռնելն իրավասու դատարանի կողմից իրավաբանական անհրաժեշտություն է, այդ դատարանի սահմանադրական պարտականությունը, որի նպատակն անձի խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումն է,

- օրինական ուժի մեջ մտած դատական համապատասխան ակտը նոր հանգամանքների հիմքով վերանայելու ծավալը, շրջանակները պայմանավորված են հակասահմանադրական ճանաչված նորմատիվ դրույթի կարգավորման առարկայով, հարաբերությունների բնույթով ու առանձնահատկություններով, կիրառման շրջանակներով և դրանցով պայմանավորված` նաև անձի կոնկրետ իրավունքների խախտման փաստով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ պատահական չէ, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլուխը վերնագրված է «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» և գլխի դրույթներում հիմնականում կիրառվում է «դատական ակտի վերանայում» ձևակերպումը, այնուամենայնիվ, նշված գլխի 426.4-րդ հոդվածը վերնագրված է «Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով»:

Հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտի վերոհիշյալ բովանդակությունը, ինչպես նաև restitutio in integrum սկզբունքի բովանդակությունն ու այդ սկզբունքի երաշխավորմանն ուղղված` Նախարարների կոմիտեի նշված հանձնարարականի վերլուծությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով «դատական ակտի վերանայում» եզրույթն իր բովանդակությամբ ըստ էության համարժեք է «գործի նորոգում», «գործի վարույթի վերաբացում» եզրույթների բովանդակությանը, և դատական ակտի վերանայում հասկացության նշված ընկալումն էլ պետք է կանխորոշի վերանայման վարույթի բովանդակությունը, ծավալը, շրջանակները, խնդիրները և դրա շրջանակներում լուծման ենթակա հարցերը: Ըստ այդմ, դատական ակտի վերանայման վարույթի, նույնն է, թե գործի նորոգման վարույթի շրջանակներում պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցառումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեն նաև գործի վերաքննություն այն ծավալով, ինչը հնարավոր է միայն հակասահմանադրական նորմ կիրառած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման և անձի խախտված իրավունքով պայմանավորված` դատական ակտի` համապատասխան մասով (կամ ամբողջությամբ) վերանայման պայմաններում: Վերանայման ինստիտուտը կարող է ծառայել իր նպատակին միայն այն դեպքում, երբ ապահովվի տվյալ գործի նորոգում` կիրառված կոնկրետ նորմի հակասահմանադրականության կոնկրետ փաստի ճանաչման պայմաններում և շրջանակներում: Հաշվի առնելով միջազգային իրավական մոտեցումները` սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ չնայած գործի նորոգման ինստիտուտը քրեական և քաղաքացիական վարույթներում ունի իր առանձնահատկությունները, այսուհանդերձ, դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը մեկ նպատակ է հետապնդում` անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության երաշխավորում:

Հիմք ընդունելով վերոհիշյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանմանը: Ինչ վերաբերում է բեկանման արդյունքում իրավասու մարմնի լիազորություններին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ պայմանավորված յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններով` տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանված ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս առանց նոր քննության կայացնելու նոր դատական ակտ` հաշվի առնելով կիրառված իրավանորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված լինելու փաստը:

Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայումն այն բացառիկ դեպքերից է, երբ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու և սահմանադրական դատարանի որոշումների ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման նպատակները գերակայում են res judicata դոկտրինայի հիմքում ընկած սկզբունքների, մասնավորապես` իրավական որոշակիության սկզբունքի, նկատմամբ: Այս հանգամանքը շեշտադրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում: Մասնավորապես, այս խնդրի առնչությամբ Եվրոպական դատարանը նշում է, որ «...իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ: Քրեական գործի վարույթը նորոգելու հնարավորությունն ինքնին համատեղելի է Կոնվենցիայի հետ, ներառյալ` 6-րդ հոդվածի երաշխիքները: 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետը հստակորեն թույլատրում է նոր փաստերի կամ նախորդ վարությում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը» (Քսերաժն ընդդեմ Ալբանիայի Xheraj v. Albania գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 52-53-րդ կետեր):

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման պահանջի մերժումը չի կարող հիմնավորվել res judiacata դոկտրինայի, մասնավորապես, դրա հիմքում ընկած իրավական որոշակիության սկզբունքի պահպանման նկատառումներով և անհրաժեշտությամբ:

8. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդրո առարկա սահմանադրաիրավական վեճը դիտարկել նաև գործառույթ - ինստիտուտ - իրավասություն եռամիասնական սահմանադրական ներդաշնակության ապահովման տեսանկյունից:

Այսպես. նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման վարույթի շրջանակներում իրականացվում է օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի առկայության պայմաններում խախտված իրավունքի վերականգնման գործառույթ, որն ունի իր ուրույն խնդիրներն ու նպատակները: Այս գործառույթի արդյունավետ իրականացումը կարող է ապահովվել հաշվի առնելով դրա բովանդակությամբ, խնդիրներով ու նպատակներով պայմանավորված առանձնահատկությունները, բացառելով հակասահմանադրական նորմ բովանդակող վերանայվող դատական ակտն ուժի մեջ թողնելու հնարավորությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատական ակտը վերանայման արդյունքում ուժի մեջ թողնելը չի երաշխավորում դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորություն` թույլ չտալով նաև դատական ակտերի վերանայման նպատակի ու խնդիրների իրացում, և միաժամանակ արգելափակելով անձի սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը: Տվյալ իրավիճակում չի ապահովվում նաև իրավունքի գերակայության, հետևաբար` և Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմում «դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով» դրույթն առաջին հերթին վերաբերում է նոր հանգամանքի հիման վրա գործի նորոգման արդյունքում կազմակերպված գործի քննությանը: Գործի քննության ընդհանուր կարգը կարող է կիրառվել միայն հակասահմանադրական ճանաչված նորմ կիրառած համապատասխան դատական ակտերի բեկանմանը հաջորդող` գործի նոր քննության առնչությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.36-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման բողոքները, ի թիվս այլ վավերապայմանների, պետք է բովանդակեն դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր հանգամանքի շարադրանքը և բողոքին կցվեն նոր հանգամանքը հաստատող նյութերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.37-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը: Վերանայման բողոքին ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածներով ներկայացված պահանջների և վարույթի հարուցումը մերժելու` խնդրո առարկա հիմքի համադրված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ եթե բողոք բերող անձն իր բողոքում պարտավոր է շարադրել վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքը` ներկայացնելով նոր հանգամանքը հաստատող ապացույց, ապա իրավասու դատարանը վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ, նույնն է, թե` բողոքի ընդունելիության փուլում պարտավոր է ստուգել համապատասխան ապացույցի առկայությունը և ոչ թե գնահատել դրա հնարավոր իրավական հետևանքներն ու դրա հիման վրա բողոքի մերժման կամ բողոքն ընդունելու խնդիր լուծել: Միանշանակ է, որ նոր հանգամանքի առկայությունն անհրաժեշտ ու բավարար հիմք է վերանայման վարույթ սկսելու և հակասահմանադրական նորմ բովանդակող դատական ակտն ուժը կորցրած ճանաչելու համար` հաղթահարելով հակասահմանադրական նորմի կիրառման իրավական հետևանքները:

9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթը կարող է ապահովել այդ վարույթի սահմանադրաիրավական նպատակի ու խնդիրների իրացումն այդ վարույթի հետևյալ սահմանադրաիրավական բովանդակության պարագայում.

ա) վերանայման բողոքում նոր հանգամանքի շարադրանքի և նոր հանգամանքը հաստատող ապացույցի առկայությունը, ի լրումն բողոքին ներակայացվող մյուս վավերապայմանների առկայության, բավարար հիմք է վերանայման վարույթ հարուցելու համար,

բ) վերանայման պահանջը կարող է մերժվել, եթե միայն հարուցված վերանայման վարույթի շրջանակներում բողոքի քննության արդյունքներով պարզվում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ դատական ակտը վերանայելու համար հիմք չէ, այսինքն` այդ հանգամանքը տվյալ դեպքում նոր հանգամանք չի հանդիսանում. ընդ որում, այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը տվյալ նորմը հակասահմանադրական ճանաչելով` տարաժամկետել է այդ նորմի ուժը կորցնելը, սահմանադրական դատարանի 2007թ. մայիսի 11-ի ՍԴՈ-701 որոշմանը համապատասխան, տարաժամկետման հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք չդիտարկելու համար: Այն դեպքում, երբ սահմանադրական դատարանի կողմից դրույթը հակասահմանադրական է ճանաչվել «այս կամ այն մասով», «այնքանով, որքանով», ապա տվյալ որոշումը դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք է հանդիսանում, եթե տվյալ նորմը տվյալ անձի նկատմամբ այդ մասով կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

գ) եթե վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր հանգամանքի առկայության փաստը, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտերը:

10. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, ապա այս առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել իր` 2011թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը, որի եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19, 93-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն «իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի (իրավական այլ նորմի) կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով, վերականգնելու հնարավորություն չի ընձեռում»: Նշված որոշման պատճառաբանական մասի 11-րդ կետում սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «իրավական ակտերի սահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից որպես նոր հանգամանք ճանաչելու հարցը թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական և թե՛ վարչական դատավարությունում համալիր ու անհետաձգելի կարգավորման անհրաժեշտություն ունի` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները»:

Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 204.33-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի բովանդակությունը համարժեք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված դրույթի բովանդակությանը և իրավակիրառական պրակտիկայում դրան տրվել է նույն բովանդակությունը, ինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված դրույթին` սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հիմնվում է 2011թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վրա և գտնում է, որ այդ իրավական դիրքորոշումները հավասարապես վերաբերում են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասին:

11. Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական դատարանն իր մի քանի որոշումներում արձանագրել է Հայաստանի Հանրապետությունում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորման անարդյունավետությունը, այնուամենայնիվ, այդ ինստիտուտը շարունակում է մնալ անկատար: Նշված հանգամանքը նկատի ունենալով` սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում ընդգծել նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ողջ մեթոդաբանության հիմնավոր վերարժեվորման անհրաժեշտությունը` գտնելով, որ այդ ինստիտուտի իրավակարգավորման մեթոդաբանությունը պետք է խարսխվի պետության` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանելու պարտավորության հենքի վրա:

Անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանավորված անհատական սահմանադրական գանգատի այս կամ այն մոդելի ընտրությամբ և առանձնահատկություններով` սահմանադրական արդարադատության մարմինների որոշումների հիման վրա` խախտված սահմանադրական իրավունքների վերականգնման մեխանիզմները տարբեր են: Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտ ունեցող երկրներում խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումն իրականացվում է հենց սահմանադրական դատարանի կողմից, որը, հակասահմանադրական ճանաչելով վիճարկվող նորմը կամ նորմի կիրառումը, միաժամանակ վերացնում է նաև հակասահմանադրական նորմ կիրառած կամ անձի սահմանադրական իրավունքը խախտած դատական ակտը: Նման մեխանիզմի դեպքում պետությունն ինքն է ապահովում խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումը սահմանադրական արդարադատության շրջանակներում` կատարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության իր պարտավորությունը: Այն երկրներում, որտեղ սահմանադրական վերահսկողության օբյեկտ են հանդիսանում միայն դատական ակտերով կիրառված օրինադրույթները, խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը երաշխավորվում է սահմանադրական դատարանների որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի միջոցով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտերի վերանայման արդյունավետ ինստիտուտի գոյությունը ևս պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ պետությունը պետք է ապահովի խախտված իրավունքների վերականգնումը, քանզի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտավորությունը ենթադրում է, որ պետությունն ինքն է պատասխանատու դատական ակտերով խախտված իրավունքների վերականգնման համար: Պետության նման պարտավորության կատարումն ապահովելու բավականին արդյունավետ միջոց է դատական ակտերի վերանայումն իրավունքի ուժով: Այս մեթոդաբանությունն է ընկած, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորման հիմքում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հետագա ամրապնդման տեսանկյունից հանրապետությունում օրենսդրական զարգացումները պետք է ընթանան նշված մեթոդաբանությունը հաշվի առնելու ուղղությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասը` սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, որը բացառում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը` սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, որը բացառում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Իրավակիրառական պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այլ կերպ, որը կհակասի դրանց` սույն որոշման մեջ արտահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը:

i

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի նորմի կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6, 18, 19, 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

5. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմի` որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ անձանց իրավունքների պաշտպանության հարցի լուծման ու անհրաժեշտ իրավական անվտանգության երաշխավորման առումով, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2011թ. նոյեմբերի 1-ը:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 հուլիսի 2011 թվականի

ՍԴՈ-984

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.07.2011
N ՍԴՈ-984
Որոշում