Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/6541/05/18

    դատարանի որոշում                      2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6541/05/18

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Արսեն Պետիկյանի ներկայացուցիչ Կոստանտ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արսեն Պետիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 12.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0296480 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արսեն Պետիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 12.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0296480 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.10.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Պետիկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ և 267-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց բացակայությամբ: Արձանագրությունում բացակայում է նրա ստորագրությունը կամ նշում այն մասին, որ հրաժարվել է այն ստորագրելուց: Բացի այդ, իրավախախտում կատարած անձին չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, արձանագրությունը հասցեատիրոջն ուղարկվել է փոստային առաքմամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման պահից անձը զրկված է եղել վարչական մարմնի առջև արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.10.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Տիրան Աբգարյանի կողմից 14.03.2018 թվականին կազմվել է թիվ 0313474 արձանագրությունը, որի համաձայն` «Համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես` «34VF810» պետհամարանիշով «MERCEDES-BENZ E 200» մակնիշի տրանսպորտային միջոցը 10.03.2018 թվականին` ժամը 18:46-ից մինչև 19:03-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 26.12.2017 թվականի թիվ 89-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի կայանատեղի տեղական պարտադիր գանձույթը» (գ.թ. 27):

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 12.04.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0296480 որոշմամբ Արսեն Պետիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «34VF810» պետհամարանիշով «MERCEDES-BENZ E 200» մակնիշի տրանսպորտային միջոցը 10.03.2018 թվականին` ժամը 18:46-ից մինչև 19:03-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում` առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով արձանագրության կազմման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարույթի ժամանակ օրենսդրի կողմից առաջադրված խնդիրների լուծման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ յուրաքանչյուր գործ քննության նախապատրաստելիս պարտավոր է պարզել, ի թիվս այլնի, նաև այն հարցը, թե արդյոք ճիշտ է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

i

Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված` նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը որոշում է տվյալ համայնքի ավագանին:

i

Երևան քաղաքի ավագանին, ղեկավարվելով վերոգրյալ օրենքով իրեն վերապահված լիազորությամբ, 25.12.2012 թվականին ընդունել է «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» թիվ 563-Ն որոշումը: Նշված որոշման հավելվածի համաձայն`

«(...) 9. Անմիջական հսկողությունն իրականացվում է ավտոկայանատեղի կազմակերպչի նշանակած կամ լիազորած անձի (անձերի) (այսուհետ` կարգավարների), իսկ էլեկտրոնային համակարգերով իրականացվող հսկողությունը` շրջիկ կարգավարների կամ այլ համակարգերի միջոցով:

10. Կարգավարի (շրջիկ կարգավարի) գործառույթներն են.

1) վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի կայանման համար վճարի վճարված լինելու փաստի ստուգումը,

2) վճարման բացակայության կամ տվյալ ժամանակահատվածի համար վճարը վճարված չլինելու դեպքում.

ա. տուգանքի վերաբերյալ արձանագրության կազմումը, եթե կարգավարը (շրջիկ կարգավարը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձ է,

բ. տուգանքի վերաբերյալ արձանագրություն կազմելու համար Երևանի քաղաքապետին է ներկայացնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (ապացույցները), եթե կարգավարը (շրջիկ կարգավարը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձ չէ (...):

11. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարը չվճարելու տուգանքի վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տուգանվող անձի կողմից կայանած ավտոտրանսպորտային միջոցի մակնիշն ու հաշվառման համարանիշը,

2) արձանագրություն կազմելու ժամանակը,

3) տուգանքի իրավական հիմքերը,

4) տվյալ ավտոկայանատեղի հասցեն,

5) տուգանքի չափը,

6) տուգանքի վճարման համար գործող բանկային հաշվեհամարը,

7) տուգանքը վճարողի անունը, ազգանունը, ստորագրությունը (հնարավորության դեպքում), նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

12. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի ա) պարբերությամբ նախատեսված դեպքում տուգանքի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Արձանագրություններից մեկը դրանք կազմելու օրը, իսկ եթե դա անհնար է, ապա այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը, փոխանցվում է Երևանի քաղաքապետին, իսկ մյուս օրինակը` պատշաճ ձևով ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձին:

13. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի բ) պարբերությամբ նախատեսված դեպքում տուգանքի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձի կողմից` ավտոկայանատեղի կազմակերպչի ներկայացրած փաստաթղթերի (ապացույցների) հիման վրա, որոնցից մեկը նույն օրը, իսկ եթե դա անհնար է, ապա այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը, պատշաճ ձևով ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձին (...)»:

Վերոգրյալ իրավադրույթներից հետևում է, որ Երևան քաղաքի ավագանին, սահմանելով Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը, նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրության կազմման այլ կարգ, որը տարբերվում է այդպիսի արձանագրության կազմման` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ամրագրված կանոններից: Մասնավորապես` Երևան քաղաքի ավագանու վերոգրյալ որոշման համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվում է առանց իրավախախտի մասնակցության և կազմվելուց հետո ուղարկվում է այդ անձին:

i

Մինչդեռ տվյալ դեպքում կիրառելի է ոչ թե Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշմամբ սահմանված` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու և հետո վերջինիս ուղարկելու կանոնը, այլ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կազմելու և առձեռն վերջինիս հանձնելու կանոնը: Նշված դատողությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գործող` իրավական ակտերի աստիճանակարգության վրա, որի համաձայն` օրենքը (տվյալ դեպքում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը) ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան համայնքի ավագանու որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը ձևական բնույթ չի կրում, քանի որ ենթադրյալ իրավախախտին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրելու` արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում ողջ վարչական վարույթի ընթացքում ենթադրյալ իրավախախտի իրավունքների իրացումն ապահովելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու իմպերատիվ պահանջը նպատակ է հետապնդում նաև ապահովելու վարչական իրավախախտման պատշաճ սուբյեկտի պարզման հնարավորությունը: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու պայմաններում հնարավոր կլինի պարզել վարչական իրավախախտման սուբյեկտին, որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վերջինիս հնարավոր կլինի ենթարկել վարչական պատասխանատվության:

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ (տե՛ս, Գառնիկ Վերմիշյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտով` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 12.04.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0296480 որոշմամբ, Արսեն Պետիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «34VF810» պետհամարանիշով «MERCEDES-BENZ E 200» մակնիշի տրանսպորտային միջոցը 10.03.2018 թվականին` ժամը 18:46-ից մինչև 19:03-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում` առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը:

Նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Տիրան Աբգարյանի կողմից 14.03.2018 թվականին կազմվել է թիվ 0313474 արձանագրությունը, որի համաձայն` համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշներն իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես` «34VF810» պետհամարանիշով «MERCEDES-BENZ E 200» մակնիշի տրանսպորտային միջոցը 10.03.2018 թվականին` ժամը 18:46-ից մինչև 19:03-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 26.12.2017 թվականի թիվ 89-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի կայանատեղի տեղական պարտադիր գանձույթը:

Դատարանը բավարարել է Արսեն Պետիկյանի վիճարկման հայցը, պատճառաբանելով, որ վարչական վարույթի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր 14.03.2018 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 0313474 արձանագրությունը հայցվորի ներկայությամբ կազմված լինելու փաստի մասին, մասնավորապես, արձանագրության մեջ բացակայում է հայցվորի ստորագրությունը, բացակայում է նաև նշում` արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու մասին, ինչը ողջամիտ կասկած է հարուցում արձանագրությունը հայցվորի բացակայությամբ կազմած լինելու վերաբերյալ, պատասխանողը դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ որևէ կերպ ապահովվել է արձանագրության կազմմանը հայցվորի մասնակցությունը, ուստի արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը բեկանել, փոփոխել ու հայցը մերժել է, պատճառաբանելով, որ հայցվորի իրավունքների որևէ խախտում առկա չէ, քանի որ բավականաչափ հետաքրքրվածություն դրսևորելու պարագայում հայցվորը կարող էր մասնակից դառնալ վարչական վարույթին, որի մասին վերջինս ծանուցվել էր, և հնարավորություն ուներ թե իրազեկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների և պարտականությունների մասին, թե իրականացնելու իր լսված լինելու իրավունքը` ներկայացնելով իր բացատրություններն ու առարկություններն իրեն վերագրվող խախտման վերաբերյալ: Բացի այդ, խնդրո առարկա արձանագրությունը փաստացի ստացվել է հայցվորի կողմից, որպիսի պարագայում էական որևէ առանձնահատկություն կապված արձանագրությանը ծանոթանալու ժամանակագրության հետ, չի կարող լինել:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Տիրան Աբգարյանի կողմից 14.03.2018 թվականին կազմված թիվ 0313474 արձանագրությունում բացակայում է վարչական իրավախախտում կատարած անձի` Արսեն Պետիկյանի ստորագրությունը, ինչպես նաև առկա չէ նշում այն մասին, որ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է այն ստորագրելուց, բացակայում է նաև նշում այն մասին, որ իրավախախտում կատարած անձին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Ավելին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշման հավելվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված` արձանագրությունն ուղարկելու պարտականությունը, չի բացառում վարչական մարմնի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված պարտականության կատարումը:

Փաստորեն, Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 12.04.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0296480 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի խախտմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Արսեն Պետիկյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով հայցադիմում ներկայացնելու, ինչպես նաև դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից:

i

Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության այն մեկնաբանությունը, որի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

i

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանող վարչական մարմինը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի և հայցվոր Արսեն Պետիկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքերի գումարները, որոնց վճարումից Արսեն Պետիկյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով այդ պետական տուրքերի գծով ծախսի կատարումը անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից` դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արսեն Պետիկյանը տվյալ դեպքում հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Քաղաքապետարանը վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրք, հետևաբար ներկայացված հայցը բավարարվելու պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 02.10.2018 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/6541/05/18
Որոշում