Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶ Թ.ԹԱԴԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԿԴ3/0018/06/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0018/06/18

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20860118 քրեական գործը:

i

Նախաքննական մարմնի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Ստեփան Միխաիլի Միրզոևը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Ստեփան Միրզոևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

3. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ մերժվել է Ս.Միրզոևին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:

4. Վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

5. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1):

_______________________

i

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին(2):

_______________________

2) Տե՛ս նյութեր, թերթ 105:

 

7. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքի և գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ին: Որոշման օրինակը` Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 10-ին: Հետևաբար` դատախազ Թ.Թադևոսյանի համար վիճարկվող դատական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 00:00-ից և ավարտվել` նույն թվականի դեկտեմբերի 17-ին` ժամը 24:00-ին (ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվան` 2018 թվականի դեկտեմբերի 15-ին): Սակայն, վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2018 թվականի դեկտեմբերի 18-ին»(3):

_______________________

3) Տե՛ս նյութեր, թերթեր 108-110:

 

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, RR248708765AM բեռնային համարով ուղարկվել է Վերաքննիչ դատարան(4): «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև «Հայփոստ» ՓԲԸ) պաշտոնական կայքէջի համաձայն` RR248708765AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին(5):

_______________________

4) Տե՛ս նյութեր, թերթ 106:

5) Տե՛ս https://www.haypost.am/hy/track-and-trace:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ բողոք ներկայացնելու ժամկետի ընթացքն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին` ժամը 24:00-ին, սակայն առանց պատճառաբանության եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել նույն թվականի դեկտեմբերի 18-ին` օրենքով սահմանված ժամկետից 1 օր անց: Մինչդեռ բողոքը փոստային ծառայությանը հանձնվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, ինչի մասին է վկայում թիվ RR248708765AM բեռնային համարով փոստային առաքման վերաբերյալ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում առկա համապատասխան տեղեկատվությունը: Նշվածից հետևում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է ժամկետի պահպանմամբ, որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը բողոքը պետք է ընդուներ վարույթ և քննության առներ:

10. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 8-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

12. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` (...) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև` դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումները բողոքարկելու լիազորությունը: Դատական ակտերը բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է(6):

_______________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նարեկ Հարությունյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը:

 

i

12.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը (...): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (...)

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ բողոք բերվում են`

(...)

3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

13. Վճռաբեկ դատարանը, դատախազի` դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի համատեքստում անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, կրկնում է, որ դատախազի` դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի պատշաճ իրացումն ապահովելու համար, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, դատարանների եզրահանգումները պետք է հիմնվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքների վրա: Մասնավորապես, առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս որպես հիմք կարող են ընդունվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով ձեռք բերված տվյալները(7):

_______________________

i

7) Տե՛ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին(8),

_______________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, ուղարկվել է Վերաքննիչ դատարան: «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին(9),

_______________________

9) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննիչ բողոքարկման ժամկետի ընթացքը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 00:00-ից և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվան, հետևաբար ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 2018 թվականի դեկտեմբերի 17-ը, սակայն վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել նույն թվականի դեկտեմբերի 18-ին(10):

_______________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը 2018 թվականի դեկտեմբերի 17-ն է, սակայն ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել բողոքը ժամկետանց լինելու մասին: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, 2018 թվականի դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Վերաքննիչ դատարան, ինչը հավաստվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում առկա տվյալներով(11): Հետևաբար ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ուղարկվել սահմանված ժամկետում:

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետը բաց թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնված չէ հստակ և որոշակի փաստական տվյալների վրա:

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

i

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(12):

_______________________

i

12) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԿԴ3/0018/06/18
Որոշում