Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ, 223...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ, 223-ՐԴ, 226-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԱՎԴ/2827/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2827/02/17       2021 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի (այսուհետ` Համայնք) ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդուշ Հակոբյանի ընդդեմ Համայնքի ղեկավարի, Համայնքի ավագանու` Վարդուշ Հակոբյանին աշխատանքից ազատելու մասին Համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի թիվ 13 կարգադրությունն անվավեր ճանաչելու, Համայնքի ավագանու 13.07.2017 թվականի թիվ 04 նիստի թիվ 18 որոշումն անվավեր ճանաչելու, Վարդուշ Հակոբյանին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված աշխատավարձը, արձակուրդայինը և այլ հասանելիք գումարները բռնագանձելու և աշխատանքային գրքույկում համապատասխան ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդուշ Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի թիվ 13 կարգադրությունը, Համայնքի ավագանու 13.07.2017 թվականի թիվ 04 նիստի թիվ 18 որոշումը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված աշխատավարձը, արձակուրդայինը և այլ հասանելիք գումարները, ինչպես նաև աշխատանքային գրքույկում կատարել համապատասխան ուղղում:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մատինյան) 11.05.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2018 թվականի որոշմամբ Վարդուշ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 11.05.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

i

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 17.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` Դատարանը վճռել է Համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի թիվ 13 կարգադրությունը ճանաչել անվավեր, Վարդուշ Հակոբյանին վերականգնել նախկին աշխատանքում, Համայնքից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարը, սահմանված ժամկետի խախտումով վճարված աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար` սկսած 14.07.2017 թվականից մինչև 30.08.2017 թվականը հաշվարկվել տուժանք 145.000 ՀՀ դրամի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը և այդ գումարը Համայնքից բռնագանձել հօգուտ Վարդուշ Հակոբյանի, աշխատանքային գրքույկում համապատասխան ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջը` մերժել, իսկ քաղաքացիական գործի վարույթը` Համայնքի ավագանու 13.07.2017 թվականի թիվ 04 նիստի թիվ 18 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.11.2019 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ղեկավարը (ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդուշ Հակոբյանը (ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 72-րդ, 73-րդ հոդվածները, 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի սկզբնական քննությունն իրականացվել է նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, որով գործին մասնակցող անձի կողմից վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով ցուցմունք տալը որպես ապացույցի տեսակ նախատեսված չի եղել և այդ ժամանակ Համայնքի ղեկավարի կողմից վկայի կարգավիճակում ցուցմունքներ չեն տրվել վերջինիս կամքից անկախ պատճառներով, իսկ գործի նոր քննության ընթացքում Դատարանը պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը` Համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին (ովքեր հանդիսանում են գործին մասնակցող անձինք` պատասխանողներ) որպես վկա լսելու վերաբերյալ մերժել է` պատճառաբանելով, թե գործի նոր քննության ընթացքում նոր ապացույցներ չեն կարող ներկայացվել: Մինչդեռ, Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, պետք է թույլատրեր Համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին` վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով ցուցմունք տալ, և ավելին` հայցվոր Վարդուշ Հակոբյանի կողմից տրված ցուցմունքների հետ հակասություն լինելու դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի դրույթների համաձայն կողմերին հարցաքններ առերես` պարզելու սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե պատասխանողը հայցվորից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջել է, թե ոչ:

Բացի այդ, Դատարանը գտել է, որ համայնքի ղեկավարի հայտարարությունները ցուցմունք գնահատելու պարագայում չի կարող հաստատվել գրավոր բացատրություն պահանջելու փաստը, քանի որ դա բավարարության տեսանկյունից համոզիչ չէ այն պատճառաբանությամբ, որ հայտարարությունն անողը հենց պայմանագիրը լուծող, այսինքն` շահագրգիռ անձն է, այնինչ հարկ է նկատել, որ հակառակ կողմից հայտարարություն անողն էլ հենց հայցվորն է և նույնպես շահագրգիռ անձ է, ուստի երկու կողմերի տրված ցուցմունքների միջև հակասություն լինելու դեպքում նշանակում է, որ երկուսից մեկը սուտ ցուցմունք է տվել դատարանում և ենթակա էր քրեական պատասխանատվության, որպիսի հանգամանքն անտեսվել է թե՛ առաջին ատյանի, և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 380-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ պատճառաբանել բողոքարկվող դատական ակտը, արձանագրել է, որ կարգադրության մեջ շարադրված չեն այն պատճառները և փաստական հանգամանքները` կապված գործատուի կողմից աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հետ, այսինքն` չկա նշում կոնկրետ աշխատողին աշխատանքից ազատելու համար էական փաստական տեղեկությունների մասին, ինչը հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի համար հանգելու հետևության, որ հիշյալ անհատական իրավական ակտը անկախ մյուս վիճելի և անվիճելի փաստարկներից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բոլոր դեպքերում ենթակա էր անվավեր ճանաչման:

i

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանվել են վերաքննիչ դատարանի լիազորությունները և նշված հոդվածով սահմանված չէ լիազորություն` մերժելու վերաքննիչ բողոքը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ: Այսինքն` սույն դեպքում Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հաստատել է նոր փաստ այն մասին, որ Վարդուշ Հակոբյանին աշխատանքից ազատելու մասին կարգադրության մեջ բացակայում է աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական հիմքը (քանի որ նման հանգամանք սույն գործով իրականացված դատավարությունների ժամանակ երբևէ չի քննարկվել և որևէ դատարան նման փաստի անդրադարձ կատարած չի եղել)` մերժելով վերաքննիչ բողոքը, ինչը պարզապես վճիռը լրացուցիչ պատճառաբանել չի նշանակում, ինչպես փորձել է ներկայացնել Վերաքննիչ դատարանը, այլ նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի դրույթները: Ավելին, Վերաքննիչ դատարանը որոշման նմանօրինակ պատճառաբանությունը փորձել է հիմնավորել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի դրույթների լույսի ներքո, սակայն պետք է փաստել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը վերաբերում է միայն գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելուն և չի կարող մեկնաբանվել որպես աշխատանքից ազատելու վերաբերյալ կարգադրությունում` աշխատողի կողմից թույլ տրված խախտմանը վերագրվող բոլոր գործողություններն ու անգործությունը մանրամասն շարադրելու պարտադիր պահանջ սահմանող դրույթ:

i

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դրույթի իմաստով հայցվորին աշխատանքից ազատելու մասին կարգադրության մեջ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական հիմքը նշված չլինելուն, ապա պետք է փաստել, որ Վարդուշ Հակոբյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ կարգադրությունում որպես աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմք հղում է կատարվել Համայնքի ավագանու 13.07.2017 թվականի թիվ 04 նիստի թիվ 18 որոշմանը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես աշխատանքից ազատելու վերաբերյալ կարգադրությունում աշխատողի կողմից թույլ տրված խախտմանը վերագրվող բոլոր գործողություններն ու անգործությունը մանրամասն շարադրելու պարտադիր պահանջ սահմանող դրույթ:

 

i

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11.2019 թվականի որոշումը, Վարդուշ Հակոբյանի հայցը մասնակի` աշխատանքից ազատելու մասին Համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի թիվ 13 կարգադրությունն անվավեր ճանաչելու, Վարդուշ Հակոբյանին նախկին աշխատանքում վերականգնելու, 14.07.2017 թվականից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարը բռնագանձելու պահանջների մասով, մերժել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Պատասխանողը վճռաբեկ բողոքում անհիմն դատողություններ է կատարել չարաշահումների վերաբերյալ, մինչդեռ նախքան չարաշահման հանգամանքը վկայակոչելը` պատասխանողը պետք է հիմնավորեր, որ ծնողական վճարները հավաքագրվել են ամբողջությամբ, պետք է հիմնավորեր, թե ով է պատասխանատու ծնողական վճարների հավաքագրման համար, ի պաշտոնե կամ պաշտոնի անձնագրով այդ պարտականությունն ում վրա է դրված, որից հետո նոր ինչ-որ եզրահանգումներ կատարեր` հիմնվելով ոչ թե ապօրինաբար ստեղծված հանձնաժողովի և դրա կազմած ապօրինի ակտի վրա, այլ աուդիտի կողմից տրված արժանահավատ եզրակացության վրա:

Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը ևս անհիմն է, քանի որ պատասխանողը որևէ կերպ չի հիմնավորել, որ գրավոր բացատրություն է պահանջել Վարդուշ Հակոբյանից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

i

1. ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի 19.03.2009 թվականի թիվ 15 կարգադրության համաձայն` հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 15-րդ կետը և համայնքի ավագանու 19.03.2009 թվականի թիվ 3/1 որոշումը 19.03.2009 թվականից «Մրգավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Վարդուշ Հակոբյանը` համաձայն իր դիմումի (հատոր 1-ին, գ.թ. 7),

i

2. ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի «Աշխատանքից ազատելու մասին» թիվ 13 կարգադրության համաձայն` ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Մրգավան համայնքի ավագանու 13.07.2017 թվականի թիվ 04 նիստի թիվ 18 որոշումը` 14.07.2017 թվականից «Մրգավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Վարդուշ Հակոբյանն ազատվել է աշխատանքից, հանձնարարվել է հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ (հատոր 1-ին, գ.թ. 47),

3. 29.10.2018 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է Համայնքի ղեկավարին և Համայնքի ավագանու անդամներին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ Համայնքի ղեկավարի ներկայացուցչի միջնորդությունը` գործի նոր քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու անհնարինության պատճառաբանությամբ (հատոր 3-րդ, գ.թ. 12-14),

4. Դատարան ներկայացված հայցադիմումը չի պարունակել նշում Վարդուշ Հակոբյանին աշխատանքից ազատելու մասին Համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի թիվ 13 կարգադրությունը` փաստական հիմքի բացակայության պատճառաբանությամբ անվավեր ճանաչելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 2-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործին մասնակցող անձի` որպես վկայի ցուցմունքի գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

ա) գործին մասնակցող անձի` որպես վկայի ցուցմունքի արժանահավատության գնահատման առանձնահատկություններին այն պարագայում, երբ տվյալ ցուցմունքով հաստատվող փաստի ապացուցման պարտականությունը կրում է տվյալ գործին մասնակցող անձը.

բ) ոչ լրիվ վերաքննության իրավական կառուցակարգի պայմաններում վերաքննության սահմաններին:

 

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը (...) 3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածին` իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում նշված նորմը կրում է իմպերատիվ (պարտադիր) բնույթ, որի համաձայն` գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է մինչև կարգապահական տույժի կիրառումը (տե՛ս Ալբերտ Ջանիբեկյանն ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2998/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` ապացույցի տեսակներն են`1) վկայի ցուցմունքը, 2) գրավոր ապացույցները, 3) իրեղեն ապացույցները, 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները, 5) փորձագետի եզրակացությունը, 6) մասնագետի բացատրությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` նույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է գործին մասնակցող անձին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը գործին մասնակցող անձից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն` վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց` դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան` գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար: Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը: Գնահատելով վկայի ցուցմունքները` դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը, նախազգուշացնելով վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կարող է ակնկալել, որ վկայի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել (տե՛ս, Երեմ Հովսեփյանն ընդդեմ Աշոտ Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Նախկին օրենսգիրք) որպես ապացույցի ինքնուրույն տեսակ նախատեսված էր նաև գործին մասնակցող անձի ցուցմունքը: Այսպես` Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1) գրավոր և իրեղեն ապացույցներով, 2) փորձագետների եզրակացություններով, 3) վկաների ցուցմունքներով, 4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկինում կայացված որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև քաղաքացիադատավարական օրենսդրությունը չի նախատեսել կարգավորում գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալուց առաջ վերջինիս քրեական պատասխանատվության մասին նախազգուշացվելու վերաբերյալ ստորագրություն վերցնելու մասին, սակայն դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ դատարանները, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված` սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվությունը, գործնականում ցուցմունք տվող գործին մասնակցող անձից, վկայի կողմից ցուցմունք տալու նմանությամբ, վերցրել են ստորագրություն նշված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, որը կցվել է դատական նիստի արձանագրությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն արդեն նախատեսել է գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալու ընթացակարգը, մասնավորապես` սահմանելով, որ գործին մասնակցող անձը նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, նրանից ստորագրություն է վերցվում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը (տե՛ս, Ռաֆիկ Ղազարյանն ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ թիվ ԵԱՔԴ/3187/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Նախկին օրենսգրքում որպես ապացույցի ինքնուրույն տեսակ նախատեսված է եղել նաև գործին մասնակցող անձի ցուցմունքը, այդուհանդերձ, նախկին իրավակարգավորումները չեն պարտավորեցրել դատարաններին գործին մասնակցող անձին նախազգուշացնել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին` նրանից ստորագրություն վերցնելով նախազգուշացման մասին: Մինչդեռ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում դատարանները գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող են թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ, ընդ որում` գործին մասնակցող անձինք ցուցմունք են տալիս վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` ստորագրությամբ նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ որևէ փաստի առկայության կամ բացակայության մասին ցուցմունք է տալիս գործին մասնակցող անձը, ով գործի լուծման հարցում ունի իրավական շահագրգռվածություն, ապա դատարանները, հաշվի առնելով գործին մասնակցող անձի` սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու հանգամանքը, պարտավոր են որպես ապացույց գնահատել գործի ելքով շահագրգռված գործին մասնակցող անձի ցուցմունքը` համարելով, որ գործին մասնակցող անձի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել: Այլ կերպ ասած` դատարանները պետք է ելնեն գործին մասնակցող անձի ցուցմունքի հավաստիության կանխավարկածից, քանի դեռ այլ ապացույցներով չի հերքվել գործին մասնակցող անձի հայտնած տեղեկությունների ճշմարտացիությունը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ օրենսդիրը, նախատեսելով գործին մասնակցող անձի կողմից վկայի համար սահմանված կարգով ցուցմունք տալու հնարավորություն, ըստ էության, գործուն երաշխիք է նախատեսել գործին մասնակցող անձի ցուցմունքը որպես արժանահավատ ապացույց գնահատելու տեսանկյունից, քանի որ ցուցմունք տալ պատրաստվող գործին մասնակցող անձը, նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ըստ էության պետք է գիտակցի ճիշտ ցուցմունք տալու կարևորությունը և այն չպահպանելու իրավական հետևանքները` անկախ գործի ելքով շահագրգռված լինելու հանգամանքից:

 

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դատարան ներկայացված հայցի հիմքում, ի թիվս այլնի, դրվել է նաև այն հանգամանքը, որ Վարդուշ Հակոբյանի նկատմամբ «աշխատանքային պայմանագրի լուծում» կարգապահական տույժի տեսակը կիրառվել է առանց աշխատողից կարգապահական խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու:

Դատարանը 29.10.2018 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում արձանագրային որոշմամբ մերժել է ի հավաստումն գործատուի կողմից աշխատողից մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացատրություն պահանջելու փաստի` Համայնքի ղեկավարին և Համայնքի ավագանու անդամներին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ Համայնքի ղեկավարի ներկայացուցչի միջնորդությունը` գործի նոր քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու անհնարինության պատճառաբանությամբ: Միաժամանակ Դատարանը, մասնակի բավարարելով հայցը, վճռում պատճառաբանել է, որ «(...) գործում առկա չէ որևէ ապացույց, որ պատասխանող համայնքի ղեկավարը մինչև հայցվորին աշխատանքից ազատելը, այսինքն` մինչև կարգապահական տույժի կիրառումը, հայցվորից պահանջել է խախտման մասին գրավոր բացատրություն: Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի բանավոր հայտարարություններին, թե հայցվորից պահանջել է գրավոր բացատրություն, ապա դատարանը փաստում է, որ նույնիսկ այդ հայտարարությունները ցուցմունք գնահատելու պարագայում չի կարող հաստատվել գրավոր բացատրություն պահանջելու փաստը, քանի որ դա բավարարության տեսանկյունից համոզիչ չէ այն պատճառաբանությամբ, որ հայտարարությունն անողը հենց պայմանագիրը լուծող, այսինքն` շահագրգիռ անձն է: (...)»:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ Դատարանի վերոհիշյալ եզրահանգումներն իրավաչափ են:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությունը` արձանագրում է, որ շահագրգիռ անձ հանդիսանալու հիմքով գործին մասնակցող անձի ցուցմունքը համոզիչ չհամարելը իմաստազրկում է գործին մասնակցող անձի ցուցմունքը որպես ապացույց գնահատելու հնարավորությունը, մինչդեռ օրենսդիրը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար, ի թիվս ապացույցի այլ տեսակների, նախատեսել է նաև գործին մասնակցող անձի ցուցմունքը հետազոտելու և գնահատելու հնարավորություն, ընդ որում` օրենսդիրը, նկատի ունենալով, որ գործին մասնակցող անձինք գործի լուծման հարցում ունեն իրավական շահագրգռվածություն, սահմանել է գործին մասնակցող անձանց կողմից վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով ցուցմունք տալու ընթացակարգ, ինչը նշանակում է, որ գործին մասնակցող անձը մինչև ցուցմունք տալը նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որից հետո վերջինիս ցուցմունքը չի կարող համարվել ոչ համոզիչ` ցուցմունք տված անձի` շահագրգիռ լինելու պատճառաբանությամբ:

i

Այսպիսով Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը չէր պարտավորեցնում գործատուին աշխատողից խախտման մասին բացատրություն պահանջել բացառապես գրավոր ձևով, արձանագրում է, որ Համայնքի ղեկավարին և Համայնքի ավագանու անդամներին որպես վկա հարցաքննելու պարագայում վերջինիս ցուցմունքները կարող էին համարվել թույլատրելի ապացույց այն փաստի հաստատման համար, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը հայցվորից պահանջվել է խախտման մասին գրավոր բացատրություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի կողմից գործի նոր քննության ընթացքում Համայնքի ղեկավարի ներկայացուցչի` Համայնքի ղեկավարին և Համայնքի ավագանու անդամներին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը մերժելու պատճառաբանությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե`

1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.

2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ քննության ընթացքում ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 11.05.2018 թվականի վճռով արձանագրել է, որ «(...) ըստ դատաքննության ընթացքում տրված բացատրությունների` գործատուն օրենքով սահմանված կարգով մինչև կարգապահական տույժ կիրառելը հայցվորից պահանջել է ներկայացնել խախտման մասին գրավոր բացատրություն, սակայն աշխատողի կողմից բացատրություն ներկայացնելու պահանջից հրաժարվելուց հետո գործատուն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջները` կարգապահական տույժ է կիրառել առանց բացատրության (...)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.07.2018 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2018 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության` արձանագրել է, որ «Դատարանը, (...) առանց պարզելու գրավոր բացատրություն պահանջելու և դրա համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրած լինելու հանգամանքի առկայությունը, գործատուի ներկայացուցչի բանավոր հայտարարության հիման վրա հաստատված է համարել այն փաստը, որ գործատուն աշխատողից պահանջել է բացատրություն, իսկ վերջինս հրաժարվել է այն տալուց: Մինչդեռ (...) համապատասխան հարցի պարզաբանումն ունի էական նշանակություն սույն գործի համար և հետևաբար նաև կարող է ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Դա պայմանավորված է, մասնավորապես այն հանգամանքով, որ սույն գործով գրավոր բացատրություն պահանջելու մասով գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման կարգի խախտումը Դատարանի համար կարող է հիմք հանդիսանալ աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու համար: Նշվածի հիման վրա (...) հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը քննարկման առարկա չի դարձրել գործատուի կողմից մինչև կարգապահական տույժի կիրառումը աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու և այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ սահմանելու պարտադիր ընթացակարգը պահպանված լինելու հարցերը, (...) գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով համապատասխան հարցերի քննարկման մասով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն»:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.07.2018 թվականի որոշմամբ սույն գործն ուղարկելով նոր քննության` մատնանշել է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն գործատուի կողմից աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու և դրա համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրած լինելու հանգամանքները, ընդ որում` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը փաստել է, որ գործատուի կողմից աշխատողից բացատրություն պահանջելու և աշխատողի կողմից բացատրություն տալուց հրաժարվելու փաստերը չեն կարող հաստատվել գործատուի ներկայացուցչի բանավոր հայտարարությունով: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա ապացույցները բավարար չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, ուստի համապատասխան հարցերի քննարկման մասով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերադաս ատյանի կողմից գործը նոր քննության ուղարկելու լիազորության էությունից բխում է, որ գործում առկա ապացույցները բավարար չեն որևէ փաստ հաստատված կամ չհաստատված համարելու համար, հակառակ պարագայում վերադաս ատյանը կկիրառեր ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար գործում առկա ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ գործը նոր քննության ուղարկելը պայմանավորված է ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտումներով, հակառակ պարագայում, երբ անհրաժեշտ ապացույցների բացակայությունը պայմանավորված է գործին մասնակցող անձանց կողմից իրենց վրա դրված փաստերի ապացուցման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հանգամանքով, ապա նման պայմաններում չի կարող կիրառվել գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը, քանի որ այդպիսի իրավիճակներում բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերադաս դատարանի կողմից բողոքի բավարարման արդյունքում գործի նոր քննության փուլն ուղղված է գործի նախորդ քննության ընթացքում թույլ տրված նյութաիրավական կամ դատավարական խախտումները վերացնելուն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նոր քննության ընթացքում կողմին հնարավորություն պետք է տրվի ապացուցելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնց առկայության կամ բացակայության վերաբերյալ նախորդ քննության ընթացքում եզրահանգում կատարելիս դատարանը թույլ էր տվել դատական սխալ:

Սույն գործի նախորդ քննության ընթացքում ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը միայն գործատուի ներկայացուցչի բանավոր հայտարարության հիման վրա հաստատված է համարել այն փաստը, որ գործատուն աշխատողից պահանջել է բացատրություն, ընդ որում` ինչպես արդեն իսկ նշվեց վերևում, գործի նախորդ քննության ընթացքում գործող իրավակարգավորումների պայմաններում նախատեսված չէր գործին մասնակցող անձանցից ցուցմունք վերցնել վկայի կարգավիճակում, մինչդեռ գործի նոր քննության ընթացքում գործին մասնակցող անձն օրենքի հիման վրա ունեցել է հնարավորություն ներկայացնելու նոր ապացույց, մասնավորապես` ցուցմունք տալու վկայի կարգավիճակով, որպիսի հնարավորություն վերջինս չի ունեցել գործի նախորդ քննության ընթացքում, ընդ որում` իր կամքից անկախ հանգամանքներով:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված` գործի նոր քննության ընթացքում նոր ապացույց ներկայացնելու անթույլատրելիությունից սահմանված բացառությունը, որը վերաբերում է գործի նախորդ քննության ժամանակ գործին մասնակցող անձի կամքից անկախ պատճառներով տվյալ ապացույցը ներկայացնելու անհնարինությանը, վերաբերում է նաև այն դեպքերին, երբ գործի նախորդ քննության ընթացքում դատարանը որևէ փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրահանգում կատարելիս թույլ է տվել դատական սխալ, և վերադաս ատյանը գործն ուղարկել է նոր քննության` համապատասխան փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար, իսկ կողմն էլ, ի տարբերություն գործի նախորդ քննության, հնարավորություն է ստացել տվյալ փաստի հաստատման համար ներկայացնել այնպիսի ապացույց, որը ներկայացնելն անհնարին է եղել գործի նախորդ քննության ընթացքում գործող իրավակարգավորումների պայմաններում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը զրկել է պատասխանողին իր կողմից վկայակոչված փաստերն ապացուցելու հնարավորությունից` անհիմն մերժելով Համայնքի ղեկավարին և Համայնքի ավագանու անդամներին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ Համայնքի ներկայացուցչի միջնորդությունը` միաժամանակ ոչ իրավաչափորեն արձանագրելով, որ Համայնքի ղեկավարի հայտարարությունները ցուցմունք գնահատելու պարագայում չի կարող հաստատվել գրավոր բացատրություն պահանջելու փաստը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե` 1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը (...):

i

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, (...):

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի` իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի` հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն` իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում այդպիսի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը:

i

Տվյալ դեպքում սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացվել 30.08.2017 թվականին: Հայցվորը հայցապահանջի հիմքում վկայակոչել է այն փաստական հանգամանքները, որ իրեն աշխատանքից ազատել են վստահությունը կորցնելու հիմքով` առանց հիմնավորելու, թե որ արարքն է հիմք հանդիսացել վստահությունն իր հանդեպ կորցնելու համար, ինչպես նաև աշխատանքից ազատելուց առաջ բացատրություն չի պահանջվել: Միաժամանակ, որպես հայցի իրավական հիմք նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ, 90-րդ, 113-րդ, 122-րդ 223-րդ, 226-րդ, 265-րդ հոդվածները: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 01.09.2017 թվականին, այսինքն` 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավական ազդեցության ժամանակ:

i

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության 214-րդ հոդվածում սահմանել է իմպերատիվ և աներկբա պահանջ անվավեր ճանաչելու վիճարկվող անհատական ակտը դրանում աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքի բացակայության դեպքում: (...) փաստական հիմքն այն իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Ընդ որում, օրենսդիրը հստակ ամրագրել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները (անհատական իրավական ակտի փաստական հիմքը) պետք է արտացոլված լինեն հենց վիճարկվող անհատական իրավական ակտում և անկախ այն հանգամանքից, թե կողմը փաստարկում է նորմով նախատեսված խախտումների մասին, թե ոչ, անկախ այն հանգամանքից, թե պատասխանող կողմն իր դիրքորոշումներով հետագայում պարզաբանում է հրամանի փաստական հիմքը, թե ոչ, դատարանը պարտավոր է հրամանն անվավեր ճանաչել, եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը հրամանում նշված չէ: Սա հրամանն անվերապահ անվավեր ճանաչելու օրենսդրական հիմքերից է, որը պետք է կիրառվի` անկախ դրա հետևանքներից և անկախ դատավարության ընթացքում կողմերի հայտնած դիրքորոշումներից: Քննարկվող պարագայում Վարդուշ Հակոբյանին «Մրգավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատելու վերաբերյալ Համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի թիվ 13 կարգադրությունում որպես աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմք հղում է կատարվել Համայնքի ավագանու 13.07.2017 թվականի թիվ 04 նիստի թիվ 18 որոշմանը: Նշված հղումը որևէ ձևով չի բացահայտում այն իրավաբանական փաստերը` Վարդուշ Հակոբյանի կողմից դրսևորած գործողությունները կամ անգործությունը, որոնք գործատուի մոտ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմք են հանդիսացել: (...)»:

i

Այսպիսով Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ «(...) հիշյալ անհատական իրավական ակտը անկախ մյուս վիճելի և անվիճելի փաստարկներից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բոլոր դեպքերում ենթակա էր անվավեր ճանաչման: (...)»:

i

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հայցադիմումն ի սկզբանե դատարան է ներկայացվել 30.08.2017 թվականին` Նախկին օրենսգրքի գործողության ընթացքում, այսինքն` սույն գործով Վերաքննիչ դատարանի վկայակոչած իրավական նորմը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը դեռևս ուժի մեջ չի եղել:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը վկայակոչվել է, որպես առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող նորմ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ վարույթը կարգավորող նորմը պահանջում է համապատասխան վարքագծի (դատավարական գործողության) դրսևորում առաջին ատյանի դատարանում, և առաջին ատյանի դատարանում գործի քննության նկատմամբ կիրառելի են նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության կանոնները, Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիությունը պահանջում է, որ վերաքննիչ դատարանը հաշվի առնի, թե արդյոք վերաքննիչ վարույթում կիրառվող նորմի պահանջը հասանելի է եղել դատավարության մասնակիցներին, և արդյոք նրանք կարող էին կանխատեսելի վարքագիծ դրսևորել: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը, հաշվի չի առել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կիրառելի են եղել նախկին օրենսգրքի պահանջները, հետևաբար կողմերի համար չէր կարող կանխատեսելի լինել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի պահանջները:

 

i

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և արձանագրելով, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը հրամանում նշված չէ, ուստի հրամանը բոլոր դեպքերում ենթակա էր անվավեր ճանաչման, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից` խախտելով ինչպես վերաքննության սահմանները, այնպես էլ իրավական որոշակիության սկզբունքը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

i

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.11.2019 թվականի որոշումը բեկանելու համար: Ընդ որում` նկատի ունենալով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.10.2021
N ԱՎԴ/2827/02/17
Որոշում