Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                Վարչական գործ թիվ ՎԴ/1951/05/20

    դատարանի որոշում                     2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1951/05/20

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 9-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Երևան համայնքի` «Ազատության պողոտայում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը վերացնելու, 08.04.2008 թվականի «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումն ամբողջությամբ վերացնելու, որպես հետևանք` 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրն անվավեր ճանաչելու, 21.08.2008 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումներն ամբողջությամբ վերացնելու, Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 29.05.2005 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է վերացնել «Ազատության պողոտայում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 08.04.2008 թվականի «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումը, որպես հետևանք` անվավեր ճանաչել 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ամբողջությամբ վերացնել 21.08.2008 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումները, անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը, 29.05.2005 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերը:

Միևնույն ժամանակ Դատախազությունը միջնորդել է վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը` պատճառաբանելով, որ «վարչական ակտի գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.02.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ»:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 01.04.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշմամբ բավարարվել է Դատախազության միջնորդությունը և վերականգնվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 01.04.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ` Հ. Անդրիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Վ. Ալոյան), Դատախազությունը (ներկայացուցիչ` Ա. Մադոյան), Երևան համայնքը (ներկայացուցիչ` Ա. Գալստյան), ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ` Լ. Փաշայան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 54-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նախ` Դատախազությունը, որը ներկայացնում է պետության շահը և ըստ էության հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, դեռևս 2008 թվականին կայացված որոշումները վիճարկելու հայցը ներկայացրել է 25.03.2020 թվականին և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ վարչական ակտի գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.02.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ` որպես հիմնավորում ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը:

Հատկանշական է, որ Դատախազությունը հանդես չի գալիս իր անունից, այլ սույն գործով վերջինս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահը և հանդես է գալիս վերջինիս անունից, իսկ Հայաստանի Հանրապետությունը վիճարկվող որոշումների ոչ միայն գոյության, այլև դրանց հիման վրա կնքվող պայմանագրի մասին գիտեր դեռևս 2008 թվականից: Մասնավորապես` վիճարկվող ակտերի մասին Դատախազությունը, որպես պետության ներկայացուցիչ, իմացել է կամ առավելագույնը կարող էր իմանալ դեռևս 29.05.2008 թվականից, երբ վիճարկվող որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ընկերության միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր: Այսինքն` ակնհայտ է, որ վիճարկվող որոշումների ընդունման օրվանից անցել է ավելի քան 10 տարի, հետևաբար նշված որոշումներն օրենքի ուժով դարձել են անվիճարկելի: Ավելին` վիճարկվող որոշումներից` 08.04.2008 թվականին ընդունված թիվ 1619-Ա որոշումն իրեն արդեն «սպառել է», քանի որ դրանով նախատեսված իրավունքն արդեն իսկ իրացվել է, մասնավորապես` 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության և Ընկերության միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր: Այսինքն` ըստ էության, նշված որոշումն այլևս չի կարող բողոքարկվել, առավելագույնը կարող է բողոքարկվել դրա հիման վրա կնքված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, որն էլ վարչական դատավարության կարգով բողոքարկման առարկա չի հանդիսանում:

Երկրորդ` եթե անգամ եզրակացվի, որ ավելի քան 12 տարի Հայաստանի Հանրապետությունը չի իմացել իր իսկ կողմից կայացված և այժմ էլ վիճարկվող որոշումների գոյության մասին և տեղեկացել է միայն «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ, ապա այս դեպքում էլ հարկ է ընդգծել, որ այդ որոշումը կայացվել է ոչ թե 23.02.2020 թվականին, ինչպես նշել է Դատախազությունը, այլ 23.01.2020 թվականին: Այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը այդ դեպքում լրանում է 24.03.2020 թվականին, մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է 25.03.2020 թվականին: Այսինքն` հայցադիմումը սահմանված ժամկետից մեկ օր ուշ է ներկայացվել և այդ մասով Դատախազության կողմից որևէ հիմնավորում Դատարանում չի ներկայացվել, մինչդեռ անհասկանալի պատճառաբանությամբ Դատարանը բավարար է համարել միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, իսկ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը լրացել է մինչև 25.03.2020 թվականը և այն բաց է թողնվել հայցվորի կողմից, ըստ այդմ` երկամսյա ժամկետի պահպանումը 23.01.2020 թվականից հետո` վիճարկվող որոշումների գոյության ու իրավաչափության մասին իրազեկվելուց հետո, չի բխում գործող իրավակարգավորումներից: Ավելին, հայցվորը վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացրել է ապացույց առ այն, որ հայցադիմումը կից փաստաթղթերով ուղարկել է Դատարան ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության միջոցով 24.03.2020 թվականին:

Ամբողջ վերոգրյալը վկայում է այն մասին, որ ստորադաս դատարանները հաշվի են առել բացառապես Դատախազության իրավունքները` անտեսելով իրավական որոշակիության սկզբունքը, վարչական ակտի անբողոքարկելի լինելու հանգամանքը, գործին մասնակցող այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, դրանով իսկ խախտելով նյութական և դատավարական նշված նորմերի պահանջները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բավարարել վճռաբեկ բողոքը և կայացնել նոր դատական ակտ, այն է` մերժել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացրած միջնորդությունը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները.

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Դատախազությունը, ստանալով քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, ակնհայտորեն իմացել է ոչ միայն քրեական գործ հարուցվելու և այն դեպքերի մասին, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործը, այլև իմացել է քրեական գործի նյութերի և բոլոր մանրամասնությունների մասին, քանի որ առանց դրանց հնարավոր չէր լինի իրականացնել մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը, հետևաբար դատարանի այն դատողությունը, որ հայցվորը միայն 23.01.2020 թվականին է իմացել վարչական ակտի մասին, չի կարող տեղավորվել որևէ ողջամիտ դատողության մեջ և անհիմն է: Նման պայմաններում միայն այն հանգամանքը, որ Դատախազությունն իրականացնում է հսկողություն հետաքննության և նախաքննության նկատմամբ, Դատարանի համար պետք է բավարար լիներ արձանագրելու այն փաստը, որ հայցվորն առնվազն քրեական գործը հարուցված լինելու պահից, այն է` 30.08.2019 թվականից իմացել է քրեական գործ հարուցվելու և այն դեպքերի մասին, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործը: Հատկանշական է, որ դեռևս 08.01.2018 թվականին հարուցվել է թիվ 62232418 քրեական գործը` Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ: Թիվ 62232418 քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա 30.08.2019 թվականին հարուցվել է թիվ 62223519 քրեական գործը: Ըստ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 23.01.2020 թվականի որոշման` 30.08.2019 թվականի նույն օրը հարուցված թիվ 62223519 քրեական գործը միացվել է թիվ 62232418 քրեական գործին: Ընդամենը 28 օր անց նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 27.09.2019 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին և նախկին ճարտարապետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել: Բնականաբար, եթե քրեական հետապնդումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, ապա նշված բոլոր որոշումներն ուղարկվել են հսկող դատախազին հսկողություն իրականացնելու համար: Հետևաբար նման պայմաններում ակնհայտ է, որ Դատախազությունը, ի դեմս 62232418 և 62223519 քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազի(ների), ի պաշտոնե իրավունք ուներ և պարտավոր էր տեղյակ լինել քրեական գործում առկա նյութերին և նշված անձը կամ անձինք, եթե անգամ պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց պարտականությունները, ապա դա դեռ չի նշանակում, որ առկա է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ պատճառ հայցադիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու համար:

ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումից հետևում է, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել 24.09.2018 թվականին «www.hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ հոդվածը, այսինքն` քրեական հետապնդման մարմինը մամուլից է իրազեկվել Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի և 08.04.2008 թվականի որոշումների մասին: Նշվածից ակնհայտ է դառնում, որ Դատախազությունը ևս իմացել է վերոնշյալի մասին, իսկ եթե ՀՔԾ-ն չանդրադառնար տվյալ հարցին, ապա դրան պետք է անդրադառնար Դատախազությունը և հարուցեր քրեական գործ կամ մերժեր քրեական գործի հարուցումը: Նման պայմաններում մամուլում դրա մասին հրապարակվելու փաստը ևս բավարար էր արձանագրելու այն փաստը, որ Դատախազությունը գիտեր Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի և 08.04.2008 թվականի որոշումների մասին: Վերոնշյալից բացի, Դատարանը պետք է հիմք ընդուներ ՀՀ, և ոչ թե ՀՀ անունից այս կամ այն մարմնի, առանձին ստորաբաժանման կամ ստորաբաժանման առանձին պաշտոնատար անձի իմանալու պահը, հակառակ պարագայում պետությունը կարող է իր մարմինների միջոցով անընդհատ վկայակոչել վարչական ակտի մասին չիմանալու մասին և վարչական ակտը վիճարկել ցմահ: Սույն դեպքում վարչական ակտը կայացվել է պետության կողմից և պետության անունից հանդես եկող անձի կողմից, հետևաբար պետությունը առնվազն 12.03.2008 թվականից և 08.04.2008 թվականից իրազեկված է եղել վիճարկվող վարչական ակտերի մասին, դրանից հետո իրականացվել է իրավունքի պետական գրանցում պետության համապատասխան մարմնում, հետո տարիներ շարունակ Ընկերությունը վճարել է հողի հարկ պետությանը և բարեկարգել է տարածքը, հետևաբար պետությունն անընդհատ իրազեկված է եղել վերոնշյալ վարչական ակտերի և դրանից բխող որոշակի իրավունքների իրացված լինելու մասին: Նշվածից հետևում է, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա էր մերժման:

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Դատախազության պատասխանի հիմնավորումները.

Վարչական ակտերի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը և դրանով պայմանավորված վարչական ակտերը վիճարկելու անհրաժեշտության մասին հայցվորը տեղեկացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ:

i

Տվյալ դեպքում հայցվորը չի հանդիսանում վարչական ակտն ընդունած մարմին կամ վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը հայցվորի նկատմամբ չի կարող տարածվել, վերջինիս նկատմամբ կարող են տարածվել բացառապես դատավարական իրավունքի նորմերը:

Բողոքաբերի պնդումն առ այն, որ հայցադիմումը ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման պահից հաշվարկված ավարտվում է 24.03.2020 թվականին, մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է 25.03.2020 թվականին, անհիմն է, քանի որ հայցադիմումը ՀՀ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչությանն է հանձնվել 24.03.2020 թվականին:

Դատախազությունը, ապրիորի` «a priori», չէր կարող տեղեկացված լինել այս կամ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կայացված բոլոր վարչական ակտերի գոյության մասին, առավել ևս գնահատել դրանց իրավաչափության հիմնահարցը:

Դատախազությունն առնչվել է սույն գործով վիճարկվող որոշումներին թիվ 62232418 քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Ավելին, խնդրահարույց որոշումների գոյության մասին իրազեկվելն ինքնին չէր կարող հիմք հանդիսանալ Դատախազության կողմից վարչական դատավարության կարգով հայցի հարուցման գործընթացը նախաձեռնելու համար, քանի որ անհրաժեշտ էին համապատասխան իրավական հիմքեր, որոնք ի հայտ են եկել միայն քրեական գործով վերջնական որոշման` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման ընդունմամբ, որով և հաստատվել է սույն գործով էական նշանակություն ունեցող որոշակի փաստերի առկայությունը:

Դատախազության ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

2.3. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Երևան համայնքի պատասխանի հիմնավորումները.

Մինչդատական վարույթը հատուկ սուբյեկտների կողմից իրականացվող գործողությունների ընթացակարգ է, որը բաղկացած է մի շարք փուլերից` սկսած քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելը:

Տվյալ պարագայում եթե անգամ պայմանականորեն ընդունվի, որ հայցվորը կարող էր և կամ պարտավոր էր իմանալ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտերի մասին, ապա անգամ այդ պարագայում հայցվորը, առանց գործի հանգամանքները քննելու իրավասու չէր գնահատել Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումների իրավաչափությունը, չէր կարող համոզմունք ձևավորել առ այն, որ Երևանի քաղաքապետի որոշումներով խախտվում է պետության շահը, քանի որ նման իրավիճակը կարող էր դիտարկվել ոչ այլ ինչ, քան մինչև գործի ըստ էության լուծումը (տվյալ դեպքում «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշում կայացնելը) տվյալ վարույթի շրջանակներում հարցի վերաբերյալ դատախազի սուբյեկտիվ դիրքորոշման արտահայտում, մինչդեռ դատարանում հայցը հարուցվում է ոչ թե վարչական ակտի մասին տեղեկացված լինելու փաստի ուժով, այլ դրա հիման վրա իրավունքի խախտման փաստի բացահայտման հիմքով:

Հետևաբար սույն վարչական գործով հայցադիմումը ներկայացվել է մինչդատական վարույթն ավարտելու, այն է` «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման կայացման պահից օրենքով նախատեսված ժամկետների պահպանմամբ, հետևաբար վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն անհիմն են, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

2.4. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կառավարության պատասխանի հիմնավորումները.

Հայցվորը չի հանդիսանում վարչական ակտն ընդունած մարմին կամ վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը հայցվորի նկատմամբ չի կարող տարածվել, վերջինիս նկատմամբ կարող են տարածվել բացառապես դատավարական իրավունքի նորմերը:

Դատախազությունը տեղեկացել է վարչական ակտերի գոյության և դրանց ոչ իրավաչափ լինելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի 23.01.2020 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումից, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, հակառակ պարագայում Դատախազությունը կզրկվի իրավասու դատարանի կողմից պետական շահերի պաշտպանության հայցի` ըստ էության քննության հնարավորությունից:

Սույն գործով 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման օրինականության ստուգման պահից դատախազը կարող էր գնահատել հայց հարուցելու իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Վերոգրյալ հիմնավորումներով Կառավարության ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 72-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

i

- արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար կարող է հիմք ընդունվել նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը.

- ո՞ր պահից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների համար հոսում նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:

 

Նախ և առաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 28-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ սույն գործով հիմնավոր կասկած ձևավորված լինելու հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 13.07.2021 թվականին որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը 05.08.2021 թվականի թիվ ՍԴԱՈ-175 որոշմամբ մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունն այն պատճառաբանությամբ, որ օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու հնարավորության հարցն առաջանում է այն դեպքում, երբ արձանագրվում է օրենսդրական բացի առկայությունը: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետ է սահմանում ոչ միայն վարչական վարույթի մասնակիցների, այլև դրա մասնակից չհանդիսացած անձանց, այդ թվում` նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների համար: Վերոնշյալից հետևում է, որ տվյալ դեպքում առկա է վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի վերաբերյալ օրենսդրական կարգավորում, որի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի գնահատելու կոնկրետ դեպքում նշված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությունը, որպիսի լիազորությունների իրականացումն էլ բացառապես Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության իրացման տիրույթում է (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 05.08.2021 թվականի թիվ ՍԴԱՈ-175 որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ սույն որոշմամբ առաջադրված իրավական հարցերին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չեն կարող հանդիսանալ, ուստի վարչական ակտի ուժի մեջ մտնելու կանոնը, հետևաբար և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը նրանց համար կիրառելի չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով պետության իրավունքները խախտող վարչական ակտը վիճարկելու իրավունք վերապահելով այն պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց վրա դրված է այդ իրավունքների պաշտպանության լիազորությունը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով չի սահմանել այն ժամկետները, որոնց ընթացքում նշված սուբյեկտները կարող են դիմել ՀՀ վարչական դատարան:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 08.04.2014 թվականի ՍԴՈ-1143 որոշմամբ նշել է. «(...) Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:

i

Իր մեկ այլ` 05.02.2010 թվականի ՍԴՈ-864 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է. «իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: ՀՀ սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

i

Զարգացնելով հիշատակված իրավական դիրքորոշումը` ՀՀ սահմանադրական դատարանն իր` 14.09.2010 թվականի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է. «օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս ՀՀ սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: ... օրենսդրական բացը կարող է հանդիսանալ ՀՀ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը»:

Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրության մեջ առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման ժամկետային սահմանափակում, ուստի, որպես այդ բացը լրացնելու իրավական երաշխիք կարող է հանդիսանալ գործող իրավակարգավորումների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը:

Այսպես.

i

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Սույն դրույթով ամրագրված սեփականության տարբեր ձևերի հավասարաչափ ճանաչման և պաշտպանության սահմանադրական սկզբունքին համապատասխան, պետությունը պարտավոր է ապահովել հավասար պաշտպանության հնարավորություն բոլոր սեփականատերերի համար, հետևաբար պետական սեփականությունը սեփականության այլ ձևերի համեմատությամբ չի կարող ունենալ իրավական պաշտպանության ոչ մի առավելություն: Սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության սահմանադրական սկզբունքը տարածվում է ոչ միայն սեփականության պաշտպանության ձևերի և եղանակների սահմանման, այլ նաև շահագրգիռ անձանց կողմից համապատասխան իրավունքների պաշտպանության պայմանների օրենսդրական ամրագրման վրա:

Սեփականատիրոջը տրամադրվող իրավական պաշտպանության պայմաններից մեկը նրա կողմից իրավունքի պաշտպանության պահանջ ներկայացնելն է` օրենքով սահմանված նյութական և դատավարական ժամկետի սահմաններում: Հետևաբար, իրավունքների պաշտպանության ժամկետներ սահմանելիս օրենսդիրը նույնպես պետք է ելնի սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության սահմանադրական սկզբունքից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նյութական և դատավարական ժամկետների նախատեսման նպատակն է ինչպես հանրային գործառույթների իրականացման արդյունավետության ապահովումը, այնպես էլ համապատասխան իրավական հարաբերությունների անհրաժեշտ կանխատեսելիության հուսալիության ու կայունության պահպանումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ պետությունը կարող է իրականացնել հանրային գործառույթներ մասնավոր իրավական ոլորտում, սակայն պետական կառույցին պատկանելու փաստն ինքնին չի արդարացնում պետությանն արտոնությունների տրամադրումը հայցային վաղեմության ժամկետների կապակցությամբ: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ պետության շահագրգռվածությունն իր հանդեպ ունեցած պարտքի բռնագանձման հարցում կամ բյուջեի վրա չնախատեսված ծանրաբեռնվածությունը բացառելու անհրաժեշտությունն ինքնին չեն կարող դիտարկվել որպես հանրային կամ ընդհանուր շահ, որն արդարացնում է անհատական իրավունքներին միջամտությունը` պետության պահանջների նկատմամբ հայցային վաղեմության չափազանց երկար ժամկետ սահմանելու միջոցով:

Արդյունքում Եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ պետության կողմից արտոնությունների տրամադրումը մասնավոր անձանց պահանջների համեմատ` օրենսդրությամբ հայցային վաղեմության ավելի երկար ժամկետներ ամրագրելու տեսքով, խախտում է վերջիններիս գույքային իրավունքները, ինչպես նաև արդար հավասարակշռությունը, որը պետք է սահմանվի գույքային իրավունքների պաշտպանության և հանրային շահի պահանջների միջև:

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` հայցային վաղեմության ժամկետի նման ամրագրումը օրենսդրության մեջ ոչ միայն նյութաիրավական, այլև դատավարական ասպեկտ ունի, քանի որ պետությանը տրվում է արտոնություն դատական քննության ժամանակ, որը մասնավոր անձանց համեմատ դնում է ավելի բարենպաստ դրության մեջ: Արդյունքում խախտվում է կողմերի դատավարական հնարավորությունների հավասարության սկզբունքը, ինչպես նաև դատարանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրենց իրավունքների դատական պաշտպանության մասնավոր անձանց երաշխիքները (տե՛ս Zouboulidis v. Greece (N 36963/06) գործով Եվրոպական դատարանի 25.06.2009 թվականի վճիռը, Varnima Corporation International S.A. v. Greece (N 48906/06) գործով Եվրոպական դատարանի 28.05.2009 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրում է, որ Եվրոպական դատարանը հայցային վաղեմության ժամկետները դիտարկում է ոչ միայն նյութաիրավական, այլև դատավարական առումներով: Մասնավորապես, դատավարական առումով հայցային վաղեմության ժամկետը համարժեք է դատարան դիմելու համար նախատեսված ժամկետային սահմանափակումներին, հետևաբար Եվրոպական դատարանի` վկայակոչված դիրքորոշումը հավասարապես կիրառելի է ինչպես նյութական օրենսդրությամբ սահմանված` հայցային վաղեմության ժամկետների կապակցությամբ, այնպես էլ` դատավարական օրենսդրությամբ նախատեսված` դատարան դիմելու ժամկետային սահմանափակումների նկատմամբ: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգամ հանրային շահի պաշտպանության պարագայում նման ժամկետների սահմանումն իրավական պետության կարևոր նախադրյալ է հանդիսանում, քանի որ ապահովում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է:

i

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-731, ՍԴՈ-753, ՍԴՈ-984, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն) Սահմանադրական դատարանն անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` նշելով, մասնավորապես.

i

- «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),

i

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753),

i

- «(...) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176),

i

- «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (ՍԴՈ-1213):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանադրական վերոգրյալ սկզբունքները համընդհանուր և հիմնարար սկզբունքներ են, որոնց ուժով, ի թիվս այլնի, պետք է ապահովվեն նաև հավասար պայմաններ դատարան դիմող յուրաքանչյուր սուբյեկտի համար: Մասնավորապես, դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները, այդ թվում նաև ժամկետային սահմանափակումները, պետք է հավասարապես կիրառելի լինեն յուրաքանչյուրի նկատմամբ` անկախ նրանց կարգավիճակից: Այլ կերպ ասած` անկախ հայցվորի ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ վարչական մարմին լինելու հանգամանքից, վերջիններիս համար պետք է ապահովվի միևնույն պայմանները և որևէ սուբյեկտ չի կարող ունենալ դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան մյուսները: Միևնույն ժամանակ դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները պետք է բավարար չափով որոշակի լինեն, որպեսզի հիմնական իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չլինելու հետևանքով վերջիններս ձեռք են բերում դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և հնարավորություն են ստանում վիճարկման հայցը դատարան ներկայացնել առանց ժամկետային սահմանափակման: Հետևաբար անձանց գույքային շահերին առնչվող վարչական ակտերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա բողոքարկելու հնարավորությունը ժամկետային սահմանափակման չենթարկելու պարագայում նրանց համար ստեղծվում է իրավական անորոշություն: Որպես հետևանք խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության բոլոր ձևերի ճանաչման և հավասարապես պաշտպանության, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքները: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորման մեջ անհրաժեշտ է հանրային և մասնավոր շահերի` որպես սահմանադրորեն պաշտպանվող արժեքների արդարացի հավասարակշռության հաստատում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 01.01.2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատություն ներդնելու նպատակը եղել է մի կողմից պետական (վարչական մարմինների), մյուս կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև գոյություն ունեցող իրական անհավասարությունը վերացնելը, վերջիններիս դիրքը պետության (վարչական մարմինների) համեմատ ուժեղացնելը և դրանով իսկ առկա ուժային տարբերությունը նվազեցնելը հօգուտ քաղաքացու: Այլ կերպ ասած` վարչական արդարադատությունը միտված է վարչաիրավական հարաբերությունն իրավական պետության ոգով ձևավորելուն, այդ թվում` վարչական մարմնի և քաղաքացու միջև հավասարակշռություն ապահովելուն:

Վարչական վարույթը կարգավորող իրավունքը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և վարչական դատավարական իրավունքը` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը իրավական պետության այնպիսի նվաճումներ են, որոնք երաշխավորում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը վարչական մարմինների վարչական ակտերից, գործողություններից և անգործությունից: Այդ երկու օրենքները պետք է թույլ չտան, որ վարչական մարմինը հիշատակված ուժային տարբերության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերվի որպես լոկ օբյեկտի և հաշվի չառնի նրանց օրինական շահերը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթը, վարչական դատարանը և վարչական դատավարական իրավունքը իրավական ինստիտուտներ են, որոնք հատկապես սերտորեն են կապված իրավական պետության սկզբունքի հետ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի իմաստով: Նրանք հարաբերական են դարձնում կառավարության (գործադիր իշխանության) և քաղաքացու միջև անխուսափելի կառուցվածքային ուժային տարբերությունը` ընթացակարգային իրավունքներով տևականորեն ուժեղացնելով քաղաքացու իրավական կարգավիճակը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտները չեն կարող ունենալ դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան մյուսները, հետևաբար նրանց համար ևս պետք է ապահովվեն միևնույն պայմանները, ինչը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի այլ մասերում նշված սուբյեկտների համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտներին վերապահելով պետության իրավունքները խախտող վարչական ակտը վիճարկելու իրավունք, միևնույն ժամանակ, սակայն, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածով չի սահմանել նշված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարությունում վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև հավասարակշռությունն ապահովելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման համար պետք է հիմք ընդունվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումն այն մեկնաբանմամբ, որ նշված իրավանորմում օգտագործված «վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից» եզրույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների համար պետք է դիտարկվի որպես վիճարկվող վարչական ակտի մասին վերջիններիս կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահ: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից ընդդեմ վարչական մարմինների վիճարկման հայցը կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` այն պահից սկսած, երբ հայցվոր վարչական մարմինն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվել է վարչական ակտի գոյության մասին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վերոգրյալ մեկնաբանմամբ կիրառելը ոչ միայն բխում է իրավական պետության, իրավական որոշակիության, սեփականության բոլոր ձևերի ճանաչման և հավասարապես պաշտպանության սահմանադրական հիմնարար սկզբունքներից` երաշխավորելով իրավական անվտանգությունը, այլ նաև ապահովում է հավասար պայմաններ դատարան դիմող յուրաքանչյուր սուբյեկտի համար` անկախ նրանց կարգավիճակից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Այլ որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 25.03.2020 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Դատախազության ներկայացրած հայցադիմումը, որով վերջինս պահանջել է վերացնել «Ազատության պողոտայում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» 2008 թվականի մարտի 12-ի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, ամբողջությամբ վերացնել 08.04.2008 թվականի «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումը, որպես հետևանք` անվավեր ճանաչել 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ամբողջությամբ վերացնել 21.08.2008 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումները, Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 29.05.2005 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերը:

Միաժամանակ Դատախազության ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, որով հայտնել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «վարչական ակտի գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.02.2020 թվականին կայացրած «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ», միջնորդել է վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը:

i

Դատարանը 01.04.2020 թվականին կայացրել է «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշում` արձանագրելով հետևյալը. «Հայցադիմումին կից ներկայացվել է 23.09.2020թ. «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը, որի համաձայն թիվ 62232418 քրեական գործով մեղադրյալ Երվանդ Վազգենի Զախարյանի, Արսեն Նիկոլայի Լալայանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նշված որոշումից հետևում է, որ թիվ 62232418 քրեական գործն հարուցվել է այն դեպքի առթիվ, որ Երևան քաղաքի` 2005թ. հաստատված գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10000 քմ հողատարածքը, որը Երևանի քաղաքապետի 2007թ. դեկտեմբերի 28-ի որոշման հիման վրա կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ին, Երևանի քաղաքապետի 2008թ. մարտի 12-ի որոշման հիման վրա դուրս է թողնվել «Հաղթանակ» զբոսայգու տարածքից, այնուհետև, Երևանի քաղաքապետի 08.04.2008թ. թիվ 1619-Ա որոշմամբ օտարվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ին:

Նման պայմաններում հիմք ընդունելով միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, դատարանը գտնում է, որ հայցվորը վիճարկվող ակտերի գոյության մասին տեղեկացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի 23.01.2020թ. «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ, ուստի հայցվորի կողմից սույն հայցը ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնման պատճառները հարգելի են և այն ենթակա է վերականգնման: Միաժամանակ, տվյալ դեպքում դատավարական ժամկետը չվերականգնելը կարող է սահմանափակել հայցվորի` արդյունավետ միջոցներով իրավունքների և ազատությունների դատական պաշտպանություն ստանալու սահմանադրական իրավունքը»:

Վերաքննիչ դատարանը 04.06.2020 թվականի որոշմամբ մերժել է գործով երրորդ անձ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը հետևյալ պատճառաբանությամբ.

«(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, (..) գլխավոր դատախազությունը, «a priori» ապրիորի, չէր կարող տեղեկացված լինել այս կամ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կայացված բոլոր վարչական ակտերի գոյության մասին, առավել ևս գնահատել դրանց իրավաչափության հիմնահարցը: Դեռ ավելին, ինչպես հայտնի է, ՀՀ դատախազությունը գործում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված լիազորությունների շրջանակում, որտեղ ընդգրկված չէ հանրային մարմինների ընդունած բոլոր որոշումների նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավական հնարավորությունը. ՀՀ դատախազությունն օժտված չէ, այսպես կոչված, «ընդհանուր հսկողություն» իրականացնելու գործառույթով և Երևանի քաղաքապետն էլ պարտավոր չէ իր բոլոր վարչական /անհատական իրավական/ ակտերի մասին տեղեկացնել ՀՀ դատախազությանը: Որպիսի պարագայում, տրամաբանական է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կարող էր տեղեկանալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի գոյության մասին բացառապես ի պաշտոնե գործելիս` օրենքով իրեն վերապահված լիազորությունների կատարման ընթացքում, ինչպես և տեղի է ունեցել սույն դեպքում: Այսպես, ՀՀ գլխավոր դատախազությունն առնչվել է սույն գործով վիճարկվող որոշումներին թիվ 62232418 քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս:

Ավելին, խնդրահարույց որոշումների գոյության մասին իրազեկվելն ինքնին չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարչական դատավարության կարգով հայցի հարուցման գործընթացը նախաձեռնելու համար, քանի որ անհրաժեշտ էին համապատասխան իրավական հիմքեր, որոնք ի հայտ են եկել միայն քրեական գործով վերջնական որոշման` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման ընդունմամբ, որով և հաստատվել է սույն գործով էական նշանակություն ունեցող որոշակի փաստերի առկայությունը:

(...) ՀՀ գլխավոր դատախազությունը կարող էր իրագործել իր լիազորություններից բխող իրավական ակնկալիքը հարուցված քրեական գործի շրջանակում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, սակայն թիվ 62232418 քրեական գործով մեղադրյալ Երվանդ Վազգենի Զախարյանի, Արսեն Նիկոլայի Լալայանցի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվելու հետևանքով անհրաժեշտություն է ծագել օգտագործել այլ իրավական գործիքներ, այն է` դիմել ՀՀ վարչական դատարան` վարչական ակտերն անվավեր ճանաչելու նպատակով, ինչն էլ իրացվել է ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ դատախազությանը վերապահված իրավազորությունների շրջանակում:

(...) գործի նյութերում առկա չէ որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առ այն, որ հայցվոր կողմը տեղեկացել է նշյալ որոշումների գոյության և դրանց ոչ իրավաչափ լինելու մասին ավելի վաղ` մինչև 23.01.2020 թվականի որոշման ընդունումը: Որպիսի պարագայում, հայցվորի մոտեցումը չի կարող հարուցել որևէ կասկած»:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև Բանկի պնդմանն առ այն, որ վիճարկվող որոշումների ընդունման օրվանից անցել է ավելի քան տասը տարի, հետևաբար նշված որոշումներն օրենքի ուժով դարձել են անվիճարկելի և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, եզրահանգել է, որ իրավասու վարչական մարմինը կարող է վարչական բողոքի բացակայության պայմաններում անվավեր ճանաչել ոչ իրավաչափ վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում, միաժամանակ օրենսդրորեն ամրագրվել է, որ վարչական ակտը դառնում է անվիճարկելի, ինչպես նաև վարչական մարմինը զրկվում է չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու իրավունքից այն դեպքում, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է տասը տարի:

Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` անվիճարկելի վարչական ակտն անվավեր ճանաչելու սահմանափակման վերաբերյալ կանոնը գործում է ոչ միայն վարչական ակտն ընդունած վարչական մարմնի, այլ նաև վերադաս վարչական մարմնի նկատմամբ: Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատախազությունը տվյալ դեպքում չի հանդիսանում ո՛չ վարչական ակտն ընդունած վարչական մարմին և ո՛չ էլ վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս, որն օժտված է Երևանի քաղաքապետի վարչական ակտերն անվավեր ճանաչելու իրավազորությամբ, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածում զետեղված իրավադրույթը չի կարող տարածվել սույն գործով հայցվորի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ «ըստ ընդհանուր կանոնի, վիճարկման հայցի դեպքում հայցը Դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Այսինքն` վիճարկման հայցի դեպքում սահմանված է հայցը Դատարան ներկայացնելու համար երկամսյա ժամկետ, որը սկսում է հոսել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: (...) Տվյալ դեպքում հիմնական հայցապահանջներով վիճարկվող` «Ազատության պողոտայում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» թիվ 1004-Ա որոշումն ընդունվել է 2008 թվականի մարտի 12-ին, «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումը` 2008 թվականի ապրիլի 08-ին, իսկ հայցադիմումը Դատարան է մուտքագրվել 25.03.2020 թվականին (գ.թ. 4): Որպիսի պարագայում, ակնհայտ է, որ հայցվոր ՀՀ գլխավոր դատախազությունը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար նախատեսված երկամսյա ժամկետը և այն չի կարող հաշվարկվել 23.01.2020 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը կայացնելուց հետո. տվյալ պարագայում խոսք կարող է գնալ դատավարական իրավունքի իրացման ողջամիտ ժամանակահատվածի մասին: (...) կարելի է փաստել, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը լրացել է մինչև 25.03.2020 թվականը և այն բաց է թողնվել հայցվորի կողմից, ըստ այդմ` երկամսյա ժամկետի պահպանումը 23.01.2020 թվականից հետո` վիճարկվող որոշումների գոյության ու իրավաչափության մասին իրազեկվելուց հետո, չի բխում գործող իրավակարգավորումներից: Դեռ ավելին, հայցվորը վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացրել է ապացույց առ այն, որ հայցադիմումը կից փաստաթղթերով ուղարկել է Դատարան ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության միջոցով 24.03.2020 թվականին»:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել վիճարկվող որոշումներից մեկի` 08.04.2008 թվականին ընդունված թիվ 1619-Ա որոշման իրեն սպառած լինելու մասին Բանկի ներկայացրած փաստարկի վերաբերյալ, արձանագրելով, որ Դատարանը կարող է կատարել եզրահանգում վիճարկվող որոշումների «սպառված» լինելու կամ չլինելու վերաբերյալ վեճն ըստ էության լուծելիս` ձեռք բերված բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում ներքին համոզմամբ:

Վերոգրյալ վերլուծությունների արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ գործի նյութերով հաստատվում է, որ հայցվոր կողմը տեղեկացել է վարչական ակտերի գոյության և դրանց ոչ իրավաչափ լինելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի 23.01.2020 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումից, ուստի հայցվորի կողմից բերված փաստարկները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու և վերականգնելու համար բավարար հիմք են հանդիսանում, քանի որ հայցվորի կողմից ներկայացվել են հիմնավոր ապացույցներ, որոնք հանգեցնում են այն համոզման, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված բոլոր ողջամիտ ու բավարար միջոցներն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ, սակայն դրան խոչընդոտ են հանդիսացել իր կամքից անկախ հանգամանքներ:

 

Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով 25.03.2020 թվականին դատարան մուտքագրված հայցադիմումով Դատախազությունը հիմնական պահանջով վիճարկել է Երևանի քաղաքապետի կողմից 12.03.2008 թվականին ընդունված թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 08.04.2008 թվականին ընդունված թիվ 1619-Ա որոշումը, միաժամանակ, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ ներկայացնելով նաև Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի միջև 29.05.2008 թվականին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրն անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետի կողմից 21.08.2008 թվականին կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումները, Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում »»Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 29.05.2005 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «»Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերն ամբողջությամբ վերացնելու պահանջներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնական պահանջներով վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը Դատախազությունը հիմնավորել է այն փաստարկով, որ վարչական ակտի գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.02.2020 թվականին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ (իրականում քննիչի որոշումը կայացվել է 23.01.2020 թվականին, որը կցվել է նաև հայցադիմումին` հ.1-ին, գ.թ. 18-28):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դատախազությունը սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացրել` հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատախազության կողմից պետության իրավունքները խախտող վարչական ակտի վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ օրենքով նախատեսված չլինելու պարագայում, Դատախազությունը պետք է ղեկավարվեր ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետով` այդ ժամկետի հոսքը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու պահով: Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Դատախազության կողմից հարուցված հայցով դատավարական ժամկետի հարցի քննարկումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող է կարևորվել միայն այն դեպքում, եթե վիճարկվող վարչական ակտով պետության խախտված իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է Դատախազության վրա և այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշումը վերացնելու հայցը Դատախազությունը Դատարան է ներկայացրել 25.03.2020 թվականին` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ, պատճառաբանելով, որ այդ որոշումների գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացրած «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու հանգամանքի հայտնի դառնալու մասին Դատախազության փաստարկը որևէ նշանակություն չունի հայց հարուցելու դատավարական ժամկետը հարգելի համարելու հարցի քննարկման համար, քանի որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու լիազորությունը վերապահված է դատարանին, որպիսի լիազորությունը դատարանը կարող է իրացնել միայն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված հայցի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում դատական ակտ կայացնելով, հետևաբար անկախ նրանից, թե Դատախազությունը որ պահին է վարչական ակտը որակում ոչ իրավաչափ, այդ ակտի վիճարկման պահանջը պետք է դատարան ներկայացվի դրա մասին իրազեկվելու պահից սկսած երկամսյա ժամկետում:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Դատախազության մյուս` սույն գործով վիճարկվող որոշումների գոյության մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացրած «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ հայտնի դառնալու փաստարկին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում (...) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, (...):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված են նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում դատախազի բացառիկ լիազորությունները: Ըստ նշված իրավանորմի` ի թիվս այլնի, դրանք են ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում, հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ, գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ, հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ այն անձանց նկատմամբ քրեական գործերով, որոնք քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում կամ անմեղսունակ են դարձել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո` եզրափակիչ որոշումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի համաձայն` նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաև իր իրավասության շրջանակներում հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին, պահանջել փաստաթղթեր, նյութեր և գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի և դրանց առնչվող անձանց մասին, հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, կարճել քրեական գործով վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատախազն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քննիչը հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում քրեական գործ հարուցելու մասին այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով, իսկ Դատախազն իր իրավասության սահմաններում հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ, որի ընթացքում իրավունք ունի ստուգման համար քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ, գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ, հաստատել մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ: Դա նշանակում է, որ քրեական գործ հարուցելու կամ առնվազն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու պահից Դատախազությունը տիրապետում է բավարար տեղեկությունների` ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով պետության շահերին առնչվող վարչական ակտերի գոյության վերաբերյալ, ուստի այդ պահից էլ Դատախազությունը հնարավորություն է ստանում իրացնել այդ վարչական ակտերը վարչադատավարական կարգով վիճարկելու իր իրավունքը, այն էլ այն պարագայում, եթե նշված վարչական ակտերով վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու կամ առնվազն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու պահից էլ Դատախազության համար սկսվում է վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի ընթացքը: Ըստ այդմ` սույն գործով հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետում դատարան ներկայացված լինելու հարցի պարզումն ուղղակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, թե երբ է Դատախազությունն իրազեկվել վարչական ակտի գոյության մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի 23.01.2020 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման համաձայն` 24.09.2018 թվականին «www.hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 08.10.2018 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62232418 քրեական գործը` Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի` Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ, որի հիման վրա 30.08.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62223519 քրեական գործն այն դեպքի առթիվ, որ Երևան քաղաքի 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000 քմ հողատարածքը, որն ընդգրկված է եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և այդ հիմքով Երևանի քաղաքապետի 28.12.2007 թվականի որոշման հիման վրա կառուցապատման իրավունքում տրամադրվել է ««Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը, Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի որոշման հիման վրա` «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման արդյունքում թողարկված նոր գլխավոր հատակագծով անհիմն կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից, ապա Երևանի քաղաքապետի 08.04.2008 թվականի որոշմամբ, առանց հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխելու, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է »»Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: Հետագայում, երբ հողատարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից, «»Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերության տնօրենի դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետը, առանց բավարար հիմքերի 21.08.2008 թվականին որոշում է կայացրել Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող հիշյալ հողատարածքի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման սահմանելու մասին, այնուհետև ընկերության զբաղեցրած հողատարածքները մյուս հողօգտագործողների տարածքներից առանձնացնելու դիմումի հիման վրա 19.09.2008 թվականի որոշմամբ փոփոխություն է կատարվել Երևանի քաղաքապետի 08.04.2008 թվականի որոշման մեջ: Նշված որոշումները հիմք են հանդիսացել տվյալ հողատարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնելու համար և 02.10.2008 թվականի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000 քմ հողատարածքի նկատմամբ գրանցվել է «»Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը:

Նույն օրը թիվ 62223519 քրեական գործը միացվել է թիվ 62232418 քրեական գործին: (...)

27.09.2019 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա 01.07.2003 թվականից մինչև 04.03.2009 թվականը զբաղեցնելով գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի` Երևանի քաղաքապետի պաշտոնը, և որպես այդպիսին ՀՀ հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության 03.10.2002 թվականի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելով պետական սեփականության հողերը տնօրինել և օգտագործել օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսի վերաճշտման գործընթացում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար (...) (հատոր 1-ին. գ.թ. 18-28):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող` Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշումների գոյության մասին Դատախազությունը իմացել է ոչ ուշ, քան թիվ 62232418 քրեական գործը հարուցելու մասին 08.10.2018 թվականի որոշման պատճենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 24 ժամվա ընթացքում ստանալու պահից, քանի որ նշված որոշումը տեղեկություններ է պարունակել Երևանի քաղաքապետի կողմից 12.03.2008 թվականին և 08.04.2008 թվականին ընդունված համապատասխանաբար թիվ 1004-Ա և թիվ 1619-Ա որոշումների մասին, հետևաբար անհիմն է Դատախազության պնդումն այն մասին, որ վերոգրյալ որոշումների գոյության մասին վերջինս իրազեկվել է միայն ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացրած «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ:

Այսպիսով, սույն գործով հիմնական պահանջով մասնակի և ամբողջությամբ վիճարկվող վարչական ակտերի` Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշումների գոյության մասին Դատախազությունն իրազեկվել է ոչ ուշ, քան 31.08.2019 թվականին, այսինքն` թիվ 62223519 քրեական գործը հարուցելու մասին 30.08.2019 թվականի որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ստանալու պահից, հետևաբար վիճարկման հայցը դատարան կարող էր ներկայացվել այդ պահից սկսած երկամսյա ժամկետում, այն է` 01.11.2019 թվականը ներառյալ, մինչդեռ հայցը դատարան է ներկայացվել միայն 25.03.2020 թվականին, իսկ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու որևէ հիմնավոր փաստարկ Դատախազության միջնորդությունը չի պարունակում: Ընդ որում, հայցը ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության միջոցով 24.03.2020 թվականին Դատարան ներկայացված լինելու պարագայում նույնիսկ վերոգրյալ հիմնավորումներով Դատախազությունը բաց է թողել վիճարկվող վարչական ակտերի գոյության մասին իրազեկվելու պահից սկսած երկամսյա ժամկետը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններում առկա չի եղել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու որևէ հիմք, ուստի հիմնավորվում է բողոք բերող անձի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, օրինական ուժի մեջ է թողել Դատարանի որոշումը, որով առանց բավարար հիմքերի բավարարվել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը և վերջինիս տրամադրվել է դատական պաշտպանություն, ըստ էության, թույլատրելի համարելով ժամկետի խախտմամբ ներկայացված վիճարկման հայցի քննությունը:

 

Վճռաբեկ բողոքի դեմ Դատախազության, Երևան համայնքի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխաններում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս` վիճարկվող որոշումներից` 08.04.2008 թվականին ընդունված թիվ 1619-Ա որոշումն իրեն սպառած լինելու, վիճարկվող որոշումների ընդունման օրվանից ավելի քան տասը տարի անցած լինելու և օրենքի ուժով անվիճարկելի դարձած լինելու հիմքերին:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 01.04.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

Վարչական գործ թիվ ՎԴ/1951/05/20

2021 թ.

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 09.11.2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    2 դեկտեմբերի 2021 թ.                         ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

քննարկելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Երևան համայնքի` «Ազատության պողոտայում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը վերացնելու, 08.04.2008 թվականի «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումն ամբողջությամբ վերացնելու, որպես հետևանք` 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրն անվավեր ճանաչելու, 21.08.2008 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումներն ամբողջությամբ վերացնելու, Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 29.05.2005 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.11.2021 թվականի որոշման մեջ առկա վրիպակներն ուղղելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ վարչական դատարանի 01.04.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշմամբ բավարարվել է Դատախազության միջնորդությունը և վերականգնվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 01.04.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.11.2021 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացվել է ՀՀ վարչական դատարանի 01.04.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.11.2021 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման 1-ին էջի սկզբնամասում, որպես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործը քննող նախագահող դատավոր Ա. Պողոսյանի փոխարեն տպագրվել է Ա. Առաքելյան, իսկ 2-րդ էջի 3-րդ պարբերությունում, որպես ՀՀ վարչական դատարանում գործը քննող նախագահող դատավոր Ա. Միրզոյանի փոխարեն տպագրվել է Ա. Հակոբյան, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակներն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Թիվ ՎԴ/1951/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.11.2021 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակներն ուղղել հետևյալ կերպ.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.11.2021 թվականի որոշման 1-ին էջի սկզբնամասի` ձախ հատվածում «Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան» բառերը փոխարինել «Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան» բառերով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.11.2021 թվականի որոշման 2-րդ էջի 3-րդ պարբերությունում «ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հակոբյան)» բառերը փոխարինել «ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան)» բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 9 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.11.2021
N ՎԴ/1951/05/20
Որոշում