ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0126/01/10
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԿԴ/0126/01/10
Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան
Դատավորներ` Ա. Դանիելյան
Մ. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Հ. Ղուկասյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
պաշտպան Ս. Հարությունյանի
2010 թվականի դեկտեմբերի 23-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Վարազդատի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Պետրոսյանի պաշտպան Ս. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2010 թվականի մարտի 26-ին հարուցվել է թիվ 13116510 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
2010 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Գ. Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2010 թվականի մայիսի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 17-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Գ. Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Գ. Պետրոսյանի պաշտպան Ս. Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ. Պետրոսյանի պաշտպան Ս. Հարությունյանը:
2010 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Գ. Պետրոսյանի պաշտպան Ս. Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Գ. Պետրոսյանը դատապարտվել է այն արարքի համար, որ նա 2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողների և աշխատակիցների վստահությունը, Կանադայի Հանրապետությունում կայանալիք հյուրախաղերին վերջիններիս մասնակցությունն ապահովելու պատրվակով, մեկ միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 1.380.800 ՀՀ դրամ գումարներ, այն է`
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Դավթյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ն. Դավթյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Գաբոյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Դ. Գաբոյանին պատկանող զգալի չափի` 180.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Հայաստանի պետական երգչախմբի երգիչ Ռուբեն Կարասեֆերյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ռ.Կարասեֆերյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագակցող Աննա Ջալլադյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ա.Ջալլադյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արշալույս Թադևոսյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ա. Թադևոսյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարինե Խաչատրյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Մ. Խաչատրյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստեր Նվարդ Մարուխյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ ստացել և խարդախությամբ հափշտակել է Ն.Մարուխյանին պատկանող` 288.000 ՀՀ դրամին համարժեք 750 ԱՄՆ դոլար գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակահար Արսեն Մուրադյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ա. Մուրադյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արտավազդ Համբարյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ա. Համբարյանին պատկանող զգալի չափի` 180.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ա. Մարտիրոսյանին պատկանող զգալի չափի` 96.000 ՀՀ դրամին համարժեք 250 ԱՄՆ դոլար գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչուհի Լուսինե Մկրտչյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Լ. Մկրտչյանին պատկանող զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ գումարը:
2010 թվականի փետրվար ամսին, չարաշահելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ռուբեն Դավթյանի վստահությունը, Կանադայում կայանալիք հյուրախաղերին մասնակցելու պատրվակով, խաբեությամբ վերջինիցս ստացել և խարդախությամբ հափշտակել է Ռ. Դավթյանին պատկանող զգալի չափի` 76.800 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումարը:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է. «Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այն, որ Գրիգոր Պետրոսյանի հանցանքն ունի հանրության համար վտանգավորության բարձր աստիճան, քանի որ հանցանքի արդյունքում տուժել են 12 քաղաքացիներ, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված ու արատավորված չի եղել:
Որպես ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ պատիժ նշանակելու պահին ամբաստանյալի խնամքին է գտնվում հաշմանդամ մայրը և այն, որ ամբաստանյալը, բացառությամբ տուժողներ Նարեկ Դավթյանին, Արշալույս Թադևոսյանին, Սուսաննա Մարտիրոսյանին և Ռուբեն Դավթյանին պատճառված վնասներից, կամովին հատուցել է Արսեն Մուրադյանին, Արտավազդ Համբարյանին, Մարինե Խաչատրյանին, Լուսինե Մկրտչյանին, Ռուբեն Կարասեֆերյանին և Աննա Ջալլադյանին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ, իսկ Դավիթ Գաբոյանին, Նվարդ Մարուխյանին պատճառված վնասը` մասնակիորեն:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում» (տե՛ս, քրեական գործ, 331-րդ էջ):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի եզրափակիչ մասում նշել է. «(...) Գրիգոր Պետրոսյանի պատժի սկիզբը հաշվել դատավճիռն ի կատար ածելու պահից, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Գրիգոր Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը փոխել կալանավորմամբ» (տե՛ս, քրեական գործ, 332-րդ էջ):
8. Պաշտպան Ս. Հարությունյանն իր բողոքին կից Վերաքննիչ դատարանին է ներկայացրել թվով 5 ստացական, որոնց համաձայն` տուժողներ Ն.Մարուխյանին, Դ. Գաբոյանին, Ռ. Դավթյանին, Ն. Դավթյանին և Ա. Թադևոսյանին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ հատուցվել է ամբաստանյալ Գ. Պետրոսյանի կողմից (տե՛ս, քրեական գործ, 401-405-րդ էջեր):
9. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի դատական նիստին մասնակցել են նաև տուժողներ Ս. Մարտիրոսյանը, Ն. Մարուխյանը, Ն. Դավթյանը և Ա. Թադևոսյանը, որոնք հայտարարել են, որ հանցագործության արդյունքում իրենց պատճառված գույքային վնասն ամբողջությամբ հատուցվել է, և իրենք որևէ պահանջ ամբաստանյալ Գ. Պետրոսյանից չունեն (տե՛ս, քրեական գործ, դատական նիստի արձանագրության համառոտագրում և դատական նիստի ձայնագրառման լազերային սկավառակ, 434-րդ, 437-րդ էջեր):
10. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է. «Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ պաշտպան Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ` հետևյալ պատճառաբանությամբ:
Ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը /կատարվածը ծանր հանցագործություն է/, հանցավորի անձը` նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով այն, որ խնամքին է գտնվում հաշմանդամ մայրը, ինչպես նաև պատճառված գույքային վնասը մասնակիորեն հատուցելը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ:
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպան Ս. Հարությունյանի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններն ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, հաշվի առնելով վերջինիս վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը` այն, որ նրա հանցավոր գործողությունների հետևանքով տուժել են 12 քաղաքացիներ, հանգում է այն հետևության, որ վերջինիս ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու և միայն այդ ձևով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...)» (տե՛ս, քրեական գործ, 444-րդ էջ):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Բողոքի հեղինակը նշել է, որ վիճարկվող դատական ակտը նշանակված պատժի մասով ակնհայտ անարդարացի է, ոչ օբյեկտիվ, ոչ մարդասիրական:
Համաձայն բողոքի` Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքը, նշել է, որ ամբաստանյալը մասնակիորեն է հատուցել պատճառված վնասը: Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում հատուցել է տուժողներ Ա. Մուրադյանին, Ա. Համբարյանին, Ն. Մարուխյանին և Ս. Մարտիրոսյանին պատճառված ընդհանուրը 328.000 ՀՀ դրամի և 1.000 ԱՄՆ դոլարի վնասը, Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում` տուժողներ Մ. Խաչատրյանին, Լ. Մկրտչյանին, Ռ. Կարասեֆերյանին, Ա. Ջալլադյանին, Դ. Գաբոյանին պատճառված ընդհանուրը 432.000 ՀՀ դրամի վնասը, Առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո` Ռ. Դավթյանին, Ն. Դավթյանին, Ա. Թադևոսյանին պատճառված ընդհանուրը 160.000 ՀՀ դրամի և 200 ԱՄՆ դոլարի վնասը: Այսինքն` ամբաստանյալն ամբողջությամբ հատուցել է տուժողներին պատճառված 1.380.800 ՀՀ դրամի վնասը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը գործի քննությունը հետաձգել է, պահանջելով ներկայացնել պատճառված վնասը հատուցելը հաստատող ապացույցներ, որոնք ներկայացվել են: Բացի այդ, Վերաքննիչ դատարան ներկայացած տուժողներ Ն. Մարուխյանը, Ն. Դավթյանը, Ա. Թադևոսյանը և Ս. Մարտիրոսյանը հայտնել են, որ Գ. Պետրոսյանը վերադարձրել է իրենց գումարները, իրենք նրանից պարտք ու պահանջ չունեն: Վերաքննիչ դատարանը, սակայն, անտեսել է վերոնշյալ` ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժ մեղմացնող հանգամանքը, այդ մասին չի նշել իր որոշման մեջ և հաշվի չի առել, որով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում:
Բողոքի հեղինակը Վճռաբեկ դատարանի նախադեպային` ՎԲ-124/07, ՎԲ-192/07 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշման և սույն գործի փաստական հանգամանքների համեմատական վերլուծության արդյունքում գտել է, որ պատճառված վնասն ամբողջովին հարթելու պայմաններում սույն գործով վերականգնվել է սոցիալական արդարությունը, վերացել է հանրության համար վտանգավորությունը, հետևաբար Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով այդ հանգամանքը, կայացրել է Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումներին հակասող որոշում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը կհամապատասխաներ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին և ամբողջությամբ կբխեր Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումների պահանջներից:
Բողոքաբերը նշել է նաև, որ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի չի առել նաև Գ. Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այն հանգամանքը, որ նա հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, անհիմն կերպով նշելով, որ այդ փաստը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել այն դեպքում, երբ գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է հաշմանդամ մորը բուժելու, որդեգրված հոգեկան հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու նպատակով: Բացի այդ, Գ. Պետրոսյանը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, զղջացել է կատարածի համար, խնամքին է գտնվում հաշմանդամ մայրը, բացակայում են նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով ամբաստանյալի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխարինվել է կալանավորմամբ, և Գ. Պետրոսյանը դատարանի դահլիճում կալանավորվել է, սակայն դատավճռով Գ. Պետրոսյանի պատժի սկիզբը հաշվվել է ոչ թե դատավճռի հրապարակման պահից, այլ դատավճիռն ի կատար ածելու պահից: Նշված հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որով թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
11. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը, գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումներն ազդել են իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցում ճիշտ որոշում կայացնելու վրա, խնդրել է Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 17-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, և նրա նկատմամբ նշանակված պատիժը` 2 տարի ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Գ. Պետրոսյանի կատարած հանցագործության արդյունքում պատճառված գույքային վնասի հատուցված լինելը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին. իրավաչա՞փ է արդյոք հանցագործությամբ տուժողներին պատճառված գույքային վնասը Գ. Պետրոսյանի կողմից մասնակի հատուցած լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
i
13. Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ. Բայրամյանի վերաբերյալ գործով որոշման մեջ, որի համաձայն` «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը (...)» (տե՛ս Պ. Բայրամյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):
14. Սույն գործով Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ ամբաստանյալ Գ. Պետրոսյանը, բացառությամբ տուժողներ Ն. Դավթյանին, Ա. Թադևոսյանին, Ս. Մարտիրոսյանին և Ռ. Դավթյանին պատճառված վնասներից, կամովին հատուցել է վեց տուժողներին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ, իսկ Դ. Գաբոյանին և Ն. Մարուխանյանին պատճառված վնասը` մասնակիորեն (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է թվով 5 ստացական, որոնք վկայում են այն մասին, որ տուժողներ Ն. Մարուխյանին, Դ. Գաբոյանին, Ռ. Դավթյանին, Ն. Դավթյանին և Ա. Թադևոսյանին պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցվել է ամբաստանյալ Գ. Պետրոսյանի կողմից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական նիստի ժամանակ տուժողներ Ս. Մարտիրոսյանը, Ն. Մարուխյանը, Ն. Դավթյանը և Ա. Թադևոսյանը հայտարարել են, որ հանցագործության արդյունքում իրենց պատճառված վնասն ամբողջությամբ հատուցված է և իրենք որևէ պահանջ ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ չունեն (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
15. Հիմք ընդունելով սույն որոշման 14-րդ կետում նշված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում պաշտպանի բողոքում առկա պնդումն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Պետրոսյանի կողմից կատարված հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված նյութական վնասը հատուցվել է ամբողջությամբ: Նշված հանգամանքը Պ. Բայրամյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման իմաստով իրական է, այսինքն` հաստատված է գործով ձեռք բերված ապացույցներով:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալը, իր դատական ակտում հաստատված է համարել այն, որ պատճառված գույքային վնասը հատուցվել է մասնակիորեն (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
i
II. Ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելով` Վերաքննիչ դատարանն արդյոք պահպանե՞լ է արդարության և պատասխանատվության անհատականացման քրեադատավարական սկզբունքները:
17. Պատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս քրեաիրավական նորմերով ամրագրված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքների պահպանումը:
18. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:
19. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի և չափի որոշման ժամանակ հաշվի առնվող հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ. Մադաթյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
i
20. Անձի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ՎԲ-124/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 և այլ որոշումներում:
Մասնավորապես, Դ. Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե՛ս Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 12-րդ կետը):
Թ. Տեր-Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:
(...) նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե՛ս Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):
21. Հիմք ընդունելով սույն որոշման 17-20-րդ կետերում վկայակոչված օրենսդրական կարգավորումները և դրանց հիման վրա Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարված հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:
22. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքն ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, ուստի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար էական նշանակություն ունի պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքը:
Գործի տվյալներով հիմնավորված է, որ Գ. Պետրոսյանն ամբողջությամբ կամովին հատուցել է տուժողներին հանցագործությամբ պատճառված գույքային վնասը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը:
23. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը Գ. Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ինչպես այն, որ Գ. Պետրոսյանի հանցանքն ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան, քանի որ հանցանքի արդյունքում տուժել են 12 քաղաքացիներ, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` բնութագրվում է դրական, նախկինում դատված ու արատավորված չի եղել: Որպես ամբաստանյալ Գ. Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ վերջինիս խնամքին է գտնվում հաշմանդամ մայրը: Գ. Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
24. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հաշվի առնելով Գ. Պետրոսյանին վերագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը` այն, որ նրա հանցավոր գործողությունների հետևանքով տուժել են 12 քաղաքացիներ, հանգել է հետևության, որ պատժի տեսակի և չափի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են, և գործով բավարար հիմքեր չկան ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելու համար (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
25. Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ` առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունն արդյոք համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու պատժի արդարացիության քրեաիրավական սկզբունքին:
Այս առումով հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ամբաստանյալ Գ. Պետրոսյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանին` հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունների վերաբերյալ գործի նյութերում առկա ապացույցները գնահատելու տեսանկյունից, որի արդյունքում հանգել է հանցագործությամբ պատճառված վնասը մասնակի հատուցված լինելու մասին` գործի նյութերից չբխող հետևության (տե՛ս սույն որոշման 14-15-րդ կետերը):
26. Այսպիսով` ամբաստանյալ Գ.Պետրոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման ընթացքում Վերաքննիչ դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել սույն որոշման 22-րդ և 23-րդ կետերում նշված հանգամանքները, ինչի արդյունքում նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցով կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշում:
i
III. Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը դատավճիռն ի կատար ածելու պահից հաշվելու իրավաչափությունը.
27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը դատավճիռն ի կատար ածելու պահից հաշվելու մասին:
28. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման (....) ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի համաձայն`
«1. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
(....)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 424-րդ հոդվածի համաձայն`
«Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն`
«1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել (....):
2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո (....)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:
(....)
3. Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:
(....)»:
29. Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը հանձնվում է կատարման միայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ընդ որում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում, համապատասխանաբար, վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման համար սահմանված ժամկետներն անցնելուց հետո, եթե դրանք բողոքարկված չեն եղել, իսկ վճռաբեկ դատարանի դատական ակտը` հրապարակման պահից: Այն դեպքում, երբ դատական ակտը բողոքարկվել է, այն օրինական ուժի մեջ չի մտնում և կատարման չի հանձնվում:
30. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի նշանակումը և դատական որոշումների կատարումն իրենցից ներկայացնում են տարբեր իրավական ինստիտուտներ: Այսպես, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և կարգը սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ դատական ակտերի կատարման կանոնները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Միևնույն ժամանակ, նշանակած պատժի ժամկետի սկիզբը որոշելը պատիժ նշանակելու կարևոր տարրերից մեկն է, քանի որ այն ճիշտ չորոշելու հետևանքով կարող են վրա հասնել դատապարտյալի համար անբարենպաստ և նրա վիճակը վատթարացնող իրավական հետևանքներ:
31. Սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճռի եզրափակիչ մասի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը փոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Առաջին ատյանի դատարանը որոշել է Գ. Պետրոսյանի պատժի սկիզբը հաշվել դատավճիռն ի կատար ածելու պահից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Ամբաստանյալ Գ. Պետրոսյանը կալանքի է վերցվել դատական նիստի դահլիճում:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ այն բողոքարկվել է վերաքննության կարգով, իսկ այնուհետև նաև` վճռաբեկության կարգով:
32. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի` կալանքի տակ գտնված ժամանակահատվածն ամբողջությամբ հաշվակցվում է ազատազրկման ժամկետի մեջ: Մինչդեռ, Գ. Պետրոսյանին կալանքի վերցնելով դատական նիստի դահլիճում, Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի սկիզբը հաշվել է դատավճիռն ի կատար ածելու պահից, ըստ էության անտեսելով այն ողջ ժամանակահատվածը, որը Գ. Պետրոսյանը պետք է անցկացնի կալանքի տակ մինչև դատավճռի օրինական ուժ ստանալը, իսկ այնուհետև նաև` այն ի կատար ածելու պահը:
Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նման մոտեցումը, քանի որ դրա արդյունքում ամբաստանյալ Գ. Պետրոսյանի համար վրա կհասնեն նրա վիճակը վատթարացնող իրավական հետևանքներ, այն է` մինչև Առաջին ատյանի դատարանի դատավճռի ի կատար ածելու պահը Գ. Պետրոսյանի կալանքի տակ գտնված ժամկետը չի հաշվակցվի նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետի մեջ, այսինքն` տեղի կունենա ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում:
33. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ. Պետրոսյանին դատական նիստի դահլիճում կալանքի վերցնելով հանդերձ նրա նկատմամբ նշանակված պատժի սկիզբը դատավճիռն ի կատար ածելու պահից հաշվելով, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել պատիժ նշանակելու ընդհանուր կանոնների ակնհայտ և կոպիտ խախտում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, որևէ իրավական գնահատական չի տվել Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի վերոգրյալ խախտմանը:
34. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են ամբաստանյալ Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը ճիշտ հաշվելու, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու կապակցությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Գ. Պետրոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել` գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության, ինչը պայմանավորված է վերոհիշյալ հանգամանքների պատշաճ քննարկման և գնահատման անհրաժեշտությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված` պատժի նպատակների իրացվելիության ապահովման, ինչպես նաև` Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը որոշելու տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գրիգոր Վարազդատի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան