ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-2497 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2006
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-3476
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
դատավորներ` Կ. Հակոբյան
Վ. Ավանեսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006 թվականի դեկտեմբերի 21-ին
դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Արա Կուրազյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 06-3476 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Արա Կուրազյանի հայցի ընդդեմ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ նաև` Հիմնադրամ), Ջեֆֆրի Էնգելսի, Գագիկ Սարդարյանի, Տիգրան Հարոյանի, Հայկ Մկրտչյանի, Նաիրա Ղուկասյանի` աշխատանքային պարտականությունների կատարումը խոչընդոտող գործողությունները վերացնելու, պատվի և բարի համբավի պաշտպանության, պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է`
1. պարտավորեցնել Հիմնադրամի տնօրեն Ջեֆֆրի Էնգելսին, փոխտնօրեն Գագիկ
Սարդարյանին, ադմինիստրատիվ ղեկավար Տիգրան Հարոյանին ապահովել իր`
որպես Հիմնադրամի ֆինանսական ղեկավարի պարտականությունների
իրականացման համար անհրաժեշտ պայմանների վերականգնումը,
2. պարտավորեցնել Հիմնադրամի կադրերի տեսուչ Հայկ Մկրտչյանին, առաջատար
հաշվապահ Նաիրա Ղուկասյանին վերացնել բոլոր անօրինական
ձևակերպումները,
3. պարտավորեցնել Հիմնադրամի առաջատար հաշվապահ Նաիրա Ղուկասյանին
դադարեցնել որպես Հիմնադրամի գլխավոր հաշվապահ անօրինական
ինքնագործունեությունը,
4. պարտավորեցնել Հիմնադրամի տնօրեն Ջեֆֆրի Էնգելսի, փոխտնօրեն Գագիկ Սարդարյանին, ադմինիստրատիվ ղեկավար Տիգրան Հարոյանին, կադրերի տեսուչ Հայկ Մկրտչյանին, առաջատար հաշվապահ Նաիրա Ղուկասյանին կատարել որպես պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում`
ա) հրավիրել Հիմնադրամի անձնակազմի ժողով և հրապարակավ գրավոր ներողություն խնդրել կատարած գործողությունների համար,
բ) բոլոր մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց, ում գրավոր կամ բանավոր տեղյակ էր պահվել իրեն աշխատանքի չթույլատրման մասին, գրավոր տեղեկացնել, որ խախտումը վերացված է, և ինքը` Արա Կուրազյանը, լիարժեքորեն անցել է իր պարտականությունների իրականացմանը` իրավունքների լրիվ վերականգնումով:
գ) տնօրեն Ջեֆֆրի Էնգելսից, փոխտնօրեն Գագիկ Սարդարյանից, ադմինիստրատիվ ղեկավար Տիգրան Հարոյանից, կադրերի տեսուչ Հայկ Մկրտչյանից, առաջատար հաշվապահ Նաիրա Ղուկասյանից որպես իր պատվի և արժանապատվության պատճառված վնասի նյութական փոխհատուցում իր հաշվին բռնագանձել տուգանք (տուժանք) նրանց առաջիկա մեկ ամսվա աշխատավարձի չափով` 9.259.525 ՀՀ դրամ:
5. պարտավորեցնել Հիմնադրամին իրեն վճարել իր միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 2006 թվականի մայիսի 18-ից,
6. պարտավորեցնել Հիմնադրամին փոխհատուցել ներկայացված հայցադիմումի հետ կապված դատական ծախսերը:
ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 2-1912/2006թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի: Չեղյալ է համարվել Հիմնադրամի տնօրենի` 17.05.2005 թվականի Արա Կուրազյանին աշխատանքից ազատելու մասին թիվ 117 հրամանը: Միաժամանակ վճռվել է Արա Կուրազյանին վերականգնել նախկին աշխատանքում (պաշտոնում) և վճարել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` հաշված արձակման օրվանից` 18.05.2006 թվականից, մինչև աշխատանքի վերականգնման օրը ներառյալ:
Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 06-3476 վճռով հայցը մերժվել է ամբողջությամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Կուրազյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հրամանը կեղծ է և կազմվել է հետին ամսաթվով, ինչը ֆիքսված է համակարգչային ցանցում: Կեղծ և հետին ամսաթվով են կազմված նաև աշխատանքային կարգապահության կանոնների խախտման արձանագրությունը և աշխատանքային կարգապահության կանոնների խախտման զեկուցագիրը:
Աշխատանքային կարգապահության կանոնների խախտումը, որի հիման վրա աշխատողն ազատվել է աշխատանքից, իրականում հանդիսանում է աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրի հավելվածում շարադրված աշխատանքային նկարագրի շրջանակներում իրականացված գործունեություն:
Գործարքներն իրականացվել են ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի թիվ 147 «ՀՀ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների մասին» որոշման պահանջներին և հաշվապահական հաշվառման վարման կանոններին համապատասխան:
Բացի այդ, գործարքը, որի կնքումը աշխատողի կողմից դիտվել է որպես աշխատանքային կարգապահության կանոնների կոպիտ խախտում, ըստ էության 11-րդն է: Նման գործարքներ կնքվել են դեռևս 2005 թվականի աշնանից, երբ նման առաջարկ վարկային բաժնի ղեկավար Արմեն Գաբրիելյանի կողմից ներկայացվել է տնօրենին և փոխտնօրենին: Վերջիններիս գիտությամբ և վերահսկողությամբ էլ կնքվել են այդ պայմանագրերը: Կարգապահական պատասխանատվություն կիրառելու համար հիմք հանդիսացող պայմանագրի մասին Հիմնադրամի տնօրենը նույնպես տեղյակ է եղել: Բացի այդ, քանի որ տվյալ գործարքի կնքումը հանդիսանում է իր աշխատանքային լիազորությունների բաղկացուցիչ մասը, որն ամրագրված է աշխատանքային պայմանագրի հավելվածում, հայցվորը պայմանագրում ստորագրել է իր և ոչ թե տնօրենի անվան դիմաց:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Աշխատողից չի պահանջվել խախտման մասին գրավոր բացատրություն:
3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Կատարած արարքը չի հետապնդել իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու նպատակ, անձնական դրդապատճառներով չի օգտագործվել պաշտոնեական դիրքը: Բացի այդ, կնքված ավանդի պայմանագրով Հիմնադրամը ստացել է շոշափելի դրամական միջոցներ: Հիմնադրամի տնօրենը տվյալ պայմանագիրը անգամ չի լուծել:
4) Դատարանը կիրառել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Նշված հոդվածը չի վերաբերում հայցվորի աշխատանքային գործունեությանը և ընդամենը շարադրում է հիմնադրամի կառավարչի լիազորությունները: Դատարանը չի անդրադարձել նույն օրենքով սահմանված ֆինանսական ղեկավարի լիազորություններին:
5) Դատարանը սխալ է մեկնաբանել կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 9.1-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Նշված կետի համաձայն` կողմերի միջև առաջացած վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Պայմանագրի այդ պահանջը չի կատարվել տնօրենի խուսափելու և իր մուտքը Հիմնադրամի տարածք խոչընդոտելու պատճառով:
6) Դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Նշված հոդվածի պահանջներին համապատասխան աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման օրը չի կատարվել վերջնահաշվարկ:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 06-3476 վճիռը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 2-1912/2006 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 2005 թվականի սեպտեմբերի 1-ին Արա Կուրազյանի և Հիմնադրամի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 2-րդ կետի համաձայն` Արա Կուրազյանը նշանակվել է Հիմնադրամի ֆինանսական ղեկավարի պաշտոնում:
2) Պայմանագրի հավելվածի առաջին մասի համաձայն` ֆինանսական ղեկավարի պաշտոնը վարողը, հիմնադրամի տնօրենի, փոխտնօրենի անմիջական վերահսկողությամբ, կատարում է հիմնադրամի բոլոր ֆինանսական գործառնությունների ղեկավարի և հաշվապահի պարտականությունները:
3) 2006 թվականի մայիսի 15-ին Արա Կուրազյանը «Հայաստանի Գյուղացիական Փոխօգնության Բանկ» կոոպերատիվի (այսուհետ` Հայգյուղփոխբանկ) հետ կնքել է ժամկետային ավանդի պայմանագիր, որի «Կողմերի վավերապայմանները» մասում ստորագրել է «ֆին տնօրեն» տողում: Նույն օրը ստորագրել է վճարման հանձնարարական, որի հիման վրա ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված գումարը փոխանցվել է Հայգյուղփոխբանկին:
4) Հիմնադրամի ադմինիստրատիվ ծառայությունների ղեկավարի 2006 թվականի մայիսի 17-ի զեկուցագրի համաձայն` 2006 թվականի մայիսի 15-ին Հիմնադրամի ֆինանսական ղեկավար Արա Կուրազյանը Հիմնադրամի անունից կնքել է ժամկետային ավանդի մասին թիվ 11 պայմանագիրը, որի համաձայն` Հիմնադրամի կողմից Հայգյուղփոխբանկում դրվել է ավանդ մեկ ամիս ժամկետով վեց տոկոս տարեկան տոկոսադրույքով:
5) 2006 թվականի մայիսի 17-ին կազմվել է կարգապահական խախտման արձանագրություն, որում նշված է. «....Գագիկ Սարդարյանը պահանջեց գրավոր բացատրագիր ներկայացնել տնօրենին: Ի պատասխան Արա Կուրազյանը....առարկեց, որ բացատրելու բան չունի...»:
6) 2006 թվականի մայիսի 17-ին Հիմնադրամի տնօրենը թիվ 117 հրամանով նույն թվականի մայիսի 18-ից լուծել է Հիմնադրամի ֆինանսական ղեկավար Արա Կուրազյանի հետ կնքված թիվ LC 05-35 աշխատանքային պայմանագիրը` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 121-րդ հոդվածի 2-րդ կետի, 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջները:
7) 2006 թվականի մայիսի 22-ին աշխատողի հետ կատարվել է վերջնահաշվարկ, որը վերջինս հետ է վերադարձրել Հիմնադրամին:
8) Հայցադիմումին լրացուցիչ հանգամանքներ և նյութեր ուղարկելու մասին Արա Կուրազյանի ներկայացրած փաստաթղթում նշված է, որ Հիմնադրամի տնօրենի հարմանը Արա Կուրազյանը ստացել է փոստով 2006 թվականի մայիսի 28-ին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում բողոքի հիմքի այն փաստարկը, որ հրամանը, աշխատանքային կարգապահության կանոնների խախտման արձանագրությունը և աշխատանքային կարգապահության կանոնների խախտման զեկուցագիրը կեղծ են և կազմվել են հետին ամսաթվով, քանի որ սույն գործում բացակայում է նման փաստն ապացուցող որևէ թույլատրելի կամ վերաբերելի ապացույց:
Նույն պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հաստատված չի համարում այն հանգամանքները, որ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացած գործարքը կնքվել է Հիմնադրամի տնօրենի վերահսկողությամբ, ինչպես նաև գործարքի կնքումից առաջ բողոք բերած անձը նմանատիպ պայմաններում կնքել է նմանատիպ գործարքներ, որոնց համար կարգապահական պատասխանատվություն չի առաջացել:
Ինչ վերաբերում է բողոքի հիմքի այն պատճառաբանությանը, որ հայցվորի և պատասխանողի միջև 2005 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրի հավելվածի համաձայն բողոք բերած անձն օժտված է եղել Հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունքով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրում նկարագրված լիազորությունները որևէ ուղղակի իրավունք չեն վերապահում Ընկերության անունից միանձնյա հանդես գալու, պայմանագրեր կնքելու և միանձնյա ֆինանսական գործառույթներ իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե ինքը գործել է ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «ՀՀ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների մասին» թիվ 147 որոշման պահանջներին համապատասխան, ապա պետք է նշել, որ ՀՀ կառավարության նշված որոշման մեջ չկա ոչ մի նորմ, որը իրավունք է վերապահում գլխավոր հաշվապահին կամ ֆինանսական ղեկավարին միանձնյա տնօրինել Հիմնադրամի ֆինանսական միջոցները` առանց օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրի:
Այսպես, բողոք բերած անձի կողմից վկայակոչված ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման 24-րդ կետով սահմանված է ոչ թե ֆինանսական ղեկավարի միանձնյա իրավունքը` ստորագրելու Հիմնադրամի գույքը տնօրինող պայմանագրերը, այլ, կազմակերպության ղեկավարից բացի, սահմանում է նաև նրա գլխավոր հաշվապահի պարտականությունը` ստորագրել ֆինանսական փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման մասին բողոքի հիմքը, քանի որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը գնահատել է գործում առկա փաստաթղթերը բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում այն հանգամանքը, որ աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջվել: Ավելին, քաղաքացիական գործում առկա կարգապահական խախտման արձանագրության մեջ նշված է. «....Գագիկ Սարդարյանը պահանջեց գրավոր բացատրագիր ներկայացնել տնօրենին: Ի պատասխան Արա Կուրազյանը....առարկեց, որ բացատրելու բան չունի...»: Այս ապացույցը չի հերքվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված բացատրությունը գնահատում է, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, առանց բացատրության կարգապահական տույժ կիրառելու համար բավարար հիմք:
3) բողոքի երրորդ հիմքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձի կողմից որպես փաստարկ է նշվել այն, թե կատարած արարքը չի հետապնդել իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու նպատակ, և անձնական դրդապատճառներով չի օգտագործվել պաշտոնեական դիրքը, այնինչ ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում է համարել թույլ տրված կամայականությունը և ոչ թե կարգապահական խախտում թույլ տված անձի կողմից իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու նպատակով կամ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը:
Բողոք բերած անձի կողմից կամայական խախտում թույլ տալու հանգամանքները Վճռաբեկ դատարանը վերը շարադրված պատճառաբանություններով արդեն իսկ հաստատված է համարել:
4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կառավարիչը տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները» գործարքներ է կնքում հիմնադրամի անունից:
Ինչ վերաբերում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` ֆինանսական ղեկավարի լիազորություններին չանդրադառնալու` վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա վերոհիշյալ օրենքում ֆինանսական ղեկավարի` որպես ինքնուրույն, հիմնադրամի ղեկավարից առանձին պաշտոնատար անձի լիազորություններ սահմանող նորմ առկա չէ:
5) բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորի և պատասխանողի միջև 2005 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագրի 9.1-րդ կետի համաձայն` «Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում այն ենթակա է կարգավորման Գործատուի և Աշխատողի միջև անմիջական բանակցության միջոցով»: Պայմանագրի այս կարգավորումը կիրառելի է, երբ երկու կողմերն էլ նման կամք են արտահայտում:
Սակայն այն դեպքերում, երբ կողմերից որևիցե մեկը կամ երկու կողմերն էլ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բանակցություններ վարել, կիրառելի է նույն պայմանագրի 9.2-րդ կետը, որը սահմանում է, որ կողմերի միջև վեճը չկարգավորվելու դեպքում այն ենթակա է լուծման գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչն էլ իրականացրել է բողոք բերած անձը` առաջին ատյանի դատարան հայց հարուցելով:
6) բողոքը վեցերորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը:
Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Արա Կուրազյանի հետ վերջնահաշվարկ կատարվել է 2006 թվականի մայիսի 22-ին, իսկ պայմանագիրը լուծելու մասին Հիմնադրամի տնօրենի հրամանը` որպես անհատական իրավական ակտ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ուժի մեջ է մտել Արա Կուրազյանի կողմից այն ստանալու օրվան հաջորդող օրվանից` 2006 թվականի մայիսի 29-ից: Հետևաբար անհիմն է բողոքի փաստարկը վերը նշված հոդվածով սահմանված ժամկետի խախտման մասին, քանի որ աշխատանքային պայմանագրի լուծման օր պետք է համարել 2006 թվականի մայիսի 29-ը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Արա Կուրազյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 06-3476 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ