Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ...

17.10.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.08.2006  -ից մինչեւ   17.10.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1069-Ն որոշում)

i

040.0614.200506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2006 թվականի N 614-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

i

1.1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր օթևան տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-րդ կետը լրաց. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել ժամանակավոր օթևան տրամադրող կազմակերպության օրինակելի կանոնադրությունը և օթևան տրամադրող կազմակերպություն ընդունված անօթևան անձի հաշվառման քարտի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի ապրիլի 13-ի

N 614-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են 18 տարին լրացած` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (այսուհետ` հաճախորդ) ժամանակավոր կացարան տրամադրելու, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

2. Ժամանակավոր օթևանի տրամադրումը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից մեկն է:

3. Ժամանակավոր օթևան (այսուհետ` օթևան) տրամադրվում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն):

i

3.1. Հայերենին չտիրապետող անձանց, հնարավորության դեպքում, աջակցությունը տրամադրվում է իրենց համար հասկանալի լեզվով:

(3.1-րդ կետը լրաց. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

4. Կազմակերպություն ընդունված հաճախորդն ստանում է սոցիալական, հոգեբանական, բժշկական և իրավական օգնություն:

i

5. Կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններ, վստահության հեռախոս:

(5-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

6. Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները հաստատում է կազմակերպության ղեկավարը:

i

6.1. Օթևանը, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում է նաև բռնության ենթարկված անձի երեխային` նրա օթևանում գտնվելու ընթացքում:

(6.1-րդ կետը լրաց. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

7. Օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:

 

II. ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

8. Հաճախորդին օթևան տրամադրվում է նրա փաստացի գտնվելու վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (այսուհետ` գործակալություն) որոշման հիման վրա:

9. Գործակալությունը հաճախորդին ժամանակավոր օթևան տրամադրելու մասին որոշումն ընդունում է`

ա) հաճախորդի դիմումի հիման վրա,

բ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունների դեպքում:

10. Հրատապ օգնություն պահանջող դեպքերում հաճախորդին օթևան տրամադրվում է կազմակերպություն ներկայացված նրա դիմումի հիման վրա:

i

11. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից տեղեկություններ ստանալու նույն օրը գործակալությունը, իսկ վստահության հեռախոսի միջոցով տեղեկություններ ստանալու դեպքում կազմակերպությունը կազմակերպում է իրավիճակի ուսումնասիրություն` տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում անձի հայտնաբերման և անհրաժեշտ օգնության տրամադրման համար:

(11-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

i

12. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից տեղեկություններ ստանալու դեպքում գործակալությունը կամ կազմակերպությունն անհապաղ ընդունում է որոշում և, հաճախորդի համաձայնության դեպքում, կազմակերպում նրա տեղափոխումը կազմակերպություն:

(12-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

13. Կազմակերպության ղեկավարը կազմակերպություն ընդունված հաճախորդի մասին մեկ օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմին, գործակալություն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

i

14. Օթևան տրամադրելուց անձի հրաժարվելու դեպքում գործակալությունը կամ կազմակերպությունը դրա մասին կազմում է արձանագրություն:

(14-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

15. Հաճախորդին կազմակերպություն ընդունելը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:

i

16. Կազմակերպություն ընդունված հաճախորդի համար լրացվում է հաշվառման քարտ, որտեղ գրանցվում են տվյալ հաճախորդին վերաբերող հետևյալ տեղեկությունները`

ա) անունը, հայրանունը, ազգանունը,

բ) ծննդյան տարեթիվը,

գ) սեռը,

դ) նրա վերջին կամ նախկին բնակության վայրը,

ե) մինչև օթևանի տրամադրումը հաճախորդի հայտնաբերման կամ գտնվելու վայրը,

զ) ընտանեկան դրությունը,

է) կազմակերպություն ընդունման և դուրսգրման ամսաթվերը,

ը) օթևանի կարիք ունեցող հաճախորդի մասին տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները.

թ) անձի նկատմամբ կիրառված բռնության տեսակը` բռնության առկայության դեպքում:

(16-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

17. Հաճախորդի մասին տվյալները քարտում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի կամ, դրա բացակայության դեպքում, հաճախորդի բանավոր հայտարարության համաձայն: Հաճախորդի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տեղեկությունների աղբյուրը:

18. Հաճախորդի մասին տվյալների` նրա բանավոր հայտարարության հիման վրա գրանցման դեպքում նշվում են նաև հաճախորդի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի և աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:

19. Կրկին նույն կազմակերպություն ընդունվելու դեպքում հաճախորդի հաշվառման քարտում կատարվում է համապատասխան լրացում:

20. Կազմակերպություն ընդունվող հաճախորդի համար կազմվում է անձնական գործ, որը ներառում է հաճախորդի դիմումը, գործակալության որոշումը, հաճախորդի լուսանկարը, սույն կարգի 15-րդ կետում նշված անձնական տվյալները, կցվում են նրա մոտ առկա բոլոր փաստաթղթերի պատճենները, տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասին տվյալները: Անձնական գործում նշվում է հաճախորդին տրամադրվող անհրաժեշտ սոցիալական աջակցության տեսակը:

21. Կազմակերպություն ընդունված և դուրս գրված հաճախորդի` սույն կարգի 15-րդ կետով սահմանված հաշվառման քարտը պահվում է քարտարանում: Հաճախորդի` կազմակերպություն ընդունման մասին հրամանները գրանցվում են հաշվառման մատյանում:

22. Կազմակերպություն ընդունված հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված առաջին բժշկական զննության հիման վրա իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը:

 

III. ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Հաճախորդը կազմակերպություն ընդունվելու առաջին 2 ժամվա ընթացքում ենթարկվում է սանիտարական մշակման, 1-3 օր պահվում կարանտինի պայմանում` հատուկ առանձնացված սենյակում` մինչև համապատասխան բուժհաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալը:

24. Կազմակերպությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում հաճախորդի նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն և տրամադրվում համապատասխան բժշկական օգնություն` դրա կարիքն առաջանալու դեպքում:

25. Կազմակերպությունում գտնվող հաճախորդի բժշկական սպասարկումն իրականացնում է կազմակերպության գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը:

26. Կազմակերպությունում հաճախորդին տրամադրվում է ժամանակավոր կացարան, օրական 3 անգամ սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ, կոշիկ:

i

27. Կազմակերպության բժիշկը, սոցիալական աշխատողը, իրավաբանը և հոգեբանը, յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, աջակցում են`

ա) անձը հաստատող փաստաթուղթ չունեցող հաճախորդին` անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու,

բ) ստացիոնար բուժման կարիք ունեցողներին` համապատասխան բուժհաստատություն ուղեգրելու,

գ) կենսաթոշակի իրավունք ունեցող հաճախորդին` կենսաթոշակ նշանակելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, տուն-ինտերնատ ընդունվելու համար համապատասխան փաստաթղթերը կազմելու և ընդունելությունը կազմակերպելու,

դ) հաճախորդի ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելու (եթե այդպիսիք կան) և, հնարավորության դեպքում, նրանց կորցրած սոցիալական կապերը վերականգնելու,

ե) անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և այլ վերականգնողական միջոցներով ապահովելու,

զ) խախտված իրավունքները վերականգնելու և շահերը պաշտպանելու,

է) աշխատունակ տարիքի հաճախորդին` աշխատանքի տեղավորելու,

ը) բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու հարցերում.

թ) բռնության ենթարկված անձի հետ կազմակերպությունում գտնվող երեխային` ուսման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում,

ժ) անձի սոցիալական ադապտացիան (հարմարումը) ապահովելու նպատակով` ընտանիքի անդամների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքի միջոցով ընտանիքում բարենպաստ մթնոլորտի վերականգնմանը:

(27-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

28. Կազմակերպությունից հաճախորդը դուրս է գրվում`

i

ա) իր դիմումի հիման վրա,

բ) կազմակերպությունում մնալու համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում,

գ) տուն-ինտերնատ ընդունվելու դեպքում,

դ) ընտանիք վերադառնալու դեպքում` ընտանիքի անդամի դիմումի հիման վրա, բացառությամբ ընտանիքում բռնության ենթարկված անձանց,

ե) ստացիոնար բուժհաստատությունում տեղավորվելու դեպքում,

զ) կազմակերպության ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում, այդ թվում`

ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործելու դեպքում,

քրեորեն հետապնդելի արարքի կատարման մասին համապատասխան մարմիններից տեղեկատվություն ստանալու դեպքում:

(28-րդ կետը փոփ. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2006 թվականի ապրիլի 13-ի

N 614-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնալու, ընտանիքում բռնության ենթարկվելու, թափառաշրջիկության կամ մուրացկանության հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներին (այսուհետ` երեխա) ժամանակավոր օթևան (այսուհետ` օթևան) տրամադրելու, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու և խախտված իրավունքները վերականգնելուն աջակցելու հետ կապված հարաբերությունները:

2. Օթևանի տրամադրումը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից մեկն է:

3. Օթևան կարող են տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ հաստատված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող երեխայի ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունները (այսուհետ` հաստատություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:

 

II. ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Երեխային օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:

5. Հաստատությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ կազմակերպություններ) պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություններ ունեն սույն կարգի 1-ին կետում նշված երեխաների մասին, պարտավոր են դրա մասին հաղորդել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

6. Սույն կարգի 1-ին կետում նշված երեխաների մասին տեղեկություն ստանալուց հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն անմիջապես երեխային տեղավորում է հաստատությունում:

7. Երեխային հաստատություն ընդունելը ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխային հաստատությունում տեղավորելուց հետո 3 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին:

9. Մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները, հաստատության մասնագետների հետ համատեղ, երեխայի հաստատությունում գտնվելու երկու ամսվա ընթացքում իրականացնում են երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և կարիքների գնահատում, որի արդյունքների հիման վրա կազմում են երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիր: Կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը տալիս է եզրակացություն երեխայի հետագա խնամքը կազմակերպելու մասին (վերադարձ ընտանիք, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, տեղավորում խնամատար ընտանիքում, տեղավորում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող այլ հաստատությունում):

 

III. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Օթևան տրամադրած հաստատությունում երեխայի համար լրացվում է հաշվառման քարտ, որում գրանցվում են տվյալ երեխայի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) անունը, ազգանունը, հայրանունը,

բ) ծննդյան տարեթիվը, վայրը,

գ) սեռը,

դ) երեխայի վերջին բնակության վայրը (եթե հայտնի է),

ե) մինչև հաստատությունում տեղավորելը երեխայի հայտնաբերման վայրը,

զ) երեխայի ընտանեկան դրությունը,

է) երեխային հաստատությունում տեղավորելու պատճառները,

ը) երեխային օթևան ընդունելու և դուրս գրելու ամսաթիվը,

թ) երեխային բացահայտած խնամակալության և հոգաբարձության մարմնի մասին տվյալները:

11. Երեխայի մասին տվյալները քարտում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի կամ դրա բացակայության դեպքում` երեխայի բանավոր հայտարարության հիման վրա: Երեխայի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տվյալների աղբյուրը:

12. Երեխայի մասին տվյալները նրա բանավոր հայտարարության հիման վրա գրանցելու դեպքում նշվում են նաև երեխայի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի ու աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:

13. Կրկին անգամ նույն հաստատություն ընդունվելու դեպքում երեխայի հաշվառման քարտում կատարվում է համապատասխան նշում:

14. Հաստատություն ընդունված երեխայի համար լրացվում է բժշկական քարտ, որում գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված առաջին բուժզննության հիման վրա իրականացված կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը:

15. Հաստատություն ընդունվող երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են հաստատության ղեկավարի որոշումը, երեխայի լուսանկարը, երեխայի հաշվառման քարտը, բժշկական քարտը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի մոտ առկա բոլոր փաստաթղթերի պատճենները:

 

IV. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Երեխան հաստատություն ընդունվելու առաջին 2 ժամվա ընթացքում ենթարկվում է սանիտարական մշակման, 1-3 օր պահվում կարանտինի պայմանում` հատուկ առանձնացված սենյակում, մինչև համապատասխան բուժհաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալը:

17. Բուժհաստատության կողմից պալարախտի, մաշկային, սուր վարակիչ, վեներական հիվանդությունների կամ բժշկական սպասարկումն իրականացնելու անհնարինության դեպքում երեխան ուղարկվում է համապատասխան բժշկական հաստատություն:

18. Երեխան հաստատությունում գտնվելու ընթացքում ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան խնամք և դաստիարակություն, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրով նախատեսված սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցություն:

 

V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՅԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

19. Հաստատությունից երեխան դուրս է գրվում`

ա) ընտանիք վերադառնալու,

բ) խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու,

գ) խնամատար ընտանիքում տեղավորվելու,

դ) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող այլ հաստատությունում տեղավորվելու,

ե) ստացիոնար բուժհաստատությունում տեղավորվելու դեպքերում:

20. Հաստատությունը երեխայի դուրսգրման մասին մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին:

21. Մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը նման տեղեկություն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հաստատությունում տեղավորող խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև երեխայի գտնվելու նոր վայրի (եթե վերջինս փոփոխվել է) խնամակալության և հոգաբարձության մարմնին:

(2-րդ հավելվածը լրաց. 27.07.06 թիվ 1112-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2006
N 614-Ն
Որոշում