i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԿԴ3/0010/06/15 |
Գործ թիվ ԿԴ3/0010/06/15 |
|
Նախագահող դատավոր` Գ.Ավետիսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ս.Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Լ.Թադևոսյանի |
|
Հ.Ասատրյանի |
|
Ե.Դանիելյանի |
|
Ա.Պողոսյանի |
|
Ս.Օհանյանի |
քարտուղարությամբ |
Մ.Պետրոսյանի |
2016 թվականի նոյեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Ռաֆայել Արայի Քոթանջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ պաշտպան Է. Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20806114 քրեական գործը:
2015 թվականի հունիսի 6-ին Ռաֆայել Քոթանջյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Ռ.Քոթանջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
2015 թվականի հունիսի 8-ին նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ռ.Քոթանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:
2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Ռ.Քոթանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ բավարարվել է մեղադրյալին կալանքից գրավով ազատելու մասին պաշտպանի միջնորդությունը:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և մեղադրյալ Ռ.Քոթանջյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 8-ի որոշումը բեկանելու մասին` գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի:
4. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Ռ.Քոթանջյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով` մինչև 2015 թվականի նոյեմբերի 6-ը, իսկ 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ` ևս 2 (երկու) ամիս ժամկետով` մինչև 2016 թվականի հունվարի 6-ը:
5. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան Է. Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի նոյեմբերի 24-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
6. Մեղադրյալ Ռ.Քոթանջյանի պաշտպան Է.Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք:
Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ստացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Ռ.Քոթանջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2014 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 15 հասցեում տեղակայված «ՎիվաՍել» ընկերության գրասենյակի դիմաց խուլիգանական դրդումներով Գագիկ Մուրադյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս» (տե՛ս նյութեր, թերթեր 8-9):
8. Նախաքննության մարմինը 2015 թվականի նոյեմբերի 6-ին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` թիվ 20806114 քրեական գործով մեղադրյալ Ռ.Քոթանջյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ: Միջնորդությունը և կից նյութերը Առաջին ատյանի դատարանի գրասենյակ են մուտքագրվել 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 13:10-ին (տե՛ս նյութեր, թերթեր 1-5):
8.1. Միջնորդության քննարկումը նշանակվել է 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 14:30-ին, որի վերաբերյալ գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին` առաջարկելով ներկայանալ դատական նիստին` միաժամանակ ապահովելով մեղադրյալ Ռ.Քոթանջյանի և նրա շահերի պաշտպան` ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մ.Թովմասյանի մասնակցությունը (տե՛ս նյութեր, թերթ 19):
8.2.Դատական նիստի օրվա և ժամի մասին հեռախոսակապի միջոցով իրազեկվել է պաշտպան Մ.Թովմասյանը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան հեռախոսագիր: Պաշտպանը հայտարարել է, որ դատական նիստի մասին նոր է տեղեկացել և չի կարող ներկայանալ, քանի որ նույն ժամին այլ դատարանում պետք է մասնակցի մեկ այլ դատական նիստի (տե՛ս նյութեր, թերթ 20):
8.3. Նույն օրը գրություն է հասցեագրվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետին և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին` առաջարկելով ապահովել մեղադրյալ Ռ.Քոթանջյանի մասնակցությունը դատական նիստին (տե՛ս նյութեր, թերթ 21):
8.4. Առաջին ատյանի դատարանում 2015 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած դատական նիստին մասնակցել է միայն քննիչ Վ.Ալեքսանյանը:
Պաշտպան Մ.Թովմասյանը և մեղադրյալ Ռ.Քոթանջյանը դատական նիստին չեն մասնակցել:
8.5. Դատական նիստը բացվել է ժամը 14:34-ին, որից հետո ընդմիջվել 30 րոպեով` դատական նիստին մեղադրյալին ներկայացնելու վերաբերյալ նախապես ուղարկված ծանուցման կապակցությամբ պատասխան չստացվելու պատճառաբանությամբ:
Դատական նիստը վերսկսվել է ժամը 15:04-ին, որի ընթացքում քննիչը հայտարարել է, որ մեղադրյալը հրաժարվում է ներկայանալ դատական նիստին, ուստի մեկուսարանից պետք է դատարան ուղարկեն համապատասխան փաստաթուղթ:
Դատական նիստը կրկին ընդմիջվել է 10 րոպեով և վերսկսվել ժամը 15:25-ին: Նախագահող դատավորը հայտարարել է, որ էլեկտրոնային տարբերակով համապատասխան գրություն է ուղարկվել մեկուսարան` մեղադրյալի մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչը, սակայն, չի ապահովվել:
Դատարանը որոշել է միջնորդության քննարկումը շարունակել մեղադրյալի և պաշտպանի բացակայությամբ:
8.6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը հրապարակվել է նույն օրը` 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 15:58-ին (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):
9. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Առկա է հիմնավոր կասկած և ողջամիտ ենթադրություն, մեղադրյալի առնչակցությանը նախաքննության մարմնի կողմից նրան մեղսագրվող հանցագործությանը և դեռևս չեն վերացել և առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը և պայմանները, այն է` Ռաֆայել Քոթանջյանը ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը` դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված արարք:
(...)
Դատարանը միաժամանակ նշում է, որ նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն, գործի քննության ընթացքն ապահովելու համար (...)» (տե՛ս նյութեր,թերթեր 31-32):
10. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ռ.Քոթանջյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին կայացրել է հիմնավորված և պատճառաբանված որոշում (...):
(...)
Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում քննիչի պատճառաբանությունը, որ չեն վերացել Ռ.Քոթանջյանին կալանքի տակ պահելու հիմքերը, որ նա մեղադրվում է դիտավորությամբ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, ինչպես նաև այն, որ ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելուն, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը` դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, ինչպես նաև կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված այլ արարքներ, և որ նա նախկինում դատապարտվել է նույնասեռ հանցանք կատարելու համար և դատվածությունը դեռևս մարված չէ, ուստի նման վարքագիծը նույնպես մեծացնում է նրա կողմից քրեական օրենքով չթույլատրված այլ արարքներ կատարելու հավանականությունը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա է մեղսագրված արարքում մեղադրյալ Ռ.Քոթանջյանի առնչությունը` հիմնավոր կասկածը:
(...)
Ինչ վերաբերում է քննիչի միջնորդությունը նույն օրը քննելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի գործողություններում օրենքի պահանջների խախտում չի արձանագրում: Քննիչի միջնորդությունը դատարանի կողմից քննության առնելու ժամանակի մասին օրենսդրի միակ պայմանն այն է, որ դատարանը համապատասխան որոշումը կայացնի ոչ ուշ կալանքի տակ պահելու մասին դատարանի որոշած ժամկետը լրանալուց առաջ, որն Առաջին ատյանի դատարանն ապահովել է:
Դատախազը հայտնեց, որ քննարկվում է քննիչի կողմից թույլ տրված խախտումների մասով միջնորդագիր ներկայացնելու հարցը:
(...)
(...) Վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացվել է մրցակցության սկզբունքի խախտմամբ` մեղադրյալը և պաշտպանը չեն մասնակցել դատական նիստին և չեն կարողացել քննիչի միջնորդության դեմ փաստարկներ ներկայացնել` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքները ևս վերաքննիչ բողոքը բավարարելու հիմք հանդիսանալ չեն կարող:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրազեկել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությանը` մեղադրյալին դատական նիստին ապահովելու մասին:
(...)
Քննիչը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, որն Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել միջնորդությունը մեղադրյալի բացակայությամբ քննելու համար: Եթե այդ տեղեկությունը դիմողի մոտ կասկած է հարուցում, ապա տեղեկատվության հավաստիության պատասխանատվությունը կրում է քննիչը: Մեղադրյալը դատարան չի ներկայացվել, պաշտպանը ևս չի ներկայացել դատական նիստին:
Առաջին ատյանի դատարան ներկայացրած նյութերից երևում է, որ դատավոր Յ.Բաղդասարյանի կազմած հեռախոսագրի համաձայն, դատական նիստի տեղի և ժամանակի մասին պաշտպան Մ. Թովմասյանը տեղեկացվել է, ով պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը հայտնել է, որ դատարան ներկայանալ չի կարող: Պաշտպան Մ. Թովմասյանի դատարան չներկայանալն արգելք չէր կարող հանդիսանալ քննիչի միջնորդությունը քննելու համար: Գործի նյութերում առկա է նաև փաստաբան, Ռ. Քոթանջյանի պաշտպան Մ. Թովմասյանի դատական նիստից հետո ներկայացրած դիմումը, որով խնդրել է իրեն հանձնել դատարանի որոշման պատճենը և քննիչի միջնորդությանը կից նյութերը: Դիմումին կցվել է նաև պետական տուրքը մուծելու մասին անդորրագիրը` պահանջված փաստաթղթերն իրեն տրամադրելու համար: Վերջինս նաև Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Վերոգրյալը Վերաքննիչ դատարանին բերում է համոզման, որ Ռ.Քոթանջյանի պաշտպանը եղել է Մ.Թովմասյանը: Վերջինիս վերաքննիչ բողոքից Ռ.Քոթանջյանի հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ հետևություն անելու, որ Մ.Թովմասյանը Ռ.Քոթանջյանի պաշտպանը չի հանդիսացել: Հակառակը հիմնավորող փաստական տվյալներ նյութերում առկա չեն: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանյալի կողմից հրաժարվելու հիմքով, պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքը քննարկման առարկա չի դարձվում:
(...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Առաջին ատյանի դատարանի (...) որոշումը հիմնավորված է և օրինական, հիմքեր չկան այն վերացնելու համար`(...) վերաքննիչ բողոքը պետք է մերժել` օրինական ուժի մեջ թողնելով նշված դատական ակտը (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 93-96):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները որոշումներ են կայացրել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Դատարանների որոշումներն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված չեն, իսկ արդյունքում խախտվել է քրեական դատավարության մրցակցության սկզբունքը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 138-139-րդ, 285-րդ և այլ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի պահանջը, մասնավորապես` դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով չի ծանուցել մեղադրյալին և պաշտպանին, ինչի արդյունքում մեղադրյալը և նրա պաշտպանը զրկվել են միջնորդության քննարկմանը մասնակցելու, հետևաբար նաև` գրավի կամ այլ միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից:
11.1. Բողոքաբերը փաստել է նաև, որ սույն գործով կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունն Առաջին ատյանի դատարան է ներկայացվել, իսկ դրա քննարկման արդյունքում վերջինիս կողմից համապատասխան որոշում է կայացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների խախտմամբ:
Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների` սույն գործով պահպանված լինելուն` բողոքի հեղինակը նշել է, որ դատարան ներկայացված կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը պատճառաբանված չէր, ինչպես նաև չէր բովանդակում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության մասին որևէ հիմնավորում, որը հիմնված կլիներ փաստական հանգամանքների վրա` պայմանավորված և բավարարող օրենսգրքի 135-րդ հոդվածում նշված նախապայմաններին: Բացի այդ, բողոքաբերի կարծիքով` ներկայացված միջնորդությունը չէր բխում նաև օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, ըստ որի` միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշմանը պետք է կցվեն միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը: Նշվածի պայմաններում, ըստ բողոքաբերի` դատարանը որևէ վերլուծություն չի կատարել, իսկ արդյունքում կայացրել է անօրինական ու անհիմն որոշում:
Բողոքաբերը փաստարկել է նաև, որ մեղադրյալ Ռ. Քոթանջյանը հրաժարվել էր պաշտպան Մ. Թովմասյանի կողմից իր պաշտպանությունն իրականացնելուց, հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ռ. Քոթանջյանի պաշտպանը եղել է Մ. Թովմասյանը:
12. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` պաշտպան Է.Խաչատրյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշումները:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պաշտպան Մ. Թովմասյանի և մեղադրյալ Ռ. Քոթանջյանի` Առաջին ատյանի դատարան չներկայանալը չէր կարող արգելք լինել կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննելու համար:
14. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
(...)
4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (...):
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի համաձայն`
«Մեղադրյալը (...) իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն`
«Պաշտպանը (...) իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն`
«2. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:
(...)
3. Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննության դատական նիստին նրա մասնակցության հարցը պետք է ապահովի վարույթն իրականացնող մարմինը»:
15. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է. այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը հավասարապես վերաբերելի է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորման կիրառման, կալանքի ժամկետի երկարացման հարցերի քննարկման, ինչպես նաև վերաքննության կարգով դրանց օրինականության դատական ստուգման ընթացքում դատարանը համապատասխան որոշում է կայացնում քրեական հետապնդման մարմնի ներկայացրած տեղեկությունների, փաստերի կամ ապացույցների հետազոտման արդյունքում: Հետևաբար ինչպես առաջին ատյանի դատարանը կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս, այնպես էլ վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի կողմից կայացրած որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով դատարանները, ի թիվս այլ գործողությունների, պետք է միջոցներ ձեռնարկեն նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերին պատշաճ ձևով ծանուցելու և վերջիններիս` դատական քննությանը մասնակցելու իրավունքի անխափան իրացումն ապահովելու համար (տե՛ս, mutatis mutandis, Ամալյա Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14 որոշումները):
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Ռ. Քոթանջյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը նախաքննության մարմինն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 13:10-ին, իսկ միջնորդության քննարկումը նշանակվել է նույն օրը` ժամը 14:30-ին: Դատական նիստի օրվա և ժամի մասին պաշտպան Մ. Թովմասյանն իրազեկվել է նիստի օրը` հեռախոսակապի միջոցով: Պաշտպանը հայտարարել է, որ դատական նիստին ներկայանալ չի կարող, քանի որ նույն ժամին պետք է մասնակցի մեկ այլ դատական նիստի (տե՛ս սույն որոշման 8-8.2.-րդ կետերը):
Դատական նիստին մեղադրյալ Ռ. Քոթանջյանի մասնակցությունն ապահովելու նպատակով նույն օրը գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետին և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին: Դատական նիստը բացվել է ժամը 14:34-ին, որից հետո ընդմիջվել 30 րոպեով` դատական նիստին մեղադրյալին ներկայացնելու վերաբերյալ նախապես ուղարկված ծանուցման կապակցությամբ պատասխան չստացվելու պատճառաբանությամբ: Դատական նիստը վերսկսվել է ժամը 15:04-ին, որի ընթացքում քննիչը հայտարարել է, որ մեղադրյալը հրաժարվում է ներկայանալ դատական նիստին, և մեկուսարանից պետք է դատարան ուղարկվի համապատասխան փաստաթուղթ: Դատական նիստը կրկին ընդմիջվել է 10 րոպեով և վերսկսվել ժամը 15:25-ին: Նախագահող դատավորը հայտարարել է, որ էլեկտրոնային տարբերակով համապատասխան գրություն է ուղարկվել մեկուսարան` մեղադրյալի մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչը, սակայն, չի ապահովվել: Արդյունքում դատարանը որոշել է միջնորդության քննարկումը շարունակել մեղադրյալի և պաշտպանի բացակայությամբ (տե՛ս սույն որոշման 8.3.-8.5.-րդ կետերը):
Անդրադառնալով պաշտպան Մ. Թովմասյանի և մեղադրյալ Ռ. Քոթանջյանի` Առաջին ատյանի դատարան չներկայանալու հետ կապված հարցերին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավորի կազմած հեռախոսագրի համաձայն` դատական նիստի տեղի և ժամանակի մասին պաշտպան Մ. Թովմասյանը տեղեկացվել է, ով պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը, հայտնել է, որ դատարան ներկայանալ չի կարող, հետևաբար պաշտպան Մ. Թովմասյանի դատարան չներկայանալն արգելք չէր կարող հանդիսանալ քննիչի միջնորդությունը քննելու համար: Ինչ վերաբերում է մեղադրյալի` դատական նիստին չներկայանալուն, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրազեկել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությանը` մեղադրյալին դատական նիստին ապահովելու մասին: Քննիչը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, որն Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել` միջնորդությունը մեղադրյալի բացակայությամբ քննելու համար: Եթե այդ տեղեկությունը դիմողի մոտ կասկած է հարուցում, ապա տեղեկատվության հավաստիության պատասխանատվությունը կրում է քննիչը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ (բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ), իսկ դատարանը, համաձայնելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, կայացնում է համապատասխան որոշում: Հետևաբար վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով այն, որ պաշտպան Մ. Թովմասյանը մեղադրյալ Ռ. Քոթանջյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության համար նշանակված դատական նիստի մասին հեռախոսակապի միջոցով իրազեկվել է նիստից գրեթե անմիջապես առաջ, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ վերջինս ներկայացրել է դատական նիստին մասնակցելու հնարավորություն չունենալու վերաբերյալ ողջամիտ փաստարկ (տե՛ս սույն որոշման 8-8.2.-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի իրազեկումը սույն գործով չի կարող համարվել որպես պատշաճ ձևով ծանուցում:
Անդրադառնալով մեղադրյալ Ռ. Քոթանջյանի` նշանակված դատական նիստին չմասնակցելու հարցին` հարկ է նկատել, որ այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրազեկել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությանը` մեղադրյալին դատական նիստին ապահովելու մասին: (...) Քննիչը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, որն Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել միջնորդությունը մեղադրյալի բացակայությամբ քննելու համար: Եթե այդ տեղեկությունը դիմողի մոտ կասկած է հարուցում, ապա տեղեկատվության հավաստիության պատասխանատվությունը կրում է քննիչը (...)» (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում բացակայում է մեղադրյալի` դատական նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին որևէ կերպ ձևակերպված տվյալ, իսկ այդ պայմաններում վերջինի մասին քննիչի կողմից արված հայտարարությունը հիմք ընդունելը` առանց պատշաճ հավաստիացման, չէր կարող իրավաչափ հիմք համարվել մեղադրյալի բացակայությամբ գործի քննությունն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ եթե այդ տեղեկությունը դիմողի մոտ կասկած է հարուցում, ապա տեղեկատվության հավաստիության պատասխանատվությունը կրում է քննիչը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն չի կարող բավարար հիմք համարվել մեղադրյալի` արդար դատաքննության իրավունքի իրացումը սահմանափակելու համար:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Մ. Թովմասյանը և մեղադրյալ Ռ. Քոթանջյանը ոչ իրավաչափորեն զրկվել են գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար նաև հնարավորություն չեն ունեցել պաշտպանելու իրենց իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել են խիստ անբարենպաստ վիճակում: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պաշտպան Մ. Թովմասյանի և մեղադրյալ Ռ. Քոթանջյանի` Առաջին ատյանի դատարան չներկայանալը չէր կարող արգելք լինել կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննելու համար, հիմնավոր չեն:
19. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 11.1.-րդ կետում բարձրացրած փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց կապակցությամբ ստորադաս դատարանները թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող այնպիսի դատական սխալ, որը կարող էր բավարար հիմք համարվել հիշյալ դատարանների դատական ակտերն այդ մասերով բեկանելու համար:
20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 23-րդ, 285-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա դրանք բեկանելու հիմք են: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկված դատական ակտերը եղել են ժամանակավոր, այդպիսիք կորցրել են իրենց իրավական նշանակությունը և սույն որոշումը կայացնելու պահին դադարել են իրավաբանորեն գոյություն ունենալուց, հետևաբար դրանք չեն կարող բեկանվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ռաֆայել Արայի Քոթանջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս.Ավետիսյան |
Դատավորներ` |
Լ.Թադևոսյան |
|
Հ.Ասատրյան |
|
Ե.Դանիելյան |
|
Ա.Պողոսյան |
|
Ս. Օհանյան |