Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ, 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍԴ/0785/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0785/02/21         2022 թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Մանվել Հայրապետյանի` 100.000 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մանվել Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Մանվել Հայրապետյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02.2022 թվականի որոշմամբ Մանվել Հայրապետյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Հայրապետյանը (ներկայացուցիչ Մհեր Բադալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ, 115-րդ, 116-րդ, 119-րդ, 365-րդ հոդվածները, 367-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 368-րդ հոդվածի 3-րդ մասը, 370-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 372-րդ, 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունը ոչ իրավաչափ է, քանի որ բողոք բերած անձը Դատարանի 24.12.2021 թվականին կայացրած վճիռը փոստային ծառայության միջոցով ստացել է 04.01.2022 թվականին, իսկ բողոքը փոստային ծառայության միջոցով ՀՀ վերաքննիչ դատարան է ներկայացրել 24.01.2022 թվականին, այսինքն 04.01.2022 թվականից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում (14-րդ օրը), որի համար վերաքննիչ բողոքով միջնորդել է 24.12.2021 թվականի վճիռը փոստային ծառայության միջոցով ուշ ստանալու պատճառով հարգելի համարել բողոքարկման ժամկետի բաց թողնումը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկվում է առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտի հրապարակման պահից` դատական պաշտոնական դատալեքս կայքի միջոցով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 20.12.2021 թվականից հետո մինչև 2022 թվականի փետրվար ամիսը դատական համակարգի պաշտոնական դատալեքս կայքը տեխնիկական պատճառներով չէր աշխատում, որ բողոք բերած անձը 65 տարեկան է, չունի բարձրագույն կրթություն և չի աշխատում, կենսաթոշակառու է և չի տիրապետում համակարգչային տեխնիկայի միջոցներին և միայն փոստային առաքման միջոցով է տեղեկացել դատական ակտի բովանդակությանը, որից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկել է դատական ակտը:

Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկման ժամկետը հաշվարկվել է առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտի հրապարակման պահից` դատական պաշտոնական դատալեքս կայքի միջոցով, իսկ դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու մասին բողոքաբերի միջնորդությունը մերժվել է ապօրինի, քանի որ ըստ գործող պրակտիկայի և օրենքով սահմանված կարգով ցանկացած միջնորդությունը դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու մասին բավարարվում է, եթե օբյեկտիվ պատճառներով դատավարական ժամկետները բաց է թողնվել բողոքաբերի կողմից, այսինքն` եթե բողոքաբերից անկախ բողոքարկվող դատական ակտը բողոքաբերը ստացել է դատական ակտի հրապարակումից մի քանի օր հետո, այն ստանալով փոստային ծառայության միջոցով և բողոքաբերը ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դատական ակտին և կողմնորոշվելու դատական ակտը բողոքարկելու կամ չբողոքարկելու հարցում:

Վերաքննիչ դատարանը, խախտելով վերը նշված հոդվածները, կայացրել է անօրինական դատական ակտ, որի արդյունքում խախտվել են բողոքաբերի դատավարական իրավունքները և որի արդյունքում բողոքաբերը չի կարողացել իր խախտված նյութական իրավունքները պաշտպանել վերադաս դատարանում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին, այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձին, սակայն բողոք բերող անձն այն ուշ է ստացել` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

i

ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, ուստի սույն որոշմամբ կրկին այդ հարցին չի անդրադառնում (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ընդդեմ Վահե Սաֆարյանի և Սմբատ Շահինյանի թիվ ԵԴ/11999/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2019 թվականի որոշումը, Տիգրան Մարգարյանն ընդդեմ Մելիք Մակարյանի թիվ ԿԴ/0887/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը նաև նշել է, որ հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով

(տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն` եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

i

Բացի այդ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն` այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը` հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանի կողմից դատական ակտերի` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման և դրա հետ մեկտեղ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի` դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը` հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված` դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչելով իր 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (...), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:

i

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վերը նշված իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա սույն գործի քննության շրջանակներում վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար (տե՛ս, «Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ ընդդեմ Իրինա Մինասյանի թիվ ՇԴ3/0845/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 22.09.2021 թվականին կայացրել է որոշում` հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 24.12.2021 թվականը (գ.թ. 1):

Համաձայն գործում առկա հանձնման ծանուցագրի` Մանվել Հայրապետյանը վերը նշված որոշումն ստացել է 18.10.2021 թվականին (գ.թ. 31):

Դատարանի 24.12.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.12.2021 թվականին (հիմք` «www.court.am» պաշտոնական կայք):

Մանվել Հայրապետյանը վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 24.01.2022 թվականին (հիմք փոստային ծրար գ.թ. 64), միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն, պատճառաբանելով, որ Դատարանի վճիռը ստացել է «10.01.2022» թվականին (գ.թ. 53-54):

Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի որոշմամբ Մանվել Հայրապետյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «(...) 24.12.2021 թվականի կայացված դատական ակտը նույն օրը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում, և օրենքով սահմանված ժամկետում` 27.12.2021 թվականին (նախորդող երկու օրերը եղել են ոչ աշխատանքային օրեր) ուղարկվել է գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև` պատասխանողին: Նշվածից հետևում է, որ Դատարանի 24.12.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 18.01.2022 թվականը ներառյալ, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերվել է 24.01.2022 թվականին այսինքն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ վերաքննիչ բողոքին կցված միջնորդությունը չի կարող բավարարվել հետևյալ պատճառաբանությամբ. Բողոքաբերը դատական ակտը օրենքով սահմանված ժամկետից հետո ներկայացնելու հանգամանքը պայմանավորել է դատական ակտի օրինակը 10.01.2022 թվականին ստացած լինելու հանգամանքով: Անդրադառնալով միջնորդության հիմքում նշված փաստարկին առ այն, որ բողոքաբերը դատական ակտը ստացել է 10.01.2022 թվականին` Վերաքննիչ դատարանը պարզեց, որ նախ` նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և հերքվում է գործ թերթ 50-ում առկա դատական ծանուցագրի վրա առկա «04.01.2022թ.» նշմամբ, և բացի այդ, միայն վկայակոչված փաստը, այսինքն դատական ակտի համապատասխան օրը ստանալու փաստը, ինքնին չի կարող բավարար լինել դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և ժամկետ վերականգնելու համար, քանի որ դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականությունը Դատարանի կողմից պատշաճ իրականացվել է, իսկ բողոքաբերն էլ չի ներկայացրել որևէ օբյեկտիվ պատճառ, որը զրկած կլիներ վերջինիս վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունը օրենքով սահմանված ժամկետում իրացնելուց, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունը բավարարվել չի կարող» (գ.թ. 66):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես` միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը` որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է`

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

i

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, կայացնելով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում, վճռի հրապարակման օր է նշանակել 24.12.2021 թվականը, և այդ որոշումն ուղարկել է նաև վերաքննիչ բողոք բերած անձին, ինչպես նաև նույն օրը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակվել է:

 

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Դատարանի վճիռը փոստային ծառայությանը հանձնելու միջոցով Սամվել Հայրապետյանին ուղարկվել է 27.12.2021 թվականին, որն էլ վերջինս ստացել է 04.01.2022 թվականին:

Սամվել Հայրապետյանը վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 24.01.2022 թվականին` միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռն ստացել է «10.01.2022 թվականին»:

Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ օրենսդիրը դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը, որոնց միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում 24.12.2021 թվականին հրապարակվելու պայմաններում բողոքաբերն օբյեկտիվորեն ունեցել է դատական ակտի բովանդակությանը ծանոթանալու հնարավորություն: Սույն գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանի 24.12.2021 թվականին հրապարակված վճիռը Մանվել Հայրապետյանը ստացել է 04.01.2022 թվականին:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ, արձանագրել է, որ «դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի` գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով` վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից` բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի` դատարանի մատչելիության իրավունքը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, նույն որոշման մեջ նշել է, որ «Նման մոտեցում Սահմանադրական դատարանը որդեգրել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268 և այլն)` առանձնակի կարևորելով այդ առումով բողոքարկվող դատական ակտի` կողմի համար հասանելիության երաշխավորման հարցը»:

i

Միևնույն ժամանակ 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանի կողմից դատական ակտերի` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման և դրա հետ մեկտեղ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի` դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը` հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացի ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված` դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչելով իր 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (...), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վերը նշված իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա սույն գործի քննության շրջանակներում վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի որոշման մեջ նշված` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու հիմքում դրված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ մեկնաբանություններից` նկատի ունենալով այն, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտի բողոքարկման 15-օրյա ժամկետը ենթակա էր վերականգնման` հաշվի առնելով սույն գործի փաստերն այն մասին, որ Դատարանի 24.12.2021 վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.12.2021 թվականին, ու թեև այն գործին մասնակցող անձանց ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում, այնուամենայնիվ բողոքաբերից անկախ պատճառներով Դատարանի 24.12.2021 թվականի վճիռը Մանվել Հայրապետյանը ստացել է 04.01.2022 թվականին, այսինքն` վճիռը կայացվելու օրվանից 11 օր հետո: Այս պարագայում, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումները, այն է` բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար համարված ժամկետը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի` դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը` հաշվի առնելով դատական ակտի հրապարակման և հասցեատիրոջ կողմից այն փաստացի ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված` դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Կարապետյանի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Մանվել Հայրապետյանի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշման համատեքստում առկա է Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու հիմք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 7 հոկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=35465847065608792

 

Միասնական կայք` 26.06.23-09.07.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.10.2022
N ՍԴ/0785/02/21
Որոշում