Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/4427/05/20

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4427/05/20

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

 

2022 թվականի սեպտեմբերի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Մհեր Բադալյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ Անթրանիկ Արթին` 08.06.2020 թվականի թիվ 01/18-Ա-3590-679 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Անթրանիկ Արթինի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մհեր Բադալյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան համայնքի 08.06.2020 թվականի թիվ 01/18-Ա-3590-679 շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 17.01.2022 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2022 թվականի որոշմամբ Անթրանիկ Արթինի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անթրանիկ Արթինը (ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 27-րդ, 83-րդ հոդվածները, 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները, գտել է, որ Դատարանի 17.01.2022 թվականի որոշումը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, այն պարագայում, երբ սույն գործի շրջանակներում նույն կարգի դատական ակտն արդեն իսկ եղել է բողոքարկված:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 46-րդ, 70-րդ և 71-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը կիրառվել է հենց Վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի կողմից կայացված 25.09.2020 թվականի որոշմամբ, հետևաբար, սույն գործով կանխակալ վերաբերմունք ունենալու պայմաններում վերջինս պարտավոր էր հայտնել ինքնաբացարկ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը ենթակա է արդյո՞ք վերաքննության կարգով բողոքարկման:

i

1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն`

1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ` վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

4.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:

3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում:

4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն միջանկյալ դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Ընդ որում, նշված միջանկյալ դատական ակտերի շարքը սպառիչ է, ինչը նշանակում է, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն այդ ցանկում, չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր միջանկյալ դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել (...): (տե՛ս, Արմեն Նավոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության թիվ ՎԴ/7711/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.02.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և վկայակոչված նորմերի վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը համապատասխան միջնորդության առկայության և դրանում նշված հիմքերի հիմնավորվածության պարագայում կայացնում է վարչական ակտի կատարման կասեցման կամ վարչական ակտի կատարման կասեցումը փոխելու կամ վերացնելու մասին պատճառաբանված որոշում: Ընդ որում, նման որոշում կայացնելու անհրաժեշտության բացակայության դեպքում դատարանը մերժում է ներկայացված միջնորդությունը:

Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա, նախատեսված են նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերը նշված դատական ակտերը, այդ թվում, վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 13.08.2020 թվականին հայցվոր Մհեր Վալերիի Բադալյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը ներկայացրել է միջնորդություն` Երևանի քաղաքապետի կողմից 08.06.2020 թվականին տրված թիվ 01/18-Ա-3590-679 շինարարության թույլտվության որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր Լ. Հակոբյան) 17.08.2020 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր Ա. Պողոսյան) 25.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է հայցվորի վերաքննիչ բողոքը, ՀՀ վարչական դատարանի 17.08.2020 թվականի որոշումը վերացրել է, հայցվորի միջնորդությունը բավարարել է. ամբողջությամբ կասեցրել է Երևանի քաղաքապետի կողմից 08.06.2020 թվականի Անթրանիկ Արթինին տրված թիվ 01/18/-Ա-3590-679 շինարարության թույլտվությունը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Երրորդ անձ Անթրանիկ Արթինի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը 12.01.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` պահանջելով վերացնել վարչական ակտի կատարման կասեցումը (հավելվածի հատոր 4-րդ, գ.թ. 4-36):

Դատարանը 17.01.2022 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու միջնորդությունը (հավելվածի հատոր 4-րդ, գ.թ. 37-40):

Վերաքննիչ դատարանը 01.03.2022 թվականին կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի իմաստով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը չի կարող դիտարկվել որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ, քանի որ դրանով ամբողջությամբ/մասնակիորեն չի կասեցվել վարչական ակտի կատարումը կամ չի փոփոխվել/ վերացվել դատարանի նախկինում կայացրած որոշումը (հավելվածի հատոր 4-րդ, գ.թ. 68-70):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը չի կարող դիտարկվել որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ: Ըստ էության, Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը ելնում է այն տրամաբանությունից, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասով ուղղակիորեն նախատեսված են միայն վիճարկվող վարչական ակտի կասեցումը փոխելու կամ վերացնելու դեպքերը:

Մինչդեռ, տվյալ նորմի բովանդակային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման շրջանակում դատարանը կայացնում է հետևյալ որոշումները.

- վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը փոխելու մասին,

- վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու մասին,

- վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին:

Հետևաբար, նշված դատական ակտերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի իմաստով հանդիսանում են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտեր:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում, երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է միջանկյալ դատական ակտը անմիջական բողոքարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից, ինչը խաթարում է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի` դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:

2) Վճռաբեկ դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանը սույն միջնորդությունը քննելիս պետք է հայտներ ինքնաբացարկ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն.

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.

3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.

4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.

5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.

6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը (...):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է: Եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը` օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել` արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel Fazliv. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazliv Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս, De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):

i

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես` դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի` դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու պարտադիր հիմքերի ցանկ, որն, ի թիվս այլնի, ներառում է դատավորի մասնակցությունը տվյալ գործի քննությանն այլ դատարանում:

Ըստ էության, վերոնշյալ նորմի մեկնաբանությունից բխում է, որ նշված հիմքի առկայությունը բացառում է դատավորի կողմից նույն գործի քննությունը վերադաս դատական ատյանում, եթե վերջինս մասնակցություն է ունեցել այլ ատյաններում գործի ըստ էության քննությանը: Հետևաբար, կոնկրետ դատավորի կողմից նույն գործով տարբեր միջնորդությունների նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի իրականացումը չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս կողմից ինքնաբացարկ հայտնելու համար:

Սույն գործի փաստերից բխում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը 25.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է հայցվորի վերաքննիչ բողոքը, ՀՀ վարչական դատարանի 17.08.2020 թվականի որոշումը վերացրել է, ամբողջությամբ կասեցվել է վիճարկվող վարչական ակտի կատարումը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Երրորդ անձի ներկայացուցիչը 12.01.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` պահանջելով վերացնել վարչական ակտի կատարման կասեցումը, որը Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ մերժվել է:

Նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը 23.03.2022 թվականին մակագրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին, ով 01.03.2022 թվականին կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննությունը չի խոչընդոտում վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննությանը նույն դատավորի կողմից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքաբերի այն դիրքորոշումը, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացման հիմքով սույն գործով կանխակալ վերաբերմունք ունենալու պայմաններում վերջինս պարտավոր էր հայտնել ինքնաբացարկ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է Վերաքննիչ դատարանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 սեպտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809947096

Միասնական կայք` 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.09.2022
N ՎԴ/4427/05/20
Որոշում