06.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է ռազմական ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները և կառուցվածքը, ռազմական ոստիկանության ծառայողի իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ռազմական ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության վերահսկման կարգը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Ռազմական ոստիկանության հասկացությունը |
1. Ռազմական ոստիկանությունը գործում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համակարգում և կոչված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (այսուհետ` զինված ուժեր) իրականացնելու սույն օրենքով իրեն վերապահված խնդիրները:
2. Ռազմական ոստիկանությունը` որպես առանձին զորամիավորում, մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Հոդված 2. |
Ռազմական ոստիկանության գործունեության իրավական կարգավորումը |
Ռազմական ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:
(2-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն)
Հոդված 3. |
Ռազմական ոստիկանության գործունեության սկզբունքները |
Ռազմական ոստիկանության գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդասիրության և հրապարակայնության, ինչպես նաև կենտրոնացված կառավարման ու միանձնյա ղեկավարման սկզբունքների հիման վրա:
Հոդված 4. |
Ռազմական ոստիկանության խնդիրները |
1. Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է`
1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը.
4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը և անվտանգ երթևեկությունը.
5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:
2. Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը:
3. Ռազմական ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է իրավապահ մարմինների հետ:
4. Ռազմական ոստիկանության առջև այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով:
(4-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
i
Հոդված 5. |
Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը |
1. Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:
2. Ռազմական ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից, տարածքային (ըստ կայազորների) բաժիններից և դրանց ենթակա տեղական բաժանմունքներից:
3. Ռազմական ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը:
Ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ռազմական ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
(5-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 6. |
Ռազմական ոստիկանությունում ծառայությունը |
1. Ռազմական ոստիկանության ծառայողը լիազոր մարմնի համակարգում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է, որն իրականացնում է ռազմական ոստիկանության` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված խնդիրներն ու լիազորությունները:
2. Ռազմական ոստիկանության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, հաշվառման մետաղանիշ, ինչպես նաև համազգեստ, որը կարող է ունենալ հատուկ տարբերանշաններ (կրծքանշանի, թևկապի կամ այլ ձևով): Համազգեստի և հատուկ տարբերանշանների ձևն ու կրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ռազմական ոստիկանության ծառայող չհամարվող անձի կողմից ռազմական ոստիկանության ծառայողի համազգեստի, ծառայողական վկայականի կամ հատուկ տարբերանշանի օգտագործումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 27.01.2018 թվականից` 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնն զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:
5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(6-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. |
Ռազմական ոստիկանության լիազորությունները հետաքննություն իրականացնելիս |
1. Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում իրականացնում է հետաքննություն` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային զինծառայողներին:
2. Ռազմական ոստիկանությունը հետաքննություն իրականացնելիս գործում է օրենքով հետաքննության մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում:
3. Ռազմական ոստիկանությունը զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս զինծառայողների մասնակցությամբ կատարված հանցագործությունների հետ կապված հետաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ:
Հոդված 8. |
Ռազմական ոստիկանության լիազորությունները զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունները կանխելիս և խափանելիս |
1. Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունները կանխելիս և խափանելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով`
1) զորամասից դուրս գտնվող զինծառայողից, ինչպես նաև զինված ուժերի տրանսպորտային միջոցը վարող անձից հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարելու կասկածանքով բավարար հիմքի առկայության դեպքում պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր և օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.
2) զինծառայողից, նրա հրամանատարից (պետից) պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր (կամ դրանց պատճենները), իսկ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, տեղեկանքները և այլ փաստաթղթերը` իրավասու անձի (անձանց) համաձայնությամբ. ↩
3) զորամասերի, զինվորական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր ու առաջարկություններ:
2. Սույն հոդվածի առաջին մասում օգտագործվող «բավարար հիմքեր» արտահայտությունն ընդգրկում է այն դեպքերը, երբ`
ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո.
բ) ականատեսները, այդ թվում` տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալ անձին` որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի.
գ) տվյալ անձի կամ նրա հագուստի, նրա օգտագործած այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործությանը կամ վարչական իրավախախտմանն առնչվող բացահայտ հետքեր:
3. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` օրենքով իր իրավասությանը վերապահված շրջանակներում:
(8-րդ հոդ. փոփ. 19.03.09 ՀՕ-62-Ն, 01.03.23 ՀՕ-85-Ն օրենքներ)
Հոդված 9. |
Ռազմական ոստիկանության լիազորությունները լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունն ապահովելիս |
Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունն ապահովելիս ռազմական ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում`
1) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողների կողմից լիազոր մարմնին ամրացված պետական գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունները խափանելու կամ վերացնելու ուղղությամբ.
2) վերահսկողություն է իրականացնում լիազոր մարմնին ամրացված պետական գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.
3) հայտնաբերված թերությունների վերացման նպատակով գույքի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տալիս է պարտադիր կատարման հանձնարարականներ:
Հոդված 10. |
Ռազմական ոստիկանության լիազորությունները զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը և անվտանգ երթևեկությունն ապահովելիս |
1. Ռազմական ոստիկանությունը օրենքի շրջանակներում`
1) իրականացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում.
2) կազմակերպում և անցկացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննում.
3) իրականացնում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.
4) իրականացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:
2. Զինված ուժերի տրանսպորտային միջոցները վարող անձանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ դրա կանոնները խախտելու դեպքում ռազմական ոստիկանությունն իրավունք ունի`
1) կանգնեցնելու զինված ուժերի տրանսպորտային միջոցները, ստուգելու երթևեկելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը և կազմելու արձանագրություններ.
2) արգելելու զինված ուժերի տեխնիկապես անսարք և երթևեկության անվտանգությանն սպառնացող տրանսպորտային միջոցների շահագործումը.
3) զննելու զինված ուժերի տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը.
4) արգելանքի վերցնելու զինված ուժերի` հետախուզման մեջ գտնվող և հայտնաբերված տրանսպորտային միջոցները.
5) մեկուսացնելու զինված ուժերի տրանսպորտային միջոցներն անսթափ վիճակում վարող, ինչպես նաև զինված ուժերի տրանսպորտային միջոց վարելու կամ դրանից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի վերցնելով տրանսպորտային միջոցը, իսկ բեռների առկայության դեպքում` ապահովելու դրանց պահպանումը:
3. Ռազմական ոստիկանությունը հսկողություն է իրականացնում զինված ուժերի տրանսպորտային միջոցների տեխնիկական սարքինության և անվտանգ շահագործման կանոնների պահպանման, դրանց նպատակային օգտագործման նկատմամբ:
(10-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 11. |
Ռազմական ոստիկանության համագործակցությունն իրավապահ մարմինների հետ |
Ռազմական ոստիկանությունն իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում`
1) գրավոր հարցման դեպքում իրավապահ մարմիններին տրամադրում է հետաքրքրող տեղեկատվություն.
i
2) աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանը, իր իրավասությանը հանձնված գործերով պահպանում է դեպքի վայրը, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, զինծառայողների նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, նախականխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացմանը.
3) իրավապահ մարմիններին տեղեկացնում է ռազմական ոստիկանության կողմից բացահայտված պետության, հասարակության կամ քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգի մասին:
(11-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-131-Ն օրենք)
Հոդված 11.1. |
Ռազմական ոստիկանության կողմից կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերիգործունեության, ինչպես նաև պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովումը |
1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին և օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:
3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվել է պաշտպանության միջոց` ծառայության վայրը փոփոխելու ձևով, պաշտպանության միջոցի ձեռնարկման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:
(11.1-ին հոդ. լրաց. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 12. |
Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման պայմանները |
1. Ռազմական ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունի կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների զենք միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կամ հանցագործություն կատարած անձանց վնասազերծելիս:
i
2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից կիրառվող հատուկ միջոցների և զենքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելիս ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է`
1) բավարար ժամանակ տրամադրելով` նախազգուշացնել դրանց կիրառման մտադրության մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման ուշացումը կարող է անմիջական վտանգ ստեղծել իր կամ այլ անձանց կյանքի, առողջության համար կամ հանգեցնել այլ ծանր հետևանքների.
2) ձգտել, որպեսզի վտանգը վերացնելիս պատճառված վնասը, կախված իրավախախտման և այն կատարող անձի վտանգավորության աստիճանից, հակազդեցության ուժից, լինի նվազագույն.
3) մարմնական վնասվածք ստացած անձանց ապահովել մինչբուժական օգնությամբ.
4) մահվան կամ մարմնական վնասվածքների բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել իր հրամանատարին (պետին) և դատախազին:
4. Ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է պարբերաբար ստուգման ենթարկվել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշելու համար:
5. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից իր իրավասության սահմանների, անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության խախտմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Հոդված 13. |
Ֆիզիկական ուժի գործադրումը |
Իրավախախտումները կանխելու, խափանելու, իրավախախտներին ռազմական ոստիկանություն ներկայացնելու, ռազմական ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ կիրառելու ֆիզիկական ուժ, եթե ոչ բռնի միջոցների կիրառումը չի ապահովում նրա ծառայողական պարտականությունների օրինական և իրավաչափ կատարումը:
Հոդված 14. |
Հատուկ միջոցների կիրառումը |
1. Ռազմական ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ կարող է կիրառել հետևյալ դեպքերում.
1) իր կամ այլ անձի կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակմանը դիմակայելիս.
2) իր կամ այլ անձի կամ պահպանվող օբյեկտի, գույքի, ռազմական շարասյուների կամ շարժակազմերի դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ իրավախախտը ֆիզիկական դիմադրություն է ցույց տալիս.
3) հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած անձին վնասազերծելիս, եթե նա փորձում է թաքնվել, կամ երբ ակնհայտ է, որ նա մտադիր է ցույց տալ զինված դիմադրություն, և այլ ոչ բռնի մեթոդներով նրա վնասազերծումը հնարավոր չէ.
4) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ռազմական ոստիկանության ծառայողի օրինական պահանջը.
5) ռազմական ոստիկանության ծառայողի հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:
2. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաև անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է ռազմական ոստիկանության ծառայողին, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, ռազմական ոստիկանության ծառայողի կամ այլ անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի կամ գույքի անվտանգությանն սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:
3. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը չպետք է խախտի այլ անձանց օրինական իրավունքներն ու ազատությունները, վնաս հասցնի նրանց կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին:
Հոդված 15. |
Զենքի կիրառումը |
1. Ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի զենք կիրառելու հետևյալ դեպքերում.
1) իր կամ այլ անձի կամ պահպանվող օբյեկտի, գույքի, շարասյուների կամ շարժակազմերի վրա կատարվող խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չկիրառելը կարող է անմիջական վտանգ ստեղծել իր, այլ անձի կյանքի և առողջության կամ պահպանվող օբյեկտի կամ գույքի համար.
2) զենքի կիրառման մասին նախազգուշացնելու (օդ կրակելով), ինչպես նաև տագնապի ազդանշան կամ օգնության կանչ տալու նպատակով.
3) իր զենքին տիրանալու փորձը կանխելիս.
4) հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս, երբ ակնհայտ է, որ նա մտադիր է ցույց տալ զինված դիմադրություն, և այլ ոչ բռնի մեթոդներով նրա վնասազերծումը հնարավոր չէ:
2. Արգելվում է զենք կիրառել մարդկանց կուտակումների վայրերում, երբ կարող են վտանգի ենթարկվել կողմնակի անձինք, հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաև անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է ռազմական ոստիկանության ծառայողին, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, ռազմական ոստիկանության ծառայողի կամ այլ անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի կամ գույքի անվտանգությանն սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:
3. Զենքի յուրաքանչյուր կիրառման դեպքում ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել իր հրամանատարին (պետին) և դատախազին:
Հոդված 16. |
Ռազմական ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցները |
1. Անհատական պաշտպանության ապահովման համար ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ:
2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են`
1) պահպանվող զինվորական օբյեկտների, ինչպես նաև զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս և հետ մղելիս.
2) զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում կամ կարգապահական գումարտակում զանգվածային անկարգությունների ժամանակ.
3) զորավարժությունների, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:
(16-րդ հոդ. փոփ. 26.05.08 ՀՕ-73-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 17. |
Ռազմական ոստիկանության ծառայողների իրավական ապահովության պետական երաշխիքները |
1. Ռազմական ոստիկանության ծառայողը գտնվում է օրենքի և պետության պաշտպանության ներքո: Օրենքով չլիազորված մարմինների կամ պաշտոնատար անձանց միջամտությունը ռազմական ոստիկանության գործունեությանն արգելվում է:
2. Ռազմական ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է զինված ուժերի բոլոր զինծառայողների համար: Դրանք չկատարելը կամ ռազմական ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
3. Ռազմական ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս ենթարկվում է միայն իր հրամանատարին (պետին): Արգելվում է ռազմական ոստիկանության ծառայողին ստիպել կատարելու սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն չվերապահված լիազորություններ:
4. Պետերից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող հրամաններ ստանալիս ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքով և այդ մասին տեղյակ պահել վերադասին:
5. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ռազմական ոստիկանության ծառայողը, ինչպես նաև անօրինական հրաման կամ կարգադրություն տվող պաշտոնատար անձը պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:
(17-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 18. |
Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական ապահովությունը |
1. Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(18-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 19. |
Ռազմական ոստիկանության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը |
Ռազմական ոստիկանության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 5
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. |
Ռազմական ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը |
ԻՐՏԵԿ |
20-րդ հոդվածը փոփոխվելու է` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` 12.06.24 ՀՕ-284-Ն օրենք: |
1. Իր առջև դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև այլ իրավախախտումների համար ռազմական ոստիկանության ծառայողը ենթակա է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
2. Ռազմական ոստիկանության ծառայողի հակաօրինական գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
3. Ռազմական ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Հոդված 21. |
Ռազմական ոստիկանության գործունեության հսկողությունը |
Ռազմական ոստիկանության գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` վերադասության կարգով, իսկ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը` Հայաստանի Հանրապետության դատախազությունը` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 22. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-13-Ն
|