23.05.2011 - 01.07.2014
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին
i
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
(1-ին հոդ.փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 2. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:
i
2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդ.փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 3. |
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը |
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
i
Հոդված 4. |
Հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն` ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.
ապրանք` քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.
փոխադարձ փոխարինելի ապրանքներ` ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.
ապրանքային շուկա` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.
ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.
ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային և այլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.
ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).
ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.
իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.
ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.
պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
տնտեսվարող սուբյեկտ` արտոնագրային վճար վճարող, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ, առևտրային ցանց: Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը.
առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները վերջնական սպառողին հասցնելու համար.
առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.
տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.
գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացում.
գնի չհիմնավորված իջեցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցում.
գնի չհիմնավորված պահպանում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ` այդ գնի մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.
անձանց խումբ` իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնք գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, և (կամ) որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,
- կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,
- ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, երեխան, եղբայրը, քույրը,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,
- կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:
Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը սույն օրենքի իմաստով անձանց խումբ է համարվում Հանձնաժողովի որոշմամբ.
վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջև պատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ հետ է վերադարձվում.
ակտիվի արժեք` ակտիվի հաշվեկշռային արժեք.
փայաբաժին` իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ).
դիտանցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) իրականացվող դիտարկում:
2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:
3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:
(4-րդ հոդ. փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 26.12.08 ՀՕ-227-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 2.
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(2-րդ գլուխը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 5. |
Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը |
1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ` համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`
1) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համաձայնություն):
3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
1) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.
2) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.
3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.
5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.
6) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.
7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).
8) առանց հիմնավոր պատճառի առևտրային գործունեությունը որևէ տնտեսվարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.
9) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.
10) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
11) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
4. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.
2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
3) այլ տնտեսվարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.
4) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.
5) գործարքներում այնպիսի դրույթ(ներ) սահմանելուն, որը (որոնք) իր(իրենց) բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.
6) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`
1) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.
2) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:
6. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:
7. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:
8. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողովին:
(5-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 3.
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ
(3-րդ գլուխը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
i
Հոդված 6. |
Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը |
1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից:
2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`
1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ
2) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ
3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ
4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
Սույն հոդվածում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:
i
4. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանում է Հանձնաժողովը:
i
5. Առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:
6. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:
7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի լուծարման (պետական հաշվառումից հանելու) համար պարտադիր է Հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկանքն առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տնտեսվարող սուբյեկտի լուծարմանը (պետական հաշվառումից հանելուն):
(6-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
i
Հոդված 7. |
Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը |
1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:
2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում`
ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.
բ) այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.
գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը.
դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.
ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
զ) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.
է) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար կամ որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.
ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.
թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը.
ժ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը:
3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից (վարքագծից), առևտրային ցանցի կողմից գերիշխող դիրքի չարաշահում է համարվում նաև`
1) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`
ա) այլ տնտեսվարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին,
բ) այլ տնտեսվարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը,
գ) տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը, եթե մատակարարում իրականացվելու է նաև տվյալ առևտրային ցանցի մեջ մտնող նոր առևտրային օբյեկտին,
դ) տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը` կապված մատակարարվող ապրանք(ներ)ի տեսականու փոփոխության հետ,
ե) մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանք(ներ)ի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսվարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով,
զ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանք(ներ)ի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանք(ներ)ի հետագա իրացման հետ,
է) այն ապրանք(ներ)ի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
ը) այլ հանգամանքների, որոնք պարունակում են սույն կետով սահմանված պայմանների էական տարրեր.
2) առանց գրավոր պայմանագիր կնքելու մատակարարում իրականացնելուն պարտադրելը:
(7-րդ հոդ. փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ
(4-րդ գլուխը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
i
Հոդված 8. |
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը |
1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
6. Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են միավորվող տնտեսվարող սուբյեկտները:
i
7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):
(8-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
i
Հոդված 9. |
Համակենտրոնացման հայտարարագրումը |
i
1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).
2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը`
1) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.
2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ.
3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.
4) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
i
3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:
(9-րդ հոդ.փոփ. 23.05.06 ՀՕ-74-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 10. |
Համակենտրոնացման պետական կարգավորումը |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 23.05.2011 թվականից` 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)
2. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
3. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը` մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:
4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 5.
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
i
Հոդված 11. |
Անբարեխիղճ մրցակցությունը |
i
1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:
2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
3. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաև շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին:
(11-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-168-Ն օրենք)
i
Հոդված 12. |
Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը |
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով շփոթության առաջացում է համարվում`
1) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.
2) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.
3) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.
4) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.
5) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ` ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
6) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
7) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
8) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):
(12-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)
i
Հոդված 13. |
Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը |
1. Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում և, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների`
- արտադրության գործընթացի,
- որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,
- որակի, քանակի կամ այլ բնութագրերի,
- առաջարկման կամ մատուցման պայմանների,
- գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:
Հոդված 14. |
Հասարակության մոլորեցումը |
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:
(14-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
i
Հոդված 15. |
Տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը |
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասումը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:
Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար գրանցված կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման կամ նույնական նշան կիրառելով` միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:
(15-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 16. |
Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ |
1. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք`
ա) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար.
բ) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները.
գ) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով` պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում` փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:
Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները, պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) և այլն:
Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները:
2. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը կամ բացահայտմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
3. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքները ծագում են անկախ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն) և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները:
4. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են`
ա) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.
բ) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.
գ) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.
դ) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ կետերում նշված գործողությունների կատարում:
5. Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:
6. Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:
7. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, եթե այն հանդիսանում է կամ դրան հետևում է`
ա) նոր քիմիական խառնուրդի, բաղադրության կամ միացության օգտագործմամբ դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական ապրանքների հավանություն ստանալու նպատակներով իրավասու մարմին ներկայացված և զգալի ջանքերի արդյունք հանդիսացող փորձարկման կամ այլ չբացահայտված տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում.
բ) սույն մասի «ա» կետում նշված տվյալների բացահայտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերի պաշտպանության համար, կամ եթե արդեն ստեղծված են անբարեխիղճ առևտրային օգտագործումից տվյալների պաշտպանության երաշխիքներ:
Սույն մասի իմաստով տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում է համարվում դրանց վաճառքն այլ անձանց, օգտագործումը նույն կամ նման ապրանքներ արտադրելու համար և այլն:
8. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է դա տարածելու (հրապարակելու) իրավունքը չունեցող անձից, որի մասին ինքը չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ իրեն պատճառված վնասի հատուցում` սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:
9. Հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման հետ կապված բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը` դատարանը կարող է թույլատրել դրա հետագա օգտագործումը մինչև կատարված ծախսերի փոխհատուցումը:
10. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի դրանք օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից և վերջինիս հանդեպ դրա օգտագործման համար պատասխանատվություն չի կրում:
11. Չբացահայտված տեղեկատվությունն օրինականորեն տնօրինող անձը կարող է դրա բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել այլ անձի` համապատասխան պայմանագրի հիման վրա:
12. Համապատասխան պայմանագրի հիման վրա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել դրա գաղտնիության պահպանման համար և չբացահայտված տեղեկատվության օրինաչափ տիրապետողի հետ հավասար որպես այդպիսին ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը դրա գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարեցնելուց հետո, եթե այդ տեղեկությունը շարունակում է պահպանել իր չբացահայտված բնույթը:
(16-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 26.05.04 ՀՕ-86-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 5.1.
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(5.1-ին գլուխը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, 30.09.08 ՀՕ-168-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 16.1. |
Պետական օժանդակությունը, դրա արգելումը |
1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, այդ թվում` օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):
2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով:
3. Սույն հոդվածը չի տարածվում պետական այն օժանդակությունների վրա, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:
4. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությանը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, եզրակացություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով:
5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:
(16.1-ին հոդ. լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 16.2. |
Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը |
Հանձնաժողովն իրականացնում է պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչև իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:
Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում: Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը հնարավոր է բացասաբար անդրադառնա որևէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմին ներկայացնել նաև իր դիրքորոշման հիմնավորումը:
(16.2-րդ հոդ. լրաց. 30.09.08 ՀՕ-168-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 16.3. |
Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը |
1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք սահմանափակում, կանխում կամ արգելում են տնտեսական մրցակցությունը, արգելվում են:
2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.
2) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3) տնտեսվարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4) սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների ազատ ընտրության նրանց իրավունքը:
3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:
(16.3-րդ հոդ. լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 17. |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը |
1. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին` Հանձնաժողով:
2. Հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
(17-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
i
Հոդված 18. |
Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները |
1. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը և խրախուսումը.
բ) բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.
գ) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.
դ) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
2. Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները`
- վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.
- քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը և ընդունում է որոշումներ.
- դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ.
- մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը.
- մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը.
- համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից և կազմակերպություններից` այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ.
- մշակում և իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ.
- ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.
- ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը, հրատարակում է տեղեկագիր.
- իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ.
- իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
(18-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
i
Հոդված 19. |
Հանձնաժողովի լիազորությունները |
1. Հանձնաժողովն իրավունք ունի`
ա) ընդունելու որոշումներ`
- սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,
- ապրանքային շուկաների ուսումնասիրության,
- վարչական վարույթ հարուցելու ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու,
- ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),
- տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,
- պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,
- համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու,
- տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու.
- տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.
- պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.
բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.
գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում.
դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.
ե) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ.
զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.
է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, դիտանցումների, հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման, ինչպես նաև ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.
ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:
1.2. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:
1.3. Էլեկտրոնային հաղորդակցության ապրանքային շուկաների սահմանների և այդ շուկաներում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
2. Սույն օրենքով սահմանված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:
(19-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
i
Հոդված 20. |
Հանձնաժողովի կազմը և լիազորությունների իրականացման ժամկետը |
1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ, տեղակալ և հինգ անդամ:
2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ առաջին կազմի, նշանակվում են հինգ տարի ժամկետով:
3. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունները սահմանվում են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
երեք անդամը` երեք տարի,
Հանձնաժողովի նախագահի տեղակալը` չորս տարի,
Հանձնաժողովի նախագահը` հինգ տարի ժամկետով:
4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:
5. Հանձնաժողովի անդամները և ծառայողներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ ապրանքային շուկայի մասնակիցներից:
6. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել անձինք, որոնք`
ա) չունեն բարձրագույն կրթություն.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.
գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
դ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար.
ե) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
i
Հոդված 21. |
Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցումը |
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, սույն օրենքի 20 հոդվածի 6-րդ մասի «գ», «դ» և «ե» կետերում նշված, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման, այլ աշխատանքի անցնելու դեպքերում, կամ եթե նա թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, հիվանդության կամ այլ պատճառով 6 ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը տասն օրվա ընթացքում նշանակում է նոր անդամ` հինգ տարի ժամկետով:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա կարող է կրկին նշանակվել որպես Հանձնաժողովի անդամ:
(21-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 22. |
Հանձնաժողովի աշխատակազմը |
Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:
(22-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 23. |
Հանձնաժողովի նախագահը |
1. Հանձնաժողովի նախագահը`
ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
բ) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին և իր կողմից նշանակվող աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.
գ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին և քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.
դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.
ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.
զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.
է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատակիցների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ, իրականացնում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով և Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:
(23-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 24. |
Շահերի բախումը |
1. Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը`
ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.
բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:
2. Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:
Հոդված 25. |
Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրումը |
Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:
(25-րդ հոդ. փոփ. 04.05.05 ՀՕ-91-Ն օրենք)
Հոդված 26. |
Հանձնաժողովի կանոնադրությունը |
1. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանում է Հանձնաժողովի գործունեության կարգը:
2. Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:
(26-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 27. |
Տարեկան ծրագիրը և հաշվետվությունը |
Հանձնաժողովը`
1. Յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`
1) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման,
2) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի,
3) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմների,
3.1) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների,
4) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:
2. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`
1) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին.
2) ապրանքային շուկաների վերլուծությունը.
3) տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.
3.1) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի վերլուծությունը.
4) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:
(27-րդ հոդ. փոփ. 23.10.02 ՀՕ-436-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 28. |
Պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների պարտականությունները հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում |
1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:
i
4. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի սահմանած կարգով պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ապրանքների մնացորդների, ձեռքբերումների, արտադրության և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:
(28-րդ հոդ. փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 28.1. |
Դիտանցումների իրականացումը, հանձնաժողովին վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու անթույլատրելիությունը |
1. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշվում են դիտանցում իրականացնող մարմնի անվանումը, տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցումն իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտանցման նպատակը, դիտանցման ժամանակահատվածը և իրավական հիմքերը: Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցումն սկսելուց առաջ հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) կամ իրավասու այլ անձի (այսուհետ` տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ): Դիտանցման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի ներկայացուցչի պահանջով, վերջինիս կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի և տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչները: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Եթե տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է դիտանցման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև դիտանցման իրականացմանը խոչընդոտած տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:
2. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:
(28.1-ին հոդ. լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 29. |
Հանձնաժողովի տարեկան ծախսերը |
i
1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանձնաժողովի նախագահը «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանված ժամկետում Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
Բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, որի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում նաև հայտը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:
2. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը:
(29-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 30. |
Աշխատանքների կազմակերպման կարգը |
1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:
3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:
5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:
6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:
Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:
Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:
Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:
7. Վարչական ակտի ընդունումից հետո հասցեատիրոջն է հանձնվում դրա պատճենը` 5 օրվա ընթացքում:
8. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:
9. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:
11. Հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կարող է կասեցվել տնտեսվարող սուբյեկտի, վերջինիս պաշտոնատար անձի կամ իրավասու այլ աշխատակցի բացակայության պատճառով սույն օրենքով նախատեսված թղթակցությունը հանձնելու անհնարինության, Հանձնաժողով փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու կամ վարույթի իրականացմանն այլ կերպ խոչընդոտելու կամ վարչական վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանքների առկայության դեպքում: Վարչական վարույթը վերսկսվում է սույն մասով նախատեսված հանգամանքների վերացումից հետո:
12. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու դեպքում վարույթը դադարեցվում է Հանձնաժողովի արձանագրային որոշմամբ:
(30-րդ հոդ. փոփ. 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 30.09.08 ՀՕ-168-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 31. |
Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների, ինչպես նաև զգուշացում տալու իրավասությունը և կիրառման կարգը |
1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:
Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):
3. Եթե սույն օրենքով նախատեսված են վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ և ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են սույն օրենքի դրույթները:
4. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:
(31-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 32. |
Կարգադրությունը |
(32-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.04.2007 թվականից` 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 33. |
Հանձնաժողովի պարտավորություններն առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիքի պահպանման գործում |
1. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:
3. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(33-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
Հոդված 34. |
Հանձնաժողովի կողմից սույն օրենքի խախտումների քննարկման հիմքերը |
Հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների դիմումների, տեղեկատվության, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների և իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են սույն օրենքի խախտման մասին:
(34-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)
i
Հոդված 35. |
Հանձնաժողովի որոշման կատարման կարգը |
1. Հանձնաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման` որոշման մեջ նշված ժամկետում:
2. Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:
3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):
(35-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 7.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36. |
Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը |
1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
2. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամ:
Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`
- դիմողի անվանումը և հասցեն,
- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,
- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,
- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,
- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:
Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`
- տնտեսվարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,
- տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:
Սույն մասի երրորդ պարբերությունում սահմանված դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտի` սույն օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով:
Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելու կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հասույթի մինչև չորս տոկոս, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև չորս տոկոս և չի կարող գերազանցել հինգ հարյուր միլիոն դրամը:
5. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս:
6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս և չի կարող գերազանցել հարյուր միլիոն դրամը:
7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև երկու միլիոն դրամ:
9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
(36-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 37. |
Հանձնաժողովի որոշումը չկատարելը |
(37-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.05.2011 թվականից` 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)
(37-րդ հոդ.փոփ. 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն օրենքներ)
Հոդված 38. |
Վնասների փոխհատուցումը |
Եթե սույն օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով կամ վարքագծով պետական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(38-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 39. |
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Հանձնաժողովի պաշտոնատար անձը սույն օրենքի խախտման համար կրում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 40. |
Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(40-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 41. |
Հանձնաժողովի ստեղծումը |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և անդամներին:
Հոդված 42. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 5 դեկտեմբերի 2000 թ. ՀՕ-112
|