Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 178...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 178-ՐԴ, 187-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԵԱՔԴ/0440/02/12 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0440/02/12

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Ինժիյանի, Ջուլետտա Ավետիսյանի, Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի ընդդեմ Թամարա Սարգսյանի, Ջուլետտա Ավետիսյանի և Նարինե Ինժիյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ջուլետտա Ավետիսյանի ընդդեմ Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու, դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-92 մատյանի 52 համարի տակ 19.06.2007 թվականին կատարված գրանցումն անվավեր` չեղյալ ճանաչելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի Նարինե Ինժիյանի ընդդեմ Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և դրանով զբաղեցված հողամասի մասով թիվ 2240101 սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանները պահանջել են Թամարա Սարգսյանին, Ջուլետտա Ավետիսյանին և Նարինե Ինժիյանին պարտավորեցնել հետ վերադարձնելու իրենց ապօրինի տիրապետման ներքո գտնվող Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող հողամասը` նշված հողամասի վրայից հեռացնելով մետաղյա ավտոտնակները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նարինե Ինժիյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքն ավտոտնակով զբաղեցված հողամասի նկատմամբ, մասնակի` իր ավտոտնակի զբաղեցրած հողամասի մասով, անվավեր ճանաչել Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 62 հասցեում գտնվող տան և կից հողատարածքի նկատմամբ Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների անվամբ 19.06.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի թիվ 2240101 պետական գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ջուլետտա Ավետիսյանը պահանջել է ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Ավելացնելով հակընդդեմ հայցի պահանջը` Ջուլետտա Ավետիսյանը պահանջել է անվավեր` չեղյալ ճանաչել Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի անվամբ Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-92 մատյանի 52 համարի տակ 19.06.2007 թվականին կատարված գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Արամյան) (այսուհետ` Դատարան) 29.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ջուլետտա Ավետիսյանը և Նարինե Ինժիյանը պարտավորեցվել են Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններին վերադարձնել Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող և Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններին սեփականության իրավունքով պատկանող, ապօրինի ավտոտնակներով զբաղեցրած համապատասխանաբար 23,4 քմ և 22,8 քմ մակերեսներով հողամասերը` նշված հողամասերի վրայից հանելով թիթեղյա ավտոտնակները: Հայցապահանջը` Թամարա Սարգսյանին 13,0 քմ մակերեսով հողամասը հետ վերադարձնելուն և ավտոտնակը հեռացնելուն պարտավորեցնելու մասով, մերժվել է: Հակընդդեմ հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.08.2013 թվականի որոշմամբ Նարինե Ինժիյանի և Ջուլետտա Ավետիսյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` Դատարանի 29.04.2013 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն` Նարինե Ինժիյանը պարտավորեցվել է Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններին վերադարձնել Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող և Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններին սեփականության իրավունքով պատկանող, ավտոտնակով զբաղեցրած 22,8 քմ մակերեսով հողամասից 17,8 քմ մակերեսով հողամասը` 5 քմ մակերեսով հողամասը թողնելով Նարինե Ինժիյանի օգտագործմանը: Ջուլետտա Ավետիսյանի դեմ ներկայացված պահանջի մասով գործն ուղարկվել է նոր քննության: Թամարա Սարգսյանի դեմ ներկայացված պահանջը և հակընդդեմ հայցերը մերժելու մասերով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նարինե Ինժիյանը, Ջուլետտա Ավետիսյանը, ինչպես նաև Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանները, Սոնա Ալեքսանյանը (այսուհետ` Հայցվորներ):

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2.1. Նարինե Ինժիյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 273-րդ, 280-րդ հոդվածները, 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, 2001 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 174-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 15.06.1972 թվականի որոշման հիման վրա ինքը և իր հանգուցյալ հայր Անդրեյ Ինժիյանը, 1972 թվականից բացահայտ, անընդմեջ, բարեխիղճ և որպես իրենց սեփականություն օգտագործում են վիճելի հողամասը:

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ ավտոտնակի համար տրամադրվող տարածքը հանդիսացել է ազատ տարածք, այսինքն` դեռևս 1972 թվականից չի օգտագործվել Հայցվորների և նրանց իրավանախորդի կողմից:

Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ չէ, թե ավտոտնակով զբաղեցված հողամասի կոնկրետ որ հատվածն է իրենից ներկայացնում այն 5 քմ մակերեսով հատվածը, որը պետք է թողնվի Նարինե Ինժիյանի օգտագործմանը, միաժամանակ պարզ չէ` արդյոք ավտոտնակը պետք է ապամոնտաժվի, թե ոչ:

Վերաքննիչ դատարանը չի պարզել Հայցվորների սեփականության իրավունքի ծագման հիմքն այն դեպքում, երբ այն մասնակիորեն վիճարկվում է:

Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած 29.06.2012 թվականի թիվ ԵԿԴ/1174/02/11, 26.01.2007 թվականի թիվ 3-106(ՎԴ), 10.10.2007 թվականի թիվ 3-1434(ՎԴ), 10.10.2007 թվականի թիվ 3-1451(ՎԴ) նախադեպային որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 22.08.2013 թվականի որոշումը սկզբնական հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասով բեկանել և փոփոխել` սկզբնական հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել կամ Նարինե Ինժիյանի դեմ սկզբնական հայցը բավարարելու մասով և հակընդդեմ հայցը մերժելու մասով գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Ջուլետտա Ավետիսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ի կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հայցվորների իրավանախորդը դեռևս 1966 թվականից` որպես հողօգտագործող, հետագայում 1999 թվականից Հայցվորները` որպես ժառանգությունն ընդունած ժառանգ, հրաժարվել են հողամասի նկատմամբ իրենց սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ջուլետտա Ավետիսյանն ավելի քան 44 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է հողամասը` որպես սեփական գույք, և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ջուլետտա Ավետիսյանի իրավանախորդին ավտոտնակը հողամասում տեղադրելու թույլտվություն տրվել է Հայցվորների իրավանախորդի կողմից, որին այդ թույլտվության համար գումար է վճարվել: Այդ համաձայնությանը գրավոր ձևակերպում չի տրվել, քանի որ մինչև 1991 թվականը հողը համարվում էր պետական սեփականություն, և քաղաքացին իրավունք չուներ սեփականության իրավունքով իրեն չպատկանող հողը վաճառել:

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել Նարինե Ինժիյանի և Թամարա Սարգսյանի ցուցմունքներն առ այն, որ իրենք ճանաչում են Ջուլետտա Ավետիսյանին և տեղյակ են, որ նրանց ընտանիքի կողմից ավտոտնակը շենքի բակում տեղադրվել է 1966 թվականին, որպես ավտոտնակի և դրանով ծանրաբեռնված հողամասի սեփականատեր ճանաչում են Ջուլետտա Ավետիսյանին և նրա հորը:

Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած 10.10.2007 թվականի թիվ 3-1434(ՎԴ) նախադեպային որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 22.08.2013 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` Ջուլետտա Ավետիսյանի հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.3. Հայցվորների վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 202-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 130-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող բնակելի տունը և 292 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում են Հայցվորներին: Հաստատվել է նաև, որ Ջուլետտա Ավետիսյանի և Նարինե Ինժիյանի իրավանախորդների կողմից տեղադրված համապատասխանաբար 23,4 քմ և 22,8 քմ մակերեսով թիթեղյա ավտոտնակները գտնվում են Հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, և դրանց վերաբերյալ որևէ իրավունք գրանցված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Անդրեյ Ինժիյանին 15.06.1972 թվականի որոշմամբ թույլատրվել է ավտոտնակը տեղադրել ազատ տարածությունում, մինչդեռ ավտոտնակը տեղադրվել է ոչ թե ազատ տարածությունում, այլ` Հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում:

Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ չէ, թե ինչ հիմքով է Նարինե Ինժիյանին թողնվել 5 քմ մակերեսով հողամասը, և որն է այդ հողամասը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ջուլետտա Ավետիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը չունի որևէ փաստաթուղթ, որը թույլ է տվել իրեն Հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում տեղադրել ավտոտնակ, տիրապետել հողը:

Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է, որ գործում առկա տեղեկանքներով հաստատվում է, որ Ջուլետտա Ավետիսյանն ավտոտնակի հողօգտագործման համար կատարել է վճարումներ, սակայն նշված ապացույցները չեն հիմնավորում Ջուլետտա Ավետիսյանի կողմից ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի տիրապետման օրինական լինելը, բացի այդ, առկա տեղեկանքները թույլատրելի ապացույցներ չեն, քանի որ դրանք ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում Նարինե Ինժիյանը և Ջուլետտա Ավետիսյանը չեն ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որ իրենք այլ անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասը զբաղեցնում, օգտագործում և տիրապետում են օրինական հիմքով, գործարքի կամ իրավասու մարմնի համապատասխան որոշման հիման վրա, և որ իրենց անվամբ առկա է գրանցված գույքային իրավունք:

Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած 26.12.2006 թվականի թիվ 3-2504(ՏԴ), 01.02.2008 թվականի թիվ 3-89(ՏԴ), 09.11.2007 թվականի թիվ 3-1513(ՎԴ) նախադեպային որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են Վերաքննիչ դատարանի 22.08.2013 թվականի որոշումը մասնակիորեն` Նարինե Ինժիյանի հակընդդեմ հայցի մասնակի բավարարման մասով, բեկանել և օրինական ուժ տալ Դատարանի 29.04.2013 թվականի վճռին, իսկ Ջուլետտա Ավետիսյանի դեմ ներկայացված պահանջի մասով մասնակիորեն բեկանել որոշումը և փոփոխել այն` սկզբնական հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 19.06.2007 թվականին Կոմիտեի կողմից տրված թիվ 2240101 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 բնակելի տունը և հողամասը ընդհանուր սեփականության իրավունքով գրանցված են Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես և Հակոբ Հովհաննիսյանների և Սոնյա Ալեքսանյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 14, 15).

2) 27.03.2012 թվականին «Շենքերի կառավարում» համատիրության թիվ 5 մասնաճյուղի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Ջուլետտա Ավետիսյանը Երևանի Ա. Խաչատրյան թիվ 19 շենքի բակում ունի թիվ 386 թիթեղյա ավտոտնակը, որի համար իրենց մոտ կատարում է հողօգտագործման վճարումներ և 01.04.2012 թվականի դրությամբ պարտք չունի (հատոր 1-ին, գ.թ. 50).

3) 18.09.1954 թվականին Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության կողմից տրված գույքային թերթի համաձայն` Երևանի Արաբկիր թիվ 44 փողոցի (հետագայում Րաֆֆու և Ա. Խաչատրյան) թիվ 62 տունը և 756 քմ մակերեսով հողամասը պատկանել է Ամալյա, Մկրտիչ, Կոնստանտին և Ստեփան Ղազարյաններին: Վերջիններս 29.06.1966 թվականին 26 կոմիսարների անվան շրջանի պետնոտարի կողմից հաստատած շենքի վաճառքի պայմանագրի համաձայն` իրենց տնատիրության կեսը վաճառել են Հայցվորների իրավանախորդ Հայկազ Վաղարշակի Հովհաննիսյանին (2-րդ հատոր, գ.թ. 71, 72).

4) 27.03.2012 թվականին Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 19 շենքի թվով 8 բնակիչներ հայտարարություն են տվել այն մասին, որ նշված շենքը շահագործման հանձնելու օրվանից` 1965 թվականից, թիվ 40 բնակարանի բնակիչ Ա. Ավետիսյանը շենքի բակում տեղադրել է ավտոտնակ, որն իր մահից հետո շահագործում է դուստրը` Ջուլետտա Ավետիսյանը (հատոր 1-ին, գ.թ. 49).

5) 19.04.2012 թվականին Նարինե Ինժիյանը դիմում է ներկայացրել Դատարան, որի համաձայն` Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 19 շենքի թվով 10 բնակիչներ հայտնել են, որ 1972 թվականից Անդրեյ Ինժիյանը` Նարինե Ինժիյանի հայրը, գործկոմի համապատասխան որոշմամբ թույլտվություն է ստացել նույն շենքի ուղղությամբ եղած հողամասի ազատ մասում տեղադրել ավտոտնակ, որն այդ ժամանակ տեղադրվել է, և այն մինչ օրս օգտագործվում է Նարինե Ինժիյանի կողմից: Դիմումը ստորագրած անձանց ստորագրությունների իսկությունը հաստատվել է «Շենքերի կառավարում» համատիրության թիվ 5 մասնաճյուղի տնօրեն Ա. Երիցյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 93).

6) «Շենքերի կառավարում» համատիրության կողմից տրված թվով 3 անդորրագրերի համաձայն` Նարինե Ինժիյանը 2009, 2010 և 2011 թվականներին ավտոտնակի հողօգտագործման համար կատարել է ընդհանուր 38.880 ՀՀ դրամի վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 86).

7) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից 21.06.2012 թվականին տրված թիվ 25/02-4/3046 գրությամբ հայտնվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 19 շենքի դիմաց գտնվող (Ա. Խաչատրյան թիվ 62 հասցեի հողամասի վրա գտնվող) ավտոտնակները, ըստ համատիրության կողմից ներկայացված տեղեկանքի, տեղադրվել են դեռևս 2003 թվականից առաջ` նախքան համատիրության ստեղծվելը, և հաշվառված են թիվ 386-ը` Արշալույս Ավետիսյանի անվամբ, թիվ 387-ը` Նարինե Ինժիյանի անվամբ, թիվ 388-ը` (վերահաշվառվել է թիվ 7) Թամարա Սարգսյանի անվամբ (հատոր 2-րդ, գ.թ. 14).

8) 18.06.2012 թվականին «Չափագրող-ՎԻԳ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի համաձայն` Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 62 տան 292 քմ սեփական հողի վրա, ի թիվս այլ ավտոտնակների, ամրակցված են նաև 22,8 քմ և 23,4 քմ մակերեսներով ավտոտնակները (հատոր 2-րդ, գ.թ. 11).

 

9) 22.03.2012 թվականին ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի կողմից տրված թիվ Ի-608 արխիվային քաղվածքի թիվ 14 արձանագրության համաձայն` Հայկական ԽՍՀ Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 15.06.1972 թվականի նիստով Անդրեյ Ինժիյանին թույլատրվել է Ա. Խաչատրյան փողոցի թիվ 19 շենքի 2-րդ մուտքի դիմաց եղած ազատ տարածությունում տեղադրել 2x2,5 չափերի ավտոտնակ (հատոր 2-րդ, գ.թ. 53).

10) 14.06.1999 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Հայկազ Վաղարշակի Հովհաննիսյանի մահից հետո նրա գույքի (Արաբկիր թիվ 44 փողոց) նկատմամբ ժառանգներ են հանդիսացել աղջիկը` Ջուլետտա Հովհաննիսյանը, տղան` Վաղարշակ Հովհաննիսյանը (հատոր 2-րդ, գ.թ. 73).

11) 14.06.1999 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռաֆիկ Հայկազի Հովհաննիսյանի մահից հետո նրա գույքի (Արաբկիր 44 փողոցի թիվ 62 հասցե) նկատմամբ ժառանգներ են հանդիսացել կինը` Սոնա Ալեքսանյանը, երեխաները` Ասյա, Հովհաննես և Հակոբ Հովհաննիսյանները (հատոր 2-րդ, գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործով բերված բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման նկատմամբ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները, կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռքբերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիրի 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող բնակելի տունը և 292քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում են Հայցվորներին, Ջուլետտա Ավետիսյանի և Նարինե Ինժիյանի իրավանախորդների կողմից տեղադրված համապատասխանաբար 23,4 քմ և 22,8 քմ մակերեսներով թիթեղյա ավտոտնակները գտնվում են Հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող 292քմ մակերեսով հողամասում, և դրանց նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ: Հակընդդեմ հայցը մերժելով` Դատարանը պատճառաբանել է, որ հակընդդեմ հայցով հայցվորներ Ջուլետտա Ավետիսյանի և Նարինե Ինժիյանի մոտ բացակայում է Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիրի թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող թիթեղյա ավտոտնակներով զբաղեցված հողամասն օրինական հիմքով որպես սեփական գույք տիրապետելու համոզմունքը, քանի որ նրանք վճարել են հողօգտագործման վճար, այլ ոչ թե հողի հարկ: Բացի այդ, Ջուլետտա Ավետիսյանի կամ նրա հոր կողմից ինքնակամ տեղադրված ավտոտնակով ծանրաբեռնված 23,4 քմ մակերեսով հողամասը զբաղեցնելու որևէ օրինական հիմք առկա չէ, հետևաբար այն զբաղեցված է ապօրինի, իսկ Նարինե Ինժիյանի պատճառաբանությունը, որ ավտոտնակ տեղադրելու համար առկա է շրջխորհրդի գործկոմի որոշում, հիմնավոր է միայն 5 քմ մակերեսով հողի մասով:

Վերաքննիչ դատարանը Նարինե Ինժիյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Նարինե Ինժիյանին պատկանող ավտոտնակը տեղադրվել է օրինական կարգով` Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 15.06.1972 թվականի որոշման հիման վրա, նրա հանգուցյալ հոր` Անդրեյ Ինժիյանի կողմից, ուստի նրա պահանջը հիմնավոր է, սակայն միայն 5 քմ մակերեսով հողի մասով:

Ջուլետտա Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է 08.05.2012 թվականին «Շենքերի կառավարում» համատիրության թիվ 5 մասնաճյուղի կողմից տրված տեղեկանքը, ըստ որի` Ջուլետտա Ավետիսյանը Երևանի Ա. Խաչատրյան թիվ 19 շենքի բակում ունի թիվ 386 թիթեղյա ավտոտնակը և 2003 թվականի հոկտեմբեր ամսից վճարում է վարձավճար ավտոտնակի հողօգտագործման համար և 01.04.2012 թվականի դրությամբ պարտք չունի:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործի նոր քննության ընթացքում Դատարանը պետք է պարզի, թե ինչ իրավական հիմքերի առկայությամբ է Ջուլետտա Ավետիսյանը կատարում վճարումներ, այդպիսիք առկա են, թե ոչ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանի եզրահանգումները համարում է ոչ իրավաչափ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործում առկա 18.09.1954 թվականի գույքային թերթի համաձայն` Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիրի թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող տունը և 756 քմ մակերեսով հողամասը պատկանել են Ամալյա, Մկրտիչ, Կոնստանտին և Ստեփան Ղազարյաններին: Հետագայում նրանք պետնոտարի կողմից հաստատած շենքի վաճառքի 29.06.1966 թվականի պայմանագրով իրենց տնատիրության կեսը վաճառել են Հայցվորների իրավանախորդ Հայկազ Հովհաննիսյանին:

Գործում առկա 14.06.1999 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Հայկազ Վաղարշակի Հովհաննիսյանի աղջիկը` Ջուլետտա Հովհաննիսյանը, և տղան` Վաղարշակ Հովհաննիսյանը, ժառանգել են նրա գույքը (Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիրի թիվ 44 փողոց) թիվ 62 հասցե): 14.06.1999 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռաֆիկ Հայկազի Հովհաննիսյանի մահից հետո նրա գույքի (Արաբկիր 44 փողոցի թիվ 62 հասցե) ժառանգներ են կինը` Սոնա Ալեքսանյանը, երեխաները` Ասյա, Հովհաննես և Հակոբ Հովհաննիսյանները:

19.06.2007 թվականին Ա. Խաչատրյան (Արաբկիր թիվ 44 փողոց) փողոցի թիվ 62 բնակելի տան և հողամասի նկատմամբ գրանցվել են Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես և Հակոբ Հովհաննիսյանների և Սոնյա Ալեքսանյանի սեփականության և ընդհանուր սեփականության իրավունքները:

Սույն գործով չի վիճարկվել փաստ այն մասին, որ դեռևս 1965 թվականից Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 19-րդ շենքի թիվ 40 բնակարանի բնակիչ Ա. Ավետիսյանը շենքի բակում տեղադրել է ավտոտնակ, որը վերջինիս մահից հետո շահագործում է դուստրը` Ջուլետտա Ավետիսյանը (Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 19-րդ շենքի թվով 8 բնակիչների 27.03.2012 թվականի հայտարարությունը):

Վերը նշված թիվ 386 թիթեղյա ավտոտնակի համար Ջուլետտա Ավետիսյանը կատարել է ավտոտնակի հողօգտագործման վճարումներ և 01.04.2012 թվականի դրությամբ պարտք չունի («Շենքերի կառավարում» համատիրության թիվ 5 մասնաճյուղի կողմից տրված 27.03.2012 թվականի տեղեկանքը):

Բացի այդ, Ա. Խաչատրյան թիվ 62 հասցեի հողամասի վրա գտնվող ավտոտնակը, ըստ համատիրության կողմից ներկայացված տեղեկանքի, տեղադրվել է դեռևս 2003 թվականից առաջ` նախքան համատիրության ստեղծվելը, և հաշվառված է 386 համարի տակ` Ա. Ավետիսյանի անվամբ:

Հաշվի առնելով վերը նշված իրավական վերլուծությունները և այն համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դեռևս 1965 թվականին, այն է` մինչև Հայցվորների իրավանախորդի կողմից 29.06.1966 թվականի պայմանագրի կնքումը, վիճելի թիվ 386 թիթեղյա ավտոտնակը տեղադրված է եղել Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 62 հասցեում գտնվող հողամասում, և այն Ջուլետտա Ավետիսյանի իրավանախորդը սկսել է տիրապետել և օգտագործել, երբ Հայցվորների իրավանախորդը դեռևս հողօգտագործող չէր:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի տիրապետումը Ջուլետտա Ավետիսյանի իրավանախորդի մոտ սկսվել է նախկին հողօգտագործողների` Ամալյա, Մկրտիչ, Կոնստանտին և Ստեփան Ղազարյանների բանավոր թույլտվությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տիրապետումն իրականացվել է ավտոտնակ տեղադրելու և այն օգտագործելու միջոցով, ինչը չէր կարող իրականացվել նախկին հողօգտագործողների կամքին հակառակ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հասցեի հողամասի վիճելի մակերեսը Ջուլետտա Ավետիսյանի իրավանախորդի տիրապետման է անցել առանց որևէ բռնության գործադրման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլև բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և՛ տիրապետողի, և՛ գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Այսպես, սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հայցվորները և նրանց իրավանախորդը խոչընդոտել են վիճելի հողամասերը Ջուլետտա Ավետիսյանի, ինչպես նաև նրա իրավանախորդի կողմից տիրապետելուն և օգտագործելուն: Մասնավորապես, մինչև 1991 թվականը հանդիսանալով հողօգտագործման իրավունք ունեցող անձինք, իսկ այնուհետև` 15.03.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով` հողամասի սեփականատերեր, Հայցվորների իրավանախորդը, այնուհետև Հայցվորները, անտարբեր վերաբերմունք են դրսևորել իրենց գույքի նկատմամբ մինչև սույն գործով հայցի հարուցումը, այն է` 2012 թվականը: Այսինքն` նրանք իրենց անգործությամբ մեկուսացել են իրենց գույքի համապատասխան մասի տիրապետումից` առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները թույլ են տվել Ջուլետտա Ավետիսյանի իրավանախորդին, իսկ հետագայում նաև Ջուլետտա Ավետիսյանին ենթադրելու, որ վիճելի մակերեսը 1991 թվականից տիրապետում է որպես սեփականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Ջուլետտա Ավետիսյանի և նրա իրավանախորդի գործողությունները, այնպես էլ գույքի նախկին սեփականատերերի հետագա վարքագիծը, տվյալ դեպքում` անգործությունը, վկայում են Ջուլետտա Ավետիսյանի մոտ վիճելի մակերեսի տիրապետման բարեխղճության նախապայմանի առկայության փաստի մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է նաև վեճի առարկա գույքը Ջուլետտա Ավետիսյանի կողմից 1991 թվականից մինչ օրս որպես սեփական գույք բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ տիրապետելու և օգտագործելու փաստը:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Նարինե Ինժիյանի վճռաբեկ բողոքի փաստարկներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկները նույնպես հիմնավոր են, քանի որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է Նարինե Ինժիյանի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը:

Մասնավորապես` Հայկական ԽՍՀ Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 15.06.1972 թվականի նիստով Նարինե Ինժիյանի հորը` Անդրեյ Ինժիյանին, թույլատրվել է Ա. Խաչատրյան փողոցի թիվ 19 շենքի 2-րդ մուտքի դիմաց եղած ազատ տարածությունում տեղադրել 2x2,5 չափերի ավտոտնակ (հիմք` ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 22.03.2012 թվականի թիվ Ի-608 արխիվային քաղվածքի թիվ 14 արձանագրություն):

Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ 1972 թվականից Անդրեյ Ինժիյանը` Նարինե Ինժիյանի հայրը, գործկոմի համապատասխան որոշմամբ թույլտվություն է ստացել նույն շենքի ուղղությամբ եղած հողամասի ազատ մասում տեղադրել ավտոտնակ, որը տեղադրվել է, և այն մինչ օրս օգտագործվում է Նարինե Ինժիյանի կողմից:

Բացի այդ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 21.06.2012 թվականի թիվ 25/02-4/3046 գրությամբ հայտնվել է, որ Ա. Խաչատրյան թիվ 62 հասցեի հողամասի վրա գտնվող ավտոտնակները, ըստ համատիրության կողմից ներկայացված տեղեկանքի, տեղադրվել են դեռևս 2003 թվականից առաջ` նախքան համատիրության ստեղծվելը, և հաշվառված են 386 համարի տակ` Ա. Ավետիսյանի անվամբ, իսկ 387 համարի տակ` Նարինե Ինժիյանի անվամբ:

18.06.2012 թվականին «Չափագրող-ՎԻԳ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի համաձայն` Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 62 տան 292քմ մակերեսով սեփական հողի վրա, ի թիվս այլ ավտոտնակների, ամրակցված են նաև 22,8 քմ և 23,4 քմ մակերեսներով ավտոտնակները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Ինժիյանի իրավանախորդը վիճելի հողամասը սկսել է տիրապետել 1972 թվականից, երբ Հայցվորների իրավանախորդը նշված հողամասի հողօգտագործող էր: Նարինե Ինժիյանի իրավանախորդի կողմից հողամասի փաստացի տիրապետումն իրականացվել է ավտոտնակ տեղադրելու և այն օգտագործելու միջոցով, որի համար հիմք է հանդիսացել Հայկական ԽՍՀ Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 15.06.1972 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները թույլ են տվել Նարինե Ինժիյանի իրավանախորդին, իսկ հետագայում նաև Նարինե Ինժիյանին ենթադրելու, որ վիճելի 2x2,5 չափսերի մակերեսը տիրապետում է օրինական հիմքերով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Ինժիյանի մոտ առկա է վիճելի մակերեսի տիրապետման բարեխղճության նախապայմանը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Նարինե Ինժիյանի պահանջը հիմնավոր է միայն 5 քմ մակերեսով հողի մասով, ուստի և այդ մասով է առկա բարեխղճությունը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հայցվորները և նրանց իրավանախորդը խոչընդոտել են վիճելի հողամասը Նարինե Ինժիյանի, ինչպես նաև նրա իրավանախորդի կողմից տիրապետելուն և օգտագործելուն: Մասնավորապես, մինչև 1991 թվականը հանդիսանալով հողօգտագործման իրավունք ունեցող անձինք, իսկ այնուհետև` 15.03.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով` հողամասի սեփականատերեր, Հայցվորների իրավանախորդը, այնուհետև Հայցվորները, անտարբեր վերաբերմունք են դրսևորել իրենց գույքի նկատմամբ մինչև սույն գործով հայցի հարուցումը, այն է` 2012 թվականը: Այսինքն` նրանք իրենց անգործությամբ մեկուսացել են իրենց գույքի համապատասխան մասի տիրապետումից` առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Գույքի սեփականատերերի նման վարքագիծն ակնհայտ վկայել է գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին, ուստի հիմք է տվել Նարինե Ինժիյանին ենթադրելու, որ հողի համապատասխան մակերեսը 1991 թվականից տիրապետում է որպես սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցով ինչպես Նարինե Ինժիյանի և նրա իրավանախորդի գործողությունները, այնպես էլ գույքի նախկին սեփականատերերի վարքագիծը, տվյալ դեպքում` անգործությունը, վկայում են Նարինե Ինժիյանի մոտ մնացած վիճելի մակերեսի տիրապետման բարեխղճության նախապայմանի առկայության փաստի մասին:

Այսպիսով, վերոգրյալ փաստերը գնահատելով և դրանք համադրելով սույն գործում առկա իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Ինժիյանը վիճելի հասցեի հողամասի համապատասխան մակերեսը տիրապետում և օգտագործում է նաև 10 տարուց ավելի բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջուլետտա Ավետիսյանի և Նարինե Ինժիյանի հայցապահանջները ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասերով ենթակա էին բավարարման, որպիսի հիմքով սկզբնական հայցը ենթակա էր մերժման, այնինչ ստորադաս դատարանները, գործում առկա ապացույցները ճիշտ չգնահատելով, հանգել են սխալ հետևության:

Վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո ամբողջությամբ հերքվում են Հայցվորների բողոքի փաստարկները:

Ինչ վերաբերում է Հայցվորների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին Նարինե Ինժիյանի և Ջուլետտա Ավետիսյանի պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ`

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցման վկայականը և գրանցումը կարող են դատարանի կողմից ճանաչվել անվավեր, եթե գրանցումը կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ խախտվել է երրորդ անձի իրավունքը:

Սույն գործում առկա 19.06.2007 թվականին Կոմիտեի կողմից տրված թիվ 2240101 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 բնակելի տան և հողամասի նկատմամբ սեփականության և ընդհանուր սեփականության իրավունքով գրանցված են Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես և Հակոբ Հովհաննիսյանների և Սոնյա Ալեքսանյանի իրավունքները: Սեփականության իրավունքի գրանցման վկայականում որպես անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանում նշվել են` Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան, (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 բնակելի տան 14.06.1999 թվականի թիվ 4-1761, թիվ 1762 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.11.1999 թվականի Գ2-1661 վճիռը:

Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հայցվորների սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ, ավելին, Նարինե Ինժիյանի և Ջուլետտա Ավետիսյանի հակընդդեմ հայցերում նշված չեն այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են նրանց` Հայցվորների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը:

Նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայցվորների սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, որպիսի պայմաններում Նարինե Ինժիյանի և Ջուլետտա Ավետիսյանի հակընդդեմ հայցերն այդ պահանջի մասով ենթակա են մերժման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ջուլետտա Ավետիսյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2013 թվականի որոշման` Ջուլետտա Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու և այդ կապակցությամբ դատական ծախսերը բաշխելու մասերը և այդ մասերով այն փոփոխել. Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի հայցն ընդդեմ Ջուլետտա Ավետիսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին, մերժել: Ջուլետտա Ավետիսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու, դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-92 մատյանի 52 համարի տակ 19.06.2007 թվականին կատարված գրանցումն անվավեր` չեղյալ ճանաչելու պահանջների մասին, բավարարել մասնակիորեն` ճանաչել Ջուլետտա Ավետիսյանի սեփականության իրավունքը Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող հողատարածքի` Ջուլետտա Ավետիսյանի կողմից օգտագործվող ավտոտնակով զբաղեցված 23,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, հակընդդեմ հայցը` մնացած մասով, մերժել:

2. Նարինե Ինժիյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2013 թվականի որոշման` Նարինե Ինժիյանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու և այդ կապակցությամբ դատական ծախսերը բաշխելու մասերը և այդ մասերով այն փոփոխել. Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի հայցն ընդդեմ Նարինե Ինժիյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, մերժել: Նարինե Ինժիյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և դրանով զբաղեցված հողամասի մասով թիվ 2240101 սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն` ճանաչել Նարինե Ինժիյանի սեփականության իրավունքը Երևանի Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր թիվ 44 փողոց) թիվ 62 հասցեում գտնվող հողատարածքի` Նարինե Ինժիյանի կողմից օգտագործվող ավտոտնակով զբաղեցված 22,8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, հակընդդեմ հայցը` մնացած մասով, մերժել:

3. Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյանների և Սոնա Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը մերժել:

4. Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններից և Սոնա Ալեքսանյանից հօգուտ Ջուլետտա Ավետիսյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար, 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններից և Սոնա Ալեքսանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ջուլետտա Ավետիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

5. Ջուլետտա, Վաղարշակ, Ասյա, Հովհաննես, Հակոբ Հովհաննիսյաններից և Սոնա Ալեքսանյանից հօգուտ Նարինե Ինժիյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

Նարինե Ինժիյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար չվճարված պետական տուրքի գումար:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵԱՔԴ/0440/02/12
Որոշում