Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ՍԴ/0025/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0025/01/20

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Ն. Հովակիմյան

                       Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2022 թվականի հունվարի 14-ին                ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Վարդան Աշոտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճռով Վարդան Աշոտի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 120.000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամի չափով:

2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի հունիսի 3-ի որոշմամբ, թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունվարի 7-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը նույն օրը ստացվել է Սյունիքի մարզի դատախազությունում(1):

____________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 189:

 

5. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտի դեմ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, RG021774584AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` 2020 թվականի մայիսի 19-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան(2):

____________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 190:

 

6. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2020 թվականի մայիսի 18-ին(3):

____________________________

3) Տե՛ս https://www.haypost.am

 

7. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճենը Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է 17.04.2020թ., իսկ Վերաքննիչ դատարան ուղարկվող բողոքը դատախազի կողմից փոստին է հանձնվել 2020թ. մայիսի 19-ին, դատավճռի պատճենը ստանալու օրվանից` 1 (մեկ) ամիս 1 (մեկ) օր հետո, հետևաբար բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է և այն պետք է թողնել առանց քննության»(4):

____________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 193-194:

 

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը ներկայացված վճռաբեկ բողոքին կցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրված RG021774584AM բեռնային համարով անդորրագիրը, որի համաձայն` Սյունիքի մարզի դատախազությունը փոստային առաքման միջոցով, 2020 թվականի մայիսի 18-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան(5):

____________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 217:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատելով և առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա և հիմք է դատական ակտը բեկանելու համար:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի կողմից փոստին է հանձնվել 2020 թվականի մայիսի 18-ին, մինչդեռ` Վերաքննիչ դատարանն անհասկանալի պատճառով արձանագրել է, որ բողոքը փոստին հանձնվել է ոչ թե մայիսի 18-ին, այլ 19-ին` այդպիսով, առանց բավարար հիմքերի հրաժարվելով բողոքը քննության առնելուց և բողոքում նշված հանգամանքների վերաբերյալ որոշում կայացնելուց:

Բողոքաբերն ընդգծել է, որ սույն դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանվել են, ինչը հիմնավորվում է նաև վճռաբեկ բողոքին կից ներկայացված` «Հայփոստ» ՓԲԸ Կապանի թիվ 04 մասնաճյուղի N 734 անդորրագրով, որի համաձայն` վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2020 թվականի մայիսի 18-ին:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 3-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

12. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

13. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը: Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով(6):

____________________________

6) Տե՛ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը նույն օրը ստացվել է Սյունիքի մարզի դատախազությունում(7),

____________________________

7) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, RG021774584AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` 2020 թվականի մայիսի 19-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան(8):

____________________________

8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` RG021774584AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2020 թվականի մայիսի 18-ին(9),

____________________________

9) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 3-ի որոշմամբ մեղադրողի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճենը Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է 2020 թվականի ապրիլի 17-ին, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկվող բողոքը փոստին է հանձնվել 2020 թվականի մայիսի 19-ին, դատավճռի պատճենը ստանալու օրվանից` 1 (մեկ) ամիս 1 (մեկ) օր հետո, հետևաբար բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է և այն պետք է թողնել առանց քննության(10),

____________________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը ներկայացված վճռաբեկ բողոքին կցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրված RG021774584AM բեռնային համարով անդորրագիրը, որի համաձայն` Սյունիքի մարզի դատախազությունը, փոստային առաքման միջոցով, 2020 թվականի մայիսի 18-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան(11):

____________________________

11) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

15. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ուղարկվել 2020 թվականի մայիսի 19-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 2020 թվականի մայիսի 18-ին, հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը պարզելիս և բողոքը ժամկետանց դիտարկելիս Վերաքննիչ դատարանը չպետք է հիմք ընդուներ միայն փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի վրա նշված ժամկետը:

16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրող Ա.Երիցյանը վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ուղարկել բողոքարկման ժամկետի պահպանմամբ:

17. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(12):

____________________________

i

12) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի մեղադրողի վերաքննիչ բողոքը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վարդան Աշոտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 14 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.01.2022
N ՍԴ/0025/01/20
Որոշում