ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10676/05/18
դատարանի որոշում 2021 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10676/05/18
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ` Ք. Մկոյան
Կ. Մաթևոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2021 թվականի դեկտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) ընդդեմ Ծառայության` Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասով` Հիմնադրամի և Ծառայության միջև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հարկադիր պահանջի կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի` 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասով` ճանաչել Հիմնադրամի և Ծառայության միջև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հարկադիր պահանջի կատարման իրավահարաբերության բացակայությունը և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` թիվ 04545851 կատարողական վարույթով հարկադիր կատարողի` «Գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 18.09.2018 թվականի որոշումը, «Պարտապանի գույքերի նկատմամբ արգելանք կիրառելու մասին» 18.09.2018 թվականի թիվ Ո00822-33078/18 որոշումը և «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» 26.09.2018 թվականի թիվ Ո00822-96609/18 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2019 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/10676/05/18 վարչական գործի վարույթը` թիվ 04545851 կատարողական վարույթով հարկադիր կատարողի «Գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 18.09.2018 թվականի որոշումը, «Պարտապանի գույքերի նկատմամբ արգելանք կիրառելու մասին» 18.09.2018 թվականի թիվ Ո00822-33078/18 որոշումը և «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» 26.09.2018 թվականի թիվ Ո00822-96609/18 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է:
Դատարանի 08.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասով` Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի և ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հարկադիր պահանջի կատարման իրավահարաբերության բացակայությունը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ Ծառայության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Էլմիրա Մեջլումյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Վարդան Ալոյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 30-րդ, 31-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողը պետք է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնի, եթե առկա չէ կատարողական թերթը վերադարձնելու որևէ հիմք, ընդ որում, օրենսդիրը հստակ սահմանել է այն սպառիչ պայմանները, որոնց առկայության պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր է չհարուցել կատարողական վարույթ և կատարողական թերթը վերադարձնել այն տրամադրած դատարան, մյուս դեպքերում հարկադիր կատարողը պարտավոր է հարուցել կատարողական վարույթ և հետագա ընթացքը լուծել` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին համաձայն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԱՔԴ/5664/02/15 կատարողական թերթի պահանջները կատարելու համար Ծառայությունը` որպես վարչական մարմին, պարտավոր էր հարուցել կատարողական վարույթ, քանի որ նշված կատարողական թերթը լիովին համապատասխանում էր գործող օրենսդրությանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից, այդ թվում նույն օրենքի 4-րդ, 30-րդ, 31-րդ հոդվածների տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ կատարողական թերթ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը պարտավոր է իրականացնել հետևյալ երկու գործողություններից մեկը` հարուցել կատարողական վարույթ, ետ վերադարձնել կատարողական թերթը անկատար վիճակում, եթե ներկայացված կատարողական թերթը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադիր կատարողը օրենքով նման պարտականություն չունի` պարզելու կատարողական վարույթի կողմերի ֆիզիկական առկայությունը, ավելին` ուսումնասիրելու այդ կողմից իրավասուբյեկտության հարցը, ֆիզիկական գոյությունը և անձի իրավասուբյեկտությունը կատարողական վարույթ հարուցելիս հարկադիր կատարողի պարտականությունը չէ, առավել ևս օրենքով նախատեսված չէ որպես կատարողական թերթը ետ վերադարձնելու հիմք: Ավելին` նման իրավիճակների ի հայտ գալու պայմաններում, օրենսդիրը նախատեսել է հնարավորություն` որոշելու հարուցված կատարողական վարույթի հետագա ընթացքը, մասնավորապես` պարտականություն է նախատեսել հարկադիր կատարողի համար կասեցնել կատարողական վարույթը, եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին:
Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել կատարողական թերթը, չի պարզել, թե արդյոք այն համապատասխանում էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին, արդյոք առկա են եղել կատարողական թերթը վերադարձնելու հիմքերը և այլն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Այն բոլոր դեպքերում, երբ պարտատեր քաղաքացին մինչև կատարողական վարույթի հարուցման փուլը մահացած է եղել, չի կարող հարուցվել կատարողական վարույթ: Դատական ակտի հարկադիր կատարման կատարողական վարույթի կողմ կարող է լինել այն քաղաքացին, ով ֆիզիկապես գոյություն ունի:
Կատարողական վարույթի հարուցման փուլում Ծառայության և միայն պարտապանի միջև չի կարող ծագել իրավահարաբերություն` առանց փոխհարաբերության մյուս սուբյեկտի` պարտատիրոջ, քանի որ իրավահարաբերությունը ծագում է պարտապանի, պարտատիրոջ և հարկադիր կատարողի միջև միաժամանակ: Իսկ այն բոլոր դեպքերում, երբ չկա պարտատեր, հօգուտ որի պետք է կատարվեն որոշակի գործողություններ, ապա Ծառայությունը չունի որևէ իրավասություն որևէ իրավահարաբերության մեջ մտնելու պարտապանի հետ: Առանց պարտատիրոջ հարկադիր կատարողի և հայցվորի միջև կատարողական վարույթի հարուցման փուլում չէր կարող ծագել որևէ իրավահարաբերություն:
i
Միաժամանակ, հաշվի առնելով, որ սույն դեպքում կատարողական վարույթ հարուցելու ժամանակ չէր կարող գոյություն ունենալ որևէ իրավահարաբերություն հայցվորի և Ծառայության միջև, ուստի անհրաժեշտ էր ներկայացնել իրավահարաբերության բացակայության ճանաչման հայց: Օրենսդրի կողմից իրավահարաբերության բացակայության հայցատեսակի նախատեսումը պայմանավորված նմանատիպ դեպքերի համար, որտեղ հայցվորը զրկված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով սահմանված հայցատեսակներ ներկայացնելու հնարավորությունից, և խնդիրը դատական կարգով քննության առարկա կարող է դարձվել բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ճանաչման հայցի շրջանակներում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` 20.06.2018 թվականի վճռի հիման վրա Հիմնադրամից պետք է հօգուտ Արկադի Գևորգյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար (հատոր 1-ին, գ.թ. 69).
2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթը Ծառայությունում մուտքագրվել է 14.09.2018 թվականին` մուտքի համար` թիվ Կ/թ 15884 (հատոր 1-ին, գ.թ. 69).
3) «Մահվան մասին պետական վկայական»-ի համաձայն` Արկադի Ֆեոդորի Գևորգյանը մահացել է 14.09.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83).
4) Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` Արկադի Ֆեոդորի Գևորգյանի կողմից 17.09.2018 թվականին ստացված թիվ Կ/թ 15884 դիմումի հիման վրա որոշվել է հարուցել կատարողական վարույթ թիվ 04545851` Հիմնադրամից հօգուտ Արկադի Ֆեոդորի Գևորգյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, (...) (հատոր 1-ին, գ.թ. 70).
5) Աշխատանքային ստուգիչ տեղեկանքի և «Վարույթի բռնագանձված գումարների բաշխման մասին» տեղեկանքի համաձայն` 03.10.2018 թվականին Հիմնադրամից հօգուտ Արկադի Ֆեոդորի Գևորգյանի բռնագանձվել է 500.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.000 ՀՀ դրամ` որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Գումարը դեպոնացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունում (հատոր 1-ին, գ.թ. 89-90).
6) Ծառայությունում 02.10.2018 թվականին ստացվել է Հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Ալոյանի դիմումը, որով վերջինս խնդրել է կասեցնել թիվ 04545851 կատարողական վարույթը` նկատի ունենալով, որ Արկադի Գևորգյանը 14.09.2018 թվականին մահացել է` կից ներկայացնելով վերջինիս մահվան վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 80-85).
7) Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 04.10.2018 թվականի «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ կասեցվել է 18.09.2018 թվականին հարուցված թիվ 04545851 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 86):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
i
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կատարողական թերթի առկայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում հարկադիր կատարողն իրավասու է կատարողական թերթով պարտապան կամ պահանջատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում չհարուցել կատարողական վարույթ և վերադարձնել կատարողական թերթն այն տրամադրած դատարան:
i
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, ապա հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթում պետք է նշվեն`
1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.
2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.
3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.
5) դատական ակտի եզրափակիչ մասը.
6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը:
Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքերից մեկը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում իրականացվում են կատարողական գործողություններ:
Միաժամանակ նշված իրավանորմերից հետևում է նաև, որ կատարողական թերթ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը պարտավոր է իրականացնել հետևյալ երկու գործողություններից մեկը` հարուցել կատարողական վարույթ կամ հետ վերադարձնել կատարողական թերթը, եթե ներկայացված կատարողական թերթը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:
Այսինքն` կատարողական թերթը ստանալուց հետո հարկադիր կատարողը սահմանափակված է վերոնշյալ երկու լիազորություններով, այն է` կա՛մ հարուցել կատարողական վարույթ, կա՛մ վերադարձնել կատարողական թերթն այն տրամադրած դատարան: Ընդ որում, օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է չհարուցել կատարողական վարույթ և կատարողական թերթը վերադարձնել այն տրամադրած դատարան, որպիսի հիմքերի բացակայության պայմաններում վերջինս պարտավորված է հարուցել կատարողական վարույթ և դրա հետագա ընթացքը լուծել օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում` օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության համաձայն` այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե` մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին:
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ կատարողական վարույթի կողմի` պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարել հետևյալ գործողությունները.
1) կասեցնել կատարողական վարույթը, եթե դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել մահացած պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձի իրավահաջորդին,
2) կարճել կատարողական վարույթը, եթե դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել վերջինիս իրավահաջորդին:
Այսինքն` կատարողական վարույթի կողմի մահացած լինելու փաստը դեռևս բավարար հիմք չէ հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողություններ չկատարելու, այդ թվում` կատարողական վարույթ չհարուցելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից նման դեպքերում սահմանվել է կատարողական վարույթի կողմի իրավահաջորդության հնարավորությունը: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ կատարողական թերթով պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այդ փաստով պայմանավորված կատարելու որոշակի գործողություններ միայն արդեն իսկ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում: Այլ կերպ ասած` նման պայմաններում հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ չհարուցելու հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման իրավակարգավորման նպատակը կատարողական թերթով պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջն անկատար թողնելու հնարավորության բացառումն է:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կատարողական թերթ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը պարտավոր է իրականացնել հետևյալ երկու գործողություններից մեկը` հարուցել կատարողական վարույթ կամ վերադարձնել կատարողական թերթը, եթե ներկայացված կատարողական թերթը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, իսկ այն դեպքում, երբ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին, հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան, իսկ հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
i
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
Նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի` դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, Hornsby v. Greece գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, Mostacciuolo v. Italy (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, Raylyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
i
«Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ վկայակոչված մոտեցումը համահունչ է նաև Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի` դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
i
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հիմնադրամի հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է ճանաչել Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասով` Հիմնադրամի և Ծառայության միջև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հարկադիր պահանջի կատարման իրավահարաբերության բացակայությունը:
Դատարանը բավարարել է Հիմնադրամի հայցը` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ծառայությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացրել է միայն 18.09.2018 թվականին, երբ պարտատեր Արկադի Գևորգյանն արդեն իսկ մահացել էր (14.09.2018 թվականին): Դատարանը գտել է, որ կատարողական վարույթ հարուցելու պահին` 18.09.2018 թվականին` Ծառայության և Արկադի Ֆեոդորի Գևորգյանի միջև չէին կարող առաջանալ իրավահարաբերություններ, քանզի իրավահարաբերության սուբյեկտներից մեկի` պարտատիրոջ իրավունակությունը վերջինիս մահվան հիմքով դադարել էր, և կատարողական թերթի հիման վրա գումարի բռնագանձման կապակցությամբ չէր կարող կապ առաջանալ Ծառայության և Արկադի Գևորգյանի միջև: Եւ նման դեպքերում, երբ առկա չէ պարտատեր, հանուն ում և ի շահ ում պետք է կատարվեն որոշակի գործողություններ, նման պայմաններում Ծառայության գործողությունները դառնում են ինքնանպատակ, քանզի վերջինս պարտապանի հետ մտնում է այնպիսի իրավահարաբերությունների մեջ, որի իրավասությունը, պարտատիրոջ բացակայության պարագայում, նա չունի:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ծառայության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը և Դատարանի 08.04.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ կատարողական վարույթ հարուցելու պահին` 18.09.2018 թվականին, Ծառայության և Արկադի Գևորգյանի միջև չէին կարող առաջանալ իրավահարաբերություններ, քանզի իրավահարաբերության սուբյեկտներից մեկի` պարտատիրոջ իրավունակությունը վերջինիս մահվան հիմքով դադարել էր, և կատարողական թերթի հիման վրա գումարի բռնագանձման կապակցությամբ չէր կարող կապ առաջանալ Ծառայության և Արկադի Գևորգյանի միջև: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ պարտատեր, հանուն ում և ի շահ որի` պետք է կատարվեն որոշակի գործողություններ, ապա նման պայմաններում, ինչպես իրավացիորեն արձանագրել է Դատարանը, Ծառայության գործողությունները դառնում են ինքնանպատակ, քանզի վերջինս պարտապանի հետ մտնում է այնպիսի իրավահարաբերությունների մեջ, որի իրավասությունը, պարտատիրոջ բացակայության պարագայում, նա չունի:
Ելնելով վերը շարադրված վերլուծություններից, համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանը 18.09.2018 թվականին որոշել է հարուցել թիվ 04545851 կատարողական վարույթը` Հիմնադրամից հօգուտ Արկադի Գևորգյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախս` 25.000 ՀՀ դրամ, որից հետո Ծառայությունում 02.10.2018 թվականին ստացվել է Հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Ալոյանի դիմումը, որով վերջինս խնդրել է կասեցնել թիվ 04545851 կատարողական վարույթը` նկատի ունենալով, որ Արկադի Գևորգյանը 14.09.2018 թվականին մահացել է` կից ներկայացնելով վերջինիս մահվան վկայականը, որից հետո Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 04.10.2018 թվականի «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ կասեցվել է 18.09.2018 թվականին հարուցված թիվ 04545851 կատարողական վարույթը:
Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիման վրա, եզրահանգում է, որ Ծառայության գործողություններն իրավաչափ են, քանի որ վերջինս կատարողական թերթ ստանալուց հետո հարուցել է կատարողական վարույթ` նկատի ունենալով, որ ներկայացված կատարողական թերթը համապատասխանել է օրենքով սահմանված պահանջներին, որից հետո, տեղեկանալով պահանջատեր Արկադի Գևորգյանի մահվան մասին և նկատի ունենալով, որ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել վերջինիս իրավահաջորդին, կատարել է օրենքով սահմանված իր պարտականությունը և կասեցրել է 18.09.2018 թվականին հարուցված թիվ 04545851 կատարողական վարույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ օրենսդրությամբ պարտապան կամ պահանջատեր ֆիզիկական անձի մահվան դեպքում կատարողական վարույթ չհարուցելու հնարավորություն հարկադիր կատարողի համար նախատեսված չէ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունը գործել է իրավաչափորեն, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, ուստի Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասով` Հիմնադրամի և Ծառայության միջև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հարկադիր պահանջի կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու վերաբերյալ Հիմնադրամի հայցը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով, որ Ծառայությունը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Հիմնադրամի կողմից:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և այն փոփոխել. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության` ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Ստեփան Բաղդասարյանի 18.09.2018 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասով` Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/5664/02/15 քաղաքացիական գործով 13.09.2018 թվականին տրված կատարողական թերթի հարկադիր պահանջի կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից հօգուտ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 30 դեկտեմբերի 2021 թվական: