i
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Սույն Համաձայնագրի Կողմերը,
ընդունելով, որ առևտրատնտեսական գործունեության ոլորտում իրենց հարաբերությունները պետք է նպատակ ունենան բարձրացնելու կենսամակարդակը, ապահովելու լիարժեք զբաղվածություն, իրական եկամուտների մեծ ծավալ ու կայուն աճ և արդյունավետ պահանջարկ և ընդլայնելու ապրանքների ու ծառայությունների արտադրությունն ու առևտուրը` միաժամանակ թույլ տալով կայուն զարգացման նպատակին համապատասխան համաշխարհային պաշարների լավագույնս օգտագործումը` ձգտելով պաշտպանել ու պահպանել շրջակա միջավայրն ու նպաստել այդ գործին ուղղված միջոցներին` տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում իրենց համապատասխան կարիքներին ու մտահոգություններին համահունչ կերպով,
ընդունելով, այնուհետև, որ անհրաժեշտ է դրական ջանքեր գործադրել` երաշխավորելու, որ զարգացող երկրները և, հատկապես, նրանց շարքում առավել թույլ զարգացած երկրներն աճող միջազգային առևտրում ապահովված բաժին ունենան` համահունչ իրենց տնտեսական զարգացման կարիքներին,
ցանկանալով այդ նպատակներին իրենց ներդրումն ունենալ` փոխադարձ ու փոխշահավետ համաձայնությունների գալու միջոցով, որոնք ուղղված են մաքսերի և առևտրի այլ խոչընդոտների էական նվազեցմանն ու միջազգային առևտրային հարաբերություններում խտրական մոտեցման վերացմանը,
հաստատակամ այդուհանդերձ, ստեղծելու առևտրի միասնական, ավելի կենսունակ և մնայուն բազմակողմ համակարգ, որը պարփակում է Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագիրը, առևտրի ազատականացման անցյալի ջանքերի արդյունքները և Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի բոլոր արդյունքները,
վճռական պահպանելու առևտրի այդ բազմակողմ համակարգի հիմնական սկզբունքները և նպաստելու դրա հիմքում դրված նպատակների իրականացմանը,
համաձայնում են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Սույնով ստեղծվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` «ԱՀԿ»):
ՀՈԴՎԱԾ 2
ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
1. ԱՀԿ-ն ընդհանուր սահմանակարգային կառույց է ապահովում սույն Համաձայնագրի Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերին և փոխկապակցված իրավական փաստաթղթերին առնչվող հարցերում իր Անդամների միջև առևտրային հարաբերությունների վարման համար:
2. 1-ին, 2-րդ և 3-րդ Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերն ու փոխկապակցված իրավական փաստաթղթերը (այսուհետ` «Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր») սույն Համաձայնագրի անբաժանելի մասերն են` պարտադիր բոլոր Անդամների համար:
3. 4-րդ Հավելվածում ընդգրկված համաձայնագրերն ու փոխկապակցված իրավական փաստաթղթերը (այսուհետ` «Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր») նույնպես սույն Համաձայնագրի անբաժանելի մասերն են այն Անդամների համար, որոնք ընդունել են դրանք, և պարտադիր են այդ Անդամների համար: Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերը պարտավորություններ և իրավունքներ չեն ստեղծում այն Անդամների համար, որոնք չեն ընդունել դրանք:
4. 1Ա Հավելվածում նշված Մաքսերի և առևտրի 1994 թ. գլխավոր համաձայնագիրը (այսուհետ` «ՄԱԳՀ-1994»), իրավաբանորեն տարբեր է Մաքսերի և առևտրի 1947 թ. հոկտեմբերի 30-ի գլխավոր համաձայնագրից (այսուհետ` «ՄԱԳՀ-1947»), որը կցված է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զբաղվածության համաժողովի Նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանի եզրափակման ժամանակ ընդունված եզրափակիչ փաստաթղթին:
ՀՈԴՎԱԾ 3
ԱՀԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. ԱՀԿ-ը նպաստում է սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի իրականացմանը, վարչարարությանն ու գործողությանն ու դրանց նպատակների իրագործմանը և նաև կառույց է ապահովում Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերի իրականացման, վարչարարության և գործողության համար:
2. ԱՀԿ-ը հավաքատեղ է ապահովում իր Անդամների միջև բանակցությունների վարման համար` կապված նրանց առևտրային հարաբերությունների այն հարցերի հետ, որոնք կարգավորում են սույն Համաձայնագրի Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերով: ԱՀԿ-ը կարող է նաև ապահովել հավաքատեղ իր Անդամների միջև հետագա բանակցությունների համար` կապված նրանց առևտրի բազմակողմ հարաբերությունների հետ, և կառույց` այդ բանակցությունների արդյունքների իրականացման համար` ինչպես որ կարող է որոշվել Նախարարական համաժողովի կողմից:
3. ԱՀԿ-ը իրականացնում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների ու ընթացակարգերի մասին փոխհամաձայնությունը (այսուհետ` «Վեճերի կարգավորման փոխհամաձայնություն» կամ «ՎԿՓ»):
4. ԱՀԿ-ը վարում է սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածով նախատեսված Առևտրային քաղաքականության վերաքննության գործակառույցը (այսուհետև հիշատակվում է որպես «ԱՔՎԳ»):
5. Տնտեսական քաղաքականության վարման գործում ավելի մեծ համաշխարհային համաձայնեցվածության հասնելու նպատակով, ԱՀԿ-ն անհրաժեշտության դեպքում համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի ու դրա փոխկապակցված գործակալությունների հետ:
ՀՈԴՎԱԾ 4
ԱՀԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Կա բոլոր Անդամների ներկայացուցիչներից կազմված Նախարարական համաժողով, որը ժողովվում է առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ: Նախարարական համաժողովն իրականացնում է ԱՀԿ գործառույթներն ու ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ միջոցներ: Նախարարական համաժողովն իրավասու է Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել որևէ Անդամի պահանջով` համաձայն որոշում կայացնելու վերաբերյալ այն հատուկ պահանջների, որ ունեն սույն Համաձայնագիրն ու համապատասխան Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագիրը:
2. Կա բոլոր Անդամների ներկայացուցիչներից կազմված Գլխավոր խորհուրդ, որը ժողովվում է ըստ անհրաժեշտության: Նախարարական համաժողովի ժողովների միջև ընկած ժամանակահատվածներում նրա գործառույթներն իրականացվում են Գլխավոր խորհրդի կողմից: Գլխավոր խորհուրդն իրականացնում է նաև սույն Համաձայնագրով իր վրա դրված գործառույթները: Գլխավոր խորհուրդը սահմանում է իր ընթացակարգային կանոնները և հաստատում է 7-րդ կետով նախատեսված Կոմիտեների ընթացակարգային կանոնները:
3. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր խորհուրդը հավաքվում է կատարելու Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ նախատեսված Վեճերի կարգավորման մարմնի պարտականությունները: Վեճերի կարգավորման մարմինը կարող է ունենալ իր սեփական նախագահը և սահմանում է այնպիսի ընթացակարգային կանոններ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում այդ պարտականությունների կատարման համար:
4. Անհրաժեշտության դեպքում, Գլխավոր խորհուրդը հավաքվում է` կատարելու ԱՔՎԳ-ում նախատեսված Առևտրի քաղաքականության վերաքննության մարմնի պարտականությունները: Առևտրի քաղաքականության վերաքննության մարմինը կարող է ունենալ իր սեփական նախագահը և սահմանում է ընթացակարգային այնպիսի կանոններ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում այդ պարտականությունների կատարման համար:
5. Կան Ապրանքների առևտրի խորհուրդ, Ծառայությունների առևտրի խորհուրդ և Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հարցերով խորհուրդ (այսուհետ` «ՄՍԱԱ խորհուրդ»), որոնք գործում են Գլխավոր խորհրդի ընդհանուր ղեկավարության ներքո: Ապրանքների առևտրի խորհուրդը հսկում է 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի գործառությունը: Ծառայությունների առևտրի խորհուրդը հսկում է Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի (այսուհետ` «ԾԱԳՀ») գործառությունը: ՄՍԱԱ խորհուրդը հսկում է մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի (այսուհետ` «ՄՍԱԱ համաձայնագիր») գործառությունը: Այդ խորհուրդներն իրականացնում են իրենց համապատասխան համաձայնագրերով և Գլխավոր խորհրդի կողմից իրենց վրա դրված գործառույթները: Նրանք սահմանում են իրենց համապատասխան ընթացակարգային կանոնները, որոնք ենթակա են Գլխավոր խորհրդի հաստատմանը: Այդ խորհուրդների անդամությունը բաց է բոլոր Անդամների ներկայացուցիչների համար: Այդ խորհուրդները ժողովվում են, երբ անհրաժեշտ է իրենց գործառույթներն իրականացնելու համար:
6. Ապրանքների առևտրի խորհուրդը, Ծառայությունների առևտրի խորհուրդը և ՄՍԱԱ խորհուրդը պահանջի դեպքում ստեղծում են օժանդակ մարմիններ: Այդ օժանդակ մարմինները սահմանում են իրենց համապատասխան ընթացակարգային կանոնները, որոնք ենթակա են համապատասխան Խորհուրդների հաստատմանը:
7. Նախարարական համաժողովը ստեղծում է Առևտրի և զարգացման կոմիտե, Վճարային հաշվեկշռի սահմանափակումների կոմիտե և Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտե, որոնք իրականացնում են սույն Համաձայնագրով և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով իրենց վրա դրված գործառույթները և Գլխավոր խորհրդի կողմից իրենց վրա դրված լրացուցիչ գործառույթները, և կարող է ստեղծել լրացուցիչ Կոմիտեներ` այնպիսի գործառույթներով, ինչպիսիք նպատակահարմար կհամարի: Որպես իր գործառույթների մի մաս, Առևտրի և զարգացման կոմիտեն պարբերաբար վերաքննում է Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերում հօգուտ առավել թույլ զարգացած երկրների եղած հատուկ դրույթները և զեկուցում է Գլխավոր խորհրդին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Այդ խորհուրդների անդամությունը բաց է բոլոր Անդամների ներկայացուցիչների համար:
8. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերով նախատեսված մարմինները իրականացնում են այդ Համաձայնագրերով իրենց վրա դրված գործառույթներն ու գործում են ԱՀԿ սահմանակարգային կառուցվածքի շրջանակներում: Այդ մարմինները Գլխավոր խորհրդին պարբերաբար տեղեկացնում են իրենց գործունեության մասին:
ՀՈԴՎԱԾ 5
ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գլխավոր խորհուրդն արդյունավետ համագործակցության համար համապատասխան համաձայնություններ է ձեռք բերում միջկառավարական այլ կազմակերպությունների հետ, որոնց պարտականություններն առնչություն ունեն ԱՀԿ պարտականությունների հետ:
2. Գլխավոր խորհուրդը կարող է խորհրդակցության ու համագործակցության համար համապատասխան համաձայնություններ ձեռք բերել ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ԱՀԿ հարցերի հետ առնչվող հարցերով:
ՀՈԴՎԱԾ 6
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Կա ԱՀԿ քարտուղարություն (այսուհետ` «Քարտուղարություն»), որը գլխավորում է Գլխավոր տնօրենը:
2. Նախարարական համաժողովը նշանակում է Գլխավոր տնօրենին և ընդունում է կանոնակարգեր, որոնք սահմանում են Գլխավոր տնօրենի լիազորությունները, պարտականությունները, ծառայության պայմանները և պաշտոնավարման ժամկետը:
3. Գլխավոր տնօրենը նշանակում է Քարտուղարության աշխատակազմի անդամներին և սահմանում է նրանց պարտականություններն ու ծառայության պայմանները` համաձայն Նախարարական համաժողովի կողմից ընդունված կանոնակարգերի:
4. Գլխավոր տնօրենի և Քարտուղարության աշխատակազմի անդամների պարտականությունները բացառապես միջազգային բնույթ ունեն: Իրենց պարտականություններն իրականացնելիս Գլխավոր տնօրենը և Քարտուղարության աշխատակազմը չեն ձգտում ստանալ կամ չեն ընդունում ցուցումներ որևէ կառավարությունից կամ ԱՀԿ-ից տարբեր որևէ այլ մարմնից: Նրանք խուսափում են ցանկացած գործողությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային պաշտոնյայի իրենց դիրքի վրա: ԱՀԿ Անդամները հարգում են Գլխավոր տնօրենի և Քարտուղարության աշխատակազմի պարտականությունների միջազգային բնույթը և չեն ձգտում ազդել նրանց վրա` իրենց պարտականությունների կատարման ժամանակ:
ՀՈԴՎԱԾ 7
ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
1. Գլխավոր տնօրենը Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտեին է ներկայացնում ԱՀԿ-ի մոտավոր տարեկան բյուջեն ու ֆինանսական հաշվետվությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Գլխավոր խորհրդին: Մոտավոր տարեկան բյուջեն ենթակա է Գլխավոր խորհրդի հաստատմանը:
2. Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտեն Գլխավոր խորհրդին առաջարկում է ֆինանսական կանոնակարգեր, որոնք ընդգրկում են դրույթներ, որոնցով սահմանվում են.
ա) ներդրումների սանդղակը, որով ԱՀԿ ծախսերը բաշխվում են նրա Անդամների միջև,
բ) պարտք ունեցող Անդամների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցները:
Ֆինանսական կանոնակարգերը հնարավորության սահմաններում հիմնվում են ՄԱԳՀ-1947-ի կանոնակարգերի և գործելակերպերի վրա:
3. Գլխավոր խորհուրդը ֆինանսական կանոնակարգերն ու մոտավոր տարեկան բյուջեն ընդունում է` ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, որը կազմում է ԱՀԿ Անդամների կեսից ավելին:
4. Յուրաքանչյուր Անդամ շտապ կարգով ԱՀԿ-ին է հատկացնում ԱՀԿ ծախսերի մեջ իրեն ընկնող բաժինը` համաձայն Գործադիր խորհրդի կողմից ընդունված ֆինանսական կանոնակարգերի:
ՀՈԴՎԱԾ 8
ԱՀԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
1. ԱՀԿ-ն իրավաբանական անձ է, և իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում է այնպիսի իրավունակությամբ, որը կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթներն իրականացնելու համար:
2. ԱՀԿ-ն իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում է այնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք անհրաժեշտ են իր գործառույթներն իրականացնելու համար:
3. ԱՀԿ պաշտոնյաներն ու Անդամների ներկայացուցիչները, նմանապես, իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում են այնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք անհրաժեշտ են ԱՀԿ հետ կապված իրենց գործառույթների անկախ իրագործման համար:
4. Անդամի կողմից ԱՀԿ-ին, նրա պաշտոնյաներին կամ նրա Անդամների ներկայացուցիչներին շնորհվող, արտոնությունները և անձեռնմխելիությունը համանման են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1947 թ. նոյեմբերի 21-ին հաստատված Հատուկ գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայով նախատեսված արտոնություններին և անձեռնմխելիությանը:
5. ԱՀԿ-ն կարող է կնքել վարչական կենտրոնի վերաբերյալ համաձայնագիր:
ՀՈԴՎԱԾ 9
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ
1. ԱՀԿ-ն շարունակում է ՄԱԳՀ-1947-ի ներքո կիրառվող` ընդհանուր համաձայնությամբ որոշում կայացնելու գործելակերպը2: Բացառությամբ այլ կերպ նախատեսվածի, եթե որոշումը չի կարող կայացվել ընդհանուր համաձայնությամբ, ապա քննարկման առկա հարցի վերաբերյալ որոշումը կայացվում է քվեարկությամբ: Նախարարական համաժողովի և Գլխավոր խորհրդի ժողովների ժամանակ ԱՀԿ յուրաքանչյուր Անդամ ունի մեկ քվե: Երբ Եվրոպական Համայնքներն են կիրարկում իրենց քվեարկության իրավունքը, նրանց քվեների թիվը հավասար է իրենց անդամ-պետությունների թվին3, որոնք ԱՀԿ Անդամներ չեն: Նախարարական համաժողովի և Գլխավոր խորհրդի որոշումները կայացվում են հաշվարկված քվեների մեծամասնությամբ, եթե այլ կերպ չի նախատեսված սույն Համաձայնագրով կամ համապատասխան Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրով4:
2. Նախարարական համաժողովը և Գլխավոր խորհուրդը բացառիկ իրավասություն ունեն` ընդունելու սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններ: 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկի մեկնաբանման դեպքում նրանք իրենց իրավասությունը կիրարկում են այդ Համաձայնագրի գործողությունը վերահսկող Կոմիտեի կողմից կատարված առաջարկության հիման վրա: Մեկնաբանություն ընդունելու որոշումը կայացվում է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ: Սույն կետը չի կիրառվում այնպիսի կերպով, որը կթուլացներ 10-րդ հոդվածի` փոփոխությունների վերաբերյալ դրույթները:
3. Բացառիկ դեպքերում Նախարարական համաժողովը կարող է որոշել ազատել սույն Համաձայնագրով կամ Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկով Անդամի վրա դրված պարտավորությունից` ընդ որում, ցանկացած այդպիսի որոշում կայացվում է Անդամների թվի երեք քառորդով5, եթե այլ բան չի նախատեսված սույն կետով:
ա) Սույն համաձայնագրի առնչությամբ, ազատման համար պահանջը Նախարարական համաժողովի քննարկմանն է ներկայացվում համաձայն ընդհանուր համաձայնությամբ որոշում կայացնելու գործելակերպի: Նախարարական համաժողովը` պահանջը քննարկելու համար ժամկետ է սահմանում, որը չի գերազանցում 90 օրը: Եթե այդ ժամկետում ձեռք չի բերվում ընդհանուր համաձայնություն, ապա ազատում շնորհելու ցանկացած որոշում կայացվում է Անդամների թվի երեք քառորդով 4):
բ) 1Ա կամ 1Բ կամ 1Գ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի և դրանց հավելվածների առնչությամբ, ազատման համար պահանջը նախապես ներկայացվում է համապատասխանաբար Ապրանքների առևտրի խորհրդին, Ծառայությունների առևտրի խորհրդին կամ ՄՍԱԱ խորհրդին` 90 օրը չգերազանցող ժամկետում քննարկելու համար: Ժամկետի վերջում, համապատասխան խորհուրդը զեկուցագիր է ներկայացնում Նախարարական համաժողովին:
4. Նախարարական համաժողովի ազատում շնորհելու որոշման մեջ շարադրվում են այդ որոշումն արդարացնող բացառիկ հանգամանքները, ազատման կիրառումը ղեկավարող պայմանները և այն ժամկետը, երբ ազատումը դադարեցվում է: Մեկ տարվանից ավելի ժամկետով շնորհված ցանկացած ազատում վերաքննվում է Նախարարական համաժողովի կողմից ոչ ուշ, քան այն շնորհելուց մեկ տարի հետո և այնուհետև` յուրաքանչյուր տարին մեկ` մինչ ազատման դադարեցումը: Յուրաքանչյուր վերաքննության ընթացքում Նախարարական համաժողովը քննում է` արդյոք դեռ առկա են ազատումն արդարացնող բացառիկ հանգամանքները և արդյոք պահպանվել են ազատման հետ կապված պայմանները: Նախարարական համաժողովը` տարեկան վերաքննության հիման վրա, կարող է երկարացնել, փոփոխել կամ դադարեցնել ազատումը:
5. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի մասով որոշումները, ներառյալ մեկնաբանությունների և ազատումների վերաբերյալ որոշումները ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով:
2 Համարվում է, որ տվյալ մարմինն իր քննարկմանը ներկայացված հարցի վերաբերյալ որոշում է կայացրել ընդհանուր համաձայնությամբ, եթե ժողովին, որի ընթացքում կայացվում է որոշումը, ներկա ոչ մի Անդամ պաշտոնապես չի առարկում առաջարկված որոշման դեմ:
3 Եվրոպայում Համայնքների և նրան անդամ-պետությունների քվեների թիվը ոչ մի դեպքում չի գերազանցում Եվրոպական համայնքների անդամ-պետությունների թիվը:
4 Գլխավոր խորհրդի որոշումները, երբ այն հավաքվում է որպես Վեճերի կարգավորման փոխհամաձայնության 2-րդ Հոդվածի 4-րդ կետի համաձայն:
5 Ազատում շնորհելու որոշումը` որևէ պարտավորության մասով, որը ենթակա է անցումային ժամկետի կամ փուլային իրականացման ժամկետի և որը պահանջող Անդամը չի կատարել համապատասխան ժամկետի ավարտին, կայացվում է միայն ընդհանուր համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 10
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է հանդես գալ սույն Համաձայնագրի կամ 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթները փոփոխելու առաջարկությամբ` այդ առաջարկությունը ներկայացնելով Նախարարական համաժողովին: 4-րդ հոդվածի 5-րդ կետում թվարկված Խորհուրդները նույնպես կարող են Նախարարական համաժողովին առաջարկություններ ներկայացնել` փոփոխելու 1-ին Հավելվածի այն Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթները, որոնց գործողությունը նրանք վերահսկում են: Եթե նախարարական համաժողովը որոշում չի կայացնում ավելի երկար ժամկետի մասին, ապա Նախարարական համաժողովին առաջարկության պաշտոնական ներկայացումից հետո` 90 օրվա ընթացքում Նախարարական համաժողովի ցանկացած որոշում` առաջարկված փոփոխությունն ընդունելու համար Անդամներին ներկայացնելու մասին, կայացվում է ընդհանուր համաձայնությամբ: Եթե չեն կիրառվում 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերի դրույթները, ապա այդ որոշմամբ հատկորոշվում է` կիրառվում են արդյոք 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթները: Եթե ձեռք է բերվում ընդհանուր համաձայնություն, ապա Նախարարական համաժողովն առաջարկված փոփոխություններն անմիջապես ներկայացնում է Անդամներին` ընդունելու համար: Եթե Նախարարական համաժողովի հանդիպման ժամանակ սահմանված ժամկետում ձեռք չի բերվում ընդհանուր համաձայնություն, ապա Նախարարական համաժողովը` Անդամների թվի երկու երրորդ մեծամասնությամբ որոշում է ներկայացնել առաջարկված փոփոխություններն Անդամներին` ընդունման համար: Բացառությամբ 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նախատեսվածի, առաջարկված փոփոխությունների նկատմամբ կիրառվում են 3-րդ կետի դրույթները, եթե Նախարարական համաժողովը` Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ չի որոշում, որ կիրառվում են 4-րդ կետի դրույթները:
2. Միայն բոլոր Անդամների կողմից ընդունվելու դեպքում են ուժի մեջ մտնում սույն հոդվածի դրույթների և ներքոնշված հոդվածների դրույթների փոփոխությունները.
սույն Համաձայնագրի 9-րդ հոդված,
ՄԱԳՀ-1994-ի 1-ին և 2-րդ հոդվածներ,
ԾԱԳՀ-ի 2-րդ հոդվածի 1-ին կետ,
ՄՍԱԱ համաձայնագրի 4-րդ հոդված:
3. Սույն Համաձայնագրի կամ 1Ա և 1Գ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի` 2-րդ և 6-րդ կետերում թվարկվածներից տարբեր դրույթների այն բնույթի փոփոխությունները, որոնք կփոփոխեն Անդամների իրավունքներն ու պարտավորությունները, դրանք ընդունած Անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդով ընդունվելուց հետո և այնուհետև յուրաքանչյուր այլ Անդամի համար` նրա կողմից ընդունվելու դեպքում: Նախարարական համաժողովը կարող է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ որոշել, որ սույն կետի համաձայն ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթի է, որ որևէ Անդամ, որն այն չի ընդունել Նախարարական համաժողովի կողմից յուրաքանչյուր դեպքի համար հատկորոշված ժամկետում, ազատ է դուրս գալու ԱՀԿ-ից կամ մնալ որպես Անդամ` Նախարարական համաժողովի համաձայնությամբ:
4. Սույն Համաձայնագրի կամ Հավելվածներ 1Ա-ի և 1Գ-ի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի` 2-րդ և 6-րդ կետերում թվարկվածներից տարբեր դրույթների այն բնույթի փոփոխությունները, որոնք չեն փոխի Անդամների իրավունքներն ու պարտավորությունները, բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում` Անդամների թվի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո:
5. Բացառությամբ վերևի 2-րդ կետում նախատեսվածի, ԾԱԳՀ-ի 1-ին, 2-րդ և 3-րդ Գլուխների և համապատասխան հավելվածների փոփոխությունները դրանք ընդունած Անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդով ընդունվելուց հետո և այնուհետև յուրաքանչյուր այլ Անդամի համար` նրա կողմից ընդունվելու դեպքում: Նախարարական համաժողովը կարող է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ որոշել, որ նախորդ դրույթի համաձայն ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթի է, որ որևէ Անդամ, որն այն չի ընդունել Նախարարական համաժողովի կողմից յուրաքանչյուր դեպքի համար հատկորոշված ժամկետում, ազատ է` դուրս գալու ԱՀԿ-ից կամ մնալ որպես Անդամ` Նախարարական համաժողովի համաձայնությամբ: ԾԱԳՀ-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ Գլուխների և համապատասխան հավելվածների փոփոխությունները բոլոր անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո:
6. Անկախ սույն հոդվածի մյուս դրույթներից, ՄՍԱԱ համաձայնագրի փոփոխությունները, որոնք համապատասխանում են դրա 71-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, կարող են Նախարարական համաժողովի կողմից ընդունվել` առանց հետագա պաշտոնական ընդունման գործընթացի:
7. Սույն Համաձայնագրի կամ 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունն ընդունող Անդամն ընդունման փաստաթուղթն ի պահ է տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին Նախարարական համաժողովի կողմից հատկորոշված ընդունման ժամկետում:
8. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է հանդես գալ սույն Համաձայնագրի կամ 2-րդ և 3-րդ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի դրույթները փոփոխելու առաջարկությամբ` այդ առաջարկությունը ներկայացնելով Նախարարական համաժողովին: 2-րդ Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունները հաստատելու որոշումը կայացվում է ընդհանուր համաձայնությամբ, և այդ փոփոխությունները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում Նախարարական համաժողովի կողմից հաստատվելուց հետո: 3-րդ Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունները հաստատելու որոշումները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում Նախարարական համաժողովի կողմից հաստատվելուց հետո:
9. Նախարարական համաժողովը առևտրային համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամների պահանջով կարող է որոշել այդ համաձայնագիրը 4-րդ Հավելվածին ավելացնել բացառապես ընդհանուր համաձայնությամբ: Նախարարական համաժողովը Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամների պահանջով կարող է որոշել այդ համաձայնագիրը հանել 4-րդ Հավելվածից:
10. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրում փոփոխություններ կատարելը ղեկավարվում է այդ համաձայնագրի դրույթներով:
ՀՈԴՎԱԾ 11
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին եղած ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերը և Եվրոպական Համայնքները, որոնք ընդունում են սույն Համաձայնագիրն ու Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը, և որոնց համար Զիջումների և պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ՄԱԳՀ-1994-ին, և որոնց համար Հատուկ պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ԾԱԳՀ-ին, դառնում են ԱՀԿ սկզբնական անդամներ:
2. Առավել թույլ զարգացած երկրներից, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից, կպահանջվի միայն պարտավորություններ ստանձնել և զիջումներ կատարել միայն այն չափով, որ համապատասխան է նրանց զարգացման, ֆինանսական և առևտրային մասնավոր կարիքներին կամ նրանց վարչական և սահմանակարգային կարողություններին:
ՀՈԴՎԱԾ 12
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Ցանկացած պետություն կամ առանձին մաքսային տարածք, որն ունի իր արտաքին առևտրային հարաբերությունները և սույն Համաձայնագրով և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով նախատեսված մյուս հարցերը վարելու լիարժեք ինքնուրույնություն, կարող է անդամակցել սույն Համաձայնագրին` իր և ԱՀԿ-ի միջև համաձայնեցված պայմաններով: Այդ անդամակցությունը տարածվում է սույն Համաձայնագրի և դրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա:
2. Անդամակցության վերաբերյալ որոշումները կայացվում են Նախարարական համաժողովի կողմից: Նախարարական համաժողովը անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հաստատում է ԱՀԿ Անդամների թվի երկու երրորդ մեծամասնությամբ:
3. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրին անդամակցությունը ղեկավարվում է այդ համաձայնագրի դրույթներով:
ՀՈԴՎԱԾ 13
ԱՌԵՎՏՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ-ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՉԿԻՐԱՌՎԵԼԸ ԱՌԱՆՁԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ
1. Սույն Համաձայնագիրը և 1-ին և 2-րդ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը չեն կիրառվում որևէ Անդամի և որևէ այլ Անդամի միջև, եթե այդ Անդամներից որևէ մեկը նրանցից որևէ մեկի Անդամ դառնալու պահին չի համաձայնում այդ կիրառմանը:
2. 1-ին կետը կարող է կիրարկվել ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր հանդիսացած ԱՀԿ սկզբնական Անդամների միջև միայն այն դեպքում, երբ այդ պայմանավորվող կողմերի միջև նախկինում կիրարկվել էր այդ Համաձայնագրի 35-րդ հոդվածը և գործում էր` նրանց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին:
3. Մի Անդամի և մեկ այլ Անդամի միջև, որն անդամակցել է համաձայն 12-րդ հոդվածի, 1-ին կետը կիրառվում է միայն, եթե կիրառմանը չհամաձայնող Անդամն այդ մասին ծանուցել է Նախարարական համաժողովին նախքան Նախարարական համաժողովի կողմից անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության հաստատումը:
4. Նախարարական համաժողովը կարող է ցանկացած Անդամի պահանջով վերանայել սույն հոդվածի գործողությունը մասնավոր դեպքերում և տալ համապատասխան հանձնարարականներ:
5. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի չկիրառվելը այդ Համաձայնագրի կողմերի միջև ղեկավարվում է այդ Համաձայնագրի դրույթներով:
ՀՈԴՎԱԾ 14
ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼԸ
1. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրությամբ կամ այլ կերպ ընդունման համար` ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերի և Եվրոպական Համայնքների կողմից, որոնք իրավունակ են ԱՀԿ սկզբնական Անդամներ դառնալ համաձայն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի: Այդ ընդունումը տարածվում է սույն Համաձայնագրի և դրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա: Սույն Համաձայնագիրը և նրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը ուժի մեջ են մտնում Նախարարների կողմից` Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի արդյունքները պարփակող եզրափակիչ փաստաթղթի 3-րդ կետի համաձայն սահմանված օրը և ընդունման համար բաց են մնում այդ օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում, եթե Նախարարներն այլ կերպ չեն որոշում: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ընդունման օրվան հաջորդող 30-րդ օրը:
2. Անդամը, որն ընդունում է սույն Համաձայնագիրը դրա ուժի մեջ մտնելուց հետո, Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի այն զիջումներն ու պարտավորությունները, որոնք պետք է իրականացվեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած` որոշակի ժամանակահատվածի ընթացքում, իրականացնում է այնպես, ինչպես կաներ, եթե սույն Համաձայնագիրն ընդուներ դրա ուժի մեջ մտնելու օրը:
3. Մինչ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը սույն Համաձայնագրի տեքստը և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերն ի պահ են տրվում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին: Գլխավոր տնօրենը շտապ կարգով սույն Համաձայնագիրը ընդունած յուրաքանչյուր կառավարությանն ու Եվրոպական Համայնքներին է տրամադրում սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի հավաստագրված ճշմարիտ պատճենները և ծանուցում դրանց յուրաքանչյուրի ընդունման մասին: Սույն Համաձայնագիրը և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերն ու դրանց ցանկացած փոփոխություններն ԱՀԿ-ի ուժի մեջ մտնելուց հետո ի պահ են տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին:
4. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի ընդունումը և ուժի մեջ մտնելը ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով: Այդ Համաձայնագրերն ի պահ են տրվում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո այդ Համաձայնագրերն ի պահ են տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին:
ՀՈԴՎԱԾ 15
ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
1. Ցանկացած Անդամ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից: Այդ դուրս գալը տարածվում է սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա և ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին գրավոր ծանուցումը ԱՀԿ Գլխավոր տնօրենի կողմից ստանալու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:
2. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրից դուրս գալը ղեկավարվում այդ Համաձայնագրի դրույթներով:
ՀՈԴՎԱԾ 16
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բացառությամբ սույն Համաձայնագրով կամ Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրով այլ կերպ նախատեսվածի, ԱՀԿ-ն ղեկավարվում է այն որոշումներով, ընթացակարգերով և գործելակերպի սովորական կանոններով, որոնց հետևում էին ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերն ու ՄԱԳՀ-1947-ի շրջանակներում ստեղծված մարմինները:
2. Հնարավորության սահմաններում ՄԱԳՀ-1947-ի Քարտուղարությունը դառնում է ԱՀԿ Քարտուղարություն, և ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենը ստանձնում է ԱՀԿ Գլխավոր տնօրենի պաշտոնը մինչ այն ժամկետը, երբ Նախարարական համաժողովը Գլխավոր տնօրենին կնշանակի` համաձայն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի:
3. Սույն Համաձայնագրի որևէ դրույթի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկի դրույթի միջև հակասություն լինելու դեպքում հակասության սահմաններում գերակայում է սույն Համաձայնագրի դրույթը:
4. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է իր օրենքների, կանոնակարգերի և վարչական ընթացակարգերի համապատասխանությունը կից Համաձայնագրերով նախատեսված իր պարտավորություններին:
5. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթի առնչությամբ վերապահումներ չեն կարող արվել: Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի որևէ դրույթի առնչությամբ վերապահումներ կարող են արվել միայն այդ Համաձայնագրերով նախատեսված սահմաններում: Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի դրույթների առնչությամբ վերապահումները ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով:
6. Սույն Համաձայնագիրը գրանցվում է համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի դրույթների:
Կատարված է Մարաքեշում հազար ինը հարյուր իննսունչորս թվականի ապրիլ ամսվա տասնհինգերորդ օրը մեկ օրինակով` անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով: Տեքստերից յուրաքանչյուրը վավերական է:
Բացատրական ծանոթագրություններ
Սույն Համաձայնագրում և Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերում հասկացվում է, որ գործածվող «երկիր» և «երկրներ» հասկացությունները ընդգրկում են ԱՀԿ Անդամ ցանկացած առանձին մաքսային տարածք:
ԱՀԿ Անդամ առանձին մաքսային տարածքի դեպքում, երբ սույն Համաձայնագրում և Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերում որևէ արտահայտություն բնորոշվում է «ազգային» հասկացությամբ, այդ արտահայտությունը կարդացվում է որպես այդ մաքսային տարածքին վերաբերող, եթե այն բան չի նախատեսված:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ
Հավելված 1
Հավելված 1Ա. Ապրանքների առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր
Մաքսերի և առևտրի 1994 թ. գլխավոր համաձայնագիր
Գյուղատնտեսության մասին համաձայնագիր
Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիր
Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագիր
Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագիր
Առևտրին առնչվող ներդրումային միջոցների մասին համաձայնագիր
Մաքսերի և առևտրի 1994 թ. գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր
Մաքսերի և առևտրի 1994 թ. գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր
Նախաառաքումային ստուգման մասին համաձայնագիր
Ծագման կանոնների մասին համաձայնագիր
Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին համաձայնագիր
Լրավճարների և փոխհատուցման միջոցների մասին համաձայնագիր
Պաշտպանական միջոցների մասին համաձայնագիր
Հավելված 1Բ. Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագիրը և հավելվածներ
Հավելված 1Գ. Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր
Հավելված 2
Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոններ և ընթացակարգերի մասին փոխհամաձայնություն
Հավելված 3
Առևտրի քաղաքականության վերաքննության գործակառույց
Հավելված 4
Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր
Քաղաքացիական օդագնացության առևտրի մասին համաձայնագիր
Պետական գնումների մասին համաձայնագիր
Կաթնամթերքի մասին համաձայնագիր
Տավարի մսի մասին միջազգային համաձայնագիր