Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 96-ՐԴ ԵՎ 220-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/4901/05/11

    դատարանի որոշում                       2015թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/4901/05/11

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ստյոպիկ Պողոսյանի ներկայացուցիչ Անահիտ Աթոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.08.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերժիկ Պողոսյանի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սերժիկ Պողոսյանը պահանջել է ժառանգության իրավունքի վկայագիրը ճանաչել անվավեր:

ՀՀ վարչական դատարանի 05.02.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.06.2013 թվականի որոշմամբ Սերժիկ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 05.02.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Դրոյի 3-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով անվավեր է ճանաչվել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Ստյոպիկ Պողոսյանին 27.11.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում 12277 համարի տակ, ժառանգական գործ թիվ 310):

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.08.2014 թվականի որոշմամբ Սերժիկ Պողոսյանի և Ստյոպիկ Պողոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 17.03.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ստյոպիկ Պողոսյանի ներկայացուցիչ Անահիտ Աթոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սերժիկ Պողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը և 220-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել վերաքննիչ բողոքի հիմքերը, չի պատճառաբանել, թե ինչ հիմնավորմամբ է մերժում վերաքննիչ բողոքը:

Նոտարական գործողության իրավաչափությունը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ անձը իմացել կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին: Հայցվորը դիմել է դատարան 16.09.2011 թվականին, իսկ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է 27.11.2009 թվականին, այսինքն` երկու տարի երկու ամիս անց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ներկայացված վիճարկման հայցն ընդհանրապես ենթակա չէր վարույթ ընդունման, քանի որ նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական ակտ չէ, իսկ գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` վարչական դատարան կարող են բողոքարկվել նոտարի անգործությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները` բացառությամբ գործարքի վավերացման գործողության:

Ստորադաս դատարանի այն պատճառաբանությունը, որ վկայագիրը տրվել է ոչ ճիշտ և ոչ լիարժեք տեղեկությունների հիմքով, ինչը վկայագրի անվավերության հիմք է հանդիսանում, լիովին անհիմն է և զուրկ իրավական հիմքից: Մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ թեև նոտարը հանդիսանում է հանրային ծառայություններ իրականացնող անձ, այդուհանդերձ, դրանից չի հետևում, որ նրա կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը հանդիսանում է վարչական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Դատարանի վճիռը հայցը մասնակիորեն բավարարելու մասով անփոփոխ թողնելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 08.08.2014 թվականի որոշումը և այդ մասով հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Հայցին կցված ամուսնության վկայականի համաձայն` Սամվել Պողոսյանը 20.06.1946 թվականին ամուսնացել է Ալվարդ Առաքելի Առաքելյանի հետ, իսկ Ալվարդ Առաքելի Առաքելյանը, համաձայն 3 եղբայրների ծննդյան վկայականների և 1958 թվականի դատարանի վճռի, Լուսիկ Առաքելի Թովմասյանն է: Ստյոպիկ Պողոսյանը 1995 թվականից մինչև օրս մշակում է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում սեփականության իրավունքով Սամվել Պողոսյանին հատկացված հողամասը, ինչը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, նշանակում է, որ Ստյոպիկ Պողոսյանը հանդիսանում է Սամվել Պողոսյանի ժառանգությունն ընդունած անձ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 27.11.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (գրանցված սեղանամատյանում 12277 համարի տակ, ժառանգական գործ թիվ 310) համաձայն` քաղաքացի Սամվել Սմբատի Պողոսյանի` մահացած 15.09.1996 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Ստյոպա (Ստյոպիկ) Սամվելի Պողոսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է ժառանգության իրավունքի վկայագիրը, բաղկացած է Երևանի Դրոյի փողոցի 3-րդ շենքի թիվ 28 բնակարանից (հատոր 1-ին, գ.թ. 45):

2) Սույն գործով Սերժիկ Պողոսյանի հայցի առարկան Ստյոպիկ Պողոսյանին 27.11.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում 12277 համարի տակ, ժառանգական գործ թիվ 310) անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքը Սերժիկ Պողոսյանի` ժառանգատու Սամվել Պողոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հանգամանքն է (հատոր 1-ին, գ.թ. 2-3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք անձը դատարան դիմելու պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ընդունվել է` 28.11.2007 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) համաձայն իրավունք ուներ վիճարկման հայցով պահանջելու անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագիրը.

2. արդյո՞ք ՀՀ իրավական համակարգում ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական ակտ է:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

i

28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ կիրառելի են («mutatis mutandis») վարչական դատավարության նկատմամբ և չեն հակասում նույն օրենսգրքին և վարչական դատավարության էությանը:

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում` արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.

4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:

Նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարան կարող են բողոքարկվել նոտարի անգործությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները, բացառությամբ գործարքի վավերացման գործողության:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) վարչական մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ`

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.

բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում:

Եթե, վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա նույն օրենքի իմաստով` դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:

Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն նույն օրենքով:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:

Օրենսդիրը 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածներում սահմանել էր վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու էր իրականացնել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված էր հատուկ տեսակի իրավասությամբ: 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածներում օրենսդիրը սահմանել էր այն սուբյեկտների ցանկը, ովքեր կարող էին դիմել ՀՀ վարչական դատարան, իչնպես նաև` ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, իսկ նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն էր: 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում օրենսդիրը սահմանել էր հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների վարչական դատարան դիմելու հայցատեսակները, ինչպես նաև` հատուկ վարույթները և դրանց դատավարական առանձնահատկությունները:

Վկայակոչված իրավանորմերը սահմանում էին, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար իրավունք ուներ դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում էր, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ուներ և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ուներ դիմելու վարչական դատարան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ վարչական դատարան դիմելու իրավունքի առկայության հարցը պետք է դիտարկվեր հետևյալ պայմանների համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ իրավական նախադրյալները.

- սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարում,

- համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայություն,

- հանրային իրավահարաբերություններից ծագող իրավական վեճի առկայություն,

- 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածներով կամ հատուկ վարույթներով նախատեսված հայցի առկայություն:

Օրենսդիրը 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում, որպես առանձին հայցի տեսակ, նախատեսել էր վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածում ամրագրված վիճարկման հայցին` նշելով, որ վիճարկման հայցի առարկան է միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու կամ փոփոխելու պահանջը: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է, հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների համաձայն` վիճարկման հայցն օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ էր, որն ուղղված էր դատական ակտով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: Հետևաբար վիճարկման հայցով հայցվորն իրավունք ուներ պահանջել վերացնելու իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը: Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջով վարչական դատարան դիմելու` ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքի առկայության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել` արդյոք ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե` ոչ:

i

Օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում վարչական ակտը սահմանել է որպես իրավական ակտ, որն ընդունում է վարչական մարմինը` հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտին բնորոշ հատկանիշներին: Համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` վարչական ակտին բնորոշ հատկանիշներն են վարչական մարմնի անհատական ակտ լինելը, արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի ոլորտում ընդունված լինելը, կոնկրետ գործի կարգավորումը, իրավունքների և պարտականությունների սահմանումը, փոփոխումը, վերացումը կամ ճանաչումը (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ նոտարի կողմից անձին տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ համարվելու համար պետք է օժտված լինի վարչական ակտին բնորոշ վերը նշված բոլոր հատկանիշներով: Այսպես, Վճռաբեկ դատարանը ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական ակտ դիտարկելու համար նախևառաջ անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք այն ընդունվում է հանրային իրավունքի ոլորտում վարչական մարմնի կողմից:

Օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում վարչական մարմնի հասկացությունը նախ սահմանել է ինստիտուցիոնալ առումով` ամրագրելով, որ վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, այնուհետև վարչական մարմնի հասկացությունը սահմանել է գործառութային առումով` նշելով, որ վարչական մարմիններ են նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև օրենսդիրը սահմանել է որ նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, այսինքն` ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս նոտարը իրականացնում է հանրային գործառույթ, սակայն վերջինս չի հանդիսանում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար անձ, հետևաբար նոտարը ինստիտուցիոնալ առումով վարչական մարմին չէ, նոտարը օժտված չէ նաև այլ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կարգավիճակով, այսինքն` նոտարը ՀՀ իրավական համակարգում գործառութային առումով նույնպես վարչական մարմին չէ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է մասնավոր իրավունքի, մասնավորապես` ժառանգական իրավունքի կոնկրետ հարցի կարգավորման կապակցությամբ` ի տարբերություն վարչական ակտի, որն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում:

Հետևաբար նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում չի կարող հանդիսանալ վարչական ակտ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ անձն իրավունք չուներ պահանջելու վիճարկման հայցով վերացնել իր ենթադրյալ իրավունքները և ազատությունները խախտող ժառանգության իրավունքի վկայագիրը, քանի որ 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն` վիճարկման հայցն օրենսդրի կողմից նախատեսված հայցի տեսակ էր, որն ուղղված էր դատական ակտով միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելուն կամ փոփոխելուն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոտարի կողմից հանրային գործառույթներ իրականացնելու հանգամանքը կանխորոշում է նոտարների հանրային-իրավական կարգավիճակը և պայմանավորում է նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության իրականացման իրավական անհրաժեշտությունը: Ըստ այդմ, օրենսդիրը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը կարող են բողոքարկվել դատարան: Ընդ որում, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը քննվում են վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: Օրենսդիրը 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Նոտարի գործողությունների վիճարկման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 28-րդ գլխի 161-րդ հոդվածով սահմանել էր նոտարական գործողության կամ նոտարական անգործության վիճարկելու վերաբերյալ գործերի քննության կարգը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս նոտարն իրականացնում է հանրային գործառույթ, քանի որ ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելիս նոտարի և քաղաքացու միջև առկա են ոչ թե կոորդինացիոն (համադասություն) բնույթի, այլ սուբորդինացիոն (ենթակայություն) բնույթի իրավահարաբերություններ: Սույն իրավահարաբերություններում քաղաքացին և նոտարը հանդես չեն գալիս որպես մասնավոր իրավահարաբերությունների հավասար սուբյեկտներ: Նման իրավահարաբերություններում նոտարն օժտված չէ կամքի ազատությամբ, այլ հանդես է գալիս որպես հանրային իրավահարաբերությունների սուբյեկտ, որտեղ իրավահարաբերության մասնակիցներից մեկը, միակողմանի հիմնվելով իրավական կարգավորումների վրա, իրավահարաբերության մյուս կողմի համար պարտադիր որոշում է կայացնում:

Այսպիսով, օրենսդիրը նոտարական գործողության կատարման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերն ընդդատյա էր համարել վարչական դատարանին, քանի որ 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա էին հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը: Հետևաբար այն դեպքերում, երբ վեճը վերաբերում էր ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ մասնավոր իրավահարաբերություններին, մասնավորապես` ժառանգական իրավունքին, ապա տվյալ գործերը վարչական դատարանում քննության ենթակա չէին:

Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների համաձայն` երբ հայցի առարկան ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելն էր, ապա անձը դատարան չէր կարող ներկայացնել վիճարկման հայց, քանի որ անձը վիճարկման հայցով կարող էր պահանջել ամբողջությամբ կամ մասնակի վերացնել վարչական ակտը, իսկ ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական ակտ չի հանդիսանում:

Ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող դիտարկվել նաև որպես նոտարական գործողությունը վիճարկելու պահանջ, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը:

Սույն գործով Սերժիկ Պողոսյանը, դիմելով դատարան, պահանջել է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 27.11.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում 12277 համարի տակ, ժառանգական գործ թիվ 310) անվավեր ճանաչել:

Դատարանը հայցը մասնակի բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 27.11.2009 թվականին տված թիվ 12277 ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է ոչ ճիշտ և ոչ լիարժեք տեղեկությունների հիմքով, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա, վերջինիս անվավերության հիմք է հանդիսանում:

Վերաքննիչ դատարանը, Ստյոպիկ Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժելով, նշել է, որ տվյալ դեպքում Դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտով վարչական գործին տրվել է ճիշտ լուծում, սակայն Դատարանի կողմից դատական ակտը սխալ (թերի) է պատճառաբանվել: Վերաքննիչ դատարանը, վերլուծելով իրավահարաբերության պահին գործող «ՀՀ-ում սեփականության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները, եզրակացրել է, որ Սամվել Պողոսյանը հանդիսացել է Երևանի Դրոյի փողոցի թիվ 3 շենքի 28-րդ կոոպերատիվ բնակարանի սեփականատեր` առանց պետական գրանցման, օրենքի ուժով և, հաշվի առնելով, որ Լուսիկ Պողոսյանը 1946 թվականին ամուսնացել է Սամվել Պողոսյանի հետ, ամուսնությունը գրանցված է եղել ՔԿԱԳ-ում, հետևաբար բնակարանի համար նախատեսված փայն ամբողջությամբ վճարելուց հետո այն դարձել է նրանց համատեղ սեփականությունը: Անդրադառնալով հայցի մյուս հիմքին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ նախ` նոտարը ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս իրականացնում է հանրային գործառույթ, սակայն միաժամանակ օժտված չէ պետական մարմնի կարգավիճակով, այսինքն` նոտարը ՀՀ իրավական համակարգում ոչ ինստիտուցիոնալ, ոչ գործառույթային առումով վարչական մարմին չէ, և երկրորդ` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է մասնավոր իրավունքի, մասնավորապես` ժառանգական իրավունքի կոնկրետ հարցի կարգավորման կապակցությամբ` ի տարբերություն վարչական ակտի, որն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում: Հետևաբար նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական ակտ չէ, ինչն էլ նշանակում է, որ Դատարանն իրավասու չէր անվավեր ճանաչել 27.11.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում 12277 համարի տակ, ժառանգական գործ թիվ 310) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով:

Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ սույն գործով Սերժիկ Պողոսյանի հայցի առարկան Սամվել Պողոսյանին պատկանող անշարժ գույքի մասով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի հիմքն իր` ժառանգատու Սամվել Պողոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հանգամանքը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործով պահանջի հիմքը ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումն է, այլ` անմիջականորեն ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճը, հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին, որպիսի պարագայում այն ենթակա չէր քննության վարչական դատարանում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը Դատարանի կողմից վճռի կայացման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով ենթակա էր կարճման:

Վերը նշված հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին չի անդրադառնում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, ելնելով վերը շարադրված դիրքորոշումից, գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` գործի վարույթը մասնակիորեն կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը մասնակիորեն է կարճում սույն գործի վարույթը, քանի որ Դատարանի վճիռը բողոքարկվել է միայն հայցը բավարարելու մասով, որպիսի պարագայում համապատասխանաբար և՛ վերաքննության, և՛ վճռաբեկության կարգով վերանայման օբյեկտ հանդիսացել է բողոքարկված դատական ակտի միայն այդ մասը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, գտնում է, որ Սերժիկ Պողոսյանից հօգուտ Ստյոպիկ Պողոսյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ Սերժիկ Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման նաև 20.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.08.2014 թվականի որոշումը և գործի վարույթն ըստ հայցի Սերժիկ Պողոսյանի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի` ժառանգության իրավունքի վկայագիրն 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել:

2. Սերժիկ Պողոսյանից հօգուտ Ստյոպիկ Պողոսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սերժիկ Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ՎԴ/4901/05/11
Որոշում