Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/11707/05/18

    դատարանի որոշում                      2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11707/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի հունվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Թեոֆարմա» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Վահրամ Մակինյանի ընդդեմ Տեսչական մարմնի` 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 14.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ներկայացուցիչ` Հակոբ Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի 1-ին մասը և 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակից և կայացրել է նոր դատական ակտ` դատավարության որևէ փուլում չքննարկված հիմքերով: Տվյալ պարագայում Տեսչական մարմինը, զրկված լինելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից, հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել Վերաքննիչ դատարանի կողմից 27.10.2021 թվականին կայացված որոշմամբ մատնանշած և առհասարակ սույն վարչական գործով անդրադարձ չկատարված լրիվ նոր և իրավակիրառ պրակտիկայում գոյություն չունեցող լուծումներին, քանի որ դրանք չեն եղել վերաքննիչ բողոքի հիմքերում, ինչպես նաև չեն քննարկվել դատական նիստերի ընթացքում:

Վերաքննիչ դատարանը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նկատմամբ կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը և ամբողջ որոշումը ծավալելով վերոնշյալ հոդվածի շուրջ, եկել է սխալ եզրահանգման:

Ավելին` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կիրառված վարչական պատասխանատվության միջոցները օրենքի ուժով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված իրավանորմով) կլանվել են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Նշված իրավադրույթը որևէ կերպ չի ենթադրում կատարված արարքների և դրա կատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակում:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը և փոփոխել այն, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչական մարմնի ղեկավարի 03.09.2018 թվականի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երևան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի 31.08.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/12546-18 գրությամբ ներկայացված ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի N0106125818 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի N0106125918 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի» 5.1-րդ, 28-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 05.09.2018 թվականից 14.09.2018 թվականը ներառյալ քաղաք Երևան Գուսան Շերամի 92/3 հասցեում գործող Ընկերությունում իրականացնել զննում (հատոր 1-ին, գ.թ. 46):

2) Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետ` Արտաշես Բեյբությանի 05.09.2018 թվականի թիվ 01/1799-18 ծանուցումով Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը տեղեկացվել է հարուցված վարչական վարույթի և զննում իրականացնելու տեղի ու ժամանակի մասին: Նշված ծանուցումը հայցվորն առձեռն ստացել է 10.09.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 47):

3) Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պրովիզորներ Դավիթ Սայամյանը և Նեկտար Խուդաբաշյանը, Տեսչական մարմնի ղեկավարի 03.09.2018 թվականի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երևան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանի հիման վրա Ընկերությանը պատկանող ք. Երևան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում 05.09.2018 թվականից 14.09.2018 թվականը ներառյալ իրականացրել են զննում, որի արդյունքում 26.09.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 57 արձանագրությամբ արձանագրվել են հայտնաբերված խախտումները (հատոր 1-ին, գ.թ. 51-52):

4) Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետ` Արտաշես Բեյբությանի 05.10.2018 թվականի թիվ 01/2107-18 ծանուցագրով Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը հրավիրվել է մասնակցելու 10.10.2018 թվականին` ժամը 11:00-ին, կայանալիք վարչական վարույթի լսումներին: Նշված ծանուցումը հայցվորն առձեռն ստացել է 09.10.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 53):

5) Տեսչական մարմնի ղեկավարի կողմից 10.10.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 50 որոշմամբ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանին` որպես խախտում թույլ տված անձի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգ»-ի 5.1-րդ և 34.1-րդ կետերի պահանջները խախտելու համար`

i

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջով` ՀՀ օրենսդրությամբ խախտմամբ ներմուծված հետևյալ քանակներով յուրաքանչյուր 4 (չորս) անվանում դեղերի համար`

ա. Պիրալգին N 10 - 20056 տուփ

բ. Գլիցին 100 մգ. N 50 - 3000 տուփ

ենթարկվել է վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի` 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ռեմանտադին 50 մգ. N 20, սերիա` 10318, - 20 տուփ

դ. Ֆուրադոնին 50 մգ. N 20, սերիա` 10218, - 20 տուփ

ենթարկվել է վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

i

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջով` ՀՀ օրենսդրությամբ խախտմամբ իրացված հետևյալ քանակներով յուրաքանչյուր 4 (չորս) անվանում դեղերի համար`

ա. Պիրալգին N 10 - 20056 տուփ

բ. Գլիցին 100 մգ. N 50 - 3000 տուփ

ենթարկվել է վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի` 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ռեմանտադին 50 մգ. N 20, սերիա` 10318, - 20 տուփ

դ. Ֆուրադոնին 50 մգ. N 20, սերիա` 10218, - 20 տուփ

ենթարկվել է վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

i

3) Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարույթի արդյունքում հայտնաբերված և սույն որոշման պատճառաբանական մասում նշված, Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքին համաձայն, որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրությամբ խախտմամբ ներմուծված հետևյալ քանակներով յուրաքանչյուր 4 (չորս) անվանում դեղերի համար`

ա. Պիրալգին N 10 - 20056 տուփ

բ. Գլիցին 100 մգ. N 50 - 3000 տուփ

ենթարկվել է վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի` 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ռեմանտադին 50 մգ. N 20, սերիա` 10318, - 20 տուփ

դ. Ֆուրադոնին 50 մգ. N 20, սերիա` 10218, - 20 տուփ

ենթարկվել է վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 15-24):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավասու է դատական ակտ կայացնել այնպիսի հիմքով, որը քննության առարկա չի դարձվել ՀՀ վարչական դատարանում և վկայակոչված չէ վերաքննիչ բողոքում` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը բովանդակում է` այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները և հայցվորի պահանջը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս` որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:

i

ՀՀ վարչական դատավարության 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

i

Նույն մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:

Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ տնօրինչականության սկզբունքը վարչական դատավարության առանձին փուլերում ունի որոշակի առանձնահատուկ դրսևորումներ: Նշվածը պայմանավորված է վարչական դատավարությունում դատարանի դերով, որը գործը քննում է ի պաշտոնե: Այսպես, վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու գործառույթը ենթադրում է, մասնավորապես, հետևյալը.

1) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով: Նշվածից հետևում է, որ թեև դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, բացատրություններին և առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:

2) Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն` դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ` գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:

3) Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

i

4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն (տես, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում հայտնած իր դիրքորոշմամբ արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ:

Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ` գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:

Այսպես, վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում պարզելով վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները, այդ թվում` արդյո՞ք պահպանվել են այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացակարգային բոլոր կանոնները, և արդյո՞ք ճիշտ են մեկնաբանվել ու կիրառվել վարչական ակտի հիմքում ընկած նյութական իրավունքի նորմերը: Այլ կերպ ասած` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից, պետք է մատնանշի նաև ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար և առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով:

Միաժամանակ, հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը և դրա կիրառելիությունը նաև վարչական դատավարությունում` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս հետագա դատավարական գործողությունների իրականացման ժամանակ վարչական դատարանը կաշկանդված է շահագրգիռ անձի կամահայտնությամբ: Մասնավորապես` այն դեպքում, երբ հայցվորը դատարանի կողմից մատնանշման լիազորության իրականացումից հետո պնդում է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատվի միայն որոշակի իրավական նորմի և, ըստ այդմ, ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, վարչական դատարանը գործի հետագա քննությունը պետք է իրականացնի և գործն ըստ էության լուծող դատական ակտում վարչական ակտի իրավաչափությունը գնահատի միայն այդ իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Մինչդեռ, այն դեպքում, երբ հայցվորը ևս գտնում է, որ դատարանը վարչական ակտի իրավաչափությունը պետք է ստուգի ամբողջ ծավալով, դատարանը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում պարտավոր է ձեռնարկել ողջամտորեն հնարավոր բոլոր միջոցները վարչական ակտի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները ձեռք բերելու ուղղությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել նշել, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից` վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը` այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով (տե՛ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը և ԱՁ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը, Արայիկ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7994/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը):

Այսպես, Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս փաստում է, որ ՀՀ վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները` հետագա քննության ծավալը պայմանավորելով հայցվորի կամահայտնությամբ: Միևնույն ժամանակ, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը ՀՀ վարչական դատարանում քննարկվել է, թե` ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը չի կարող դուրս գալ ՀՀ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և ՀՀ վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Տեսչական մարմնի` պահանջելով անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումը:

Դատարանը 14.11.2019 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 03.09.2018 թվականի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երևան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանի ստորագրմամբ ընդամենը հարուցվել է վարչական վարույթ, որը նպատակաուղղված է եղել վարչական ակտի ընդունմանը: Ուստի, հրամանի տրման պահը չի կարող նույնականացվել իրավախախտման դեպքի բացահայտման հետ: (...) Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը: Այսպիսով` վարչական մարմինը, հաստատված համարելով հայցվորի կողմից կատարված իրավախախտումները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիմքով հայցվորի նկատմամբ կիրառել է վարչական տույժ` 2.200.000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատարանը` անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ներքին համոզմամբ գտնում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 10.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 50 որոշումը կայացվել է իրավահարաբերության պահին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության իրավաչափ կիրառման արդյունքում»:

Վերաքննիչ դատարանը 27.10.2021 որոշմամբ Վահրամ Մակինյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Դատարանի վճիռը և հայցը բավարարել է, այն հիմնավորումներով, որ. «(...) քննարկվող դեպքում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի նախաձեռնության մասին ուղղակիորեն վկայում է 2018 թվականի սեպտեմբերի 03-ի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երևան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանը, որի բովանդակությունից երևում է, որ վարչական վարույթը հարուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 03-ին, հետևաբար Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ այն պետք է ավարտվեր մինչև 2018 թվականի հոկտեմբերի 04-ը: Մինչդեռ, վիճարկվող որոշումն ընդունվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում պահպանված չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթի առավելագույն 30-օրյա ժամկետը, որպիսի իրողությունն ուղղակիորեն վկայում է վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ որակելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքի առկայության մասին: (...) Վկայակոչված վերլուծությունների հիման վրա Վերաքննիչ դատարանը բանաձևում է, որ քննարկվող դեպքում վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչն ուղղակիորեն հանգում է վիճարկվող որոշման անվավերությանը հանգեցնող` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքին:

(...) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բողոքում մատնանշված մյուս փաստարկները գործի օբյեկտիվ հանգուցալուծման տեսանկյունից որևէ նշանակություն ունենալ այլևս չեն կարող, հետևապես դրանց իրավական գնահատմանը Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Դատարանը, անդրադառնալով վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետների հարցին, արձանագրել է, որ պահպանվել է վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետը, միևնույն ժամանակ, Դատարանը նաև անդրադարձել է նշանակված տույժի իրավաչափության հարցին:

Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը և, վերաքննիչ բողոքում վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, նշել է, որ տվյալ դեպքում չի պահպանվել վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետը, ինչպես նաև մատնանշել է այն հանգամանքը, որ խախտվել են դեղերի շրջանառության ոլորտի պահանջների խախտման արդյունքում նշանակվող տույժի չափի որոշման իրավակարգավորումները:

Ամփոփելով վերաքննիչ բողոքի հիմքերը` Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանն արձանագրել է, որ դրանք նույնանում են հայցի հիմքերի և Դատարանի վճռով անդրադարձած իրավական հարցերի հետ, այն է` վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետի հաշվարկի և դեղերի շրջանառության ոլորտի պահանջների խախտման արդյունքում նշանակվող տույժի չափի հարցերի հետ:

Վերաքննիչ դատարանը, սակայն, սույն գործով 27.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը` անդրադառնալով վարչական վարույթի տևողության հարցին, նշելով` որ խախտվել է վարչական վարույթի 30-օրյա ժամկետը և «նման պայմաններում բողոքում մատնանշված մյուս փաստարկները գործի օբյեկտիվ հանգուցալուծման տեսանկյունից որևէ նշանակություն ունենալ այլևս չեն կարող, հետևապես դրանց իրավական գնահատմանը Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում»:

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման` վարչական վարույթի 30-օրյա ժամկետի խախտման հիմքով, ըստ էության, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ սույն գործը Դատարանում քննվել է վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետի հաշվարկի և դեղերի շրջանառության ոլորտի պահանջների խախտման արդյունքում նշանակվող տույժի չափի համատեքստում, և այդ հիմքերով էլ բերվել է նաև վերաքննիչ բողոքը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել է հայցի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել և վկայակոչված չեն եղել վերաքննիչ բողոքում: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ չի համարում անդրադառնալու վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, քանի որ գործը ենթակա է նոր քննության` վերաքննիչ բողոքում նշված հիմքերի սահմաններում:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 20 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.01.2023
N ՎԴ/11707/05/18
Որոշում