Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՐԴ/0008/01/21

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0008/01/21

Նախագահող դատավոր` Մ. Հարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2022 թվականի հունվարի 27-ին                ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Մանվել Արմենակի Շամիլյանի պաշտպան Է.Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2021 թվականի հունվարի 12-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Մանվել Արմենակի Շամիլյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2021 թվականի հունվարի 13-ին ընդունվել վարույթ:

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2021 թվականի հունվարի 18-ին, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, քննության առնելով Մ.Շամիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողել է անփոփոխ:

i

3. Ամբաստանյալ Մ.Շամիլյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի մարտի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ բերված լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ.Շամիլյանի պաշտպան Է.Թովմասյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունվարի 20-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

i

5. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ամբաստանյալ Մ.Շամիլյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

5) բողոքի հիմքերը և պահանջը.

5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն (...):

2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե`

1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ(...)»:

i

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Մանվել Արմենակի Շամիլյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոքի պահանջները, այսինքն բացակայում են վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները: Մասնավորապես չի նշվել, թե առկա է արդյոք կոնկրետ դատական սխալ, թե ոչ, ինչում է դրսևորվել ենթադրյալ դատական սխալը, և նյութական կամ դատավարական ինչ իրավունք է խախտվել և ինչ ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա: Այսինքն, իր վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Մանվել Արմենակի Շամիլյանը չի նշել որևէ դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի կոնկրետ և հստակ խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Հետևաբար չի նշվել նաև գործի ելքի վրա ենթադրյալ դատական սխալի ազդեցության վերաբերյալ հիմնավորումները և այլն:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մանվել Արմենակի Շամիլյանը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի թիվ ԱՐԴ/0008/01/21 որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1 կետերով սահմանված պահանջների խախտմամբ, հետևաբար` այն պետք է թողել առանց քննության»(1):

_____________________________

1) Տե՛ս նյութեր հատոր 1-ին, թերթեր 52-55:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

i

6. Բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթները և սահմանափակել է իր պաշտպանյալի` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի իրացումը: Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Մ.Շամիլյանը վերաքննիչ բողոքը կազմելիս տեսականորեն պահպանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթների պահանջները, և նկատի ունենալով ամբաստանյալի ցածր իրավագիտակցությունը, ըստ էության, բողոքի նման ձևակերպումն ինքնին հիմք չէր վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ որոշմամբ Մ.Շամիլյանին ընդամենը ծանրաբեռնել է ավելորդ ձևական պահանջներով` նրան զրկելով բողոքը շտկելու և կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Նշվածից բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում թույլ է տրվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է ամբաստանյալ Մ.Շամիլյանի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

i

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով(2),

_____________________________

2) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(3),

_____________________________

3) Տե՛ս նույն տեղում:

 

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(4),

_____________________________

4) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(5): Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(6):

_____________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»(7):

_____________________________

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

12. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

i

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»(8):

_____________________________

8) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

 

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

5) բողոքի հիմքերը և պահանջը.

5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը. (...)»:

14. Մեջբերված նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Հարություն Հարությունյանի գործով արձանագրել է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, Վերաքննիչ դատարանը prima facie ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը(9):

_____________________________

i

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ ամբաստանյալի բողոքը թողնվել է առանց քննության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ բերված լինելու պատճառաբանությամբ(10):

_____________________________

10) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 9-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական պահանջներին տրված նման մեկնաբանությամբ ամբաստանյալի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարան դիմելու անձի իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

17. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է ամբաստանյալ Մ.Շամիլյանի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 25-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մանվել Արմենակի Շամիլյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 27 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.01.2022
N ԱՐԴ/0008/01/21
Որոշում