(ուժը կորցրել է 03.07.2023 ԲԴԽ-68-Ո-213 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-7-Ո-30
2019 թ.
i
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով` իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի` 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Լ որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. հունվարի 31
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2019 թ. հունվարի 31-ի
թիվ ԲԴԽ-7-Ո-30 որոշման
ԿԱՐԳ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման գործընթացը:
2. Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:
3. Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձի կողմից երդումը տրվում է մեկ անգամ:
4. Դատական կարգադրիչների ծառայությունում երդում տալիս են`
1) դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք` պաշտոնի նշանակվելուց և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքով սահմանված փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում,
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ ծառայությունից դատական կարգադրիչների ծառայություն տեղափոխված ծառայողները` դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
5. Դատական կարգադրիչների ծառայության բաժիններում և բաժանմունքներում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման կարևորությունը և նշանակությունը, դատական կարգադրիչների ծառայության առանձնահատկություններն ու «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը, և հայտարարվում է երդման արարողության վայրը, օրը և ժամը:
6. Երդման արարողությունն անցկացվում է դատական կարգադրիչների ծառայության պետի կողմից սահմանված վայրում:
7. Դատական կարգադրիչը երդման հանդիսավոր արարողությանը ներկայանում է իրեն հատկացված ծառայողական համազգեստով:
8. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության դրոշի առջև, դատական կարգադրիչների ծառայության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի ղեկավարի մասնակցությամբ:
9. Երդում տվող դատական կարգադրիչները հերթականությամբ հրավիրվում են շարքից, և նրանցից յուրաքանչյուրը ներկաների առջև բարձրաձայն ընթերցում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում իր անվան, ազգանվան դիմաց, այնուհետև գրավում իր տեղը շարքում: Երդման արարողության ավարտից հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
10. Դատական կարգադրիչի կողմից ստորագրված երդման տեքստը (Ձև N 1) պահվում է նրա անձնական գործում:
Ձև N 1
Զինանշան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՐԴՈՒՄ
Ես`, _______________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն) ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում` երդվում եմ իմ լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականությունները, բարձր պահել դատարանի հեղինակությունը:
_________________________
(ստորագրություն)
«____» «____________» 20__ թ.