i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1482-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող անձանցից կազմված ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 51,389.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով` 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2018 թվականի ինն ամսվա գործունեության արդյունքների հիման վրա` սույն որոշման N 2 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների պետական բյուջեներից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 28,963.8 հազ. դրամ.
2) եկամտային հարկի գծով` 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2018 թվականի ինն ամսվա գործունեության արդյունքների հիման վրա` սույն որոշման N 2 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների պետական բյուջեներից չփոխհատուցված գումարների մասնակի փոխհատուցման համար` 22,425.8 հազ. դրամ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2017 և 2018 թվականների հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա` ընկերությունների կողմից համապատասխան հարկային հաշվարկներում արտացոլված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների` հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացրած ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`
ա. 2017 և 2018 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա` ընկերությունների կողմից եկամտային հարկի համապատասխան հարկային հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների` հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացրած եկամտային հարկի հաշվարկների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամություն ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
6. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների պետական բյուջեներ վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ